русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
22 մարտի 2017թ. չորեքշաբթի, ԴԿ
ԻԴ օր Մեծի պահոց: Միջինք


Ելք 3.16-22

16 Արդ, գնա հաւաքի՛ր իսրայէլացի ծերերին ու նրանց ասա՛. “Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը, երեւաց ինձ ու ասաց. ես այցելեցի ձեզ ու գիտեմ, թէ ինչ բաներ պատահեցին ձեզ հետ Եգիպտոսում: 17 Ես ասում եմ. ձեզ հանելու եմ Եգիպտացիների՝ չարչարանքների երկրից եւ տանելու եմ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Գերգեսացիների, Խեւացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում”: 18 Նրանք կլսեն քեզ: Դու իսրայէլացի ծերերի հետ կմտնես եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ կասես նրան. “Եբրայեցիների Տէր Աստուածը մեզ կանչում է իր մօտ: Հիմա պիտի գնանք երեք օրուայ ճանապարհ դէպի անապատ, որպէսզի մեր Աստծուն զոհ մատուցենք”: 19 Ես գիտեմ, որ եգիպտացիների արքան թոյլ չի տայ, որ դուք գնաք, բայց հզօր մի ձեռք կստիպի նրան: 20 Ես ձեռքս մեկնելով պիտի հարուածեմ Եգիպտոսին իմ բոլոր զարմանահրաշ գործերով, որ պիտի գործեմ նրանց մէջ, եւ դրանից յետոյ միայն նա պիտի ազատ արձակի ձեզ: 21 Ես եգիպտացիների ներկայութեամբ շնորհներ եմ տալու իմ ժողովրդին, որ երբ դուրս գաք, ձեռնունայն դուրս չգաք: 22 Ամէն մի կին իր հարեւանից կամ իր հարեւանութեամբ բնակուողից թող ուզի ոսկէ ու արծաթէ անօթներ եւ զգեստներ: Դուք կզարդարէք ձեր տղաներին ու ձեր աղջիկներին եւ այդպիսով կողոպտած կլինէք եգիպտացիներին»:




Հովելի մարգարեությունը 3.1-8

1 «Ահա ես այն օրերին եւ այն ժամանակ կվերադարձնեմ Հրէաստանին եւ Երուսաղէմին գերութիւնից, 2 կհաւաքեմ բոլոր ազգերին, կիջեցնեմ նրանց Յոսափաթի ձորը եւ կդատեմ նրանց այնտեղ իմ ժողովրդի եւ իմ ժառանգութեան՝ Իսրայէլի համար, որին ցրեցին բոլոր ազգերի մէջ: 3 Նրանք իմ երկիրը բաժանեցին, իմ ժողովրդի համար վիճակ էին գցում, պատանիներին տալիս էին որպէս պոռնիկների վարձ, աղջիկներին վաճառում էին գինու դիմաց եւ խմում էին: 4 Եւ դուք տակաւին ի՞նչ ունէք ինձ հետ, ո՛վ Ծուր եւ Ծայդան եւ այլազգիների ո՛ղջ Գալիլիա, մի՞թէ ինչ-որ հատուցում կտաք ինձ կամ ոխ կպահէք իմ դէմ. ես շուտով ձեր հատուցումը տագնապով կբերեմ ձեր գլխին 5 այն բանի փոխարէն, որ իմ արծաթն ու ոսկին առաք, իմ ընտիր-ընտիր ու գեղեցիկ անօթները տարաք ձեր մեհեանները 6 ու Յուդայի երկրի եւ Երուսաղէմի որդիներին վաճառեցիք յոյներին, որպէսզի նրանց հեռացնէք իրենց սահմաններից: 7 Արդ, ես ոտքի կկանգնեցնեմ նրանց այնտեղ, որտեղ վաճառեցիք նրանց, եւ կբերեմ ձեր հատուցումը ձեր գլխին: 8 Ձեր տղաներին եւ ձեր աղջիկներին կմատնեմ Յուդայի երկրի որդիների ձեռքը, եւ նրանք գերի կվաճառեն նրանց հեռու-հեռաւոր մի ազգի, քանի որ Տէրը խօսեց»: