русский  english    
27 մայիսի 2019թ. երկուշաբթի, ԳՁ
ԼԷ օր Յինանց


Ավետարան ըստ Ղուկասի 16.1-31

1 Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. եւ նրա մասին ամբաստանութիւն եղաւ, որպէս թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը: 2 Տէրը կանչեց նրան ու ասաց. “Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսութեան հաշիւը, որովհետեւ այլեւս տնտես լինել չես կարող”: 3 Տնտեսն իր մտքում ասաց. “Ի՞նչ պէտք է անեմ, քանի որ իմ տէրը տնտեսութիւնս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: 4 Գիտեմ, թէ ինչ պիտի անեմ, որպէսզի երբ տնտեսութիւնիցս հեռացուեմ, ընունեն ինձ իրենց տները”: 5 Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով՝ առաջինին ասում է. “Իմ տիրոջն ինչքա՞ն պարտք ունես”: 6 Եւ սա ասում է. “Հարիւր տակառիկ ձէթ”. եւ տնտեսը նրան ասում է. “Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու անմիջապէս գրիր յիսուն”: 7 Ապա դարձեալ միւսին ասում է. “Դու ինչքա՞ն պարտք ունես”. եւ սա ասաց. “Հինգ հարիւր պարկ ցորեն”: Տնտեսը նրան ասաց. “Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու գրիր չորս հարիւր”: 8 Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որովհետեւ հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները աւելի հնարամիտ են, քան լոյսի որդիներն իրենց սերնդի մէջ: 9 Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ: 10 Քչի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը շատի մէջ էլ անիրաւ է: 11 Արդ, եթէ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կվստահի ճշմարիտը: 12 Եւ եթէ ուրիշինի մէջ հաւատարիմ չեղաք, ձերը ո՞վ կտայ ձեզ: 13 Ոչ մի ծառայ երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետեւ եթէ մէկին ատի, միւսին կսիրի. կամ եթէ մէկին մեծարի, միւսին էլ կարհամարհի: Չէք կարող ե՛ւ Աստծուն ծառայել, ե՛ւ մամոնային»: 14 Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, նրան պախարակում էին, քանի որ արծաթասէր էին: 15 Եւ նրանց ասաց. «Դուք էք, որ մարդկանց առաջ ձեզ արդար էք ձեւացնում, սակայն Աստուած ձեր սրտերը գիտէ. որովհետեւ այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծոյ առաջ զազրելի է: 16 Օրէնքն ու մարգարէները մինչեւ Յովհաննէսն էին. այնուհետեւ աւետարանւում է Աստծոյ արքայութիւնը, եւ ամէն ոք ուժով է այն նուաճում: 17 Աւելի հեշտ է, որ երկինք ու երկիր անցնեն, քան թէ օրէնքից մէկ նշանախեց ընկնի: 18 Ով որ իր կնոջն արձակում է եւ մի ուրիշին առնում, շնանում է. իսկ ով որ արձակուածին է առնում, շնանում է: 19 Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում եւ ամէն օր առատապէս ուրախութիւն էր անում: 20 Եւ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ վէրքերով ծածկուած: 21 Եւ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափւում էին մեծահարուստի սեղանից: Եւ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վէրքերը: 22 Երբ աղքատը մեռաւ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռաւ ու թաղուեց: 23 Եւ դժոխքում, մինչ սա տանջանքների մէջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռուից տեսաւ Աբրահամին եւ Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած: 24 Եւ նա աղաղակեց ու ասաց. “Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ եւ ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով ու զովացնի լեզուս, որովհետեւ այս տապից պապակում եմ”: 25 Եւ Աբրահամը նրան ասաց. “Որդեա՛կ, յիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ՝ քո կեանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարւում է, իսկ դու այդտեղ պապակում ես: 26 Եւ այս բոլորից բացի, մեծ վիհ կայ մեր եւ ձեր միջեւ. եթէ ուզեն այստեղից ձեզ մօտ անցնել, չեն կարողանայ. ոչ էլ այդտեղից մէկը կարող է մեզ մօտ անցնել”: 27 Մեծահարուստն ասաց. “Արդ, աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հօր տունը, 28 որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, որպէսզի նրանց վկայութիւն տայ, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը”: 29 Եւ Աբրահամն ասաց. “Նրանք ունեն Մովսէս եւ մարգարէներ, թող նրանց լսեն”: 30 Եւ նա ասաց. “Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթէ մեռելներից մէկը նրանց մօտ գնայ, նրանք կապաշխարեն”: 31 Եւ Աբրահամը նրան ասաց. “Եթէ Մովսէսին եւ մարգարէներին չեն լսում, մեռելներից մէկն էլ եթէ յարութիւն առնի, չպիտի համոզուեն”»:




Գործք առաքելոց 21.1-14

1 Եւ երբ մենք նրանցից բաժանուեցինք ու նաւ ելանք, ուղիղ դիմացը գնալով՝ եկանք Կով. յաջորդ օրը՝ Ռոդոն, այնտեղից էլ՝ Պատարա: 2 Այնտեղ գտնելով մի նաւ, որ Փիւնիկէ էր գնում, բարձրացանք եւ գնացինք: 3 Երբ Կիպրոսը երեւաց, այն թողեցինք ձախ կողմը, նաւարկեցինք դէպի Ասորիք եւ իջանք Տիւրոս, քանի որ նաւն այնտեղ իր բեռներն էր թափելու: 4 Եւ գտնելով աշակերտներին՝ եօթ օր այնտեղ մնացինք. նրանք Սուրբ Հոգու միջոցով Պօղոսին ասում էին, որ Երուսաղէմ չբարձրանայ: 5 Եւ երբ մենք այդ օրերն անցկացրինք, ելանք գնացինք. նրանք բոլորը՝ կանանց եւ որդիների հետ միասին, մինչեւ քաղաքից դուրս մեզ ճանապարհ դրեցին. եւ ծովեզրին ծնկի գալով աղօթեցինք: 6 Ապա միմեանց հրաժեշտ տալով՝ մենք նաւ ելանք, իսկ նրանք վերադարձան իրենց տեղերը: 7 Եւ մեր նաւարկութիւնը շարունակելով Տիւրոսից՝ հասանք Պտողեմայիդա ու եղբարներին ողջոյն տալուց յետոյ մէկ օր նրանց մօտ մնացինք: 8 Յաջորդ օրն այնտեղից դուրս գալով՝ եկանք Կեսարիա եւ, մտնելով տունը Փիլիպպոս աւետարանչի, որ եօթ սարկաւագներից մէկն էր, օթեւանեցինք նրա մօտ: 9 Նա ունէր չորս կոյս աղջիկներ, որոնք մարգարէուհիներ էին: 10 Եւ երբ շատ օրեր մենք այնտեղ մնացինք, Հրէաստանից Ագաբոս անունով մի մարգարէ իջաւ: 11 Եւ մեզ մօտ գալով՝ վերցրեց Պօղոսի գօտին, կապեց ինքն իր ոտքերն ու ձեռքերը եւ ասաց. «Այսպէս է ասում Սուրբ Հոգին. այն մարդուն, որի գօտին է այս, հրեաները նրան այսպէս պիտի կապեն Երուսաղէմում եւ յանձնեն հեթանոսների ձեռքը»: 12 Երբ այս լսեցինք, մենք եւ այնտեղ գտնուողները աղաչեցինք, որ նա Երուսաղէմ չբարձրանայ: 13 Այն ժամանակ Պօղոսը պատասխանեց ու ասաց. «Ի՞նչ էք անում, ինչո՞ւ էք լաց լինում եւ իմ սիրտն էլ ճմլում, ես Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար Երուսաղէմում ոչ միայն կապուելու, այլեւ մեռնելու պատրաստ եմ»: 14 Եւ երբ նա չանսաց, լռեցինք. ասացինք. «Տիրոջ կամքը թող լինի»:




Հովհաննես առաքյալի Ա թուղթը 3.7-10

7 Որդեակնե՛ր, թող ոչ ոք ձեզ չխաբի. ով արդարութիւն է անում, արդար է, ինչպէս որ նա է արդար: 8 Եւ ով մեղք է գործում, դա սատանայից է, քանի որ սատանան մեղանչող է ի սկզբանէ: Աստծոյ Որդին հէնց նրա համար յայտնուեց, որ քանդի սատանայի գործերը: 9 Ամէն ոք, ով Աստծուց է ծնուած, մեղք չի գործում, որովհետեւ նրա սերմը մնում է նրա մէջ. չի էլ կարող մեղանչել, որովհետեւ Աստծուց է ծնուած: 10 Սրանով են տարբերւում միմեանցից Աստծոյ որդիները եւ սատանայի որդիները:




Ավետարան ըստ Հովհաննեսի 10.11-21

11 Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: 12 Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13 քանի որ վարձկան է եւ ոչխարների համար հոգ չի անում: 14 Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից: 15 Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կտամ իմ ոչխարների համար: 16 Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ: 17 Նրա համար է իմ Հայրն ինձ սիրում, որ ես իմ կեանքն եմ տալիս, որպէսզի վերստին այն առնեմ: 18 Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս. իշխանութիւն ունեմ այն տալու եւ իշխանութիւն ունեմ վերստին այն առնելու. այս պատուէրը իմ Հօրից ստացայ»: 19 Այս խօսքերի պատճառով հրեաների մէջ դարձեալ պառակտում եղաւ: 20 Եւ նրանցից շատերն ասում էին. «Նրա մէջ դեւ կայ եւ մոլեգնում է. ինչո՞ւ էք նրան լսում»: 21 Ոմանք էլ ասում էին. «Սրանք դիւահարի խօսքեր չեն. մի՞թէ դեւը կարող է կոյրի աչքերը բանալ»:




Ավետարան ըստ Մատթեոսի 17.14-20

14 Երբ ժողովրդի մէջ եկան, մի մարդ մօտեցաւ, ծնկի եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետեւ լուսնոտութիւնից է տառապում եւ չարաչար տանջւում է. շատ անգամ կրակի մէջ է ընկնում եւ երբեմն՝ ջրի մէջ: 15 Նրան քո աշակերտների մօտ տարայ, եւ չկարողացան բժշկել»: 16 Յիսուս պատասխան տուեց ու ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. նրան ինձ մօ՛տ բեր»: 17 Եւ Յիսուս նրան սաստեց, դեւը նրանից դուրս եկաւ, եւ մանուկը հէնց այդ րոպէից բժշկուեց: 18 Այն ժամանակ աշակերտները առանձին մօտեցան եւ Յիսուսին ասացին. «Մենք ինչո՞ւ այն հանել չկարողացանք»: 19 Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեր թերահաւատութեան պատճառով. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք, այս լեռանը կասէք՝ “Տեղափոխուի՛ր այստեղից այնտեղ”, եւ կտեղափոխուի. եւ որեւէ բան ձեզ համար անհնարին չի լինի: 20 Բայց այս տեսակ դեւը այլ կերպ դուրս չի ելնում, եթէ ոչ՝ աղօթքով ու ծոմապահութեամբ»:




Ավետարան ըստ Մարկոսի 9.14-28

13 Եւ աշակերտների մօտ գալով՝ նրանց շուրջը տեսաւ մեծ բազմութիւն եւ օրէնսգէտներ, որոնք վիճում էին նրանց հետ: 14 Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ եւ ընդառաջ վազելով՝ ողջոյն էր տալիս նրան: 15 Յիսուս աշակերտներին հարցրեց. «Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ»: 16 Ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, քեզ մօտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է. 17 եւ ուր պատահում է, նրան գետնին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում եւ ապա չորանում-մնում է: Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»: 18 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մօտ»: 19 Եւ նրան բերեցին իր մօտ: Երբ չար ոգին նրան տեսաւ, իսկոյն ուժգին ցնցեց տղային, որը, գետնին ընկնելով, թաւալւում էր ու փրփրում: 20 Յիսուս հարցրեց նրա հօրը եւ ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»: Եւ նա ասաց. «Մանկութիւնից: 21 Շատ անգամ չար ոգին կրակի եւ ջրի մէջ է նետում նրան, որ կործանի. արդ, եթէ մի կերպ կարող ես, օգնի՛ր մեզ, Տէ՛ր, գթալով մեզ»: 22 Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»: 23 Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց եւ ասաց. «Հաւատո՛ւմ եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»: 24 Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդն իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, համր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ. դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնե՛ս դրա մէջ»: 25 Եւ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելաւ. եւ պատանին մեռելի պէս եղաւ՝ այն աստիճան, որ շատերն ասացին, թէ մեռաւ: 26 Յիսուս բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, եւ նա ոտքի կանգնեց: 27 Եւ երբ Յիսուս տուն մտաւ, աշակերտները առանձին հարցրին նրան. «Ինչո՞ւ մենք չկարողացանք հանել դրան»: 28 Եւ նա նրանց ասաց. «Այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթէ ոչ՝ ծոմապահութեամբ ու աղօթքով»:




 
sacredtradition.am