ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ
id576Մեծ պահքի չորրորդ՝ Տնտեսի կիրակիի խորհրդածությունները վերաբերում են «հոր տանը»՝
Եկեղեցում հանգրվանած որդուն՝ իր տնտեսությունը վարելու իրավունքներով ու պարտականություններով: Թեև արդեն որդին վայելում է Հոր բարեհաճությունը, այնուհանդերձ սրանով ոչ թե ավարտվում, այլ նոր միայն սկսվում է
քրիստոնյայի սխրանքը:
Եկեղեցու գրկում առատորեն բաշխվող
շնորհները, որոնք արդյունք են
Քրիստոսի փրկագործության,
քրիստոնյայի կյանքում պետք է արդյունավորվեն
հավատի գործերով, որոնց համար պատասխան է պահանջվելու: Օրվա առաջին
ընթերցվածքը [
Ղուկ. 12.32-48]՝ «Հավատարիմ տնտեսի առակը», ներկայացնում է հոգևոր արթնության
խորհուրդը. ամենայն ժամ պատրաստ լինել Տիրոջ անսպասելի այցին, չհետաձգել բարի գործերը և կամովի չհակվել դեպի
մեղքը՝ հուսալով, թե կարելի է հետագայում
ապաշխարել, քանզի պատասխանատվության պահը կարող է գալ ամեն ակնթարթ: Այսպիսի գիտակցություն ունեցողին Տերն անվանում է «հավատարիմ և իմաստուն տնտես» [
Ղուկ. 12.42]:
Եկեղեցու վարդապետներն այս արտահայտության մեջ տեսնում են հոգևոր սկզբունքների ամբողջությունը, որով
քրիստոնյան հաճոյանում է
Աստծուն. իր ունեցած բոլոր բարիքները և սեփական անձն իսկ համարել
Աստծո ունեցվածքը, որը հարկավոր է «մշակել և պահպանել» [
Ծն. 2.15], ամեն ինչ անել
Աստծո փառքի համար, ժամանակին սնուցել սեփական հոգին
աղոթքով և ընթերցանությամբ, կարիքավորների ու պարտապանների հանդեպ լինել
ողորմած, իսկ հոգու պարտապանների՝ թշնամիների հանդեպ՝ ներողամիտ:
Եվ այնուհանդերձ, այս սկզբունքները մարդկային բնության հեղգության պատճառով հաճախ խափանվում են, և խիստ կարևոր է ժամանակին գիտակցել, որ մենք հեռու ենք պահանջվող կատարելությունից, որ Տիրոջ «անպիտան ծառան» ենք և «անիրավ տնտեսը»: Օրվա վերջին
ընթերցվածքում [
Ղուկ. 16] «Անիրավ տնտեսի առակը» [
Ղուկ. 16.1-8], որտեղ տնտեսը հանդիմանվում է իր անիրավությունների համար՝ ամբողջ ունեցվածքից զրկվելու սպառնալիքով, մեզ սովորեցնում է անդրադառնալ սեփական անձի անկատարությանը, ընդունել նրա ողջ անիրավությունը՝ թե՛ սեփական հոգու, թե՛ մարմնի, թե՛ մերձավորների նկատմամբ, բայց չհուսահատվել և ժամանակին
խոստովանելով մեղքերն ու
ապաշխարելով՝ գոնե կրճատել այդ պարտքը՝ մանավանդ, իբրև հատուցում, օգնելով աղքատներին: Այսպես,
Մեծ պահքի միջին շաբաթվա համար հանձնարարվող խորհրդածությունները հուշում են
պահքի սխրանքի հետ միավորել
ողորմածությունն ու աղքատասիրությունը՝ որպես հոգևոր տնտեսության կարևորագույն մասեր, քանզի «անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել», մինչդեռ «ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» [
Հակ. 2.13]: Օրվա
ընթերցվածքի վերջին հատվածը «Աղքատ Ղազարոսի առակն» է [
Ղուկ. 16.19-31], որով ամբողջանում է օրվա
խորհուրդը՝ ցույց տալով անողորմ և հարուստ մարդու հոգու թշվառությունը աղքատի ու խոնարհի համեմատ և դրդելով գոնե ինքնազրկմամբ նմանվել ոչ թե հարուստին, այլ աղքատին: Այս
կիրակիի «Ողորմյա»
շարականում ասվում է. «Շնորհի՛ր մեզ, Տե՛ր, ժուժկալություն աղքատների օրինակ Ղազարոսի հետ, որպեսզի կամավոր աղքատությամբ նրա հետ արժանի լինենք Քո երկնքի արքայությանը»: