русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
19 մարտի 2017թ. կիրակի, ԳՁ
Դ կիւրակէ Քառասնորդական պահոց (Տնտեսին)


Ավետարան ըստ Ղուկասի 12.32-48

32 Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը: 33 Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. 34 որովհետեւ ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն: 35 Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած: 36 Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ երբ կվերադառնայ հարսանիքից, որպէսզի երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն: 37 Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տէրը, երբ գայ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կկապի մէջքին, սեղան կնստեցնի նրանց եւ կանցնի նրանց սպասարկելու: 38 Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ եւ գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները: 39 Բայց այն էլ իմացէք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ որ ժամին գող կգայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն: 40 Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կգայ մարդու Որդին»: 41 Պետրոսն ասաց. «Տէ՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թէ՞ բոլորի համար»: 42 Եւ Տէրն ասաց. «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր ծառաների վրայ վերակացու կարգեց՝ ժամանակին կերակուր տալու համար: 43 Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կգտնի: 44 Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կկարգի: 45 Իսկ եթէ այդ ծառան իր սրտում ասի՝ “Իմ տէրն ուշանում է գալ”, եւ սկսի ծեծել ծառաներին ու աղախիններին, ուտել, խմել եւ հարբել, 46 այդ ծառայի տէրը կգայ այն օրը, երբ նա չէր սպասում, եւ այն ժամին, որ չէր իմանում. նրան մէջքից երկու կտոր կանի եւ նրա բաժինը անհաւատների հետ կդնի: 47 Իսկ այն ծառան, որ գիտէ իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կուտի: 48 Եւ այն ծառան, որ չգիտէ իր տիրոջ կամքը եւ ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կուտի. նրան, ում շատ է տրուած, նրանից շատ էլ կուզուի, եւ ում շատ է վստահուած, նրանից աւելին կպահանջեն»:




Եսայու մարգարեությունը 56.1-57.20

1 Այսպէս է ասում Տէրը. «Պահպանեցէ՛ք իրաւունքը եւ կատարեցէ՛ք արդարութիւնը, քանզի եկել հասել է իմ փրկութիւնը, եւ յայտնուելու է իմ ողորմութիւնը: 2 Երանի՜ այն մարդուն, որ կանի այդ, եւ նրան, որ հաւատարիմ կմնայ դրան, կպահի իմ շաբաթներն ու չի պղծի եւ իր ձեռքը ետ կքաշի անիրաւութիւն անելուց»: 3 Օտարազգին, որ եկել յարել է Տիրոջը, թող չասի, թէ՝ «Տէրը մերժեց ու վանեց ինձ իր ժողովրդից», եւ ներքինին էլ թող չասի, թէ՝ «Ես չոր փայտ եմ»: 4 Այսպէս է ասում Տէրը ներքինիներին. «Ովքեր կպահեն իմ պատուիրանները, կնախընտրեն այն, ինչ ես եմ կամենում, եւ իմ ուխտի մէջ կմնան, 5 նրանց իմ տան մէջ եւ իմ պարսպի ներսում աւելի անուանի տեղ կտամ, քան որդիներին ու դուստրերին, կտամ նրանց յաւիտենական մի անուն, որ չի կորչելու: 6 Իսկ այն այլազգիներին, որոնք եկել յարել են Տիրոջը, որպէսզի ծառայեն նրան եւ սիրեն նրա անունը, լինեն նրա համար ծառաներ եւ աղախիններ, ու բոլոր նրանց, որոնք կպահեն իմ շաբաթները եւ չեն պղծի ու կմնան իմ ուխտի մէջ, 7 նրանց կտանեմ իմ սուրբ լեռը, կուրախացնեմ նրանց իմ աղօթքի տան մէջ, նրանց ողջակէզներն ու ընծաներն ընդունելի կլինեն իմ սեղանի վրայ, քանզի իմ տունը բոլոր հեթանոսների համար աղօթքի տուն պիտի կոչուի»: 8 Այսպէս է ասում Տէր Աստուած, որ հաւաքում է Իսրայէլի բոլոր ցրուածներին. «Նրանց վրայ ես պիտի հաւաքեմ անապատի բոլոր գազանների բազմութիւնները»: 9 Եկէք կերէ՛ք, ո՛վ դուք անտառի բոլոր գազաններ: 10 Տեսէ՛ք, ամէնքն էլ կուրացել են եւ չգիտեն, թէ ինչ է իմաստութիւնը. ամէնքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարուած, սիրում են նիրհել: 11 Իրենց հոգով լիրբ եղան շների նման, որ անկուշտ են, չար են եւ չգիտեն, թէ ինչ է իմաստութիւնը. ամէնքն իրենց ճանապարհներով գնացին: 12 «Եկէ՛ք,– ասում են,– գինի առնենք եւ հարբենք գինով. այդպիսի օրը մեզ համար ամենամեծ զոհաբերութիւնը կլինի»:

57 1 «Տեսէ՛ք՝ ինչպէ՜ս կորաւ արդարը, եւ չկայ մէկը, որ սրտով կարեկցի. արդար մարդիկ վերանում են, եւ ոչ ոք ուշադրութիւն չի դարձնում, որ արդարն անիրաւութեան պատճառով է վերանում: 2 Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, ով վերացաւ մէջտեղից: 3 Բայց դուք մօտեցէ՛ք, առա՛ջ եկէք, անօրէ՛ն որդիներ, պոռնկածի՛ն որդիներ, շնութեա՛ն որդիներ: 4 Ինչո՞վ էք պարծենում, ո՞ւմ վրայ էք բացում ձեր բերանները եւ կամ ո՞ւմ վրայ էք հանում ձեր լեզուները. մի՞թէ դուք կորստեան որդիներ չէք, անօրինութեան սերունդ, 5 որ անտառախիտ ծառերի տակ ընկած՝ աղաչում էիք ձեր կուռքերին, անդունդներում, ժայռերի կատարներին եւ խոր ձորերում զոհում էիք ձեր որդիներին: 6 Այդ է քո բաժինը, այդ նոյնն է քո վիճակը. նրանց առաջ նուէրներ թափեցիր, նրանց զոհեր մատուցեցիր, եւ այս ամէնի վրայ մի՞թէ չեմ բարկանալու,– ասում է Տէրը:– 7 Այնտեղ, բարձր ու մեծ լեռան վրայ է քո անկողինը, եւ դու այնտեղ ելար զոհեր մատուցելու: 8 Ապա դռների դրանդիների վրայ հաստատեցիր քո յիշատակները: Կարծում էիր՝ եթէ ինձնից հեռանաս, աւելի բա՞ն պիտի գտնես: Քո անկողինները լայնացրիր եւ փռուեցիր դրանց վրայ. սիրեցիր քո հոմանիներին 9 եւ յաճախակի դարձրիր քո պոռնկութիւնը նրանց հետ: Հեռաւորներից շատերին քեզ կապեցիր եւ պատգամաւորներ ուղարկեցիր քո սահմաններից դուրս: 10 Նկուն դարձար ու իջար գերեզման, յոգնատանջ եղար քո բազում ճանապարհորդութիւններից եւ չասացիր, թէ՝ “Այժմ հանգստանամ”, որովհետեւ ուժիդ համեմատ էիր գործում, դրա համար էլ չհնազանդուեցիր ինձ: 11 Ումի՞ց վախեցար ու զարհուրեցիր, որ ստեցիր եւ չյիշեցիր ինձ, միտքդ չբերեցիր, սրտիդ մէջ չդրեցիր, իսկ ես քեզ տեսայ ու անտեսեցի: Ես այն եմ, որ յաւիտենական եմ, իսկ դու ինձնից չվախեցար: 12 Արդ, ես պիտի պատմեմ իմ արդարութեան եւ քո չարիքների մասին, 13 որոնք քեզ չեն օգնելու, երբ աղաղակես, եւ քեզ չեն փրկելու քո նեղութիւնից. դրանց բոլորին հողմերը պիտի տանեն, եւ մրրիկները բաժան-բաժան պիտի անեն: Իսկ նրանք, ովքեր ինձ վրայ են յոյս դրել, պիտի ստանան երկիրը եւ ժառանգեն իմ սուրբ լեռը: 14 Նրանք պիտի ասեն. “Բացէ՛ք նրա առաջ ճանապարհները, խոչ ու խութերը հեռացրէ՛ք իմ ժողովրդի ճանապարհից”»: 15 Այսպէս է ասում Բարձրեալը, որ յաւիտենապէս բնակւում է բարձունքներում, Սուրբը սրբերի մէջ. նրա անունը Բարձրեալ է, եւ նա սրբերի մէջ է մնում, համբերութիւն է տալիս տարակուսանքի մէջ ընկածներին եւ կեանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել: 16 «Ես յաւիտեան վրէժխնդիր չեմ լինելու ձեզնից եւ ոչ էլ մշտապէս բարկանալու եմ ձեզ վրայ, քանզի հոգին ինձնից է բխում, եւ ամէն շունչ ես եմ ստեղծել: 17 Մեղքի պատճառով սակաւ ժամանակ տրտմութիւն հասցրի նրան, հարուածեցի նրան ու իմ երեսը շրջեցի նրանից, եւ նա տրտմեց ու իմ առաջ թախծոտ անցաւ իր ճանապարհները: 18 Ես տեսայ նրա սրտի ճանապարհները եւ բժշկեցի նրան, սփոփեցի ու ճշմարիտ մխիթարութիւն տուեցի նրան: Նրա սգաւորների համար պտուղ ստեղծեցի: 19 Թող խաղաղութիւն, խաղաղութիւն լինի հեռաւորներին եւ մերձաւորներին,– ասում է Տէրը,– ու ես պիտի բժշկեմ նրանց: 20 Իսկ անօրէնները պիտի ծփան ծովի նման եւ հանգիստ չգտնեն, ու նրա ջրերը պիտի անհետանան՝ կաւի հետ խառնուելով: Ամբարիշտների համար խաղաղութիւն չկայ»,– ասում է Տէրը:




Պողոս առաքյալի թուղթը եփեսացիներին 4.17-5.14

17 Արդ, այս բանն եմ ասում եւ վկայում Տիրոջով. դուք այլեւս չընթանա՛ք այնպէս, ինչպէս որ այլ հեթանոսներն են ընթանում իրենց մտքի ունայնութեամբ. 18 նրանց մտքերը մթագնած են, եւ իրենք օտարացած են Աստծոյ կեանքից իրենց մէջ եղած տգիտութեան պատճառով, որն իրենց սրտի կուրութեան հետեւանքն է: 19 Նրանք իրենց յոյսը կտրեցին եւ ագահութեամբ անձնատուր եղան անառակութեան եւ ամէն տեսակ պիղծ գործերի: 20 Բայց դուք այսպէս չսովորեցիք Քրիստոսին. 21 թէպէտ եւ լսել էք նրա մասին եւ սովորել նրանից, թէ Յիսուսի մէջ է ճշմարտութիւնը. 22 հեռո՛ւ վանեցէք ձեզնից հին մարդուն՝ իր նախկին կենցաղով, այն, որ ապականուած է խաբեպատիր ցանկութիւններով. 23 նորոգուեցէ՛ք ձեր մտքով եւ հոգով 24 ու հագէ՛ք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծոյ՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ: 25 Ուստի դէ՛ն գցեցէք ստախօսութիւնը. իւրաքանչիւրը թող իր ընկերոջն ասի ճշմարտութիւնը, որովհետեւ միմեանց անդամներ ենք: 26 Թէ բարկանաք էլ, մեղք մի՛ գործէք. արեգակը ձեր բարկութեան վրայ թող մայր չմտնի. 27 եւ սատանային տեղի մի՛ տուէք: 28 Ով գողանում էր, այլեւս թող չգողանայ, այլ մանաւանդ թող աշխատի իր ձեռքերով բարիք արտադրել, որպէսզի կարող լինի տալ նրան, ով կարիքի մէջ է: 29 Ոչ մի տգեղ խօսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն՝ բարի խօսքը, որ շինիչ է եւ օգտակար, որպէսզի շնորհով լցուի նա, ով այն լսում է: 30 Եւ մի՛ տրտմեցրէք Աստծոյ Սուրբ Հոգին, որով կնքուեցիք փրկութեան օրուայ համար: 31 Ամէն դառնութիւն, բարկութիւն, զայրոյթ, աղաղակ եւ հայհոյութիւն թող վերանան ձեզնից՝ իրենց չարութեամբ հանդերձ: 32 Միմեանց հետ եղէ՛ք քաղցր, գթած՝ ներելով միմեանց, ինչպէս որ Աստուած ներեց մեզ Քրիստոսով:

5 1 Նմանուեցէ՛ք Աստծուն որպէս սիրելի զաւակներ 2 եւ ընթացէ՛ք սիրով, ինչպէս որ Քրիստոս սիրեց մեզ եւ իր անձը մատնեց մեզ համար՝ որպէս անուշահոտ պատարագ եւ զոհ Աստծուն: 3 Հեռո՛ւ ձեզնից պոռնկութիւն եւ ամէն տեսակ պղծութիւն կամ ագահութիւն. դրանց անունն իսկ թող չյիշուի ձեր մէջ, ինչպէս որ վայել է սրբերին. 4 եւ հեռո՛ւ ձեզնից զազրախօսութիւն կամ յիմար խօսք կամ խեղկատակութիւն, որ վայել չեն. այլ մանաւանդ գոհութիւն թող մատուցուի Աստծուն: 5 Այս բանն իմացէ՛ք, թէ ամէն պոռնիկ կամ պիղծ կամ ագահ մարդ, որ կռապաշտ է, Աստծոյ եւ Քրիստոսի թագաւորութեան մէջ ժառանգութիւն չունի: 6 Սնոտի խօսքերով թող ոչ ոք ձեզ չխաբի, որովհետեւ դրա համար է, որ գալիս է Աստծոյ բարկութիւնը անհնազանդ մարդկանց վրայ: 7 Ուրեմն, նրանց մասնակից մի՛ եղէք, 8 որովհետեւ, թէպէտ եւ մի ժամանակ խաւար էիք, հիմա լոյս էք ի Տէր. ընթացէ՛ք, ինչպէս լուսոյ որդիներ. 9 քանզի լուսոյ պտուղներն են բարութիւնը, արդարութիւնը եւ ճշմարտութիւնը: 10 Ստուգեցէ՛ք, թէ որն է հաճելի Տիրոջը. 11 եւ խաւարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղէք, այլ մանաւանդ մերկացրէ՛ք դրանք, 12 որովհետեւ, ինչ որ նրանք գործում են ծածուկ, այդ մասին խօսելն իսկ ամօթ է. 13 այլ ամէն ինչ բացայայտուելով՝ լոյսով յայտնի է լինում, քանզի ամէն ինչ, որ յայտնի է, լոյս է: 14 Դրա համար էլ ասում է. «Վե՛ր կաց դու, որ ննջում ես, կանգնի՛ր մեռելների միջից, եւ Քրիստոս պիտի լուսաւորի քեզ»:




Ավետարան ըստ Ղուկասի 16.1-31

1 Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. եւ նրա մասին ամբաստանութիւն եղաւ, որպէս թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը: 2 Տէրը կանչեց նրան ու ասաց. “Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսութեան հաշիւը, որովհետեւ այլեւս տնտես լինել չես կարող”: 3 Տնտեսն իր մտքում ասաց. “Ի՞նչ պէտք է անեմ, քանի որ իմ տէրը տնտեսութիւնս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: 4 Գիտեմ, թէ ինչ պիտի անեմ, որպէսզի երբ տնտեսութիւնիցս հեռացուեմ, ընունեն ինձ իրենց տները”: 5 Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով՝ առաջինին ասում է. “Իմ տիրոջն ինչքա՞ն պարտք ունես”: 6 Եւ սա ասում է. “Հարիւր տակառիկ ձէթ”. եւ տնտեսը նրան ասում է. “Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու անմիջապէս գրիր յիսուն”: 7 Ապա դարձեալ միւսին ասում է. “Դու ինչքա՞ն պարտք ունես”. եւ սա ասաց. “Հինգ հարիւր պարկ ցորեն”: Տնտեսը նրան ասաց. “Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու գրիր չորս հարիւր”: 8 Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որովհետեւ հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները աւելի հնարամիտ են, քան լոյսի որդիներն իրենց սերնդի մէջ: 9 Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ: 10 Քչի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը շատի մէջ էլ անիրաւ է: 11 Արդ, եթէ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կվստահի ճշմարիտը: 12 Եւ եթէ ուրիշինի մէջ հաւատարիմ չեղաք, ձերը ո՞վ կտայ ձեզ: 13 Ոչ մի ծառայ երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետեւ եթէ մէկին ատի, միւսին կսիրի. կամ եթէ մէկին մեծարի, միւսին էլ կարհամարհի: Չէք կարող ե՛ւ Աստծուն ծառայել, ե՛ւ մամոնային»: 14 Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, նրան պախարակում էին, քանի որ արծաթասէր էին: 15 Եւ նրանց ասաց. «Դուք էք, որ մարդկանց առաջ ձեզ արդար էք ձեւացնում, սակայն Աստուած ձեր սրտերը գիտէ. որովհետեւ այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծոյ առաջ զազրելի է: 16 Օրէնքն ու մարգարէները մինչեւ Յովհաննէսն էին. այնուհետեւ աւետարանւում է Աստծոյ արքայութիւնը, եւ ամէն ոք ուժով է այն նուաճում: 17 Աւելի հեշտ է, որ երկինք ու երկիր անցնեն, քան թէ օրէնքից մէկ նշանախեց ընկնի: 18 Ով որ իր կնոջն արձակում է եւ մի ուրիշին առնում, շնանում է. իսկ ով որ արձակուածին է առնում, շնանում է: 19 Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում եւ ամէն օր առատապէս ուրախութիւն էր անում: 20 Եւ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ վէրքերով ծածկուած: 21 Եւ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափւում էին մեծահարուստի սեղանից: Եւ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վէրքերը: 22 Երբ աղքատը մեռաւ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռաւ ու թաղուեց: 23 Եւ դժոխքում, մինչ սա տանջանքների մէջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռուից տեսաւ Աբրահամին եւ Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած: 24 Եւ նա աղաղակեց ու ասաց. “Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ եւ ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով ու զովացնի լեզուս, որովհետեւ այս տապից պապակում եմ”: 25 Եւ Աբրահամը նրան ասաց. “Որդեա՛կ, յիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ՝ քո կեանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարւում է, իսկ դու այդտեղ պապակում ես: 26 Եւ այս բոլորից բացի, մեծ վիհ կայ մեր եւ ձեր միջեւ. եթէ ուզեն այստեղից ձեզ մօտ անցնել, չեն կարողանայ. ոչ էլ այդտեղից մէկը կարող է մեզ մօտ անցնել”: 27 Մեծահարուստն ասաց. “Արդ, աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հօր տունը, 28 որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, որպէսզի նրանց վկայութիւն տայ, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը”: 29 Եւ Աբրահամն ասաց. “Նրանք ունեն Մովսէս եւ մարգարէներ, թող նրանց լսեն”: 30 Եւ նա ասաց. “Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթէ մեռելներից մէկը նրանց մօտ գնայ, նրանք կապաշխարեն”: 31 Եւ Աբրահամը նրան ասաց. “Եթէ Մովսէսին եւ մարգարէներին չեն լսում, մեռելներից մէկն էլ եթէ յարութիւն առնի, չպիտի համոզուեն”»: