русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
6 փետրվարի 2023թ. երկուշաբթի, ԴԿ
Սրբոց Ատովմեանց զօրավարացն եւ սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի









Ս. ՈՐՄԻԶԴ ԵՎ Ս. ՍԱՅԵՆ (V դ. սկիզբ)
id544Որմիզդը պարսից հարուստ իշխաններից էր, որ դարձել էր քրիստոնյա: Հազկերտ I թագավորը (399-420), իմանալով այդ, հրամայում է իր մոտ բերել իշխանին և փորձում է նրան հրաժարեցնել իր հավատից: Որմիզդը անվախ կերպով պատասխանում է, որ ինքը նախընտրում է չհնազանդվել երկրային թագավորին և չարչարվել նրա կողմից, քան ուրանալ անմահ Թագավորին և փոխարենը հանդերձյալում այրվել գեհենի անշեջ հրում: Թագավորը, հուսալով ընկճել իշխանին, զրկում է նրան ամբողջ հարստությունից՝ մատնելով աղքատության ու անօթևան կյանքի: Մի օր, տեսնելով Որմիզդին մերկ ու հոգնատանջ դեգերելիս, արքան նրան մի շապիկ է ուղարկում՝ հորդորելով վերադառնալ նախկին անհոգ ու քաղցր կյանքին, միայն թե ուրանա հյուսնի Որդուն ու դառնա հայրենի պաշտամունքին: Որմիզդը անվարան ու բացահայտ դրժում է թագավորի նվերը՝ պատառոտելով շապիկը, ինչին հետևում է Հազկերտի հրամանը անմիջապես կորստյան մատնել սուրբ վկային:
Պարսկաստանի մեծահարուստ քրիստոնյա իշխաններից էր նաև Սայենը, որին Հազկերտ I-ը բազմաթիվ հնարքներով փորձում էր ետ դարձնել կրակապաշտության: Չհասնելով իր նպատակին՝ արքան նրա հազար ծառաներից ամենաանարգին դարձնում է իշխան և նրան կնության տալիս Սայենի տիկնոջը, իսկ Սայենին խստությամբ հրամայում է հպատակվել իր նախկին ծառային: Երանելի իշխանը որոշում է հանուն Քրիստոսի ընդունել այս անարգանքը և արհամարհելով անպատվությունն ու բոլոր նեղությունները՝ ապրում է ծառայի կյանքով՝ մինչև մահ պահելով քրիստոնյայի բարի խոստովանությունը:







 
sacredtradition.am