русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
11 մարտի 2017թ. շաբաթ, ԳՁ
ԺԳ օր Մեծի պահոց
Սրբոցն Կիւրղի Երուսաղեմայ հայրապետին եւ միւս Կիւրղի եպիսկոպոսին եւ մօրն նորա Աննայի


ՄԵԾ ՊԱՀՔ
id569Մեծ պահքը տարվա ամենաերկարատև պահքն է, բայց այն մեծ է կոչվում նաև այն պատճառով, որ նվիրված է և նախորդում է քրիստոնեության մեծագույն տոնին՝ Զատիկին: Այս պահքը պատմականորեն կայացել է աստիճանաբար՝ ունենալով տարբեր տևողություններ: Հայ Եկեղեցու ներկայիս ավանդությամբ Մեծ պահքն ընդգրկում է Բուն բարեկենդանից մինչև Զատիկ ընկած 7 շաբաթները: Թեև նշյալ՝ առաջին և վերջին կիրակիները պահեցողության օրեր չեն, սակայն ներառված են Մեծ պահքի խորհրդի մեջ, քանզի առաջինը՝ Բուն բարեկենդանը, խորհրդանշում է դրախտը, որտեղ և պատվիրանով սկզբնավորվեց պահքը, իսկ վերջին օրը՝ Զատիկին, պահքը լուծարվում է միայն ս. հաղորդությունից հետո: Այսպես Մեծ պահքը, ներառելով առաջին և վերջին կիրակիները, կազմում է 50 օր: Ըստ Սուրբ Գրքի՝ 50-ը հոբելյանական թիվ է և ազատության խորհրդանիշ, քանի որ, համաձայն մովսիսական օրենքի, 50-րդ տարում բոլոր ծառաներն ազատություն էին ստանում [տե՛ս [Ղևտ. 25.9-13]: Ուստի և Մեծ պահքի այս 50 օրերը վարդապետները մեկնաբանում են իբրև մեղքից ազատագրվելու խորհրդանիշ, քանզի «ամեն ոք, ով մեղք է գործում, մեղքին ծառա է» [Հովհ. 8.34], իսկ Մեծ պահքի հիսնօրյա ապաշխարությունը կոչված է մարդուն սրբագործել մեղքերից: Արդ, ինչպես որ հին ուխտում 50-րդ տարվա քավության օրը շեփոր էին հնչեցնում և ազդարարում ծառաների ազատագրումը, այդպես էլ Մեծ պահքի 50-րդ օրը՝ Զատիկին, քրիստոնյաները ցնծում են Քրիստոսի հարությամբ, որով Նա մարդկային բնությունը հարություն տվեց մեղքի մահից: Այսպես քրիստոնեական մեծագույն տոնը՝ Քրիստոսի հարության հիշատակը, Եկեղեցին պատվում է հիսնօրյա պահեցողությամբ՝ ոչ միայն խորհրդանշելով նրա համատիեզերական հոբելյան լինելը, որով ազդարարվեց մահվան վախճանը և սկիզբը անվախճան կյանքի, այլև՝ նպաստելով այդ մեծ և անճառելի խորհրդի կայացմանը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում՝ կատարյալ ապաշխարությամբ և մեղքերի քավությամբ մտնելու «Տիրոջ ուրախության մեջ» [Մատթ. 25.21]: Այս պատճառով Մեծ պահքի եկեղեցական աստվածպաշտության համակարգը՝ ընթերցվածքներով, շարականներով և ողջ խորհրդաբանությամբ, խորապես արտացոլում է այս երկու կողմերի՝ Տիրոջ փրկագործության աստվածաբանական խորհուրդների և մարդու բարեպաշտական ճիգերի միասնությունը: Աստծո Գառը վերցրեց մարդկանց մեղքերը՝ պատարագելով Իրեն խաչի վրա, և այդ խորհուրդը մարդու էության մեջ կայանում է միայն նրա փոխադարձ պատարագմամբ՝ որպես հոգևոր սիրո պատասխան ինքնանվիրում հոգևոր սիրուն: Եվ ահա, Մեծ պահքն այն օրհնված շրջանն է, որը նպաստում է քրիստոնյային առավելագույնս դրսևորել այդ սերը, քանզի միավորվելով զգոնության ու ապաշխարության, հարատև զղջման և հաճախակի խոստովանության հետ՝ տևական պահքը լրջագույն առիթ է հիմնովին փոխելու գիտակցությունը դեպի բարին, թոթափելու չար սովորությունները և արմատանալու ճշմարիտ բարեպաշտության մեջ:
Մեծ պահքն ավանդաբար կրում է նաև Քառասնորդական պահք անվանումը, քանզի սկզբնական շրջանում այն տևել է ընդամենը 40 օր՝ Տիրոջ՝ անապատում պահած պահքի օրերի թվով: Սկսվելով Զատիկից 6 շաբաթ առաջ՝ պահքն ավարտվել է Ավագ ուրբաթ՝ 40-րդ օրը: Ու թեև հետագայում այդ 6 շաբաթները կանոնակարգվեցին ոչ թե ներառելով Ավագ շաբաթի օրերը, այլ՝ հավելվելով նրանց, և պահքի ընդհանուր տևողությունը դարձավ 7 շաբաթ, այնուհանդերձ պահպանվեց պահքի «քառասնորդական» խորհրդանշական անվանումը: Որոշ ծիսագիտական դասագրքերում Մեծ պահքը նույնացվում է «Քառասնորդական պահք» արտահայտության հետ և ներկայացնում առաջին երկուշաբթիից մինչև Ղազարոսի հարություն ընկած քառասնօրյա ժամանակահատվածը, իսկ Ավագ շաբաթը դիտվում է իբրև Մեծ պահքին հաջորդող առանձին շաբաթապահք: Բայց, ըստ Հայ Եկեղեցու դասական ավանդության, Մեծ պահքն ընդգրկում է այս երկու հատվածները և ավարտվում միայն Զատիկին, որի պատվին էլ սահմանվել է: Իսկ «քառասնորդական» բառը հիմնականում կրում է խորհրդանշական իմաստ, թեև երբեմն, վերաբերում է Ավագ շաբաթին նախորդող շրջանին:
Ժամանակին շրջանառվել է նաև այն տեսակետը, թե Մեծ պահքը Քառասնորդական է կոչվում այն պատճառով, որ բուն պահեցողության օրերը 40 են, քանի որ պահքից դուրս են մնում Մեծ պահքի կիրակիներն իբրև ուտիքի օրեր: Այս կարծիքը խիստ հանդիմանվել է Հայ Եկեղեցու վարդապետների կողմից որպես որկրամոլության դրդմամբ պահքն ընդհատելու պատրվակ: Քանզի թեև Մեծ պահքի շաբաթ և կիրակի օրերին աստվածպաշտության կարգը պահոց չէ, բայց սա վերաբերում է ծիսական, այլ ոչ թե ճգնավորական կողմին: Ուստի սահմանված պահեցողությունը պետք է տևի անընդմեջ 48 օր՝ առաջին երկուշաբթիից մինչև Զատիկ, և չխախտվի նաև Տյառնընդառաջի կամ Ավետման տոներին, որոնք երբեմն զուգադիպում են պահոց շրջանի հետ: Քանզի պահքի տևականության ընդհատմամբ խափանվում է նրա ցանկալի արդյունքը՝ մարմնի նվաղումը, որի շնորհիվ տկարանում են կրքերը, և չափավորվում ցանկությունները, նրբանում է մտքի տեսումը, և առավելանում հոգու շնորհընկալությունը: Այս հոգևոր փորձառությունը նախկինում դրդել է շատ քրիստոնյաների, մանավանդ վանականներին, Մեծ պահքն անցկացնել առավել խիստ պահեցողությամբ՝ հաճախակի կամ տևական ծոմապահությամբ կամ էլ միայն աղ ու հաց ճաշակելով: Այս պատճառով այս պահքի օրերը Հայ Եկեղեցում կոչվում են նաև աղուհացի օրեր:
Մեծ պահքի ընթացքում, Բուն բարեկենդանից մինչև Ծաղկազարդ, փակվում է խորանի վարագույրը՝ խորհրդանշելով նախամարդու արտաքսումը դրախտից, և չի բացվում անգամ կիրակնօրյա պատարագի ժամանակ: Նախկինում վարագույրի փոխարեն փակվել է եկեղեցու դուռը, բոլոր արարողությունները կատարվել են գավթում, իսկ շաբաթ և կիրակի օրերի պատարագները կատարվել են միայն մեկ քահանայի մասնակցությամբ՝ փակ դռնով: Այդպիսին է եղել նաև Ծաղկազարդի պատարագը, և եկեղեցու դուռը բացվել է միայն այդ օրը երեկոյան՝ Դռնբացեքի արարողության ավարտին՝ խորհրդանշելով արդարների մուտքը երկնքի արքայություն: Փակ դռան կամ վարագույրի այս շրջանում, փաստորեն, ողջ հավատացյալ ժողովուրդը հայտնվում է երախաների՝ դեռևս չմկրտվածների կարգավիճակում՝ այդպիսով անլուր խոստովանելով իր թերացումը մկրտության շնորհին հարիր կյանքով ապրելու մեջ, նաև՝ իբրև վշտալից խթան՝ կորցրածը վերագտնելու համար առավելագույն ճիգերով դիմելու տևական ապաշխարության, որը համարվում է երկրորդ ավազան:
Եկեղեցու հայրերը Մեծ պահքը համարում են դեպի Զատիկի բարձունք տանող հոգևոր ճամփորդություն՝ իր որոշակի հանգրվաններով, որոնցում ի մի է բերվում անցած փորձառությունը, և տրվում է ճանապարհը շարունակելու նոր ուղղություն և զորություն: Այդպիսի հանգրվաններ են Մեծ պահքի շաբաթ և կիրակի օրերը: Շաբաթ օրերը սրբերի հիշատակության օրեր են, իսկ կիրակիներից յուրաքանչյուրը կրում է առանձին անուն՝ կապված Մեծ պահքի էությունն ու նպատակը բացահայտող իմաստների հետ: Այսպես, Բուն բարեկենդանից մինչև Ծաղկազարդ միմյանց հաջորդում են Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի և Գալստյան կիրակիները, որոնցում արծարծվող խորհուրդները, ս հայրերի իմաստուն հոգածությամբ, Մեծ պահքի ճամփորդին առաջնորդում են դեպի հոգևոր կատարելություն:









 
sacredtradition.am