русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
12 հունիսի 2019թ. չորեքշաբթի, ԳՁ
Դ օր Հոգեգալստեան
Պահք


Ա Թագավորություններ 16.12-14

12 Յեսսէն մարդ ուղարկեց ու բերել տուեց նրան: Նա խարտեաշ էր, սիրուն աչքերով ու Տիրոջ համար գեղանի տեսքով: 13 Տէրն ասաց Սամուէլին. «Վե՛ր կաց, օծի՛ր Դաւթին, քանզի նա լաւ է»: Սամուէլը իւղով լի եղջիւրն առաւ եւ իր եղբայրների մէջ օծեց նրան: Այդ օրուանից եւ յետոյ Տիրոջ Հոգին շարժուեց Դաւթի վրայ: Սամուէլը վեր կացաւ ու գնաց Արիմաթէմ: 14 Տիրոջ հոգին վերացաւ Սաւուղից, եւ Տիրոջ կողմից առաքուած մի չար ոգի նեղում էր նրան:




Զաքարիայի մարգարեությունը 12.8-10

8 Այն օրը Ամենակալ Տէրը պիտի պաշտպանի Երուսաղէմի բնակիչներին, եւ ամենատկարը նրանց մէջ պիտի լինի Դաւթի պէս, իսկ Դաւթի տունը՝ Աստծոյ տան նման, Տիրոջ հրեշտակի պէս նրանց առաջ: 9 Այն օրը ես պիտի բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնք կյարձակուեն Երուսաղէմի վրայ: 10 Շնորհի ու գթութեան հոգի պիտի հեղեմ Դաւթի տան եւ Երուսաղէմի բնակիչների վրայ.




Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 4.1-7

1 Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխայ է, աւելին չէ, քան ծառան, թէպէտ եւ ամէն ինչի տէր է: 2 Բայց նա խնամակալների եւ վերակացուների ձեռքի տակ է մինչեւ հօր սահմանած ժամանակը: 3 Նոյնպէս եւ՝ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում: 4 Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ 5 փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք: 6 Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր: 7 Ուստի ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծոյ:




Ավետարան ըստ Մատթեոսի 1.18-21

18 Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց իրար մօտենալը՝ Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց: 19 Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան: 20 Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազում երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնել Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ Ծնուածը Սուրբ Հոգուց է: 21 Նա մի Որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին իր մեղքերից»:




Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 2.2-11

2 Քանզի գիտենք, որ Աստծոյ դատաստանը ճշմարտութեամբ է գործադրւում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են գործում: 3 Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, եւ դու էլ նոյնն ես գործում, կարծում ես, թէ ազատուելո՞ւ ես Աստծոյ դատաստանից: 4 Եթէ արհամարհում ես նրա բարութեան առատութիւնը եւ ներողամտութիւնն ու համբերութիւնը, չգիտե՞ս, որ Աստծոյ բարութիւնը քեզ ապաշխարութեան է տանում: 5 Եւ քո խստասրտութեամբ ու անզեղջ սրտով քո անձի դէմ բարկութիւն ես դիզում բարկութեան օրուայ եւ Աստծոյ արդար դատաստանի յայտնութեան օրուայ համար. 6 Աստծոյ, որ հատուցում է իւրաքանչիւրին ըստ իր գործերի. 7 յաւիտենական կեանք՝ նրանց, որ բարի գործերի մէջ իրենց յարատեւ համբերութեամբ փնտրում են փառք, պատիւ եւ անմահութիւն, 8 իսկ նրանց, որ հակառակողներ են եւ ճշմարտութեան դէմ ապստամբողներ ու անիրաւութեան յետեւից գնացողներ՝ բարկութիւն եւ զայրոյթ, 9 նեղութիւն եւ անձկութիւն՝ ամէն մարդու, որ չարիք է գործում՝ նախ հրեայի եւ ապա հեթանոսի, 10 իսկ փառք, պատիւ եւ խաղաղութիւն՝ իւրաքանչիւրին, որ բարին է գործում՝ նախ հրեայի եւ ապա հեթանոսի. 11 որովհետեւ Աստծոյ առաջ աչառութիւն չկայ:




Ավետարան ըստ Մատթեոսի 8.18-27

18 Յիսուս, իր շուրջը բազում ժողովուրդ տեսնելով, հրամայեց միւս կողմ գնալ: 19 Եւ մի օրէնսգէտ մօտենալով ասաց նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո յետեւից կգամ, ուր էլ որ գնաս»: 20 Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջ ունեն, եւ երկնքի թռչունները՝ բոյն. բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»: 21 Եւ իր աշակերտներից մէկն ասաց. «Տէ՛ր, ինձ թո՛յլ տուր, որ գնամ, նախ իմ հօրը թաղեմ»: 22 Յիսուս նրան ասաց. «Դու իմ յետեւի՛ց արի եւ թո՛յլ տուր, որ մեռեալնե՛րը թաղեն իրենց մեռելներին»: 23 Երբ նա նաւակ մտաւ, նրա յետեւից գնացին իր աշակերտները: 24 Եւ ահա ծովի վրայ մեծ փոթորիկ առաջացաւ՝ այնքան, որ նաւակը ծածկուեց ալիքներից: Իսկ ինքը ննջում էր: 25 Եւ աշակերտները մօտենալով վեր կացրին նրան ու ասացին. «Տէ՛ր, փրկի՛ր մեզ, որովհետեւ կորչում ենք»: 26 Նրանց ասաց. «Ինչո՞ւ էք վախկոտ, թերահաւատնե՛ր»: Այն ժամանակ վեր կենալով սաստեց հողմերին եւ ծովին, ու մեծ խաղաղութիւն եղաւ: 27 Եւ մարդիկ զարմացան ու ասում էին. «Ինչպիսի՜ մէկն է սա, որ հողմերն ու ծովը հնազանդւում են սրան»:




Ավետարան ըստ Հովհաննեսի 1.29-34

29 Հետեւեալ օրը նա տեսաւ Յիսուսին, որ գալիս էր դէպի իրեն, ու ասաց. «Ահա՛ Գառն Աստծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը: 30 Սա է նա, որի մասին ես ասում էի՝ իմ յետեւից գալիս է մէկը, որ ինձնից առաջ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար: 31 Եւ ես չէի ճանաչում նրան, բայց որպէսզի յայտնի լինի Իսրայէլին, դրա համար ես եկայ ջրով մկրտելու»: 32 Յովհաննէսը վկայեց եւ ասաց. «Տեսայ Հոգին, որ իջնում էր երկնքից որպէս աղաւնի եւ հանգում նրա վրայ: 33 Եւ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. “Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, նա է, որ մկրտում է Սուրբ Հոգով”: 34 Եւ ես տեսայ ու վկայեցի, թէ սա է Աստծոյ Որդին»: