русский  english    
ԳԼԽԱՎՈՐ
ԳԼԽԱՎՈՐ / ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ
25 օգոստոսի 2019թ. կիրակի, ԴՁ
Բ կիւրակէ զկնի Վերափոխման


Ավետարան ըստ Ղուկասի 2.1-7

1 Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ ամբողջ երկրում մարդահամար անելու համար: 2 Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում: 3 Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարում՝ իւրաքանչիւրն իր քաղաքում: 4 Յովսէփն էլ, Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով, Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5 մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր: 6 Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7 եւ նա ծնեց իր անդրանիկ Որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար:




Առակներ 11.30-12.4

30 Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան: 31 Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կլինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը:

12 1 Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է: 2 լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի: 3 Մարդ անօրինութեամբ յաջողութեան չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն: 4 Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է.




Զաքարիայի մարգարեությունը 2.10-13

10 Խնդա՛ եւ ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, քանի որ ահա ես կգամ եւ կբնակուեմ քո մէջ,– ասում է Տէրը,– 11 եւ այդ օրը շատ ազգեր կապաւինեն Տիրոջը, նրա ժողովուրդը կդառնան ու կբնակուեն քո մէջ: Երբ դա պատահի, դու կիմանաս, թէ Ամենակալ Տէրն ուղարկեց ինձ քեզ մօտ: 12 Տէրը կժառանգի Յուդայի երկիրը որպէս իր բաժինը սուրբ երկրում, նա նորից բարեհաճ կլինի Երուսաղէմի հանդէպ, 13 եւ ամէն մարմին երկիւղ կկրի Տիրոջից, քանի որ նա արթնացել է իր սուրբ ամպերի միջից»:




Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 6.16-7.1

Արդարեւ, կենդանի Աստծոյ տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: 17 Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք,– ասում է Տէրը,– եւ մի՛ դիպէք պիղծ բաների. 18 եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար Հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր»,– ասում է Ամենակալ Տէրը:

7 1 Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծոյ երկիւղով:




Ավետարան ըստ Ղուկասի 1.39-56

39 Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, 40 մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց: 41 Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով 42 եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը: 43 Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. 44 որովհետեւ, ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: 45 Եւ երանի՜ նրան, որ կհաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կկատարուեն»: 46 Եւ Մարիամն ասաց. «Իմ անձը կփառաւորի Տիրոջը, 47 եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, 48 որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ: Եւ այսուհետեւ բոլոր սերունդներն ինձ երանի կտան, 49 որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, եւ նրա անունը սուրբ է: 50 Նրա ողորմութիւնը սերնդից սերունդ իր երկիւղածների վրայ է: 51 Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց, ցրեց ամբարտաւաններին իրենց սրտի խորհուրդներով. 52 հզօրներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին: 53 Քաղցածներին լիացրեց բարիքներով եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց: 54 Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայէլին՝ յիշելով իր ողորմութիւնները, 55 ինչպէս ասել էր մեր հայրերին՝ Աբրահամին եւ նրա սերնդին, յաւիտեան»: 56 Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը:




 
sacredtradition.am