русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
10 դեկտեմբերի 2022թ. շաբաթ, ԳԿ
Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ սքանչելագործ հայրապետին


Եզեկիելի մարգարեությունը 3.16-19

16 Եօթ օր յետոյ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 17 «Մարդո՛ւ որդի, ես քեզ դէտ կարգեցի Իսրայէլի այդ տանը. դու ինձնից պատգամներ ես լսելու եւ իմ անունից սպառնալու ես նրանց: 18 Երբ անօրէնին ասեմ՝ ստոյգ պիտի մեռնես, դու այլեւս չես զգուշացնելու նրան, ոչ էլ ասելու ես անօրէնին, որ զգուշանայ, յետ դառնայ իր չար ճանապարհից ու ապրի: Այդ անօրէնն իր անօրինութեան մէջ է մեռնելու, եւ նրա արիւնը քեզնից եմ պահանջելու: 19 Իսկ եթէ դու անօրէնին զգուշացնես, ու նա յետ չդառնայ իր անօրինութիւնից եւ իր ճանապարհից, այդ անօրէնն իր անօրինութեան մէջ է մեռնելու, իսկ դու քեզ փրկելու ես:




Պողոս առաքյալի Բ թուղթը Տիմոթեոսին 3.10-15

10 Իսկ դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, իմ վարմունքին, կամեցողութեանը, հաւատին, համբերատարութեանը, սիրուն, համբերութեանը 11 եւ այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում եւ Լիւստրայում. գիտես, թէ ինչպիսի՜ հալածանքների ենթարկուեցի, բայց Տէրն ինձ փրկեց այդ բոլորից: 12 Եւ բոլոր նրանք, որ ուզում են աստուածապաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն: 13 Իսկ չար եւ խաբեբայ մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորուած՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին: 14 Բայց դու հաստա՛տ մնա այն բանի մէջ, որ սովորեցիր եւ որին հաւատարիմ եղար. գիտես, թէ ումից ես սովորել, 15 որովհետեւ մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկութեան համար այն հաւատի միջոցով, որ Քրիստոս Յիսուսի մէջ է:




Ավետարան ըստ Հովհաննեսի 10.11-16

11 Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: 12 Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13 քանի որ վարձկան է եւ ոչխարների համար հոգ չի անում: 14 Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից: 15 Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կտամ իմ ոչխարների համար: 16 Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ:




 
sacredtradition.am