Home    Library    Multimedia    Calendar    Projects    
հայերեն  русский    
CHURCH CALENDAR / LITURGY OF HOURS / MIDNIGHT TIME (MATINS)
20 September 2019y. Friday
Fast day
Feast of the Holy Cross

Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց Եկեղեցւոյ,
որ կատարի ի մէջ գիշերի՝ ի դէմս Հօր Աստուծոյ



Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Օրհնեալ համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնն՝ Հայր եւ Որդի եւ Հոգի Սուրբ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՍԱՂՄՈՍ Գ
Տէ՛ր, զի՜ բազում եղեն նեղիչք իմ, եւ բազումք յարեան ի վերայ իմ:
Բազումք ասէին զանձնէ իմմէ, թէ՝ «Չիք փրկութիւն սորա առ Աստուած իւր»:
Այլ Դու, Տէ՛ր, օգնական իմ ես, փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ:
Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ ի լեռնէ սրբոյ Իւրմէ:
Ես ննջեցի եւ ի քուն եղէ, զարթեայ, եւ Տէր ընդունելի իմ է:
Ոչ երկեայց ես ի բիւրաւոր զօրաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պաշարեալ պահէին զիս:
Արի՛, Տէ՛ր, եւ փրկեա՛ զիս, Աստուա՛ծ իմ. զի Դու հարեր զամենեսեան, ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց, եւ զատամունս մեղաւորաց փշրեսցես:
Տեառնդ է փրկութիւն, ի վերայ ժողովրդեան Քո՝ օրհնութիւն Քո:

ՍԱՂՄՈՍ ՁԷ
Տէ՛ր Աստուած փրկութեան իմոյ, ի տուէ կարդացի եւ ի գիշերի առաջի Քո:
Մտցեն աղօթք իմ առաջի Քո, Տէ՛ր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս իմ,
Զի լցաւ չարչարանօք անձն իմ, եւ կեանք իմ ի դժոխս մերձեցան, եւ համարեցայ ես ընդ այնոսիկ, որք իջանեն ի գուբ:
Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի եւ ի մեռեալս ազատ:
Որպէս զվիրաւորս, որք ննջեն ի գերեզմանի:
Զորս Դու ոչ յիշեցեր, նոքա ի ձեռանէ Քումմէ մերժեցան:
Եդին զիս ի գբի ներքնումն՝ ի խաւարի եւ ի ստուերս մահու:
Յիս հաստատեցաւ սրտմտութիւն Քո, զամենայն զբօսանս Քո ածեր ի վերայ իմ:
Հեռի արարեր յինէն զծանօթս իմ, եւ եդին զիս նշաւակ իւրեանց:
Մատնեցայ եւ ոչ ելանէի, աչք իմ տկարացան յաղքատութենէ:
Աղաղակեցի առ Տէր զօրհանապազ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Մի՞թէ մեռելոց առնիցես զսքանչելիս Քո, կամ բժիշկք յարուցեալ խոստովան առնիցի՞ն առ Քեզ:
Մի՞թէ պատմեսցէ ոք երբեք ի գերեզմանի զողորմութիւնս Քո կամ զճշմարտութիւնս Քո` ի կորստեան:
Մի՞թէ ճանաչիցին ի խաւարի սքանչելիք Քո, կամ արդարութիւն Քո` յերկիր մոռացեալ:
Ես առ Քեզ, Տէ՛ր, աղաղակեցի. առաւօտու աղօթք իմ ժամանեսցեն առ Քեզ:
Ընդէ՞ր, Տէ՛ր, մերժես զանձն իմ կամ դարձուցանես զերեսս Քո յինէն:
Տնանկ եւ վաստակաւոր եմ ես ի մանկութենէ իմմէ. ի բարձրութենէ խոնարհեցայ եւ ապշեցայ:
Յիս հաստատեցաւ բարկութիւն Քո, արհաւիրք Քո խռովեցուցին զիս,
Շրջեցան զինեւ որպէս ջուր, զօր ամենայն պաշարեցին զիս ի միասին:
Հեռի արարեր յինէն զբարեկամս իմ եւ զծանօթս իմ վասն թշուառութեան իմոյ:

ՍԱՂՄՈՍ ՃԲ
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր, եւ ամենայն ոսկերք իմ՝ զանուն սուրբ Նորա:
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր եւ մի՛ մոռանար զամենայն տուրս Նորա.
Ո քաւէ զմեղս քո, բժշկէ զամենայն հիւանդութիւնս քո.
Ո փրկէ յապականութենէ զկեանս քո, պսակէ զքեզ ողորմութեամբ եւ գթութեամբ.
Ո լնու ի բարութենէ զցանկութիւն քո, նորոգեսցի որպէս արծուոյ մանկութիւն քո:
Առնէ ողորմութիւնս Տէր եւ իրաւունս ամենայն զրկելոց:
Եցոյց Տէր զճանապարհս Իւր Մովսիսի եւ որդւոցն Իսրայելի զկամս Իւր:
Գթած, ողորմած է Տէր, երկայնամիտ եւ բազումողորմ:
Ոչ ի սպառ բարկանայ Տէր եւ ոչ յաւիտեան պահէ ոխս:
Ոչ ըստ մեղաց մերոց արար մեզ եւ ոչ ըստ անօրէնութեան մերում հատոյց մեզ.
Այլ որպէս բարձր են երկինք յերկրէ, այնպէս զօրացոյց Տէր զողորմութիւն Իւր ի վերայ երկիւղածաց Իւրոց:
Որչափ հեռի են արեւելք յարեւմտից, այնչափ հեռի արար ի մէնջ զանօրէնութիւնս մեր:
Որպէս գթայ հայր ի վերայ որդւոց իւրոց, այնպէս գթասցի Տէր յերկիւղածս Իւր.
Զի Նա գիտաց զստեղծուածս մեր եւ յիշեաց, թէ հող եմք:
Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր, որպէս ծաղիկ վայրի՝ այնպէս ծաղկէ:
Շնչէ ի նմա հողմ, եւ ոչ է, եւ ոչ եւս երեւի տեղի նորա:
Բայց ողորմութիւն Տեառն յաւիտեանս յաւիտենից ի վերայ երկիւղածաց Իւրոց, եւ արդարութիւն Նորա յորդւոց մինչեւ յորդիս,
Ոյք պահեն զուխտս Նորա, յիշեն զպատուիրանս Նորա եւ առնեն զնա:
Տէր յերկինս պատրաստեաց զաթոռ Իւր, արքայութիւն Նորա ամենեցուն տիրէ:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն հրեշտա՛կք Նորա՝ հզօրք զօրութեամբ, ոյք առնէք զբան Նորա ի լսել ձայնի պատգամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն զօրութի՛ւնք Նորա, պաշտօնեա՛յք եւ արարո՛ղք կամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն գո՛րծք Նորա. զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Նորա. օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր:

ՍԱՂՄՈՍ ՃԽԲ
Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց, ո՛ւնկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ Քով:
Լո՛ւր ինձ արդարութեամբ Քով եւ մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի Քում, զի ոչ արդարանայ առաջի Քո ամենայն կենդանի:
Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից:
Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս:
Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն գործս Քո. յարարածս ձեռաց Քոց խորհեցայ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ Քեզ. վաղվաղակի լո՛ւր ինձ, Տէ՛ր, զի նուաղեաց յինէն հոգի իմ:
Մի՛ դարձուցաներ զերեսս Քո յինէն. նմանիցեմ այնոցիկ, ոյք իջանեն ի գուբ:
Լսելի՛ արա ինձ առաւօտու զողորմութիւնս Քո, զի ես ի Քեզ, Տէ՛ր, յուսացայ:
Ցո՛յց ինձ ճանապարհ, յոր եւ գնացից, զի առ Քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ:
Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Տէ՛ր, զի զՔեզ ապաւէն ինձ արարի:
Ուսո՛ ինձ առնել զկամս Քո, զի Դու ես Աստուած իմ:
Հոգի Քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ:
Վասն անուան Քո, Տէ՛ր, կեցուսցես զիս, արդարութեամբ Քով հանցես ի նեղութենէ զանձն իմ:
Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՔԱՐՈԶ
Խոսրով Անձևացու մեկնությունը՝ (թարգմ.՝ Բագրատ եպս. Գալստանյանի). Խոսքի սկիզբն արտահայտում է Աստծո խնամքը, որ նախքան հանդերձյալ կյանքը, այստեղ իսկ աշխատանքից, հոգնությունից, մեղքից և գիշերվա տարատեսակ տրտմություններից քնի միջոցով հանգիստ պարգևեց, որովհետև թեպետ այս ամենին պարտավորվեցինք ադամական մեղքի պատճառով, սակայն մարդասեր Աստծո գութը չհանդուրժեց մեզ այսպիսի տառապանքի մեջ թողնել։
ամենեքեան ի հանգստենէ քնոյ, զոր շնորհեաց մեզ մարդասէրն Աստուած ի մխիթարութիւն եւ ի սփոփանս տկարութեան մերում, եւ եկեալքս
Այստեղ անիմաստ կերպով չէ, որ ավելացնում է միաբան լինելը կամ էլ, ինչպես սկզբում, զարթուցեալքսին կից ամենաքեանը նշելը, այլ որպեսզի ցույց տա, թե Աստծուն պաշտամունք մատուցելու ժամանակ ամենքի միաբանված լինելը Աստծուն՝ դյուրահաշտ, մեզ՝ զորավոր, իսկ դևերի մարտը անզոր է դարձնում։
Երգը հոգևոր ասելով՝ հայտնում է, ըստ Պողոս առաքյալի, թե Սուրբ Հոգին օգնության և գործակցության է հասնում մեր տկարությունների մեջ (հմմտ. Հռոմ Ը 26), մտքով երգակից է լինում սրբերին և հորդորում է մնալ Աստծո փառաբանության մեջ։
ի փառաբանութիւն եւ ի պատիւ ամենասուրբ անուան
Տեր եւ Փրկիչ է ասում, Տերը՝ ստեղծելու և մեզ տիրելու պատճառով, իսկ Փրկիչ, քանզի Իր անձը որպես փրկանք տվեց և Իր արյամբ փրկեց մեզ մեղքից ու մահվանից և վերացրեց անեծքը, որ մեզ վրա էր։ Այս պատճառով էլ հաճախ երկու անուններով ենք կոչում Նրան, որովհետև, շնորհակալություն ենք հայտնում Իր արարչության և խնամակալության համար, որով մեզ հարազատություն հայտնեց։
Յիսուսի Քրիստոսի՝
Հրեշտակների օրինակով մեզ հրամայում է ահ ու դող ունենալ, այդ պատճառով է հավելում՝ առաջի Նորա, քանզի ինչպես հրեշտակները Նրա փառքից միշտ ահաբեկված են, նույնպես և մենք, դեպի Աստված մեր միտքը ուղղելով և մեծ փառքի առջև, կանգնած լինելով, երկյուղով Նրան պիտի պաշտենք։
Եւ գոհացարուք զՆմանէ ի գիշերային ժամուս յայսմիկ վասն
Ցույց է տալիս ճշմարտությունն ու արդարությունը, որն իրագործեց մեր նկատմամբ ոչ թե ըստ արժանիքի՝ այլ ողորմելով:
Նորա. որ
Ասում է՝ ողորմեց, այդ պատճառով էլ ընտրեց, որովհետև, խոտան էինք և Աստծո ներկայությունից զրկված։ Ըստ առաքելական խոսքի՝ ողորմությունը մեզ ընտրյալ դարձրեց. «Ընտրեց մեզ Նրանով (այսինքն Քրիստոսի միջոցով) նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ» (հմմտ. Եփես. Ա 4)
եւ շնորհեաց մեզ բերել զնմանութիւն երկնային հրեշտակացն ի փառաբանիչս Տեառն Աստուծոյ ամենեցուն եւ մեզ լինիլ: Եւ մեք, այսուհետեւ
Այսինքն, որովհետև երկրում մեզ հրեշտակների նման դարձրեց, մեր անձերում ընդունենք հրեշտակային սրբությունը և, եթե մարդկային բնությամբ ինչ որ սխալ ենք գործել, խոստովանությամբ և ապաշխարությամբ այն սրբելով, մաքրվենք։
ի խղճէ եւ ի չար գործոց,
Ինչպես մարգարեն է հրամայում.«Գիշերը դեպի սրբությունը պարզեցեք ձեռքերը» (Սաղմ. ՃԼԳ 2), նույն կերպով և քարոզը հրամայում է նախ՝ սրբել մեղքը և չար գործերը և ապա բարձրացնել ձեռքերը դեպի սրբություն։
Քանզի աղոթողին պետք է աներկմիտ հավատով և անբարկանալի մտքով աղոթքը մատուցել Աստծուն, որի համար և Տերն է ասում. «Թող քո ընծան սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ինձ աղերսիր» (հմմտ. Մատթ. Ե 24)։ Այդ պատճառով և այս քարոզը հորդորում է բարկությունը թողնել և ապա Աստծուց քավություն հայցել:
Հաւատով խնդրեսցուք ի Նմանէ զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց՝
Քանզի ասաց՝ նախ սրբել մեր անձերը մեղքից (այստեղ նաև օրինակն է տալիս, թե ինչպես), ըստ որի՝ սրբվում ենք խոստովանությամբ և քավություն խնդրելով, որովհետև, եթե չխոստովանենք, Ծածկագետից չենք կարող թաքցնել։ Սակայն խոստովանությամբ և մեղքը գիտակցելով մենք խոնարհության ենք հասնում, ամաչում ենք, զղջում և պաղատում ենք, որով և Աստծուց ողորմություն և ներում ենք գտնում և արդարանում։ Քանզի մարգարեի միջոցով իսկ ասում է. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Ես. ԽԳ 26)
ծածկագիտին Աստուծոյ: Որպէս զի ընդունելով զպաղատանս մեր աղօթիւք եւ բարեխօսութեամբ ամենայն սրբոց՝
Հայտնի է դարձնում, որ Նրա պարգևները ձրի են, թեպետ և շատերս առաքինանանք, որովհետև սիրում է մարդկանց։ Եվ առաքինությամբ և անբիծ ապրելը շնորհ է, որ շնորհում է մարդասերն Աստված։ Սակայն անարատ վարքով ապրելն առավել պատիվ է, քան արքայությունը, որին ավելի մեծ ցանկությամբ են բաղձում ընտրյալները, քան երկնքի բարիքներին, որովհետև, ցանկանում են ոչ թե վարձատրվել Քրիստոսից, այլ տառապել Քրիստոսի համար։ Եվ առ Քրիստոս ունեցած սիրո պատճառով՝ Քրիստոսի համար չարչարվելն ավելի ախորժական էր, քան Քրիստոսի հետ փառքի մեջ լինելը։ Ինչպես և երանելի Հովհան Ոսկեբերանն է ասում. «Նախընտրում եմ Քրիստոսի համար կապանքների մեջ լինել, քան քերովբեների հետ մերձ լինել Աստծուն»։ Նաև երջանիկ Գրիգոր Աստվածաբանն է գրում. «Որպեսզի չասեմ, թե նույնինքն տքնելն արդեն իսկ վարձատրություն է, որն ամենևին մտքի վաճառականություն չէ», և նաև ընտրյալ Նյուսացի Գրիգորն է այս իմաստով ասում Սողոմոնի «Երգ Երգոց» օրհնության մեկնության մեջ. «Սիրո առաքինության պատճառով է, որ հարսին ունի և ոչ թե որպես վարձատրություն»։ Նաև՝ Աստվածաբանը, ինչպես և Նյուսացին, երեք չափանիշներ են սահմանում արդարության մասին՝ երկյուղի պատճառով, վարձատրության պատճառով և սիրո պատճառով։ Նյուսացին սիրո գերակայությունը բացատրում է ամուսնական մերձավորության օրինակով, ըստ Սողոմոնի, իսկ Աստվածաբանը՝ որդիության օրինակով եռակարգ դասակարգումով. ծառա է կոչում երկյուղով ուղղվածներին, վարձկան՝ հոժարակամ ստացողներին, ապա, առավել քան այս երկուսը, ասում է՝ որդին է հոր հավանածը և ոչ թե վարձկանը։ Արդ, առաջին և մեծ պարգևն այս է՝ առաքինություն ստանալ, և երկրորդը՝ հավիտենական ուրախության արժանանալ, որը Քրիստոսի սիրողները կստանան Նրանից՝ ըստ Նրա անսուտ խոստումի։
ըստ կամաց Նորա յայսմ աշխարհիս եւ արժանաւոր լինելով յաւիտենական եւ երկնային խորանացն, զոր խոստացաւ սիրելեաց Իւրոց ճշմարիտն Աստուած Յիսուս Քրիստոս: Տէ՛ր մեր,
Խնդրանքով է ամփոփում խոսքը՝ տնօրինական անունները հիշելով, որ մեզ համար եղավ և կոչվեց Հիսուս, որ է Փրկիչ (հմմտ. Մատթ. Ա 21, Ղուկ. Ա 31), քանզի փրկեց մեզ մոլորությունից և սատանայական գործերից, մեղքից, անեծքից, մահվանից, ապականությունից և դժոխքից։ Եվ Քրիստոս կոչվեց, որովհետև Հոգով օծվեց և կոչվում է Քրիստոս՝ այսինքն Օծյալ (Ղուկ. Բ 11) եւ նույն Հոգով «մեզ ևս օծեց» (Բ Կորնթ. Ա 21), օծվածներ դարձրեց և անվանեց քրիստոնյաներ։

Կեցո՛, Տէ՛ր:
Զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել՝ հաւատով ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զհրեշտակ խաղաղութեան՝ պահապան անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զսրբոյ խաչին մեծ եւ կարող զօրութիւն յօգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
ԶՔէն գոհանամք, Տէր Աստուա՛ծ մեր, որ շնորհեցեր մեզ հանգիստ քնոյ խաղաղութեամբ: Եւ զարթուցեալ ժամանեցուցեր զմեզ կանխել յերկրպագութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ: Տո՛ւր մեզ, Տէ՛ր, աղաչեմք զՔեզ, զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել. եւ զամենայն ժամանակս կենաց պանդխտութեան մերոյ երկիւղիւդ Քո ամրացո՛ եւ պահեա՛: Որպէս զի զգուշութեամբ եւ անարատ վարուք կրօնաւորեալք յայսմ աշխարհիս՝ ժամանեսցուք յանքոյթ եւ ի խաղաղ նաւահանգիստ յաւիտենական ի կեանսդ՝ շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Ընդ Որում Քեզ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Նայեա՛ց, Տէ՛ր բարերար, ողորմութեամբ Քով յերկրպագուս եւ ի փառաբանիչս անուանդ Քում սրբոյ: Տէ՛ր զօրութեանց, խաղաղացո՛ զանձինս մեր յամենայն սատանայական խռովութեանց եւ յաշխարհական զբօսանաց: Զհրեշտակ խաղաղութեան Քո առաքեա՛ առ մեզ, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում: Որպէս զի բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս Քեզ Տեառնդ ծառայելով ի կեանս յայսոսիկ՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:


ՄԱՂԹԱՆՔ
Քրիստոս Աստուա՛ծ մեր, անճառելի տէրութեանդ շնորհիւ եւ բարեխօսութեամբ օրհնաբանեալ անարատ ծնողիդ՝ սրբուհւոյ Աստուածածնին եւ միշտ Կուսին, լուսաւորեալ պայծառացո՛ զհոգիս համօրէն հաւատացելոց, յուսով ի Քեզ ննջեցելոց, եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ տաճարիս են հանգուցեալ:

ՇԱՐԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ


Օրհնութիւն Խաչվերացի ուրբաթի աւուրն բձ.

(Օրհ. Խաչվերացի ուրբաթու բձ. Ա.)


Անապական սուրբ զխաչն օրհնեսցուք, որ եղեւ առաջնորդ աւազակին եւ յօրինեաց մեզ ճանապարհ, որ ձեւացոյց մեզ սովաւ մտանել ընդ դուռն անեղաշէն դրախտին Տեառն:
Բանալի արքայութեան տուաւ հողածին մարդոյն, ուստի յառաջին ճաշակմանէն արտաքս անկեալ ի յաւէժ կենդանութեան, որ ձեւացոյց մեզ սովաւ մտանել ընդ դուռն անեղաշէն դրախտին Տեառն:
Գաւազանաձեւ երեւեալ եգիպտական ազգին՝ ցուցանելով զզօրութիւն սրբոյ խաչին, յափշտակելով զգաւազանսն դիւթական, որ ձեւացոյց մեզ սովաւ մտանել ընդ դուռն անեղաշէն դրախտին Տեառն:
Դրոշմ զգայութեան օրինակեալ ի վերայ սեմոց դրանց նոցա՝ աներկիւղ պահելով զժողովուրդն յանդրանկածախ սատակմանէն, որ ձեւացոյց մեզ սովաւ մտանել ընդ դուռն անեղաշէն դրախտին Տեառն:
Երեւեալ աղիւսանման ակն պատուական ի ձեւ խաչին՝ հերձանելով զծովն Կարմիր, առաջնորդելով ժողովրդեանն սեամբ ամպոյ լոյսն անմեկնելի, որ ձեւացոյց մեզ սովաւ մտանել ընդ դուռն անեղաշէն դրախտին Տեառն:

(Օրհ. Խաչվերացի ուրբաթու բձ. Բ., 1-2 տներ)


Որ նշանաւ ամենայաղթ խաչի, Քրիստո՛ս, բարձեր զդատապարտութիւն ազգի մարդկան:
Որ շնորհեցեր մեզ յաղթանակ ընդդիմամարտութեան՝ վանել զզօրութիւնս թշնամւոյն:

(Ողր. Գիւտ խաչին բձ.)


Այսօր խնդրի պատուական փայտ խաչին՝ աւանդեալն ի Գողգոթա, ի ձեռն աստուածասէր դշխոյին. եկա՛յք, հաւատացեա՛լք, երկրպագեսցուք աստուածային սուրբ նշանիս:
Այսօր ընծայէ Գողգոթա զծածկեալն ի յերկրի՝ վերաբերեալ անուշահոտ խնկովք, ի ձեռն երանելւոյն Յուդայի. եկա՛յք, հաւատացեա՛լք, երկրպագեսցուք աստուածային սուրբ նշանիս:
Այսօր ի ձեռն փրկական սուրբ խաչին կենագործի պատանին մեռեալ, եւ ողբայ սատանայ զկործանումն իւր. իսկ մեք, Քրիստոսի՛ հաւատացեալք, երկրպագեսցուք աստուածային սուրբ նշանիս:

(Տրյ. Գիւտ խաչին բձ.)


Ապաւինեցաք ի խաչ Քո, Արարի՛չ յաւիտենից, որ ետուր մեզ պահապան՝ յաղթող ընդդէմ թշնամւոյն. աղաչեմք սովաւ, Փրկի՛չ, պահպանեա՛ զանձինս մեր։
Բարձրեա՛լ Թագաւոր, որ վասն մեր ելեր ի խաչ եւ բարձեր սովաւ զյանցանս նախաստեղծին Ադամայ, աղաչեմք սովաւ, Փրկի՛չ, պահպանեա՛ զանձինս մեր։
Գլուխ սուրբ հաւատոյ եւ փայտ կենաց՝ մարդկան յայտնեալ, զոր տեսեալ այսոյն պղծոյ՝ կործանեցաւ անկանգնելի. աղաչեմք սովաւ, Փրկի՛չ, պահպանեա՛ զանձինս մեր։
Դողացաւ թշնամին ընդ յայտնիլ սրբոյ խաչին եւ ի յահէ փառաց նորա կործանեցաւ յանդունդս երկրի. աղաչեմք սովաւ, Փրկի՛չ, պահպանեա՛ զանձինս մեր։
Երկինք ցնծային, եւ երկիրս ուրախանայր, քանզի Փրկիչ ցուցաւ սուրբ խաչն եւ լուսատու տիեզերաց. աղաչեմք սովաւ, Փրկի՛չ, պահպանեա՛ զանձինս մեր։

(Ողր. Յարութեան բձ. Ա.)


Իջեր յերկնից, Որդի՛ Աստուծոյ, ազատեցեր զարարածս. անկանիմ առաջի Քո. ողորմեա՛ ինձ, Աստուած:
Ի խաչին բեւեռեցար, Աստուա՛ծ, եւ զմարդն ի կապանաց մահու արձակեցեր. եւ զիս մի՛ անտես առներ, որ մեղօքս եմ մեռեալ:
Ծագո՛ւմն Հօր յանմատոյց լուսոյն, որ իջեր ի գերեզման, կենդանացուցեր զարարածս Քո, եւ զիս մի՛ անտես առներ, քանզի Քեզ միայնոյ մեղայ:

(Ողր. Յարութեան բձ. Գ.)


Որ կամաւոր խաչելութեամբ Քո, Տէ՛ր, բարձեր զմեղս, զՔեզ բարեբանեմք, ամենեցուն Յարութի՛ւն:
Որ երեքօրեայ թաղմամբ Քո, Տէ՛ր, մեռուցեր զմահ, զՔեզ բարեբանեմք, ամենեցուն Յարութի՛ւն:
Որ լուսափայլ յարութեամբ Քո, Տէ՛ր, կենագործեցեր զաշխարհս, զՔեզ բարեբանեմք, ամենեցուն Յարութի՛ւն:

Աւագ օրհ. բձ. Ե. (2-րդ տուն)


Որ զանարատ բազուկս Քո տարածեցեր ի վերայ խաչին՝ ժողովել զհեռացեալսն ամենակարող զօրութեամբդ, հաստատութի՛ւն իմ լեր, Տէ՛ր, Քոյով յարութեամբ:

Աւագ օրհ. բձ. Զ. (2-րդ տուն)


Տուող խաղաղութեան Քրիստո՛ս, որ զդատակնիք մահու լուծեր ի վերայ սուրբ խաչին եւ հաշտեցուցեր զՀայր ընդ արարածս, արարեր զխաղաղութիւն ի յերկինս եւ ի յերկրի:

(Օրհ. Հոգեգալստեան Բ աւուր բձ. Ա.)


Նոյն եւ նմա՛ն Հօր եւ Որդւոյ, Հոգի՛դ անեղ եւ համագոյ, Բղխո՛ւմն Հօր անքննաբար, Առո՛ղ յՈրդւոյ անճառաբար, ի վերնատունն այսօր իջեր, զՀոգիդ շնորհաց Քոց արբուցեր. արբո՛ եւ մեզ ողորմութեամբ ի բաժակէդ իմաստութեան:
Էից Ստեղծո՛ղ արարածոց, որ շրջէիր ի վերայ ջրոց, նոյն եւ ի ջուրսն աւազանին ի շնորհել մեզ Քում Էակցին գգուես սիրով աղաւնակերպ, զմարդիկ ծնանիս աստուածակերպ. արբո՛ եւ մեզ ողորմութեամբ ի բաժակէդ իմաստութեան:
Րաբո՛ւն վերնոցն իմանալեաց եւ ստորին այսր զգալեաց, որ մարգարէս տաս ի հովուաց եւ առաքեալս ի ձկնորսաց, աւետաւոր՝ զմաքսաւորս, քարոզ բանի Քում՝ զհալածողս, արբո՛ եւ մեզ ողորմութեամբ ի բաժակէդ իմաստութեան:

(Տրյ. Հանգստեան բձ. Բ.)


Ի ձայն փողոյ գալստեան Քո, Տէ՛ր, ամենայն հոգիք զարթիցեն՝ կալ ի դատաստանի Քում, Քրիստո՛ս Աստուած մեր:
Յորժամ հնչէ բարբառն ահագին, եւ հարկանի փող յարութեան մերոյ, եւ մեք գոչելով ասեմք. «Փա՜ռք գալստեան Քո, Տէ՛ր»:
Յորժամ առնես հատուցումն, Տէ՛ր, եւ սուրբք Քո պարծեսցին ի Քեզ, եւ մեզ շնորհեսցես, Փրկի՛չ, կալ ի յաջմէ Քումմէ։

(Ճշւ. Մեծ. Սուրբ Ծննդեան Զ աւուր բձ.)


ԶՔեզ, Հա՛յր՝ յառաջ քան զյաւիտեանս, բարեբանեն դասք անմարմնոց հրեշտակաց, ձայնիւ երգով գոչեն եւ աղաղակեն. «Աստուած աստուծոց եւ Տէր տերանց՝ Փրկիչ գոլով»:
Առաքեցեր զՔո Միածինդ՝ մարմնանալ ի սուրբ Կուսէն եւ անարատ ծնանիլ յորովայնէ անապական՝ բառնալով զմեր նեղութիւնս. Աստուած աստուծոց եւ Տէր տերանց՝ Փրկիչ գոլով:
Շնորհք բարի յԵրուսաղէմ երեւեցաւ հեթանոսաց, զի Արարիչն յաւիտենից տղայ եղեալ՝ յորդեգրութիւն կենաց կոչէ. Աստուած աստուծոց եւ Տէր տերանց՝ Փրկիչ գոլով:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Օրհ. Խաչվերացի ուրբաթու բձ. Բ., 3-րդ տուն)


Սովաւ զկեանսն մեր խաղաղացո՛, միա՛յն Բարեգութ, եւ փրկեա՛ յամենայն փորձութենէ:

ՄԱՂԹԱՆՔ
Փա՜ռք հրաշափառ տէրութեան Քո, Որդի՛ Աստուծոյ. զօրհնեալ եւ զփառաւորեալ, զհրաշալի եւ զյաղթող զտէրութիւնն Քո սուրբ օրհնեմք եւ փառաւորեմք:
Մարդասէ՛ր Տէր, վասն սրբուհւոյ անարատի մօր Քո եւ Կուսի եւ վասն խաչի Քո պատուականի ընկա՛լ զաղաչանս մեր եւ կեցո՛ զմեզ:

ՔԱՐՈԶ
(ԱՁ, ԳՁ)
Վասն ի գիշերի եւ ի տուընջեան յամենայն ժամու խօսիլ մեզ զբան Տեառն զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն չանկանելոյ մեզ ի փորձութիւն, որում ոչ կարեմք հանդուրժել, զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն անբիծ եւ անդատապարտ կալոյ մեզ առաջի ահեղ ատենին Քրիստոսի զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն առաջնորդելոյ մեզ ի նաւահանգիստն կենաց անվախճանից զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն արժանի լինելոյ մեզ վերին կոչմանն եւ երկնից արքայութեանն զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն հոգւոցն հանգուցելոց, որք ճշմարիտ եւ ուղիղ հաւատով ի Քրիստոս ննջեցին, զՏէր աղաչեսցուք:
Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
(ԱՁ, ԳՁ)
Ի գիշերի եւ ի տուընջեան եւ յամենայն ժամու զՔեզ աղաչեմք եւ ի Քէն խնդրեմք, մարդասէ՛ր Տէր. լո՛ւր մեզ, Աստուած Փրկի՛չ մեր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս մեր, զի մի՛ ունայն լիցին վաստակք ծառայից Քոց. այլ համարեա՛ զաշխատութիւնս մեր ի գործ արդարութեան եւ ի պտուղ աստուածպաշտութեան: Ընկա՛լ, Տէ՛ր, զաղօթս եւ զերկրպագութիւնս մեր եւ հատո՛ մեզ զողորմութիւն Քո առատապէս: Ծածկեա՛ զմեզ ընդ հովանեաւ ամենազօր աջոյ Քո. զօրացո՛ զմեզ, Տէ՛ր, զօրութեամբ Սուրբ Հոգւոյդ. պահեա՛ զմեզ որպէս բիբ ական եւ արա՛ առ մեզ նշան բարի՝ ի գովեստ եւ ի փառաբանութիւն անուանդ Քում սրբոյ: Զի ի Քո փառս կատարի ամենայն արարածոց մշտնջենաւոր փառաբանութիւն ի բարձունս՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Հովի՛ւ քաջ, Հովի՛ւ բարի եւ յաւիտենական, նայեա՛ց եւ ա՛յց արա բանաւոր հօտի Քո, զոր ժողովեցեր առ Քեզ գթութեամբ Քով: Զի Քո առաջի կամք, Տէ՛ր, եւ առ ի Քէն ողորմութեանցդ եւ գթութեանցդ ակն ունիմք: Զամենեսեան օրհնեա՛, զամենեսեան իմաստնացո՛, զամենեսեան լուսաւորեա՛ եւ ամենեցուն պարգեւեա՛ զերկնից արքայութիւնդ: Վասն զի Դու ես Տէր կենաց եւ Աստուած ողորմութեանց, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Ցուպ Քո եւ գաւազան՝ նոքա մխիթարեսցեն զիս: Պատրաստ արարեր առաջի իմ զսեղան՝ ակն յանդիման նեղչաց իմոց:
Փոխ. Ալէլուիա: Ետուր երկիւղածաց Քոց նշան, զի ապրեսցին յերեսաց աղեղան: Որպէս փրկեցան սիրելիք Քո, կեցո՛ աջով Քով եւ լո՛ւր մեզ:
Փա՜ռք եւ երկրպագութի՜ւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:

Դասք հրեշտակաց օրհնեն զՔեզ, Քրիստո՛ս. ալէլուիա. մարդկան ազգ սաղմոսեն Քեզ. ալէլուիա, ալէլուիա:

ՄԱՂԹԱՆՔ
(ԱՁ, ԳՁ)
Ի գիշերի եւ ի տուընջեան եւ յամենայն ժամու անդադար փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

 
sacredtradition.am