русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
26 մարտի 2017թ. կիրակի, ԲԿ
Ե կիւրակէ Քառասնորդական պահոց (Դատաւորին)


Ավետարան ըստ Մարկոսի 13.1-37

1 Երբ նա տաճարից դուրս էր գալիս, իր աշակերտներից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, տե՛ս ինչպիսի՜ քարեր են սրանք, եւ ինչպիսի՜ շինուածք»: 2 Յիսուս նրան պատասխան տուեց եւ ասաց. «Տեսնո՞ւմ ես այդ բոլոր շինութիւնները. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դրանց քարը քարի վրայ չպիտի թողնուի, որ չքանդուի»: 3 Եւ մինչ նստած էր նա Ձիթենեաց լեռան վրայ՝ տաճարի դիմաց, Պետրոսն ու Յակոբոսը եւ Յովհաննէսն ու Անդրէասը առանձին հարցրին նրան. 4 «Ասա՛ մեզ. ե՞րբ պիտի լինի այդ, եւ ի՞նչ կլինի նշանը, երբ կատարուելու լինի այդ բոլորը»: 5 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ կացէք՝ ոչ ոք ձեզ չխաբի, 6 որովհետեւ շատերը պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն՝ ես եմ Քրիստոսը, եւ շատերին պիտի մոլորեցնեն: 7 Սակայն երբ լսէք պատերազմների ձայներ կամ պատերազմների լուրեր, չխռովուէք, որովհետեւ այդ պէտք է, որ լինի, բայց դեռ աշխարհի վախճանը չէ: 8 Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ տեղ-տեղ երկրաշարժեր պիտի լինեն, սով եւ համաճարակ ու խռովութիւններ. բայց այդ բոլորը սկիզբն է երկունքի: 9 Եւ դեռ ձեզ էլ պիտի մատնեն ատեանների, եւ ժողովարանների մէջ պիտի տանջուէք. եւ ինձ համար կուսակալների ու թագաւորների առաջ պիտի կանգնէք՝ ի վկայութիւն նրանց: 10 Բայց նախ պէտք է, որ աւետարանը քարոզուի բոլոր հեթանոսների մէջ: 11 Եւ երբ ձեզ տանեն յանձնելու, առաջուց հոգ մի՛ արէք եւ մի՛ մտածէք, թէ ինչ պիտի խօսէք, այլ ինչ որ ձեզ տրուի այդ նոյն ժամին, ա՛յն խօսեցէք, որովհետեւ դուք չէ, որ պիտի խօսէք, այլ՝ Սուրբ Հոգին: 12 Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն. եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց: 13 Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. բայց ով որ մինչեւ վերջ համբերի, նա կփրկուի: 14 Եւ երբ տեսնէք աւերածութեան պղծութիւնը՝ տեղ գտած այնտեղ, ուր չպէտք է լինէր (ով կարդում է, թող իմանայ), այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, լեռները թող փախչեն. 15 եւ ով տանիքի վրայ է, թող չիջնի եւ տուն չմտնի՝ այնտեղից բան վերցնելու. 16 եւ ով արտի մէջ է, թող ետ չդառնայ՝ իր զգեստները վերցնելու: 17 Բայց վա՜յ յղիներին եւ ստնտուներին այն օրերին: 18 Աղօթեցէ՛ք, որ ձմեռ ժամանակ չլինի դա: 19 Այդ օրերը պիտի լինեն օրեր այնպիսի նեղութիւնների, որոնց նմանը չի եղել երբեք արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ չի էլ լինի: 20 Եւ եթէ Աստուած այդ օրերը իր ընտրեալների համար չկարճացնէր, ոչ մի մարդ չէր ազատուի. բայց նա իր ընտրեալների պատճառով, որոնց ընտրեց, կարճացրեց այդ օրերը: 21 Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի, թէ՝ “Ահա այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ”, չհաւատա՛ք. 22 որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան մոլորեցնելու նպատակով, եթէ հնար լինի՝ նոյնիսկ ընտրեալներին: 23 Բայց դուք զգո՛յշ եղէք. ահա առաջուց ձեզ ամէն ինչ ասացի: 24 Բայց այդ օրերին, այդ նեղութիւնից յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինն իր լոյսը չպիտի տայ: 25 Եւ աստղերը երկնքից վար պիտի թափուեն, եւ երկնքում զօրութիւնները պիտի շարժուեն: 26 Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն՝ եկած ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: 27 Եւ այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հաւաքի իր ընտրեալներին չորս կողմերից՝ երկրի ծագերից մինչեւ երկնքի ծագերը: 28 Բայց դուք այդ թզենո՛ւց սովորեցէք առակը. հէնց որ նրա ոստերը կակղեն, եւ նրա վրայ տերեւ դուրս գայ, իմանում էք, որ ամառը մօտ է. 29 նոյնպէս եւ՝ դուք. երբ այս բոլորը կատարուած տեսնէք, իմացէ՛ք, որ նա մօտ է՝ դռների առջեւ: 30 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չի անցնի այս սերունդը, մինչեւ որ այս բոլորը կատարուի: 31 Երկինք ու երկիր կանցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի: 32 Սակայն այդ օրուայ եւ ժամի մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ հրեշտակները երկնքում եւ ո՛չ էլ Որդին, այլ միայն՝ Հայրը: 33 Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ երբ է ժամանակը. 34 ինչպէս հեռու երկիր գնացած մի մարդ, որ կթողնի իր տունը եւ իր ծառաներին իշխանութիւն կտայ եւ իւրաքանչիւրին՝ իր գործը եւ դռնապանին կպատուիրի, որ արթուն լինի: 35 Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը երբ կգայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: 36 Գուցէ, յանկարծակի գալով, ձեզ քնի մէջ գտնի: 37 Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամէնքին եմ ասում. արթո՛ւն կացէք»:




Եսայու մարգարեությունը 65.8-25

8 Այսպէս է ասում Տէրը. «Ճիշտ այնպէս, ինչպէս ողկոյզների մէջ մի ճութ է գտնւում, եւ ասում են՝ “Մի՛ փչացրու դա, որովհետեւ Տիրոջ օրհնութիւնը կայ դրա մէջ”, այնպէս էլ ես նոյն կերպ պիտի վարուեմ իմ ծառայի համար. յանուն նրա չեմ կործանելու բոլորին: 9 Յակոբի եւ Յուդայի սերնդին պիտի բարձրացնեմ, որպէսզի ժառանգեն իմ սուրբ լեռը. իմ ընտրեալներն ու ծառաները պիտի ժառանգեն այն եւ բնակուեն այնտեղ: 10 Անտառի մէջ պիտի լինեն հովիւների մակաղատեղերը, եւ Աքորի ձորը պիտի դառնայ նախիրների հանգստավայրն իմ ժողովրդի, որն ինձ է փնտրել: 11 Դուք թողեցիք ինձ, մոռացաք իմ սուրբ լեռը եւ սեղան գցեցիք դեւերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծոյ պատուին: 12 Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, եւ ամէնքդ կոտորուելու էք, որովհետեւ կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խօսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարութիւն կատարեցիք, եւ ինչ չէի ցանկանում, այն ընտրեցիք»: 13 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի ուտեն, իսկ դուք քաղցած էք մնալու. ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի խմեն, իսկ դուք ծարաւ էք մնալու. ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, ուրախ պիտի լինեն, իսկ դուք ամօթով էք մնալու: 14 Ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, սրտի ուրախութեամբ պիտի ցնծան, իսկ դուք ձեր սրտի ցաւից աղաղակելու էք, ձեր հոգու կսկծից ողբալու էք: 15 Ձեր անունն իմ ընտրեալների նողկանքի համար պիտի թողնէք, եւ Տէրը ձեզ պիտի մեռցնի: Իմ ծառաներին նոր անուն պիտի տրուի, որը պիտի օրհնաբանուի երկրի վրայ: 16 Որպէսզի օրհնեն ճշմարիտ Աստծուն, երկրի վրայ երդուողները պիտի երդուեն ճշմարիտ Աստծով, առաջուայ նեղութիւնը պիտի մոռանան, այլեւս իրենց միտքը չպիտի բերեն: 17 Քանի որ նոր երկինք ու նոր երկիր պիտի ստեղծեմ, առաջուաններն այլեւս չպիտի յիշեն եւ այլեւս իրենց միտքը չպիտի բերեն: 18 Ուրախութիւն ու ցնծութիւն են գտնելու այն բանի մէջ, ինչ ես հաստատելու եմ: Ահա ես Երուսաղէմը ստեղծում եմ ցնծութեան համար եւ իմ ժողովրդին՝ ուրախութեան համար: 19 Պիտի ցնծամ Երուսաղէմով, պիտի ուրախանամ իմ ժողովրդով. նրա մէջ այլեւս լացի ձայն եւ կամ բօթի ձայն չպիտի հնչի: 20 Այնտեղ չի լինելու մանկահասակ եւ կամ ծեր, որ լցրած չլինի իր կեանքի ժամանակը, քանզի կրտսեր որդին հարիւր տարեկան պիտի լինի, իսկ հարիւր տարեկանում մեռնողը մեղաւոր եւ անիծեալ պիտի համարուի: 21 Տներ պիտի շինեն եւ իրե՛նք պիտի բնակուեն, այգիներ պիտի տնկեն եւ նրանց պտուղն իրե՛նք պիտի ուտեն: 22 Այլեւս նրանք չպիտի շինեն, որ ուրիշները բնակուեն, նրանք չպիտի տնկեն, որ ուրիշներն ուտեն: Իմ ժողովրդի օրերը կենաց ծառի օրերի չափ պիտի լինեն, նրանք երկար պիտի վայելեն իրենց ձեռքի գործերը: 23 Իմ ընտրեալներն այլեւս զուր տեղը չպիտի չարչարուեն եւ անէծքի համար որդիներ չպիտի ծնեն, որովհետեւ նրանք իրենց զաւակների հետ միասին Աստծուց օրհնուած սերունդ են: 24 Այնպէս պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտուած՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխօսած՝ պիտի ասեմ, թէ՝ “Ի՞նչ էք ուզում”: 25 Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն, եւ առիւծը, ինչպէս եզը, յարդ պիտի ուտի, օձը հող պիտի ուտի իբրեւ հաց: Մարդիկ չեն մեղանչելու եւ չեն վնասելու իմ սուրբ լեռան վրայ»,– ասում է Տէրը:




Պողոս առաքյալի թուղթը փիլիպեցիներին 3.1-4.9

1 Ուրեմն, իմ եղբայրնե՛ր, ուրա՛խ եղէք ի Տէր. նոյն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրալի չէ, իսկ ձեզ համար մեծ ապահովութիւն է: 2 Զգուշացէ՛ք շներից, զգուշացէ՛ք չար մշակներից, զգուշացէ՛ք թլփատութեան կողմնակիցներից. 3 քանզի իսկական թլփատութիւնը մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք Հոգով եւ պարծենում ենք Քրիստոս Յիսուսով, իսկ մարմնով չենք պարծենում, 4 թէեւ ինքս էլ մարմնի վրայ նոյն վստահութիւնն ունեմ: Եթէ մէկը կարծում է, որ ինքն այլ կերպ վստահութիւն ունի մարմնի վրայ, ես՝ առաւել եւս. 5 թլփատուել եմ ութերորդ օրը, Իսրայէլի ցեղից եմ, Բենիամինի սերնդից, եբրայեցի՝ եբրայեցի ծնողներից, ըստ օրէնքի՝ փարիսեցի, 6 ըստ նախանձախնդրութեան՝ հալածում էի եկեղեցին, ըստ օրէնքի արդարութեան՝ անբասիր: 7 Բայց ինչ որ ինձ համար շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար: 8 Եւ ամէն բան, արդարեւ, վնաս եմ համարում մեր Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար: Նրա համար ամէն ինչից զրկուեցի – եւ այդ բոլորը աղբ եմ համարում – որպէսզի շահեմ Քրիստոսին 9 եւ գտնուեմ նրա մէջ. ոչ թէ՝ նրա համար, որ ունենամ իմ արդարութիւնը, որ օրէնքից է, այլ՝ Քրիստոսի հաւատից եղած արդարութիւնը, որ Աստծուց եկող արդարութիւնն է՝ հաւատով, 10 որպէսզի ճանաչեմ նրան եւ նրա յարութեան զօրութիւնը ու մասնակից լինեմ նրա չարչարանքներին, կերպարանակից՝ նրա մահուան, 11 որպէսզի հասնեմ մեռելներից յարութիւն առնելուն: 12 Ոչ թէ արդէն հասել եմ նպատակին կամ արդէն կատարեալ եմ, այլ հետամուտ եմ, որ հասնեմ դրան, որի համար էլ բռնուած եմ Քրիստոս Յիսուսից: 13 Եղբայրնե՛ր, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում. բայց խնդիրն այն է, որ յետեւում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դէպի իմ առջեւում եղածները. 14 ուշադիր վազում եմ աստուածային կոչմանս նպատակակէտին Քրիստոս Յիսուսով: 15 Ուրեմն, դուք բոլորդ, որ կատարեալ էք, այս բա՛նը խորհեցէք. եթէ ուրիշ բան խորհէք, Աստուած ձեզ այդ էլ կյայտնի: 16 Միայն թէ ինչի որ հասանք, նոյնը խորհենք եւ նոյն կանոնի համաձայն ընթանանք: 17 Եղբայրնե՛ր, նմանուեցէ՛ք ինձ եւ լա՛ւ նայեցէք այնպիսիներին, որ նոյն ձեւով են ընթանում, ինչպէս մենք, որ օրինակ ենք ձեզ համար. 18 որովհետեւ շատերը, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ եւ այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպէս թշնամիներ Քրիստոսի խաչի. 19 նրանց վախճանը կորուստ է. նրանց աստուածը իրենց որովայնն է, եւ փառքը՝ իրենց ամօթը: Նրանք միայն երկրաւոր բաներն են խորհում: 20 Իսկ մեր քաղաքացիութիւնը երկնքում է, որտեղից եւ ակնկալում ենք Փրկչին՝ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին, 21 որ նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպէսզի այն կերպարանակից լինի իր փառաւոր մարմնին, այն զօրութեամբ, որ կարող է հնազանդեցնել ամէն բան իր իշխանութեանը:

4 1 Ուրեմն, իմ սիրելի եւ ցանկալի՛ եղբայրներ, որ իմ ուրախութիւնն ու պսակն էք, այսպէս հաստատո՛ւն մնացէք ի Տէր, սիրելինե՛ր: 2 Խնդրում եմ Եւոդիային եւ խնդրում եմ Սիւնտիքին, որ նոյն խորհուրդն ունենան ի Տէր: 3 Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազատ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որոնք աւետարանի համար պայքարեցին ինձ հետ Կղեմէսի եւ իմ միւս գործակիցների հետ միասին. նրանց անունները կեանքի գրքի մէջ են: 4 Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք: 5 Թող ձեր հեզութիւնը յայտնի լինի բոլոր մարդկանց: Տէրը մօտ է: 6 Հոգ մի՛ արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն: 7 Եւ Աստծոյ խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով: 8 Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, ա՛յն խորհեցէք: 9 Ինչ որ ուսանեցիք, ընդունեցիք, լսեցիք եւ տեսաք իմ մէջ, ա՛յն արէք: Եւ խաղաղութեան Աստուածը թող լինի ձեզ հետ:




Ավետարան ըստ Ղուկասի 17.20-18.14

20 Երբ փարիսեցիների կողմից հարց տրուեց, թէ երբ պիտի գայ Աստծոյ արքայութիւնը, նա պատասխանեց եւ ասաց. «Աստծոյ արքայութիւնը դրսից տեսանելի կերպով չի գալիս, 21 եւ չեն ասի, թէ ահաւասիկ, այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծոյ արքայութիւնը ներսում՝ ձեր մէջ է»: 22 Իսկ իր աշակերտներին ասաց. «Կգան օրեր, երբ դուք կուզենաք մարդու Որդու օրերից մէկը տեսնել եւ չէք տեսնի: 23 Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ “Ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ”, մի՛ շտապէք գնալ, 24 որովհետեւ ինչպէս որ փայլակը երկնքի ներքեւից փայլատակելով՝ երկնքի երեսը լուսաւորում է, այնպէս էլ կլինի մարդու Որդին իր օրում: 25 Բայց նախ նա պէտք է շատ չարչարուի եւ մերժուի այս սերնդից: 26 Եւ ինչպէս եղաւ Նոյի օրով, այնպէս կլինի եւ մարդու Որդու օրով: 27 Ուտում էին, խմում, կին էին առնում եւ մարդի էին գնում՝ մինչեւ այն օրը, երբ Նոյը տապան մտաւ, եւ ջրհեղեղը եկաւ ու բոլորին կորստեան մատնեց: 28 Նոյնպէս՝ ինչպէս Ղովտի օրով էլ եղաւ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում: 29 Եւ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելաւ, երկնքից կրակ ու ծծումբ տեղաց եւ բոլորին կորստեան մատնեց: 30 Նոյն ձեւով է լինելու այն օրն էլ, երբ մարդու Որդին է յայտնուելու: 31 Այն օրը ով որ տանիքում է, եւ իր կարասին՝ տանը, թող չիջնի առնելու այն. եւ ով որ հանդում է, նոյնպէս թող յետ չդառնայ: 32 Յիշեցէ՛ք Ղովտի կնոջը: 33 Ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն: 34 Ասում եմ ձեզ. այն գիշերը, եթէ երկու հոգի լինեն մի մահճի մէջ, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի: 35 Եւ եթէ երկու կին միասին աղալիս լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի: Եւ եթէ հանդում երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի»: 36 Պատասխան տուեցին եւ ասացին նրան. «Որտե՞ղ, Տէ՛ր»: 37 Եւ նա ասաց նրանց. «Ուր որ մարմինն է, այնտեղ էլ կհաւաքուեն արծիւները»:

18 1 Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, որ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան: 2 Ասաց. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: 3 Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. “Իմ ոսոխի դէմ իմ դատը տե՛ս”: 4 Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. “Թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, 5 բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի”»: 6 Եւ Տէրն ասաց. «Լսեցէ՛ք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը: 7 Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կլինի: 8 Այո՛, ասում եմ ձեզ. նրանց իսկոյն արդարութիւն կանի. իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կգտնի՞»: 9 Այս առակն էլ ասաց ոմանց, ովքեր իրենց ներսում պարծենում էին, թէ արդար են, եւ արհամարհում էին ուրիշ շատերին: 10 «Երկու մարդ տաճար ելաւ աղօթքի կանգնելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր: 11 Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ ինքն իրեն այս աղօթքն էր ասում. “Աստուա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս յափշտակողները, անիրաւներն ու շնացողները եւ կամ ինչպէս այս մաքսաւորը. 12 այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից”: 13 Իսկ մաքսաւորը կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում. “Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս”: 14 Ասում եմ ձեզ. սա՛ իջաւ իր տունը արդարացած, ոչ թէ՝ միւսը. ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհուի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացուի»:




 
sacredtradition.am