русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
18 մարտի 2017թ. շաբաթ, ԲԿ
Ի օր Մեծի պահոց
Սրբոցն Յովհաննու Երուսաղեմայ հայրապետին եւ հայրապետին մերոյ Յովհաննու Օձնեցւոյն եւ վարդապետացն մերոց Յովհաննու Որոտնեցւոյն եւ Գրիգորի Տաթեւացւոյն








Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728)
id301Հովհաննես Օձնեցին, որը քաջ և ազնվազարմ տոհմի շառավիղ էր, ծնվել է Տաշիրք գավառի Օձուն գյուղում: Պատանեկան տարիքում նա աշակերտել է ճգնակյաց վարդապետ Թեոդորոս Քռթենավորին: Հետագայում ձեռնադրվել է քահանա և, ինչպես վկայում է նրա վարքագիրը, «իր ժիր ու մաքուր քահանայագործությամբ Աստծուն հաշտեցնում էր մարդկանց հետ»:

Ս. Հովհաննես Օձնեցի (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 1502, էջ 414բ, Հայսմավուրք, 1651 թ., Կ. Պոլիս
Ծաղկող՝ Մարկոս Պատկերահան

717 թ., երբ Հայաստանը գտնվում էր արաբական տիրապետության տակ, ս. Հովհաննես Օձնեցին դառնում է հայոց կաթողիկոս և սկսում ամենուրեք քարոզել ճշմարիտ հավատը: Հայտնի է, որ տոների ժամանակ նա ժողովրդին ներկայանում էր շքեղ հանդերձներով, իսկ փարթամ, ալեխառն մորուքն օծում էր ոսկեփոշի խառնած վարդաջրով: Այնպես որ նույնիսկ արաբները երանի էին տալիս հայերին՝ նման առաջնորդ ունենալու համար: Ս. Հովհաննեսի համբավը հասնում է նաև խալիֆային, որը նրան հրավիրում է իր պալատը. խալիֆային հետաքրքրում էր, թե ինչն է պատճառը, որ հայոց հայրապետը շրջում է այդպիսի տեսքով՝ ի տարբերություն Քրիստոսի և Նրա աշակերտների: Այդ հարցին սուրբն այսպես է պատասխանում. ինքը չունի այն զորությունները, որոնցով օժտված էին նրանք, դրա համար էլ մարդկանց պատկառելի տեսքով է ներկայանում: Եվ ցույց է տալիս իր խարազանագործ շապիկը, որոնք նա կրում էր անմիջապես մերկ մարմնի վրա: Այդ տեսնելով՝ խալիֆան համակվում է մեծ ակնածանքով ու խոնարհվելով նրա առջև՝ խնդրում սրբի օրհնությունը:
Իր հայրապետության օրոք ս. Հովհաննես Օձնեցին Դվին և Մանազկերտ քաղաքներում հրավիրել է եկեղեցական ժողովներ, որոնք քննարկել են կարևոր դավանական և այլ խնդիրներ: Նա գրել է հայոց առաջին Կանոնագիրքը, ինչպես նաև ճառեր, շարականներ, դավանաբանական, պաշտամունքային, ծիսական երկեր: Նրան իրավամբ կոչում են նաև Հովհաննես Իմաստասեր:
Կյանքի վերջին տարում, հայրապետական աթոռը հանձնելով ուրիշին, նա առանձնանում է ծննդավայրից ոչ հեռու գտնվող մի անապատում, որտեղ մինչև խոր ծերություն ապրում է ճգնության մեջ:





 
sacredtradition.am