русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
21 հունվարի 2018թ. կիրակի, ԱՁ
Բ կիւրակէ զկնի Ս. Ծննդեան
Բարեկենդան Առաջաւորաց պահոց

Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ

 

ՔԱՐՈԶ ՊԱՀՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՋԱՎՈՐԱՑ [ՇԱԲԱԹԱՊԱՀՔԻ] ՄԱՍԻՆ 1

 

Պահքի մասին նախ պետք է գիտենալ, որ մարդը հոգի է և մարմին, և քանի որ ուտիքը հեշտալի է մարմնի, իսկ պահքը՝ հոգու համար, առաքյալներն ու սուրբ հայրերը ամբողջ տարվա համար սահմանեցին որքան ուտիք, այնքան էլ պահք: Քանզի ամբողջ տարվա համար [սահմանված է] 180 օր պահք (60 օր]՝ ուրբաթ ու չորեքշաբթի [ օրերի գումարով], և 3 քառասնօրյակ 2) և [գրեթե] նույնքան՝ ուտիք: Մի քառասնօրյակը [նվիրված է] Քրիստոսի ծննդյանը, մեկը՝ հարությանը, իսկ մյուսը՝ այլակերպությանը: Սա քրիստոնյաների պահքի վերաբերյալ առաքելադիր կանոն է 3: Իսկ հայրապետները, որպեսզի ժողովուրդը չձանձրանա, երկու քառասնօրյակները բաժանեցին շաբաթապահքերի 4: Եվ այսօր կա 17 շաբաթապահք 5: Իսկ [մնացած] 60 օրերը 6, որոնք թվով հավասար են [մոտ] 9 շաբաթի, [10 շաբաթապահքերի հետ կազմում են] 26 շաբաթ պահք ամբողջ տարվա համար, և [մնում է ] նույնքան ուտիք՝փոքր-ինչ ավելի կամ պակաս:
Դարձյալ, շաբաթապահքն այն է, որ մեծն Ներսեսը՝ Լուսավորչի թոռը, կանոնադրեց, որ ամեն ամսամտին մեկ շաբաթ պահք պահվի 7, որն այժմ պահում ենք 10 շաբաթապահքերով՝ Աղուհացից և Հինունքից դուրս:

Շաբաթապահքը բազում սրբազան իմաստներ ունի:

Նախ և առաջ [այն խորհրդանշում է] արարչության շաբաթը, որ սրբության և պահքի [ժամանակ] էր մինչև վեցերորդ օրը Ադամի ստեղծվելը, որից հետո [միայն] պահքը լուծարվեց: Քանզի նախքան Ադամը թեև ստեղծվել էին զազաններ ու անասուններ, ձկներ ու թռչուններ, [սակայն] ուտելու հրաման չունեին, մինչև որ Աստված Ադամին հրամայեց, թե՝ «բոլոր պտուղներն ու սերմերը թող ձեզ համար սնունդ լինեն, իսկ [բոլոր կանաչ խոտերը]՝ բոլոր գազանների և երկրի բոլոր սողունների» [հմմտ. Ծն. 1.29-30]:

Երկրորդ՝ Ադամը մեղանչեց հինգ զգայարաններով, [քանի] որ աչքերով տեսավ ու ցանկացավ պտուղը, ականջով լսեց և հեշտացավ մոլորեցնողի ձայնով, ոտքերով ընթացավ դեպի ծառը, ձեռքերով պոկեց պտուղը և բերանով ճաշակեց: Այդպես էլ մենք այժմ հինգ զգայարաններով ենք գործում բոլոր մեղքերը, ուստի և հնգօրյա պահքով սրբում ենք մեր զգայարանները:

Երրորդ՝ երբ Ադամը դուրս ելավ դրախտից, հինգ օր մահացու սգի մեջ էր անսվաղ պահքով 8, մինչև որ Տերը գթաց նրան և հրեշտակներից մեկին հրամայեց մխիթարել՝ խոստանալով [Իր] Միածնի առաքումը նրա փրկության համար. և հրամայեց ուտել [երկրի] վայրի պտուղներից: Այս խոստումն է հիշեցնում Դավիթ [սաղմոսերգուն]. «Հիշի՛ր քո ծառային տված խոսքը, որի վրա էլ դրեցիր իմ հույսը» (Սաղմ. 118.49): [Եվ] այս խորհրդով էլ շաբաթվա մեջ հինգ օր պահք ենք պահում:

Չորրորդ՝ [նոյյան] տապանի դռան առջև կենդանիները հինգ օր հավաքվեցին առանց սնվելու, մինչև որ տեղաց [աշխարհակործան] անձրևը, և ապա սուրբ կենդանիները յոթական մտան տապան և փրկվեցին, [ինչը] ցույց է տալիս հնգօրյա շաբաթապահքի սրբությունը, որով մտնում ենք Եկեղեցի և փրկվում մեղքերի ջրհեղեղից:

Հինգերորդ՝ Եգիպտոսից ելնելիս Աստված [իսրայելացիներին] պատվիրեց յոթ օր բաղարջ [հաց] ուտել (տե՛ս Ել. 12.17-20, 23.15, 34.18, Ղևտ. 23.4-8, Թվ. 28.16-25), ինչը խորհրդանշում է շաբաթապահքը, որով մեր հոգին և մարմինը զերծ ենք պահում մեղքերի բոլոր խմորումներից և դուրս ելնում մեղքի եգիպտական ծառայությունից:

Վեցերորդ՝ բորոտների սրբվելու, ինչպես նաև պղծության մերձեցածների համար բանակատեղիից դուրս մնալու համար [սահմանված] էր յոթ օր (տե՛ս Ղևտ. 13.2-6): Այդպես էլ մեր հոգին մեղքերով բորոտանում է ու պղծվում, [և] այդ պատճառով յոթօրյա պահքով Եկեղեցուց դուրս ենք լինում և սրբվում մեղքերից:

Յոթերորդ՝ Աստված [Իսրայելի] ժողովրդին հրամայեց պահել շաբաթների շաբաթը (տե՛ս Ղևտ. 16.29-31, 23.27-32), որը նախօրինակն էր մեր շաբաթապահքերի. ինչպես նաև՝ տոներին յոթական գառներ զոհաբերել, ինչը խորհրդանշում է մեր հինգ զգայարանների մաքրվելը պահքով և հոգին ու մարմինը Աստծուն նվիրելն ու զոհաբերելը:

Ութերորդ՝ հինգ օր է Քավության տոնը 9, իսկ Տաղավարահարաց տոնը՝ յոթ (տե՛ս Ղևտ. 23.27-32), ինչը խորհրդանշում է շաբաթապահքերի սրբությունը, որով դառնում ենք Աստծո տաղավար և բնակարան:
Իններորդ՝ ամեն շաբաթ առաջավորության [սեղանի վրա] վեցական [բաղարջ] հաց էր դրվում (տե՛ս Ել. 25.23-30, Ղևտ. 24.5-9), ինչը խորհրդանշում է շաբաթապահքը, որով վեցակի շարժմամբ 10 հաճոյանում ենք Աստծուն:

Տասներորդ՝ Մովսեսը հրամայեց, որ կառուցվեն ապաստանի վեց առանձին քաղաքներ, որպեսզի ակամա մարդասպան դարձածները տարվեն այնտեղ և զերծ լինեն [վրեժխնդրությունից] (տե՛ս Թվ. 35.6, 11-15): Սա խորհրդանշում է վեցօրյա շաբաթապահքը, քանզի այն ակամա մեղանչելիս մեզ համար լինում է որպես ապաստանի քաղաք, ուր մտնում ենք և արդարանում:

Այսպիսի խորհուրդ ունի շաբաթապահքերի յոթօրյակը, որը մշտապես պահում ենք տարվա մեջ:

 

* * *

Իսկ Առաջավոր[աց] պահքի մասին երեք հարց է [ծագում]:

Նախ՝ ինչո՞ւ ենք հինգ օր անսվաղ պահում:

Երկրորդ՝ ինչո՞ւ է այն [լինում] առանց [սուրբգրային] ընթերցվածքների:

Երրորդ՝ ինչո՞ւ է կոչվում Առաջավոր:

Առաջինի խորհուրդները բազմաթիվ են:

Նախ՝ որովհետև մարդու լինելությանը հինգ օր է նախորդել, [ընդ որում՝] առանց կերակրի: Եվ երբ Ադամը դուրս եկավ դրախտից, հինգ օր անսվաղ մնաց, ինչպես ասվեց վերևում:

Դարձյալ՝ նրա որդիները, իրենից սովորելով, պահում էին [այդ հնգօրյա պահքը]: Այս պահքը պահում էր Աբելը և ապա պատարագ մատուցում: Սեթն էլ հինգ օր [սուգ] պահեց, երբ Ադամը մահացավ 11: Ենովքն էլ [ամեն] ամսամուտի հինգ օր պահք էր պահում 12: [Այս պահքը] պահեց նաև Նոյը տապան մտնելուց առաջ և [տապանից] ելնելուց հետո. ինչպես նաև՝ Աբրահամը, երբ Իսահակը փրկվեց զոհաբերվելուց (տե՛ս Ծն. 22.9-13): Նաև բոլոր անդրանիկ [որդիները] հինգ օր պահք էին պահում, երբ մահանում էին [նրանց] հայրերը 13: [Այսպես այս պահքը շարունակ պահվում էր]՝ ավանդվելով հորից որդուն, ինչպես ասում է ս. Բարսեղ [Կեսարացին] 14:

Դարձյալ՝ Մովսես [մարգարեն] քառասնօրյա պահք սահմանեց ի հիշատակ [իր] քառասնօրյա [ծոմից հետո օրենքի] տախտակները ստանալու (տե՛ս Ել. 24.12, 18, 31.18, 32.15-19, 34.1-4, 28-29), բայց ժողովուրդը հինգ օր պահելուց հետո տրտնջաց, ուստի [Մովսեսը] նրանց պահքն այդքանով սահմանափակեց: Ինչպես նաև [ոսկե] հորթի [պաշտամունքի] հանցանքի (տե՛ս Ել. 32.1-6) դիմաց հրամայեց տարեկան հինգ օր պահք պահել:

Ոմանք էլ հաճախ, [վերը] ասվածներից բացի, հիշում են, որ Աբրահամը Սոդոմի հրկիզումից հետո (տե՛ս Ծն. 19.15-25) հինգ օր պահք պահեց. նաև Հակոբը հինգ օր պահեց, երբ տեսավ [երկինք տանող] սանդուղքը (տե՛ս Ծն. 28.12), և [ևս] հինգ օր, երբ լսեց Հովսեփի [մահվան սուտ] բոթը (տե՛ս Ծն. 37.31-35): Հովսեփն էլ, երբ մտավ [փարավոնի] բանտը (տե՛ս Ծն. 39.20), հինգ օր պահք պահեց:

Այս պահքը մի պատճառ էլ ունի: Նինվեացիներին Հովնան [մարգարեի] քարոզը կործանում էր սպառնում, ինչպես ասում էր. «Եվս երեք օր, և Նինվեն այլևս չի լինի» (հմմտ. Հովն. 3.4): Իսկ նրանք՝ մարդ և անասուն, մանուկներով հանդերձ, հրաժարվեցին ուտելուց ու ըմպելուց և քուրձ հագնելով ապաշխարեցին և [այս] եռօրյա պահքով փրկվեցին մահից: Այդպես էլ հավատացյալները, որ մեղքերի պատճառով աչքի առաջ ունեն դժոխքը, այս պահքը պահելով փրկվում են հոգով, ինչպես [նինվեացիները՝] մարմնով, [և շաբաթվա] երեք օրը նրանց [նմանությամբ] է, իսկ չորեքշաբթին և ուրբաթը սովորական պահքն է: [Այսպես] ամբողջ տարվա հանցանքները, որ գործել ենք հինգ զգայարաններով, ջնջում ենք հնգօրյա պահքով [և] Աստծո ողորմությամբ: [Այս պահքի մասին] վկայում են նաև հարավաբնակ հաբեշներն ու ղպտիները, որ մեզանից ավելի շատ են պահք պահում և անգամ անասուններին նինվեացիների պես անոթի են պահում՝ շարժելու համար մարդասեր Աստծո գութը:

Այսպիսով, բազում են պատճառները Առաջավորաց պահքի, որը ոմանք պահում են անսվաղ:

 

Իսկ երկրորդ հարցը, թե ինչու է այս պահքը առանց Սուրբ Գրքի ընթերցվածքների, այսպես է բացատրվում:

Քանի որ այս պահքը հաստատվեց նահապետների կողմից, ովքեր գրքերից, Օրենքից և Ավետարանից առաջ էին և այդպես պահեցին ու արդարացան, նրանց հիշատակն էլ մենք պահում ենք առանց ընթերցվածքի և պատարագի:

Իսկ մյուս բոլոր պահքերը, ինչպես Քառասնորդականը, այնպես էլ մյուս շաբաթապահքերը և ուրբաթ ու չորեքշաբթի օրերը, պահում ենք Հին և Նոր [Կտակարանների]՝ օրենքի, մարգարեների կամ առաքյալների խոսքերի ընթերցվածքներով, քանզի սահմանվեցին օրենքի, մարգարեների և առաքյալների ժամանակ:

Այսպիսին է այս շաբաթը:

Իսկ երրորդ հարցի մասին, թե ինչու է այս պահքը կոչվում Առաջավոր, վարդապետները բազում պատճառներ են բերում:

Նախ՝ ինչպես ասվեց, այս օրերը մարդու ստեղծվելուց առաջ էին, և այս պահքը պահվեց առաջին նախահայրերի կողմից և ավանդվեց գրքերից և օրենքից առաջ. ուստի և կոչվում է Առաջավոր:

Երկրորդ՝ երբ ս. Գրիգոր Լուսավորիչը ելավ [Խոր] վիրապից, վաթսուն օր վարդապետեց ժողովրդին ու թագավորին [և] հրամայեց հինգ օր պահք պահել հինգ զգայարանների մաքրման համար 15. և ժամանակն ամառային էր 16:
Նաև ս. Սեղբեստրոսը, որը մկրտեց Կոստանդիանոս [կայսրին], [նախ] հնգօրյա պահք նշանակեց նրա և ժողովրդի համար 17: Եվ հանուն միաբանության ու փոխադարձ սիրո, երկու [պահքերն էլ միավորվելով,] այստեղ՝ [ձմեռային ժամանակում] հաստատվեցին 18: Բայց նրանք իրենց [ավանդությունը] կորցրին, իսկ մենք Աստծո շնորհով մերը հաստատուն պահեցինք, և Առաջավոր[աց] պահքի սրբածոմության փոխարեն նրանց մնաց անիծյալ հնգ[օրյա] պանրուտեքը 19:
Այս պատճառով կոչվում է Առաջավոր՝ [որպես] առաջին պահք՝ հաստատված մեր լուսավորիչների 20 կողմից:
Երրորդ՝ կոչվում է Առաջավոր, քանզի սա Մեծ պահքի՝ Աղուհացի առաջին շաբաթն է, քանի որ ասում են, թե առաքյալները կամեցան Մեծ պահքը սահմանել յոթանասուն օր՝ ըստ նախահայրերի թվի, ինչպես պատմում է Ղուկաս [Ավետարանիչը] (տե՛ս Ղուկ. 3.23-38) 21: Բայց երբ նորադարձները [մեկ շաբաթ անց] տրտնջացին պահոց [օրերի] շատության համար, առաքյալները երկու շաբաթները բարեկենդան դարձրին 22, իսկ այս [առաջինը] հրամայեցին պահել ամեն տարի՝ անվանելով Առաջավոր:
Իսկ ուրիշներն ասում են, թե առաքյալները կարգել են հիսնօրյա պահք, [բայց] երբ մեկ շաբաթ պահեցին, տեսան, որ նրանում երկու վտանգ կա. մեկը՝ որ Զատիկը կհամընկնի հրեական Զատիկի հետ, իսկ մյուսը՝ որ Տիրոջ չարչարանքներն ու Զատիկը գարնանային գիշերահավասարից առաջ կլինեն 23: Այս պատճառով [պահքը] երկշաբաթյա բարեկենդանով ընդմիջեցին և այս՝ [առաջին] շաբաթն անվանեցին Առաջավոր:
Նաև ս. Կյուրեղը, որ ստեղծեց Կոչման գիրքը 24, ում օրոք երևաց լուսավոր սուրբ խաչը 25, իր մոտ մկրտվելու եկողներին, որոնց մեջ էր և հույժ երևելի ու փառավոր պարսիկ Ակակը, [նախ] փորձեց հնգօրյա պահքով, ապա թույլատրեց ուտել երկու շաբաթ՝ [նախքան Քառասնորդական պահքը]: Նա երախաների 26 ուսուցանության համար կարգեց տասնութ ընթերցվածք[ներ]՝ մինչև Մեծ հինգշաբթի օրը 27, և ապա մկրտեց նրանց:

Սրանք են Առաջավոր[աց] պահքի պատճառները:

 

Իսկ շատ ժամանակ անց ս. Սարգիսը Առաջավորաց պահքի ավարտին՝ հունվարի 31-ին, նահատակվում է Շապուհ արքայի կողմից՝ իր Մարտիրոս անունով որդու հետ: Նա, ըստ վկայաբանության, փախչելով [քրիստոնեական] հավատի համար Հուլիանոս [Ուրացողի հալածանքից], գալիս է հայոց Տիրան արքայի մոտ, ապա, գնալով Շապուհի մոտ, նահատակվում է ի փառս Քրիստոսի:

Բայց մենք այս պահքը նրա անունով չենք կոչում, այլ՝ Առաջավոր[աց]՝ ըստ վերոնշյալ խորհրդի: Մինչդեռ ոմանք, խառնակիչ ու տգետ լինելով, իրենց իսկ արժանի բազում բաներ են չարախոսում մեր հասցեին. իբրև թե մարդու պահք են պահում և մարդ են պաշտում և շատ այլ [հերյուրանքներ] 28: Բայց մենք այս պահքը Աստծո համար ենք պահում, քանզի ամեն պահք Աստծո համար է և ոչ թե՝ մարդու: Իսկ պահքը ճանաչվում է այդ անվամբ, ինչպես որ, [օրինակ,] Աղուհացի առաջին շաբաթը ս. Թեոդորոսի անունով ենք կոչում, [քանի որ շաբաթ օրը] նրա տոնն ենք նշում, և կամ մյուս՝ [վեցերորդ շաբաթը՝] Ղազարոսի [անունով]: Այսպես բոլոր շաբաթապահքերն էլ [որոշակի անուններ ունեն]. ասում ենք սուրբ Գրիգորի պահք, սուրբ Հակոբի պահք, սուրբ Սարգսի պահք, որոնց անուններով զանազանում ենք պահքերը: [Եվ] պահքը նրանց անունով է կոչվում, քանի որ պահքի ավարտին նրանց [հիշատակն] ենք տոնում:

Եվ դարձյալ, պահելով պահքը, շաբաթվա վերջում նրանց աղաչում ենք միջնորդ լինել, որպեսզի մեր պահքն ու աղոթքը ընդունելի լինեն նրանց բարեխոսությամբ, որ Թագավորի զինվոր[ներն] են: [Քանզի] նրանք, լինելով տոնի տեր[եր]ը, նաև [պահոց] օրերի վերակացու[ներն] են՝ պահեցողներիս և հույսով տոնողներիս համար բարեխոսելով, իսկ չպահողներին վրեժխնդրությամբ պատուհասելով:

Այսպիսով, երեք պատճառով պահքը կոչում ենք սրբերի անունով: Նախ՝ քանի որ նրանց նահատակության [ժամանակը] համընկել է այդ [շրջանի] հետ, մեծ տոնախմբությամբ մեծարում ենք և տոնում շաբաթ օրը՝ ըստ Նիկիայի ժողովի, որում [հայրապետները] սահմանեցին մեծ տոները տոնել շաբաթ օրերին և պատարագ մատուցել 29: Երկրորդ՝ որպեսզի նրանց անվամբ պահքերը տարբերենք միմյանցից: Եվ երրորդ՝ [որովհետև] նրանց Աստծո առաջ բարեխոս ենք համարում, որպեսզի մեր պահքն ընդունելի լինի, և որ Ինքը՝ ամենողորմ, ամենագութ և մարդասեր Աստված, նայի նրանց՝ Իրեն սիրող սրբերի նահատակությանը և նրանց բարեխոսությամբ, ում հիշատակն է այսօր, ընդունի մեր աղաչանքները և կատարի մեր խնդրվածքները՝ թողություն շնորհելով մեր բոլոր մեղքերին ու հանցանքներին. և Իր սրբերին մասնակից և տոնակից դարձնի բոլոր հավատացյալներիս և ջերմեռանդ տոնասերներիս՝ Քրիստոսի հանդեպ հավատով, սիրով և հույսով:

Եվ Նրան՝ փա՜ռք և պատի՜վ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

1  Տե՛ս «Քարոզ վասն պահոց: Այլեւ առաջաւորին ի բանն Յովնանու. “Ահա երեք աւուրք՝ եւ ոչ եւս իցէ Նինուէ: Գլուխ ԻԶ» («Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր», Կ. Պոլիս, 1740, էջ 144):

2 Երեք քառասնօրյակ (բնագրում՝ «քառասունք») ասելով՝ հեղինակը նկատի ունի, Քառասնորդական պահքից բացի, 40 օր տևողությամբ ևս երկու պահոց շրջաններ: Ինչ վերաբերում է ներկայացված հաշվարկին, ապա տարեկան գումարային 60 պահոց օրեր կազմելու համար անհրաժեշտ 30 շաբաթներն առաջանում են նշված 3 քառասնօրյակներից և Հինունքի շրջանում դարձյալ 40 օր տևող անընդմեջ ուտիքից դուրս գտնվող օրերից. [365/6-(4x40)]:730:

3 Թեև Տաթևացին ճանաչում է միայն երկու առաքելական կանոնախմբեր (տե՛ս Գիրք հարցմանց, հտ. Է, պրակ ԼԱ, էջ 450), որոնցում խոսվում է միայն մեկ քառասնորդական պահքի մասին (տե՛ս Կանոնագիրք Հայոց, հտ. Ա, Երևան, 1964, կանոն Ը (Է) Ը, էջ 32, կանոն ՂԸ (ՂԷ) ԿԴ, էջ 92), բայց իր ժամանակ ընդունված էր հնագույն՝ առաքելական ծագում վերագրել տարեկան երեք քառասնորդական պահք պահելու ավանդությանը, որ արդեն մի քանի հարյուրամյակ կենցաղավարում էր Հայ Եկեղեցում:

4 Խոսելով ժողովրդի «չձանձրանալուն» ուղղված Եկեղեցու հայրերի հոգածության մասին` Տաթևացին ակնարկում է, որ Հայ Եկեղեցու կանոններում նախազատկական Մեծ պահքից բացի` մյուս երկու մեծ պահոց շրջանները շաբաթապահքերի բաժանելը բխում է աշխարհականների հանդեպ հատուկ զիջողամտությունից:

5 Հեղինակն այս թիվը ստանում է` Հայ Եկեղեցու 10 շաբաթապահքերին գումարելով նաև Մեծ պահքի 7 շաբաթները:

6 Տվյալ դեպքում 60 պահոց օրերի համար պահանջվող 30 շաբաթները ստացվում են հետևյալ հաշվարկով. [365/6]-[(17x7)+40]:730:

7 Նկատի ունի Ներսես Բ Բագրևանդացի կաթողիկոսի և նրա տեղապահ Ներշապուհ Մամիկոնեից եպիսկոպոսի հետևյալ կանոնը.«Արդ՝ զպատուիրեալս ձեզ առ ի մէնջ փութապէս կատարել ահիւն Աստուծոյ, յորում կայ մեծաց վարձուց հատուցումն: Եւ պատուիրեցաւ ձեզ յամենայն ամսեան պարապել խնդրուածոց զաւուրս շաբաթու միոջ, խնդրել յԱստուծոյ զմարմնոյ առողջութիւն եւ հոգւոյ փրկութիւն» (տե՛ս Կանոնագիրք Հայոց, հտ. Ա, Երևան, 1964, կանոն ՈԽԵ (ՈԽԱ) ԼԷ, էջ 490): Ներսես Բագրևանդացուն շփոթելով Ներսես Մեծի հետ և շեշտելով վերջինիս՝ Լուսավորչի թոռը լինելը՝ Տաթևացին փաստորեն այս կանոնն առնչում է Հայ Եկեղեցու մեծագույն հեղինակությունների հետ, ինչով առավել կարևորում է շաբաթապահքերի նշանակությունը հոգևոր կյանքում: Կարծում ենք, որ ս. Գրիգոր Լուսավորչի անվան հիշատակությունն այստեղ կապված է նաև նրա հետ, որ Տաթևացին առհասարակ Լուսավորչի հետ է առնչում մեզանում շաբաթապահքի ավանդության հաստատման նախապատճառը՝ ի դեմս նրա նախօրինակի՝ Առաջավորաց պահքի:

8 Ադամի և Եվայի պահքի ավանդությունը պարունակող մեզ հասած հայերեն գրավոր աղբյուրներ կարելի է գտնել հետևյալ անկանոն գրքերում. «Մահ Ադամայ», «Պատմութիւն ստեղծման եւ յանցմանն Ադամայ», «Պատմութիւն ելանելոյն Ադամայ ի դրախտէն», «Այս է պատմութիւն որդւոցն Ադամայ Աբելի եւ Կայենի» (տե՛ս Անկանոն գիրք Հին Կտակարանաց, Վենետիկ, 1896, էջ 24, 311-315), «Ապաշխարութիւն նախահօրն մերոյ Ադամայ», ինչպես նաև՝ Մ. Սթոունի հրատարակած պարականոն բնագրերում. «Վասն մահուանն Ադամայ», «Ադամի մասին հատուած 1», «Բանք Ադամայ առ Սէթ», «Ադամի մասին հատուած 2» (տե՛ս Պարականոն բնագրեր եւ աւանդութիւններ, Երևան, 2014, էջ 9-20): Հարկ է նշել, որ թեև ակնհայտ է Հայ Եկեղեցու վարդապետների՝ Ադամի պահքին վերաբերող մեկնությունների փոխառական կապը անկանոն գրքերի հետ, սակայն վարդապետների մոտ արծարծված խորհուրդները հստակորեն տարբերվում են անկանոն գրքերի բովանդակության ընդհանուր էթոսից: Դրախտի կորստի համամարդկային արխետիպային հիշողությունը, որը որոշակի դեր է խաղացել նշյալ ավանդույթների և անկանոն գրքերի ստեղծման համար, անխուսափելիորեն ենթարկվել է իմաստային խեղաթյուրման. նախամարդու սգի հիմնական մոտիվը անկանոն գրքերում պարուրված է ոչ այնքան հոգևոր զղջմամբ, որքան հեշտալի կյանքից զրկվելու համար սպառողական և եսակենտրոն ավաղումով: Մինչդեռ, ըստ վարդապետների, Ադամի առաջին սուգն ու պահքը երկրի վրա բնույթով զուտ հոգևոր էր, վսեմ և անանձնական: Ադամի կերպարում հայ վարդապետները տեսնում են ոչ միայն մարդկության համընդհանուր ընկած բնությունը, այլև մեր նախահոր մեծ հոգսը ողջ մարդկության ճակատագրի համար, ինչն արտահայտված է նրա առաջին պահքով, և որին առնչվելը արդեն Քրիստոսի Եկեղեցում կանոնակարգված շաբաթապահքով ոչ միայն խորհրդանշական, այլև խորհրդական նշանակություն ունի և կարևոր բարեպաշտական գործոն է քրիստոնյայի հոգևոր ընթացքի ճշմարիտ սկզբնավորման համար:

9 Քավության հնգօրյա տոն ասելով Տաթևացին նկատի ունի հին ուխտում յոթերորդ ամսվա 10-րդ օրը սահմանված Քավության օրվանից մինչև նույն ամսվա 15-րդ օրը սահմանված Տաղավարահարաց տոն ընկնող ժամանակահատվածը (տե՛ս Ղևտ. 16.29-32, 23.27-36):

10 «Վեցակի շարժում» ասելով` վարդապետները նկատի ունեն 6 հիմնական ուղղություններով (վերև և ներքև, առաջ և ետ, աջ և ձախ) կատարվող շարժումներին խորհրդանշորեն համապատասխանող գործերը, որոնք կարող են լինել ինչպես չար՝ մեղանչական, այնպես էլ բարի և աստվածահաճո:

11 Ադամի և Եվայի վախճանից հետո նրանց երրորդ որդու՝ Սեթի սգի հետ կապված ավանդույթ է պարունակում «Գիրք Ադամայ» խորագրով անկանոն գրքի վերջին դրվագը: Այս գիրքը հունարենում հայտնի է «Մովսեսի հայտնությունը» անունով: Հայերեն տարբերակը տե՛ս «Թանգարան հին եւ նոր նախնեաց, Ա, Անկանոն գիրք Հին Կտակարանաց», Վենետիկ, 1896, էջ 1-23:

12 Ենովքի մասին այս ավանդույթը կարելի է համարել նախագաղափարը Հայ Եկեղեցում բազմաթիվ շաբաթապահքերի հաստատման, ինչը սկզբնավորվել է Ներսես Բ Բագրևանդացի կաթողիկոսի և Ներշապուհ Մամիկոնեից եպիսկոպոսի 37-րդ կանոնով (տե՛ս ծան. 7):

13 Այս ավանդության ակնարկը կարելի է համարել 11-րդ ծանոթագրության մեջ նշված «Գիրք Ադամայ» անկանոն երկի ներկայացված դրվագը՝ Միքայել հրեշտակապետի համապատասխան հրահանգով:

14 Հայոց վարդապետներն այստեղ նկատի ունեն ս. Բարսեղ Կեսարացու՝ պահքին նվիրված առաջին քարոզի հետևյալ խոսքերը. «Եկ ի ձեռն պատ­մու­թեան եր­թեալ խուզեսցուք զսկիզբն լի­նե­լու­թեան պա­հոց: Զի ոչ ման­կա­գոյն գիւտ ի հարցն է գանձն այս, քան զա­մե­նայն սկզբունս զանազա­նեալ պատ­կա­ռե­լի է: Ամաչեա՛ ի ծերութենէ պահոցն: Հասակակից է մարդկութեան: Պահք՝ ի դրախտին աւրինադրեցան» (տե՛ս Ս. Բարսեղ Կեսարացի, Գիրք պահոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2008, էջ 57): Թարգմանություն. «Ընթանանք պատմության միջով՝ հետազոտելով պահքի սկզբնավորումը: Քանզի այն նոր գյուտ չէ. [նախա]հայրերի գանձն է. պատկառելի է, [ինչպես] ամեն ինչ, որ տարբերվում է հնությամբ: Ամաչի՛ր պահքի ծերությունից. պահքը դրախտո՛ւմ օրինադրվեց»: Սամուել Կամրջաձորեցին իր «Պատճառք առաջաւորաց» աշխատության սկզբում իսկ, հիմնվելով ս. Բարսեղ Կեսարացու՝ հայտնության արժեք ունեցող այս խոսքի վրա, թե՝ պահքը դրախտում է օրինադրվել, այն անմիջականորեն կապում է Առաջավորաց պահքի խորհրդի հետ, նախ, ըստ անվանման, երկրորդ՝ նախածնողների կողմից ի նշան այդ պահքի և նրա փոխարեն սահմանված լինելու. «Արդ՝ այս պահք այնր պահոց աւրինակ կարգեցաւ յառաջնորդացն մերոց, զի որ ոչն պահելով արտաքս անկաք եւ կորուսաք զդրախտն եւ զփառսն, պահելովն այսրէն առցուք» (տե՛ս Տօնապատճառ ժողովածու, բնագիր, մաս Ա, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2017, էջ 281): Թարգմանություն. «Արդ, այս պահքը մեր առաջնորդների կողմից հաստատվեց այն պահքի փոխարեն, քանի որ [այն պահքը] չպահելով՝ դուրս ընկանք դրախտից և կորցրինք փառքը, պահելով այս [պահքը]՝ ստանանք [կորցրածը]»:

15 Հնգօրյա պահքը որպես «հինգ զգայարանների մաքրման» խորհրդանիշ մեկնաբանելը թեև այլաբանական բնույթ է կրում, բայց բնավ ինքնանպատակ «խորհրդանշություն» չէ, որը, ինչպես համարում է Շ. Ռընուն, «չի համապատասխանում ... իրական նշանակությանը» (տե՛ս Շ. Ռընու, Հայոց ծիսական տարվա զարգացումը VIII-XII դարերում, Պատմա-բանասիրական հանդես, 2008, № 3. Էջ 98-99), այլ անմիջական կապ ունի պահքի բարեպաշտական-ճգնավորական նշանակության հետ: Քանզի հինգ զգայարանների մաքրումը, ըստ միջնադարյան հոգեկեցության, նշանակում է այդ զգայարաններով մեղքին ծառայելու փոխարեն մարդու բոլորանվեր, ամբողջական ինքնանվիրումը բարձրագույն Բարուն, ինչով և բնորոշվեց հայոց արքունիքի առաջին պահքը՝ պատճառ դառնալով մի ողջ ժողովրդի դարձի և փրկության:

16 Տարվա ժամանակը ճշգրտող այս արտահայտությունը, որը Տաթևացին կրկնում է՝ հետևելով իրեն նախորդած վարդապետների ավանդությանը (տե՛ս, օրինակ՝ «Զրուցատրութիւն ընդ մէջ հայրապետին հայոց Կոմիտասայ եւ պատրիարքին Կոստանդնուպոլսոյ», Գիրք թղթոց, Թիֆլիս, 1901, էջ 496. Սամուել Կամրջաձորեցի, «Պատճառք Առաջաւորաց», Տօնապատճառ ժողովածու, բնագիր, մաս Ա, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2017, էջ 283), փոքր-ինչ առեղծվածային է: Կարելի է ենթադրել, որ, քանի որ 7-րդ դարում արդեն ս. Հռիփսիմյանց և Գայանյանց հիշատակությունները տեղափոխվել էին Պենտեկոստեին հաջորդող 18-19-րդ օրերը, ապա վարդապետները կարող էին այս տոների ծիսական ժամանակը առնչել հայոց դարձի պատմական ժամանակի հետ:


17 Թեև, ըստ Եվսեբիոս Կեսարացու (263-340), ս. Կոստանդիանոս Մեծ կայսրը (306-337) մկրտվել է իր մահից առաջ Եվսեբիոս Նիկոմեդիացու կողմից (տե՛ս Eusebii Pamphili de vita Constantini, Libri IV, Lipsiax, 1830, էջ 315-322, նաև՝ Eusebius Pamphilius. The Life of Blessed Emperor Contsantine. Book IV, Chapters LXI-LXII, http://www.ecatholic2000.com/emperor/untitled-329.shtml), սակայն Եկեղեցին ընդունել և նվիրագործել է միապետի` Հռոմի ս. Սեղբեստրոս Ա հայրապետի (314-335) կողմից մկրտվելու ավանդությունը: Վերջինս զետեղված է ս. հայրապետի վարքում (տե՛ս Հայսմաւուրք ըստ կարգի ընտրելագոյն օրինակի յայսմաւուրաց տէր Իսրայէլի, Կոստանդնուպօլիս, 1834, էջ 4-6, նաև՝ Tessa Ganella, Gli Actus Silvesti, Spoleto, 2006), որտեղ Կոստանդիանոսը ծանր հիվանդությունից բժշկվում է ս. Սեղբեստրոսի կողմից մկրտվելուց հետո:

18 Գրաբարում՝ «...աստ եդին երկոսեանն». ակնարկում է Առաջավորաց պահքը ամառային ժամանակից ձմեռային ժամանակ տեղափոխելը՝ Կոստանդիանոսի մկրտությանը նվիրված պահքի և հիշատակության հետ այն միավորելու համար: Կոստանդիանոսի մկրտության մասին Սեղբեստրոսի վարքում տարվա ժամանակի և եղանակի մասին որևէ տեղեկություն չկա: Բայց այդ իրադարձության «ձմեռային ժամանակում» լինելը շեշտվում է հայոց վարդապետների կողմից: Հայտնի է, որ ս. Սեղբեստրոսի հիշատակը Կաթոլիկ Եկեղեցում նշվում է դեկտեմբերի 31-ին, իսկ Օրթոդոքս Եկեղեցում՝ հունվարի 2-ին, և եթե հաշվի առնենք, որ այդ առիթով ընթերցվող ս. Սեղբեստրոսի վարքի ամենանշանակալից դրվագը ս. Կոստանդիանոսի դարձն ու մկրտությունն է, ապա առավել շոշափելի է դառնում ս. Կոստանդիանոսի մկրտությունը ձմեռային ժամանակում հիշատակելու հանգամանքը: Հետաքրքրական է, որ Հայ Եկեղեցու տոնացույցում, սկսած 14-րդ դարից, հաստատվել է Սեղբեստրոս հայրապետին և Կոստանդիանոս թագավորին նվիրված առանձին հիշատակության օր, ընդ որում՝ «ապայից» տոների շարքում, Առաջավորաց պահքից առաջ (տե՛ս Ռ. Վարդանյան, Հայոց տոնացույցը, էջ 428): Այս տոնը հատուկ է եղել միայն Հայ Եկեղեցուն և կատարվել է մինչև 18-րդ դարի վերջերը (տե՛ս, օրինակ, հնագույն տպագիր տոնացույցներից՝ Ամստերդամ, 1669 (էջ 24). Կոստանդնուպոլիս, 1701-1702 (էջ 33), 1703 (էջ 27), 1720 (էջ 47), Վենետիկ, 1782 և այլն)՝ զեղչվելով Սիմեոն Երևանցու կողմից՝ նրա ստեղծած նոր տոնացույցում, որը կիրառվում է առ այսօր:

19 Բյուզանդիայում և այժմ էլ ողջ Օրթոդոքս Եկեղեցում Մեծ պահքին նախորդում է «պանրուտեք» կոչվող մասնակի շաբաթապահքը, որի ընթացքում արգելված է միայն մսեղենը, և նույն կարգավիճակն ունեն նաև չորեքշաբթի և ուրբաթ օրերը: Այն կոչվում է պանրուտեք հավանաբար այն պատճառով, որ այդ շաբաթ ընդունված է հագենալ կաթնային բաղադրություն ունեցող ուտեստներով: Թեև այս շաբաթապահքը սահմանվել է Մեծ պահքի խստությանն աստիճանաբար անցում կատարելու նպատակով, այնուհանդերձ առիթ է դարձել վերոնշյալ, ինչպես նաև այլ ուտեստներով ընկնելու որկրամոլական սանձարձակության մեջ, ինչի համար էլ, թերևս, ս. Գրիգոր Տաթևացին, հետևելով այլ հայ վարդապետների, այն անիծյալ է անվանում: Ի դեպ, իրերի նման զարգացման արդյունք է նաև կաթոլիկ աշխարհում տարածված կառնավալի ավանդույթը, որը թեև սկզբում գործել է վերոնշյալ նպատակով (կառնավալ, ուշ լատիներենում՝ саrnе vale, նշանակում է հրաժեշտ մսին), սակայն վերաճել է ժողովրդական խրախճանքի՝ վերածվելով Մեծ պահքից առաջ ապրվող յուրահատուկ կոլեկտիվ ստրեսային իրավիճակի և ամբողջովին հակադրվելով պահքին ոչ միայն գաստրոնոմիական, այլև բարոյական արժեքներով և ներառելով որոշակի հեթանոսական սովորույթներ ու խորհրդանիշներ: Քանի որ Հայ Եկեղեցում նման շաբաթապահքի ավանդույթ ի սկզբանե չի եղել, ապա մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ հայ իրականության մեջ ժողովրդական բարեկենդանի համանման սովորույթը փոխառվել է արևմուտքից միայն ուշ միջնադարում՝ իհարկե, որոշակի հող գտնելով նաև տեղում ի դեմս հեթանոսական վերապրուկների:

20 Դատելով շարադրանքի համատեքստից՝ հեղինակը նկատի ունի ս. Սեղբեստրոս հայրապետին և ս. Գրիգոր Լուսավորչին: Տաթևացին երկուսին էլ «մեր լուսավորիչներ» է անվանում՝ հավանաբար ելնելով մինչ այդ իր նշած «միաբանության և փոխադարձ սիրո» խորհրդից:

21 Ղուկասի Ավետարանում ներկայացված նախահայրերի թիվը 78 է: Բայց սա չի հակասում մինչև Զատիկ ընկած 70 օրերը խորհրդաբանորեն նախահայրերի թվի հետ կապելուն, քանի որ, ըստ Հայ Եկեղեցու վաղ շրջանին հատուկ խորհրդաբանության, Մեծ պահքի խորհրդում ներառված են Առաջավորաց պահքից մինչև Նոր կիրակի հաշված 78 օրերը (տե՛ս Գրիգոր Արշարունի, Մեկնութիւն ընթերցուածոց, Վենետիկ, 1964, էջ 110): Տաթևացին այստեղ առանց մանրամասն բացատրությունների անդրադառնում է միայն 70 թվի խորհրդաբանությանը:

22 Բարեկենդանն այստեղ համարժեք է ուտիքին: Ինչպես արդեն նշել ենք 19-րդ ծանոթագրության վերջում, բարեկենդանացնելը կամ բարեկենդան դարձնելն անմիջական առչություն չունի ո՛չ ժողովրդական բարեկենդան-տոնախմբության, ո՛չ էլ եկեղեցական տոն-բարեկենդանների՝ պահքի նախօրեների հետ, այլ նշանակում է պարզապես լուծարել պահքը և հաստատել ուտիք:

23 Ակնարկվում է Առաքելական կանոնով Փրկչի չարչարանքների հիշատակը հրեական Զատիկի հետ համադրվելուց խուսափելու համար գարնանային գիշերահավասարից առաջ նշելու արգելքը. «Եպիսկոպոս կամ երէց կամ սարկաւագ զսուրբ զչարչարանաց զաւրն, նախ քան զգարնանային զուգաւորութիւնն, թէ ընդ Հրէայս կատարեսցէ՝ լուծցի» (տե՛ս Կանոնագիրք Հայոց, հտ. Ա, Երևան, 1964, կանոն ԽԱ (Խ) Է, էջ 76):

24 Խոսքը ս. Կյուրեղ Երուսաղեմացու (315-386) և նրա «Կոչումն ընծայության» գրքի մասին է (տե՛ս Երանելւոյն Կիւրղի Երուսաղեմայ հայրապետի Կոչումն ընծայութեան, Վիեննա, 1832, նաև աշխարհաբար թարգ.՝ Ընդհանրական Եկեղեցու հայրեր, Ա, Ս. Կյուրեղ Երուսաղեմացի, Կոչումն ընծայության, թարգմ. հին հունարենից՝ Սիմոն Կրկյաշարյանի, Ս. Էջմիածին, 2007):

25 Խաչի երևման պատմությունը քրիստոնյա աշխարհում և մասնավորապես՝ Երուսաղեմում 351 թ. տեղի ունեցած փառահեղ իրադարձություններից է, երբ խաչի հսկայական լուսեղեն նշանը ճառագում էր Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը և տեսանելի էր ամենքին: Հայ Եկեղեցում այս տոնը կատարվում է Հինանց 5-րդ կիրակիին:

26 Երախա – երեխա, այսինքն՝ մկրտությանը նախապատրաստվող նորածին՝ անկախ տարիքից:

27 Նկատի ունի Մեծ պահքի վերջին՝ Ավագ շաբաթի Մեծ կամ Ավագ հինգշաբթին: Այդ օրը, ըստ ավանդության, մկրտության պատրաստվողները՝ երախաները, ներկայանում էին՝ խոստովանելու իրենց հավատն ըստ Հավատո հանգանակի, որի բացատրությունն ունկնդրում էին քառասնորդական պահքի ընթացքում: Հայոց կանոնագրքի «Երկրորդ Նիկիական...» կոչվող կանոնախմբի 100-րդ կանոնն ասում է. « Պարտ եւ արժան է, որք մկրտին, զՀաւատն ասել ի Մեծի հինգշաբաթին» (Կանոնագիրք Հայոց, հտ. 2, կանոն ՊՂԸ (ՊՂԱ) Ճ, էջ 88): Լավոդիկեի կանոնախմբի 43-րդ կանոնը հրահանգում է. «Արժան է՝ ոյք մկրտին՝ նախ զհաւատն ուսանել եւ յաւագ շաբաթուն հինգշաբաթ աւր համար տալ եպիսկոպոսաց կամ երիցանց» (տե՛ս նույն, հտ. Ա, կանոն ՅԸ (ՅԴ) ԽԳ, էջ 238): Ս. Կյուրեղ Երուսաղեմացին, առաջնորդվելով այս ավանդությամբ, հաստատել է քառասնորդական պահքի ժամանակ սուրբգրային ընթերցվածքների հատուկ կարգ և դրանց մեկնաբանությամբ հանդես եկել հատուկ քարոզաշարով, որն էլ արձանագրված է «Կոչումն ընծայության» գրքում՝ դառնալով քրիստոնեական վարդապետության կարևոր երկերից մեկը: Ի տարբերություն մյուս Եկեղեցիների, Հայ Եկեղեցին ցայսօր պահպանել է ս. Կյուրեղի ընթերցվածքների կարգը, որոնք ընթերցվում են Մեծ պահքի առաջին, երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ շաբաթների երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին:Վենետիկ, 1910, էջ ???ճանքից ումմնանության առումովդական տոնը ուղղակիորեն առնչելը  միակ կռվանը, այն կարող էր համարվել Զենոբի/Հովհա

28 Տաթևացին ակնարկում էԱռաջավորաց պահքի շուրջ այլադավան քրիստոնյա երկրներում ստեղծված տարօրինակ զրախոսությունները և ծաղրական առասպելները, ինչպիսին է, օրինակ, Կեղծ Իսահակ հայոց կաթողիկոսի անունից գրված հակահայկական պարսավագրում տեղ գտած պատմությունը, ըստ որի` «Առաջավորաց» պահքը հայերի մոտ նվիրված է և պահվում է ոմն հերձվածող Սարգսի շան հիշատակին (տե՛ս Migne, Patr. Gr., 1864, հտ. 132, էջ 1204):

29  Թերևս, Տաթևացին նկատի ունի հետևյալ կանոնը. «Ոչ է պարտ ի Քառասներորդսն պատարագ մատուցանել, թէպէտ եւ մարտիւրոսաց յիշատակ իցեն, բայց ի շաբաթէ եւ ի կիւրակէէ» (տե՛ս Կանոնագիրք Հայոց, հտ. Բ, Երևան, 1971, կանոն ՋԲ (ՊՂԵ) ՃԴ, էջ 88): Պետք է նշել, որ շաբաթը պատվելու և այդ օրը պաշտամունքով ս. մարտիրոսներին հիշատակելու մասին հրահանգում է առաքյալներին վերագրվող առաջին կանոնախմբի Ե (5-րդ) կանոնը. «աւր շաբաթուն եղիցի տաւն եւ պաշտաւն ընդ ամենայն տիեզերս, եւ եղիցի յիշատակ ամենայն մարտիւրոսաց. պատարագ մատուսցեն ի նմա քահանայքն եւ ուրախութեամբ սաղմոսեսցեն, վասն զի կարապետ է մեծի արքային գալստեանն: Պարտ է ամենայն սրբոցն ուրախ լինել ընդ առաջ Քրիստոսի» (տե՛ս Կանոնագիրք Հայոց, հտ. Ա, Երևան, 1964, էջ 30-31): Նույն հրահանգն է բովանդակված նաև Եփրեմ Ասորուն վերագրվող կանոնում. «Իսկ զմարտիւրոսաց յիշատակս ոչ փոխեսցեն շաբաթու եւ կիւրակէի, եւ անխտիր կատարեսցեն» (տե՛ս նույն, հտ. Բ, կանոն ՉՁԵ (ՉՀԸ) Է, էջ 58):

 

 

 
sacredtradition.am