русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
12 մարտի 2017թ. կիրակի, ԳԿ
Գ կիւրակէ Քառասնորդական պահոց (Անառակին)


Ավետարան ըստ Ղուկասի 6.12-49

12 Եւ այդ օրերին Յիսուս լեռ բարձրացաւ աղօթելու եւ ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղօթելով: 13 Եւ երբ լոյսը բացուեց, կանչեց իր աշակերտներին եւ ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց եւ առաքեալներ անուանեց. 14 Սիմոնին, որին էլ Պետրոս կոչեց, եւ Անդրէասին՝ նրա եղբօրը, Յակոբոսին, Յովհաննէսին, 15 Փիլիպպոսին, Բարթողոմէոսին, Մատթէոսին, Թովմասին, Ալփէոսի որդի Յակոբոսին, Սիմոնին՝ Նախանձայոյզ կոչուածին, 16 Յակոբի որդի Յուդային եւ Իսկարիովտացի Յուդային, որը եւ մատնիչ եղաւ: 17 Եւ նրանց հետ միասին իջաւ մի տափարակ տեղ, ուր նրա աշակերտների խումբը եւ ամբողջ Հրէաստանից ու Երուսաղէմից եւ այն կողմերից եւ Տիւրոսի ու Սիդոնի ծովեզրից 18 շատ մեծ բազմութիւն եկել էր լսելու նրան եւ բժշկուելու իրենց հիւանդութիւններից: Եւ պիղծ ոգիներից տառապողները բժշկւում էին: 19 Եւ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետեւ նրանից մեծ զօրութիւն էր դուրս գալիս եւ բժշկում բոլորին: 20 Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց. «Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծոյ արքայութիւնը ձերն է: 21 Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի յագենան: Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետեւ պիտի ծիծաղեն: 22 Երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն եւ երբ որ ձեզ մերժեն ու նախատեն եւ մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն: 23 Ուրախացէ՛ք այդ օրը եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձը մեծ է երկնքում. նրանց հայրերը նոյն ձեւով էին վարւում մարգարէների հետ: 24 Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետեւ դուք ձեր մխիթարութիւնը ստացել էք: 25 Վա՜յ ձեզ, որ այժմ յագեցած էք, որովհետեւ քաղցած պիտի մնաք: Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում էք, որովհետեւ պիտի սգաք ու պիտի լաք: 26 Վա՜յ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լաւ խօսեն ձեր մասին, որովհետեւ նրանց հայրերը սուտ մարգարէներին այդպէս էին անում: 27 Բայց ասում եմ ձեզ, դո՛ւք, որ լսում էք ինձ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարութի՛ւն արէք. 28 օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղօթեցէ՛ք: 29 Ով խփում է քո ծնօտին, նրան մի՛ւսն էլ մօտեցրու. եւ ով որ քեզնից քո բաճկոնը բռնի է վերցնում, նրան մի՛ արգելիր, որ վերցնի շապիկդ էլ: 30 Ամէն մարդու, որ քեզնից ուզում է, տո՛ւր, եւ ինչ որ մէկը քեզնից վերցնի, ետ մի՛ պահանջիր: 31 Եւ ինչպէս կամենում էք, որ անեն ձեզ մարդիկ, այնպէ՛ս արէք եւ դուք նրանց: 32 Եւ եթէ դուք ձեզ սիրողներին սիրէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ են սիրում իրենց սիրողներին: 33 Եւ եթէ ձեր բարերարներին բարութիւն անէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ նոյնն են անում: 34 Եւ եթէ փոխ էք տալիս նրանց, որոնցից յետ առնելու ակնկալութիւն ունէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ են փոխ տալիս մեղաւորներին, որպէսզի նոյն չափով յետ առնեն: 35 Բայց դուք սիրեցէ՛ք ձեր թշնամիներին եւ բարութի՛ւն արէք ձեզ ատողներին ու փոխ տուէք նրան, ումից յետ առնելու ակնկալութիւն չունէք: Եւ ձեր վարձը շատ կլինի, եւ դուք Բարձրեալի որդիները կլինէք, որովհետեւ նա բարեհաճ է չարերի եւ ապերախտների հանդէպ: 36 Գթասի՛րտ եղէք, ինչպէս որ ձեր Հայրը գթասիրտ է: 37 «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք, մի՛ դատապարտէք եւ չպիտի դատապարտուէք, ներեցէ՛ք եւ ներում պիտի գտնէք Աստծուց, 38 տուէ՛ք, եւ պիտի տրուի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առատ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում էք, նոյն չափով պիտի չափուի ձեզ համար»: 39 Նրանց մի առակ էլ ասաց. «Մի՞թէ կարող է կոյրը կոյրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն: 40 Աշակերտը աւելի մեծ չէ, քան իր վարդապետը. ամէն կատարեալ աշակերտ իր վարդապետի պէս կլինի: 41 Ինչո՞ւ քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նշմարում: 42 Եւ կամ ինչպէ՞ս կարող ես եղբօրդ ասել՝ “Եղբա՛յր, թող, որ քո աչքից այդ շիւղը հանեմ”, իսկ դու քո աչքի միջի գերանը չես տեսնում: Կեղծաւո՛ր, նախ քո աչքից գերանը հանի՛ր եւ ապա լաւ կտեսնես քո եղբօր աչքից շիւղը հանելու համար: 43 Որովհետեւ չկայ բարի ծառ, որ չար պտուղ տայ. եւ դարձեալ՝ չկայ չար ծառ, որ բարի պտուղ տայ. 44 որովհետեւ իւրաքանչիւր ծառ իր պտղից է ճանաչւում: Փշերից թուզ չեն քաղում եւ ոչ էլ մորենուց՝ խաղող: 45 Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը չարն է բխեցնում. որովհետեւ սրտի աւելցուկից է, որ խօսում է նրա բերանը: 46 Ինչո՞ւ ինձ “Տէ՛ր, Տէ՛ր” էք կոչում, իսկ ինչ ասում եմ, չէք անում: 47 Ամէն մարդ, որ ինձ է գալիս եւ լսում է իմ խօսքերն ու կատարում դրանք, ձեզ ցոյց տամ, թէ ում է նման: 48 Նման է տուն շինող այն մարդուն, որ հողը փորեց ու խորացրեց եւ հիմքը դրեց ժայռի վրայ. եւ երբ հեղեղ բարձրացաւ, գետը զարկեց տանը եւ չկարողացաւ շարժել այն, որովհետեւ նրա հիմքը ժայռի վրայ էր հաստատուած: 49 Իսկ ով իմ խօսքերը լսում է եւ չի կատարում, նման է այն մարդուն, որ հողի վրայ առանց հիմքի տուն է շինում. գետը զարկեց, եւ այն իսկոյն փուլ եկաւ, եւ այդ տան կործանումը մեծ եղաւ»:




Եսայու մարգարեությունը 54.11-55.13

11 «Ո՛վ դու, որ տառապեալ ես եւ խախտուած, ես հաշտուել եմ քեզ հետ, մինչեւ որ դու մխիթարուես: Ահա ես քո քարերը՝ սուտակից եւ քո հիմքերը շափիւղայից պիտի պատրաստեմ. 12 քո աշտարակները յասպիսից պիտի կանգնեցնեմ, դռներդ՝ բիւրեղից եւ քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին եւ ընտիր-ընտիր քարերից: 13 Աստծուց խրատուած որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղութեան մէջ պիտի լինեն: 14 Արդարութեամբ պիտի շէնանաս: Հեռո՛ւ կանգնիր անիրաւից, որ ահ չունենաս, եւ դողը քեզ չբռնի: 15 Ահա եկողները իմ անունով պիտի մօտենան քեզ, քեզ մօտ պիտի պանդխտեն եւ քեզ ապաստան դարձնեն: 16 Ահաւասիկ ես քեզ հաստատեցի, բայց ոչ որպէս մի դարբին, որ փուքսով կայծեր է արծարծում եւ գործիքներ է շինում իր համար. ես քեզ հաստատեցի ոչ կորստի ու ոչնչացման համար: 17 Ոչ մի վնասակար գործիք քո դէմ յաջողութիւն չպիտի ունենայ, եւ դու քո դէմ դատաստանի ելնող ամէն մի լեզու պարտութեան ես մատնելու, նրա հետ եւ՝ քո բոլոր դատախազներին: Դա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ ինձ համար դուք էք լինելու իրաւացի»,– ասում է Տէրը:

55 1 «Ո՛վ դուք, որ ծարաւած էք, գնացէ՛ք ջրի, եւ դուք, որ բոլորովին արծաթ չունէք, գնացէք գնեցէ՛ք ու կերէ՛ք առանց արծաթի եւ առանց գինու համար վճարելու: 2 Բայց ինչո՞ւ արծաթով ճարպ էք գնում եւ ոչ թէ հաց, ձեր վաստակն ինչո՞ւ կշտանալու համար չէք ծախսում: Լսեցէ՛ք ինձ եւ բարիքնե՛ր ճաշակեցէք, ու բարութեան մէջ ձեր հոգիները վայելք պիտի զգան: 3 Ակա՛նջ դրէք ինձ եւ հետեւեցէ՛ք իմ ճանապարհին: Լսեցէ՛ք ինձ, եւ ձեր հոգիները կապրեն բարութեան մէջ, ու ես ձեզ հետ յաւիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դաւթին խոստացուած անանց սրբութիւնները: 4 Ահա նրան տուեցի որպէս հեթանոսների վկայ, որպէս ազգերի իշխան եւ հրամանատար: 5 Քեզ չիմացող ազգերը պիտի դիմեն քեզ, եւ քեզ չճանաչող ժողովուրդներն ապաւէն պիտի դարձնեն քեզ յանուն քո Տէր Աստծոյ՝ Իսրայէլի Սրբի, որը փառաւորեց քեզ»: 6 Փնտրեցէ՛ք Տիրոջը եւ, երբ գտնէք, կանչեցէ՛ք նրան. երբ նա ձեզ մօտենայ, 7 ամբարիշտը թող հրաժարուի իր ընթացքից, անօրէն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնայ Տիրոջ մօտ եւ ողորմութիւն կգտնի, մեր Աստծոյ մօտ, որը բազմապատիկ թողութիւն պիտի շնորհի ձեր անօրինութիւններին: 8 «Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, եւ ոչ էլ իմ ճանապարհները՝ ձեր ճանապարհներին,– ասում է Տէրը,– 9 այլ ինչպէս երկինքն է հեռու երկրից, այնպէս էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից, եւ իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից: 10 Ինչպէս որ, ասենք, երբ անձրեւ կամ ձիւն է իջնում երկնքից եւ կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ եւ ուտելու հաց չի տուել, 11 այդպէս էլ պիտի լինի իմ խօսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչեւ որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես: Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպէսզի իմ ճանապարհներն էլ դու պահպանես: 12 Ուրախութեամբ պիտի ելնէք եւ ցնծութեամբ պիտի սովորէք. լեռներն ու բլուրները պիտի խայտան, խնդութեամբ ընդունեն ձեզ, եւ անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ: 13 Գիհու փոխարէն նոճի պիտի բուսնի, դժնիկի փոխարէն մրտենի պիտի աճի. եւ դա պիտի լինի յանուն Տիրոջ եւ ի նշան յաւիտենականութեան ու չի նուազելու»:




Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 6.1-7.1

1 Ուստի, Աստծուն գործակից լինելով, աղաչում ենք, որ դուք Աստծոյ շնորհը զուր ընդունած չլինէք. 2 որովհետեւ ասում է. «Ընդունելի ժամանակում լսեցի քեզ եւ փրկութեան օրը օգնեցի քեզ»: Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկութեան օրը: 3 Եւ ոչ մի առիթով պատճառ մի՛ եղէք, որպէսզի մեր պաշտօնը չարատաւորուի. 4 այլ բոլոր դէպքերում դուք ձեզ ներկայացրէք իբրեւ Աստծոյ պաշտօնեաներ՝ ցոյց տալով մեծ համբերութիւն նեղութիւնների մէջ, վշտերի մէջ, չարչարանքների մէջ, 5 հարուածների տակ, բանտերում, խռովութիւնների մէջ, տքնութիւնների մէջ, հսկումների մէջ, ծոմապահութեան մէջ, 6 սրբութեամբ, գիտութեամբ, համբերութեամբ, քաղցրութեամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, 7 ճշմարտութեան խօսքով, Աստծոյ զօրութեամբ, արդարութեան զէնքով՝ յարձակուելու եւ պաշտպանուելու համար, 8 փառքով եւ անարգութեամբ, գովութեամբ եւ պարսաւանքով, իբրեւ թէ մոլորեցնողներ, բայց ճշմարտութիւնից չշեղուածներ, 9 իբրեւ թէ անծանօթներ, բայց բոլորից ճանաչուածներ, իբրեւ թէ մահամերձներ, բայց եւ ահաւասիկ կենդանի ենք, իբրեւ թէ պատժուածներ, բայց ոչ մահապարտներ, 10 իբրեւ թէ տրտմածներ, բայց եւ շարունակ ուրախ ենք, իբրեւ թէ տնանկներ, բայց եւ շատերին ենք հարստացնում, իբրեւ թէ ոչինչ չունենք, բայց ունենք ամէն ինչ: 11 Կորնթացինե՛ր, մեր բերանները բաց են պատգամելու համար ձեզ, եւ մեր սրտերը՝ լայն: 12 Մենք չէ, որ նեղում ենք ձեզ, այլ դուք ձեր սրտերում էք նեղւում: 13 Արդ, դուք էլ նոյն հատուցումն անելով – որդիների տեղ եմ դնում ձեզ – լայնօրէն բա՛ց արէք ձեր սրտերը: 14 Անհաւատներին լծակից մի՛ եղէք, որովհետեւ ի՞նչ կապ ունի արդարութիւնը անօրինութեան հետ. եւ կամ՝ ի՞նչ յարաբերութիւն լոյսի եւ խաւարի միջեւ. 15 եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. 16 կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծոյ տաճարը մեհեանների հետ: Արդարեւ, կենդանի Աստծոյ տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: 17 Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք,– ասում է Տէրը,– եւ մի՛ դիպէք պիղծ բաների. 18 եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար Հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր»,– ասում է Ամենակալ Տէրը:

7 1 Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծոյ երկիւղով:




Ավետարան ըստ Ղուկասի 15.1-32

1 Եւ բոլոր մաքսաւորներն ու մեղաւորները նրա մօտ էին, որպէսզի լսեն նրան: 2 Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին եւ ասում. «Ինչո՞ւ է նա ընդունում մեղաւորներին եւ ուտում նրանց հետ»: 3 Յիսուս նրանց այս առակն ասաց. 4 «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ երբ հարիւր ոչխար ունենայ եւ կորցնի նրանցից մէկը, արօտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնայ կորածի յետեւից, մինչեւ որ այն գտնի: 5 Եւ երբ այն գտնի, կդնի այն իր ուսերի վրայ խնդութեամբ 6 եւ կգնայ տուն, կկանչի բարեկամներին ու հարեւաններին եւ նրանց կասի. ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորած ոչխարը: 7 Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կլինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ: 8 Կամ ո՞վ է այն կինը, որ երբ տասը դրամ ունենայ եւ մի դրամ կորցնի, ճրագ չի վառի եւ չի աւլի տունը փութով ու չի փնտրի, մինչեւ որ գտնի: 9 Եւ երբ գտնի, կկանչի բարեկամներին ու հարեւաններին եւ կասի. «Ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորցրած դրամը»: 10 Ասում եմ ձեզ. Աստծոյ հրեշտակների առաջ այսպէս ուրախութիւն կլինի մէկ մեղաւորի համար, որն ապաշխարում է»: 11 Եւ ասաց. «Մի մարդ երկու որդի ունէր. 12 նրանցից կրտսերը հօրն ասաց. “Հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը”: Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց: 13 Քիչ օրեր յետոյ կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում: 14 Եւ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ, եւ նա սկսեց չքաւոր դառնալ: 15 Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մէկին, եւ սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու: 16 Եւ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս: 17 Ապա խելքի եկաւ եւ ասաց. “Քանի՜ վարձու աշխատաւորներ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ: 18 Վեր կենամ գնամ իմ հօր մօտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ 19 եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրեւ քո աշխատաւորներից մէկը”: 20 Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. եւ մինչդեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան եւ գթաց. վեր կացաւ ու վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան: 21 Եւ որդին ասաց նրան. “Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու”: 22 Հայրն իր ծառաներին ասաց. “Անմիջապէս հանեցէ՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրէք նրան, մատանին նրա մատը դրէք եւ նրա ոտքերին՝ կօշիկներ. 23 բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէ՛ք, ուտենք եւ ուրախ լինենք, 24 որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց”. եւ սկսեցին ուրախանալ: 25 Իսկ նրա աւագ որդին ագարակում էր. եւ մինչ գալիս էր եւ տանը մօտեցաւ, լսեց երգերի եւ պարերի ձայնը. 26 եւ իր մօտ կանչելով ծառաներից մէկին՝ հարցրեց, թէ այդ ինչ է: 27 Եւ սա նրան ասաց. “Քո եղբայրը եկել է, եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ-առողջ ընդունեց նրան”: 28 Նա բարկացաւ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով աղաչում էր նրան: 29 Որդին պատասխանեց եւ ասաց հօրը. “Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ առել. ինձ երբեք մի ուլ չտուեցիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անեմ: 30 Երբ եկաւ քո այդ որդին, որը քո ունեցուածքը կերաւ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր”: 31 Հայրը նրան ասաց. “Որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է. 32 բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց”»:




 
sacredtradition.am