русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
20 սեպտեմբերի 2019թ. ուրբաթ, ԱՁ
Պահք
Տօն է Ս. Խաչի


Զաքարիայի մարգարեությունը 14.5-11

Այն ժամանակ պիտի գայ ու հասնի իմ Տէր Աստուածը, եւ բոլոր սրբերը պիտի լինեն նրա հետ: 6 Այն օրը լոյս չի լինելու, այլ լինելու է ցուրտ ու պարզ օր: 7 Դա պիտի լինի միայն Տիրոջը յայտնի օր. ո՛չ ցերեկ պիտի լինի եւ ո՛չ էլ գիշեր, այլ լոյս պիտի լինի միայն երեկոյեան: 8 Այն օրը կենդանի ջուր է բխելու Երուսաղէմում, նրա մի կէսը պիտի հոսի դէպի առջեւի ծովը, նրա միւս կէսը՝ դէպի ետեւի ծովը, եւ այդպէս է լինելու ամառ ու գարուն: 9 Տէրը թագաւոր պիտի լինի ամբողջ երկրի վրայ. այն օրը Տէրը միակը պիտի լինի, եւ նրա անունը պիտի լինի միակը: 10 Ամբողջ երկիրը անապատից պիտի վերածուի դաշտի՝ Գաբայից մինչեւ Ռեմոն՝ Երուսաղէմի հարաւային կողմը, Հռամը պիտի մնայ իր տեղը՝ Բենիամինի դռնից մինչեւ Առաջին դուռը, մինչեւ Անկիւնների դուռը, Անամայէլի աշտարակից մինչեւ Թագաւորի հնձանները: 11 Նրա մէջ պիտի բնակուեն մարդիկ, այլեւս նզովք չի լինելու, եւ Երուսաղէմը պիտի դառնայ յուսալի:




Պողոս առաքյալի թուղթը փիլիպեցիներին 2.5-11

5 Ձեզնից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ, 6 որը Աստծոյ կերպարանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց, 7 այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ 8 հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահուան՝ խաչի վրայ: 9 Դրա համար էլ Աստուած նրան առաւել բարձրացրեց եւ նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամէն անուն, 10 որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ՝ թէ՛ երկնաւորների, թէ՛ երկրաւորների եւ թէ՛ սանդարամետականների. 11 եւ ամէն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէր է՝ ի փառս Հայր Աստծոյ:




Ավետարան ըստ Հովհաննեսի 19.16-22

16 Այն ժամանակ Յիսուսին յանձնեց նրանց ձեռքը, որպէսզի խաչ հանուի: 17 Եւ նրանք առան Յիսուսին եւ տարան: Եւ խաչափայտը նա ինքն էր վերցրել եւ բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայերէն կոչւում էր Գողգոթա, 18 որտեղ եւ խաչը հանեցին նրան ու նրա հետ երկու ուրիշների՝ այս եւ այն կողմից, իսկ մէջտեղում՝ Յիսուսին: 19 Պիղատոսը մի տախտակ էլ գրեց եւ դրեց խաչի վրայ. եւ գրուած էր. «Յիսուս Նազովրեցի՝ հրեաների Թագաւոր»: 20 Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետեւ այն տեղը, ուր Յիսուս խաչուեց, քաղաքին մօտ էր (եւ գրուած էր եբրայերէն, լատիներէն եւ յունարէն): 21 Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր “հրեաների Թագաւոր”, այլ՝ ինչ նա ասաց. “Թագաւոր եմ հրեաների”»: 22 Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի՝ գրեցի»:




 
sacredtradition.am