русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
12 հուլիսի 2026թ. կիրակի, ԲՁ
ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (Վարդավառ)


Ժողովող 11.9-12.7

9 Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդութեամբ, թող սիրտդ քեզ զուարճացնի քո երիտասարդ օրերին: Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով եւ քո աչքերի տենչանքով, բայց եւ իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստուած պիտի քեզ դատաստանի ենթարկի: 10 Եւ քո սրտից հեռո՛ւ վանիր տրտմութիւնը եւ չարութիւնը հանի՛ր քո մարմնից, որովհետեւ թէ՛ երիտասարդութիւնը եւ թէ՛ յիմարութիւնը ունայնութիւն են:

12 1 Յիշի՛ր քո Արարչին քո երիտասարդութեան օրերին, քանի դեռ չեն եկել դառնութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կեանքից այլեւս հաճոյք չեմ զգում», 2 քանի դեռ քեզ համար չեն խաւարել արեգակն ու լոյսը եւ լուսինն ու աստղերը, քանի դեռ ամպերը չեն վերադարձել անձրեւից յետոյ, 3 որովհետեւ քեզ համար էլ է գալու այն օրը, երբ քո տան պահապանները պիտի երերան, պիտի կքեն զօրաւոր այրերը, պիտի պակասեն եւ դատարկ մնան աղօրիքները, պիտի խաւարեն անցքերից նայողները, 4 ու երբ աղօրիքի ձայնը տկարանայ, պիտի փակուեն փողոցների դռները, պիտի զարթնես աքլորականչից առաջ, եւ պիտի նկուն լինեն երգող աղջիկները, 5 պիտի նայեն բարձունքներին եւ սարսափեն ճանապարհից: Պիտի ծաղկի նշենին, ու մորեխը պիտի բազմանայ, կապարը պիտի տարածուի, որովհետեւ մարդը գնաց իր յաւիտենական տունը. հրապարակներում պիտի բոլորուեն նրա շուրջը լացուկոծ անողները: 6 Եւ մինչ արծաթի լարը կկտրուի, եւ կքանդուի ոսկի մանեակը, մինչ սափորը կփշրուի աղբիւրի ճանապարհին, եւ կկոտրուի ջրհորի անիւը, 7 նրա աճիւնը, ինչպէս որ հող էր, հող պիտի դառնայ, եւ հոգին, որ Աստուած էր տուել, պիտի վերստին նրա մօտ գնայ:




Եսայու մարգարեությունը 33.20-22

20 Ահա մեր փրկութեան քաղաք Սիոնը. ձեր աչքերը պիտի տեսնեն Երուսաղէմ քաղաքը մեծացած՝ այնպիսի վրաններով, որոնք չեն տեղաշարժուելու, յաւիտեանս յաւիտենից չեն շարժուելու նրա վրանների ցցերը, չեն խզուելու եւ դրանց պարանները, 21 քանզի ձեզ համար մեծ է Տիրոջ անունը: Ձերն է լինելու այն երկիրը, ուր գետերը եւ ջրանցքները լայնահուն են ու ջրառատ. այն ճանապարհով դու այլեւս չես գնալու, չեն գնալու եւ քո վարած նաւերը, որովհետեւ մեծ է մեր Աստուածը եւ մեզ չի անտեսի: 22 Տէրն է մեր հայրը, Տէրն է մեր դատաւորը, Տէրն է մեր իշխանը, Տէրն է մեր թագաւորը, Տէրն է մեր փրկիչը, նա է փրկելու մեզ:




Պետրոս առաքյալի Բ թուղթը 1.12-19

12 Ահա թէ ինչու պատրաստ եմ միշտ յիշեցնել ձեզ այս բաները, առաւել եւս՝ գիտակներին եւ այդ ճշմարտութեանը վերահասու եղածներին ու նրանում հաստատուածներին, 13 քանի որ իրաւունք եմ համարում – քանի դեռ այս մարմնի մէջ եմ – արթուն պահել ձեզ յիշեցումներով: 14 Գիտեմ, որ շուտով մերկանալու եմ այս մարմնից, ինչպէս մեր Տէր Յիսուս Քրիստոսն ինձ յայտնեց: 15 Եւ շտապում եմ միշտ ձեզ յորդորել, որպէսզի այս աշխարհից իմ մեկնելուց յետոյ էլ վերյիշէք այս բաները: 16 Ոչ թէ հնարովի առասպելների յետեւից գնալով է, որ ձեզ ճանաչեցրինք մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը, այլ մենք իսկ ականատես եղանք նրա մեծութեանը. 17 քանի որ նա Հայր Աստծուց ստացաւ փառք եւ պատիւ, երբ մեծավայելուչ փառքից եկաւ այս ձայնը, թէ՝ «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ հաճութիւնը»: 18 Եւ երկնքից եկող այս ձայնը լսեցինք մենք իսկ, որ նրա հետ էինք սուրբ լեռան վրայ: 19 Ունենք նաեւ մարգարէական աւելի հաստատուն խօսքը – որին եթէ անսաք, լաւ կանէք – իբրեւ ճրագ, որ լոյս է տալիս մութ տեղում, մինչեւ որ լուսանայ օրը, եւ արուսեակը ծագի ձեր սրտերում:




Ավետարան ըստ Մարկոսի 8.27-9.12

27 Եւ Յիսուս իր աշակերտների հետ միասին ելաւ գնաց Փիլիպպեան Կեսարիայի գիւղերը. եւ ճանապարհին աշակերտներին հարցնում էր եւ ասում. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին. ո՞վ եմ ես»: 28 Նրանք պատասխան տուեցին եւ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը, եւ ոմանք՝ Եղիան, իսկ ուրիշներ՝ մարգարէներից մէկը»: 29 Նրանց ասաց. «Իսկ դուք ի՞նչ էք ասում իմ մասին. ո՞վ եմ ես»: Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Դու Քրիստոսն ես»: 30 Եւ նա խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին մարդու բան չասեն: 31 Եւ սկսեց ուսուցանել աշակերտներին, թէ մարդու Որդին պէտք է բազում չարչարանքներ կրի, անարգուի երէցներից ու քահանայապետներից եւ օրէնսգէտներից, մեռնի եւ երրորդ օրը յարութիւն առնի: 32 Եւ այս խօսքը ասաց բացայայտօրէն. եւ Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց յանդիմանել նրան: 33 Իսկ նա դարձաւ տեսաւ աշակերտներին, սաստեց Պետրոսին ու ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, որովհետեւ դու Աստծոյ բաները չես խորհում, այլ՝ մարդկանցը»: 34 Եւ նա, իր մօտ կանչելով ժողովրդին՝ աշակերտների հետ միասին, ասաց նրանց. «Եթէ մէկը կամենում է գալ իմ յետեւից, թող ուրանայ իր անձը, թող վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից, 35 որովհետեւ ով կամենում է ազատել իր անձը, այն պիտի կորցնի. իսկ ով կորցնի իր անձը աւետարանի համար, պիտի ազատի այն: 36 Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի. 37 որովհետեւ մարդ ի՞նչ ունի տալու իր անձի փոխարէն: 38 Ով որ ամօթ համարի ինձ եւ իմ խօսքերը այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գայ փառքով իր Հօր եւ սուրբ հրեշտակների»:

39 Եւ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծոյ արքայութիւնը՝ զօրութեամբ եկած»: 9 1 Վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լեռան վրայ եւ նրանց առաջ պայծառակերպուեց: 2 Եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպէս որ երկրի վրայ ոչ մի լուացք անող չի կարող այդքան սպիտակեցնել: 3 Եւ նրանց երեւաց Եղիան Մովսէսի հետ մէկտեղ, ու նրանք խօսում էին Յիսուսի հետ: 4 Պետրոսը Յիսուսին ասաց. «Ռաբբի՛, լաւ է, որ մենք այստեղ լինենք եւ երեք տաղաւարներ շինենք. մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկն էլ՝ Եղիայի համար»: 5 Սակայն չգիտէր, թէ ինչ է խօսում, որովհետեւ զարհուրած էին: 6 Եւ մի ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեցէք»: 7 Եւ յանկարծակի այս ու այն կողմ նայելով՝ այլեւս ոչ մի տեղ ոչ ոքի չտեսան, այլ միայն Յիսուսին՝ իրենց հետ: 8 Եւ մինչ լեռից իջնում էին, նա պատուիրեց նրանց, որ իրենց տեսածը մարդու չպատմեն, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի: 9 Նրանք այս խօսքը իրենց մտքում պահում էին եւ միմեանց հարցնում էին, թէ ինչ է մեռելներից յարութիւն առնելը: 10 Ապա հարցրին նրան ու ասացին. «Այն ի՞նչ է, որ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պէտք է գայ»: 11 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Եղիան նախ պիտի գայ եւ ամէն բան կարգի պիտի դնի. իսկ ինչո՞ւ մարդու Որդու մասին գրուած է, որ շատ չարչարանքներ պիտի կրի ու անարգուի:




Իմաստություն Սողոմոնի 7.25-8.4

25 Նա Աստծոյ զօրութեան ճաճանչն է, Ամենակալի ճշմարիտ փառքի ծագումը, եւ դրա համար էլ ոչ մի պիղծ բան չի խառնւում նրան: 26 Նա մշտնջենաւոր լոյսի նշոյլ է, Աստծոյ ներգործութեան անարատ հայելին եւ նրա վեհութեան պատկերը: 27 Նա մի է, բայց ամենակարող. նա ինքնակայ է, բայց նորոգում է ամէն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մէջ եւ պատրաստում Աստծոյ բարեկամներ եւ մարգարէներ: 28 Աստուած չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստութեամբ ապրողից: 29 Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից, 30 որովհետեւ լոյսը փոխւում է գիշերի, մինչդեռ իմաստութեանը չի կարող յաղթել չարութիւնը:

8 1 Օգտակար առողջութեամբ տարածուելով ծագից ծագ՝ իմաստութիւնը քաղցրութեամբ բուժում է բոլորին: 2 Սիրեցի այն, հետամուտ եղայ նրան իմ պատանեկութեան օրերից, խնդրեցի նրան, որ ինձ հարսնանար, եւ ցանկացայ նրա գեղեցկութիւնը: 3 Փառաւոր է նրա ազնուական ծագումը, քանզի նա կեանքի հաղորդութիւն ունի Աստծոյ հետ, եւ բոլորի Տէրը սիրեց այն: 4 Նա խորհրդակից է Աստծոյ իմաստութեանը եւ ինքն էլ տենչում է նրա գեղեցկութիւնը:




Զաքարիայի մարգարեությունը 14.16-21

16 Բոլոր նրանք, ովքեր մնացած կլինեն Երուսաղէմի դէմ պատերազմած ազգերից, ամէն տարի պիտի գան՝ երկրպագելու Թագաւորին՝ Զօրութիւնների Տիրոջը, պիտի գան Տաղաւարահարաց տօնը տօնելու: 17 Եւ եթէ լինի այնպէս, որ երկրի ազգերից որեւէ մէկը չգնայ Երուսաղէմ՝ երկրպագելու Թագաւորին՝ Զօրութիւնների Տիրոջը, ապա նա եւս պիտի գնայ: 18 Եթէ եգիպտացիների ազգատոհմը նոյնպէս չգնայ, ապա նրանց եւս հասնելու է այն նոյն հարուածը, որը պիտի հասնի բոլոր այն ազգերին, որոնք չեն գնայ Տաղաւարահարաց տօնը տօնելու: 19 Սա պիտի լինի եգիպտացիների պատիժը եւ պատքն այն բոլոր ազգերի, որոնք չեն գնայ Տաղաւարահարաց տօնը տօնելու: 20 Այն օրը նոյնիսկ ձիերի սանձերի վրայ գրուած պիտի լինի «Սրբութիւն՝ նուիրուած Տիրոջը»: Տիրոջ տան կաթսաները պիտի լինեն, ինչպէս զոհասեղանի առջեւի տաշտերը, 21 եւ Երուսաղէմում ու Յուդայի երկրում ամէն մի կաթսայ նուիրուած պիտի լինի Ամենակալ Տիրոջը: Բոլոր նրանք, ովքեր զոհ կբերեն ընծայելու, պիտի վերցնեն այդ կաթսաներից դրանց մէջ միսը եփելու համար. եւ այն օրը Զօրութիւնների Տիրոջ տանը այլեւս չի լինի ոչ մի քանանացի:




Հովհաննես առաքյալի Ա թուղթը 1.1-7

1 Խօսում ենք նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, եւ որին մեր ձեռքերը շօշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը: 2 Նա նոյն ինքը կեանքն էր, որ յայտնուեց, մենք այն տեսանք, վկայում ենք եւ պատմում ենք ձեզ այն յաւիտենական կեանքի մասին, որ Հօր մօտ էր եւ յայտնուեց մեզ: 3 Ինչ որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որպէսզի դուք էլ հաղորդակից լինէք նրան մեզ հետ, ինչպէս որ մենք հաղորդութիւն ունենք Հօր հետ եւ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի հետ: 4 Եւ այս բանը գրում ենք ձեզ, որպէսզի ձեր ուրախութիւնը կատարեալ լինի: 5 Եւ այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից եւ պատմում ենք ձեզ. Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՛ն չկայ: 6 Եթէ ասենք, թէ հաղորդութեան մէջ ենք նրա հետ, բայց քայլենք խաւարի մէջ, ստում ենք եւ ճշմարտութիւնը չենք կատարում: 7 Իսկ եթէ լոյսի մէջ ենք քայլում, ինչպէս որ ինքն է լոյսի մէջ, հաղորդութեան մէջ ենք լինում միմեանց հետ, եւ նրա Որդու՝ Յիսուսի արիւնը մաքրում է մեզ ամէն մեղքից:




Ավետարան ըստ Մատթեոսի 16.13-17.13

13 Եւ Յիսուս, Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով, հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում. ո՞վ է մարդու Որդին»: 14 Եւ նրանք ասացին. «Մէկը թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք թէ՝ Երեմիան կամ մարգարէներից մէկը»: 15 Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում. ո՞վ եմ ես»: 16 Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծոյ Որդին»: 17 Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է: 18 Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ Եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն: 19 Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»: 20 Այն ժամանակ խստիւ պատուիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թէ ինքն է Քրիստոսը: 21 Դրանից յետոյ Յիսուս սկսեց յստակօրէն յայտնել աշակերտներին, թէ պէտք է, որ ինքը Երուսաղէմ գնայ, բազում չարչարանքներ կրի եւ անարգուի քահանայապետներից, օրէնսգէտներից, ժողովրդի ծերերից, սպանուի եւ երրորդ օրը յարութիւն առնի: 22 Եւ Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի»: 23 Եւ նա, դառնալով Պետրոսին, ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»: 24 Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից. 25 որովհետեւ ով կամենայ իր անձը փրկել, այն կկորցնի. եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն: 26 Ի՛նչ օգուտ կունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի: Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ. 27 քանի որ մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին եւ այն ժամանակ իւրաքանչիւրին կհատուցի ըստ իր գործերի: 28 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»:

17 1 Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին, եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ 2 եւ նրանց առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը փայլեց, ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպէս լոյսը: 3 Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ: 4 Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք. մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»: 5 Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, նրա՛ն լսեցէք»: 6 Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան: 7 Եւ Յիսուս մօտենալով դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելէք եւ մի՛ վախեցէք»: 8 Նրանք աչքները բարձրացրին եւ Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան: 9 Եւ մինչ լեռից իջնում էին, Յիսուս նրանց պատուիրեց ու ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի»: 10 Աշակերտները նրան հարցրին եւ ասացին. «Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ»: 11 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Եղիան կգայ եւ կվերահաստատի ամէն ինչ. 12 բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդէն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ ինչ որ կամեցան, արեցին նրան. նոյնպէս եւ մարդու Որդին նրանց ձեռքով չարչարուելու է»: 13 Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց:




Ավետարան ըստ Մատթեոսի 17.14-20

14 Երբ ժողովրդի մէջ եկան, մի մարդ մօտեցաւ, ծնկի եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետեւ լուսնոտութիւնից է տառապում եւ չարաչար տանջւում է. շատ անգամ կրակի մէջ է ընկնում եւ երբեմն՝ ջրի մէջ: 15 Նրան քո աշակերտների մօտ տարայ, եւ չկարողացան բժշկել»: 16 Յիսուս պատասխան տուեց ու ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. նրան ինձ մօ՛տ բեր»: 17 Եւ Յիսուս նրան սաստեց, դեւը նրանից դուրս եկաւ, եւ մանուկը հէնց այդ րոպէից բժշկուեց: 18 Այն ժամանակ աշակերտները առանձին մօտեցան եւ Յիսուսին ասացին. «Մենք ինչո՞ւ այն հանել չկարողացանք»: 19 Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեր թերահաւատութեան պատճառով. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք, այս լեռանը կասէք՝ “Տեղափոխուի՛ր այստեղից այնտեղ”, եւ կտեղափոխուի. եւ որեւէ բան ձեզ համար անհնարին չի լինի: 20 Բայց այս տեսակ դեւը այլ կերպ դուրս չի ելնում, եթէ ոչ՝ աղօթքով ու ծոմապահութեամբ»:




Ավետարան ըստ Մարկոսի 8.39-9.12

39 Եւ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծոյ արքայութիւնը՝ զօրութեամբ եկած»: 1 Վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լեռան վրայ եւ նրանց առաջ պայծառակերպուեց: 2 Եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպէս որ երկրի վրայ ոչ մի լուացք անող չի կարող այդքան սպիտակեցնել: 3 Եւ նրանց երեւաց Եղիան Մովսէսի հետ մէկտեղ, ու նրանք խօսում էին Յիսուսի հետ: 4 Պետրոսը Յիսուսին ասաց. «Ռաբբի՛, լաւ է, որ մենք այստեղ լինենք եւ երեք տաղաւարներ շինենք. մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկն էլ՝ Եղիայի համար»: 5 Սակայն չգիտէր, թէ ինչ է խօսում, որովհետեւ զարհուրած էին: 6 Եւ մի ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեցէք»: 7 Եւ յանկարծակի այս ու այն կողմ նայելով՝ այլեւս ոչ մի տեղ ոչ ոքի չտեսան, այլ միայն Յիսուսին՝ իրենց հետ: 8 Եւ մինչ լեռից իջնում էին, նա պատուիրեց նրանց, որ իրենց տեսածը մարդու չպատմեն, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի: 9 Նրանք այս խօսքը իրենց մտքում պահում էին եւ միմեանց հարցնում էին, թէ ինչ է մեռելներից յարութիւն առնելը: 10 Ապա հարցրին նրան ու ասացին. «Այն ի՞նչ է, որ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պէտք է գայ»: 11 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Եղիան նախ պիտի գայ եւ ամէն բան կարգի պիտի դնի. իսկ ինչո՞ւ մարդու Որդու մասին գրուած է, որ շատ չարչարանքներ պիտի կրի ու անարգուի: 12 Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան եկաւ, եւ նրան արեցին, ինչ որ կամեցան, ինչպէս որ գրուած է նրա մասին»:




Ավետարան ըստ Հովհաննեսի 7.1-13

1 Դրանից յետոյ Յիսուս շրջում էր Գալիլիայում, քանի որ չէր կամենում Հրէաստանում շրջել, որովհետեւ հրեայ առաջնորդներն ուզում էին սպանել նրան: 2 Հրեաների Տաղաւարահարաց տօնը մօտ էր: 3 Եւ նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա Հրէաստան, որպէսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես. 4 որովհետեւ չկայ մէկը, որ թաքուն գործի եւ դեռ ուզի իրեն համարձակ ներկայացնել. եթէ այդ գործերն անում ես, ուրեմն յայտնի՛ր քեզ աշխարհին». 5 քանի որ եղբայրներն իսկ դեռեւս չէին հաւատացել նրան: 6 Յիսուս նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է: 7 Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետեւ ես վկայում եմ աշխարհի մասին, թէ մարդկանց գործերը չար են: 8 Դուք գնացէ՛ք այդ տօնին, ես այդ տօնին չեմ գնում, որովհետեւ իմ ժամանակը դեռ չի լրացել»: 9 Երբ այս ասաց, ինքը մնաց այնտեղ՝ Գալիլիայում: 10 Երբ նրա եղբայրները գնացին, ապա ինքն էլ գնաց տօնին, բայց ոչ՝ յայտնապէս, այլ թաքուն: 11 Իսկ հրեաները նրան փնտրում էին այդ տօնի ժամանակ ու ասում էին՝ ո՞ւր է նա: 12 Եւ ժողովրդի բազմութեան մէջ նրա մասին քրթմնջիւն կար. ոմանք ասում էին. «Լաւն է», ուրիշներն ասում էին. «Չէ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է»: 13 Եւ հրեայ առաջնորդների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խօսում:




Ելք 24.12-18

12 Տէրն ասաց Մովսէսին. «Բարձրացի՛ր ինձ մօտ՝ լեռը, այնտեղ եղի՛ր, եւ քեզ պիտի տամ քարէ այն տախտակները, որոնց վրայ գրելու եմ իմ օրէնքներն ու պատուիրանները: Դրանք նրանց համար օրէնսդրութիւն պիտի լինեն»: 13 Մովսէսն ու նրա սպասաւոր Յեսուն բարձրացան Աստծոյ լեռը: 14 Մովսէսն ասաց ծերերին. «Հանգստացէ՛ք այստեղ, մինչեւ որ մենք վերադառնանք ձեզ մօտ: Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են: Եթէ որեւէ մէկը վէճ ունենայ, թող գնայ նրանց մօտ»: 15 Մովսէսը բարձրացաւ լեռը, եւ ամպը ծածկեց լեռը: 16 Տիրոջ փառքն իջաւ Սինա լեռան վրայ, եւ ամպն այն ծածկեց վեց օր: Տէրը եօթերորդ օրը Մովսէսին կանչեց ամպի միջից: 17 Տիրոջ փառքի տեսիլքը բորբոքուած կրակի նման իջաւ Իսրայէլի որդիների առաջ՝ լեռան գագաթը: 18 Մովսէսը մտաւ ամպի մէջ ու բարձրացաւ լեռը: Մովսէսը լեռան վրայ մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր:




Գ Թագավորություններ 19.11-16

11 Տէրն ասաց. «Վաղն առաւօտեան կելնես ու կկանգնես լեռան վրայ՝ Տիրոջ առջեւ: Տէրը կանցնի, մի սաստիկ հողմ կբարձրանայ, Տիրոջ առաջ կխորտակի լեռները, փուլ կտայ ժայռերը, սակայն Տէրն այն հողմի մէջ չի լինի: Հողմից յետոյ երկրաշարժ կլինի, սակայն Տէրը երկրաշարժի մէջ չի լինի: 12 Երկրաշարժից յետոյ կրակ կթափուի, սակայն Տէրը կրակի մէջ չի լինի: Կրակից յետոյ մեղմ օդի ձայն կլինի»: 13 Երբ Եղիան լսեց Աստծոյ ասածը, իր կաշուէ վերարկուով ծածկեց երեսը, եկաւ ու կանգնեց քարայրից ներս: Եւ ահա մի ձայն ասաց նրան. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»: 14 Եղիան ասաց. «Նախանձախնդրութիւն ունեցայ Ամենակալ Տիրոջ համար, քանզի իսրայէլացիները դրժեցին քո ուխտը, քո զոհասեղանները քանդեցին, քո մարգարէներին սրակոտոր արեցին: Միայն ես եմ մնացել, եւ ինձ էլ փնտրում են, որ սպանեն»: 15 Տէրն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո ճանապարհով, գնա՛ Դամասկոսի անապատով, եւ երբ հասնես, Ազայէլին ասորիների թագաւոր կօծես, 16 Ամեսսէի որդի Յէուին՝ Իսրայէլի թագաւոր, իսկ աբելմաուլացի Սափատի որդի Եղիսէէին կօծես մարգարէ քո փոխարէն:




Եսայու մարգարեությունը 40.9-17

9 Ե՛լ այդ բարձր լեռան վրայ, ո՛վ աւետաբերդ Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ աւետաբերդ Երուսաղէմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր եւ յայտնի՛ր Յուդայի երկրի այդ քաղաքներին. 10 «Ահաւասիկ ձեր Աստուածը. ահա Տէրը, որ գալիս է զօրութեամբ եւ իր բազկի իշխանութեամբ. ահաւասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր աչքի առաջ են: 11 Հովուի նման հովուելու է իր հօտերը, իր բազկով հաւաքելու է գառներին, կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու յղիներին»: 12 Ո՞վ կարողացաւ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը եւ քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացաւ լեռները կշռել կշեռքով եւ դաշտերը՝ նժարով: 13 Ո՞վ իմացաւ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձաւ նրան՝ իբրեւ թէ նրան խելամիտ դարձնելու համար: 14 Կամ թէ ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, եւ կամ ո՞վ նրան ցոյց տուեց արդարադատութիւնն ու իմաստութեան ճանապարհը կամ անցեալում ո՞վ փոխ տուեց իրեն, որ հատուցի նրան: 15 Բոլոր հեթանոսները նման են դոյլի մի կաթիլին, նոյնն են, ինչ փոշեհատիկը կշեռքի վրայ եւ կամ ինչպէս բերանից ցայտող շիթը: 16 Այրելու համար Լիբանանը բաւական չէ, բոլոր չորքոտանիները ողջակէզի համար բաւական չեն, 17 եւ բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են, ոչնչութիւն են համարւում:




Թուղթ եբրայեցիներին 12.18-27

16 եւ չլինի թէ որեւէ մէկը լինի պոռնիկ եւ պիղծ, ինչպէս Եսաւը, որը մի աման կերակրի դիմաց անդրանիկութիւնը վաճառեց: 17 Գիտէք, որ թէեւ նա յետոյ ուզեց ժառանգել օրհնութիւնները, բայց մերժուեց, քանի որ ապաշխարութեան հնարաւորութիւն չգտաւ՝ հակառակ նրան, որ արտասուքներով փնտրեց այն: 18 Դուք չէք մօտեցել շօշափելի լեռանը, որ կրակով էր այրւում եւ պատուած էր մէգով, մառախուղով, խաւարով եւ մթութեամբ, 19 ուր փողն էր հնչում եւ պատգամների ձայնը, այնպէս որ, ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խօսքը չկրկնուի իրենց համար, 20 քանի որ չէին դիմանում այն հրամանին, թէ՝ թէկուզ եւ գազան մօտենայ լեռանը, կքարկոծուի: 21 Եւ այնպէս ահազդու էր տեսիլքը, որ Մովսէսն ասում էր. «Սարսափում եմ եւ դողում»: 22 Բայց դուք մօտեցել էք Սիոն լեռանը եւ կենդանի Աստծոյ քաղաքին, երկնային Երուսաղէմին, հրեշտակների բիւրաւոր բանակներին, 23 երկնքում գրուած անդրանիկների հանդիսաւոր ժողովին, բոլորի դատաւոր Աստծուն, կատարելութեան հասած արդարների հոգիներին 24 եւ Յիսուսին՝ նոր ուխտի Միջնորդին, եւ նրա արեան հեղումին, որ աւելի խօսուն է, քան արիւնն Աբէլի: 25 Զգո՛յշ եղէք, չլինի թէ հրաժարուէք նրանից, ով խօսում է. որովհետեւ եթէ նրանք, երկրի վրայ Աստծոյ պատգամները տուող Մովսէսին մերժելով, չազատուեցին, որչա՜փ եւս առաւել չպիտի ազատուենք մենք, եթէ թիկունք դարձնենք երկնքից Խօսողին,




Ավետարան ըստ Ղուկասի 9.18-36

18 Եւ երբ նա առանձին աղօթքի էր կանգնել, նրա հետ էին նաեւ իր աշակերտները: Նրանց հարցրեց եւ ասաց. «Ժողովուրդը իմ մասին ի՞նչ է ասում. ո՞վ եմ»: 19 Եւ նրանք պատասխանեցին եւ ասացին՝ Յովհաննէս Մկրտիչը. եւ ոմանք թէ՝ Եղիան, իսկ ուրիշներ թէ՝ նախնիներից մի մարգարէ յարութիւն է առել: 20 Ասաց նրանց. «Դո՞ւք իմ մասին ինչ էք ասում. ո՞վ եմ»: Պետրոսը պատասխանեց եւ ասաց. «Աստծոյ Քրիստոսը»: 21 Նա սաստեց նրանց եւ պատուիրեց ոչ ոքի չասել այդ: 22 Ապա ասաց. «Մարդու Որդին պէտք է շատ չարչարուի եւ անարգուի քահանայապետներից եւ ծերերից ու օրէնսգէտներից. եւ սպանուի ու երրորդ օրը յարութիւն առնի»: 23 Եւ ամէնքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. 24 որովհետեւ ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձն ինձ համար կորցնի, այն պիտի փրկի: 25 Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. 26 որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով: 27 Բայց արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծոյ արքայութիւնը»: 28 Եւ այս խօսքերից մօտ ութ օր յետոյ, իր հետ վերցնելով Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին, նա լեռ ելաւ աղօթքի կանգնելու: 29 Եւ երբ աղօթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպուեց, նրա զգեստը փոխուեց եւ փայլուն-սպիտակ դարձաւ: 30 Եւ ահա երկու մարդիկ խօսում էին նրա հետ: Նրանք Մովսէսն ու Եղիան էին, 31 որոնք, փառքով երեւալով, խօսում էին նրա վախճանի մասին, որ պիտի տեղի ունենար Երուսաղէմում: 32 Իսկ Պետրոսը եւ նրա հետ գտնուողները քնի ծանրութեան տակ արթնացան ու տեսան նրա փառքը եւ երկու մարդկանց, որոնք նրա մօտ կանգնած էին: 33 Եւ երբ սրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Յիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղաւար շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկը՝ Եղիայի համար»: Եւ չէր իմանում, թէ ինչ է խօսում: 34 Եւ երբ այս ասում էր, մի ամպ եկաւ ու նրանց վրայ հովանի եղաւ. եւ երբ նրանք ամպի տակ ընկան, վախեցան: 35 Ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա է իմ ընտրեալ Որդին, նրա՛ն լսեցէք»: 36 Եւ մինչ խօսքի ձայնը դեռ գալիս էր, Յիսուս միայնակ գտնուեց. եւ նրանք լսեցին ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից եւ ոչ մի բան:




 
sacredtradition.am