ՄԱՐՏԻՐՈՍ
id340«Մարտիրոս» բառը հունարեն նշանակում է վկա: Այսպես են կոչում նրանց, ովքեր
նահատակվել են՝ վկայելով իրենց անկոտրում
հավատը Քրիստոսի հանդեպ: Այդպիսիք էին ս.
Ստեփանոս Նախավկան, ս.
Գևորգ և ս.
Սարգիս զորավարները, ս.
Հռիփսիմյան կույսերը և բազում այլ
սրբեր: Գրեթե բոլոր
առաքյալները մարտիրոսական
մահով փառավորեցին Տիրոջը:
Մարտիրոսական
մահը կոչվում է վկայություն, իսկ նրա մասին գրավոր պատմությունը՝ վկայաբանություն: Մարտիրոսների
մասունքների վրա կամ նրանց
նահատակության վայրերում սովորաբար կառուցվել են վկայարաններ, այսինքն՝ նրանց վկայական
մահի հիշատակը հավերժացնող մատուռներ, որոնցից շատերը հետագայում վերածվել են
եկեղեցու:
Մարտիրոսներին անվանում են արյամբ
մկրտվածներ: Նրանց արյունը
Եկեղեցու կյանքում մեծ
խորհրդական նշանակություն ունի, քանզի վկայական
մահը խոշորագույն հաղթանակ է
սատանայի հանդեպ, որի ձեռքում մարդու դեմ ազդու զենք է հանդիսանում
մահվան սպառնալիքը: Այդ պատճառով էլ, պարտվելով մարտիրոսների արյամբ, նա խիստ տկարանում է: Բոլոր մարտիրոսները
երկնքում մեր հավատարիմ բարեխոսներն են
Աստծո առջև:
Մարտիրոսներին հաճախ պատկերում են նրանց
նահատակության գործիքով հանդերձ՝ իբրև նշան նրանց հաղթանակի և փառավորման: