русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԺԱՄԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ / ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄ
4 մարտի 2017թ. շաբաթ, ԳԿ
Զ օր Մեծի պահոց
Սրբոյն Թէոդորոսի զօրավարին

Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց Եկեղեցւոյ,
որ կատարի ի մէջ գիշերի՝ ի դէմս Հօր Աստուծոյ



Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Օրհնեալ համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնն՝ Հայր եւ Որդի եւ Հոգի Սուրբ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՍԱՂՄՈՍ Գ
Տէ՛ր, զի՜ բազում եղեն նեղիչք իմ, եւ բազումք յարեան ի վերայ իմ:
Բազումք ասէին զանձնէ իմմէ, թէ՝ «Չիք փրկութիւն սորա առ Աստուած իւր»:
Այլ Դու, Տէ՛ր, օգնական իմ ես, փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ:
Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ ի լեռնէ սրբոյ Իւրմէ:
Ես ննջեցի եւ ի քուն եղէ, զարթեայ, եւ Տէր ընդունելի իմ է:
Ոչ երկեայց ես ի բիւրաւոր զօրաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պաշարեալ պահէին զիս:
Արի՛, Տէ՛ր, եւ փրկեա՛ զիս, Աստուա՛ծ իմ. զի Դու հարեր զամենեսեան, ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց, եւ զատամունս մեղաւորաց փշրեսցես:
Տեառնդ է փրկութիւն, ի վերայ ժողովրդեան Քո՝ օրհնութիւն Քո:

ՍԱՂՄՈՍ ՁԷ
Տէ՛ր Աստուած փրկութեան իմոյ, ի տուէ կարդացի եւ ի գիշերի առաջի Քո:
Մտցեն աղօթք իմ առաջի Քո, Տէ՛ր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս իմ,
Զի լցաւ չարչարանօք անձն իմ, եւ կեանք իմ ի դժոխս մերձեցան, եւ համարեցայ ես ընդ այնոսիկ, որք իջանեն ի գուբ:
Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի եւ ի մեռեալս ազատ:
Որպէս զվիրաւորս, որք ննջեն ի գերեզմանի:
Զորս Դու ոչ յիշեցեր, նոքա ի ձեռանէ Քումմէ մերժեցան:
Եդին զիս ի գբի ներքնումն՝ ի խաւարի եւ ի ստուերս մահու:
Յիս հաստատեցաւ սրտմտութիւն Քո, զամենայն զբօսանս Քո ածեր ի վերայ իմ:
Հեռի արարեր յինէն զծանօթս իմ, եւ եդին զիս նշաւակ իւրեանց:
Մատնեցայ եւ ոչ ելանէի, աչք իմ տկարացան յաղքատութենէ:
Աղաղակեցի առ Տէր զօրհանապազ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Մի՞թէ մեռելոց առնիցես զսքանչելիս Քո, կամ բժիշկք յարուցեալ խոստովան առնիցի՞ն առ Քեզ:
Մի՞թէ պատմեսցէ ոք երբեք ի գերեզմանի զողորմութիւնս Քո կամ զճշմարտութիւնս Քո` ի կորստեան:
Մի՞թէ ճանաչիցին ի խաւարի սքանչելիք Քո, կամ արդարութիւն Քո` յերկիր մոռացեալ:
Ես առ Քեզ, Տէ՛ր, աղաղակեցի. առաւօտու աղօթք իմ ժամանեսցեն առ Քեզ:
Ընդէ՞ր, Տէ՛ր, մերժես զանձն իմ կամ դարձուցանես զերեսս Քո յինէն:
Տնանկ եւ վաստակաւոր եմ ես ի մանկութենէ իմմէ. ի բարձրութենէ խոնարհեցայ եւ ապշեցայ:
Յիս հաստատեցաւ բարկութիւն Քո, արհաւիրք Քո խռովեցուցին զիս,
Շրջեցան զինեւ որպէս ջուր, զօր ամենայն պաշարեցին զիս ի միասին:
Հեռի արարեր յինէն զբարեկամս իմ եւ զծանօթս իմ վասն թշուառութեան իմոյ:

ՍԱՂՄՈՍ ՃԲ
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր, եւ ամենայն ոսկերք իմ՝ զանուն սուրբ Նորա:
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր եւ մի՛ մոռանար զամենայն տուրս Նորա.
Ո քաւէ զմեղս քո, բժշկէ զամենայն հիւանդութիւնս քո.
Ո փրկէ յապականութենէ զկեանս քո, պսակէ զքեզ ողորմութեամբ եւ գթութեամբ.
Ո լնու ի բարութենէ զցանկութիւն քո, նորոգեսցի որպէս արծուոյ մանկութիւն քո:
Առնէ ողորմութիւնս Տէր եւ իրաւունս ամենայն զրկելոց:
Եցոյց Տէր զճանապարհս Իւր Մովսիսի եւ որդւոցն Իսրայելի զկամս Իւր:
Գթած, ողորմած է Տէր, երկայնամիտ եւ բազումողորմ:
Ոչ ի սպառ բարկանայ Տէր եւ ոչ յաւիտեան պահէ ոխս:
Ոչ ըստ մեղաց մերոց արար մեզ եւ ոչ ըստ անօրէնութեան մերում հատոյց մեզ.
Այլ որպէս բարձր են երկինք յերկրէ, այնպէս զօրացոյց Տէր զողորմութիւն Իւր ի վերայ երկիւղածաց Իւրոց:
Որչափ հեռի են արեւելք յարեւմտից, այնչափ հեռի արար ի մէնջ զանօրէնութիւնս մեր:
Որպէս գթայ հայր ի վերայ որդւոց իւրոց, այնպէս գթասցի Տէր յերկիւղածս Իւր.
Զի Նա գիտաց զստեղծուածս մեր եւ յիշեաց, թէ հող եմք:
Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր, որպէս ծաղիկ վայրի՝ այնպէս ծաղկէ:
Շնչէ ի նմա հողմ, եւ ոչ է, եւ ոչ եւս երեւի տեղի նորա:
Բայց ողորմութիւն Տեառն յաւիտեանս յաւիտենից ի վերայ երկիւղածաց Իւրոց, եւ արդարութիւն Նորա յորդւոց մինչեւ յորդիս,
Ոյք պահեն զուխտս Նորա, յիշեն զպատուիրանս Նորա եւ առնեն զնա:
Տէր յերկինս պատրաստեաց զաթոռ Իւր, արքայութիւն Նորա ամենեցուն տիրէ:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն հրեշտա՛կք Նորա՝ հզօրք զօրութեամբ, ոյք առնէք զբան Նորա ի լսել ձայնի պատգամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն զօրութի՛ւնք Նորա, պաշտօնեա՛յք եւ արարո՛ղք կամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն գո՛րծք Նորա. զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Նորա. օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր:

ՍԱՂՄՈՍ ՃԽԲ
Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց, ո՛ւնկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ Քով:
Լո՛ւր ինձ արդարութեամբ Քով եւ մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի Քում, զի ոչ արդարանայ առաջի Քո ամենայն կենդանի:
Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից:
Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս:
Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն գործս Քո. յարարածս ձեռաց Քոց խորհեցայ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ Քեզ. վաղվաղակի լո՛ւր ինձ, Տէ՛ր, զի նուաղեաց յինէն հոգի իմ:
Մի՛ դարձուցաներ զերեսս Քո յինէն. նմանիցեմ այնոցիկ, ոյք իջանեն ի գուբ:
Լսելի՛ արա ինձ առաւօտու զողորմութիւնս Քո, զի ես ի Քեզ, Տէ՛ր, յուսացայ:
Ցո՛յց ինձ ճանապարհ, յոր եւ գնացից, զի առ Քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ:
Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Տէ՛ր, զի զՔեզ ապաւէն ինձ արարի:
Ուսո՛ ինձ առնել զկամս Քո, զի Դու ես Աստուած իմ:
Հոգի Քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ:
Վասն անուան Քո, Տէ՛ր, կեցուսցես զիս, արդարութեամբ Քով հանցես ի նեղութենէ զանձն իմ:
Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՔԱՐՈԶ
Խոսրով Անձևացու մեկնությունը՝ (թարգմ.՝ Բագրատ եպս. Գալստանյանի). Խոսքի սկիզբն արտահայտում է Աստծո խնամքը, որ նախքան հանդերձյալ կյանքը, այստեղ իսկ աշխատանքից, հոգնությունից, մեղքից և գիշերվա տարատեսակ տրտմություններից քնի միջոցով հանգիստ պարգևեց, որովհետև թեպետ այս ամենին պարտավորվեցինք ադամական մեղքի պատճառով, սակայն մարդասեր Աստծո գութը չհանդուրժեց մեզ այսպիսի տառապանքի մեջ թողնել։
ամենեքեան ի հանգստենէ քնոյ, զոր շնորհեաց մեզ մարդասէրն Աստուած ի մխիթարութիւն եւ ի սփոփանս տկարութեան մերում, եւ եկեալքս
Այստեղ անիմաստ կերպով չէ, որ ավելացնում է միաբան լինելը կամ էլ, ինչպես սկզբում, զարթուցեալքսին կից ամենաքեանը նշելը, այլ որպեսզի ցույց տա, թե Աստծուն պաշտամունք մատուցելու ժամանակ ամենքի միաբանված լինելը Աստծուն՝ դյուրահաշտ, մեզ՝ զորավոր, իսկ դևերի մարտը անզոր է դարձնում։
Երգը հոգևոր ասելով՝ հայտնում է, ըստ Պողոս առաքյալի, թե Սուրբ Հոգին օգնության և գործակցության է հասնում մեր տկարությունների մեջ (հմմտ. Հռոմ Ը 26), մտքով երգակից է լինում սրբերին և հորդորում է մնալ Աստծո փառաբանության մեջ։
ի փառաբանութիւն եւ ի պատիւ ամենասուրբ անուան
Տեր եւ Փրկիչ է ասում, Տերը՝ ստեղծելու և մեզ տիրելու պատճառով, իսկ Փրկիչ, քանզի Իր անձը որպես փրկանք տվեց և Իր արյամբ փրկեց մեզ մեղքից ու մահվանից և վերացրեց անեծքը, որ մեզ վրա էր։ Այս պատճառով էլ հաճախ երկու անուններով ենք կոչում Նրան, որովհետև, շնորհակալություն ենք հայտնում Իր արարչության և խնամակալության համար, որով մեզ հարազատություն հայտնեց։
Յիսուսի Քրիստոսի՝
Հրեշտակների օրինակով մեզ հրամայում է ահ ու դող ունենալ, այդ պատճառով է հավելում՝ առաջի Նորա, քանզի ինչպես հրեշտակները Նրա փառքից միշտ ահաբեկված են, նույնպես և մենք, դեպի Աստված մեր միտքը ուղղելով և մեծ փառքի առջև, կանգնած լինելով, երկյուղով Նրան պիտի պաշտենք։
Եւ գոհացարուք զՆմանէ ի գիշերային ժամուս յայսմիկ վասն
Ցույց է տալիս ճշմարտությունն ու արդարությունը, որն իրագործեց մեր նկատմամբ ոչ թե ըստ արժանիքի՝ այլ ողորմելով:
Նորա. որ
Ասում է՝ ողորմեց, այդ պատճառով էլ ընտրեց, որովհետև, խոտան էինք և Աստծո ներկայությունից զրկված։ Ըստ առաքելական խոսքի՝ ողորմությունը մեզ ընտրյալ դարձրեց. «Ընտրեց մեզ Նրանով (այսինքն Քրիստոսի միջոցով) նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ» (հմմտ. Եփես. Ա 4)
եւ շնորհեաց մեզ բերել զնմանութիւն երկնային հրեշտակացն ի փառաբանիչս Տեառն Աստուծոյ ամենեցուն եւ մեզ լինիլ: Եւ մեք, այսուհետեւ
Այսինքն, որովհետև երկրում մեզ հրեշտակների նման դարձրեց, մեր անձերում ընդունենք հրեշտակային սրբությունը և, եթե մարդկային բնությամբ ինչ որ սխալ ենք գործել, խոստովանությամբ և ապաշխարությամբ այն սրբելով, մաքրվենք։
ի խղճէ եւ ի չար գործոց,
Ինչպես մարգարեն է հրամայում.«Գիշերը դեպի սրբությունը պարզեցեք ձեռքերը» (Սաղմ. ՃԼԳ 2), նույն կերպով և քարոզը հրամայում է նախ՝ սրբել մեղքը և չար գործերը և ապա բարձրացնել ձեռքերը դեպի սրբություն։
Քանզի աղոթողին պետք է աներկմիտ հավատով և անբարկանալի մտքով աղոթքը մատուցել Աստծուն, որի համար և Տերն է ասում. «Թող քո ընծան սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ինձ աղերսիր» (հմմտ. Մատթ. Ե 24)։ Այդ պատճառով և այս քարոզը հորդորում է բարկությունը թողնել և ապա Աստծուց քավություն հայցել:
Հաւատով խնդրեսցուք ի Նմանէ զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց՝
Քանզի ասաց՝ նախ սրբել մեր անձերը մեղքից (այստեղ նաև օրինակն է տալիս, թե ինչպես), ըստ որի՝ սրբվում ենք խոստովանությամբ և քավություն խնդրելով, որովհետև, եթե չխոստովանենք, Ծածկագետից չենք կարող թաքցնել։ Սակայն խոստովանությամբ և մեղքը գիտակցելով մենք խոնարհության ենք հասնում, ամաչում ենք, զղջում և պաղատում ենք, որով և Աստծուց ողորմություն և ներում ենք գտնում և արդարանում։ Քանզի մարգարեի միջոցով իսկ ասում է. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Ես. ԽԳ 26)
ծածկագիտին Աստուծոյ: Որպէս զի ընդունելով զպաղատանս մեր աղօթիւք եւ բարեխօսութեամբ ամենայն սրբոց՝
Հայտնի է դարձնում, որ Նրա պարգևները ձրի են, թեպետ և շատերս առաքինանանք, որովհետև սիրում է մարդկանց։ Եվ առաքինությամբ և անբիծ ապրելը շնորհ է, որ շնորհում է մարդասերն Աստված։ Սակայն անարատ վարքով ապրելն առավել պատիվ է, քան արքայությունը, որին ավելի մեծ ցանկությամբ են բաղձում ընտրյալները, քան երկնքի բարիքներին, որովհետև, ցանկանում են ոչ թե վարձատրվել Քրիստոսից, այլ տառապել Քրիստոսի համար։ Եվ առ Քրիստոս ունեցած սիրո պատճառով՝ Քրիստոսի համար չարչարվելն ավելի ախորժական էր, քան Քրիստոսի հետ փառքի մեջ լինելը։ Ինչպես և երանելի Հովհան Ոսկեբերանն է ասում. «Նախընտրում եմ Քրիստոսի համար կապանքների մեջ լինել, քան քերովբեների հետ մերձ լինել Աստծուն»։ Նաև երջանիկ Գրիգոր Աստվածաբանն է գրում. «Որպեսզի չասեմ, թե նույնինքն տքնելն արդեն իսկ վարձատրություն է, որն ամենևին մտքի վաճառականություն չէ», և նաև ընտրյալ Նյուսացի Գրիգորն է այս իմաստով ասում Սողոմոնի «Երգ Երգոց» օրհնության մեկնության մեջ. «Սիրո առաքինության պատճառով է, որ հարսին ունի և ոչ թե որպես վարձատրություն»։ Նաև՝ Աստվածաբանը, ինչպես և Նյուսացին, երեք չափանիշներ են սահմանում արդարության մասին՝ երկյուղի պատճառով, վարձատրության պատճառով և սիրո պատճառով։ Նյուսացին սիրո գերակայությունը բացատրում է ամուսնական մերձավորության օրինակով, ըստ Սողոմոնի, իսկ Աստվածաբանը՝ որդիության օրինակով եռակարգ դասակարգումով. ծառա է կոչում երկյուղով ուղղվածներին, վարձկան՝ հոժարակամ ստացողներին, ապա, առավել քան այս երկուսը, ասում է՝ որդին է հոր հավանածը և ոչ թե վարձկանը։ Արդ, առաջին և մեծ պարգևն այս է՝ առաքինություն ստանալ, և երկրորդը՝ հավիտենական ուրախության արժանանալ, որը Քրիստոսի սիրողները կստանան Նրանից՝ ըստ Նրա անսուտ խոստումի։
ըստ կամաց Նորա յայսմ աշխարհիս եւ արժանաւոր լինելով յաւիտենական եւ երկնային խորանացն, զոր խոստացաւ սիրելեաց Իւրոց ճշմարիտն Աստուած Յիսուս Քրիստոս: Տէ՛ր մեր,
Խնդրանքով է ամփոփում խոսքը՝ տնօրինական անունները հիշելով, որ մեզ համար եղավ և կոչվեց Հիսուս, որ է Փրկիչ (հմմտ. Մատթ. Ա 21, Ղուկ. Ա 31), քանզի փրկեց մեզ մոլորությունից և սատանայական գործերից, մեղքից, անեծքից, մահվանից, ապականությունից և դժոխքից։ Եվ Քրիստոս կոչվեց, որովհետև Հոգով օծվեց և կոչվում է Քրիստոս՝ այսինքն Օծյալ (Ղուկ. Բ 11) եւ նույն Հոգով «մեզ ևս օծեց» (Բ Կորնթ. Ա 21), օծվածներ դարձրեց և անվանեց քրիստոնյաներ։

Կեցո՛, Տէ՛ր:
Զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել՝ հաւատով ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զհրեշտակ խաղաղութեան՝ պահապան անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զսրբոյ խաչին մեծ եւ կարող զօրութիւն յօգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
ԶՔէն գոհանամք, Տէր Աստուա՛ծ մեր, որ շնորհեցեր մեզ հանգիստ քնոյ խաղաղութեամբ: Եւ զարթուցեալ ժամանեցուցեր զմեզ կանխել յերկրպագութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ: Տո՛ւր մեզ, Տէ՛ր, աղաչեմք զՔեզ, զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել. եւ զամենայն ժամանակս կենաց պանդխտութեան մերոյ երկիւղիւդ Քո ամրացո՛ եւ պահեա՛: Որպէս զի զգուշութեամբ եւ անարատ վարուք կրօնաւորեալք յայսմ աշխարհիս՝ ժամանեսցուք յանքոյթ եւ ի խաղաղ նաւահանգիստ յաւիտենական ի կեանսդ՝ շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Ընդ Որում Քեզ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Նայեա՛ց, Տէ՛ր բարերար, ողորմութեամբ Քով յերկրպագուս եւ ի փառաբանիչս անուանդ Քում սրբոյ: Տէ՛ր զօրութեանց, խաղաղացո՛ զանձինս մեր յամենայն սատանայական խռովութեանց եւ յաշխարհական զբօսանաց: Զհրեշտակ խաղաղութեան Քո առաքեա՛ առ մեզ, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում: Որպէս զի բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս Քեզ Տեառնդ ծառայելով ի կեանս յայսոսիկ՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:


ՇԱՐԱԿԱՆ ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ


Օրհնութիւն ապաշխարութեան գկ.

(Ողր. ապաշխարութեան գկ. Ա.)


Քրիստոս Աստուա՛ծ աստուծոց, ողորմեա՛:
Անօրէնութեամբ ի մեղս երկնեաց զիս մայր իմ. աղաչեմ, Փրկի՛չ, ողորմեա՛:
Վիրաւորեալ մեղօք անկանիմ առ Քեզ, Փրկի՛չ. մի՛ անտես առներ, ողորմեա՛:

(Ողր. ապաշխարութեան գկ. Բ.)


Մաքսաւորն հառաչանօք ի տաճարին էառ զքաւութիւն. նովին ձայնիւն եւ ես գոչեմ. ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ:
Աւազակն աղաղակէր ի խաչին. «Յիշեա՛ զիս, Տէ՛ր». նովին ձայնիւն եւ ես գոչեմ. ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ:
Անառակ որդին աղերսանօք աղաչէր զՔեզ. «Հա՛յր, մեղայ յերկինս եւ առաջի Քո». նովին ձայնիւն եւ ես գոչեմ. ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ:

(Ողր. Մեծի պահոց Դ կիւրակէի գկ.)


Շնորհեա՛ մեզ, Տէ՛ր, ընդ աղքատաց օրինակին Ղազարու ժուժկալութիւն, զի կամաւոր աղքատութեամբ արքայութեանդ երկնից ընդ նմին լիցուք արժանի. լո՛ւր մեզ եւ ողորմեա՛, Քրիստո՛ս Աստուած:
Որ փոխանակ հացին կարօտութեան զհացն անմահութեան նմա շնորհեցեր եւ ընդ մեծատանն անգթութեան ի գոգն Աբրահամու զնա ընկալար, լո՛ւր մեզ եւ ողորմեա՛, Քրիստո՛ս Աստուած:
Լուսաւորեա՛ զաչս սրտից՝ ստանալ մեզ ողորմութեամբ ի Քէն, Տէ՛ր, զողորմութիւն, զի մի՛ ընդ մեծատանն հայցեսցուք ի բոց հնոցին ծագիւ մատին ջուր ի զովացումն. լո՛ւր մեզ եւ ողորմեա՛, Քրիստո՛ս Աստուած:

(Տրյ. ապաշխարութեան գկ. Ա.)


Զանսկիզբն Աստուած՝ զՀայրն ամենակալ, բարեբանեցէ՛ք ընդ զուարթունս երկնից:
Զառ ի Հօրէ ծնեալ զՈրդին Միածին բարեբանեցէ՛ք հրեշտակային ձայնիւ:
Եւ զնորոգող Սուրբ զՀոգին ձայնիւ ցնծութեամբ բարեբանեցէ՛ք անլռելի ձայնիւ:

(Տրյ. ապաշխարութեան գկ. Բ.)


Անսկի՛զբն Աստուած եւ Թագաւո՛ր երկնաւոր՝ բարեբանեալ ի զօրաց անմահից երկնաւորաց, զՔեզ օրհնեմք, Հա՛յր անսկիզբն:
Խոնարհեցար ի բարձանց վասն մերոյ փրկութեան, Արձակի՛չ կապելոց եւ Բժի՛շկ հոգւոց մերոց. զՔեզ գովեմք, Որդի՛դ Միածին:
Որ էակիցդ ես ընդ Հօր եւ փառակից Միածնիդ, բաշխող պարգեւաց եւ տուող ողորմութեան, զՔեզ բարեբանեմք, Սուրբ Հոգի՛դ ճշմարիտ:

(Տրյ. Մեծի պահոց Դ կիւրակէի գկ.)


Որ զլոյս աստուածային Քո բանի ծագեցեր յաշխարհամած խաւարն անգիտութեան, լուսաւորեա՛ եւ զմեզ, Հօ՛ր Իմաստութիւն:
Որ զհամօրէն դատաստանին օրինակ նշանակեցեր առ մեծատունն եւ Ղազարոս՝ ներհակաբար տալով, զոր աստ ընկալան:
Վասն որոյ աղաչեսցուք զՔեզ, Տէ՛ր, փրկել զմեզ ի հրոյ մեղաց եւ տանջանաց, հանգչիլ ի գոգ նահապետին արդարոյ:
Որով եւ մեք ընդ հրեշտակացն դասուց, անբաժանելի Սուրբ Երրորդութեանդ համաձայնեալ, երգեմք զփառս ի բարձունս:

(Օրհ. Մեծի պահոց Գ կիւրակէի գկ. Ա., 4-դ տուն)


Ուրախացի՛ր, Բարձրելոյն հովանացեա՛լ զօրութեամբ եւ բնակարա՛ն Սուրբ Հոգւոյն, Որով ծնար զԲանն Աստուած. բարեխօսեա՛ վասն մեր, Աստուածածի՛ն Մարիամ:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:

(Օրհ. Մեծի պահոց Գ կիւրակէի գկ. Բ., 4-դ տուն)


Աղբի՛ւր կենաց՝ բղխեալ յԵդեմայ, սո՛ւրբ Աստուածածին, որով արբեցաւ երկիր ծարաւուտ Հոգւոյն իմաստիւք, տալ մեզ մաղթեա՛ աղբիւրս արտասուաց՝ մաքրել զմեզ ի մեղաց մերոց:

Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Տրյ. Խաչվերացի ուրբաթու գկ., 3-րդ տուն)


Քեւ ցնծան ստորայինքս ամենայն ի միւսանգամ Քո գալստեանն, եւ յաւէժ զուարճանան դասք անմարմնոցն առ էիցս:

ՍԱՂՄՈՍ ԻԹ
Բարձր առնեմ զքեզ, Տէ՛ր, զի ընկալար զիս եւ ոչ ուրախ արարեր զթշնամին իմ յիս:
Տէ՛ր Աստուած իմ, կարդացի առ Քեզ, եւ բժշկեցեր զիս. Տէ՛ր, հաներ ի դժոխոց զանձն իմ, փրկեցեր զիս յայնցանէ, որք իջանեն ի գուբ:
Սաղմո՛ս ասացէք Տեառն, սո՛ւրբք Նորա եւ խոստովա՛ն եղերուք յիշատակի սրբութեան Նորա:
Սրտմտութիւն է ի բարկութեան Նորա, եւ կեանք են ի կամաց Նորա:
Ընդ երեկոյս հանգիցեն լալիք, առաւօտու եղիցի ուրախութիւն:
Ես ասացի ի բարեկենդանութեան իմում, թէ՝ ոչ սասանեցայց յաւիտեան:
Տէ՛ր, ի կամս Քո ետուր գեղոյ իմոյ զօրութիւն, դարձուցեր զերեսս Քո յինէն, եւ ես եղէ խռովեալ:
Առ Քեզ, Տէ՛ր, կարդացի եւ առ Աստուած իմ աղաղակեցի. զի՞նչ օգուտ է Քեզ յարենէ իմմէ, թէ իջանեմ ես յապականութիւն:
Մի՞թէ հող խոստովան առնիցի առ Քեզ կամ պատմեսցէ զճշմարտութիւնս Քո:
Լուաւ ինձ Տէր եւ ողորմեցաւ եւ Տէր եղեւ ինձ օգնական:
Դարձոյց զսուգ իմ յուրախութիւն, զերծ յինէն զքուրձ եւ ինձ զգեցոյց զուրախութիւն:
Որպէս սաղմոս ասասցեն Քեզ փառք իմ, եւ այլ մի՛ եւս զղջացայց. Տէ՛ր Աստուած իմ, յաւիտեան խոստովան եղէց Քեզ:

ԱՒԵՏԱՐԱՆ ՀԱՆԳՍՏԵԱՆ
(ԱԿ, ԳԿ)

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի, որ ըստ Ղուկասու
(գլ. 12.32-48)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

«Մի՛ երկնչիր, հօ՛տ փոքրիկ, զի հաճեցաւ Հայր ձեր տալ ձեզ զարքայութիւն:
Վաճառեցէ՛ք զինչս ձեր եւ տո՛ւք ողորմութիւն. եւ արարէ՛ք ձեզ քսակս առանց հնանալոյ, գանձ անպակաս յերկինս, ուր ո՛չ գող մերձենայ, եւ ո՛չ ցեց ապականէ:
Զի ուր գանձն ձեր է, անդ եւ սիրտք ձեր եղիցին:
Եղիցին գօտիք ձեր պնդեալ ընդ մէջս, եւ ճրագունք՝ լուցեալք, եւ դուք՝ նմանողք մարդկան, որ ակն ունիցին տեառն իւրեանց, թէ երբ դառնայցէ ի հարսանեաց, զի յորժամ գայցէ եւ բախիցէ, վաղվաղակի բանայցեն նմա:
Երանի իցէ ծառայիցն այնոցիկ, զորս եկեալ տէրն գտցէ արթունս. ամէն ասեմ ձեզ, զի գօտի ընդ մէջ ածցէ եւ բազմեցուսցէ զնոսա եւ անցեալ պաշտիցէ զնոսա. եւ եթէ յերկրորդ կամ յերրորդ պահու եկեսցէ եւ գտցէ այնպէս, երանելի են ծառայքն այնոքիկ:
Բայց զայն գիտասջիք. եթէ գիտէր տանուտէրն, յորում ժամու գող գայ, հսկէր եւ չտայր թոյլ ական հատանել ի տան իւրում:
Եւ դո՛ւք եղերուք պատրաստք, զի յորում ժամու ոչ կարծիցէք, գայ Որդի մարդոյ»:
Ասէ Պետրոս. «Տէր, առ մե՞զ ասացեր զառակդ զայդ, թէ՞ առ ամենեսեան»:
Եւ ասէ Տէր. «Ո՞վ իցէ հաւատարիմ տնտես եւ իմաստուն, զոր կացոյց տէր իւր ի վերայ գերդաստանի իւրոյ՝ տալ ի ժամու զկերակուրս:
Երանի իցէ ծառային այնմիկ, զոր եկեալ տէր իւր՝ գտանիցէ արարեալ այնպէս:
Արդարեւ ասեմ ձեզ, զի ի վերայ ամենայն ընչից իւրոց կացուսցէ զնա:
Ապա եթէ ասիցէ ծառայն այն ի սրտի իւրում՝ «Յամէ տէր իմ ի գալ», եւ սկսանիցի հարկանել զծառայսն եւ զաղախնայսն, ուտել եւ ըմպել եւ արբենալ, եկեսցէ տէր ծառային այնորիկ յաւուր, յորում ակն ոչ ունիցի, եւ ի ժամու, յորում ոչ գիտիցէ, ընդ մէջ կտրեսցէ զնա եւ զմասն նորա ընդ անհաւատս դիցէ:
Եւ ծառայ, որ գիտիցէ զկամս տեառն իւրոյ եւ ոչ պատրաստիցէ ըստ կամաց նորա, արբցէ գան բազում:
Եւ որ ոչն գիտիցէ եւ արժանի գանի ինչ գործիցէ, արբցէ գան սակաւ. ամենայնի, որում շատ տուաւ, շատ խնդրեսցի ի նմանէ, եւ որում բազում աւանդեցաւ, առաւել եւս պահանջեսցեն ի նմանէ»:

ՄԱՂԹԱՆՔ
Հոգւոցն հանգուցելոց, Քրիստո՛ս Աստուած, արա՛ հանգիստ եւ ողորմութիւն. եւ մեզ՝ մեղաւորացս, շնորհեա՛ զթողութիւն յանցանաց:

ՔԱՐՈԶ
Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:
Վասն հանգուցեալ հոգւոցն աղաչեսցուք զՓրկիչն մեր Քրիստոս, զի զնոսա ընդ արդարսն դասեսցէ եւ զմեզ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան Իւրոյ:
Ամենակալ Տէր Աստուա՛ծ մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
Քրիստոս Որդի՛ Աստուծոյ, անոխակա՛լ եւ բարեգո՛ւթ, գթա՛ Քո արարչական սիրովդ ի հոգիս հանգուցեալ ծառայից Քոց: Յիշեա՛ յաւուր մեծի գալստեան արքայութեան Քո: Արա՛ արժանի ողորմութեան, քաւութեան եւ թողութեան մեղաց: Դասաւորեալ պայծառացո՛ ընդ սուրբս Քո յաջակողմեան դասուն, զի Դու ես Տէր եւ Արարիչ ամենեցուն, Դատաւոր կենդանեաց եւ մեռելոց. եւ Քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

ՇԱՐԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ


Օրհնութիւն համօրէն մարտիրոսաց գկ.

(Ողր. Համօրէն մարտիրոսաց գկ. Ա.)


Այսօր հրեշտակաց դասքն ի յերկինս ուրախանան ի վերայ ճգնութեան սրբոցն:
Այսօր ճգնազգեաց սրբոց դասքն ի յերկրի պսակեցան երկնային աստուածեղէն փառօքն:
Այսօր անմարմնոց զինուորութիւնքն մեծապէս տօնեն, քանզի երկրաւոր զինաւորաց բազմութիւնքն ընծայեցան ի խորան սրբութեան երկնից:

(Ողր. Համօրէն մարտիրոսաց գկ. Բ.)


Սո՛ւրբ Աստուած, Հա՛յր անսկիզբն, որ փառաւորեալդ ես ի մէջ սրբոց Քոց, օրհնեմք զՔեզ ընդ զուարթունս երկնից:
Սո՛ւրբ Աստուած, Որդի՛դ Միածին, որ պահեցեր յաղթող զճգնութիւն սրբոց Քոց, գովեմք զՔեզ ընդ զուարթունս երկնից:
Սո՛ւրբ Աստուած, Հոգի՛դ ճշմարիտ, որ նորոգեցեր զտիեզերս ճշմարիտ երկրպագութեամբ Սուրբ Երրորդութեանդ, բարեբանեմք զՔեզ անլռելի ձայնիւ:

(Ողր. Համօրէն մարտիրոսաց գկ. Գ.)


Ճգնաւորական աշխատութեանց համբերեցին սուրբ մարտիրոսքն եւ զպատերազմն չարին վանեցին ժուժկալութեամբ. բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Որք հեղին զարիւնս իւրեանց փոխանակ արեան Քո, Տէ՛ր, եւ զբռնութիւն հրապուրողին վանեցին ժուժկալութեամբ, բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Եւ զպսակս անապական ընկալան ի Քէն, Քրիստո՛ս, եւ դասաւորեցան ի դասս վերին զուարթնոցն, բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:

(Ողր. Համօրէն մարտիրոսաց գկ. Դ.)


Նահատա՛կք յաղթողք, քա՛ջք ի մարտի, երանելի սո՛ւրբ մարտիրոսք, որք վանեալ զթշնամին՝ խորտակեցիք:
Հրեշտակացն դասքն տօնակից են մեզ, եւ ջոկք աթոռոցն զուարճացեալ բերկրին ընդ վարդագոյն ձեր հեղումն արեան, որք վանեալ զթշնամին՝ խորտակեցիք:
Անթառամ պսակն ձեզ աւանդեալ՝ մնայ քան զականս պատուականս գերագոյն հրաշիւք, որք վանեալ զթշնամին՝ խորտակեցիք:

(Ողր. Համօրէն մարտիրոսաց գկ. Ե., 1-2 տներ)


Այսօր մարտիրոսաց դասքն ցնծացեալ բերկրին ընդ առաջ Տեառն Քրիստոսի՝ Որդւոյն Աստուծոյ:
Ձայն ի յերկնից վկայեալ՝ ասէ. «Եկա՛յք, օրհնեա՛լք Հօր Իմոյ, ժառանգո՛րդք երկնից խորանացն:

(Օրհ. Սրբոց քառասնից մանկանց գկ. Ա.)


Այսօր ընդ անմարմնոցն դասս պարեն, որք ի Սեբաստիա ճգնութեամբ պատերազմեալք՝ յաղթեցին թշնամւոյն. բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Եւ զմոլութիւն անօրէն բռնաւորին աստուածային արութեամբ վանեալ, տարեալ ժուժկալութեամբ՝ համբերեցին տանջանացն. բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Ի ձուլիլ պատուական մարմնոցն ի դժնդակ օդոյն՝ տագնապէին ի լճին սառուցելոյ յանտանելի տանջանացն. զաչս ի յերկինս համբարձեալ եւ զօգնութիւն ի Քէն խնդրէին. որ յոյս եւ ապաւէնդ ես Քոց սրբոց, խնայեա՛ ի մեզ:

(Օրհ. Հոգեգալստեան Ե աւուր գկ. Ա.)


Զանսկզբնաբար Բղխումն ի Հօրէ՝ զՀոգին ճշմարիտ, որ հնչմամբ ձայնի էջ ի վերնատունն այսօր նման սաստիկ հողմոյ, զՈր փառաւորեմք հոգեւոր երգով:
ԶՀամագոյակիցն Հօր եւ Որդւոյ՝ զԲաշխողն շնորհաց, որ ի հրեղէն լեզուս բաժանեալ զբանն ընտրութեան լեզուաց շնորհեաց սուրբ առաքելոցն, զՈր փառաւորեմք հոգեւոր երգով:
ԶԱղբիւրն իմաստութեան՝ զԿատարեալն անձնաւորութեամբ, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս, զՈր փառաւորեմք հոգեւոր երգով:

(Տրյ. Հանգստեան գկ. Դ.)


Փա՜ռք Քեզ, Աստուա՛ծ՝ փառաւորեալ յաւիտեան, որ կենարարդ ես մարմնոց եւ գոյացուցիչ հոգւոց մեր ննջեցելոցն։
Որ բարձրացար ի խաչին վասն Ադամայ նորոգման եւ իջանելով Քո ի դժոխս՝ աւար առեր զգերեալսն:
Զգինս արեան Քո յիշեա՛, Կենագործո՛ղ աշխարհի, եւ հանգստեան արժանաւորեա՛ յԵրուսաղէմն վերին։

(Մեծ. գկ.)


ԶԱստուածածինն եւ զմիշտ Կոյսն անդադար օրհնեսցուք, քանզի ծագեաց մեզ լոյս երեսաց եւ Փրկիչ անձանց մերոց:
Խնդա՛ եւ ուրա՛խ լեր, անհարսնացեա՛լ մայր, քանզի որ ի քէն ծնաւ մեզ, Աստուած ի փրկութիւն անձանց մերոց:
Գանձ անապական գտար, սո՛ւրբ Աստուածածին. բարեխօսեա՛ Քրիստոսի Աստուծոյ մերոյ կեցուցանել զանձինս մեր:

(Ճշւ. Խաչվերացի գկ. տէր թգ.)


Յաղթող եւ զնոր օրհնութիւն միշտ ի բաձունս երգեսցուք Թագաւորին Քրիստոսի, հաւատացեա՛լ ժողովուրդք:
Որ եկն ի լուսաւորել զընտրեալ սուրբ զԵկեղեցի եւ պսակեաց սուրբ խաչիւն, Նմա զփառս երգեսցուք:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:

Այսօր եւ մեք տօնեսցուք զնաւակատիս սուրբ խաչին եւ Փրկողին մատուսցուք փառք եւ պատիւ յաւիտեան:

Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Ողր. Համօրէն մարտիրոսաց գկ. Ե., 3-րդ տուն)


Լցէ՛ք զտեղի անկելոցն ապստամբողական թշնամւոյն, որ ի յերկնից վայր անկեալ»:

ՄԱՂԹԱՆՔ
Բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին եւ Յովհաննու Մկրտչին, սրբոյն Ստեփանոսի Նախավկային եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին, յիշատակաւ եւ աղօթիւք սրբոյն Թէոդորոսի զօրավարին, որոյ այսօր է յիշատակ, եւ վասն խաչի Քո պատուականի, Տէ՛ր, ընկա՛լ զաղաչանս մեր եւ կեցո՛ զմեզ:

ՔԱՐՈԶ
(ԱԿ, ԳԿ)
Վասն ուղղելոյ զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն ցրելոյ ի մէնջ զամենայն խորհուրդս չարին զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն պարգեւելոյ մեզ առողջ խորհուրդս եւ առաքինի վարս զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն պահելոյ զմեզ ընդ հովանեաւ ամենազօր աջոյն Իւրոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն խորտակելոյ զհակառակորդն վաղվաղակի ընդ ոտիւք մերովք զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն հոգւոցն հանգուցելոց, որք ճշմարիտ եւ ուղիղ հաւատով ի Քրիստոս ննջեցին, զՏէր աղաչեսցուք:
Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
(ԱԿ, ԳԿ)
Տէ՛ր երկնի եւ երկրի, Արարի՛չ ամենայն արարածոց՝ երեւելեաց եւ աներեւութից, առ Քեզ կարդամք յամենայն ժամ, զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Քո, եւ արքայութիւն Քո ամենեցուն տիրէ: Շնորհեա՛ մեզ երկիւղիւ ի պաշտօն Քո կանխել հանապազ, սիրել զՔեզ ի բոլոր սրտէ եւ ի բովանդակ մտաց եւ յամենայն զօրութենէ մերմէ պահել զպատուիրանս Քո, համբառնալ առ Քեզ զձեռս մեր ի սրբութիւն՝ առանց բարկութեան եւ երկմտութեան, եւ գտանել ի Քէն զշնորհս եւ զողորմութիւն եւ զառաքինասէր գործոցն յաջողութիւն: Վասն զի Դու ես Տէր կենաց եւ Աստուած ողորմութեանց, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Քում ամենազօր եւ յաղթող տէրութեանդ կրկնի ամենայն ծունր յերկրպագութիւն, եւ փառաւորի յամենեցունց թագաւորութիւն Քո: Նայեա՛ յերկրպագութիւնս մեր եւ ուսո՛ մեզ առնել զարդարութիւն ճշմարտութեան: Վասն զի Դու ես Աստուած խաղաղութեան, որ բարձեր զթշնամութիւն ի միջոյ եւ արարեր զխաղաղութիւն յերկինս եւ յերկրի, հեռաւորաց եւ մերձաւորաց աւետարանեցեր զնոր պարգեւս Քոյին բարեացդ. որում եւ զմեզ մեծի շնորհացդ արժանաւորս արասցես՝ դասելով ընդ ճշմարիտ երկրպագուս Քո, Աստուա՛ծ մեր եւ Տէ՛ր մեր եւ Փրկիչ Յիսուս Քրիստո՛ս, որ ես օրհնեալ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Թագաւոր յաւիտեան:
Զճգնութիւն սրբոյն Թէոդորոսի զօրավարին բարեխօս ունիմք առ Քեզ, Քրիստո՛ս: Եւ աղաչեմք սոքօք. շնորհեա՛ զթողութիւն յանցանաց մերոց եւ ի կեանսդ յաւիտենից նորոգեա՛ եւ կեցո՛:
Սաղմոս. ԳՁ. Լոյս ծագեաց արդարոց, ուղղոց սրտից եղեւ ուրախութիւն: Ուրա՛խ եղերուք, արդա՛րք, ի Տէր. եւ խոստովա՛ն եղերուք յիշատակի սրբութեան Նորա: Եւ աղաչեմք սոքօք. շնորհեա՛ զթողութիւն յանցանաց մերոց եւ ի կեանսդ յաւիտենից նորոգեա՛ եւ կեցո՛:
Սաղմոս. ԳԿ. Պատուական է առաջի Տեառն մահ սրբոց Իւրոց: Ո՛ Տէր, ես ծառայ Քո եմ, ծառայ եւ որդի աղախնոյ Քո: Հատեր զկապանս իմ, Քեզ մատուցից պատարագ օրհնութեան եւ զանուն Տեառն կարդացից: Եւ աղաչեմք սոքօք. շնորհեա՛ զթողութիւն յանցանաց մերոց եւ ի կեանսդ յաւիտենից նորոգեա՛ եւ կեցո՛:
Փոխ. Հանդիսացեալք ի մարտս պատերազմի՝ յաղթող գտայք, սո՛ւրբ վկայք, քանզի ճանապարհ հորդեցիք մեզ յերկնային քաղաքն յԵրուսաղէմ՝ ընդ անմարմնոցն դասս փառաւորելով Սուրբ զԵրրորդութիւնն:

ՄԱՂԹԱՆՔ
(ԱԿ, ԳԿ)
Յերգս օրհնութեան եւ ի ձայն սաղմոսաց անդադար փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

 
sacredtradition.am