русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
28 հունիսի 2022թ. երեքշաբթի, ԱՁ
Բ օր Լուսաւորչի պահոց
Սրբոցն Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ







Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330)
id592Ս. Կոստանդիանոսի Մեծի մայրը՝ ս. Հեղինե թագուհին, Եկեղեցու կյանքում փայլեց ոչ միայն իր առաքինի վարքով և իր որդուն դեպի քրիստոնեական հավատն ուղղորդելով, այլև այն մեծ ու եզակի առաքելությամբ, որի շնորհիվ առավել փառավորվեց քրիստոնեությունը, և առավել պայծառացավ Եկեղեցու փառքը:
Աստված երանելի թագուհու սրտում դրել էր Քրիստոսի խաչափայտը գտնելու մեծ ցանկությունը, որի համար նա 326 թ. ուղևորվում է Երուսաղեմ: Այստեղ իմանալով, որ Տիրոջ խաչափայտը թաղված է այնտեղ, ուր կառուցված է Վեներայի հեթանոսական տաճարը, թագուհին հրամայում է քանդել այն և փորել հիմքերը, մինչև որ գտնվում են երեք խաչափայտեր: Դրանց մեջ տերունականը հայտնի է դառնում շնորհիվ այն բանի, որ մի մեռյալ հրաշքով հարություն է առնում, երբ դրվում է նրա վրա: Խաչափայտի գյուտը մեծ ցնծություն է առաջացնում ողջ Երուսաղեմում, և ժողովուրդը գալիս է տեսնելու և երկրպագելու նրան:

Ս. Հեղինե թագուհու քանդակը (հատված)
Հռոմի Կապիտոլյան թանգարան

Ս. Հեղինեն մնում է Պաղեստինում ևս երկու տարի, որի ընթացքում կարգադրում է եկեղեցիներ հիմնել Քրիստոսի տնօրինական վայրերում. Գողգոթայում՝ Փրկչի գերեզմանի վրա, Ձիթենյաց լեռան վրա, որտեղից Նա համբարձվեց, Բեթղեհեմում՝ Տիրոջ ծննդավայրում, ինչպես նաև Քեբրոնում, որտեղ Աստված հայտնվել էր Աբրահամին: Այսպես սուրբ թագուհու ջանքերով Պաղեստինը, որը հռոմեական կայսրերի կողմից վերածվել էր հեթանոսական երկրի, դառնում է քրիստոնեկան ուխտատեղի: Ս. Հեղինեն նպաստում է նաև Պաղեստինում կուսանոցների հաստատմանը, որոնցում միառժամանակ ապրում է սպասուհու խոնարհ կարգավիճակով:
Սուրբ թագուհին փառքով վերադառնում է Կոստանդնուպոլիս՝ իր հետ բերելով սուրբ խաչափայտի մասունքը, և կարճ ժամանակ անց, 330 թ., հարազատ որդու գրկում խաղաղությամբ ավանդում է հոգին 80 տարեկան հասակում:



 
sacredtradition.am