русский  english    
ԳԼԽԱՎՈՐ / ԿԱՅՔԻ ՆՊԱՏԱԿԸ
Յուրաքանչյուր ազգ կայացած է այնքանով, որքանով նա հավատարիմ է իր ավանդություններին, որքանով տեր ու պահապան է իր նախնիներից ստացած ժառանգությանը: Ազգային բազմաշերտ ավանդությունների մեջ գլխավոր դեր է կատարում այն, ինչը կոչված է լինելու սրբազան` բառիս բուն, խորհրդական իմաստով: Գոյություն ունեն բազում ավանդական արժեքներ, որոնց հանդեպ ժողովուրդը հատուկ նախանձախնդրություն է տածում, և որոնք սրբազան նշանակություն ունեն շատերի համար, ինչպես` հայրենիքը, մայրենի լեզուն, ընտանիքը և այլ արժեքներ, առանց որոնց ազգը կորցնում է իր ինքնությունը: Բայց այս ամենից առաջ և ամենից վեր տրված է այն իսկագույն սրբազան արժեքը, որը պայմանավորում է բոլոր մյուս արժեքների բնույթը և բնորոշում ազգության ընդհանուր դիմագիծը, որը, սակայն, միշտ չէ որ ընկալվում է իբրև գերագույն ավանդ:

Հայ ժողովրդին որպես ժառանգություն հասած դասական մշակութային արժեքները գլխավորապես քրիստոնեական են` ներծծված հոգևոր աշխարհայացքով և բխում են Եկեղեցու սուրբ հայրերի կենդանի աստվածճանաչողությունից: Այդ պատճառով դրանք համամարդկային նշանակություն ունեն ու պարծանքի առիթ են յուրաքանչյուր քաղաքակիրթ հայի համար: Սակայն շատերի կյանքում այդ արժեքները պարծանքով էլ ավարտվում են` բնավ չկատարելով այն, ինչին կոչված են` յուրաքանչյուր ժառանգորդի մեջ էական նորոգություն առաջացնելու սրբազան գործառույթը: Իսկ առանց դրա ողջ սրբազան ժառանգությունը մեռած է ու ենթակա տգետ ու հավակնոտ շահարկումների` զուրկ կենդանի ավանդական ուժից:

Այդպիսին էր Խորհրդային Հայաստանում կատարված հայոց մշակութային ժառանգության աթեիստական վերաիմաստավորումը, որն առ այսօր խոր բացասական հետք է թողել հայության գիտակցության մեջ և կարիք ունի լրջագույն վերանայման:

Ներկայիս անկախության և, ավա՜ղ, նաև համաշխարհայնացման պայմաններում ոչ պակաս վտանգավոր է բազմաբնույթ ազդակների տարափը, որը շատերի մեջ ծնում է արժեքների բոլորովին այլ` ոչ սրբազան համակարգ: Շատ հաճախ այն չի կառավարվում անձի գիտակցությամբ և, հիմնականում հենված լինելով կույր կրքերի վրա, նրան ներգրավում է ոչ թե նորոգության, այլ ապականության գործընթացի մեջ` ստանալով վախճանական ժամանակին բնորոշ կործանարար ավանդության ուժ:

Արդյոք ի զորո՞ւ է ողջ ազգը դիմակայել այս նոր, անսուրբ ավանդությանը, մնալ կամ վերստին դառնալ սուրբ Եկեղեցու ճշմարիտ ժառանգորդը և նրա սրբագործող արժեքների կրողը. կարո՞ղ է հայությունը արդի աշխարհացունց ալեկոծությունների պայմաններում վերագտնել իր նախկին սրբանվեր և միակրոն ընթացքը ...

Ավետարանն այս հարցի համար լավատեսական պատասխան չունի. «Լայն է դուռը, եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: ... Անձուկ է դուռը, եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ. 7.13-14): Եվ այնուհանդերձ, դժվար է հաշտվել սեփական ժողովրդի մեծամասնության կորստական ընթացքի անխուսափելիության հետ: Ճշմարիտ քրիստոնյան չի կարող չտենչալ իր ազգակիցներից շատերին տեսնել ոչ թե կորստյան, այլ սրբության ճանապարհին:

«Սրբազան ավանդություն» կայքը կոչված է նպաստելու այս նվիրական գործին` ի հակադրություն այս աշխարհի մոլորեցուցիչ և ապականիչ ազդակների ներկայացնելով հոգևոր նորոգության սրբավանդ ուղին:
SELECT id_ FROM t_menu WHERE href<>'' AND nn>0 AND nn< AND LENGTH(grp)>2 AND LENGTH(grp)>=5 AND (grp Like '01.02.__' OR grp Like '01.__') ORDER BY nn DESC LIMIT 1
Error: 1064 You have an error in your SQL syntax; check the manual that corresponds to your MySQL server version for the right syntax to use near 'AND LENGTH(grp)>2 AND LENGTH(grp)>=5 AND (grp Like '01.02.__' OR grp Like '01.__' at line 1!