русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
7 հունիսի 2020թ. կիրակի, ԱՁ
Ա կիւրակէ զկնի Հոգեգալստեան
Յիշատակ Եղիայի մարգարէին



ԵՂԻԱ ՄԱՐԳԱՐԵ
id146Ս. Եղիա մարգարեն աղքատ ընտանիքից էր: Նա մարգարե դարձավ Իսրայելի Աքաաբ հեթանոս թագավորի օրոք, որը մինչ այդ եղած կռապաշտ թագավորներից ամենապիղծն էր:
Աստծո հրամանով Եղիան հայտնվեց նրա մոտ և կանխահայտնեց, որ երկրում 3 տարի երաշտ ու սով է լինելու: Սակայն ամբարտավան թագավորը խիստ բարկացավ ու ցանկացավ սպանել մարգարեին: Եվ Եղիան ստիպված հեռացավ անապատ, որտեղ իր գոյությունը պահպանում էր Աստծո հրաշքով: 3 տարի անց, երբ ժամկետը լրացավ, Աքաաբի սուտ աստվածների ոչնչությունը բացահայտելու և ճշմարիտ Աստծո զորությունն ապացուցելու նպատակով Եղիան աղոթեց Տիրոջը, և երկնքից իբրև նշան կրակ իջավ, որը լափեց պատրաստված զոհը: Տեսնելով այդ հրաշքը՝ ժողովուրդը հավատաց ճշմարիտ Աստծուն, մինչդեռ կռապաշտ թագավորը ավելի զայրացավ և դարձյալ սպառնում էր սպանել մարգարեին: Իր կյանքը փրկելու համար Եղիան հեռացավ ու պատսպարվեց լեռներում, որտեղ Տիրոջ կողմից հայտնություններ էր ստանում և մխիթարվում: Աստծո հրամանով նա մի անգամ ճանապարհ ընկավ և գտնելով Եղիսեին՝ նրան օծեց իբրև մարգարե, որպեսզի նա փոխարինի իրեն: Եղիսեն անմիջապես հետևեց Եղիային և սկսեց ծառայել նրան: Այնուհետև Տերը հրամայեց Եղիային դարձյալ այցելել Աքաաբին և սպառնալով հանդիմանել նրան իր անօրինությունների համար: Այս անգամ թագավորը զղջաց՝ վախենալով իրեն սպասող պատուհասից:
Աստված երկրի վրա Եղիային բազում հրաշագործություններով փառավորելուց հետո ի վերջո հրեղեն կառքով նրան փոխադրեց երկինք՝ մարգարեին տրված շնորհները փոխանցելով Եղիսեին:
Ըստ ս. Հովհաննես ավետարանչի Հայտնության գրքի և քրիստոնեական ավանդության՝ աշխարհի վախճանից առաջ Եղիան Ենոքի հետ պիտի վերադառնա երկիր՝ Նեռի օրոք քարոզելու անհավատներին: Այնուհետև, նահատակվելուց 3 օր անց, նրանք պիտի հարություն առնեն և բոլորի աչքի առջև բարձրանան երկինք:


 
sacredtradition.am