русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
25 մարտի 2017թ. շաբաթ, ԲՁ
ԻԷ օր Մեծի պահոց
Սրբոց մանկանցն քառասնից, որք ի Սեբաստիա կատարեցան







Ս. ՔԱՌԱՍՈՒՆ ՄԱՆՈՒԿՆԵՐ (+316)
id578IV դ. սկզբին Կապադովկիայի կայսերական բանակի գնդերից մեկը, որը կազմված էր 40 քրիստոնյա երիտասարդներից, հռչակվել էր զարմանալի սխրանքներով: Միավորված քրիստոնեական անդավաճան սիրով և համատեղ աղոթքի բարի սովորությամբ, մշտապես ապավինելով Փրկչի զորությանը՝ զինվորները մարտի ամենաանհավանական իրավիճակներում դրսևորում էին բացառիկ տոկունություն՝ երբեք չզիջելով թշնամուն և միշտ հաղթանակ բերելով կայսերական զորքին: Այդ ժամանակ թեև ս. Կոստանդիանոս Մեծի (306-337) հրովարտակով 313 թ.-ից քրիստոնեությունն արտոնված կրոն էր, սակայն կայսրության արևելյան մասում իշխող Լիկինիոսը (307-324), լինելով համոզված հեթանոս, որոշում է վերսկսել քրիստոնյաների հալածանքները. նա հրահանգում է քննել զինվորականների դասը և բոլոր քրիստոնյաներին ստիպել մահվան սպառնալիքով վերադառնալ հեթանոսության:
Երբ 40 երիտասարդները լսում են հրահանգի մասին, առանց խռովվելու և երկմտելու սկսում են քաջալերել միմյանց ու աղոթել՝ հասկանալով, որ իրենց սպասում է մի վերջին՝ հոգևոր ճակատամարտ, որից դարձյալ պետք է հաղթանակով դուրս գալ մտնելու համար հավիտենական փառքի մեջ: Շուտով սկսվում է զինվորների դատավարությունը, որի ընթացքում նրանք միասիրտ և միաբան հայտարարում են, որ իրենց համար նախընտրելի է հնազանդվել երկնավոր Թագավորին: Ո՛չ դատավորի կեղծ գովեստներն ու առաջարկած փառքն ու պատիվը, ո՛չ էլ սպառնալիքներն ու բռնությունները չեն կարողանում նրանց հնազանդեցնել զոհեր մատուցելու կայսերական հրամանին: Քանզի բանտարգելության մեջ նրանք ավելի էին զորանում հարատև աղոթքով ու սաղմոսերգությամբ, իսկ բռնության փորձերը հրաշքով ձախողվում էին՝ փոխարենը վնասելով դահիճներին:
Ի վերջո դատավորը հրամայում է բոլորին մերկացնել և պարանով կապված տանել Սեբաստիայի մոտ գտնվող լիճը: Քանի որ ձմեռնամուտ էր, երեկոյան լիճը սառչում է, ինչից զինվորների մարմինները սկսում են ճարճատել՝ անասելի ցավեր պատճառելով: Բայց երանելի նահատակները շարունակ աղոթում էին՝ հայացքները երկնքին հառած: Գիշերը, չդիմանալով սաստկացող ցավերին, զինվորներից մեկն ինքնակամ լքում է ընկերներին և դիմում դեպի լճափի բաղնիքը, որը հատուկ ջեռուցվում էր հավատն ուրանալով լիճը լքել ցանկացողների համար: Սակայն այնտեղ նա անմիջապես վախճանվում է շնչարգելությունից: Մինչ մնացած 39-ը ողբում էին իրենց եղբոր կրկնակի կորուստը և հառաչելով աղոթում Բարձրյալին, կեսգիշերին հանկարծ լճի վրա մեծ լույս է ծագում, իսկ նահատակներին հսկող պահապաններից մեկը, ապշահար նայելով լույսին, տեսնում է, որ նրա միջից յուրաքանչյուրի վրա մի լուսեղեն պսակ է իջնում: Տեսիլքից ազդված՝ նա իսկույն արթնացնում է մյուս պահապաններին և հայտարարում, որ այսուհետ ինքն էլ է քրիստոնյա, և հանելով զգեստները՝ վազում է դեպի լիճը՝ միանալով նահատակներին: Առավոտյան դատավորն ապշում է՝ տեսնելով, որ զինվորները տակավին կենդանի են, իսկ պահապաններից մեկը միացել է նրանց: Այդժամ հրամայում է զինվորներին դուրս բերել լճից և փշրել նրանց սրունքները, մինչև մահանան, և բոլորի մարմիններն այրելով նետել գետը, որպեսզի նրանց նշխարները կորչեն և քրիստոնյաների համար պաշտամունքի առարկա չդառնան: Սակայն երեք օրից Սեբաստիայի եպիսկոպոսը, ըստ երազում ստացած ցուցումի, երեկոյան գտնում է մարտիրոսների նշխարները, որոնք գետի ծանծաղուտներից մեկում հավաքված՝ աստղերի պես փայլփլում էին ջրի մակերեսին: Նշխարներն ամփոփվում են տապանակում և առժամանակ պատվով պահվում Սեբաստիայի մի թաքուն վայրում, մինչև ավարտվեն հալածանքները: Երբ ս. Կոստանդիանոս կայսրը, հաղթելով Լիկինիոսին, 324 թ. տիրանում է ողջ կայսրությանը, սուրբ մարտիրոսների տապանակի վրա փառահեղ եկեղեցի է կառուցվում: Դարեր շարունակ բազում հրաշքներ են կատարվել 40 մանուկների նշխարների միջոցով, որոնք այսօր իբրև սուրբ մասունքներ սփռված են աշխարհի զանազան սրբավայրերում:



 
sacredtradition.am