русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԺԱՄԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ / ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄ
28 հունիսի 2022թ. երեքշաբթի, ԱՁ
Բ օր Լուսաւորչի պահոց
Սրբոցն Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ

Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց Եկեղեցւոյ,
որ կատարի ի մէջ գիշերի՝ ի դէմս Հօր Աստուծոյ



Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Օրհնեալ համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնն՝ Հայր եւ Որդի եւ Հոգի Սուրբ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՍԱՂՄՈՍ Գ
Տէ՛ր, զի՜ բազում եղեն նեղիչք իմ, եւ բազումք յարեան ի վերայ իմ:
Բազումք ասէին զանձնէ իմմէ, թէ՝ «Չիք փրկութիւն սորա առ Աստուած իւր»:
Այլ Դու, Տէ՛ր, օգնական իմ ես, փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ:
Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ ի լեռնէ սրբոյ Իւրմէ:
Ես ննջեցի եւ ի քուն եղէ, զարթեայ, եւ Տէր ընդունելի իմ է:
Ոչ երկեայց ես ի բիւրաւոր զօրաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պաշարեալ պահէին զիս:
Արի՛, Տէ՛ր, եւ փրկեա՛ զիս, Աստուա՛ծ իմ. զի Դու հարեր զամենեսեան, ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց, եւ զատամունս մեղաւորաց փշրեսցես:
Տեառնդ է փրկութիւն, ի վերայ ժողովրդեան Քո՝ օրհնութիւն Քո:

ՍԱՂՄՈՍ ՁԷ
Տէ՛ր Աստուած փրկութեան իմոյ, ի տուէ կարդացի եւ ի գիշերի առաջի Քո:
Մտցեն աղօթք իմ առաջի Քո, Տէ՛ր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս իմ,
Զի լցաւ չարչարանօք անձն իմ, եւ կեանք իմ ի դժոխս մերձեցան, եւ համարեցայ ես ընդ այնոսիկ, որք իջանեն ի գուբ:
Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի եւ ի մեռեալս ազատ:
Որպէս զվիրաւորս, որք ննջեն ի գերեզմանի:
Զորս Դու ոչ յիշեցեր, նոքա ի ձեռանէ Քումմէ մերժեցան:
Եդին զիս ի գբի ներքնումն՝ ի խաւարի եւ ի ստուերս մահու:
Յիս հաստատեցաւ սրտմտութիւն Քո, զամենայն զբօսանս Քո ածեր ի վերայ իմ:
Հեռի արարեր յինէն զծանօթս իմ, եւ եդին զիս նշաւակ իւրեանց:
Մատնեցայ եւ ոչ ելանէի, աչք իմ տկարացան յաղքատութենէ:
Աղաղակեցի առ Տէր զօրհանապազ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Մի՞թէ մեռելոց առնիցես զսքանչելիս Քո, կամ բժիշկք յարուցեալ խոստովան առնիցի՞ն առ Քեզ:
Մի՞թէ պատմեսցէ ոք երբեք ի գերեզմանի զողորմութիւնս Քո կամ զճշմարտութիւնս Քո` ի կորստեան:
Մի՞թէ ճանաչիցին ի խաւարի սքանչելիք Քո, կամ արդարութիւն Քո` յերկիր մոռացեալ:
Ես առ Քեզ, Տէ՛ր, աղաղակեցի. առաւօտու աղօթք իմ ժամանեսցեն առ Քեզ:
Ընդէ՞ր, Տէ՛ր, մերժես զանձն իմ կամ դարձուցանես զերեսս Քո յինէն:
Տնանկ եւ վաստակաւոր եմ ես ի մանկութենէ իմմէ. ի բարձրութենէ խոնարհեցայ եւ ապշեցայ:
Յիս հաստատեցաւ բարկութիւն Քո, արհաւիրք Քո խռովեցուցին զիս,
Շրջեցան զինեւ որպէս ջուր, զօր ամենայն պաշարեցին զիս ի միասին:
Հեռի արարեր յինէն զբարեկամս իմ եւ զծանօթս իմ վասն թշուառութեան իմոյ:

ՍԱՂՄՈՍ ՃԲ
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր, եւ ամենայն ոսկերք իմ՝ զանուն սուրբ Նորա:
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր եւ մի՛ մոռանար զամենայն տուրս Նորա.
Ո քաւէ զմեղս քո, բժշկէ զամենայն հիւանդութիւնս քո.
Ո փրկէ յապականութենէ զկեանս քո, պսակէ զքեզ ողորմութեամբ եւ գթութեամբ.
Ո լնու ի բարութենէ զցանկութիւն քո, նորոգեսցի որպէս արծուոյ մանկութիւն քո:
Առնէ ողորմութիւնս Տէր եւ իրաւունս ամենայն զրկելոց:
Եցոյց Տէր զճանապարհս Իւր Մովսիսի եւ որդւոցն Իսրայելի զկամս Իւր:
Գթած, ողորմած է Տէր, երկայնամիտ եւ բազումողորմ:
Ոչ ի սպառ բարկանայ Տէր եւ ոչ յաւիտեան պահէ ոխս:
Ոչ ըստ մեղաց մերոց արար մեզ եւ ոչ ըստ անօրէնութեան մերում հատոյց մեզ.
Այլ որպէս բարձր են երկինք յերկրէ, այնպէս զօրացոյց Տէր զողորմութիւն Իւր ի վերայ երկիւղածաց Իւրոց:
Որչափ հեռի են արեւելք յարեւմտից, այնչափ հեռի արար ի մէնջ զանօրէնութիւնս մեր:
Որպէս գթայ հայր ի վերայ որդւոց իւրոց, այնպէս գթասցի Տէր յերկիւղածս Իւր.
Զի Նա գիտաց զստեղծուածս մեր եւ յիշեաց, թէ հող եմք:
Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր, որպէս ծաղիկ վայրի՝ այնպէս ծաղկէ:
Շնչէ ի նմա հողմ, եւ ոչ է, եւ ոչ եւս երեւի տեղի նորա:
Բայց ողորմութիւն Տեառն յաւիտեանս յաւիտենից ի վերայ երկիւղածաց Իւրոց, եւ արդարութիւն Նորա յորդւոց մինչեւ յորդիս,
Ոյք պահեն զուխտս Նորա, յիշեն զպատուիրանս Նորա եւ առնեն զնա:
Տէր յերկինս պատրաստեաց զաթոռ Իւր, արքայութիւն Նորա ամենեցուն տիրէ:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն հրեշտա՛կք Նորա՝ հզօրք զօրութեամբ, ոյք առնէք զբան Նորա ի լսել ձայնի պատգամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն զօրութի՛ւնք Նորա, պաշտօնեա՛յք եւ արարո՛ղք կամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն գո՛րծք Նորա. զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Նորա. օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր:

ՍԱՂՄՈՍ ՃԽԲ
Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց, ո՛ւնկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ Քով:
Լո՛ւր ինձ արդարութեամբ Քով եւ մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի Քում, զի ոչ արդարանայ առաջի Քո ամենայն կենդանի:
Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից:
Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս:
Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն գործս Քո. յարարածս ձեռաց Քոց խորհեցայ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ Քեզ. վաղվաղակի լո՛ւր ինձ, Տէ՛ր, զի նուաղեաց յինէն հոգի իմ:
Մի՛ դարձուցաներ զերեսս Քո յինէն. նմանիցեմ այնոցիկ, ոյք իջանեն ի գուբ:
Լսելի՛ արա ինձ առաւօտու զողորմութիւնս Քո, զի ես ի Քեզ, Տէ՛ր, յուսացայ:
Ցո՛յց ինձ ճանապարհ, յոր եւ գնացից, զի առ Քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ:
Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Տէ՛ր, զի զՔեզ ապաւէն ինձ արարի:
Ուսո՛ ինձ առնել զկամս Քո, զի Դու ես Աստուած իմ:
Հոգի Քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ:
Վասն անուան Քո, Տէ՛ր, կեցուսցես զիս, արդարութեամբ Քով հանցես ի նեղութենէ զանձն իմ:
Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՔԱՐՈԶ
Խոսրով Անձևացու մեկնությունը՝ (թարգմ.՝ Բագրատ եպս. Գալստանյանի). Խոսքի սկիզբն արտահայտում է Աստծո խնամքը, որ նախքան հանդերձյալ կյանքը, այստեղ իսկ աշխատանքից, հոգնությունից, մեղքից և գիշերվա տարատեսակ տրտմություններից քնի միջոցով հանգիստ պարգևեց, որովհետև թեպետ այս ամենին պարտավորվեցինք ադամական մեղքի պատճառով, սակայն մարդասեր Աստծո գութը չհանդուրժեց մեզ այսպիսի տառապանքի մեջ թողնել։
ամենեքեան ի հանգստենէ քնոյ, զոր շնորհեաց մեզ մարդասէրն Աստուած ի մխիթարութիւն եւ ի սփոփանս տկարութեան մերում, եւ եկեալքս
Այստեղ անիմաստ կերպով չէ, որ ավելացնում է միաբան լինելը կամ էլ, ինչպես սկզբում, զարթուցեալքսին կից ամենաքեանը նշելը, այլ որպեսզի ցույց տա, թե Աստծուն պաշտամունք մատուցելու ժամանակ ամենքի միաբանված լինելը Աստծուն՝ դյուրահաշտ, մեզ՝ զորավոր, իսկ դևերի մարտը անզոր է դարձնում։
Երգը հոգևոր ասելով՝ հայտնում է, ըստ Պողոս առաքյալի, թե Սուրբ Հոգին օգնության և գործակցության է հասնում մեր տկարությունների մեջ (հմմտ. Հռոմ Ը 26), մտքով երգակից է լինում սրբերին և հորդորում է մնալ Աստծո փառաբանության մեջ։
ի փառաբանութիւն եւ ի պատիւ ամենասուրբ անուան
Տեր եւ Փրկիչ է ասում, Տերը՝ ստեղծելու և մեզ տիրելու պատճառով, իսկ Փրկիչ, քանզի Իր անձը որպես փրկանք տվեց և Իր արյամբ փրկեց մեզ մեղքից ու մահվանից և վերացրեց անեծքը, որ մեզ վրա էր։ Այս պատճառով էլ հաճախ երկու անուններով ենք կոչում Նրան, որովհետև, շնորհակալություն ենք հայտնում Իր արարչության և խնամակալության համար, որով մեզ հարազատություն հայտնեց։
Յիսուսի Քրիստոսի՝
Հրեշտակների օրինակով մեզ հրամայում է ահ ու դող ունենալ, այդ պատճառով է հավելում՝ առաջի Նորա, քանզի ինչպես հրեշտակները Նրա փառքից միշտ ահաբեկված են, նույնպես և մենք, դեպի Աստված մեր միտքը ուղղելով և մեծ փառքի առջև, կանգնած լինելով, երկյուղով Նրան պիտի պաշտենք։
Եւ գոհացարուք զՆմանէ ի գիշերային ժամուս յայսմիկ վասն
Ցույց է տալիս ճշմարտությունն ու արդարությունը, որն իրագործեց մեր նկատմամբ ոչ թե ըստ արժանիքի՝ այլ ողորմելով:
Նորա. որ
Ասում է՝ ողորմեց, այդ պատճառով էլ ընտրեց, որովհետև, խոտան էինք և Աստծո ներկայությունից զրկված։ Ըստ առաքելական խոսքի՝ ողորմությունը մեզ ընտրյալ դարձրեց. «Ընտրեց մեզ Նրանով (այսինքն Քրիստոսի միջոցով) նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ» (հմմտ. Եփես. Ա 4)
եւ շնորհեաց մեզ բերել զնմանութիւն երկնային հրեշտակացն ի փառաբանիչս Տեառն Աստուծոյ ամենեցուն եւ մեզ լինիլ: Եւ մեք, այսուհետեւ
Այսինքն, որովհետև երկրում մեզ հրեշտակների նման դարձրեց, մեր անձերում ընդունենք հրեշտակային սրբությունը և, եթե մարդկային բնությամբ ինչ որ սխալ ենք գործել, խոստովանությամբ և ապաշխարությամբ այն սրբելով, մաքրվենք։
ի խղճէ եւ ի չար գործոց,
Ինչպես մարգարեն է հրամայում.«Գիշերը դեպի սրբությունը պարզեցեք ձեռքերը» (Սաղմ. ՃԼԳ 2), նույն կերպով և քարոզը հրամայում է նախ՝ սրբել մեղքը և չար գործերը և ապա բարձրացնել ձեռքերը դեպի սրբություն։
Քանզի աղոթողին պետք է աներկմիտ հավատով և անբարկանալի մտքով աղոթքը մատուցել Աստծուն, որի համար և Տերն է ասում. «Թող քո ընծան սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ինձ աղերսիր» (հմմտ. Մատթ. Ե 24)։ Այդ պատճառով և այս քարոզը հորդորում է բարկությունը թողնել և ապա Աստծուց քավություն հայցել:
Հաւատով խնդրեսցուք ի Նմանէ զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց՝
Քանզի ասաց՝ նախ սրբել մեր անձերը մեղքից (այստեղ նաև օրինակն է տալիս, թե ինչպես), ըստ որի՝ սրբվում ենք խոստովանությամբ և քավություն խնդրելով, որովհետև, եթե չխոստովանենք, Ծածկագետից չենք կարող թաքցնել։ Սակայն խոստովանությամբ և մեղքը գիտակցելով մենք խոնարհության ենք հասնում, ամաչում ենք, զղջում և պաղատում ենք, որով և Աստծուց ողորմություն և ներում ենք գտնում և արդարանում։ Քանզի մարգարեի միջոցով իսկ ասում է. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Ես. ԽԳ 26)
ծածկագիտին Աստուծոյ: Որպէս զի ընդունելով զպաղատանս մեր աղօթիւք եւ բարեխօսութեամբ ամենայն սրբոց՝
Հայտնի է դարձնում, որ Նրա պարգևները ձրի են, թեպետ և շատերս առաքինանանք, որովհետև սիրում է մարդկանց։ Եվ առաքինությամբ և անբիծ ապրելը շնորհ է, որ շնորհում է մարդասերն Աստված։ Սակայն անարատ վարքով ապրելն առավել պատիվ է, քան արքայությունը, որին ավելի մեծ ցանկությամբ են բաղձում ընտրյալները, քան երկնքի բարիքներին, որովհետև, ցանկանում են ոչ թե վարձատրվել Քրիստոսից, այլ տառապել Քրիստոսի համար։ Եվ առ Քրիստոս ունեցած սիրո պատճառով՝ Քրիստոսի համար չարչարվելն ավելի ախորժական էր, քան Քրիստոսի հետ փառքի մեջ լինելը։ Ինչպես և երանելի Հովհան Ոսկեբերանն է ասում. «Նախընտրում եմ Քրիստոսի համար կապանքների մեջ լինել, քան քերովբեների հետ մերձ լինել Աստծուն»։ Նաև երջանիկ Գրիգոր Աստվածաբանն է գրում. «Որպեսզի չասեմ, թե նույնինքն տքնելն արդեն իսկ վարձատրություն է, որն ամենևին մտքի վաճառականություն չէ», և նաև ընտրյալ Նյուսացի Գրիգորն է այս իմաստով ասում Սողոմոնի «Երգ Երգոց» օրհնության մեկնության մեջ. «Սիրո առաքինության պատճառով է, որ հարսին ունի և ոչ թե որպես վարձատրություն»։ Նաև՝ Աստվածաբանը, ինչպես և Նյուսացին, երեք չափանիշներ են սահմանում արդարության մասին՝ երկյուղի պատճառով, վարձատրության պատճառով և սիրո պատճառով։ Նյուսացին սիրո գերակայությունը բացատրում է ամուսնական մերձավորության օրինակով, ըստ Սողոմոնի, իսկ Աստվածաբանը՝ որդիության օրինակով եռակարգ դասակարգումով. ծառա է կոչում երկյուղով ուղղվածներին, վարձկան՝ հոժարակամ ստացողներին, ապա, առավել քան այս երկուսը, ասում է՝ որդին է հոր հավանածը և ոչ թե վարձկանը։ Արդ, առաջին և մեծ պարգևն այս է՝ առաքինություն ստանալ, և երկրորդը՝ հավիտենական ուրախության արժանանալ, որը Քրիստոսի սիրողները կստանան Նրանից՝ ըստ Նրա անսուտ խոստումի։
ըստ կամաց Նորա յայսմ աշխարհիս եւ արժանաւոր լինելով յաւիտենական եւ երկնային խորանացն, զոր խոստացաւ սիրելեաց Իւրոց ճշմարիտն Աստուած Յիսուս Քրիստոս: Տէ՛ր մեր,
Խնդրանքով է ամփոփում խոսքը՝ տնօրինական անունները հիշելով, որ մեզ համար եղավ և կոչվեց Հիսուս, որ է Փրկիչ (հմմտ. Մատթ. Ա 21, Ղուկ. Ա 31), քանզի փրկեց մեզ մոլորությունից և սատանայական գործերից, մեղքից, անեծքից, մահվանից, ապականությունից և դժոխքից։ Եվ Քրիստոս կոչվեց, որովհետև Հոգով օծվեց և կոչվում է Քրիստոս՝ այսինքն Օծյալ (Ղուկ. Բ 11) եւ նույն Հոգով «մեզ ևս օծեց» (Բ Կորնթ. Ա 21), օծվածներ դարձրեց և անվանեց քրիստոնյաներ։

Կեցո՛, Տէ՛ր:
Զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել՝ հաւատով ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զհրեշտակ խաղաղութեան՝ պահապան անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զսրբոյ խաչին մեծ եւ կարող զօրութիւն յօգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Յիսուն «Տէր, ողորմեա»` ի թիւ:

ԱՂՕԹՔ
ԶՔէն գոհանամք, Տէր Աստուա՛ծ մեր, որ շնորհեցեր մեզ հանգիստ քնոյ խաղաղութեամբ: Եւ զարթուցեալ ժամանեցուցեր զմեզ կանխել յերկրպագութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ: Տո՛ւր մեզ, Տէ՛ր, աղաչեմք զՔեզ, զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել. եւ զամենայն ժամանակս կենաց պանդխտութեան մերոյ երկիւղիւդ Քո ամրացո՛ եւ պահեա՛: Որպէս զի զգուշութեամբ եւ անարատ վարուք կրօնաւորեալք յայսմ աշխարհիս՝ ժամանեսցուք յանքոյթ եւ ի խաղաղ նաւահանգիստ յաւիտենական ի կեանսդ՝ շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Ընդ Որում Քեզ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Նայեա՛ց, Տէ՛ր բարերար, ողորմութեամբ Քով յերկրպագուս եւ ի փառաբանիչս անուանդ Քում սրբոյ: Տէ՛ր զօրութեանց, խաղաղացո՛ զանձինս մեր յամենայն սատանայական խռովութեանց եւ յաշխարհական զբօսանաց: Զհրեշտակ խաղաղութեան Քո առաքեա՛ առ մեզ, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում: Որպէս զի բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս Քեզ Տեառնդ ծառայելով ի կեանս յայսոսիկ՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:


ՇԱՐԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ


Օրհնութիւն Թէոդոսի թագաւորին ակ.

(Օրհ. Թէոդոսի թագաւորին ակ. Ա.)


Որ զերկնաւոր թագաւորութեանդ Քո զօրինակ ցուցեր ի յերկրի՝ հաստատելով զաթոռ թագաւորութեան Թէոդոսի թագաւորի յարդարութիւն եւ յիրաւունս, բարեպաշտութեամբ սորա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Որ զօրութեամբ նշանի խաչի Քո, Տէ՛ր, պատերազմելով խորտակեաց զընդդիմամարտ բռնութիւն հեթանոսաց եւ հաստատեաց խաղաղութեամբ սուրբ զԵկեղեցի, բարեպաշտութեամբ սորա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Որ ետուր զիրաւունս արդարութեան Քո արքայի՝ դատելով զժողովուրդս Քո արդարութեամբ՝ ըստ հրամանի սրբոց Քոց պատուիրանաց, բարեպաշտութեամբ սորա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:

(Օրհ. Թէոդոսի թագաւորին ակ. Բ., 1-2 տներ)


Որ զարդարեալ գեղապանծ վայելչութեամբ սուրբ զԵկեղեցի՝ պսակեցեր առաքելովք եւ մարգարէիւք եւ հաստատեալ ամրացուցեր սուրբ թագաւորօք, բարեպաշտութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Որք զինու զօրութեամբ Հոգւոյն վառեալք ի պատերազմի՝ վանեցին զմոլութիւն հերձուածողաց եւ ի հաւատս ճշմարիտս հաստատեցին զտիեզերս, բարեպաշտութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:

(Օրհ. Ծննդեան Յովհաննու Մկրտչին ակ., 9-11 տներ)


Թագաւորն բոլորից պարածածկեալ յարգանդի Կուսին, զոր ծառայդ հաւատարիմ տեսեալ Հոգւովն Սրբով եւ բերանով մօր քո օրհնաբանէիր. առ Քրիստոս բարեխօսեա՛ վասն անձանց մերոց:
Ժառանգաւո՛ր հին օրինացն արդարութեան ընդ մարգարէիցն եւ նախաշաւի՛ղ հետեւողաց անձուկ ճանապարհին նոր օրինացս ընդ առաքելոցն, առ Քրիստոս բարեխօսեա՛ վասն անձանց մերոց:
Ի յանապատի հրեշտակական վարուք բնակեցար ըստ Եղիայի՝ կերակրելով մարախ եւ մեղր վայրենի հին եւ նոր պատուիրանաց օրինակաւ. առ Քրիստոս բարեխօսեա՛ վասն անձանց մերոց:

(Հմբ. Երկոտասան առաքելոցն ակ., 6-8 տներ)


Ի մաքրագործ Հոգւոյն անօ՛թ ընտրեալ եւ ձիւնափայլ, թագաւո՛րք երկրի, իշխա՛նք աշխարհի, անպակաս գանձուց բաշխող Յակոբ Ալփեա՛ն, Յուդա Յակոբեա՛ն, բարեխօ՛ս լերուք առ Տէր վասն անձանց մերոց:
Երեքսրբեան Մի Տէրութեան խորհո՛ւրդ կամաց եւ հազարապե՛տք, փողոց հնչմո՛ւնք, բարբա՛ռք աւետեաց ընդ ամենայն երկիր, սուրբդ Շմաւո՛ն եւ Մատաթիա՛, բարեխօ՛ս լերուք առ Տէր վասն անձանց մերոց:
Բանին կենաց կանուխ քարո՛զ եւ աւետարանի՛չ, ե՛րգ փրկութեան, հնչո՛ւմն ահաւոր, ազգի մարդկան պարծա՛նք, սուրբդ Մատթէո՛ս, բարեխօ՛ս լեր առ Քրիստոս:

(Օրհ. Սրբոյն Սարգսի զօրավարին ակ., 2-4 տներ)


Թագաւորին երկնաւորի սո՛ւրբ զօրապետ եւ մենամարտիկ՝ սիրով Անմահին խաչեալ յաշխարհի, երագահաս սո՛ւրբդ Սարգիս՝ խաչիւ պսակեալ, բարեխօ՛ս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց:
Արեգականն արդարութեան մեծ կարապե՛տ, պայծառ արուսեա՛կ՝ ցոլացեալ յարեւմտից ի յելս արեւու, երագահաս սո՛ւրբդ Սարգիս, անշէջ ճառագա՛յթ, բարեխօ՛ս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց:
Աւետաւո՛ր Հայոց Մեծաց՝ դիմեալ ի մէջ երկրի ի հիւսիսոյ, հո՛ղմն հարաւոյ ի դաշտ ծաղկածին, երագահաս սո՛ւրբդ Սարգիս, տո՛ւնկ անմահութեան, բարեխօ՛ս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց:

(Ճշւ. Համօրէն մարտիրոսաց ակ.)


Ի տաճարի հանգստեան սրբոց վկայից զաղաչանս մեր մի՛ անտես առներ, որ կարդամք առ Քեզ, Տէ՛ր. սոցա բարեխօսութեամբ կեցո՛ զմեզ:
Որք վասն անուանդ Քո հեղին զպատուական սուրբ զարիւնս իւրեանց, արիաբար մարտեան ընդդէմ թշնամւոյն եւ զօրացան ի պատերազմի, սոցա բարեխօսութեամբ կեցո՛ զմեզ:
Պարծեսցին սուրբք Քո, Տէ՛ր, ի հանգիստ իւրեանց, որք տանջանաց անօրինացն համբերեցին եւ անապական պսակացն արժանի եղեն. սոցա բարեխօսութեամբ կեցո՛ զմեզ:

(Տրյ. Հոգեգալստեան Բ աւուր ակ.)


Որ յերկնային զօրս անմարմնոցն նախ հեղեր առատապէս, Հոգի՛դ ճշմարիտ, զաստուածային եւ զգերագոյն Քո իմաստութիւնդ՝ լինել փառաբանիչ Սուրբ Երրորդութեանդ, ընդ նոսին փառաւորեմք զԵրրեակ Միութիւնդ:
Որ զկերպարանն աստուածային՝ ստեղծեալ Երրորդութեանդ խորհրդակցութեամբ, զարդարեցեր փչմամբ շնորհաց Քոց կենդանարար եւ ընդ ծնեալսն առ ի նմանէ խօսեցար օրինօք եւ մարգարէիւք, ընդ նոսին փառաւորեմք զԵրրեակ Միութիւնդ:
Որ յերկրորդի լինելութեանս յետ յարութեան Քում Էակցին մտեալ ի վերնատունն դրօքն փակելովք, շնորհելով ըստ առաջին փչմանն զՔեզ մետասանից՝ առաքելոցն ասաց. «Առէ՛ք Հոգի Սուրբ», ընդ նոսին փառաւորեմք զԵրրեակ Միութիւնդ:

(Տրյ. Հանգստեան ակ. Գ.)


Յորժամ յերկնից գոչէ փողն՝ ազդեցութիւն առնելով տիեզերաց ի դատաստանն ահաւոր, յայնմ աւուր ահեղին յիշեա՛, Տէ՛ր, եւ զմեր զննջեցեալսն եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։
Յորժամ ճառագայթք Աստուածութեանդ փայլին ի յարեւելից, եւ դպրութիւնք հրաշիցն բանին, յայնմ աւուր ահեղին յիշեա՛, Տէ՛ր, եւ զմեր զննջեցեալսն եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։
Զարհուրեալ դողան արարածք ի ձայնէ սրովբէագոչ փողոյն. յորժամ հարկանէ հրեշտակապետն եւ կոչէ ի դատաստան զազգս որդւոց մարդկան, յայնմ աւուր ահեղին յիշեա՛, Տէ՛ր, եւ զմեր զննջեցեալսն եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։

(Օրհ. Յովակիմայ եւ Աննայի ակ. Ա.)


Որ նախիմաց իմաստութեամբ տնօրինեցեր զխորհուրդ սուրբ Եկեղեցւոյ՝ խորագոյն արկեալ հիմունս հաստատութեան զդասս արդարոց, աղաչանօք սոցա խնայեա՛ ի մեզ:
Որ զօրհնութիւն նախաստեղծիցն աստուածազոյգ արուաց եւ իգաց՝ պայծառացեալ վայելչապէս ծաղկեցուցեր այսօր ի Յովակիմ եւ ի յԱննա, աղաչանօք սոցա խնայեա՛ ի մեզ:
Որ զխոստումն Աբրահամու՝ նահապետին մեր ըստ հոգւոյ, քահանայական եւ թագաւորական գաւազանացն միացեալ ցուցեր այսօր ի յԱննայէ, աղաչանօք սոցա խնայեա՛ ի մեզ:

(Օրհ. Սրբոյ տապանակին ակ. Բ.)


Ի վերայ վիմի հաւատոյ հիման առաքելոց եւ մարգարէից շինեցեր զՔո սուրբ զԵկեղեցի. եւ ի սմա միաձայնեալ եղեն մարդիկ ընդ հրեշտակս՝ փառաւորելով Սուրբ զԵրրորդութիւնդ:
Տեղի ապաւինի եւ ժողովարան բանաւոր հօտի, բնակարան հրեշտակաց, նաւահանգիստ արդարոց եւ մեղաւորաց քաւարան՝ զարդարեալ առաքելովք եւ մարգարէիւք:
Բանն Աստուած եւ ծածկեալ խորհուրդն յաւիտենից իջեալ ի յերկնից, մարմնացեալ ի Կուսէն, խաչեալ յերկրի եւ թաղեալ ի նոր ի գերեզմանի եւ յարուցեալ յերրորդ աւուր, զի զմարգարէիցն զտառսն կատարեսցէ:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Օրհ. Թէոդոսի թագաւորին ակ. Բ., 3-րդ տուն)


Որ շնորհեցեր յաշխարհի թագաւորել մեծին Թէոդոսի եւ կատարեալ զկեանս հաւատով ուղղափառութեան՝ վերափոխեցեր այսօր յերկնից թագաւորութիւնդ, բարեպաշտութեամբ սորա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:

ՄԱՂԹԱՆՔ
Բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին եւ Յովհաննու Մկրտչին, սրբոյն Ստեփանոսի Նախավկային եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին, յիշատակաւ եւ աղօթիւք սրբոցն Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ, որոց այսօր է յիշատակ, եւ վասն խաչի Քո պատուականի, Տէ՛ր, ընկա՛լ զաղաչանս մեր եւ կեցո՛ զմեզ:

ՔԱՐՈԶ
(ԱՁ, ԳՁ)
Վասն ի գիշերի եւ ի տուընջեան յամենայն ժամու խօսիլ մեզ զբան Տեառն զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն չանկանելոյ մեզ ի փորձութիւն, որում ոչ կարեմք հանդուրժել, զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն անբիծ եւ անդատապարտ կալոյ մեզ առաջի ահեղ ատենին Քրիստոսի զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն առաջնորդելոյ մեզ ի նաւահանգիստն կենաց անվախճանից զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն արժանի լինելոյ մեզ վերին կոչմանն եւ երկնից արքայութեանն զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն հոգւոցն հանգուցելոց, որք ճշմարիտ եւ ուղիղ հաւատով ի Քրիստոս ննջեցին, զՏէր աղաչեսցուք:
Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
(ԱՁ, ԳՁ)
Ի գիշերի եւ ի տուընջեան եւ յամենայն ժամու զՔեզ աղաչեմք եւ ի Քէն խնդրեմք, մարդասէ՛ր Տէր. լո՛ւր մեզ, Աստուած Փրկի՛չ մեր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս մեր, զի մի՛ ունայն լիցին վաստակք ծառայից Քոց. այլ համարեա՛ զաշխատութիւնս մեր ի գործ արդարութեան եւ ի պտուղ աստուածպաշտութեան: Ընկա՛լ, Տէ՛ր, զաղօթս եւ զերկրպագութիւնս մեր եւ հատո՛ մեզ զողորմութիւն Քո առատապէս: Ծածկեա՛ զմեզ ընդ հովանեաւ ամենազօր աջոյ Քո. զօրացո՛ զմեզ, Տէ՛ր, զօրութեամբ Սուրբ Հոգւոյդ. պահեա՛ զմեզ որպէս բիբ ական եւ արա՛ առ մեզ նշան բարի՝ ի գովեստ եւ ի փառաբանութիւն անուանդ Քում սրբոյ: Զի ի Քո փառս կատարի ամենայն արարածոց մշտնջենաւոր փառաբանութիւն ի բարձունս՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Հովի՛ւ քաջ, Հովի՛ւ բարի եւ յաւիտենական, նայեա՛ց եւ ա՛յց արա բանաւոր հօտի Քո, զոր ժողովեցեր առ Քեզ գթութեամբ Քով: Զի Քո առաջի կամք, Տէ՛ր, եւ առ ի Քէն ողորմութեանցդ եւ գթութեանցդ ակն ունիմք: Զամենեսեան օրհնեա՛, զամենեսեան իմաստնացո՛, զամենեսեան լուսաւորեա՛ եւ ամենեցուն պարգեւեա՛ զերկնից արքայութիւնդ: Վասն զի Դու ես Տէր կենաց եւ Աստուած ողորմութեանց, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Թագաւոր յաւիտեան:
Զերեքսրբեան տէրութիւնդ Քո միաբան աղաչեմք, լո՛ւր, Տէ՛ր. աղաչանօք սրբոցն Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ աղաչեմք զՔեզ. թողութի՛ւն շնորհեա յանցանաց մերոց, բարերա՛ր Քրիստոս:
Սաղմոս. Մերձ է Տէր առ այնոսիկ, որք մաշեալ են սրտիւք. եւ զխոնարհս հոգւով կեցուցանէ: Բազում նեղութիւնք են արդարոց. յամենայնէ փրկէ զնոսա Տէր եւ պահէ զամենայն ոսկերս նոցա, եւ մի ի նոցանէ ոչ կորիցէ: Թողութի՛ւն շնորհեա յանցանաց մերոց, բարերա՛ր Քրիստոս:
Փոխ. Որ յաղթող զօրութեամբ ի հանդէս ճգնաւորական անարատ պահեցեր զխոստովանող վկայս Քո, Քրիստո՛ս Աստուած, տո՛ւր մեզ զօգնութիւն ի նեղութեան մերում բարեխօսութեամբ սրբոց մարտիրոսաց. եւ կեցո՛:

ՄԱՂԹԱՆՔ
(ԱՁ, ԳՁ)
Ի գիշերի եւ ի տուընջեան եւ յամենայն ժամու անդադար փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

 
sacredtradition.am