Home    Library    Multimedia    Calendar    Projects    
հայերեն  русский    
CHURCH CALENDAR
CHURCH CALENDAR / LITURGY OF HOURS / MIDNIGHT TIME (MATINS)
12 March 2017y. Sunday
Third Sunday of Great Lent. Sunday of the Prodigal Son

Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց Եկեղեցւոյ,
որ կատարի ի մէջ գիշերի՝ ի դէմս Հօր Աստուծոյ



Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Օրհնեալ համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնն՝ Հայր եւ Որդի եւ Հոգի Սուրբ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՍԱՂՄՈՍ Գ
Տէ՛ր, զի՜ բազում եղեն նեղիչք իմ, եւ բազումք յարեան ի վերայ իմ:
Բազումք ասէին զանձնէ իմմէ, թէ՝ «Չիք փրկութիւն սորա առ Աստուած իւր»:
Այլ Դու, Տէ՛ր, օգնական իմ ես, փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ:
Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ ի լեռնէ սրբոյ Իւրմէ:
Ես ննջեցի եւ ի քուն եղէ, զարթեայ, եւ Տէր ընդունելի իմ է:
Ոչ երկեայց ես ի բիւրաւոր զօրաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պաշարեալ պահէին զիս:
Արի՛, Տէ՛ր, եւ փրկեա՛ զիս, Աստուա՛ծ իմ. զի Դու հարեր զամենեսեան, ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց, եւ զատամունս մեղաւորաց փշրեսցես:
Տեառնդ է փրկութիւն, ի վերայ ժողովրդեան Քո՝ օրհնութիւն Քո:

ՍԱՂՄՈՍ ՁԷ
Տէ՛ր Աստուած փրկութեան իմոյ, ի տուէ կարդացի եւ ի գիշերի առաջի Քո:
Մտցեն աղօթք իմ առաջի Քո, Տէ՛ր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս իմ,
Զի լցաւ չարչարանօք անձն իմ, եւ կեանք իմ ի դժոխս մերձեցան, եւ համարեցայ ես ընդ այնոսիկ, որք իջանեն ի գուբ:
Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի եւ ի մեռեալս ազատ:
Որպէս զվիրաւորս, որք ննջեն ի գերեզմանի:
Զորս Դու ոչ յիշեցեր, նոքա ի ձեռանէ Քումմէ մերժեցան:
Եդին զիս ի գբի ներքնումն՝ ի խաւարի եւ ի ստուերս մահու:
Յիս հաստատեցաւ սրտմտութիւն Քո, զամենայն զբօսանս Քո ածեր ի վերայ իմ:
Հեռի արարեր յինէն զծանօթս իմ, եւ եդին զիս նշաւակ իւրեանց:
Մատնեցայ եւ ոչ ելանէի, աչք իմ տկարացան յաղքատութենէ:
Աղաղակեցի առ Տէր զօրհանապազ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Մի՞թէ մեռելոց առնիցես զսքանչելիս Քո, կամ բժիշկք յարուցեալ խոստովան առնիցի՞ն առ Քեզ:
Մի՞թէ պատմեսցէ ոք երբեք ի գերեզմանի զողորմութիւնս Քո կամ զճշմարտութիւնս Քո` ի կորստեան:
Մի՞թէ ճանաչիցին ի խաւարի սքանչելիք Քո, կամ արդարութիւն Քո` յերկիր մոռացեալ:
Ես առ Քեզ, Տէ՛ր, աղաղակեցի. առաւօտու աղօթք իմ ժամանեսցեն առ Քեզ:
Ընդէ՞ր, Տէ՛ր, մերժես զանձն իմ կամ դարձուցանես զերեսս Քո յինէն:
Տնանկ եւ վաստակաւոր եմ ես ի մանկութենէ իմմէ. ի բարձրութենէ խոնարհեցայ եւ ապշեցայ:
Յիս հաստատեցաւ բարկութիւն Քո, արհաւիրք Քո խռովեցուցին զիս,
Շրջեցան զինեւ որպէս ջուր, զօր ամենայն պաշարեցին զիս ի միասին:
Հեռի արարեր յինէն զբարեկամս իմ եւ զծանօթս իմ վասն թշուառութեան իմոյ:

ՍԱՂՄՈՍ ՃԲ
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր, եւ ամենայն ոսկերք իմ՝ զանուն սուրբ Նորա:
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր եւ մի՛ մոռանար զամենայն տուրս Նորա.
Ո քաւէ զմեղս քո, բժշկէ զամենայն հիւանդութիւնս քո.
Ո փրկէ յապականութենէ զկեանս քո, պսակէ զքեզ ողորմութեամբ եւ գթութեամբ.
Ո լնու ի բարութենէ զցանկութիւն քո, նորոգեսցի որպէս արծուոյ մանկութիւն քո:
Առնէ ողորմութիւնս Տէր եւ իրաւունս ամենայն զրկելոց:
Եցոյց Տէր զճանապարհս Իւր Մովսիսի եւ որդւոցն Իսրայելի զկամս Իւր:
Գթած, ողորմած է Տէր, երկայնամիտ եւ բազումողորմ:
Ոչ ի սպառ բարկանայ Տէր եւ ոչ յաւիտեան պահէ ոխս:
Ոչ ըստ մեղաց մերոց արար մեզ եւ ոչ ըստ անօրէնութեան մերում հատոյց մեզ.
Այլ որպէս բարձր են երկինք յերկրէ, այնպէս զօրացոյց Տէր զողորմութիւն Իւր ի վերայ երկիւղածաց Իւրոց:
Որչափ հեռի են արեւելք յարեւմտից, այնչափ հեռի արար ի մէնջ զանօրէնութիւնս մեր:
Որպէս գթայ հայր ի վերայ որդւոց իւրոց, այնպէս գթասցի Տէր յերկիւղածս Իւր.
Զի Նա գիտաց զստեղծուածս մեր եւ յիշեաց, թէ հող եմք:
Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր, որպէս ծաղիկ վայրի՝ այնպէս ծաղկէ:
Շնչէ ի նմա հողմ, եւ ոչ է, եւ ոչ եւս երեւի տեղի նորա:
Բայց ողորմութիւն Տեառն յաւիտեանս յաւիտենից ի վերայ երկիւղածաց Իւրոց, եւ արդարութիւն Նորա յորդւոց մինչեւ յորդիս,
Ոյք պահեն զուխտս Նորա, յիշեն զպատուիրանս Նորա եւ առնեն զնա:
Տէր յերկինս պատրաստեաց զաթոռ Իւր, արքայութիւն Նորա ամենեցուն տիրէ:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն հրեշտա՛կք Նորա՝ հզօրք զօրութեամբ, ոյք առնէք զբան Նորա ի լսել ձայնի պատգամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն զօրութի՛ւնք Նորա, պաշտօնեա՛յք եւ արարո՛ղք կամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն գո՛րծք Նորա. զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Նորա. օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր:

ՍԱՂՄՈՍ ՃԽԲ
Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց, ո՛ւնկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ Քով:
Լո՛ւր ինձ արդարութեամբ Քով եւ մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի Քում, զի ոչ արդարանայ առաջի Քո ամենայն կենդանի:
Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից:
Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս:
Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն գործս Քո. յարարածս ձեռաց Քոց խորհեցայ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ Քեզ. վաղվաղակի լո՛ւր ինձ, Տէ՛ր, զի նուաղեաց յինէն հոգի իմ:
Մի՛ դարձուցաներ զերեսս Քո յինէն. նմանիցեմ այնոցիկ, ոյք իջանեն ի գուբ:
Լսելի՛ արա ինձ առաւօտու զողորմութիւնս Քո, զի ես ի Քեզ, Տէ՛ր, յուսացայ:
Ցո՛յց ինձ ճանապարհ, յոր եւ գնացից, զի առ Քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ:
Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Տէ՛ր, զի զՔեզ ապաւէն ինձ արարի:
Ուսո՛ ինձ առնել զկամս Քո, զի Դու ես Աստուած իմ:
Հոգի Քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ:
Վասն անուան Քո, Տէ՛ր, կեցուսցես զիս, արդարութեամբ Քով հանցես ի նեղութենէ զանձն իմ:
Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԵՐԳ ԳԻՇԵՐԱՅԻՆ
տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի

Յիշեսցուք ի գիշերի զանուն Քո, Տէ՛ր:
Բղխեսցեն սիրտք մեր զբան բարի, եւ լեզուք մեր պատմեսցեն զգործս երկնաւոր Թագաւորիդ:
Ի մէջ գիշերի յարուցեալ՝ խոստովանեսցուք զՔեզ, Տէ՛ր:
Զաղօթս մեր տացուք Քեզ, Տէ՛ր, ի գաւիթս Քո ի մէջ նոր Երուսաղեմի:
Ի գիշերի համբարձցուք զձեռս մեր սրբութեամբ առ Քեզ, Տէ՛ր:
Ի ձայն գոհութեան, ամենա՛յն հոգիք, օրհնեցէ՛ք զՏէր:
Փոխ. Զարթի՛ք, փա՛ռք իմ, զարթի՛ք, եւ ես զարթեայց առաւօտուց. ալէլուիա:
Զարթի՛ք ընդ զուարթունս, մանկու՛նք վերինն Սիոնի. ալէլուիա:
Զարթի՛ք, որդի՛ք լուսոյ, ի յօրհնութիւն Հօրն լուսոյ. ալէլուիա:
Զարթի՛ք, փրկեա՛լք արեամբ, եւ տո՛ւք զփառս Փրկողին. ալէլուիա:
Զարթի՛ք, նո՛ր ժողովուրդք՝ նոր երգս առեալ Նորոգողին. ալէլուիա:
Զարթի՛ք, հարսո՛ւնք հոգւով՝ սպասեալք գալոյ սուրբ Փեսային. ալէլուիա:
Զարթի՛ք, վառեա՛լք լուսով, ըստ իմաստուն սուրբ կուսանացն. ալէլուիա:
Զարթի՛ք, պատրաստեցէ՛ք իւղ լապտերաց ջերմ արտասուս. ալէլուիա:
Զարթի՛ք եւ մի՛ ննջէք, նման յիմար կուսից նիրհէք. ալէլուիա:
Զարթի՛ք, երկիր պագցուք եւ արտասուօք զայս ասասցուք. ալէլուիա:
Փոխ. Զարթի՛ր, ընդէ՞ր ննջես, Տէ՛ր, մի՛ մերժեր զմեզ ի սպառ:
Արի՛, Տէ՛ր, օգնեա՛ մեզ. տացուք անուանդ Քում զփառս:
Այժմ եւ յաւէտ Հօր եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգւոյն. ամէն:
Փոխ. Զարթուցեալքս ի զբաղմանէ գիշերային հանգստենէ:
Շնորհեսցէ մեզ մարդասէր Տէր մխիթարութիւն եւ ի սփոփանս Եկեղեցւոյ:
Ահիւ եւ դողութեամբ կացցուք ի յաղօթս:
Եկեալ խոստովանեսցուք զյանցանս:
Եւ գտցուք ի Քրիստոսէ զքաւութիւն եւ զմեծ զողորմութիւն:
Կցորդ. Անբաժանելի եւ համագոյ Երրորդութեանդ, համաձայնեալք ընդ զօրս երկնից, փառս մատուցանեմք:
Փա՜ռք Քեզ, որ յանարուեստ յաթոռ բարձրացեալ՝ հանգչիս, սո՛ւրբ Աստուած՝ հզօր եւ սքանչելագործ:
Փա՜ռք Քեզ, որ յանէից գոյացուցեր զամենայն արարածս, սո՛ւրբ Աստուած՝ անճառ Հօր անեղ Որդի:
Փա՜ռք Քեզ, որ տեսչութեամբ խնամես զամենայն արարածս, սո՛ւրբ Աստուած՝ Բղխումն անսպառ աղբեր:
Տէ՛ր, ժողովրդապետք Եկեղեցւոյ ի Քէն հայցեն՝ ասելով. «Հովի՛ւ բարի, ողորմեա՛ բանաւոր հօտի»:

Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:

ՔԱՐՈԶ
Խոսրով Անձևացու մեկնությունը՝ (թարգմ.՝ Բագրատ եպս. Գալստանյանի). Խոսքի սկիզբն արտահայտում է Աստծո խնամքը, որ նախքան հանդերձյալ կյանքը, այստեղ իսկ աշխատանքից, հոգնությունից, մեղքից և գիշերվա տարատեսակ տրտմություններից քնի միջոցով հանգիստ պարգևեց, որովհետև թեպետ այս ամենին պարտավորվեցինք ադամական մեղքի պատճառով, սակայն մարդասեր Աստծո գութը չհանդուրժեց մեզ այսպիսի տառապանքի մեջ թողնել։
ամենեքեան ի հանգստենէ քնոյ, զոր շնորհեաց մեզ մարդասէրն Աստուած ի մխիթարութիւն եւ ի սփոփանս տկարութեան մերում, եւ եկեալքս
Այստեղ անիմաստ կերպով չէ, որ ավելացնում է միաբան լինելը կամ էլ, ինչպես սկզբում, զարթուցեալքսին կից ամենաքեանը նշելը, այլ որպեսզի ցույց տա, թե Աստծուն պաշտամունք մատուցելու ժամանակ ամենքի միաբանված լինելը Աստծուն՝ դյուրահաշտ, մեզ՝ զորավոր, իսկ դևերի մարտը անզոր է դարձնում։
Երգը հոգևոր ասելով՝ հայտնում է, ըստ Պողոս առաքյալի, թե Սուրբ Հոգին օգնության և գործակցության է հասնում մեր տկարությունների մեջ (հմմտ. Հռոմ Ը 26), մտքով երգակից է լինում սրբերին և հորդորում է մնալ Աստծո փառաբանության մեջ։
ի փառաբանութիւն եւ ի պատիւ ամենասուրբ անուան
Տեր եւ Փրկիչ է ասում, Տերը՝ ստեղծելու և մեզ տիրելու պատճառով, իսկ Փրկիչ, քանզի Իր անձը որպես փրկանք տվեց և Իր արյամբ փրկեց մեզ մեղքից ու մահվանից և վերացրեց անեծքը, որ մեզ վրա էր։ Այս պատճառով էլ հաճախ երկու անուններով ենք կոչում Նրան, որովհետև, շնորհակալություն ենք հայտնում Իր արարչության և խնամակալության համար, որով մեզ հարազատություն հայտնեց։
Յիսուսի Քրիստոսի՝
Հրեշտակների օրինակով մեզ հրամայում է ահ ու դող ունենալ, այդ պատճառով է հավելում՝ առաջի Նորա, քանզի ինչպես հրեշտակները Նրա փառքից միշտ ահաբեկված են, նույնպես և մենք, դեպի Աստված մեր միտքը ուղղելով և մեծ փառքի առջև, կանգնած լինելով, երկյուղով Նրան պիտի պաշտենք։
Եւ գոհացարուք զՆմանէ ի գիշերային ժամուս յայսմիկ վասն
Ցույց է տալիս ճշմարտությունն ու արդարությունը, որն իրագործեց մեր նկատմամբ ոչ թե ըստ արժանիքի՝ այլ ողորմելով:
Նորա. որ
Ասում է՝ ողորմեց, այդ պատճառով էլ ընտրեց, որովհետև, խոտան էինք և Աստծո ներկայությունից զրկված։ Ըստ առաքելական խոսքի՝ ողորմությունը մեզ ընտրյալ դարձրեց. «Ընտրեց մեզ Նրանով (այսինքն Քրիստոսի միջոցով) նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ» (հմմտ. Եփես. Ա 4)
եւ շնորհեաց մեզ բերել զնմանութիւն երկնային հրեշտակացն ի փառաբանիչս Տեառն Աստուծոյ ամենեցուն եւ մեզ լինիլ: Եւ մեք, այսուհետեւ
Այսինքն, որովհետև երկրում մեզ հրեշտակների նման դարձրեց, մեր անձերում ընդունենք հրեշտակային սրբությունը և, եթե մարդկային բնությամբ ինչ որ սխալ ենք գործել, խոստովանությամբ և ապաշխարությամբ այն սրբելով, մաքրվենք։
ի խղճէ եւ ի չար գործոց,
Ինչպես մարգարեն է հրամայում.«Գիշերը դեպի սրբությունը պարզեցեք ձեռքերը» (Սաղմ. ՃԼԳ 2), նույն կերպով և քարոզը հրամայում է նախ՝ սրբել մեղքը և չար գործերը և ապա բարձրացնել ձեռքերը դեպի սրբություն։
Քանզի աղոթողին պետք է աներկմիտ հավատով և անբարկանալի մտքով աղոթքը մատուցել Աստծուն, որի համար և Տերն է ասում. «Թող քո ընծան սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ինձ աղերսիր» (հմմտ. Մատթ. Ե 24)։ Այդ պատճառով և այս քարոզը հորդորում է բարկությունը թողնել և ապա Աստծուց քավություն հայցել:
Հաւատով խնդրեսցուք ի Նմանէ զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց՝
Քանզի ասաց՝ նախ սրբել մեր անձերը մեղքից (այստեղ նաև օրինակն է տալիս, թե ինչպես), ըստ որի՝ սրբվում ենք խոստովանությամբ և քավություն խնդրելով, որովհետև, եթե չխոստովանենք, Ծածկագետից չենք կարող թաքցնել։ Սակայն խոստովանությամբ և մեղքը գիտակցելով մենք խոնարհության ենք հասնում, ամաչում ենք, զղջում և պաղատում ենք, որով և Աստծուց ողորմություն և ներում ենք գտնում և արդարանում։ Քանզի մարգարեի միջոցով իսկ ասում է. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Ես. ԽԳ 26)
ծածկագիտին Աստուծոյ: Որպէս զի ընդունելով զպաղատանս մեր աղօթիւք եւ բարեխօսութեամբ ամենայն սրբոց՝
Հայտնի է դարձնում, որ Նրա պարգևները ձրի են, թեպետ և շատերս առաքինանանք, որովհետև սիրում է մարդկանց։ Եվ առաքինությամբ և անբիծ ապրելը շնորհ է, որ շնորհում է մարդասերն Աստված։ Սակայն անարատ վարքով ապրելն առավել պատիվ է, քան արքայությունը, որին ավելի մեծ ցանկությամբ են բաղձում ընտրյալները, քան երկնքի բարիքներին, որովհետև, ցանկանում են ոչ թե վարձատրվել Քրիստոսից, այլ տառապել Քրիստոսի համար։ Եվ առ Քրիստոս ունեցած սիրո պատճառով՝ Քրիստոսի համար չարչարվելն ավելի ախորժական էր, քան Քրիստոսի հետ փառքի մեջ լինելը։ Ինչպես և երանելի Հովհան Ոսկեբերանն է ասում. «Նախընտրում եմ Քրիստոսի համար կապանքների մեջ լինել, քան քերովբեների հետ մերձ լինել Աստծուն»։ Նաև երջանիկ Գրիգոր Աստվածաբանն է գրում. «Որպեսզի չասեմ, թե նույնինքն տքնելն արդեն իսկ վարձատրություն է, որն ամենևին մտքի վաճառականություն չէ», և նաև ընտրյալ Նյուսացի Գրիգորն է այս իմաստով ասում Սողոմոնի «Երգ Երգոց» օրհնության մեկնության մեջ. «Սիրո առաքինության պատճառով է, որ հարսին ունի և ոչ թե որպես վարձատրություն»։ Նաև՝ Աստվածաբանը, ինչպես և Նյուսացին, երեք չափանիշներ են սահմանում արդարության մասին՝ երկյուղի պատճառով, վարձատրության պատճառով և սիրո պատճառով։ Նյուսացին սիրո գերակայությունը բացատրում է ամուսնական մերձավորության օրինակով, ըստ Սողոմոնի, իսկ Աստվածաբանը՝ որդիության օրինակով եռակարգ դասակարգումով. ծառա է կոչում երկյուղով ուղղվածներին, վարձկան՝ հոժարակամ ստացողներին, ապա, առավել քան այս երկուսը, ասում է՝ որդին է հոր հավանածը և ոչ թե վարձկանը։ Արդ, առաջին և մեծ պարգևն այս է՝ առաքինություն ստանալ, և երկրորդը՝ հավիտենական ուրախության արժանանալ, որը Քրիստոսի սիրողները կստանան Նրանից՝ ըստ Նրա անսուտ խոստումի։
ըստ կամաց Նորա յայսմ աշխարհիս եւ արժանաւոր լինելով յաւիտենական եւ երկնային խորանացն, զոր խոստացաւ սիրելեաց Իւրոց ճշմարիտն Աստուած Յիսուս Քրիստոս: Տէ՛ր մեր,
Խնդրանքով է ամփոփում խոսքը՝ տնօրինական անունները հիշելով, որ մեզ համար եղավ և կոչվեց Հիսուս, որ է Փրկիչ (հմմտ. Մատթ. Ա 21, Ղուկ. Ա 31), քանզի փրկեց մեզ մոլորությունից և սատանայական գործերից, մեղքից, անեծքից, մահվանից, ապականությունից և դժոխքից։ Եվ Քրիստոս կոչվեց, որովհետև Հոգով օծվեց և կոչվում է Քրիստոս՝ այսինքն Օծյալ (Ղուկ. Բ 11) եւ նույն Հոգով «մեզ ևս օծեց» (Բ Կորնթ. Ա 21), օծվածներ դարձրեց և անվանեց քրիստոնյաներ։

Կեցո՛, Տէ՛ր:
Զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել՝ հաւատով ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զհրեշտակ խաղաղութեան՝ պահապան անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զսրբոյ խաչին մեծ եւ կարող զօրութիւն յօգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԵՐԳ ԱՂՕԹԱԿԱՆ
տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի

Առաւօ՛տ լուսոյ, Արեգա՛կն արդար, առ իս լո՛յս ծագեա:
Բղխո՛ւմն ի Հօրէ, բղխեա՛ ի հոգւոյս բան Քեզ ի հաճոյս:
Գա՛նձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ գտո՛ղ զիս արա:
Դուռն ողորմութեան դաւանողիս բա՛ց, դասեցո՛ վերնոցն:
Երրեա՛կ միութիւն, եղելո՛ց խնամող, եւ ի՛նձ ողորմեա:
Զարթիր, Տէ՛ր, յօգնել. զարթո՛ զթմրեալս՝ զուարթնոց նմանիլ:
Էդ Հայր անսկիզբն, էակից Որդի, է միշտ Սուրբ Հոգի:
Ընկա՛լ զիս, գթա՛ծ, ընկա՛լ, ողորմա՛ծ, ընկա՛լ, մարդասէ՛ր:
Թագաւո՛ր փառաց, թողութեա՛նց տուող, թո՛ղ ինձ զյանցանս:
Ժողովո՛ղ բարեաց, ժողովեա՛ եւ զիս ժողովս անդրանկաց:
Ի Քէն, Տէ՛ր, հայցեմ, ի մարդասիրէդ, ինձ բժշկութիւն:
Լե՛ր կեանք մեռելոյս, լոյս՝ խաւարելոյս, լուծանող՝ ցաւոյս:
Խորհրդո՛ց գիտող, խաւարիս շնորհեա՛ խորհուրդ լուսաւոր:
Ծնո՛ւնդ Հօր ծոցոյ, ծածկելոյս ստուերաւ ծագեա՛ լոյս փառաց:
Կենարա՛ր Փրկիչ, կեցո՛ զմեռեալս, կանգնեա՛ զգլորեալս:
Հաստեա՛ հաւատով, հաստատեա՛ յուսով, հիմնեցո՛ սիրով:
Ձայնիւս աղաչեմ, ձեռօքս պաղատիմ. ձիր բարեաց շնորհեա՛:
Ղամբարամբ լուսոյ, ղեկավա՛ր ճարտար, ղօղեալս ամրացո՛:
Ճառագա՛յթ փառաց, ճանապա՛րհ ինձ ցոյց՝ ճեպել ի յերկինս:
Միածի՛նդ Հօր, մո՛յծ զիս յառագաստ մաքուր հարսանեացդ:
Յորժամ գաս փառօք յահագին աւուրն, յիշեա՛ զիս, Քրիստո՛ս:
Նորոգո՛ղ հնութեանց, նորոգեա՛ եւ զիս, նորո՛գ զարդարեա:
Շնորհատո՛ւ բարեաց, շնորհեա՛ զքաւութիւն, շնորհեա՛ զթողութիւն:
Ուրախացո՛, Տէ՛ր, ոգւոյս փրկութեամբ, ոյր վասն եմ ի սուգ:
Չար մշակողին չար սերմանց նորին չորացո՛ զպտուղն:
Պարգեւի՛չ բարեաց, պարգեւեա՛ իմոց պարտեացս թողութիւն:
Ջո՛ւր շնորհեա աչացս՝ ջերմ հեղուլ զարտօսր, ջնջել զյանցանս:
Ռետի՛նդ քաղցու, ռամ հոգւոյս արբո՛, ռա՛հ ցոյց ինձ լուսոյ:
Սէ՛ր անուն Յիսուս, սիրով Քով ճմլեա՛ սիրտ իմ քարեղէն:
Վասն գթութեան, վասն ողորմութեան վերստի՛ն կեցո:
Տենչալւոյդ տեսլեամբ տո՛ւր ինձ յագենալ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս:
Րաբո՛ւնդ երկնաւոր, րոտեա՛ զաշակերտս րամից երկնայնոց:
Ցօղ արեան Քո, Տէ՛ր, ցօղեա՛ ի հոգիս, ցնծասցէ անձն իմ:
Ււծեալս մեղօք ւիւծեալ աղաչեմ ւիւսել ինձ բարիս:
Փրկի՛չ բոլորից, փութա՛ զիս փրկել փորձութեանց մեղաց:
Քաւի՛չ յանցանաց, քաւեա՛ զօրհնաբանս՝ Քեզ երգել զփառս:
Սրբուհւոյ Աստուածածնին բարեխօսութեամբ յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
ԶՔէն գոհանամք, Տէր Աստուա՛ծ մեր, որ շնորհեցեր մեզ հանգիստ քնոյ խաղաղութեամբ: Եւ զարթուցեալ ժամանեցուցեր զմեզ կանխել յերկրպագութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ: Տո՛ւր մեզ, Տէ՛ր, աղաչեմք զՔեզ, զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել. եւ զամենայն ժամանակս կենաց պանդխտութեան մերոյ երկիւղիւդ Քո ամրացո՛ եւ պահեա՛: Որպէս զի զգուշութեամբ եւ անարատ վարուք կրօնաւորեալք յայսմ աշխարհիս՝ ժամանեսցուք յանքոյթ եւ ի խաղաղ նաւահանգիստ յաւիտենական ի կեանսդ՝ շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Ընդ Որում Քեզ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Նայեա՛ց, Տէ՛ր բարերար, ողորմութեամբ Քով յերկրպագուս եւ ի փառաբանիչս անուանդ Քում սրբոյ: Տէ՛ր զօրութեանց, խաղաղացո՛ զանձինս մեր յամենայն սատանայական խռովութեանց եւ յաշխարհական զբօսանաց: Զհրեշտակ խաղաղութեան Քո առաքեա՛ առ մեզ, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում: Որպէս զի բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս Քեզ Տեառնդ ծառայելով ի կեանս յայսոսիկ՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:


ԿԱՆՈՆ «Խոստովան», ԳԿ (սաղմոս ՃԶ-ՃԺԸ)
Համբարձաւ Աստուած օրհնութեամբ, եւ Տէր մեր՝ ձայնիւ փողոյ:


ԿԱՆՈՆԱԳԼՈՒԽ


ՍԱՂՄՈՍ ՃԺԸ
Արարի իրաւունս եւ արդարութիւն. ալէլուիա. մի՛ մատներ զիս ի ձեռս նեղչաց իմոց. ալէլուիա:
Ընկա՛լ զծառայս Քո ի բարի, զի մի՛ ամբարտաւանք զզուեսցեն զիս:
Սպասեցին աչք իմ փրկութեան Քում, Տէ՛ր, եւ բանից արդարութեան Քո:
Արա՛ ընդ ծառայի Քում, Տէ՛ր, ըստ ողորմութեան Քում. զարդարութիւնս Քո ուսո՛ ինձ:
Ծառայ Քո եմ ես. իմաստո՛ւն արա զիս, եւ ծանեայց զվկայութիւնս Քո:
Ժամ է պաշտել զՏէր. խափանեցին զօրէնս Քո:
Փոխ. Մերձեսցին խնդրուածք իմ առաջի Քո, Տէ՛ր. ըստ բանի Քում իմաստո՛ւն արա զիս. ալէլուիա, ալէլուիա:
Մտցեն աղօթք իմ առաջի Քո, Տէ՛ր, եւ բանիւ Քով փրկեա՛ զիս:
Բղխեսցեն շրթունք իմ զօրհնութիւնս Քո, յորժամ ուսուսցես ինձ զարդարութիւնս Քո:
Խօսեսցի լեզու իմ զբանս Քո, զի ամենայն պատուիրանք Քո արդարութեամբ են:
Եղիցի ձեռն Քո ի կեցուցանել զիս, զի զպատուիրանս Քո ընտրեցի:
Ցանկացայ փրկութեան Քում, Տէ՛ր, եւ օրէնք Քո խօսք իմ էին:
Կեցցէ անձն իմ, օրհնեսցէ զՔեզ, եւ իրաւունք Քո օգնեսցեն ինձ:
Մոլորեցայ ես որպէս զոչխար կորուսեալ. խնդրեա՛ զծառայս Քո, զի զպատուիրանս Քո ես ոչ մոռացայ:
Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:

ԵՐԳ
Խնամով սիրոյն յԻւր սիրելեացն
Զտրտմութիւնն փարատեաց.
Թացեալ պատառ տայ Յուդայի՝
Նշաւակեալ զգողն մատնիչ.
Զոր առեալ եւ մերկացաւ
Յաստուածային Հոգւոյն շնորհաց.
Մատնեցաւ նախաչարին
Ընդ մատնութեան Վարդապետին:

Ծայրագոյն լուսոյն զրկեալ,
Խաւարասէրն արտաքս ելեալ,
Տէրն յայտնէր լոյս եղելոցն
Զգայթակղիլն ի գիշերի:
Պետրոս խօսէր խրախուսելի
Եւ կշտամբիւր հաւախօսի.
ԶԻւր յաշխարհէ զփոխիլն ասէր
Եւ զգալուստ Հոգւոյն պատմէր:

Կեդրոնեան յայնկոյս ձորոյ
Ի վերնատունն ել խորհրդոյ.
Եմուտ պարտէզ ընդ պարտիզի,
Եմոյծ զԱդամ յԱդին դրախտին:
Մուծցես եւ զմեզ, Տէ՛ր, ընդ նմին,
Ուստի հաներ նախ զառաջինն,
Զի ժառանգել զհայրենին
Արժանասցուք մեք վերստին:

Հոգայր զկրիցն տրտմաբար՝
Երիւքն եղեալ առանձնաբար.
Փրկել զաշխարհս հոգիս յօժար,
Բայց է բնութիւն մարմնոյս տկար.
Ոչ ոմն ուժեղ եւ զօրաւոր,
Եւ ոմն անզօր վտանգաւոր.
Այլ մի եւ նոյն գոլ միաւոր,
Կրէր զկիրսն կամաւոր:

Ձայնիւ մաղթէր աղօթական
Վասն իմ առ Հայր Իւր էական.
Ծունր դնէր խոնարհական,
Որում կրկնի ծունր ամենայն.
«Եթէ փրկիլ մարդկան հնար է
Առանց մահու Իմ, որ գրեալ է,
Բաժակ մահուս յԻնէն անցցէ,
Ոչ Իմ կամաւ, այլ Քոյդ եսցէ»:

Ղօղեալ յերկիւղ քրտանց հոսման,
Ոլոռնաձեւ կայլակ վիժման,
Ի զօրանալ հրեշտակ մերձեալ,
Զօրինական Գիրն լցեալ.
Զի կատարեալ էառ զբնութիւն
Աստուածն Բան զմարդկութեան,
Պարտ էր զերկիւղ եւ զտրտմութիւն
ՅԻւրումն կրել տնօրէնութիւն:

Տարածեալ ձեռք ընդ ձեռաց,
Ոտք ընդ ոտից ընթանալեաց,
Փայտ ընդ փայտի, դառն պտղոյ
Կեանք ընդ մահու փոխարկելով՝
Ի մէջ երկուց անօրինաց
Կայր մերկացեալ տուողն օրինաց,
ԶՈր ոչ տեսին ազգն կուրաց՝
Բայց ի միոյն յաւազակաց:

Րոպէից արեգականն
Զտիւն արար գիշերանման,
Զստուերն քող արկ մերկութեանն,
Զի մի՛ տեսցէ ակն անարժան:
Ի միջօրեայն նսեմացաւ,
Յորժամ Ադամ մեղօք մեռաւ.
Ի յիններորդն ի լոյս դարձաւ,
Յորժամ մահուամբ մահն լուծաւ:

Ցօղէր արտօսր ցաւագին
Մայր Տեառն, որ կայր մերձ առ խաչին,
Յորժամ լսէր զծարաւին
Բարբառելոյ իւր Միածնին:
Ետուն քացախ խառնեալ լեղի
Այնմ, որ բղխեաց գետ յԱդենի
Եւ ի վիմէն վտակ բարի
Արբոյց տոհմին դառնացողի:

Ւիւծեալ յերրորդ ժամու օձին
Զմիտս նախնւոյ մօրն Եւայի,
Ի վեցն անկեալ մարդն առաջին
Հաւանական բանիւ նորին,
Ի սոյն ժամու՝ Տէրն ի խաչին,
Զի քաւեսցէ զմեղս նոցին:
Եւ յորժամ ել Ադամն հին,
Եդ զաւազակն ի մէջ դրախտին:

Փարելի բարբառ ընդ իմ
«Էլի, Էլի» առ Հայր գոչէր,
Զհոգին կամաւ Հօրն աւանդէր,
Զհոգիս մարդկան նոյն ընծայէր:
Երկիր հիմամբք սասանեցաւ,
Եւ վարագոյրն ընդ մէջ հերձաւ,
Վէմք ի յինքեանց պատառեցան,
Եւ գերեզմանք մահու բացան:

Քարոզի ի սքանչելեացս
Աստուած մարմնով վասն իմ խաչեալ.
Մերով բնութեամբս մեռանի,
Աստուած անմահ խոստովանի:
Կրկնավտակ կողին աղբերբք
Եկեղեցի Իւր հաստատի,
Ջրովն մաքրի, զարիւնն ըմպէ,
ԶՈրդի ընդ Հօր փառաւորէ:

ՍԱՂՄՈՍ Դ
Փոխ. Նշանեցաւ առ մեզ լոյս երեսաց Քոց, եւ ետուր ուրախութիւն սրտից մերոց:
Ի կարդալ իմում լուար ինձ, Աստուա՛ծ, ըստ արդարութեան. ի նեղութեան ինձ անդորր արարեր. ողորմեա՛ ինձ եւ լո՛ւր աղօթից իմոց:
Որդի՛ք մարդկան, մինչեւ յե՞րբ էք խստասիրտք, ընդէ՞ր սիրէք զնանրութիւն եւ խնդրէք զստութիւն:
Ծաներո՛ւք, զի սքանչելիս արար Տէր սրբոյ Իւրում. եւ Տէր լուիցէ ինձ ի կարդալ իմում առ Նա:
Բարկանայք՝ եւ մի՛ մեղանչէք. զոր ինչ ասէք ի սիրտս ձեր, յանկողինս ձեր զղջացարո՛ւք:
Մատուցէ՛ք պատարագս արդարութեան եւ յուսացարո՛ւք ի Տէր:
Բազումք ասէին, թէ՝ «Ո՞ ցուցցէ մեզ զբարութիւն Տեառն»:
Նշանեցաւ առ մեզ լոյս երեսաց Քոց, եւ ետուր ուրախութիւն սրտից մերոց:
Ի պտղոյ ցորենոյ, գինւոյ եւ ձիթոյ իւրեանց լցուցեր զնոսա:
Խաղաղութեամբ յայս եւ ի սոյն ննջեսցուք եւ զարթիցուք, զի Դու, Տէ՛ր, միայն առանձին յուսով Քով բնակեցուցեր զմեզ:

ԱՒԵՏԱՐԱՆ ԽԱՉԵԼՈՒԹԵԱՆ
(ԱԿ, ԳԿ)

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի, որ ըստ Ղուկասու
(գլ. 23.26-49)

Վասն չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի


Իբրեւ առին գնացին զՆա, ըմբռնեցին զոմն Սիմոն Կիւրենացի, որ գայր յանդէ. եդին ի վերայ նորա զխաչն՝ բերել զկնի Յիսուսի:
Եւ երթայր զհետ Նորա բազմութիւն ժողովրդեանն եւ կանանց, որ կոծէին եւ աշխարէին զՆա:
Դարձաւ Յիսուս եւ ասէ ցնոսա. «Դստե՛րք Երուսաղեմի, մի՛ լայք ի վերայ Իմ, այլ լացէ՛ք ի վերայ անձանց եւ ի վերայ որդւոց ձերոց:
Զի եկեսցեն աւուրք, յորս ասիցեն, թէ՝ երանի՜ ամլոց եւ որովայնից, որ ոչ ծնան, եւ ստեանց, որ ոչ դիեցուցին:
Յայնժամ սկսանիցին ասել լերանց, թէ՝ անկերո՛ւք ի վերայ մեր, եւ բլրոց թէ՝ ծածկեցէ՛ք զմեզ:
Զի եթէ ընդ փայտ դալար զայս առնեն, ընդ չորն զի՞նչ լինիցի»:
Ածին եւ այլ երկուս չարագործս՝ սպանանել ընդ Նմա:
Իբրեւ չոգան ի տեղին՝ կոչեցեալ Գագաթն, անդ հանին զՆա ի խաչ. եւ զչարագործսն զոմն ընդ աջմէ եւ զոմն ընդ ձախմէ խաչեցին:
Եւ Յիսուս ասէ. «Հա՛յր, թո՛ղ դոցա, զի ոչ գիտեն, զինչ գործեն»:
Եւ ի բաժանել զհանդերձս Նորա արկին վիճակս. եւ կայր ժողովուրդն հայեցեալ:
Անգոսնէին զՆա իշխանքն հանդերձ նոքօք եւ ասէին. «Զայլս ապրեցոյց, ապրեցուսցէ եւ զանձն, եթէ Դա է Քրիստոս Որդի Աստուծոյ ընտրեալն»:
Այպն առնէին զՆա եւ զինուորքն. եկեալ առաջի՝ մատուցանէին Նմա քացախ եւ ասէին. «Եթէ Դու ես Թագաւորն Հրէից, փրկեա՛ զանձն Քո»:
Եւ էր գիր գրեալ ի վերայ Նորա յունարէն եւ դաղմատերէն եւ եբրայեցերէն գրով, թէ՝ «Սա է Արքայն Հրէից»:
Իսկ մի ոմն ի կախելոց չարագործացն հայհոյէր զՆա եւ ասէր. «Ո՞չ Դու ես Քրիստոսն. փրկեա՛ զանձն Քո եւ զմեզ»:
Պատասխանի ետ ընկերն՝ սաստելով նմա, եւ ասէ. «Չերկնչի՞ս դու յԱստուծոյ, զի ի նմին պատժի կաս. եւ մեք՝ յիրաւի, զի արժանի որոց գործեցաքն, առնումք զհատուցումն, եւ Սա ապիրատ ինչ ոչ գործեաց»:
Եւ ասէ ցՅիսուս. «Յիշեա՛ զիս, Տէ՛ր, յորժամ գայցես արքայութեամբ Քով»:
Եւ ասէ ցնա Յիսուս. «Ամէն ասեմ քեզ. այսօր ընդ Իս իցես ի դրախտին»:
Եւ էր իբրեւ վեցերորդ ժամ, եւ խաւար եղեւ ի վերայ ամենայն երկրի մինչեւ ցիններորդ ժամն. խաւարեցաւ արեգակն:
Եւ հերձաւ վարագոյր տաճարին ընդ մէջ:
Եւ կարդաց Յիսուս ի ձայն մեծ եւ ասէ. «Հա՛յր, ի ձեռս Քո աւանդեմ զհոգի Իմ»:
Զայս իբրեւ ասաց, եհան զոգի:
Եւ տեսեալ հարիւրապետին, զոր ինչ եղեւն, փառաւոր արար զԱստուած եւ ասէ. «Արդարեւ, Այրս այս արդար էր»:
Եւ ամենայն ժողովուրդքն, որ եկեալ էին եւ տեսանէին զտեսիլն զայն եւ զգործ, բախէին զկուրծս եւ դառնային:
Կային եւ ամենայն ծանօթքն Նորա ի հեռաստանէ. եւ կանայք, որ եկեալ էին զհետ Նորա ի Գալիլէէ, տեսանէին զայն:

ԵՐԳ
տեառն Ներսեսի


(ԱԿ, ԳԿ)

Բարբառելով զԷլի Էլին՝
Հիմունք երկրի տատանէին,
Եւ վարագոյր հին օրինին
Վերուստ ի վայր պատառէին:
Արդ, ընդ վիմացն, որ շարժէին,
Շարժեա՛ զանշարժ սիրտս ի բարին,
Ընդ պատառել վարագուրին
Զիմ պատառեա՛ զգիր պարտին:

Արեգական լոյս քող արկեալ՝
Խաւարանայր միջօրէին,
Եւ գերեզմանք բանային,
Մարմինք սրբոցն յառնէին:
Ընդ խաւարել լուսաւորացն
Մաքրեա՛ յինէն զգործ խաւարին.
Ընդ մեռելոցն, որք յառնէին,
Կանգեա՛ զմեղօք մեռեալ հոգիս:

Նոր սիրոյ պատուիրանին
Գործով լցող եղեր բանին՝
Աղօթելով առ Հայր յերկինս
Թողուլ զմեղս, որ ի խաչին:
Ինձ, որ հոգւովս հաւատացեալ
Երկրպագեմ Քեզ, Միածի՛ն,
Թո՛ղ զլուծումն հրամանին,
Մի՛ յիշեսցին մեղքն առաջին:

Սարսեցին սանդարամետք
Ի յաւանդել առ Հայր զհոգիդ,
Որ ի դժոխս իջեր ներքին՝
Ի բանտ մահու եւ խաւարին.
Կապեալ զիշխանն մահածին՝
Հաներ զհոգիսն, որ ի բանտին.
Եւ զիս հանցես, Տէ՛ր, ընդ նոսին
Բանտէ մեղաց աղջամղջին:

ԵՐԳ
Զարհուրեցան զօրք երկնային,
Յորժամ տեսին զՏէրդ ի խաչին.
Արեգական լոյս քող արկեալ,
Եւ լոյս լուսնին նուաղեցաւ.
Յահեղ փառաց Աստուածորդւոյդ
Խաւար եղեւ ընդ տիեզերս.
Ողորմա՛ծ Տէր, ողորմեա՛
Հոգւոցն մեր ննջեցելոց:

ՄԱՂԹԱՆՔ
Հոգւոցն հանգուցելոց, Քրիստո՛ս Աստուած, արա՛ հանգիստ եւ ողորմութիւն. եւ մեզ՝ մեղաւորացս, շնորհեա՛ զթողութիւն յանցանաց:

ՔԱՐՈԶ
Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:
Վասն հանգուցեալ հոգւոցն աղաչեսցուք զՓրկիչն մեր Քրիստոս, զի զնոսա ընդ արդարսն դասեսցէ եւ զմեզ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան Իւրոյ:
Ամենակալ Տէր Աստուա՛ծ մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
Քրիստոս Որդի՛ Աստուծոյ, անոխակա՛լ եւ բարեգո՛ւթ, գթա՛ Քո արարչական սիրովդ ի հոգիս հանգուցեալ ծառայից Քոց: Յիշեա՛ յաւուր մեծի գալստեան արքայութեան Քո: Արա՛ արժանի ողորմութեան, քաւութեան եւ թողութեան մեղաց: Դասաւորեալ պայծառացո՛ ընդ սուրբս Քո յաջակողմեան դասուն, զի Դու ես Տէր եւ Արարիչ ամենեցուն, Դատաւոր կենդանեաց եւ մեռելոց. եւ Քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

ՄԱՂԹԱՆՔ
Քրիստոս Աստուա՛ծ մեր, անճառելի տէրութեանդ շնորհիւ եւ բարեխօսութեամբ օրհնաբանեալ անարատ ծնողիդ՝ սրբուհւոյ Աստուածածնին եւ միշտ Կուսին, լուսաւորեալ պայծառացո՛ զհոգիս համօրէն հաւատացելոց, յուսով ի Քեզ ննջեցելոց, եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ տաճարիս են հանգուցեալ:

Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛:
Օրհնութի՜ւն եւ փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՇԱՐԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ


Օրհնութիւն երրորդ կիւրակէին Աղուհացից գկ.

(Օրհ. Մեծի պահոց Գ կիւրակէի գկ. Ա.)


Օրհնեմք զՔեզ, անսկիզբն Հա՛յր Որդւոյդ Միածնի, զՈր առաքեցեր ի դարձումն մոլորեալ ոչխարին, դարձո՛ եւ զմեզ ի մեղաց Որդւոյ Քո չարչարանօք:
Գովեմք զՔեզ, Բա՛ն եւ Լո՛յս, որ զտիրական Քո պատկեր լուսով ճրագի Քո գտեալ՝ վերականգնեցեր, կանգնեա՛ զանկեալքս մեղօք Քոյին սուրբ չարչարանօք:
Բարեբանեմք զՓառակիցդ Հօր՝ զՀոգիդ ճշմարիտ, որ նորոգեցեր զհնացեալքս մեղօք հնոյն Ադամայ. նորոգեա՛ եւ զմեզ ի մեղաց նորոգութեամբ Քո շնորհաց:
Ուրախացի՛ր, Բարձրելոյն հովանացեա՛լ զօրութեամբ եւ բնակարա՛ն Սուրբ Հոգւոյն, Որով ծնար զԲանն Աստուած. բարեխօսեա՛ վասն մեր, Աստուածածի՛ն Մարիամ:

(Օրհ. Մեծի պահոց Գ կիւրակէի գկ. Բ., 1-3 տներ)


Լո՛յս ի Լուսոյ ծնունդ եւ ծագումն, որ եկիր ի խնդիր մոլորեալ ոչխարի բնութեանս, զոր ընդ խաչին բարձեր ի վերայ ուսոյդ, մաքրեա՛ զմեզ ի մեղաց մերոց:
Սո՛ւրբդ սրբոց, էից Մաքրութի՛ւն, որ ածեր տան Քո աւել՝ ի մեղաց զաշխարհս մաքրելով, ի նմա գտեալ զպատկեր Քո նորոգեցեր, նորոգեա՛ զմեզ ի հնութենէ մեղաց:
Ընդ անառակին որդւոյ գոչեմք առ Հայրդ գթած. մեղաք յերկինս եւ առաջի Քո, Քաւի՛չ յանցանաց. ե՛լ ընդ առաջ սիրով, գրկեա՛ համբուրիւ, մաքրեա՛ զմեզ ի մեղաց մերոց:

(Ողր. Մեծի պահոց Դ կիւրակէի գկ.)


Շնորհեա՛ մեզ, Տէ՛ր, ընդ աղքատաց օրինակին Ղազարու ժուժկալութիւն, զի կամաւոր աղքատութեամբ արքայութեանդ երկնից ընդ նմին լիցուք արժանի. լո՛ւր մեզ եւ ողորմեա՛, Քրիստո՛ս Աստուած:
Որ փոխանակ հացին կարօտութեան զհացն անմահութեան նմա շնորհեցեր եւ ընդ մեծատանն անգթութեան ի գոգն Աբրահամու զնա ընկալար, լո՛ւր մեզ եւ ողորմեա՛, Քրիստո՛ս Աստուած:
Լուսաւորեա՛ զաչս սրտից՝ ստանալ մեզ ողորմութեամբ ի Քէն, Տէ՛ր, զողորմութիւն, զի մի՛ ընդ մեծատանն հայցեսցուք ի բոց հնոցին ծագիւ մատին ջուր ի զովացումն. լո՛ւր մեզ եւ ողորմեա՛, Քրիստո՛ս Աստուած:

(Տրյ. Մեծի պահոց Դ կիւրակէի գկ.)


Որ զլոյս աստուածային Քո բանի ծագեցեր յաշխարհամած խաւարն անգիտութեան, լուսաւորեա՛ եւ զմեզ, Հօ՛ր Իմաստութիւն:
Որ զհամօրէն դատաստանին օրինակ նշանակեցեր առ մեծատունն եւ Ղազարոս՝ ներհակաբար տալով, զոր աստ ընկալան:
Վասն որոյ աղաչեսցուք զՔեզ, Տէ՛ր, փրկել զմեզ ի հրոյ մեղաց եւ տանջանաց, հանգչիլ ի գոգ նահապետին արդարոյ:
Որով եւ մեք ընդ հրեշտակացն դասուց, անբաժանելի Սուրբ Երրորդութեանդ համաձայնեալ, երգեմք զփառս ի բարձունս:

(Տրյ. ապաշխարութեան գկ. Ա.)


Զանսկիզբն Աստուած՝ զՀայրն ամենակալ, բարեբանեցէ՛ք ընդ զուարթունս երկնից:
Զառ ի Հօրէ ծնեալ զՈրդին Միածին բարեբանեցէ՛ք հրեշտակային ձայնիւ:
Եւ զնորոգող Սուրբ զՀոգին ձայնիւ ցնծութեամբ բարեբանեցէ՛ք անլռելի ձայնիւ:

(Տրյ. ապաշխարութեան գկ. Բ.)


Անսկի՛զբն Աստուած եւ Թագաւո՛ր երկնաւոր՝ բարեբանեալ ի զօրաց անմահից երկնաւորաց, զՔեզ օրհնեմք, Հա՛յր անսկիզբն:
Խոնարհեցար ի բարձանց վասն մերոյ փրկութեան, Արձակի՛չ կապելոց եւ Բժի՛շկ հոգւոց մերոց. զՔեզ գովեմք, Որդի՛դ Միածին:
Որ էակիցդ ես ընդ Հօր եւ փառակից Միածնիդ, բաշխող պարգեւաց եւ տուող ողորմութեան, զՔեզ բարեբանեմք, Սուրբ Հոգի՛դ ճշմարիտ:

(Մեծ. Մեծի պահոց Դ կիւրակէի գկ.)


Աստուածատունկ խնկաբեր ծա՛ռ յանուշահոտ բուրաստանէն, որ ի գնացս Հոգւոյն վտակաց տնկեցար եւ զանմահութեան Պտուղն ի ժամու ետուր մեզ, վասն որոյ ամենեքեան զքեզ միշտ մեծացուցանեմք:
Զանապական բողբոջն յաստուածային դրախտէն յորովայն քո տնկեալ՝ բղխեցեր յարմատոյն Յեսսեայ ծաղիկ վայելուչ կուսական ծննդեամբ, վասն որոյ ամենեքեան զքեզ միշտ մեծացուցանեմք:
ՅԱրփւոյն Լուսոյ ծագումն ի քեզ վառեաց զճրագ մարմնոյն լոյս աշխարհի, որով գտեալ զպատկերն իւրական, զոր վերստին նորոգեաց յառաջին կերպարանն, վասն որոյ բարեխօսեա՛ նորոգել զմեզ ի հնութենէ մեղաց:

(Ողր. Խաչվերացի ուրբաթու գկ.)


Ո՛վ քառաթեւ, լուսածին, գերապանծ նիշ՝ կառուցող կենացն ամենից, միշտ բազկատարած առ քեզ Էն:
Քառակուսի, ազանց հովանի եւ պահապան ի յելս եւ ի մուտս, փրկութիւն ի յայսոց եւ պարիսպ ամրութեան:
Դրոշմ զգայութեան եւ կնիք ի դէմս ամենից՝ դու եւ յաստուածայինսն կատարիս խորհուրդ, յորմէ արեգակնային փայլին ճառագայթք:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Օրհ. Մեծի պահոց Գ կիւրակէի գկ. Բ., 4-դ տուն)


Աղբի՛ւր կենաց՝ բղխեալ յԵդեմայ, սո՛ւրբ Աստուածածին, որով արբեցաւ երկիր ծարաւուտ Հոգւոյն իմաստիւք, տալ մեզ մաղթեա՛ աղբիւրս արտասուաց՝ մաքրել զմեզ ի մեղաց մերոց:

ՄԱՂԹԱՆՔ
Փա՜ռք հրաշափառ տէրութեան Քո, Որդի՛ Աստուծոյ. զօրհնեալ եւ զփառաւորեալ, զհրաշալի եւ զյաղթող զտէրութիւնն Քո սուրբ օրհնեմք եւ փառաւորեմք:
Մարդասէ՛ր Տէր, վասն սրբուհւոյ անարատի մօր Քո եւ Կուսի եւ վասն խաչի Քո պատուականի ընկա՛լ զաղաչանս մեր եւ կեցո՛ զմեզ:

ՔԱՐՈԶ
(ԱԿ, ԳԿ)
Վասն ուղղելոյ զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն ցրելոյ ի մէնջ զամենայն խորհուրդս չարին զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն պարգեւելոյ մեզ առողջ խորհուրդս եւ առաքինի վարս զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն պահելոյ զմեզ ընդ հովանեաւ ամենազօր աջոյն Իւրոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն խորտակելոյ զհակառակորդն վաղվաղակի ընդ ոտիւք մերովք զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն հոգւոցն հանգուցելոց, որք ճշմարիտ եւ ուղիղ հաւատով ի Քրիստոս ննջեցին, զՏէր աղաչեսցուք:
Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
(ԱԿ, ԳԿ)
Տէ՛ր երկնի եւ երկրի, Արարի՛չ ամենայն արարածոց՝ երեւելեաց եւ աներեւութից, առ Քեզ կարդամք յամենայն ժամ, զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Քո, եւ արքայութիւն Քո ամենեցուն տիրէ: Շնորհեա՛ մեզ երկիւղիւ ի պաշտօն Քո կանխել հանապազ, սիրել զՔեզ ի բոլոր սրտէ եւ ի բովանդակ մտաց եւ յամենայն զօրութենէ մերմէ պահել զպատուիրանս Քո, համբառնալ առ Քեզ զձեռս մեր ի սրբութիւն՝ առանց բարկութեան եւ երկմտութեան, եւ գտանել ի Քէն զշնորհս եւ զողորմութիւն եւ զառաքինասէր գործոցն յաջողութիւն: Վասն զի Դու ես Տէր կենաց եւ Աստուած ողորմութեանց, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Քում ամենազօր եւ յաղթող տէրութեանդ կրկնի ամենայն ծունր յերկրպագութիւն, եւ փառաւորի յամենեցունց թագաւորութիւն Քո: Նայեա՛ յերկրպագութիւնս մեր եւ ուսո՛ մեզ առնել զարդարութիւն ճշմարտութեան: Վասն զի Դու ես Աստուած խաղաղութեան, որ բարձեր զթշնամութիւն ի միջոյ եւ արարեր զխաղաղութիւն յերկինս եւ յերկրի, հեռաւորաց եւ մերձաւորաց աւետարանեցեր զնոր պարգեւս Քոյին բարեացդ. որում եւ զմեզ մեծի շնորհացդ արժանաւորս արասցես՝ դասելով ընդ ճշմարիտ երկրպագուս Քո, Աստուա՛ծ մեր եւ Տէ՛ր մեր եւ Փրկիչ Յիսուս Քրիստո՛ս, որ ես օրհնեալ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Ասաց Տէր ցՏէր իմ. «Նի՛ստ ընդ աջմէ Իմմէ, մինչեւ եդից զթշնամիս Քո պատուանդան ոտից Քոց»: Գաւազան զօրութեան առաքեսցէ Քեզ Տէր ի Սիոնէ, եւ տիրեսցես Դու ի մէջ թշնամեաց Քոց:
Փոխ. Ալէլուիա: Նշանեցաւ առ մեզ լոյս երեսաց Քոց, եւ ետուր ուրախութիւն սրտից մերոց: Ի պտղոյ ցորենոյ, գինւոյ եւ ձիթոյ իւրեանց լցուցեր զնոսա:
Փա՜ռք եւ երկրպագութի՜ւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:

ՄԱՂԹԱՆՔ
(ԱԿ, ԳԿ)
Յերգս օրհնութեան եւ ի ձայն սաղմոսաց անդադար փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

 
sacredtradition.am