Home    Library    Multimedia    Calendar    Projects    
հայերեն  русский    
CHURCH CALENDAR
CHURCH CALENDAR / LITURGY OF HOURS / MIDNIGHT TIME (MATINS)
18 March 2017y. Saturday
Twentieth day of Great Lent
Saints John the Patriarch of Jerusalem, John of Otzun the Patriarch of Armenia, John of Vorotan and Gregory of Tatev

Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց Եկեղեցւոյ,
որ կատարի ի մէջ գիշերի՝ ի դէմս Հօր Աստուծոյ



Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Օրհնեալ համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնն՝ Հայր եւ Որդի եւ Հոգի Սուրբ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՍԱՂՄՈՍ Գ
Տէ՛ր, զի՜ բազում եղեն նեղիչք իմ, եւ բազումք յարեան ի վերայ իմ:
Բազումք ասէին զանձնէ իմմէ, թէ՝ «Չիք փրկութիւն սորա առ Աստուած իւր»:
Այլ Դու, Տէ՛ր, օգնական իմ ես, փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ:
Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ ի լեռնէ սրբոյ Իւրմէ:
Ես ննջեցի եւ ի քուն եղէ, զարթեայ, եւ Տէր ընդունելի իմ է:
Ոչ երկեայց ես ի բիւրաւոր զօրաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պաշարեալ պահէին զիս:
Արի՛, Տէ՛ր, եւ փրկեա՛ զիս, Աստուա՛ծ իմ. զի Դու հարեր զամենեսեան, ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց, եւ զատամունս մեղաւորաց փշրեսցես:
Տեառնդ է փրկութիւն, ի վերայ ժողովրդեան Քո՝ օրհնութիւն Քո:

ՍԱՂՄՈՍ ՁԷ
Տէ՛ր Աստուած փրկութեան իմոյ, ի տուէ կարդացի եւ ի գիշերի առաջի Քո:
Մտցեն աղօթք իմ առաջի Քո, Տէ՛ր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս իմ,
Զի լցաւ չարչարանօք անձն իմ, եւ կեանք իմ ի դժոխս մերձեցան, եւ համարեցայ ես ընդ այնոսիկ, որք իջանեն ի գուբ:
Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի եւ ի մեռեալս ազատ:
Որպէս զվիրաւորս, որք ննջեն ի գերեզմանի:
Զորս Դու ոչ յիշեցեր, նոքա ի ձեռանէ Քումմէ մերժեցան:
Եդին զիս ի գբի ներքնումն՝ ի խաւարի եւ ի ստուերս մահու:
Յիս հաստատեցաւ սրտմտութիւն Քո, զամենայն զբօսանս Քո ածեր ի վերայ իմ:
Հեռի արարեր յինէն զծանօթս իմ, եւ եդին զիս նշաւակ իւրեանց:
Մատնեցայ եւ ոչ ելանէի, աչք իմ տկարացան յաղքատութենէ:
Աղաղակեցի առ Տէր զօրհանապազ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Մի՞թէ մեռելոց առնիցես զսքանչելիս Քո, կամ բժիշկք յարուցեալ խոստովան առնիցի՞ն առ Քեզ:
Մի՞թէ պատմեսցէ ոք երբեք ի գերեզմանի զողորմութիւնս Քո կամ զճշմարտութիւնս Քո` ի կորստեան:
Մի՞թէ ճանաչիցին ի խաւարի սքանչելիք Քո, կամ արդարութիւն Քո` յերկիր մոռացեալ:
Ես առ Քեզ, Տէ՛ր, աղաղակեցի. առաւօտու աղօթք իմ ժամանեսցեն առ Քեզ:
Ընդէ՞ր, Տէ՛ր, մերժես զանձն իմ կամ դարձուցանես զերեսս Քո յինէն:
Տնանկ եւ վաստակաւոր եմ ես ի մանկութենէ իմմէ. ի բարձրութենէ խոնարհեցայ եւ ապշեցայ:
Յիս հաստատեցաւ բարկութիւն Քո, արհաւիրք Քո խռովեցուցին զիս,
Շրջեցան զինեւ որպէս ջուր, զօր ամենայն պաշարեցին զիս ի միասին:
Հեռի արարեր յինէն զբարեկամս իմ եւ զծանօթս իմ վասն թշուառութեան իմոյ:

ՍԱՂՄՈՍ ՃԲ
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր, եւ ամենայն ոսկերք իմ՝ զանուն սուրբ Նորա:
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր եւ մի՛ մոռանար զամենայն տուրս Նորա.
Ո քաւէ զմեղս քո, բժշկէ զամենայն հիւանդութիւնս քո.
Ո փրկէ յապականութենէ զկեանս քո, պսակէ զքեզ ողորմութեամբ եւ գթութեամբ.
Ո լնու ի բարութենէ զցանկութիւն քո, նորոգեսցի որպէս արծուոյ մանկութիւն քո:
Առնէ ողորմութիւնս Տէր եւ իրաւունս ամենայն զրկելոց:
Եցոյց Տէր զճանապարհս Իւր Մովսիսի եւ որդւոցն Իսրայելի զկամս Իւր:
Գթած, ողորմած է Տէր, երկայնամիտ եւ բազումողորմ:
Ոչ ի սպառ բարկանայ Տէր եւ ոչ յաւիտեան պահէ ոխս:
Ոչ ըստ մեղաց մերոց արար մեզ եւ ոչ ըստ անօրէնութեան մերում հատոյց մեզ.
Այլ որպէս բարձր են երկինք յերկրէ, այնպէս զօրացոյց Տէր զողորմութիւն Իւր ի վերայ երկիւղածաց Իւրոց:
Որչափ հեռի են արեւելք յարեւմտից, այնչափ հեռի արար ի մէնջ զանօրէնութիւնս մեր:
Որպէս գթայ հայր ի վերայ որդւոց իւրոց, այնպէս գթասցի Տէր յերկիւղածս Իւր.
Զի Նա գիտաց զստեղծուածս մեր եւ յիշեաց, թէ հող եմք:
Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր, որպէս ծաղիկ վայրի՝ այնպէս ծաղկէ:
Շնչէ ի նմա հողմ, եւ ոչ է, եւ ոչ եւս երեւի տեղի նորա:
Բայց ողորմութիւն Տեառն յաւիտեանս յաւիտենից ի վերայ երկիւղածաց Իւրոց, եւ արդարութիւն Նորա յորդւոց մինչեւ յորդիս,
Ոյք պահեն զուխտս Նորա, յիշեն զպատուիրանս Նորա եւ առնեն զնա:
Տէր յերկինս պատրաստեաց զաթոռ Իւր, արքայութիւն Նորա ամենեցուն տիրէ:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն հրեշտա՛կք Նորա՝ հզօրք զօրութեամբ, ոյք առնէք զբան Նորա ի լսել ձայնի պատգամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն զօրութի՛ւնք Նորա, պաշտօնեա՛յք եւ արարո՛ղք կամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն գո՛րծք Նորա. զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Նորա. օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր:

ՍԱՂՄՈՍ ՃԽԲ
Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց, ո՛ւնկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ Քով:
Լո՛ւր ինձ արդարութեամբ Քով եւ մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի Քում, զի ոչ արդարանայ առաջի Քո ամենայն կենդանի:
Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից:
Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս:
Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն գործս Քո. յարարածս ձեռաց Քոց խորհեցայ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ Քեզ. վաղվաղակի լո՛ւր ինձ, Տէ՛ր, զի նուաղեաց յինէն հոգի իմ:
Մի՛ դարձուցաներ զերեսս Քո յինէն. նմանիցեմ այնոցիկ, ոյք իջանեն ի գուբ:
Լսելի՛ արա ինձ առաւօտու զողորմութիւնս Քո, զի ես ի Քեզ, Տէ՛ր, յուսացայ:
Ցո՛յց ինձ ճանապարհ, յոր եւ գնացից, զի առ Քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ:
Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Տէ՛ր, զի զՔեզ ապաւէն ինձ արարի:
Ուսո՛ ինձ առնել զկամս Քո, զի Դու ես Աստուած իմ:
Հոգի Քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ:
Վասն անուան Քո, Տէ՛ր, կեցուսցես զիս, արդարութեամբ Քով հանցես ի նեղութենէ զանձն իմ:
Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՔԱՐՈԶ
Խոսրով Անձևացու մեկնությունը՝ (թարգմ.՝ Բագրատ եպս. Գալստանյանի). Խոսքի սկիզբն արտահայտում է Աստծո խնամքը, որ նախքան հանդերձյալ կյանքը, այստեղ իսկ աշխատանքից, հոգնությունից, մեղքից և գիշերվա տարատեսակ տրտմություններից քնի միջոցով հանգիստ պարգևեց, որովհետև թեպետ այս ամենին պարտավորվեցինք ադամական մեղքի պատճառով, սակայն մարդասեր Աստծո գութը չհանդուրժեց մեզ այսպիսի տառապանքի մեջ թողնել։
ամենեքեան ի հանգստենէ քնոյ, զոր շնորհեաց մեզ մարդասէրն Աստուած ի մխիթարութիւն եւ ի սփոփանս տկարութեան մերում, եւ եկեալքս
Այստեղ անիմաստ կերպով չէ, որ ավելացնում է միաբան լինելը կամ էլ, ինչպես սկզբում, զարթուցեալքսին կից ամենաքեանը նշելը, այլ որպեսզի ցույց տա, թե Աստծուն պաշտամունք մատուցելու ժամանակ ամենքի միաբանված լինելը Աստծուն՝ դյուրահաշտ, մեզ՝ զորավոր, իսկ դևերի մարտը անզոր է դարձնում։
Երգը հոգևոր ասելով՝ հայտնում է, ըստ Պողոս առաքյալի, թե Սուրբ Հոգին օգնության և գործակցության է հասնում մեր տկարությունների մեջ (հմմտ. Հռոմ Ը 26), մտքով երգակից է լինում սրբերին և հորդորում է մնալ Աստծո փառաբանության մեջ։
ի փառաբանութիւն եւ ի պատիւ ամենասուրբ անուան
Տեր եւ Փրկիչ է ասում, Տերը՝ ստեղծելու և մեզ տիրելու պատճառով, իսկ Փրկիչ, քանզի Իր անձը որպես փրկանք տվեց և Իր արյամբ փրկեց մեզ մեղքից ու մահվանից և վերացրեց անեծքը, որ մեզ վրա էր։ Այս պատճառով էլ հաճախ երկու անուններով ենք կոչում Նրան, որովհետև, շնորհակալություն ենք հայտնում Իր արարչության և խնամակալության համար, որով մեզ հարազատություն հայտնեց։
Յիսուսի Քրիստոսի՝
Հրեշտակների օրինակով մեզ հրամայում է ահ ու դող ունենալ, այդ պատճառով է հավելում՝ առաջի Նորա, քանզի ինչպես հրեշտակները Նրա փառքից միշտ ահաբեկված են, նույնպես և մենք, դեպի Աստված մեր միտքը ուղղելով և մեծ փառքի առջև, կանգնած լինելով, երկյուղով Նրան պիտի պաշտենք։
Եւ գոհացարուք զՆմանէ ի գիշերային ժամուս յայսմիկ վասն
Ցույց է տալիս ճշմարտությունն ու արդարությունը, որն իրագործեց մեր նկատմամբ ոչ թե ըստ արժանիքի՝ այլ ողորմելով:
Նորա. որ
Ասում է՝ ողորմեց, այդ պատճառով էլ ընտրեց, որովհետև, խոտան էինք և Աստծո ներկայությունից զրկված։ Ըստ առաքելական խոսքի՝ ողորմությունը մեզ ընտրյալ դարձրեց. «Ընտրեց մեզ Նրանով (այսինքն Քրիստոսի միջոցով) նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ» (հմմտ. Եփես. Ա 4)
եւ շնորհեաց մեզ բերել զնմանութիւն երկնային հրեշտակացն ի փառաբանիչս Տեառն Աստուծոյ ամենեցուն եւ մեզ լինիլ: Եւ մեք, այսուհետեւ
Այսինքն, որովհետև երկրում մեզ հրեշտակների նման դարձրեց, մեր անձերում ընդունենք հրեշտակային սրբությունը և, եթե մարդկային բնությամբ ինչ որ սխալ ենք գործել, խոստովանությամբ և ապաշխարությամբ այն սրբելով, մաքրվենք։
ի խղճէ եւ ի չար գործոց,
Ինչպես մարգարեն է հրամայում.«Գիշերը դեպի սրբությունը պարզեցեք ձեռքերը» (Սաղմ. ՃԼԳ 2), նույն կերպով և քարոզը հրամայում է նախ՝ սրբել մեղքը և չար գործերը և ապա բարձրացնել ձեռքերը դեպի սրբություն։
Քանզի աղոթողին պետք է աներկմիտ հավատով և անբարկանալի մտքով աղոթքը մատուցել Աստծուն, որի համար և Տերն է ասում. «Թող քո ընծան սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ինձ աղերսիր» (հմմտ. Մատթ. Ե 24)։ Այդ պատճառով և այս քարոզը հորդորում է բարկությունը թողնել և ապա Աստծուց քավություն հայցել:
Հաւատով խնդրեսցուք ի Նմանէ զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց՝
Քանզի ասաց՝ նախ սրբել մեր անձերը մեղքից (այստեղ նաև օրինակն է տալիս, թե ինչպես), ըստ որի՝ սրբվում ենք խոստովանությամբ և քավություն խնդրելով, որովհետև, եթե չխոստովանենք, Ծածկագետից չենք կարող թաքցնել։ Սակայն խոստովանությամբ և մեղքը գիտակցելով մենք խոնարհության ենք հասնում, ամաչում ենք, զղջում և պաղատում ենք, որով և Աստծուց ողորմություն և ներում ենք գտնում և արդարանում։ Քանզի մարգարեի միջոցով իսկ ասում է. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Ես. ԽԳ 26)
ծածկագիտին Աստուծոյ: Որպէս զի ընդունելով զպաղատանս մեր աղօթիւք եւ բարեխօսութեամբ ամենայն սրբոց՝
Հայտնի է դարձնում, որ Նրա պարգևները ձրի են, թեպետ և շատերս առաքինանանք, որովհետև սիրում է մարդկանց։ Եվ առաքինությամբ և անբիծ ապրելը շնորհ է, որ շնորհում է մարդասերն Աստված։ Սակայն անարատ վարքով ապրելն առավել պատիվ է, քան արքայությունը, որին ավելի մեծ ցանկությամբ են բաղձում ընտրյալները, քան երկնքի բարիքներին, որովհետև, ցանկանում են ոչ թե վարձատրվել Քրիստոսից, այլ տառապել Քրիստոսի համար։ Եվ առ Քրիստոս ունեցած սիրո պատճառով՝ Քրիստոսի համար չարչարվելն ավելի ախորժական էր, քան Քրիստոսի հետ փառքի մեջ լինելը։ Ինչպես և երանելի Հովհան Ոսկեբերանն է ասում. «Նախընտրում եմ Քրիստոսի համար կապանքների մեջ լինել, քան քերովբեների հետ մերձ լինել Աստծուն»։ Նաև երջանիկ Գրիգոր Աստվածաբանն է գրում. «Որպեսզի չասեմ, թե նույնինքն տքնելն արդեն իսկ վարձատրություն է, որն ամենևին մտքի վաճառականություն չէ», և նաև ընտրյալ Նյուսացի Գրիգորն է այս իմաստով ասում Սողոմոնի «Երգ Երգոց» օրհնության մեկնության մեջ. «Սիրո առաքինության պատճառով է, որ հարսին ունի և ոչ թե որպես վարձատրություն»։ Նաև՝ Աստվածաբանը, ինչպես և Նյուսացին, երեք չափանիշներ են սահմանում արդարության մասին՝ երկյուղի պատճառով, վարձատրության պատճառով և սիրո պատճառով։ Նյուսացին սիրո գերակայությունը բացատրում է ամուսնական մերձավորության օրինակով, ըստ Սողոմոնի, իսկ Աստվածաբանը՝ որդիության օրինակով եռակարգ դասակարգումով. ծառա է կոչում երկյուղով ուղղվածներին, վարձկան՝ հոժարակամ ստացողներին, ապա, առավել քան այս երկուսը, ասում է՝ որդին է հոր հավանածը և ոչ թե վարձկանը։ Արդ, առաջին և մեծ պարգևն այս է՝ առաքինություն ստանալ, և երկրորդը՝ հավիտենական ուրախության արժանանալ, որը Քրիստոսի սիրողները կստանան Նրանից՝ ըստ Նրա անսուտ խոստումի։
ըստ կամաց Նորա յայսմ աշխարհիս եւ արժանաւոր լինելով յաւիտենական եւ երկնային խորանացն, զոր խոստացաւ սիրելեաց Իւրոց ճշմարիտն Աստուած Յիսուս Քրիստոս: Տէ՛ր մեր,
Խնդրանքով է ամփոփում խոսքը՝ տնօրինական անունները հիշելով, որ մեզ համար եղավ և կոչվեց Հիսուս, որ է Փրկիչ (հմմտ. Մատթ. Ա 21, Ղուկ. Ա 31), քանզի փրկեց մեզ մոլորությունից և սատանայական գործերից, մեղքից, անեծքից, մահվանից, ապականությունից և դժոխքից։ Եվ Քրիստոս կոչվեց, որովհետև Հոգով օծվեց և կոչվում է Քրիստոս՝ այսինքն Օծյալ (Ղուկ. Բ 11) եւ նույն Հոգով «մեզ ևս օծեց» (Բ Կորնթ. Ա 21), օծվածներ դարձրեց և անվանեց քրիստոնյաներ։

Կեցո՛, Տէ՛ր:
Զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել՝ հաւատով ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զհրեշտակ խաղաղութեան՝ պահապան անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զսրբոյ խաչին մեծ եւ կարող զօրութիւն յօգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
ԶՔէն գոհանամք, Տէր Աստուա՛ծ մեր, որ շնորհեցեր մեզ հանգիստ քնոյ խաղաղութեամբ: Եւ զարթուցեալ ժամանեցուցեր զմեզ կանխել յերկրպագութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ: Տո՛ւր մեզ, Տէ՛ր, աղաչեմք զՔեզ, զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել. եւ զամենայն ժամանակս կենաց պանդխտութեան մերոյ երկիւղիւդ Քո ամրացո՛ եւ պահեա՛: Որպէս զի զգուշութեամբ եւ անարատ վարուք կրօնաւորեալք յայսմ աշխարհիս՝ ժամանեսցուք յանքոյթ եւ ի խաղաղ նաւահանգիստ յաւիտենական ի կեանսդ՝ շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Ընդ Որում Քեզ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Նայեա՛ց, Տէ՛ր բարերար, ողորմութեամբ Քով յերկրպագուս եւ ի փառաբանիչս անուանդ Քում սրբոյ: Տէ՛ր զօրութեանց, խաղաղացո՛ զանձինս մեր յամենայն սատանայական խռովութեանց եւ յաշխարհական զբօսանաց: Զհրեշտակ խաղաղութեան Քո առաքեա՛ առ մեզ, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում: Որպէս զի բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս Քեզ Տեառնդ ծառայելով ի կեանս յայսոսիկ՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:


ՇԱՐԱԿԱՆ ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ


Օրհնութիւն ապաշխարութեան բկ.

(Ողր. ապաշխարութեան բկ. Ա.)


Յամենայն ժամ աղաչանք իմ այս են. ի մեղաց իմոց սո՛ւրբ արա զիս, Տէ՛ր։
Յանցանաց իմոց զարհուրի սիրտ իմ. աղաչեմ զՔեզ, թո՛ղ ինձ, Տէ՛ր։
Արտասուաց իմոց մի՛ լռեր, Տէ՛ր, զի պանդուխտ եմ ես յանցաւոր երկրի։

(Ողր. ապաշխարութեան բկ. Բ.)


Ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ իմ, ողորմեա՛ ինձ. զի անպատասխանի եմ յամենայնի, թո՛ղ ինձ, Տէ՛ր:
Ճանապարհք Քո ուղիղ են, ես միայն մոլորեցայ. դարձո՛ զիս եւ ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ:
Դատաստանք Քո արդար են, ես միայն եմ մեղուցեալ. քաւեա՛ զիս եւ ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ:

(Ողր. ապաշխարութեան բկ. Գ.)


Յոյս իմ ես Դու, Տէ՛ր, Քաւի՛չ յանցանաց իմոց, մի՛ անտես առներ զբղխումն արտասուաց իմոց. ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ:
Առ Քեզ ապաւինեցայ որպէս զանառակ որդին. Հա՛յր, մեղայ յերկինս եւ առաջի Քո. ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ:
Փրկեա՛ զիս, Աստուա՛ծ, ի բազում մեղաց իմոց, արա՛ արժանի Քոյին սուրբ արքայութեանդ. ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ:

(Ողր. ապաշխարութեան բկ. Դ.)


Մեղք իմ բազում են յոյժ, ծանր են քան զաւազ ծովու. քանզի Քեզ միայնոյ մեղայ, ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ:
Բա՛ց, Տէ՛ր, զդուռն ողորմութեան, որ ողբալով կարդամ առ Քեզ. քանզի Քեզ միայնոյ մեղայ, ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ:
Հե՛ղ յիս զգթութիւնդ Քո, Բազումողո՛րմ եւ Մարդասէ՛ր. քանզի Քեզ միայնոյ մեղայ, ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ:

(Ողր. ապաշխարութեան բկ. Ե.)


Թիւնս իմ. Մեղայ Քեզ, Տէ՛ր, մեղայ, ողորմեա՛:
Մեղայ, անօրինեցայ եւ մատնեցայ ի ձեռս անօրէն թշնամւոյն. արդ անկեալ աղաչեմ, թո՛ղ ինձ, Տէ՛ր:
Քան զամենեսեան առաւել մեղայ, Տէ՛ր իմ գթած. քան զամենեսեան անօրինեցայ եւ մատնեցայ ի ձեռս անօրէն թշնամւոյն. արդ անկեալ աղաչեմ, թո՛ղ ինձ, Տէ՛ր:

(Ողր. ապաշխարութեան բկ. Զ.)


Եկեսցէ, Տէ՛ր, ի վերայ մեր ողորմութիւն Քո, եւ Բան փրկութեան Քո պահեսցէ զանձինս մեր ի մեղաց:
Ողորմութիւն Քո եւ ճշմարտութիւն Քո եւ լոյս երեսաց Քոց առաջնորդեսցէ մեզ ի յարդարութիւն:
Որ ողորմածդ ես, գթած եւ երկայնամի՛տ Տէր, ընկա՛լ զաղաչանս մեր բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնին:

(Ողր. ապաշխարութեան բկ. Է.)


Տէ՛ր, զլուր միւսանգամ Քո գալստեանդ լուայ եւ երկեայ, զի ուսայ ի սրբոց պատուիրանացն, եթէ գաս Դու ի դատել զերկիր:
Տէ՛ր, յիշեցի զչար զգործս իմ եւ զարհուրեցայ, զի ծանեայ ճշմարտութեամբ զահաւոր եւ զանաչառ զՔո դատաստանն:
Տէ՛ր, յիշեցի եւ զգութ արարչական սիրոյ Քո առ Քո արարածս. եւ ի Քո գթութիւնդ ապաւինեալ՝ աղաչեմ. ողորմեա՛ ինձ յաւուր յայնմիկ, Քրիստո՛ս արդար Դատաւոր:

(Օրհ. Մեծի պահոց Ե կիւրակէի բկ. Ա., 4-րդ տուն)


Աղաչանօք Աստուածածնին՝ անապական Քում ծնողին, զիմանալի աչս սրտից մերոց բացցես ողորմութեամբ՝ հայիլ ի լոյս Քո, Քրիստո՛ս:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:

(Օրհ. Մեծի պահոց Ե կիւրակէի բկ. Բ., 4-րդ տուն)


Մարիամ Կո՛յս անարատ, զանապական Փեսայդ աղաչեա՛, զի հաշտեսցի ընդ այրի եղեալ հոգիս եւ միաւորեսցի դարձեալ սիրով ընդ հեռացեալս ի Նմանէ:

Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Օրհ. Խաչվերացի Եշ. բկ. Բ., 3-րդ տուն)


Յորժամ յարեւելից փայլիս անճառ լուսով, լուսաւորես զհաւատացեալսն եւ դատապարտես զազգն Հրէից անհաւատից, ո՛վ սուրբ քառաթեւ, եւ զի՛ս լուսաւորեա՝ զխաւարեալս մեղօք, եւ դասակարգեա՛ ի դասս մատենագրի յանճառ երկնից արքայութեանդ, զի անդադար օրհնաբանիս, եւ Քո են փառք յաւիտեանս. ամէն:

ՍԱՂՄՈՍ ԿԶ
Աստուա՛ծ, ողորմեա՛ մեզ եւ օրհնեա՛ զմեզ, երեւեցո՛ զերեսս Քո ի մեզ եւ ողորմեա՛ մեզ՝
Ճանաչել յերկրի զճանապարհս Քո, յազինս ամենայն զփրկութիւնս Քո:
Խոստովան եղիցին առ Քեզ ժողովուրդք, Աստուա՛ծ, խոստովան եղիցին առ Քեզ ժողովուրդք ամենայն:
Ուրախ եղիցին եւ ցնծասցեն ազինք, զի Դու դատիս զժողովուրդս յուղղութիւն եւ ազգաց երկրի Դու առաջնորդես:
Խոստովան եղիցին առ Քեզ ժողովուրդք, Աստուա՛ծ, գոհասցին զՔէն ժողովուրդք ամենայն:
Երկիր ետ զպտուղ իւր, եւ օրհնեաց զմեզ Աստուած, Աստուած մեր:
Աստուած մեր օրհնեսցէ զմեզ, եւ ի Նմանէ երկիցեն ամենայն ծագք երկրի:

ԱՒԵՏԱՐԱՆ ՀԱՆԳՍՏԵԱՆ
(ԲԿ, ԴԿ)

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի, որ ըստ Մատթէոսի
(գլ. 13.36-52)

Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Յայնժամ թողեալ Յիսուսի զժողովուրդսն՝ եկն ի տուն. մատեան առ Նա աշակերտքն եւ ասեն. «Մեկնեա՛ մեզ զառակ որոմանցն ագարակի»:
Նա պատասխանի ետ եւ ասէ ցնոսա. «Որ սերմանէ սերմն բարի, է Որդի մարդոյ. եւ ագարակն աշխարհս է. սերմն բարի նոքա են, որ որդիքն արքայութեան են. իսկ որոմնն որդիք չարին են. եւ թշնամին, որ վարեաց զայն, սատանայ է. եւ հունձքն՝ կատարած աշխարհիս է. եւ հնձողքն հրեշտակք են:
Որպէս ժողովի որոմն եւ ի հուր այրի, այնպէս եղիցի ի կատարածի աշխարհիս. առաքեսցէ Որդի մարդոյ զհրեշտակս Իւր, եւ ժողովեսցեն յարքայութենէ Նորա զամենայն գայթակղութիւնս եւ զայնոսիկ, ոյք գործեն զանօրէնութիւն, եւ արկցեն զնոսա ի հնոց հրոյ. անդ եղիցի լալ եւ կրճել ատամանց:
Յայնժամ արդարքն ծագեսցին իբրեւ զարեգակն յարքայութեան երկնից. որ ունիցի ականջս լսելոյ, լուիցէ:
Դարձեալ՝ նման է արքայութիւն երկնից գանձի ծածկելոյ յագարակի, զոր գտեալ մարդոյ՝ թաքոյց. եւ ի խնդութենէ անտի երթայ վաճառէ զամենայն ինչ, զոր ունի, եւ գնէ զագարակն զայն:
Դարձեալ՝ նման է արքայութիւն երկնից առն վաճառականի, որ խնդրիցէ մարգարիտս գեղեցիկս:
Եւ գտեալ մի պատուական մարգարիտ՝ երթեալ վաճառեաց զամենայն, զոր ինչ ունէր, եւ գնեաց զայն մարգարիտ:
Դարձեալ՝ նման է արքայութիւն երկնից ուռկանի՝ արկելոյ ի ծով եւ յամենայն ազգաց ժողովելոյ. զոր իբրեւ լցաւ, հանեալ ի ցամաք եւ նստեալ ժողովեցին զբարի բարին յամանս եւ զխոտանն ի բաց ընկեցին:
Այնպէս եղիցի ի կատարածի աշխարհիս. ելցեն հրեշտակք եւ մեկնեսցեն զչարս ի միջոյ արդարոց եւ արկցեն զնոսա ի հնոց հրոյն. անդ եղիցի լալ եւ կրճտել ատամանց»:
Ասէ ցնոսա Յիսուս. «Իմացարո՞ւք զայս ամենայն»:
Ասեն ցՆա. «Այո՛, Տէր»:
Եւ Նա ասէ ցնոսա. «Վասն այսորիկ ամենայն դպիր՝ աշակերտեալ արքայութեան երկնից, նման է առն տանուտեառն, որ հանէ ի գանձէ իւրմէ զնոր եւ զհին»:

ՄԱՂԹԱՆՔ
Հոգւոցն հանգուցելոց, Քրիստո՛ս Աստուած, արա՛ հանգիստ եւ ողորմութիւն. եւ մեզ՝ մեղաւորացս, շնորհեա՛ զթողութիւն յանցանաց:

ՔԱՐՈԶ
Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:
Վասն հանգուցեալ հոգւոցն աղաչեսցուք զՓրկիչն մեր Քրիստոս, զի զնոսա ընդ արդարսն դասեսցէ եւ զմեզ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան Իւրոյ:
Ամենակալ Տէր Աստուա՛ծ մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
Քրիստոս Որդի՛ Աստուծոյ, անոխակա՛լ եւ բարեգո՛ւթ, գթա՛ Քո արարչական սիրովդ ի հոգիս հանգուցեալ ծառայից Քոց: Յիշեա՛ յաւուր մեծի գալստեան արքայութեան Քո: Արա՛ արժանի ողորմութեան, քաւութեան եւ թողութեան մեղաց: Դասաւորեալ պայծառացո՛ ընդ սուրբս Քո յաջակողմեան դասուն, զի Դու ես Տէր եւ Արարիչ ամենեցուն, Դատաւոր կենդանեաց եւ մեռելոց. եւ Քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

ՇԱՐԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ


Օրհնութիւն սրբոց թարգմանչաց ակ.

(Օրհ. Սրբոց թարգմանչացն ակ. Ա.)


Որք զարդարեցին տնօրինաբար զիմաստս Անեղին՝ հաստատելով յերկրի զգիր կենդանի՝ հովուել զհօտ նոր Իսրայելի, երգով քաղցրութեան հնչմամբ զԱստուած օրհնեսցուք:
Որք զերկրաւոր մեծութիւն փառաց խաւար կոչեցին, ապաւինելով ի յոյս անմահ Փեսային՝ անճառ Բանին արժանի եղեն, երգով քաղցրութեան հնչմամբ զԱստուած օրհնեսցուք:
Որք զօրութեամբ Հօր իմաստութեան Էին անեղի հաստատեցին զաթոռ սրբոյն Գրիգորի՝ թարգմանութեամբ նշանագրութեան, երգով քաղցրութեան հնչմամբ զԱստուած օրհնեսցուք:
Որք նորափետուր բանիւ զարդարեալ՝ պայծառազգեցան Եկեղեցիք Հայաստանեայց ի ձեռն սրբոյ Սահակայ, երգով քաղցրութեան հնչմամբ զԱստուած օրհնեսցուք:

(Օրհ. Սրբոց թարգմանչացն ակ. Բ., 1-4 տներ)


Որք թագաւորաց, ազգաց եւ ազանց գերագոյն ցուցին արփիափայլ զերգս հոգեւորս՝ ընտրեալ դասուց վերին Սիոնի, անմատոյց Լուսոյն երկրպագեսցուք:
Որ խորհրդեամբ ճշմարիտ լուսոյ փառաց Անեղին նկարագրեցաւ մեզ գիր կենդանի յարգանդ մաքուր մեծին Մեսրոպայ, անմատոյց Լուսոյն երկրպագեսցուք:
Որք զծածկեալ խորհուրդ աստուածգիտութեան տնօրինաբար յայտնեալ ծանուցին հանգոյն սրբոյ մեծին Մովսեսի, անմատոյց Լուսոյն երկրպագեսցուք:
Որ յօրինակ ճշմարիտ սիրոյ սուրբ առաքելոցն աղբերաբար ի ձեզ էացաւ Հոգի շնորհաց բղխումն անսպառ, անմատոյց Լուսոյն երկրպագեսցուք:

(Հմբ. Երկոտասան առաքելոցն ակ., 6-8 տներ)


Ի մաքրագործ Հոգւոյն անօ՛թ ընտրեալ եւ ձիւնափայլ, թագաւո՛րք երկրի, իշխա՛նք աշխարհի, անպակաս գանձուց բաշխող Յակոբ Ալփեա՛ն, Յուդա Յակոբեա՛ն, բարեխօ՛ս լերուք առ Տէր վասն անձանց մերոց:
Երեքսրբեան Մի Տէրութեան խորհո՛ւրդ կամաց եւ հազարապե՛տք, փողոց հնչմո՛ւնք, բարբա՛ռք աւետեաց ընդ ամենայն երկիր, սուրբդ Շմաւո՛ն եւ Մատաթիա՛, բարեխօ՛ս լերուք առ Տէր վասն անձանց մերոց:
Բանին կենաց կանուխ քարո՛զ եւ աւետարանի՛չ, ե՛րգ փրկութեան, հնչո՛ւմն ահաւոր, ազգի մարդկան պարծա՛նք, սուրբդ Մատթէո՛ս, բարեխօ՛ս լեր առ Քրիստոս:

(Տրյ. Որդւոց եւ թոռանց սրբոյն Գրիգորի Լուսաւորչին աձ.)


Այսօր ընդ երկնային զուարթունսն, ժողովո՛ւրդք Հայաստանեայց, տօնելով զյիշատակ սուրբ հայրապետաց՝ շառաւիղաց սրբոյն Գրիգորի, օրհնեցէ՛ք զՀայրն երկնաւոր:
Այսօր, որդի՛ք Թորգոմայ՝ ծնեալք աւազանաւն յորդիս Սիոնի, ի յիշատակի հարցն սրբոց՝ որդւոց մեծի Լուսաւորչին, գովեցէ՛ք զՈրդին Միածին:
Այսօր երկնաւոր քահանայութեանն հաղորդ քահանա՛յք սուրբ Եկեղեցւոյ, ընդ քահանայապետս՝ աստուածային օրինօք պատուեալս, բարեբանեցէ՛ք զՀոգին ճշմարիտ՝ երգելով զփառս ի բարձունս:

(Օրհ. Թէոդոսի թագաւորին ակ. Բ.)


Որ զարդարեալ գեղապանծ վայելչութեամբ սուրբ զԵկեղեցի՝ պսակեցեր առաքելովք եւ մարգարէիւք եւ հաստատեալ ամրացուցեր սուրբ թագաւորօք, բարեպաշտութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Որք զինու զօրութեամբ Հոգւոյն վառեալք ի պատերազմի՝ վանեցին զմոլութիւն հերձուածողաց եւ ի հաւատս ճշմարիտս հաստատեցին զտիեզերս, բարեպաշտութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Որ շնորհեցեր յաշխարհի թագաւորել մեծին Թէոդոսի եւ կատարեալ զկեանս հաւատով ուղղափառութեան՝ վերափոխեցեր այսօր յերկնից թագաւորութիւնդ, բարեպաշտութեամբ սորա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:

(Մնկ. Սրբոց Ատովմանց ակ.)


Աղաչեմք զՔեզ, Տէ՛ր, բարեխօսութեամբ սրբոց Ատովմանց, որք նահատակեցան ի ճակատամարտ պատերազմի, յաղթող գտան ընդդէմ թշնամւոյն, բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Որք առին զսպառազինութեան զրահս հաւատոյ սրտից իւրեանց եւ ընկալան ի գլուխ սաղաւարտ փրկութեան զնշան խաչին՝ սուսեր ընդ մէջ ածեալ զճշմարիտ Սուրբ Հոգին, բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Որք մաքրեցին զանձինս իւրեանց տաճար անուանդ Քում սրբոյ եւ բուրեցին հոտ անուշութեան զաղօթս իւրեանց ի տեղւոջ հեղման սուրբ արեան իւրեանց, բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:

(Տրյ. Հոգեգալստեան Բ աւուր ակ.)


Որ յերկնային զօրս անմարմնոցն նախ հեղեր առատապէս, Հոգի՛դ ճշմարիտ, զաստուածային եւ զգերագոյն Քո իմաստութիւնդ՝ լինել փառաբանիչ Սուրբ Երրորդութեանդ, ընդ նոսին փառաւորեմք զԵրրեակ Միութիւնդ:
Որ զկերպարանն աստուածային՝ ստեղծեալ Երրորդութեանդ խորհրդակցութեամբ, զարդարեցեր փչմամբ շնորհաց Քոց կենդանարար եւ ընդ ծնեալսն առ ի նմանէ խօսեցար օրինօք եւ մարգարէիւք, ընդ նոսին փառաւորեմք զԵրրեակ Միութիւնդ:
Որ յերկրորդի լինելութեանս յետ յարութեան Քում Էակցին մտեալ ի վերնատունն դրօքն փակելովք, շնորհելով ըստ առաջին փչմանն զՔեզ մետասանից՝ առաքելոցն ասաց. «Առէ՛ք Հոգի Սուրբ», ընդ նոսին փառաւորեմք զԵրրեակ Միութիւնդ:

(Տրյ. Հանգստեան ակ. Գ.)


Յորժամ յերկնից գոչէ փողն՝ ազդեցութիւն առնելով տիեզերաց ի դատաստանն ահաւոր, յայնմ աւուր ահեղին յիշեա՛, Տէ՛ր, եւ զմեր զննջեցեալսն եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։
Յորժամ ճառագայթք Աստուածութեանդ փայլին ի յարեւելից, եւ դպրութիւնք հրաշիցն բանին, յայնմ աւուր ահեղին յիշեա՛, Տէ՛ր, եւ զմեր զննջեցեալսն եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։
Զարհուրեալ դողան արարածք ի ձայնէ սրովբէագոչ փողոյն. յորժամ հարկանէ հրեշտակապետն եւ կոչէ ի դատաստան զազգս որդւոց մարդկան, յայնմ աւուր ահեղին յիշեա՛, Տէ՛ր, եւ զմեր զննջեցեալսն եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։

(Մեծ. ակ.)


Ո՛վ գերահրաշ ծաղիկ՝ բուրեալ յԵդեմայ, հո՛տ անմահութեան ծննդոցս Եւայի, յորմէ սփռեցաւ մահ ընդ տիեզերս, օրհնութեամբ զքեզ մեծացուցանեմք:
Դու՝ լուծիչ երկանց, բարձող անիծից, ծագումն Արեւու լուսոյն ճշմարտի, Որով հերքեաւ խաւարն առաջին. օրհնութեամբ զքեզ մեծացուցանեմք:
Զքեզ ունիմք բարեխօս, Կո՛յս անհարսնացեալ, մա՛յր անարատ էմմանուելի, տաճա՛ր Բանին Հօրն երկնաւորի. օրհնութեամբ զքեզ մեծացուցանեմք:

(Օրհ. Վարագայ խաչին ակ. Բ.)


Խաչ Քո եղիցի մեզ ապաւէն բոցանիշ փայլմամբն իւրով. խորտակեաց զթշնամին, ելոյծ զդատակնիք անուանեալ փայտն կենաց ի փրկութիւն տիեզերաց:
Վերառեալ ցնծան երկինք, եւ երկիրս ուրախանայ ընդ յայտնիլ սրբոյ խաչին սեռակնաձեւ քառաթեւին, որ զաշխարհս լուսաւորեաց արեգակնակերպ ճառագայթիւք:
Ցնծացաւ Երուսաղէմ, բերկրեցան հաւատացեալք, նորահրաշ զարդարեցան, քանզի տեսին զյաղթող նշանն. արարածք ամենայն ի լուսոյն պայծառացան:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Օրհ. Սրբոց թարգմանչացն ակ. Բ., 5-րդ տուն)


Որ երկոքումբք սուրբ լուսաւորչօք տանս Թորգոմայ հաստատեցեր զԵկեղեցիս Հայաստանեայց՝ զլոյս իմաստից ի մեզ ծագելով, մաղթանօք սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:

ՄԱՂԹԱՆՔ
Բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին եւ Յովհաննու Մկրտչին, սրբոյն Ստեփանոսի Նախավկային եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին, յիշատակաւ եւ աղօթիւք սրբոցն Յովհաննու Երուսաղեմայ հայրապետին եւ հայրապետին մերոյ Յովհաննու Օձնեցւոյն եւ վարդապետացն մերոց Յովհաննու Որոտնեցւոյն եւ Գրիգորի Տաթեւացւոյն, որոց այսօր է յիշատակ, եւ վասն խաչի Քո պատուականի, Տէ՛ր, ընկա՛լ զաղաչանս մեր եւ կեցո՛ զմեզ:

ՔԱՐՈԶ
(ԲԿ, ԴԿ)
Վասն ի վերուստ խաղաղութեան եւ փրկութեան անձանց մերոց զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն լսելի լինելոյ Տեառն Աստուծոյ ձայնի աղաչանաց մերոց զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն քաւիչ եւ ներող լինելոյ Աստուծոյ ի վերայ մեղաց մերոց զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն թողլոյ մեզ զամենայն յանցանս մեր զկամայ եւ զակամայ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն զի մի՛ ընդ խոտանսն գտանիցիմք յաւուրն պատասխանատուութեան զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն հոգւոցն հանգուցելոց, որք ճշմարիտ եւ ուղիղ հաւատով ի Քրիստոս ննջեցին, զՏէր աղաչեսցուք:
Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
(ԲԿ, ԴԿ)
Տէ՛ր տուընջեան եւ գոյացուցի՛չ գիշերոյ, որ արարեր զտիւ ի զբօսանս բարեգործութեան՝ ի փրկութիւն անձանց մերոց, եւ զգիշեր՝ ի հանգիստ քնոյ տկարացեալ բնութեանս մերոյ, իսկ այժմ զարթուցեալ բացեր զբերանս մեր յօրհնաբանութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ, ընկա՛լ եւ այժմ զաղաչանս մեր եւ յաջողեա՛ մեզ ուղիղ հաւատով եւ առաքինասէր վարուք ի նոյն պաշտօն Քո կանխել միշտ եւ նովին կանոնիւս անդադար փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

ԶՔեզ, որ յամենայնի գթած եւ մարդասէր Տէրդ ես, աղաչեմք հանապազ, զի զօրացուսցես զմեզ օր ըստ օրէ կալ ի կարգի կրօնաւորութեան մերում: Թեթեւացո՛, Տէ՛ր, զքաղցր լուծ Քո, զոր եդիր ի վերայ մեր. զի կարասցուք կալ ի պատուիրանի Քում եւ զհաճոյսն առնել առաջի Քո յամենայն ժամ ի տուէ եւ ի գիշերի, հրեշտակային երգակցութեամբ զՔեզ օրհնել, զՔեզ գովել եւ Քեզ գոհութիւն եւ փառս մատուցանել ամենազօր տէրութեանդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Թագաւոր յաւիտեան:
Դու ես, Քրիստո՛ս, աղբիւր կենաց, բղխումն ողորմութեան: Շնորհեցեր սրբոցն Յովհաննու Երուսաղեմայ հայրապետին եւ հայրապետին մերոյ Յովհաննու Օձնեցւոյն եւ վարդապետացն մերոց Յովհաննու Որոտնեցւոյն եւ Գրիգորի Տաթեւացւոյն յաղթող զնահատակութիւն՝ հալածել զխաւարն եւ լուսաւորել զանձինս մեր:
Սաղմոս. Աստուած փառաւորեալ է ի խորհուրդս սրբոց Իւրոց, մեծ եւ ահաւոր՝ ի վերայ այնոցիկ, որք շուրջ են զՆովաւ: Տէ՛ր Աստուած զօրութեանց, ո՞ նմանի Քեզ. հզօր ես Դու, Տէ՛ր, եւ ճշմարտութիւն Քո շուրջ է զՔեւ: Շնորհեցեր սրբոցն Յովհաննու Երուսաղեմայ հայրապետին եւ հայրապետին մերոյ Յովհաննու Օձնեցւոյն եւ վարդապետացն մերոց Յովհաննու Որոտնեցւոյն եւ Գրիգորի Տաթեւացւոյն յաղթող զնահատակութիւն՝ հալածել զխաւարն եւ լուսաւորել զանձինս մեր:
Փոխ. Որ շնորհօք Սուրբ Հոգւոյն յաղթեցիք թշնամւոյն, երանեալ սուրբ վկա՛յք Քրիստոսի, վասն ձեր տօնողացս հայցեցէ՛ք յԱստուծոյ զթողութիւն մեղաց:
Փոխ. Որ պսակդ էք պարծանաց ամենայն առաքինեաց, նախաշաւիղ եւ առաջնորդ կենացն յաւիտենից, ո՛վ սուրբ վկայք, առ պսակիչն սրբոց եւ վասն մե՛ր բարեխօսեցէք՝ շնորհելով ողորմութիւն յանսպառ աղբերէն կենացն յաւիտենից:

ՄԱՂԹԱՆՔ
(ԲԿ, ԴԿ)
Սաղմոսիւք եւ օրհնութեամբ եւ երգօք հոգեւորօք անդադար փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեան յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

 
sacredtradition.am