русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
4 մարտի 2017թ. շաբաթ, ԳԿ
Զ օր Մեծի պահոց
Սրբոյն Թէոդորոսի զօրավարին







Ս. ԹԵՈԴՈՐՈՍ ԶՈՐԱՎԱՐ (+305)
id571Ս. Թեոդորոսը ծնվել է Պոնտոսի Ամասիա քաղաքի մոտակա գյուղերից մեկում՝ բարեպաշտ քրիստոնյաների ընտանիքում: Տակավին մանուկ էր, երբ մահանում է մայրը, և նա մեծանում է հոր խնամքով՝ խիստ սակավապետ ու կարգապահ: Չափահաս տարիքում Թեոդորոսը բոլորին հիացնում էր իր բարեկազմ ու վայելուչ տեսքով, առույգությամբ և արիությամբ, ինչի շնորհիվ գավառի զորապետը նրան վերցնում է զինվորական ծառայության: Երբ 304 թ. հրապարակվում է կայսերական հրովարտակը, որն արգելում էր քրիստոնեական պաշտամունքը և իրավազրկում կուռքերին զոհ չմատուցողներին, Թեոդորոսին ստիպում են ամբողջ գնդի հետ մտնել մեհյան ու մասնակցել հեթանոսական զոհաբերությանը: Իսկ նա անվարան հայտարարում է, որ բոլոր հեթանոսական աստվածները դևեր են, և նրանց պատվելը՝ մոլորություն, մինչդեռ ինքը ճշմարիտ Աստծո՝ Քրիստոսի հավատարիմ զինվորն է: Չկարողանալով հակաճառել, ինչպես նաև հաշվի առնելով նրա բարի համբավը՝ իշխանությունները Թեոդորոսին առժամանակ ազատ են արձակում, իսկ նա գիշերով հրկիզում է Ամասիայի մեծագույն մեհյանը՝ բացահայտորեն ծաղրելով հեթանոսական պաշտամունքի ունայնությունը, և կրկին ձերբակալվում է՝ լիովին պատրաստ նահատակվելու: Սոսկալի չարչարանքներն ու բանտարգելությունը՝ սննդի տևական բացակայությամբ հանդերձ, միայն ավելի են զորացնում Քրիստոսի քաջ զինվորին, որը շարունակ վայելում էր երկնային շնորհի ու երկնաբնակիչների լուսաճեմ ներկայությունը և անդադար սաղմոսերգում: Ի վերջո նրան այրում են՝ այդպես վրեժխնդիր լինելով մեհյանը հրկիզելու համար: Մի բարեպաշտ քրիստոնյա տիկին սուրբ մարտիրոսի նշխարներն ամփոփում է տապանակի մեջ և զետեղում Ամասիայից ոչ հեռու գտնվող իր տանը, որը շուտով բազում հրաշքների շնորհիվ դառում է ուխտատեղի, իսկ հետագայում վերածվում է եկեղեցու:
Ս. Թեոդորոս զորավարն ավանդաբար հիշատակվում է Մեծ պահքի առաջին շաբաթ օրը: Այս պատճառով սուրբ մարտիրոսին նվիրված քարոզներում նա ներկայացվում է իբրև արիության խորհրդանիշ և մեծ բարեխոս՝ պահքը ճգնավորական սխրանքով արդյունավորելու համար:



 
sacredtradition.am