русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
4 դեկտեմբերի 2023թ. երկուշաբթի, ԴԿ
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին եւ սրբոցն Յակովկայ եւ Իրաւափառայ



ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ
id360Նահատակությունը ճշմարիտ քրիստոնյայի մշտական ուղեկիցն է: Երկնային շնորհների հաստատումը երկրի վրա անխուսափելիորեն տառապալից ընթացք է պահանջում, որն ի վերջո պսակվում է ճշմարտության հաղթանակով ու երանությամբ: «Աշխարհը ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմեք,- ասում է Քրիստոս,- բայց ձեր տրտմությունը ուրախության պիտի փոխվի» [Հովհ. 16.20]: Նահատակությունը երկնային ուրախության տանող երկրային վիշտն է՝ Աստծո յուրահատուկ պարգևը Իր սիրելի և հավատարիմ ծառաներին:
Աշխարհը, ամեն կերպ հակառակվելով հավատացյալի նորոգությանը, բռնանում է նրա վրա բազում միջոցներով՝ փորձություններով ու գայթակղություններով, սպառնալիքներով և հալածանքներով: Այս ամենը, սակայն, Տիրոջ նախախնամությամբ ծառայում է մարդու հոգևոր աճին և սրբագործմանը:
Նահատակության ընթացքում մարդն իր ողջ էությամբ հոժարակամ հնազանդվում է պատվիրանին՝ գիտակցելով, որ տառապանքից հրաժարվելու և հավատն ուրանալու դեպքում կմատնվի կորստյան, մինչդեռ համբերությամբ և Քրիստոսի անվան համար Նրան չարչարանակից լինելով կարժանանա հավիտենական պսակի:
Թեև բոլոր նահատակությունները չէ, որ ավարտվում են մարտիրոսական մահով, սակայն արիաբար մինչև վերջ տանելու դեպքում դրանք նպաստում են շնորհի առատացմանը և հոգով զորանալուն:
Քրիստոնյան այսպիսի ընտրության առջև է դրվում նաև յուրաքանչյուր մեղքի առիթով, որով սատանան փորձում է նրան հեռացնել Աստծուց և մատնել դատապարտության: Եթե հալածանքները ձգտում են մարդու հավատարմությունը սասանել վախի ու տանջանքի միջոցով, ապա մեղսալի հրապույրները՝ հաճույքի և հեշտության, որոնց հաղթահարումը հաճախ պահանջում է ոչ պակաս վիշտ ու համբերություն: Այս պատճառով նահատակություն են կոչվում նաև սրբերի և շատ ճշմարիտ քրիստոնյաների ճգնություններն ու կամավոր զրկանքները, որոնց միջոցով նրանք մարտնչում են մեղքերի դեմ և ձգտում ամեն գնով հավատարիմ մնալ Տիրոջը՝ պահելով Նրա պատվիրանները:



 
sacredtradition.am