ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ
id042Ապաշխարությունը
Եկեղեցու 7
խորհուրդներից մեկն է: Ապաշխարել նշանակում է ափսոսալ, ցավել կատարած
մեղքի համար, ձգտել թողություն ստանալ և ճիգերի միջոցով ազատվել
մեղքից: Եվ քանի որ մարդը շարունակ ենթակա է
մեղքի, ուստի ապաշխարությունը նրա համար մշտական անհրաժեշտություն է: Այն ընդգրկում է ճշմարիտ
քրիստոնյայի ողջ կյանքը՝ նրա
դարձից մինչև
մահվան մահիճը: Մշտապես ապաշխարելով՝ մարդը մաքրվում է
մկրտությունից հետո գործած
մեղքերից, արթնացնում
շնորհի ներգործությունը և արժանանալով ս.
հաղորդության՝ վերականգնում իր նախկին միությունը
Աստծո հետ:
Սուրբ հայրերն ապաշխարությունը բաժանում են 3 մասի՝ զղջում, խոստովանություն և հատուցում:
Զղջում
Զղջումը առաջին ճիգն է, որ պետք է մարդն իրագործի
մեղքից ազատվելու համար:
Մեղքից սթափվելուց կամ
մեղքը հիշելուց հետո
քրիստոնյան անմիջապես պետք է զղջա
Աստծո առջև: Զղջումն արտահայտվում է գործած
մեղքի համար ցավելով և սեփական անձը մեղադրելով ու կշտամբելով: Որքան մեծ է մարդու
սերը Աստծո հանդեպ, այնքան մեծ է լինում նրա զղջումը, խորին ու վերջնական: Իսկապես զղջացած
քրիստոնյան հաստատապես վճռում է այլևս չկրկնել իր
մեղքը՝ խնդրելով Տիրոջը. «Մի՛ տար ինձ
փորձության, այլ
փրկի՛ր չարից»:
Սակայն այլ բան է ցանկանալը, և այլ՝ կարողանալը: Լինելով անկատար՝ մարդը կարող է դարձյալ
մեղք գործել, որքան էլ խորապես զղջա և հրաժարվի
մեղքից: Նրան օգնություն է պետք ոչ միայն
Աստծուց, քանի որ դեռևս տկար է
հավատի ու
սիրո մեջ, այլև՝ մարդկանցից: Եվ ահա, այդ օգնությունը նա գտնում է
Եկեղեցում՝ իրականացնելով ապաշխարության հաջորդ քայլը՝ խոստովանությունը:
Խոստովանություն
Ըստ ուղղափառ
ավանդության՝ ամեն ոք, ով արդեն զղջացել է, չպիտի բավարարվի դրանով, այլ պետք է գնա
եկեղեցի և իր
մեղքը խոստովանի
քահանային: Խոստովանությունից հետո
քահանան արձակում է տալիս, այսինքն՝ իրեն տրված
երկնային շնորհով հավատացյալին արձակում է
մեղքի կապանքներից, և դրանով իսպառ ջնջվում է
մեղքի դատապարտությունը: Այս պատճառով խոստովանությունից հետո մարդու սրտում մեծ ուրախություն է տիրում, որովհետև նա վստահ է լինում, որ
ահեղ դատաստանի օրը չեն հիշվելու իր խոստովանած
մեղքերը:
Հատուցում
Սակայն
մեղքից վերջնականապես ազատվելու, սրտի միջից
մեղքն արմատախիլ անելու համար խոստովանությունը և արձակումը դեռևս բավական չեն: Որպեսզի այլևս
մեղքը չկրկնվի, պետք է կատարել
խոստովանահոր կողմից դրա դիմաց նշանակված հատուցումը: Այն երբեմն արտահայտվում է հատուկ
աղոթքներով ու
երկրպագություններով, երբեմն՝ ծոմապահությամբ, երբեմն՝
ողորմության գործերով:
Հատուցումը պետք է լինի գործած
մեղքի հակառակը, որպեսզի չեզոքացնի այն: Եթե
քրիստոնյան հատուցումը կատարի մեծ սիրով և ատելություն զգա իր գործած
մեղքի հանդեպ, այլևս չի կրկնի նույնը և կսկսի աճել իր
բարեպաշտության մեջ:
Ապաշխարության կարգը կատարելուց հետո հավատացյալը
քահանայի թույլտվությամբ
հաղորդություն է ստանում: Որոշակի առումով՝ ապաշխարել նշանակում է պատրաստվել
հաղորդության: Այս պատճառով
պահքի շրջանները, որոնց հաջորդող մեծ տոներին ժողովրդի մեծ մասը
հաղորդություն է առնում, կոչվում են նաև ապաշխարության շրջաններ: