русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
6 փետրվարի 2023թ. երկուշաբթի, ԴԿ
Սրբոց Ատովմեանց զօրավարացն եւ սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի








Ս. ԱԲԴԼՄՍԵՀ (VI դ. երկրորդ կես)
id543Պարսկաստանի մի հարուստ հրեայի կրտսեր զավակն էր՝ Ասեր անունով, որ արածեցնելով հոր ոչխարներն ու արջառները՝ հաճախ հանդիպում էր այլ հովիվների: Հովիվների մեջ կար երիտասարդ քրիստոնյաների մի խումբ, որոնց հանդեպ Ասերը հատուկ համակրանք էր զգում և ձգտում էր մտերմանալ: Ժամանակի ընթացքում այդ մտերմությունը վերածվեց հոգևոր զրույցի, որի արդյունքում Ասերը դարձի եկավ ու որոշեց մկրտվել: Քանի որ մոտակայքում քահանա չկար, երիտասարդներն անսացին նորադարձի թախանձանքներին և մի ջրհորի մեջ ընկղմելով՝ ասացին. «Քրիստոսի ծառա Աբդլմսեհը մկրտվում է Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով»: «Աբդլ Մեսեհ» նրանց բարբառով նշանակում էր Քրիստոսի ծառա, և Ասերին այդ օրվանից նրանք այդ անունով էին կոչում: Աբդլմսեհն ուրախությամբ պատմեց այս մասին իր սիրելի մորը, որն իմաստնաբար հորդորեց որդուն հորից և եղբայրներից թաքուն պահել իր հավատը: Մի օր Աբդլմսեհը արտասովոր երազ տեսավ. Քրիստոս իրեն դուրս էր բերում խավար փոսից և խառնում պատանիների լուսավոր խմբի հետ, որը, պսակված մեծ փառքով, երանությամբ օրհնաբանում էր Արարչին: Երբ նա երազը պատմեց մորը և նկարագրեց իր զգացած անպատմելի երանությունը, մայրը նույնպես հավատաց Քրիստոսին:
Հրեական տոներից մեկի ժամանակ Ասերը բացահայտ, բոլոր հրեա հյուրերի ներկայությամբ, իր հավատի մասին հայտնեց հորը, ինչից հայրը խիստ զայրացավ ու ծեծեց որդուն: Բայց Ասերն անդրդվելի էր և բոլոր հյուրերի առաջ համարձակորեն սկսեց վկայել իր հավատն ու հրեաների մոլորությունը: Տեսնելով, որ ոչ մի կերպ չի կարող ետ նվաճել որդուն, հայրը լցվեց մեծ ցասումով. նա դաշույն վերցրեց ու վազելով փախչող որդու ետևից՝ հասավ ու սրախողխող արեց նրան այն ջրհորի մոտ, որի մեջ նա մկրտվել էր: Քրիստոնյա հովիվները, գտնելով Աբդլմսեհի աճյունը, մեծ սգով հողին հանձնեցին նրան: Շուտով սուրբ մարտիրոսի գերեզմանն ու մասունքները հայտնի դարձան ամենքին, քանզի այնտեղից լույս էր ճառագում, և անուշահոտ բուրմունք տարածվում: Քրիստոնյաները նրա վրա վկայարան կառուցեցին, որտեղ և մկրտվեց նրա մայրը՝ մեծապես մխիթարվելով սուրբ մարտիրոսի մայր լինելու իր երջանկությամբ: Տարիներ անց այստեղ հավատի եկավ ու մկրտվեց նաև ս. Աբդլմսեհի հայրը: Հասնելով ծերության՝ նա դիվահարվել էր վերահաս պատուհասի սարսափից, ինչից բժշկվեց միայն այն ժամանակ, երբ նրան բերեցին իր որդու վկայարանը: Շատ հրաշքներ կատարվեցին ս. Աբդլմսեհի անունով, որով փառավորվում էր Քրիստոսի անունը քրիստոնյաների և հեթանոսների մեջ:








 
sacredtradition.am