русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
8 մարտի 2017թ. չորեքշաբթի, ԱԿ
Ժ օր Մեծի պահոց


Ելք 2.11-22

11 Շատ օրեր յետոյ, երբ Մովսէսը մեծացաւ, գնաց իր ազգակիցների՝ իսրայէլացիների մօտ, ականատես եղաւ նրանց չարչարանքներին: Նա նկատեց, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մէկին՝ մի իսրայէլացու: 12 Մովսէսն այս ու այն կողմ նայեց եւ ոչ ոքի չտեսնելով՝ սպանեց եգիպտացուն եւ նրան թաղեց աւազի տակ: 13 Յաջորդ օրը նա տեսաւ իրար հետ կռուող երկու եբրայեցիների եւ անիրաւութիւն անողին ասաց. «Ինչո՞ւ ես ծեծում ընկերոջդ»: 14 Սա պատասխանեց. «Ո՞վ է քեզ իշխան ու դատաւոր կարգել մեզ վրայ, թէ՞ ինձ էլ ես ուզում սպանել, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն»: Մովսէսը վախեցաւ՝ մտածելով, որ եղելութիւնը յայտնի է դարձել: 15 Երբ փարաւոնը լսեց այդ դէպքի մասին, պահանջեց, որ սպանեն Մովսէսին: Մովսէսը փախաւ փարաւոնի պատճառով ու բնակուեց Մադիամի երկրում: 16 Մադիամի երկիրը գալով՝ նա նստեց մի ջրհորի մօտ: Մադիամացիների քուրմն ունէր եօթ դուստր, որոնք արածեցնում էին իրենց հօր ոչխարները: Նրանք եկել էին ջուր հանելու եւ լցնելու աւազանները, որպէսզի ջրեն իրենց հօր ոչխարները: 17 Բայց եկան ուրիշ հովիւներ եւ աղջիկներին հեռու քշեցին: Մովսէսը ոտքի ելաւ եւ պաշտպանեց նրանց, ջուր հանեց ու ջրեց նրանց ոչխարները: 18 Աղջիկները եկան իրենց հօր՝ Հռագուէլի մօտ: Սա նրանց հարցրեց. «Ինչո՞ւ այսօր օրը ցերեկով վերադարձաք»: 19 Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի տղամարդ մեզ փրկեց այդ հովիւների ձեռքից, ջուր հանեց ու ջրեց մեր ոչխարները»: 20 Հայրը հարցրեց իր դուստրերին. «Իսկ ո՞ւր է նա, ինչո՞ւ թողեցիք այդ մարդուն: Արդ, կանչեցէ՛ք նրան, որ հաց ուտի»: 21 Եւ Մովսէսը բնակուեց այդ մարդու մօտ, եւ սա իր դուստր Սեփորային Մովսէսին կնութեան տուեց: 22 Կինը յղիացաւ ու ծնեց որդի, որին Մովսէսը Գերսամ անուանեց՝ ասելով. «Ես պանդուխտ եմ օտար երկրում»:




Հովելի մարգարեությունը 2.1-11

1 Փո՛ղ զարկեցէք Սիոնի մէջ, կո՛չ արձակեցէք իմ սուրբ լեռան վրայ, թող հաւաքուեն երկրի բոլոր բնակիչները, քանի որ հասել է Տիրոջ օրը, 2 քանի որ մօտ է խաւարի եւ մէգի օրը, ամպի եւ մառախուղի օրը: Ինչպէս առաւօտ, լեռների վրայ կտարածուի բազմամարդ եւ հզօր զօրքը. այդպիսին չի եղել յաւիտենական ժամանակներից եւ նրանից յետոյ այլեւս չի լինի սերնդից սերունդ: 3 Նրա առջեւից լափող կրակն է, նրա յետեւից՝ բորբոքեալ բոցը. նրանից առաջ՝ երկիրը դրախտային այգի, իսկ նրանից յետոյ՝ ապականուած դաշտ. եւ փրկուող չի լինի նրանից: 4 Նրա տեսքը երիվարների նման է. նրանք կարշաւեն որպէս հեծեալներ. 5 որպէս կառքերի դղրդիւն կասպատակեն լեռների գագաթներին, որպէս ձայնը բոցակէզ կրակի, որ ուտում է եղէգը, որպէս պատերազմի պատրաստուած բազմամարդ ու հզօր զօրք: 6 Նրանց առաջ ազգեր կխորտակուեն, եւ բոլոր դէմքերը կդառնան ինչպէս սեւացած պտուկ: 7 Նրանք կյարձակուեն որպէս ախոյեաններ եւ որպէս ռազմիկներ կբարձրանան պարիսպների վրայ. իւրաքանչիւրն իր ճանապարհով կգնայ, եւ չեն շեղուի իրենց շաւիղներից, 8 Մարդն իր եղբօրից եւ ընկերոջից չի զատուի: Իրենց զէնքերով ծանրացած կգնան եւ իրենց նետերի վրայ կընկնեն եւ չեն մեռնի: 9 Կխուժեն քաղաք, կքայլեն պարիսպների վրայ, կմագլցեն տները եւ գողերի նման ներս կմտնեն պատուհաններից: 10 Նրանց առաջ երկիրը կխռովուի, երկինքը կցնցուի, արեգակն ու լուսինը կխաւարեն, եւ աստղերը կթաքցնեն իրենց լոյսը: 11 Եւ Տէրն իր ձայնը կբարձրացնի իր զօրքի առաջ, քանի որ չափազանց շատ է նրա բանակը, եւ հզօր՝ նրա պատերազմական գործը, որովհետեւ մեծ է Տիրոջ օրը, մեծ եւ շատ նշանաւոր. ո՞վ կարող է դիմանալ դրան:




Միքիայի մարգարեությունը 4.1-7

1 Գալիք օրերում յայտնի կդառնայ Տիրոջ տաճարի լեռը՝ հաստատուած լեռների գագաթների վրայ, կբարձրանայ բլուրների վրայ, եւ շատ ժողովուրդներ կշտապեն դէպի նա: 2 Եւ շատ ազգեր կգնան եւ կասեն. «Եկէ՛ք բարձրանանք Տիրոջ լեռը եւ Յակոբի Աստծոյ տունը. մեզ ցոյց կտան նրա ճանապարհը, եւ մենք կգնանք նրա շաւղով»: Արդարեւ, Սիոնից են դուրս գալիս օրէնքները, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից: 3 Նա դատ կանի բազում ժողովուրդների մէջ եւ կյանդիմանի հզօր ազգերին, մինչեւ իսկ հեռաւորներին, նրանք իրենց սրերից խոփ կձուլեն, գեղարդներից՝ մանգաղ, եւ այլեւս մի ազգ միւսի վրայ սուր չի բարձրացնի, եւ մարդիկ այլեւս չեն սովորի պատերազմել: 4 Իւրաքանչիւրը կհանգստանայ իր որթատունկի եւ իր թզենու տակ, եւ չի լինի ոչ ոք, որ սարսափ ազդի, քանի որ Ամենակալ Տիրոջ բերանը խօսեց այս բանը: 5 Թող բոլոր ժողովուրդներից իւրաքանչիւրն իր ճանապարհով գնայ, սակայն մենք կգնանք մեր Տէր Աստծոյ անուամբ մշտապէս: 6 «Այն օրը,– ասում է Տէրը,– կհաւաքեմ ցրուածներին եւ հեռացածներին, կընդունեմ նաեւ մերժուածներին, 7 բեկուածին զօրեղ կդարձնեմ եւ մանրացածին՝ հզօր ազգ, եւ Տէրը Սիոն լեռան վրայ կթագաւորի այսուհետեւ մինչեւ յաւիտեան:




 
sacredtradition.am