русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՍՈՒՐԲ ԳԻՐՔ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Արեւելահայրեն (1994թ.)
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Ծննդոց | Ելք | Ղեւտական | Թուեր | Երկրորդ օրէնք | Նաւէի որդի Յեսուի գիրքը | Դատաւորներ | Հռութ | Ա Թագաւորութիւններ | Բ Թագաւորութիւններ | Գ Թագաւորութիւններ | Դ Թագաւորութիւններ | Ա Մնացորդաց | Բ Մնացորդաց | Ա Եզրաս | Բ Եզրաս | Նէեմիի գիրքը | Եսթերի գիրքը | Յուդիթ | Տոբիթ | Ա Մակաբայեցիներ | Բ Մակաբայեցիներ | Գ Մակաբայեցիներ | Սաղմոսներ | Առակներ | Ժողովող | Երգ երգոց | Իմաստութիւն Սողոմոնի | Սիրաքի իմաստութիւնը | Յոբի գիրքը | Եսայու մարգարէութիւնը | Օսէէի մարգարէութիւնը | Ամոսի մարգարէութիւնը | Միքիայի մարգարէութիւնը | Յովէլի մարգարէութիւնը | Աբդիուի մարգարէութիւնը | Յովնանի մարգարէութիւնը | Նաւումի մարգարէութիւնը | Ամբակումի մարգարէութիւնը | Սոփոնիայի մարգարէութիւնը | Անգէի մարգարէութիւնը | Զաքարիայի մարգարէութիւնը | Մաղաքիայի մարգարէութիւնը | Երեմիայի մարգարէութիւնը | Բարուքի թուղթը | Երեմիա մարգարէի ողբը | Դանիէլի մարգարէութիւնը | Եզեկիէլի մարգարէութիւնը

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Աւետարան ըստ Մատթէոսի | Աւետարան ըստ Մարկոսի | Աւետարան ըստ Ղուկասի | Աւետարան ըստ Յովհաննէսի | Գործք առաքելոց | Պօղոս առաքեալի թուղթը հռոմէացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի թուղթը գաղատացիներին | Պօղոս առաքեալի թուղթը եփեսացիներին | Պօղոս առաքեալի թուղթը փիլիպեցիներին | Պօղոս առաքեալի թուղթը կողոսացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի Բ թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի թուղթը Տիտոսին | Պօղոս առաքեալի թուղթը Փիլիմոնին | Պօղոս առաքեալի թուղթը եբրայեցիներին | Յակոբոս առաքեալի ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Գ ընդհանրական թուղթը | Յուդա առաքեալի ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի յայտնութիւնը



ԵԼՔ


1
1 Սրանք են Իսրայէլի այն որդիների անունները, որոնք իրենց հօր հետ մտան Եգիպտոս, իւրաքանչիւրն իր ամբողջ ընտանիքով մտաւ. 2 Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, 3 Իսաքար, Զաբուղոն եւ Բենիամին, 4 Դան եւ Նեփթաղիմ, Գադ եւ Ասեր: 5 Յակոբից սերուած բոլոր մարդիկ եօթանասունհինգ հոգի էին: Յովսէփը գտնւում էր Եգիպտոսում: 6 Վախճանուեց Յովսէփը. նաեւ նրա բոլոր եղբայրներն ու ամբողջ սերունդը: 7 Իսրայէլի որդիները, սակայն, աճեցին ու բազմացան: Նրանք խիստ բազմացան ու հզօրացան, որովհետեւ երկիրը նպաստում էր նրանց բազմանալուն: 8 Գահ բարձրացաւ մի ուրիշ թագաւոր, որը Յովսէփին չէր ճանաչում: Նա իր ժողովրդին ասաց. 9 «Իսրայէլի որդիների սերունդը մեծ է զօրութեամբ եւ զօրանում է մեզնից աւելի: 10 Արդ, եկէք ինչ-որ բան հնարենք նրանց դէմ, գուցէ աւելի բազմանան, եւ երբ պատերազմ ծագի, նրանք միանան թշնամիներին ու մեր դէմ կռուելով՝ դուրս ելնեն այս երկրից»: 11 Եւ նա վերակացուներ կարգեց նրանց վրայ, որ գործի լծելով չարչարեն նրանց: Նրանք փարաւոնի համար կառուցեցին Փիդոն, Ռամեսէ եւ Ովն անառիկ քաղաքները: Ովնը Արեգ քաղաքն է: 12 Բայց որքան ճնշում էին նրանց, նրանք այնքան աւելի էին բազմանում ու անչափ հզօրանում: 13 Եգիպտացիները զզուեցնում էին Իսրայէլի որդիներին, բռնութիւն գործադրելով նեղում էին նրանց, տաժանակիր աշխատանքի էին լծում, 14 նրանց կեանքը մաշում կաւի, աղիւսաշինութեան ու դաշտային բոլոր գործերի մէջ՝ բռնութեամբ ստիպելով նրանց, որ ծառայեն: 15 Եգիպտացիների արքան դիմեց եբրայեցիների մանկաբարձներին. նրանցից մէկի անունը Սեփորա էր, իսկ երկրորդի անունը՝ Փուա: Եւ արքան 16 ասաց. «Երբ երկունքով բռնուած եբրայեցի կանանց մօտ գնաք ծննդաբերութեան օգնելու, եթէ ծնուածը արու լինի, սպանեցէ՛ք նրան, իսկ եթէ էգ լինի, ո՛ղջ թողէք»: 17 Մանկաբարձները, աստուածավախ լինելով, չարեցին այն, ինչ եգիպտացիների արքան հրամայել էր իրենց. նրանք ողջ էին թողնում նաեւ արուներին: 18 Եգիպտացիների արքան կանչեց մանկաբարձներին ու ասաց նրանց. «Ինչո՞ւ էք այդպէս վարւում, ինչո՞ւ էք ողջ թողնում արուներին»: 19 Մանկաբարձները պատասխանեցին փարաւոնին. «Եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք ծննդաբերում են, մինչեւ որ մանկաբարձները իրենց մօտ գան»: 20 Նրանք ծննդաբերում էին, եւ Աստուած բարութիւն էր անում մանկաբարձներին, ուստի ժողովուրդը խիստ բազմանում էր ու անչափ հզօրանում: 21 Քանի որ մանկաբարձները աստուածավախ էին, նրանք տուն-տեղ դրեցին: 22 Փարաւոնն, իր ամբողջ ժողովրդին հրամայելով, ասաց. «Եբրայեցիներից ծնուած բոլոր արու զաւակներին գե՛տը նետեցէք, իսկ բոլոր աղջիկ զաւակներին ո՛ղջ թողէք»:

2
1 Այնտեղ էր գտնւում Ղեւիի ցեղից մի մարդ, որն ամուսնացաւ Ղեւիի դուստրերից մէկի հետ: 2 Սա յղիացաւ ու ծնեց մի արու զաւակ: Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրին նրան: 3 Երբ այլեւս չէին կարող նրան թաքցնել, նրա մայրն առաւ եղէգից հիւսուած մի զամբիւղ, այն ծեփեց կպրաձիւթով, դրա մէջ դրեց մանկանը եւ զամբիւղը դրեց ծանծաղուտ մի տեղ՝ գետափին մօտիկ: 4 Մանկան քոյրը հեռուից հետեւում էր տեսնելու համար, թէ ինչ կպատահի նրան: 5 Այդ ժամանակ էր, որ փարաւոնի դուստրը եկաւ գետում լողանալու, իսկ նրա նաժիշտները քայլում էին գետի ափով: Ծանծաղուտի մէջ զամբիւղ նկատելով՝ նա մի նաժիշտ ուղարկեց, որ վերցնի այն: 6 Նա բացեց եւ տեսաւ երեխային: Երեխան լաց էր լինում զամբիւղում: Փարաւոնի դուստրը, խղճալով նրան, ասաց. «Եբրայեցիների երեխաներից է դա»: 7 Մանկան քոյրն ասաց փարաւոնի դստերը. «Ուզո՞ւմ ես, որ եբրայեցիներից մի դայեակ կին կանչեմ, նա թող կերակրի այդ մանկանը»: 8 Փարաւոնի դուստրն ասաց՝ գնա՛: Աղջիկը գնաց ու կանչեց մանկան մօրը: 9 Փարաւոնի դուստրը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ մանկանը եւ կերակրի՛ր նրան ինձ համար: Ես կտամ քո վարձը»: Կինը վերցրեց մանկանը եւ կերակրեց նրան: Երբ մանուկը մեծացաւ, կինը նրան բերեց փարաւոնի դստեր մօտ, 10 եւ մանուկը նրան որդեգիր դարձաւ: Նա նրան Մովսէս կոչեց՝ ասելով. «Ջրից եմ հանել նրան»: 11 Շատ օրեր յետոյ, երբ Մովսէսը մեծացաւ, գնաց իր ազգակիցների՝ իսրայէլացիների մօտ, ականատես եղաւ նրանց չարչարանքներին: Նա նկատեց, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մէկին՝ մի իսրայէլացու: 12 Մովսէսն այս ու այն կողմ նայեց եւ ոչ ոքի չտեսնելով՝ սպանեց եգիպտացուն եւ նրան թաղեց աւազի տակ: 13 Յաջորդ օրը նա տեսաւ իրար հետ կռուող երկու եբրայեցիների եւ անիրաւութիւն անողին ասաց. «Ինչո՞ւ ես ծեծում ընկերոջդ»: 14 Սա պատասխանեց. «Ո՞վ է քեզ իշխան ու դատաւոր կարգել մեզ վրայ, թէ՞ ինձ էլ ես ուզում սպանել, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն»: Մովսէսը վախեցաւ՝ մտածելով, որ եղելութիւնը յայտնի է դարձել: 15 Երբ փարաւոնը լսեց այդ դէպքի մասին, պահանջեց, որ սպանեն Մովսէսին: Մովսէսը փախաւ փարաւոնի պատճառով ու բնակուեց Մադիամի երկրում: 16 Մադիամի երկիրը գալով՝ նա նստեց մի ջրհորի մօտ: Մադիամացիների քուրմն ունէր եօթ դուստր, որոնք արածեցնում էին իրենց հօր ոչխարները: Նրանք եկել էին ջուր հանելու եւ լցնելու աւազանները, որպէսզի ջրեն իրենց հօր ոչխարները: 17 Բայց եկան ուրիշ հովիւներ եւ աղջիկներին հեռու քշեցին: Մովսէսը ոտքի ելաւ եւ պաշտպանեց նրանց, ջուր հանեց ու ջրեց նրանց ոչխարները: 18 Աղջիկները եկան իրենց հօր՝ Հռագուէլի մօտ: Սա նրանց հարցրեց. «Ինչո՞ւ այսօր օրը ցերեկով վերադարձաք»: 19 Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի տղամարդ մեզ փրկեց այդ հովիւների ձեռքից, ջուր հանեց ու ջրեց մեր ոչխարները»: 20 Հայրը հարցրեց իր դուստրերին. «Իսկ ո՞ւր է նա, ինչո՞ւ թողեցիք այդ մարդուն: Արդ, կանչեցէ՛ք նրան, որ հաց ուտի»: 21 Եւ Մովսէսը բնակուեց այդ մարդու մօտ, եւ սա իր դուստր Սեփորային Մովսէսին կնութեան տուեց: 22 Կինը յղիացաւ ու ծնեց որդի, որին Մովսէսը Գերսամ անուանեց՝ ասելով. «Ես պանդուխտ եմ օտար երկրում»: 23 Շատ օրեր անց մեռաւ եգիպտացիների թագաւորը: Իսրայէլացիները, որոնք տանջւում էին տաժանակիր աշխատանքի մէջ, աղաղակ բարձրացրին. նրանց աղաղակը հասաւ Աստծուն: Եւ Աստուած լսեց նրանց հեծութիւնը, 24 յիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի ու Յակոբի հետ: 25 Աստուած իր հայեացքն ուղղեց իսրայէլացիներին: Նա յայտնուեց նրանց:

3
1 Մովսէսն արածեցնում էր իր աներոջ՝ Յոթորի՝ մադիամացիների քրմի ոչխարները: Նա ոչխարները տարաւ անապատ ու հասաւ Աստծոյ լեռը՝ Քորէբ: 2 Տիրոջ հրեշտակը երեւաց նրան մորենու միջից կրակի բոցով: Մովսէսը տեսնում էր, որ մորենին հրով վառւում էր, բայց չէր այրւում: 3 Մովսէսն ինքն իրեն ասաց. «Գնամ տեսնեմ այս մեծ տեսարանը: Ինչպէ՞ս է, որ մորենին չի այրւում»: 4 Երբ Տէրը նկատեց, որ Մովսէսը տեսնելու համար մօտ է գնում, մորենու միջից ձայն տուեց նրան ու ասաց. «Մովսէ՛ս, Մովսէ՛ս»: Սա ասաց. «Ի՞նչ է»: 5 Աստուած ասաց. «Մի՛ մօտեցիր այստեղ: Կօշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետեւ այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է»: 6 Եւ աւելացրեց. «Ես քո հօր Աստուածն եմ՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը ու Յակոբի Աստուածը»: Եւ Մովսէսը շուռ տուեց իր երեսը, որովհետեւ վախենում էր նայել Աստծուն: 7 Տէրն ասաց Մովսէսին. «Ես ականատես եղայ Եգիպտոսում գտնուող իմ ժողովրդի կրած տառապանքներին, 8 լսեցի վերակացուների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը, տեղեակ եմ նրանց վշտերին: Ես իջայ, որ նրանց փրկեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այդ երկրից, նրանց տանեմ մի լաւ ու ընդարձակ երկիր՝ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Խեւացիների, Գերգեսացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում: 9 Արդ, ահաւասիկ իսրայէլացիների աղաղակը հասել է ինձ. ես տեսայ այն տառապանքները, որ նրանք կրում են եգիպտացիների ձեռքից: 10 Արդ, արի՛ քեզ ուղարկեմ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ, որ իմ ժողովրդին՝ իսրայէլացիներին, հանես Եգիպտացիների երկրից»: 11 Մովսէսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ իսրայէլացիներին հանեմ Եգիպտացիների երկրից»: 12 Աստուած ասաց. «Ես քեզ հետ կլինեմ, եւ երբ այս լեռան վրայ Աստծուն պաշտէք, այդ քեզ համար նշան կլինի, որ ես եմ ուղարկել քեզ, որպէսզի իմ ժողովրդին հանես Եգիպտացիների երկրից»: 13 Մովսէսն ասաց Աստծուն. «Ես կգնամ իսրայէլացիների մօտ ու նրանց կասեմ. “Ձեր հայրերի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ”: Եւ եթէ նրանք հարցնեն ինձ, թէ ինչ է նրա անունը, ես ի՞նչ պատասխան տամ նրանց»: 14 Աստուած ասաց Մովսէսին. «Ես այն Աստուածն եմ, որ Է»: Եւ աւելացրեց. «Այսպէս կասես իսրայէլացիներին, որ ”Էն առաքեց ինձ ձեզ մօտ”»: 15 Աստուած դարձեալ ասաց Մովսէսին. «Այսպէս կասես իսրայէլացիներին. “Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ”: Այս է իմ յաւիտենական անունը, որ յիշատակ է ազգից ազգ: 16 Արդ, գնա հաւաքի՛ր իսրայէլացի ծերերին ու նրանց ասա՛. “Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը, երեւաց ինձ ու ասաց. ես այցելեցի ձեզ ու գիտեմ, թէ ինչ բաներ պատահեցին ձեզ հետ Եգիպտոսում: 17 Ես ասում եմ. ձեզ հանելու եմ Եգիպտացիների՝ չարչարանքների երկրից եւ տանելու եմ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Գերգեսացիների, Խեւացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում”: 18 Նրանք կլսեն քեզ: Դու իսրայէլացի ծերերի հետ կմտնես եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ կասես նրան. “Եբրայեցիների Տէր Աստուածը մեզ կանչում է իր մօտ: Հիմա պիտի գնանք երեք օրուայ ճանապարհ դէպի անապատ, որպէսզի մեր Աստծուն զոհ մատուցենք”: 19 Ես գիտեմ, որ եգիպտացիների արքան թոյլ չի տայ, որ դուք գնաք, բայց հզօր մի ձեռք կստիպի նրան: 20 Ես ձեռքս մեկնելով պիտի հարուածեմ Եգիպտոսին իմ բոլոր զարմանահրաշ գործերով, որ պիտի գործեմ նրանց մէջ, եւ դրանից յետոյ միայն նա պիտի ազատ արձակի ձեզ: 21 Ես եգիպտացիների ներկայութեամբ շնորհներ եմ տալու իմ ժողովրդին, որ երբ դուրս գաք, ձեռնունայն դուրս չգաք: 22 Ամէն մի կին իր հարեւանից կամ իր հարեւանութեամբ բնակուողից թող ուզի ոսկէ ու արծաթէ անօթներ եւ զգեստներ: Դուք կզարդարէք ձեր տղաներին ու ձեր աղջիկներին եւ այդպիսով կողոպտած կլինէք եգիպտացիներին»:

4
1 Պատասխան տուեց Մովսէսն ու ասաց. «Եթէ ինձ չհաւատան, իմ ասածը չլսեն (քանի որ նրանք կարող են ասել, թէ՝ Աստուած քեզ չի երեւացել), ես ի՞նչ ասեմ նրանց»: 2 Տէրն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»: Սա ասաց. «Գաւազան»: 3 Նա ասաց. «Գետնի՛ն գցիր դա»: Մովսէսը գետին գցեց գաւազանը, այն օձ դարձաւ, եւ Մովսէսը փախաւ դրանից: 4 Տէրն ասաց Մովսէսին. «Երկարի՛ր ձեռքդ եւ բռնի՛ր դրա պոչից»: Նա երկարեց ձեռքն ու բռնեց պոչից, եւ օձը գաւազան դարձաւ իր ձեռքում: 5 «Այդպէս կանես, որպէսզի քեզ հաւատան, որ քեզ երեւացել է նրանց հայրերի Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը»: 6 Տէրը նորից ասաց նրան. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»: Նա ձեռքը դրեց իր ծոցը, ապա հանեց այն իր ծոցից, եւ ձեռքը ձեան նման սպիտակեց, ինչպէս բորոտների մօտ է լինում: 7 Աստուած ասաց. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»: Նա ձեռքը դրեց իր ծոցը, յետոյ հանեց այն իր ծոցից, եւ ձեռքը վերստացաւ իր մարմնի նախկին գոյնը: 8 Աստուած ասաց. «Եթէ չհաւատան քեզ եւ չունկնդրեն առաջին նշանի ձայնին, ապա կհաւատան քո երկրորդ նշանին: 9 Եթէ պատահի, որ չհաւատան երկու նշաններին էլ, չանսան քո ասածին, ապա գետից ջուր կվերցնես, կթափես գետնին, եւ գետից քո առած ջուրը գետնի վրայ արիւն կդառնայ»: 10 Մովսէսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մինչեւ օրս ես պերճախօս չեմ եղել, ոչ իսկ երբ սկսեցիր խօսել քո ծառայի հետ, որովհետեւ անվարժ եմ խօսում, ծանրախօս եմ»: 11 Տէրն ասաց Մովսէսին. «Ո՞վ է մարդուն բերան տուել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կոյրին: Մի՞թէ ոչ ես՝ Աստուածս: 12 Արդ, գնա՛, ես կբացեմ քո բերանը, քեզ կսովորեցնեմ, որ ասես այն, ինչ պէտք է ասել»: 13 Մովսէսն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մի այլ կարող մարդու ընտրիր, նրան ուղարկիր»: 14 Տէրը խիստ բարկացաւ Մովսէսի վրայ ու ասաց. «Մի՞թէ ղեւտացի Ահարոնը քո եղբայրը չէ: Գիտեմ, որ նա քո փոխարէն փայլուն կխօսի: Նա քեզ ընդառաջ կելնի եւ քեզ տեսնելով՝ ամբողջ հոգով կուրախանայ: 15 Կխօսես նրա հետ եւ իմ պատգամները կդնես նրա շրթներին: Ես կբացեմ քո բերանն ու նրա բերանը, ձեզ կսովորեցնեմ այն, ինչ պէտք է անէք: 16 Ժողովրդի հետ քո փոխարէն նա կխօսի, նա կլինի քո խօսափողը, իսկ դու նրա համար կլինես ներշնչող Աստուած: 17 Այն գաւազանը, որ օձ դարձաւ, կառնես ձեռքդ եւ դրանով նշաններ կգործես»: 18 Մովսէսը գնաց իր աներոջ՝ Յոթորի մօտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնուող իմ եղբայրների մօտ եւ տեսնեմ, թէ տակաւին կենդանի՞ են»: Յոթորն ասաց Մովսէսին. «Բարի ճանապարհ»: 19 Այս դէպքերից բազում օրեր անց, երբ վախճանուել էր եգիպտացիների արքան, Տէրը Մադիամում ասաց Մովսէսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետեւ արդէն մեռել են բոլոր նրանք, ովքեր ուզում էին խլել քո կեանքը»: 20 Մովսէսը, առնելով իր կնոջն ու երեխաներին, նրանց նստեցրեց գրաստների վրայ ու վերադարձաւ Եգիպտոս: Մովսէսն իր ձեռքն առաւ գաւազանը, որ Աստուած էր տուել իրեն: 21 Տէրն ասաց Մովսէսին. «Եգիպտոս գնալիս ու վերադառնալիս փարաւոնի առաջ ջանա՛, որ անես բոլոր այն նշանները, որոնք անելու շնորհը տուել եմ քո ձեռքը: Ես խստասիրտ կդարձնեմ փարաւոնին, եւ նա ազատ չի արձակի ժողովրդին: 22 Դու կասես փարաւոնին. “Այսպէս է ասում Տէրը. իմ անդրանիկ որդին Իսրայէլն է: 23 Քեզ ասացի՝ ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ: Իսկ եթէ չուզենաս ազատ արձակել նրան, այդ դէպքում ես կսպանեմ քո անդրանիկ որդուն”»: 24 Ճանապարհին, իջեւանում, Մովսէսին հանդիպեց Տիրոջ հրեշտակը, որն ուզում էր սպանել նրան: 25 Սեպփորան, վերցնելով մի սուր քար, թլփատեց իր անթլփատ որդուն եւ հրեշտակի ոտքերն ընկնելով՝ ասաց. «Ահա կատարուեց իմ մանկան թլփատութեան կարգը»: 26 Հրեշտակը հեռացաւ նրանից, քանի որ նա ասել էր, թէ՝ «Կատարուեց իմ մանկան թլփատութեան կարգը»: 27 Տէրն ասաց Ահարոնին. «Գնա՛ անապատ՝ Մովսէսին ընդառաջ»: Նա գնաց, նրան հանդիպեց Աստծոյ լեռան վրայ ու համբուրեց նրան: 28 Մովսէսն Ահարոնին յայտնեց իրեն ուղարկող Տիրոջ բոլոր պատգամներն ու բոլոր այն նշանները, որ պատուիրել էր իրեն կատարել: 29 Մովսէսն ու Ահարոնը գնացին եւ հաւաքեցին իսրայէլացիների ամբողջ ծերակոյտը: 30 Ահարոնը նրանց հաղորդեց բոլոր այն պատգամները, որ Տէրը յայտնել էր Մովսէսին, եւ Մովսէսը նշաններ գործեց ժողովրդի առաջ: 31 Ժողովուրդը հաւատաց եւ ուրախացաւ, որ Աստուած այցելել է իսրայէլացիներին, ականատես եղել իրենց տառապանքներին: Ժողովուրդը խոնարհուեց ու երկրպագեց:

5
1 Այնուհետեւ Մովսէսն ու Ահարոնը եկան փարաւոնի մօտ ու ասացին նրան. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ իմ պատուին տօն կատարի անապատում”»: 2 Փարաւոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ պիտի ազատ արձակեմ իսրայէլացիներին: Այդ Տիրոջը ես չեմ ճանաչում եւ իսրայէլացիներին էլ չեմ արձակում»: 3 Նրան ասացին. «Եբրայեցիների Աստուածն է կանչել մեզ իր մօտ: Արդ, երեք օրուայ ճանապարհ պիտի գնանք անապատով, որպէսզի զոհ մատուցենք մեր Տէր Աստծուն, այլապէս մեզ մահ կամ սպանութիւն է սպասում»: 4 Եգիպտացիների արքան նրանց ասաց. «Մովսէ՛ս եւ Ահարո՛ն, դուք ինչո՞ւ էք մարդկանց կտրում իրենց գործից: Ամէն մէկը թող գնայ իր գործին»: 5 Եւ փարաւոնը շարունակեց. «Ահա երկրիս մէջ խիստ բազմանում է ժողովուրդը, նրանց գործից չկտրենք»: 6 Փարաւոնն այդ օրը ժողովրդի գործավարներին ու նրանց վերակացուներին հրամայեց՝ ասելով. 7 «Այդ մարդկանց այլեւս յարդ չտաք աղիւս շինելու համար, ինչպէս տալիս էիք մինչեւ օրս: Իրենք թող գնան ու իրենց համար յարդ հայթայթեն: Եւ ստիպեցէ՛ք, 8 որ, որքան առաջ էին նրանք աղիւս շինում, նոյնքան էլ շինեն այսուհետեւ. բան չպակասեցնէ՛ք: Անգործ մնալու պատճառով է, որ նրանք աղաղակում են ու ասում. “Գնանք, զոհ մատուցենք մեր Աստծուն”: 9 Թող մարդկանց գործը էլ աւելի ծանրանայ, որպէսզի դրանով զբաղուեն եւ ոչ թէ դատարկ բաների մասին մտածեն»: 10 Ժողովրդի գործավարները եւ նրանց վերակացուները խիստ ծանր աշխատանքի լծեցին նրանց եւ դիմելով ժողովրդին՝ ասացին. «Այսպէս է ասում փարաւոնը. “Ձեզ այլեւս յարդ չեմ տայ: 11 Դուք ինքներդ գնացէ՛ք, ձեզ համար յարդ հաւաքեցէ՛ք, ուր որ գտնէք, բայց սահմանուած չափից ոչինչ չպիտի պակասի”»: 12 Ժողովուրդը սփռուեց ամբողջ Եգիպտոսով մէկ, որպէսզի եղէգ հաւաքի յարդ պատրաստելու համար: 13 Գործավարները ստիպում էին նրանց անընդհատ աշխատել՝ ասելով. «Ձեր ամէնօրեայ գործն արէք այն չափով, ինչպէս որ երբ յարդ էին տալիս ձեզ»: 14 Եւ իսրայէլացի գործավարները տանջանքի էին ենթարկւում փարաւոնի՝ իրենց վրայ նշանակած վերակացուներից, որոնք ասում էին. «Ինչո՞ւ այսօր էլ աղիւս չէք շինում այնքան, որքան մինչեւ օրս»: 15 Իսրայէլացի գործավարները գնացին բողոքեցին փարաւոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպէս վարւում քո ծառաների հետ: 16 Քո ծառաներին յարդ չեն տալիս, բայց հրամայում են, որ աղիւս շինենք: Քո ծառաներն ահա տանջանքի մէջ են: Դու կեղեքում ես քո ժողովրդին»: 17 Փարաւոնը նրանց ասաց. «Դուք ծոյլ ու անբան մարդիկ էք, դրա համար էլ ասում էք. “Գնանք զոհ մատուցենք մեր Աստծուն”: 18 Արդ, գնացէք աշխատեցէ՛ք, որովհետեւ ոչ ոք ձեզ յարդ չի տալու, բայց դուք աղիւսի սահմանուած քանակը պէտք է տաք»: 19 Իսրայէլացիների գործավարները, տեսնելով իրենց այս ծանր կացութիւնը, իրար մէջ ասացին. «Ոչ ոք չի նուազեցնի աղիւս շինելու մեր ամէնօրեայ քանակը»: 20 Նրանք հանդիպեցին Մովսէսին ու Ահարոնին, որոնք, փարաւոնի պալատից ելնելով, գալիս էին իրենց մօտ: 21 Նրանք ասացին նրանց. «Թող Աստուած աչքի առաջ ունենայ ձեզ եւ դատի, քանի որ մեր հօտը գարշելի դարձրիք փարաւոնի ու նրա պաշտօնեաների աչքին: Դուք սուր տուեցիք նրա ձեռքը, որ նա մեզ սպանի»: 22 Դիմելով Տիրոջը՝ Մովսէսն ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ չարչարեցիր քո ժողովրդին եւ ինչո՞ւ ուղարկեցիր ինձ: 23 Այն պահից, երբ մտայ փարաւոնի պալատը՝ քո անունից նրա հետ խօսելու համար, նա չարչարեց ժողովրդին, իսկ դու երբեք չես փրկում քո ժողովրդին»:

6
1 Տէրն ասաց Մովսէսին. «Հիմա կտեսնես, թէ ինչ եմ անելու փարաւոնին: Նա հզօր ձեռքի միջոցով պիտի արձակի նրանց եւ բարձրացուած բազուկով նրանց պիտի հանի նաեւ իր երկրից»: 2 Աստուած խօսեց Մովսէսի հետ եւ ասաց նրան. «Ես եմ Տէրը: 3 Ես երեւացի Աբրահամին, Իսահակին ու Յակոբին: Նրանց Աստուածը ես եմ, իմ անունը Տէր է, բայց ես դա նրանց չյայտնեցի: 4 Ես նրանց հետ ուխտ եմ կնքել, որ նրանց տամ Քանանացիների երկիրը, ուր նրանք պանդխտեցին: 5 Ես լսեցի հեծեծանքը իսրայէլացիների, որոնց եգիպտացիները ստրկացրել են, եւ յիշեցի ձեզ տուած իմ ուխտը: 6 Գնա՛ իսրայէլացիների մօտ ու ասա՛ նրանց. ես եմ Տէրը: Ես ձեզ ազատելու եմ եգիպտացիների բռնութիւնից, ձեզ փրկելու եմ նրանց ծառայելուց, ձեզ ազատելու եմ իմ հզօր բազկով ու նրանց գլխին մեծամեծ պատիժներ հասցնելով: 7 Ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը եւ պիտի լինեմ ձեր Աստուածը: Դուք պիտի գիտենաք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ ազատելու եմ եգիպտացիների բռնութիւնից 8 եւ ձեզ տանելու եմ այն երկիրը, որ երդուեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին: Այն ձեզ եմ տալու որպէս ժառանգութիւն, որովհետեւ ես եմ Տէրը»: 9 Մովսէսը այս բանը հաղորդեց իսրայէլացիներին, բայց նրանք չլսեցին նրան վհատութեան եւ տաժանակիր աշխատանքի պատճառով: 10 Տէրը, խօսելով Մովսէսի հետ, ասաց. «Մտի՛ր ու խօսի՛ր եգիպտացիների արքայ փարաւոնի հետ, 11 որ նա իսրայէլացիներին արձակի Եգիպտացիների երկրից»: 12 Մովսէսը, Տիրոջը դիմելով, ասաց. «Իսրայէլացիներն իսկ ինձ չլսեցին, փարաւոնն ինձ ինչո՞ւ պիտի լսի: Ես ճարտարախօս չեմ»: 13 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ իսրայէլացիներին ու եգիպտացիների արքայ փարաւոնին ուղղուած հրաման տուեց՝ հանելու իսրայէլացիներին Եգիպտացիների երկրից: 14 Ահա Մովսէսի ու Ահարոնի ընտանիքների առաջնորդների անունները. Իսրայէլի անդրանիկ որդի Ռուբէնի որդիներն են Ենոքն ու Փալլուսը, Ասրոնն ու Քարմին: Սա Ռուբէնի ազգատոհմն է: 15 Շմաւոնի որդիներն են Յամուէլը, Յամինը, Ահոդը, Յաքինը, Սահառն ու Սաւուղը, որը փիւնիկեցի կնոջից էր ծնուել: Սրանք Շմաւոնի որդիների տոհմերն են: 16 Ղեւիի որդիների անունները, ըստ իրենց ընտանիքների, հետեւեալն են՝ Գեթսոն, Կահաթ եւ Մերարի: Ղեւին ապրեց հարիւր երեսունեօթ տարի: 17 Գեթսոնի որդիներն են Լոբենին եւ Սեմէին՝ իրենց նահապետների ընտանիքներով: 18 Կահաթի որդիներն են Ամրամը, Սահառը, Քեբրոնն ու Ոզիէլը: Կահաթն ապրեց հարիւր երեսուներեք տարի: 19 Մերարիի որդիներն են Մոոլին ու Մուսին: Սրանք Ղեւիի ընտանիքներն են ըստ իրենց ցեղերի: 20 Ամրամն ամուսնացաւ իր հօրեղբօր դուստր Յոքաբէէթի հետ, եւ սա նրանից ունեցաւ Ահարոնին, Մովսէսին ու նրանց քոյր Մարիամին: Ամրամն ապրեց հարիւր երեսունեօթ տարի: 21 Սահառի որդիներն են Կորխը, Նափեգն ու Զեքրին: 22 Ոզիէլի որդիներն են Միսայէլը, Ելիսափանն ու Սեթրին: 23 Ահարոնն ամուսնացաւ Ամինադաբի դուստր, Նաասոնի քոյր Եղիսաբէթի հետ: Սա նրանից ունեցաւ Նաբադին, Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին: 24 Կորխի որդիներն են Ասիրը, Եղկանան ու Բիասափը: Սրանք Կորխի յետնորդներն են: 25 Ահարոնի որդի Եղիազարն ամուսնացաւ Փուտիէլի դուստրերից մէկի հետ, եւ սա նրանից ունեցաւ Փենէէսին: Սրանք են ղեւտացիների ընտանիքների առաջնորդները՝ ըստ իրենց ցեղերի: 26 Այս Ահարոնին ու Մովսէսին էր, որ Աստուած ասաց՝ իսրայէլացիներին հանել իրենց զօրքով հանդերձ Եգիպտացիների երկրից: 27 Եւ սրանք էին, որ դիմեցին եգիպտացիների արքայ փարաւոնին՝ դուրս հանելու Եգիպտոսից իսրայէլացիներին: 28 Սրանք այն Մովսէսն ու Ահարոնն են, որոնց օրօք Տէրը, Եգիպտացիների երկրում խօսելով Մովսէսի հետ, 29 ասաց նրան. «Ես եմ Տէրը: Եգիպտացիների արքայ փարաւոնին հաղորդի՛ր այն ամէնը, ինչ ասում եմ քեզ»: 30 Եւ Մովսէսը, դիմելով Տիրոջը, ասաց. «Չէ՞ որ ես անվարժ եմ խօսում, փարաւոնն ինձ ինչպէ՞ս կլսի»:

7
1 Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քեզ փարաւոնի համար մի աստուած դարձրի, իսկ քո եղբայր Ահարոնը թող լինի քո մարգարէն: 2 Դու Ահարոնին կյայտնես այն ամէնը, ինչ կպատուիրեմ քեզ, իսկ քո եղբայր Ահարոնը թող դիմի փարաւոնին, որ սա իսրայէլացիներին արձակի իր երկրից: 3 Ես կկարծրացնեմ փարաւոնի սիրտը, բայց եւ կբազմապատկեմ իմ նշաններն ու զարմանահրաշ գործերը Եգիպտացիների երկրում, 4 փարաւոնը ձեզ չի լսի, ես իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրայ եւ իմ զօրութեամբ մեծապէս վրէժխնդիր լինելով՝ Եգիպտացիների երկրից կհանեմ իմ ժողովրդին՝ իսրայէլացիներին: 5 Եւ եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տէրը: Ես իմ ձեռքը կմեկնեմ դէպի Եգիպտոս եւ իսրայէլացիներին դուրս կհանեմ նրանց միջից»: 6 Մովսէսն ու Ահարոնը արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել իրենց. նրանք այդպէս էլ արեցին: 7 Մովսէսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք տարեկան, երբ նրանք խօսեցին փարաւոնի հետ: 8 Տէրը, դիմելով Մովսէսին ու Ահարոնին, ասաց. 9 «Եթէ փարաւոնը խօսի ձեզ հետ ու ասի՝ “Մեզ նշան կամ զարմանահրաշ գո՛րծ ցոյց տուէք”, այն ժամանակ քո եղբայր Ահարոնին կասես. “Ա՛ռ քո գաւազանը, այն գետնի՛ն գցիր փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ, եւ դա վիշապ կդառնայ”»: 10 Մովսէսն ու Ահարոնը մտան փարաւոնի մօտ եւ արեցին այնպէս, ինչպէս իրենց պատուիրել էր Տէրը: Ահարոնը գաւազանը գցեց փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ, եւ դա վիշապ դարձաւ: 11 Փարաւոնը կանչեց եգիպտացի իմաստուններին ու կախարդներին: Եգիպտացի մոգերը նոյնն արեցին իրենց կախարդութեամբ: 12 Իւրաքանչիւրն իր գաւազանը գցեց գետնին, եւ դրանք վիշապներ դարձան, բայց Ահարոնի գաւազանը կուլ տուեց նրանց գաւազանները: 13 Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա չլսեց նրանց, ինչպէս որ ասել էր Տէրը: 14 Տէրն ասաց Մովսէսին. «Փարաւոնի սիրտը կարծրացել է. նա որոշել է չարձակել ժողովրդին: 15 Առաւօտեան գնա՛ փարաւոնի մօտ: Երբ նա դէպի գետը կգնայ, կանգնի՛ր գետի եզերքին՝ նրա դիմաց, եւ քո ձեռքն ա՛ռ այն գաւազանը, որ օձ դարձաւ: 16 Դու նրան կասես. “Եբրայեցիների Տէր Աստուածն է ուղարկել ինձ քեզ մօտ՝ ասելով. "Արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ անապատում": Մինչեւ հիմա ինձ չլսեցիր: 17 Տէրն այսպէս է ասում. "Սրանով կիմանաս, որ ես եմ Տէրը. ահա ես իմ ձեռքի գաւազանով կհարուածեմ գետի ջրին, եւ այն կվերածուի արեան: 18 Գետի մէջ եղած ձկները կսատկեն, գետը կնեխի, եւ եգիպտացիները չեն կարողանայ գետից ջուր խմել"”»: 19 Տէրն ասաց Մովսէսին. «Ահարոնին ասա՛, որ առնի գաւազանը եւ ձեռքը մեկնի Եգիպտոսի ջրերի վրայ՝ նրանց գետերի վրայ, նրանց լճերի վրայ, նրանց ջրաւազանների վրայ, նրանց ջրակոյտերի վրայ, եւ ջուրը կվերածուի արեան: Արեան պիտի վերածուի ողջ Եգիպտացիների երկրում գտնուող անգամ փայտէ ու քարէ ամանների մէջ եղած ջուրը»: 20 Մովսէսն ու Ահարոնը արեցին այնպէս, ինչպէս որ իրենց պատուիրել էր Տէրը. փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ Ահարոնը, վեր բարձրացնելով իր գաւազանը, հարուածեց գետի ջրին եւ գետի բոլոր ջրերը վերածեց արեան: 21 Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց, եւ եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել: Եգիպտացիների ամբողջ երկրում արիւն էր: 22 Իրենց կախարդութեամբ նոյնն արեցին նաեւ եգիպտացի մոգերը: Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ, ինչպէս որ ասել էր Տէրը, նա չլսեց նրանց: 23 Փարաւոնը վերադարձաւ, մտաւ իր պալատը: Այս դէպքը չէր ազդել նրա վրայ: 24 Բոլոր եգիպտացիները հորեր փորեցին գետի շուրջը, որպէսզի խմելու ջուր ունենան, որովհետեւ գետից չէին կարողանում ջուր խմել: 25 Եօթ օր էր անցել, որ Տէրը հարուած էր հասցրել գետին:

8
1 Տէրն ասաց Մովսէսին. «Մտի՛ր փարաւոնի մօտ ու ասա՛ նրան. “Այսպէս է ասում Տէրը. արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ: 2 Եթէ չուզենաս արձակել, ես ահա գորտերով կապականեմ քո բովանդակ երկիրը: 3 Գետի մէջ գորտեր կվխտան եւ դրանք, գետից դուրս գալով, կմտնեն քո պալատները, քո սենեակների պահարանները, քո անկողինները, քո պաշտօնեաների ու քո ժողովրդի տները, քո թոնիրներն ու քո խմորի զանգուածների մէջ: 4 Գորտերը կբարձրանան նաեւ քեզ վրայ, քո ժողովրդի ու քո պաշտօնեաների վրայ”»: 5 Տէրն ասաց Մովսէսին. «Քո եղբայր Ահարոնին ասա՛. “Ձեռքիդ գաւազանը մեկնի՛ր գետի վրայ, ջրանցքների, ճահիճների վրայ եւ գորտեր դուրս բե՛ր Եգիպտացիների երկրի վրայ”»: 6 Ահարոնն իր ձեռքը մեկնեց եգիպտացիների ջրերի վրայ ու գորտեր դուրս բերեց: Գորտերը ելան ու ծածկեցին Եգիպտացիների երկիրը: 7 Իրենց կախարդութիւններով նոյնն արեցին նաեւ եգիպտացի մոգերը եւ գորտեր դուրս բերեցին Եգիպտացիների երկրի վրայ: 8 Կանչելով Մովսէսին ու Ահարոնին՝ փարաւոնն ասաց. «Աղօթեցէ՛ք Տիրոջը, որ նա գորտերը հեռացնի ինձնից ու իմ ժողովրդից, որ ես արձակեմ ձեր ժողովրդին, նրանք գնան զոհ մատուցեն Տիրոջը»: 9 Մովսէսն ասաց փարաւոնին. «Ժամանա՛կ սահմանիր, թէ երբ աղօթեմ քեզ համար, քո պաշտօնեաների ու քո ժողովրդի համար, որպէսզի գորտերը չքանան քո, քո ժողովրդի մօտից ու ձեր տներից եւ մնան միայն գետում»: 10 Նա ասաց՝ վաղը: Սա ասաց. «Թող ասածիդ պէս լինի, եւ դու կիմանաս, որ մեր Տէր Աստծուց բացի մի ուրիշ աստուած չկայ: 11 Գորտերը կչքանան քո պալատներից, քո, քո ծառաների, քո ժողովրդի մօտից եւ կմնան միայն գետի մէջ»: 12 Մովսէսն ու Ահարոնը դուրս ելան փարաւոնի մօտից: Մովսէսն աղօթեց Տիրոջը, որպէսզի գորտերը հեռանան, ինչպէս որ խոստացել էր փարաւոնին: 13 Տէրն արեց այնպէս, ինչպէս որ խնդրել էր Մովսէսը: Գորտերը չքացան տներից, բակերից ու դաշտերից: 14 Դրանք հաւաքեցին կոյտ-կոյտ, եւ երկիրը լցուեց գարշահոտութեամբ: 15 Երբ փարաւոնը տեսաւ, որ դժուարութիւնը վերացել է, նորից կարծրացաւ նրա սիրտը, նա չլսեց նրանց, ինչպէս որ ասել էր Տէրը: 16 Տէրն ասաց Մովսէսին. «Ահարոնին ասա՛, որ ձեռքի գաւազանը մեկնի ու հարուածի գետնին, որպէսզի մժեղ լինի մարդկանց, անասունների եւ Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ»: 17 Այդպէս էլ արեցին. Ահարոնն իր գաւազանը մեկնեց ու հարուածեց գետնին: Մժեղ եղաւ մարդկանց, անասունների ու Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ: 18 Իրենց կախարդութիւններով նոյնը ուզեցին անել նաեւ մոգերը, որպէսզի մժեղ հանեն, բայց չկարողացան: Մժեղ լցուեց մարդկանց ու անասունների վրայ: 19 Մոգերն ասացին փարաւոնին. «Սրա մէջ Աստծոյ մատը խառն է»: Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա, ինչպէս որ ասել էր Տէրը, չլսեց նրանց: 20 Տէրն ասաց Մովսէսին. «Առաւօտեան վե՛ր կաց, գնա կանգնի՛ր փարաւոնի առաջ, երբ նա դէպի գետը կգնայ: Նրան կասես. “Այսպէս է ասում Տէրը. արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ: 21 Իսկ եթէ չուզենաս արձակել իմ ժողովրդին, ես ահա շնաճանճեր կուղարկեմ քեզ վրայ, քո պաշտօնեաների ու քո ժողովրդի վրայ եւ ձեր տների վրայ: Եգիպտացիների տներն ու նրանց բնակեցրած երկիրը կլցուեն շնաճանճերով: 22 Նոյն օրը ես զարմանահրաշ գործեր կանեմ իմ ժողովրդի բնակուած Գեսեմ երկրում, եւ այնտեղ շնաճանճեր չեն լինի, որպէսզի իմանաս, որ ես եմ Տէրը՝ ամբողջ երկրի Տէրը: 23 Ես պիտի բաժանեմ իմ ժողովրդին քո ժողովրդից: Վաղն իսկ այդ նշանը կկատարուի քո երկրում”»: 24 Եւ Տէրն այդպէս էլ արեց: Բազում շնաճանճեր թափուեցին փարաւոնի պալատների, նրա պաշտօնեաների տների ու Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ: Շնաճանճերից կործանուեց երկիրը: 25 Կանչելով Մովսէսին ու Ահարոնին՝ փարաւոնն ասաց. «Գնացէ՛ք, այս երկրում զո՛հ մատուցէք ձեր Տէր Աստծուն»: 26 Մովսէսն ասաց. «Ընդունուած չէ, որ եգիպտացիների պիղծ անասունները զոհ մատուցենք մեր Տէր Աստծուն, քանի որ եթէ եգիպտացիների պիղծ անասունները զոհ մատուցենք նրան, մեզ կքարկոծեն: 27 Ուրեմն, երեք օրուայ ճանապարհ գնանք դէպի անապատ եւ զոհ մատուցենք մեր Տէր Աստծուն, ինչպէս որ մեզ ասել է Տէրը»: 28 Փարաւոնն ասաց. «Ես արձակում եմ ձեզ, անապատում զո՛հ մատուցէք ձեր Տէր Աստծուն: Միայն թէ հեռու չգնաք: Արդ, նաեւ ինձ համար աղօթեցէ՛ք Տիրոջը»: 29 Մովսէսն ասաց. «Ես քեզնից կհեռանամ, կաղօթեմ Աստծուն, եւ վաղն իսկ շնաճանճերը կչքանան փարաւոնի, նրա պաշտօնեաների ու ժողովրդի վրայից: Միայն թէ փարաւոնը ժողովրդին նորից չխաբի՝ չարգելի նրան գնալ ու Տիրոջ համար զոհ մատուցել»: 30 Մովսէսը փարաւոնի մօտից դուրս ելաւ եւ աղօթեց Աստծուն: 31 Տէրն արեց այնպէս, ինչպէս որ ասել էր Մովսէսը. շնաճանճերը վերացրեց փարաւոնի, նրա պաշտօնեաների ու ժողովրդի վրայից: Մի շնաճանճ անգամ չմնաց: 32 Բայց դրանից յետոյ էլ փարաւոնի սիրտը կարծրացաւ, եւ նա չուզեց արձակել ժողովրդին:

9
1 Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ փարաւոնի մօտ ու նրան ասա՛, որ այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտեն ինձ: 2 Իսկ եթէ չուզենաս արձակել իմ ժողովրդին եւ դեռ պահես նրան, 3 Տիրոջ ձեռքը ահա կիջնի դաշտում գտնուող քո անասունների հօտերի՝ ձիերի, էշերի, ուղտերի, արջառների ու ոչխարների վրայ, եւ շատ մեծ կոտորած կլինի: 4 Ես զարմանահրաշ գործեր կանեմ. եգիպտացիների հօտերը եւ իսրայէլացիների հօտերը կզատորոշեմ, եւ ոչ մի իսրայէլացու անասուն չի կորչի”»: 5 Եւ Աստուած ժամկէտ նշանակեց ու ասաց. «Վաղն իսկ Տէրը կիրագործի այդ բանը երկրի վրայ»: 6 Եւ Տէրը յաջորդ օրն իսկ արեց այդ բանը. եգիպտացիների բոլոր անասունները սատկեցին, իսկ իսրայէլացիների ոչ մի անասուն չոչնչացաւ: 7 Երբ փարաւոնը տեսաւ, որ իսրայէլացիների ոչ մի անասուն չի ոչնչացել, կարծրացաւ նրա սիրտը, եւ նա ժողովրդին չարձակեց: 8 Տէրը Մովսէսին ու Ահարոնին ասաց. «Լիքը ձեռքով հնոցի մոխիր վերցրէ՛ք, Մովսէսը փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ այն թող շաղ տայ դէպի երկինք: 9 Մոխիրը թող թափուի Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ: Խոցեր թող առաջանան մարդկանց ու անասունների վրայ եւ ուռուցքներ՝ Եգիպտացիների ամբողջ երկրի մարդկանց ու անասունների վրայ»: 10 Նրանք վերցրին հնոցի մոխիրը, եւ Մովսէսը փարաւոնի առաջ այն շաղ տուեց դէպի երկինք: Մարդկանց ու անասունների վրայ խոցեր եւ ուռուցքներ առաջացան: 11 Մոգերը խոցերի պատճառով չէին կարողանում Մովսէսի առաջ կանգնել, որովհետեւ խոցեր առաջացան նաեւ մոգերի ու Եգիպտացիների ամբողջ երկրի մարդկանց վրայ: 12 Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ, ինչպէս որ ասել էր Տէրը Մովսէսին, փարաւոնը չլսեց նրանց: 13 Տէրն ասաց Մովսէսին. «Առաւօտեան վե՛ր կաց, կանգնի՛ր փարաւոնի առաջ ու նրան ասա՛, որ այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ, 14 այլապէս այս անգամ ամէն տեսակ փորձանքներով պիտի պատուհասեմ նաեւ քեզ, քո պաշտօնեաներին ու քո ժողովրդին, որպէսզի իմանաս, որ ամբողջ աշխարհում ինձ նման ուրիշ մէկը չկայ: 15 Որովհետեւ իմ ձեռքը մեկնելով՝ մահացու հարուած պիտի հասցնեմ քեզ ու քո ժողովրդին, եւ դու պիտի վերանաս երկրի երեսից: 16 Ես քեզ խնայեցի այն նպատակով, որ քեզ ցոյց տամ իմ զօրութիւնը, եւ իմ անունը յայտնի լինի ողջ երկրում, 17 բայց դու դեռեւս ձեռքիդ տակ ես պահում իմ ժողովրդին եւ չարչարում նրան: 18 Ես ահա վաղն իսկ, հէնց այս ժամին, այնպիսի սաստիկ կարկուտ տեղացնեմ, որպիսին դեռեւս չի եղել Եգիպտոսում իր գոյութեան օրուանից մինչեւ այսօր: 19 Արդ, շտապի՛ր հաւաքել քո անասունները եւ այն ամէնը, ինչ ունես դաշտում, որովհետեւ դաշտում գտնուող ու դեռեւս տուն չմտած մարդկանց ու անասունների վրայ կարկուտ է թափուելու եւ ոչնչացնելու է նրանց”»: 20 Փարաւոնի պաշտօնեաներից նա, ով մի անգամ տեսել էր Տիրոջ սարսափը, իր ծառաներին ու անասունները հաւաքեց տան մէջ, 21 իսկ ով չանսաց Տիրոջ խօսքերին, դաշտում թողեց իր ծառաներին ու անասունները: 22 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, եւ թող կարկուտ թափուի Եգիպտացիների երկրի վրայ, ինչպէս նաեւ մարդկանց ու անասունների եւ Եգիպտացիների երկրի դաշտերի բոլոր բոյսերի վրայ»: 23 Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, Տէրը որոտ ու կարկուտ ուղարկեց, եւ երկրի վրայ սկսեց կրակ թափուել: Տէրը կարկուտ տեղացրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ: 24 Կարկուտ էր տեղում, բայց կարկուտի մէջ բորբոքուած կրակ կար: Կարկուտն այնքան խոշոր էր, որ նմանը չէր եղել Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ ազգի առաջացումից ի վեր: 25 Կարկուտը հարուածեց Եգիպտացիների ամբողջ երկրին՝ այն ամէնին, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց սկսած մինչեւ անասուն: Կարկուտը հարուած հասցրեց դաշտում եղած ամբողջ բուսականութեանը, ջարդուփշուր արեց դաշտում եղած բոլոր ծառերը: 26 Իսրայէլացիների ապրած Գեսեմ երկրում, սակայն, կարկուտ չտեղաց: 27 Փարաւոնը, մարդ ուղարկելով, կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց նրանց. «Մեղք եմ գործել: Այսուհետեւ Տէրն արդար է, իսկ ես ու իմ ժողովուրդը ամբարիշտներ ենք: 28 Ինձ համար աղօթեցէ՛ք Տիրոջը, որ Աստծոյ որոտը, կարկուտն ու կրակը դադարեն մեզ վրայ թափուելուց: Ես ձեզ կարձակեմ, այլեւս դուք այստեղ չէք մնայ»: 29 Մովսէսն ասաց նրան. «Երբ դուրս կգամ այս քաղաքից, ձեռքս կմեկնեմ առ Աստուած, եւ ձայները կդադարեն, կարկուտ ու անձրեւ այլեւս չեն տեղայ, որպէսզի դու համոզուես, որ երկիրը Տիրոջն է պատկանում: 30 Բայց գիտեմ, որ դու եւ քո պաշտօնեաները դեռեւս չէք վախենում Տէր Աստծուց»: 31 Կտաւատն ու գարին կարկտահարուեցին, որովհետեւ գարին հասած էր, կտաւատը՝ սերմնակալած, 32 իսկ ցորենն ու հաճարը կարկտահար չեղան, որովհետեւ դեռ չէին հասունացած: 33 Մովսէսը փարաւոնի մօտից ելաւ ու գնաց քաղաքից դուրս, ձեռքը մեկնեց Տիրոջը, եւ ձայներն ու կարկուտը դադարեցին, անձրեւ այլեւս չտեղաց երկրի վրայ: 34 Երբ փարաւոնը տեսաւ, որ անձրեւը, կարկուտն ու ձայները դադարել են, դարձեալ մեղք գործեց. նա կարծրացրեց իր ու իր պաշտօնեաների սիրտը: 35 Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա իսրայէլացիներին չարձակեց, ինչպէս որ յայտնել էր Տէրը Մովսէսի միջոցով:

10
1 Դիմելով Մովսէսին՝ Տէրն ասաց. «Մտի՛ր փարաւոնի մօտ, որովհետեւ ես կարծրացրել եմ նրա ու նրա պաշտօնեաների սիրտը, որպէսզի իմ նշանները հերթով թափուեն նրանց գլխին, 2 որպէսզի դուք պատմէք ձեր որդիներին ու ձեր որդիների որդիներին, թէ որքան եմ ես ծաղրուծանակի ենթարկել եգիպտացիներին, ինչպէս նաեւ պատմէք իմ այն նշանների մասին, որ կատարեցի նրանց մօտ, որպէսզի ճանաչէք, թէ ես եմ Տէրը»: 3 Մովսէսն ու Ահարոնը մտան փարաւոնի մօտ եւ ասացին նրան. «Այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. “Մինչեւ ե՞րբ չես պատկառելու ինձնից: Արձակի՛ր իմ ժողովրդին, որպէսզի պաշտի ինձ: 4 Եթէ չկամենաս արձակել իմ ժողովրդին, ես ահա վաղն իսկ, հէնց այս ժամին, շատ մորեխ կթափեմ քո սահմաններից ներս: 5 Դրանք կծածկեն ողջ երկրի երեսը, եւ դու չես կարողանայ տեսնել երկիրը: Դրանք կխժռեն բոլոր մնացած այն բաները, որ ձեզ թողել է կարկուտը, կխժռեն բոլոր տունկերը, որ բուսել են երկրի վրայ ձեզ համար: 6 Քո պալատները, քո պաշտօնեաների եւ Եգիպտացիների ամբողջ երկրի բոլոր տները այնպէս կլցուեն մորեխներով, որ ո՛չ ձեր հայրերը, ո՛չ էլ նրանց նախահայրերը երբեք չեն տեսել երկրի վրայ իրենց ծնուած օրից մինչեւ այսօր”»: Եւ Մովսէսը դուրս եկաւ փարաւոնի մօտից: 7 Փարաւոնի պաշտօնեաներն իրեն ասացին. «Այս խոչընդոտը մինչեւ ե՞րբ պիտի լինի մեր առաջ: Արձակի՛ր մարդկանց, որպէսզի պաշտեն իրենց Տէր Աստծուն: Գուցէ ուզում ես տեսնել, թէ ինչպէ՞ս է կործանւում Եգիպտոսը»: 8 Եւ նրանք Մովսէսին ու Ահարոնին վերադարձրին փարաւոնի մօտ: Փարաւոնը նրանց ասաց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր Տէր Աստծուն: Գնացողները, սակայն, ովքե՞ր են լինելու»: 9 Մովսէսն ասաց. «Կգնանք մենք մեր երիտասարդներով ու ծերերով, մեր տղաներով ու աղջիկներով, կգնանք մեր արջառների ու ոչխարների հետ, որովհետեւ մեր Տէր Աստծոյ տօնն է»: 10 Փարաւոնն ասաց նրանց. «Թող այդպէս լինի: Տէրը ձեզ հետ: Քանզի արձակում եմ ձեզ. բայց մի՞թէ ձեր ունեցուածքն էլ եմ ազատ արձակում: Տեսնո՞ւմ էք, որ չարութիւն կայ ձեր մէջ: 11 Այդպէս չի լինի: Նախ թող գնան միայն տղամարդիկ եւ պաշտեն Աստծուն, քանի որ դուք հէնց այդ էիք ուզում»: Եւ նրանց վռնդեցին փարաւոնի մօտից: 12 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր Եգիպտացիների երկրի վրայ, եւ մորեխ պիտի ելնի Եգիպտացիների երկրի վրայ, եւ պիտի խժռեն երկրի այն ողջ բուսականութիւնն ու ծառերի պտուղները, որ փրկուել են կարկտից»: 13 Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, եւ Տէրը մի ամբողջ ցերեկ ու գիշեր հարաւային հողմ բարձրացրեց երկրի վրայ: Երբ առաւօտ եղաւ, հարաւային հողմն առաւ մորեխն 14 ու ցրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ՝ նրա սահմաններից ներս: Ո՛չ դրանից առաջ էր այդքան մորեխ եղել եւ ո՛չ էլ դրանից յետոյ այդքան մորեխ եղաւ: 15 Մորեխը ծածկեց ամբողջ երկիրը, եւ երկիրը բուսականութիւնից զրկուեց: Մորեխը կերաւ երկրի այն ողջ բուսականութիւնն ու ծառերի պտուղները, որ փրկուել էին կարկտից: Եգիպտացիների ամբողջ երկրում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի, ո՛չ էլ դաշտային տունկերի վրայ: 16 Փարաւոնը շտապ կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց. «Ես մեղք գործեցի ձեր Տէր Աստծոյ եւ ձեր դէմ: 17 Արդ, ներեցէ՛ք իմ այս յանցանքը եւս եւ աղաչեցէ՛ք ձեր Տէր Աստծուն, որ ինձ ազատի այս մորեխներից»: 18 Մովսէսը գնաց փարաւոնի մօտից եւ աղօթեց Աստծուն: 19 Աստուած ծովի կողմից սաստիկ հողմ բարձրացրեց, հողմն առաւ մորեխն ու լցրեց Կարմիր ծովը: Եգիպտացիների ամբողջ երկրում մորեխ չմնաց: 20 Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ նա չարձակեց իսրայէլացիներին: 21 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, եւ Եգիպտացիների երկրի վրայ թող խաւար լինի՝ թանձրամած խաւար»: 22 Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, եւ Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ երեք օր խաւար, մէգ ու մութ եղաւ: 23 Երեք օր եղբայրն իր եղբօրը չտեսաւ, երեք օր ոչ ոք իր անկողնուց վեր չելաւ, մինչդեռ բոլոր իսրայէլացիների բոլոր բնակավայրերում լոյս էր: 24 Փարաւոնը, կանչելով Մովսէսին ու Ահարոնին, ասաց նրանց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր Տէր Աստծուն, ձեր ունեցուածքը վերցրէ՛ք ձեզ հետ, բայց ձեր արջառն ու ոչխարը թողէ՛ք այստեղ»: 25 Մովսէսն ասաց. «Ողջակիզութեան ու զոհաբերութեան անասուններ դու ինքդ մեզ պիտի տաս, որ մատուցենք մեր Տէր Աստծուն: 26 Մեր անասուններն էլ մեզ հետ պիտի գնան, մենք մի կճղակ անգամ չենք թողնելու այստեղ, որովհետեւ մեր Տէր Աստծուն դրանցից պիտի զոհ մատուցենք: Մինչեւ մեր այնտեղ հասնելը մենք դեռ չգիտենք, թէ ինչ պիտի զոհաբերենք մեր Տէր Աստծուն»: 27 Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ փարաւոնը չուզեց արձակել նրանց: 28 Փարաւոնն ասաց. «Հեռացի՛ր ինձնից, զգո՛յշ եղիր, այլեւս չհամարձակուես իմ աչքին երեւալ, որովհետեւ այն օրը, որ երեւաս ինձ, կսպանուես»: 29 Մովսէսն ասաց. «Դու արդէն ասացիր. այլեւս աչքիդ չեմ երեւայ»:

11
1 Տէրն ասաց Մովսէսին. «Մի պատուհաս էլ պիտի հասցնեմ փարաւոնին ու Եգիպտոսին, որից յետոյ փարաւոնը ձեզ կարձակի այստեղից: Բայց երբ նա արձակի ձեզ, կարձակի ձեր ամբողջ ունեցուածքով: 2 Արդ, ժողովրդին գաղտնի յայտնի՛ր, որ իւրաքանչիւր տղամարդ եգիպտացի իր ընկերոջից եւ իւրաքանչիւր կին իր եգիպտացի հարեւանուհուց թող խնդրի ոսկեայ եւ արծաթեայ զարդեր ու զգեստներ»: 3 Տէրը շնորհ պարգեւեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, եւ սրանք զարդեր տուեցին նրանց: Մովսէսը եգիպտացիների, փարաւոնի, նրա բոլոր պաշտօնեաների առաջ ու ժողովրդի աչքին շատ յարգարժան դարձաւ: 4 Մովսէսն ասաց փարաւոնին. «Այսպէս է ասում Տէրը. “Կէսգիշերին ես կմտնեմ Եգիպտոս, 5 եւ Եգիպտացիների երկրում կմեռնեն բոլոր անդրանիկ զաւակները՝ իր գահին բազմած փարաւոնի անդրանիկ որդուց սկսած մինչեւ երկանքի մօտ աշխատող աղախնի անդրանիկ որդին, բոլոր անասունների առաջնածինները”: 6 Եւ Եգիպտացիների ամբողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կբարձրանայ, որի նմանը չի եղել, եւ այդպիսին չի էլ լինի: 7 Բայց իսրայէլացիների շրջանում մի շուն անգամ չի կլանչելու մարդկանց ու անասունների վրայ, որպէսզի իմանաս, թէ ինչպիսի զարմանահրաշ գործեր է անում Տէրը եգիպտացիների ու իսրայէլացիների մէջ: 8 Այս բոլոր ծառաներդ պիտի գան ծնրադրեն իմ առաջ, երկրպագեն ինձ ու ասեն. “Ելէք գնացէ՛ք դու եւ քո ողջ ժողովուրդը, որին դու ես առաջնորդում”: Այդ ժամանակ էլ ես կելնեմ»: 9 Եւ Մովսէսը փարաւոնի մօտից դուրս ելաւ խիստ զայրացած: Տէրն ասաց Մովսէսին. «Փարաւոնը ձեզ չպիտի լսի, որպէսզի ես Եգիպտացիների երկրում է՛լ աւելի շատ նշաններ ցոյց տամ ու զարմանահրաշ գործեր անեմ»: 10 Մովսէսն ու Ահարոնը Եգիպտացիների երկրում փարաւոնի առաջ արեցին այս բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը: Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ փարաւոնը չուզեց իսրայէլացիներին Եգիպտացիների երկրից արձակել:

12
1 Տէրը Եգիպտացիների երկրում խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 2 «Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարուայ առաջին ամիսը լինի: 3 Դու խօսի՛ր իսրայէլացի ողջ ժողովրդի հետ ու ասա՛. “Այս ամսի տասներորդ օրը ամէն մարդ թող մի ոչխար առնի ըստ իր ընտանիքի՝ ամէն մի տան համար մէկ ոչխար: 4 Եթէ մի ընտանիքի անդամները այնքան քիչ են, որ չեն կարող մէկ ոչխար ուտել, ապա ընտանիքի մեծը, ըստ ընտանիքի թուի թող միանայ իր հարեւանի կամ ընկերոջ հետ, եւ իւրաքանչիւրը թող ստանայ ոչխարի համապատասխան բաժինը: 5 Ձեր այդ ոչխարը որեւէ պակասութիւն թող չունենայ, լինի արու, մէկ տարեկան ու անարատ: Այն կարող է գառ կամ ուլ լինել: 6 Այն կպահէք մինչեւ այս ամսի տասնչորսերորդ օրը, եւ իսրայէլացիները այն թող մորթեն երեկոյեան: 7 Թող վերցնեն նրա արիւնից ու քսեն այն տան դռան սեմին երկու տեղ ու դռան շրջանակի վերեւը այն տան, ուր այն ուտելու են: 8 Այդ գիշեր թող ուտեն կրակի վրայ խորոված միսը, այն թող ուտեն բաղարջ հացով ու դառը խոտերով: 9 Դրանք հում կամ խաշած չուտէք, այլ՝ կրակի վրայ խորովելով: Կուտէք նաեւ ոչխարի գլուխը, ոտքերն ու փորոտիքը: 10 Առաւօտեան դրանից ոչինչ թող չմնայ: Ոչխարի ոսկորները մի՛ ջարդէք, այլ, ինչ որ աւելանայ դրանից, կրակով կայրէք: 11 Եւ կուտէք այսպէս. ձեր գօտիները թող ձեր մէջքին լինեն, ձեր կօշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին: Արագ կուտէք, որովհետեւ Տիրոջ Զատիկն է: 12 Այդ գիշեր ես պիտի անցնեմ Եգիպտացիների ամբողջ երկրով եւ պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկրի բոլոր արու առաջնածիններին՝ թէ՛ մարդկանց, թէ՛ անասունների: Եգիպտացիների բոլոր աստուածներից վրէժ պիտի լուծեմ, որովհետեւ ես եմ Տէրը: 13 Եւ նշուած արիւնը այն տների վրայ, ուր ուտելու էք, թող ձեզ նշան լինի: Ես, տեսնելով այդ արիւնը, պիտի խնայեմ ձեզ, եւ ձեր գլխին չեն իջնի մահաբեր այն հարուածները, որոնցով պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկիրը: 14 Այդ օրը ձեզ համար յիշարժան թող լինի, եւ դուք, իբրեւ Տիրոջ տօն, այդ օրը տօնեցէ՛ք սերնդէսերունդ: Դա, իբրեւ կարգ, յաւիտեան կտօնէք: 15 Եօթ օր բաղարջ հաց կուտէք, առաջին իսկ օրից սկսած ձեր տնից կվերացնէք թթխմորը: Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչեւ եօթերորդ օրը թթխմորով հաց կուտեն, կվերացուեն իսրայէլացիների միջից: 16 Առաջին օրը թող սուրբ հռչակուի: Ձեզ համար թող սուրբ լինի նաեւ նուիրական եօթերորդ օրը: Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարէք, այլ կատարեցէք միայն այն, ինչ կապուած է իւրաքանչիւր մարդու անձնական կարիքների հետ: 17 Իմ այս պատուիրանները կպահէք, որպէսզի այդ օրը ես ձեր ժողովրդին հանեմ Եգիպտացիների երկրից: Այդ օրը, իբրեւ կարգ, ձեր ժողովրդի մէջ կնշէք յաւիտենապէս: 18 Առաջին ամսուայ տասնչորսերորդ օրուայ երեկոյից սկսած բաղարջ հաց կուտէք մինչեւ ամսի քսանմէկերորդ օրուայ երեկոն: 19 Եօթ օր ձեր տներում թթխմոր չպիտի լինի: Բոլոր նրանք, ովքեր թթխմորով հաց կուտեն, կվերացուեն Իսրայէլի ժողովրդի միջից: 20 Ձեր երկիրը եկած եկուորներ լինեն թէ տեղաբնակներ, ոչ ոք թթխմորով հաց թող չուտի: Ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ հաց պիտի ուտէք”»: 21 Մովսէսը կանչեց բոլոր իսրայէլացի ծերերին ու նրանց ասաց. «Գնացէ՛ք, ձեր իւրաքանչիւր ընտանիքի համար մի ոչխար առէ՛ք եւ մորթեցէ՛ք Զատկի համար: 22 Վերցրէ՛ք մի խուրձ ծոթրին, այն թաթախեցէ՛ք դռան մօտ եղած արեան մէջ եւ դրանով նշան արէ՛ք դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւը: Բայց ձեզնից ոչ ոք մինչեւ առաւօտ իր տան դռնից դուրս չգայ: 23 Տէրն անցնելու է եգիպտացիներին կոտորելու համար: Նա, տեսնելով դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւում եղած արիւնը, կանցնի կգնայ այդ դռնով եւ Ոչնչացնողին թոյլ չի տայ մտնել ձեր տներն ու կոտորել ձեզ: 24 Այս խօսքերը մինչեւ յաւիտեան օրէնք թող լինեն քեզ եւ քո որդիների համար: 25 Երբ կմտնէք այն երկիրը, որ Տէրը, իր խոստման համաձայն, տալու է ձեզ, կկատարէք այդ ծիսակատարութիւնը: 26 Եթէ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ, թէ՝ “Ի՞նչ է նշանակում այս ծիսակատարութիւնը”, 27 նրանց կպատասխանէք, որ Տիրոջ համար Զատկի զոհն է սա, այն Տիրոջ, որ Եգիպտոսում եգիպտացիներին կոտորելիս խնայեց իսրայէլացիներին, փրկեց մեր ընտանիքները»: Ժողովուրդը խոնարհուեց ու երկրպագութիւն արեց: 28 Իսրայէլացիները գնացին ու արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին ու Ահարոնին. նրանք այդպէս էլ արեցին: 29 Երբ կէսգիշեր եղաւ, Տէրը Եգիպտացիների երկրում կոտորեց եգիպտացի բոլոր անդրանիկ զաւակներին՝ իր գահին բազմած փարաւոնի անդրանիկից մինչեւ բանտի մէջ արգելափակուած գերի կնոջ անդրանիկը, նաեւ անասունների բոլոր առաջնածինները: 30 Գիշերը վեր կացան փարաւոնն ինքը, նրա բոլոր պաշտօնեաներն ու բոլոր եգիպտացիները: Եգիպտացիների ամբողջ երկրում մեծ աղաղակ բարձրացաւ, որովհետեւ տուն չկար, որտեղ մեռել չլինէր: 31 Փարաւոնը գիշերով կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց նրանց. «Դուք եւ իսրայէլացիներդ վեր կացէք գնացէ՛ք իմ ժողովրդի միջից, գնացէք պաշտեցէ՛ք ձեր Տէր Աստծուն, ինչպէս որ ասացիք: 32 Ձեզ հետ տարէ՛ք նաեւ ձեր արջառն ու ոչխարը, ինչպէս որ ասացիք, բայց ինձ էլ օրհնեցէ՛ք»: 33 Եւ եգիպտացիները ստիպում էին իսրայէլացի ժողովրդին, որ շտապ դուրս գան երկրից, որովհետեւ ասում էին. «Նրանց պատճառով մենք բոլորս էլ կմեռնենք»: 34 Ժողովուրդն իր հունցած, բայց դեռեւս չհասած խմորը շորերի մէջ փաթաթելով՝ ուսն առաւ: 35 Իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս իրենց հրամայել էր Մովսէսը. եգիպտացիներից նրանք ուզեցին ոսկեայ, արծաթեայ զարդեր ու զգեստներ: 36 Տէրը շնորհ պարգեւեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ. սրանք զարդեր տուեցին նրանց: Այսպիսով նրանք կողոպտեցին եգիպտացիներին: 37 Իսրայէլացիները՝ վեց հարիւր հազար տղամարդ, հետիոտն, բացի մնացած բազմութիւնից, Ռամեսից մեկնեցին Սոկքոթ: 38 Նրանց հետ ճանապարհ ընկաւ մի խառնիճաղանջ բազմութիւն, մեծ քանակութեամբ արջառ, ոչխար ու այլ անասուն: 39 Նրանք Եգիպտոսից բերած ու դեռ չհասած խմորով բաղարջ հաց եփեցին, որովհետեւ այն դեռ չէր խմորուել, քանի որ եգիպտացիները երկրից հանել էին իրենց, եւ իրենք չէին կարողացել սպասել ու իրենց ճանապարհի պաշար չէին արել: 40 Իսրայէլացիներն իրենք ու իրենց հայրերը Եգիպտացիների երկրում եւ Քանանացիների երկրում ապրեցին չորս հարիւր երեսուն տարի: Երբ չորս հարիւր երեսուն տարին վերջացաւ, նոյն օրն իսկ 41 Տիրոջ ամբողջ ժողովուրդը գիշերով Եգիպտացիների երկրից դուրս եկաւ: 42 Իսրայէլացիները Տիրոջ հրամանով այդ գիշերը անքուն մնացին, որպէսզի նա նրանց դուրս բերի Եգիպտացիների երկրից. դա Տիրոջ անքուն մնալու այն գիշերն էր, որ բոլոր իսրայէլացիները սերնդէսերունդ պիտի յիշեն: 43 Տէրը Մովսէսին ու Ահարոնին ասաց. «Սա է Զատկի կարգը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից: 44 Որեւէ մէկը իր ծառային ու փողով գնուած ստրուկին թող թլփատի, եւ թլփատուելուց յետոյ միայն թող նա ուտի դրանից: 45 Պանդուխտն ու վարձկանը թող չուտեն դրանից: 46 Տա՛ն մէջ պէտք է ուտուի այն. միսը տնից դուրս չպիտի հանէք եւ դրա ոսկորը չպիտի ջարդէք: 47 Իսրայէլի ողջ ժողովուրդը պէտք է կատարի դա: 48 Եթէ մի օտարական մօտենայ ձեզ եւ ուզի կատարել Տիրոջ Զատիկը, դու պէտք է թլփատես նրա բոլոր արու զաւակներին, եւ դրանից յետոյ միայն նա կարող է մօտենալ՝ կատարելու Զատիկը: Նա կհամարուի երկրի տեղաբնակ: Ոչ մի անթլփատ դրանից չպէտք է ուտի: 49 Օրէնքը հաւասարապէս տարածւում է ե՛ւ տեղաբնակի, ե՛ւ ձեզ մօտ ապրել ցանկացող օտարականի վրայ»: 50 Բոլոր իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս պատուիրել էր Տէրը Մովսէսին ու Ահարոնին. նրանք այդպէս էլ արեցին: 51 Ահա այդ օրն էր, որ Տէրը բոլոր իսրայէլացիներին հանեց Եգիպտացիների երկրից:

13
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2 «Ինձ նուիրաբերի՛ր բոլոր իսրայէլացիների անդրանիկ զաւակներին, ամէն մի նախածին, մարդ թէ անասուն, որովհետեւ իմն է»: 3 Մովսէսն ասաց ժողովրդին. «Յիշեցէ՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկութեան այս տնից, որովհետեւ Տէրը ձեզ իր հզօր ձեռքով հանեց այստեղից: Թթխմորով հաց չպիտի ուտէք, 4 որովհետեւ դուք այսօր՝ գարնանային վաղահաս բերքի ամսին էք դուրս գալիս: 5 Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի քո հայրերին խոստացած Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Խեւացիների, Յեբուսացիների, Փերեզացիների ու Գերգեսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում, ապա հէնց այդ ամսին այս ծիսակատարութիւնը կանես: 6 Եօթ օր բաղարջ հաց կուտէք, իսկ եօթերորդ օրը Տիրոջ տօնը կլինի. բաղարջ հաց կուտէք: 7 Ձեր տանը թթխմորով հաց չլինի, քո ողջ երկրի սահմաններում թթխմոր չերեւայ: 8 Այդ օրը քո որդուն կպատմես՝ ասելով. “Դա կատարւում է ի յիշատակ այն բանի, ինչ արել է ինձ Տէր Աստուած, երբ դուրս էի գալիս Եգիպտոսից”: 9 Ասածս նշան արա՛ ձեռքիդ վրայ, նաեւ նշան՝ ճակատիդ, որ յիշես: Տիրոջ օրէնքները թող քո բերանում լինեն, քանի որ Տիրոջ հզօր ձեռքն է հանել քեզ Եգիպտոսից: 10 Այս օրէնքները կպահպանէք տարէցտարի՝ ձեր կեանքի բոլոր օրերում: 11 Երբ քո Տէր Աստուածը քեզ կտանի Քանանացիների երկիրը, ինչպէս խոստացել է քեզ ու քո հայրերին, եւ այն կտայ քեզ, 12 Տիրոջ համար կառանձնացնես անդրանիկ բոլոր արու ծնունդներին եւ քո արջառների ու ոչխարների առաջնածիններին, որոնք պիտի ծնուեն: Դրանք բոլորը Տիրոջը կնուիրաբերես: 13 Առաջնածին էշը կփոխանակես ոչխարի հետ, իսկ եթէ չուզենաս փոխանակել, ապա դա փրկագին կտաս: Քո որդիների բոլոր անդրանիկ զաւակներին կփրկագնես: 14 Եթէ դրանից յետոյ որդիդ հարցնի քեզ ու ասի, թէ՝ “Ի՞նչ է այս”, նրան կասես, թէ՝ “Տէրը հզօր ձեռքով է հանել մեզ Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից: 15 Երբ փարաւոնի սիրտը կարծրացաւ ու մեզ չարձակեց, Տէրը Եգիպտացիների երկրում կոտորեց բոլոր անդրանիկներին՝ մարդկանց անդրանիկ զաւակներից մինչեւ անասունների առաջնածինները: Հէնց դրա համար էլ ես Տիրոջն եմ նուիրաբերում բոլոր առաջնածին արուներին, իսկ իմ որդիներից բոլոր անդրանիկ զաւակներին փրկագին կտամ”: 16 Ասածս նշան արա՛ ձեռքիդ վրայ, նաեւ նշան՝ ճակատիդ, որ յիշես, թէ Տէրը ինչպէս է հզօր ձեռքով մեզ հանել Եգիպտոսից»: 17 Երբ փարաւոնն արձակեց ժողովրդին, Աստուած նրանց կարճ ճանապարհով՝ Փղշտացիների երկրով չառաջնորդեց, որովհետեւ Աստուած մտածեց, թէ ժողովուրդը, պատերազմի բռնուելով, գուցէ վախենայ ու Եգիպտոս վերադառնայ: 18 Դրա համար Աստուած ժողովրդին շրջանցիկ՝ անապատի ճանապարհով տարաւ դէպի Կարմիր ծով: Իսրայէլացիները Եգիպտացիների երկրից դուրս եկան հինգերորդ սերնդի ժամանակ: 19 Մովսէսն իր հետ տարաւ Յովսէփի ոսկորները, որովհետեւ Յովսէփը, երդուեցնելով Իսրայէլի որդիներին, ասել էր. «Երբ Տէրը ձեզ այցի գայ, իմ ոսկորները կհանէք այստեղից ու կտանէք ձեզ հետ»: 20 Սոկքոթից դուրս գալով՝ իսրայէլացիները եկան եւ կայք հաստատեցին Ոթոմում՝ անապատի եզրին: 21 Աստուած ցերեկը նրանց առաջնորդում էր ամպի սիւնով, որպէսզի ճանապարհ ցոյց տայ նրանց, իսկ գիշերը՝ հրէ սիւնով, որպէսզի գիշեր-ցերեկ նրանք ուղեցոյց ունենան: 22 Ցերեկը ամպի սիւնը, իսկ գիշերը հրէ սիւնը միշտ ամբողջ ժողովրդի աչքի առաջ էր:

14
1 Տէրը, խօսելով Մովսէսի հետ, ասաց. 2 «Իսրայէլացիներին ասա՛, որ վերադառնան, կայք հաստատեն Մագդողի ու ծովի միջեւ գտնուող հանգրուանում՝ Բէեղսեպփոնի դիմաց: Դրանց դիմաց՝ Կարմիր ծովի եզերքին կայք կհաստատես: 3 Փարաւոնը իսրայէլացիներիդ մասին կասի, թէ՝ “Մոլորուել են այս երկրում, որովհետեւ անապատը շրջափակել է նրանց”: 4 Ես պիտի կարծրացնեմ փարաւոնի սիրտը, նա պիտի հետապնդի նրանց, 5 իսկ ես պիտի փառաւորուեմ փարաւոնի ու նրա ամբողջ զօրքի առաջ: Եւ բոլոր եգիպտացիները պիտի իմանան, որ ես եմ Տէրը»: Եւ այդպէս էլ արեցին: 6 Եգիպտացիների արքային յայտնեցին, թէ՝ «Ժողովուրդը փախել է»: Փարաւոնի ու նրա պաշտօնեաների սրտերն ըմբոստացան ժողովրդի դէմ, եւ նրանք ասացին. «Այդ ի՞նչ արեցինք, ինչո՞ւ թոյլ տուեցինք, որ իսրայէլացիները գնան, եւ մենք զրկուենք մեր ստրուկներից»: 7 Փարաւոնը լծեց իր կառքը եւ իր հետ տարաւ իր ամբողջ ժողովրդին: Նա վերցրեց վեց հարիւր ընտիր կառքեր, եգիպտացիների ամբողջ հեծելազօրն ու դրանց զօրավարներին: 8 Տէրը կարծրացրեց եգիպտացիների արքայ փարաւոնի սիրտը, եւ սա հետապնդեց իսրայէլացիներին: Իսրայէլացիները գնում էին՝ ձեռքները բարձր պահած: 9 Եգիպտացիները հետապնդեցին նրանց ու նրանց գտան ծովեզերքի մօտ՝ կայք հաստատած: Փարաւոնի ողջ հեծելազօրն ու կառքերը, նրա հեծեալներն ու բանակը կանգնեցին հանգրուանածների դիմաց՝ Բէեղսեպփոնի դէմ առ դէմ: 10 Փարաւոնը մօտեցաւ: Իսրայէլացիները, բարձրացնելով իրենց աչքերը, տեսան, որ եգիպտացիները կայք են հաստատել իրենց թիկունքում. սաստիկ վախեցան: 11 Իսրայէլացիները աղաղակ բարձրացրին առ Աստուած ու Մովսէսին ասացին. «Իբր թէ Եգիպտացիների երկրում գերեզմաններ չկայի՞ն, որ մեզ բերեցիր այստեղ՝ անապատում սպանուելու: Այս ի՞նչ բերեցիր մեր գլխին, ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից: 12 Մի՞թէ Եգիպտացիների երկրում քեզ չասացինք, թէ՝ “Թո՛յլ տուր, որ ծառայենք եգիպտացիներին”: Մեզ համար աւելի լաւ կլինէր, որ ծառայէինք եգիպտացիներին, քան մեռնէինք այս անապատում»: 13 Մովսէսն ասաց ժողովրդին. «Քաջալերուեցէ՛ք, պի՛նդ կացէք եւ կտեսնէք Տիրոջ արած փրկութիւնը, որ նա պարգեւելու է ձեզ այսօր, քանզի այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլեւս յար յաւիտեան չէք տեսնելու: 14 Տէ՛րը պիտի պատերազմի ձեր փոխարէն, դուք լո՛ւռ մնացէք»: 15 Տէրն ասաց Մովսէսին. «Ինչո՞ւ ես կանչում ինձ: Ասա՛ իսրայէլացիներին, որ շարժուեն գնան: 16 Իսկ դու ա՛ռ գաւազանդ, ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, ճեղքի՛ր այն, եւ իսրայէլացիները թող մտնեն ծովի մէջ ու անցնեն ինչպէս ցամաքով: 17 Ես կկարծրացնեմ փարաւոնի եւ բոլոր եգիպտացիների սիրտը, սրանք նրանց յետեւից ծով կմտնեն, եւ ես կփառաւորուեմ փարաւոնի, նրա ամբողջ զօրքի, կառքերի ու հեծելազօրի առաջ: 18 Բոլոր եգիպտացիները կգիտենան, որ ես եմ Տէրը, երբ փառաւորուեմ փարաւոնի, նրա կառքերի ու հեծելազօրի առաջ»: 19 Իսրայէլացիների բանակի առջեւից գնացող Աստծոյ հրեշտակը ելաւ ու անցաւ գնաց նրանց յետեւը: Վերացաւ ամպի սիւնը նրանց առջեւից ու կանգնեց նրանց թիկունքին: 20 Ամպի սիւնը մտաւ եգիպտացիների ու իսրայէլացիների բանակների միջեւ: Խաւար ու մէգ պատեց: Գիշերն անցաւ, բայց ողջ գիշերը բանակները իրար չմօտեցան: 21 Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ հարաւային հողմի ուժով ողջ գիշեր ծովը յետ մղուեց. բացուեց ծովի յատակը, ջուրը երկուսի բաժանուեց: 22 Իսրայէլացիները մտան յատակը բացուած ծովի մէջ ու առաջ շարժուեցին ինչպէս ցամաքով: Ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել: 23 Եգիպտացիները հետապնդեցին նրանց, եւ փարաւոնի ամբողջ հեծելազօրը, նրա կառքերն ու հեծեալները նրանց յետեւից մտան ծովը: 24 Առաւօտեան Տէրը հրի ու ամպի սեան միջով նայեց եգիպտացիների բանակին եւ խուճապի մատնեց եգիպտացիների բանակը. 25 նա կաշկանդեց նրանց կառքերի անիւները, եւ նրանք դժուարութեամբ էին առաջ շարժւում: Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք իսրայէլացիներից, որովհետեւ Տէրը յօգուտ նրանց է պատերազմում եգիպտացիներիս դէմ»: 26 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, եւ ջրերը թող միանան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու հեծեալներին»: 27 Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ ջրերն առաւօտեան վերադարձան իրենց տեղը: Եգիպտացիները փորձեցին փախչել ջրից, բայց Տէրը եգիպտացիներին թափեց ծովը 28 եւ, նորից իրար միացնելով ծովի ջրերը, ծածկեց կառքերը, հեծեալներին եւ փարաւոնի բոլոր զօրքերին, որոնք ծով էին մտել նրանց հետ: Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց: 29 Իսրայէլացիները ծովի միջով կարծես ցամաքի վրայով էին գնում, իսկ ջուրը նրանց աջ ու ձախ կողմերի պարիսպ էր դարձել: 30 Տէրն այդ օրը իսրայէլացիներին փրկեց եգիպտացիների ձեռքից: 31 Իսրայէլացիները տեսան եգիպտացիների դիակները, որոնք ծովի ափ էին նետուած: Իսրայէլացիները, տեսնելով Տիրոջ հզօր ձեռքը, եգիպտացիների գլխին բերած փորձանքը, վախեցան Տիրոջից, հաւատացին Աստծուն ու նրա ծառայ Մովսէսին:

15
1 Այդ ժամանակ Մովսէսն ու իսրայէլացիները հետեւեալ օրհներգն ուղղեցին Աստծուն՝ ասելով. «Օրհնենք Տիրոջը, որ փառքով է փառաւորուած: Նրանց երիվարներն ու հեծեալներին թափեց ծովը: 2 Տէրը ինձ համար ընդունելի օգնական եղաւ, նա ինձ համար փրկութիւն եղաւ: 3 Նա է իմ Աստուածը, եւ ես նրան եմ փառաւորելու: Նա իմ հօր Աստուածն է, եւ ես պիտի մեծարեմ նրան: Տէրը խորտակում է պատերազմները, նրա անունը Տէր է: 4 Նա փարաւոնի կառքերն ու զօրքերը ծովը թափեց, նաեւ ընտիր հեծեալներին ու զօրավարներին: Նրանք ջրասոյզ եղան Կարմիր ծովում: 5 Ծովը ծածկեց նրանց, նրանք քարի պէս ընկղմուեցին ծովի յատակը: 6 Քո աջը, Տէ՛ր, զօրութեամբ փառաւորուեց, քո աջը, Տէ՛ր, խորտակեց թշնամուն: 7 Դու փառքի հզօրութեամբ ջարդուփշուր արեցիր հակառակորդներին, առաքեցիր քո բարկութիւնը, եւ այն հրոյ ճարակ դարձրեց նրանց ինչպէս եղէգ: 8 Քո զայրոյթի հողմից ճեղքուեցին ջրերը, պարիսպների նման դիզուեցին ջրերը, ծովի մէջ քարացան ալիքները: 9 Թշնամին ասաց. “Հետապնդեմ ու հասնեմ նրանց, բաժանեմ աւարը եւ դրանցով յագուրդ տամ ինձ: Սրի քաշեմ նրանց, որ իմ ձեռքը տիրի նրանց”: 10 Դու քո հողմն առաքեցիր, նրանց ծածկեց ծովը, եւ նրանք կապարի նման սուզուեցին ջրերի խորքը: 11 Աստուածների մէջ, Տէ՛ր, ո՞վ կայ քեզ նման եւ կամ ո՞վ կարող է նմանուել քեզ, փառաւորեա՛լդ սրբերի մէջ, փառքով սքանչացեա՛լդ, որ նշաններ ես գործում: 12 Աջ ձեռքդ մեկնեցիր, եւ երկիրը կուլ տուեց նրանց: 13 Արդարութեամբ առաջնորդեցիր քո այս ժողովուրդին, որին փրկեցիր, քո զօրութեամբ մխիթարեցիր նրան քո սուրբ բնակավայրում: 14 Ժողովուրդները լսեցին լուրն այս ու բարկացան: Սարսափը պատեց Քանանացիների երկրի բնակիչներին: 15 Խուճապահար եղան Եդոմի դատաւորներն ու մովաբացիների իշխանները: Դող բռնեց նրանց, հալումաշ եղան Քանանացիների երկրի բոլոր բնակիչները: 16 Թող պատեն նրանց ահն ու սարսափը, քո բազկի հզօրութեամբ թող քարանան նրանք, մինչեւ որ անցնի քո ժողովուրդը, Տէ՛ր, մինչեւ որ անցնի քո այս ժողովուրդը, որին ստացար: 17 Տա՛ր, բնակեցրո՛ւ նրանց այն լեռան վրայ, որ ժառանգութիւնն է քո, քո պատրաստած բնակավայրում, որ սրբութիւն ես դարձրել, Տէ՛ր: Տէ՛ր, քո ձեռքե՛րը պատրաստեցին այդ: 18 Տէրը յաւիտենական, առաւել քան յաւիտենական թագաւոր է»: 19 Երբ փարաւոնի հեծելազօրն իր կառքերով ու հեծեալներով ծով մտաւ, Տէրը նրա վրայ թափեց ծովի ջրերը, իսկ իսրայէլացիները յատակը բացուած ծովի միջով անցան գնացին: 20 Մարիամ մարգարէն՝ Ահարոնի քոյրը, իր ձեռքն առաւ թմբուկը, եւ բոլոր կանայք գնացին նրա յետեւից՝ թմբուկ խփելով ու պարելով: 21 Առաջից գնում էր Մարիամն ու ասում. «Օրհնենք Տիրոջը, քանզի նա փառքով է փառաւորուած. նա երիվարներն ու հեծեալներին ծովը թափեց»: 22 Մովսէսը իսրայէլացիներին Կարմիր ծովից տարաւ հասցրեց Սուր կոչուած անապատը: Նրանք երեք օրուայ ճանապարհ գնացին անապատի միջով, բայց խմելու ջուր չգտան: 23 Եկան Մեռա, բայց Մեռայում էլ չկարողացան ջուր խմել, որովհետեւ այն դառն էր: Դրա համար Մովսէսն այդ վայրն անուանեց Դառնութիւն: 24 Ժողովուրդը տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց՝ ի՞նչ խմենք: 25 Մովսէսն աղաղակեց առ Աստուած. եւ Տէրը նրան մի փայտ ցոյց տուեց: Մովսէսն այն նետեց ջրի մէջ, եւ ջուրը քաղցրահամ դարձաւ: Այնտեղ Աստուած ժողովրդին տուեց օրէնք ու իրաւունք եւ այնտեղ էլ փորձութեան ենթարկեց նրան: Նա ասաց. 26 «Եթէ ուշադիր լսես քո Տէր Աստծոյ ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը»: 27 Եւ եկան հասան Եղիմ: Այնտեղ կային ջրի տասներկու աղբիւր ու եօթանասուն արմաւենի: Նրանք կայք հաստատեցին այնտեղ՝ ջրի մօտ:

16
1 Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Եղիմից ճանապարհ ընկաւ ու եկաւ Սին անապատը, որը գտնւում է Եղիմի ու Սինայի միջեւ: 2 Եգիպտացիների երկրից դուրս գալու երկրորդ ամսուայ տասնհինգերորդ օրը իսրայէլացի ողջ ժողովուրդը անապատում դժգոհեց Մովսէսից ու Ահարոնից: 3 Իսրայէլացիներն ասացին նրանց. «Աւելի լաւ կլինէր Տիրոջ հարուածների զոհը դառնայինք Եգիպտացիների երկրում, երբ մսով լի կաթսաների մօտ էինք նստում ու կուշտ հաց ուտում, քան բերէիք մեզ այս անապատը, որ ողջ ժողովրդին սովամահ անէք»: 4 Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես ձեզ հաց կթափեմ երկնքից: Իմ ժողովուրդը թող վեր կենայ ու այն հաւաքի, ինչքան անհրաժեշտ է իւրաքանչիւր օրուայ համար: Ես այդ կերպ կփորձեմ նրանց, թէ կենթարկուե՞ն իմ օրէնքներին, թէ ո՞չ: 5 Վեցերորդ օրը թող պատրաստեն նախորդ իւրաքանչիւր օրուայ համար հաւաքածի կրկնապատիկը»: 6 Մովսէսն ու Ահարոնը ասացին իսրայէլացի ամբողջ ժողովրդին. «Երեկոյեան կիմանաք, որ Տէրն է ձեզ հանել Եգիպտացիների երկրից, 7 իսկ առաւօտեան ականատես կլինէք Տիրոջ փառքին, որովհետեւ նա լսել է Աստծոյ հանդէպ ձեր տրտունջը: Մենք ովքե՞ր ենք, որ տրտնջում էք մեր դէմ»: 8 Մովսէսն ասաց. «Տէրը լսեց մեր դէմ ուղղուած ձեր տրտունջը, դրա համար էլ նա երեկոները ձեզ ուտելու միս, իսկ առաւօտները յագենալու չափ հաց պիտի տայ: Մենք ովքե՞ր ենք, որ ձեր տրտունջը մեր դէմ էք ուղղում. ձեր տրտունջը Աստծոյ դէմ է ուղղուած»: 9 Մովսէսն ասաց Ահարոնին. «Իսրայէլացի ամբողջ ժողովրդին յայտնի՛ր. “Մօտեցէ՛ք Տիրոջը, որովհետեւ նա լսեց ձեր տրտունջը”»: 10 Մինչ Ահարոնը խօսում էր իսրայէլացի ամբողջ ժողովրդի հետ, նրանք նայեցին դէպի անապատ, եւ ահա Տիրոջ փառքը երեւաց ամպի ձեւով: 11 Տէրը, խօսելով Մովսէսի հետ, ասաց. 12 «Լսեցի իսրայէլացիների տրտունջը: Արդ, խօսի՛ր նրանց հետ ու ասա՛. “Երեկոները միս կուտէք, իսկ առաւօտները հացով կյագենաք: Եւ կիմանաք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը”»: 13 Երեկոյեան լորամարգիներ թափուեցին ու ծածկեցին բանակատեղին: 14 Առաւօտեան, երբ ցօղը վերանում էր բանակատեղիի շրջապատից, անապատի երեսին գինձի սպիտակ սերմի նման մանր եւ երկրի վրայի եղեամի նման մի բան կար: 15 Երբ իսրայէլացիները տեսան այն, իրար ասացին. «Ի՞նչ է սա»: Որովհետեւ չգիտէին, թէ դա ինչ է: Մովսէսն ասաց նրանց. «Դա այն հացն է, որ Տէրը ձեզ տուել է ուտելու: 16 Տէրը հետեւեալն է պատուիրել. “Իւրաքանչիւր ոք դրանցից թող հաւաքի այնքան, որքան անհրաժեշտ է մէկ մարդու համար՝ ըստ ձեր ընտանիքների շնչերի թուի: Հաւաքեցէ՛ք ըստ վրանում գտնուող իւրաքանչիւր մարդու թուի”»: 17 Իսրայէլացիներն այդպէս էլ արեցին. հաւաքեցին ոմանք շատ, ոմանք քիչ: 18 Չափեցին եւ տեսան, որ ումը որ շատ էր, սահմանուած չափից չաւելացաւ, իսկ ումը՝ քիչ, սահմանուած չափից չպակասեց: Իւրաքանչիւրը իր կարիքի չափով էր հաւաքել: 19 Մովսէսն ասաց նրանց. «Ոչ ոք մինչեւ առաւօտ դրանից աւելցուկ չթողնի»: 20 Ոմանք, սակայն, Մովսէսին չլսեցին. դրանից աւելցուկ մնաց առաւօտեան: Դա որդնոտեց ու նեխեց: Մովսէսը զայրացաւ նրանց վրայ: 21 Դրանից յետոյ ամէն առաւօտ իւրաքանչիւրը հաւաքում էր իրեն պէտք եղածի չափ: Երբ արեւը տաքացնում էր, այն հալւում էր: 22 Վեցերորդ օրը հաւաքեցին պէտք եղածի կրկնապատիկը՝ ամէն մէկի համար երկուական բաժին: Ժողովրդի բոլոր առաջնորդները գնացին Մովսէսի մօտ ու նրան յայտնեցին այդ մասին: 23 Մովսէսն ասաց. «Այս է Տիրոջ ասածը. “Վաղը շաբաթ է՝ Տիրոջ հանգստեան սուրբ օրը: Ինչ որ եփելու էք, եփեցէ՛ք, ինչ որ թխելու էք, թխեցէ՛ք այսօր, իսկ մնացած ամէն ինչ թողէ՛ք ամանների մէջ մինչեւ առաւօտ”»: 24 Եւ դա թողեցին մինչեւ առաւօտ, ինչպէս նրանց հրամայել էր Մովսէսը. այն չնեխեց, չորդնոտեց: 25 Մովսէսն ասաց. «Այդ կերէ՛ք այսօր, քանի որ Տիրոջ շաբաթ օրն է այսօր, դրանից այսօր դաշտում չէք գտնի: 26 Վեց օր կհաւաքէք դա, իսկ եօթերորդ օրը՝ շաբաթ օրը, դրանից չի լինի»: 27 Եօթերորդ օրը ժողովրդի միջից ոմանք ելան դրանից հաւաքելու, բայց չգտան: 28 Տէրն ասաց Մովսէսին. «Մինչեւ ե՞րբ չպիտի անսաք իմ պատուիրաններին ու օրէնքներին: 29 Տեսաք, որ Տէրը ձեզ հանգստեան օր նշանակեց այս շաբաթ օրը: Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրուայ հաց տուեց՝ ասելով. “Ձեզնից իւրաքանչիւրը թող նստի իր տանը, եօթերորդ օրը թող ոչ ոք չելնի այդ տեղից”»: 30 Եւ ժողովուրդը եօթերորդ օրը հանգստացաւ: 31 Իսրայէլացիները իրենց կերածի անունը դրեցին ման: Դա գինձի սերմի նման սպիտակ էր ու մեղրախորիսխի համ ունէր: 32 Մովսէսն ասաց. «Ահա թէ ինչ հրամայեց Աստուած. “Մի ամանի մէջ մէկ չափ մանանայ լցրէ՛ք եւ այն պահեցէ՛ք ձեր սերունդների համար, որպէսզի աչքի առաջ ունենաք այն հացը, որ դուք կերաք անապատում, երբ Տէրը ձեզ հանեց Եգիպտացիների երկրից”»: 33 Մովսէսն ասաց Ահարոնին. «Մի ոսկէ սափոր ա՛ռ, դրա մէջ մէկ չափ մանանայ լցրո՛ւ եւ դի՛ր Աստծոյ առաջ՝ պահելու ձեր սերունդների համար, ինչպէս Տէրն է հրամայել Մովսէսին»: 34 Եւ Ահարոնն այն ի պահ դրեց կտակարանների արկղի առաջ: 35 Իսրայէլացիները քառասուն տարի մանանայ կերան, մինչեւ որ հասան մի բնակեցուած շրջան: Նրանք մանանայ էին ուտում, մինչեւ որ հասան փիւնիկեցիների կողմերը: 36 Մէկ չափը հաւասար է երեք գրիւի մէկ տասներորդ մասի:

17
1 Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Տիրոջ կարգադրութեան համաձայն խումբ-խումբ գնաց Սին անապատից եւ կայք հաստատեց Ռափիդիմում: Այստեղ, սակայն, ջուր չկար, որ ժողովուրդը խմէր: 2 Ժողովուրդը սկսեց մեղադրել Մովսէսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»: Մովսէսը նրանց ասաց. «Ինչո՞ւ էք ինձ մեղադրում, ինչո՞ւ էք փորձում Տիրոջը»: 3 Ժողովուրդն, այնտեղ ծարաւ զգալով, տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարաւից կոտորուե՞նք մենք եւ մեր երեխաներն ու անասունները»: 4 Մովսէսը, պաղատագին խնդրելով Տիրոջը, ասաց. «Ի՞նչ անեմ ես այս ժողովրդին: Մի քիչ էլ մնայ՝ ինձ կքարկոծեն»: 5 Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ ժողովրդի առջեւից, քեզ հետ վերցրո՛ւ ժողովրդի ծերերին, ձեռքդ ա՛ռ քո այն գաւազանը, որով հարուածեցիր գետին, եւ ճամփայ ընկի՛ր: 6 Ես, քեզնից առաջ այնտեղ հասնելով, կկանգնեմ Քորէբի ժայռի վրայ: Կհարուածես ժայռին, դրանից ջուր կբխի, եւ քո ժողովուրդը կխմի»: 7 Մովսէսն իսրայէլացիների ներկայութեամբ այդպէս էլ արեց: Նա այդ վայրը կոչեց Փորձութիւն եւ Մեղադրանք, որովհետեւ իսրայէլացիները մեղադրել էին եւ Տիրոջը փորձել՝ ասելով. «Տէրը մեր մէ՞ջ է, թէ՞ ոչ»: 8 Ամաղէկացիները եկան ու Ռափիդիմում պատերազմեցին իսրայէլացիների դէմ: 9 Մովսէսն ասաց Յեսուին. «Ուժեղ տղամարդիկ ընտրի՛ր եւ առաւօտեան վեր կենալով՝ պատերազմի՛ր ամաղէկացիների դէմ: Ես կգամ ու կկանգնեմ բլրի գագաթին, եւ Աստծոյ գաւազանը կլինի իմ ձեռքին»: 10 Յեսուն արեց այնպէս, ինչպէս իրեն ասել էր Մովսէսը. նա պատերազմեց ամաղէկացիների դէմ: Մովսէսը, Ահարոնն ու Ովրը բարձրացան բլրի գագաթը: 11 Երբ Մովսէսը բարձր էր պահում ձեռքերը, առաւելութեան էին հասնում իսրայէլացիները, իսկ երբ իջեցնում էր ձեռքերը, առաւելութեան էին հասնում ամաղէկացիները: 12 Եւ քանի որ Մովսէսի ձեռքերը յոգնելուց ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար առան եւ նրա տակը դրեցին: Մովսէսը նստեց դրա վրայ, իսկ Ահարոնն ու Ովրը, մէկն՝ այս կողմից, միւսն՝ այն կողմից, նրա ձեռքերը բռնած բարձր էին պահում: Այսպիսով Մովսէսի ձեռքերը մինչեւ արեւի մայր մտնելը բարձրացած մնացին: 13 Յեսուն սրակոտոր արեց ամաղէկացիներին ու նրանց ողջ զօրքը: 14 Տէրն ասաց Մովսէսին. «Այս դէպքը որպէս յիշատակ գրի՛ առ: Հաղորդի՛ր Յեսուին, որ ամաղէկացիների յիշատակը ջնջելու եմ երկրի վրայ՝ երկնքի ներքոյ»: 15 Մովսէսը Տիրոջ համար զոհասեղան շինեց եւ դրա անունը դրեց «Տէրն իմ ապաւէնն է»: 16 Նա ասաց. «Այսպէս կոչեցի, քանի որ Տէրն իր անտեսանելի ձեռքով պատերազմում է ամաղէկացիների դէմ սերնդից սերունդ»:

18
1 Մադիամի քուրմ Յոթորը՝ Մովսէսի աները, իմացաւ այն ամէնը, ինչ Տէրն արել էր Մովսէսին ու իսրայէլացի ժողովրդին. այն, որ Տէրը իսրայէլացիներին հանել էր Եգիպտոսից: 2 Երբ Մովսէսն իր կին Սեփորային յետ ուղարկեց, Մովսէսի աները՝ Յոթորը, իր հետ վերցրեց Սեփորային 3 ու նրա երկու որդիներին, որոնցից մէկի անունը Գերսամ էր եւ նշանակում էր «Պանդուխտ էի օտար երկրում», 4 իսկ երկրորդի անունը՝ Եղիազար, որ նշանակում էր «Իմ հօր Աստուածը իմ օգնականն է եւ նա փրկեց ինձ փարաւոնի ձեռքից»: 5 Յոթորը, որ Մովսէսի աներն էր, նրա կնոջ եւ նրա որդիների հետ եկաւ Մովսէսի մօտ՝ անապատ, ուր նա բնակւում էր Աստծոյ լեռան վրայ: 6 Յայտնեցին Մովսէսին՝ ասելով. «Ահա քո աներ Յոթորը, կինդ ու երկու որդիներդ նրա հետ գալիս են քեզ մօտ»: 7 Մովսէսն ընդառաջ գնաց իր աներոջը, ծնրադրեց նրա առաջ եւ համբուրեց նրան: Նրանք ողջագուրուեցին խաղաղութեամբ, եւ Մովսէսը նրան տարաւ իր վրանը: 8 Մովսէսն իր աներոջը պատմեց այն ամէնը, ինչ իսրայէլացիների համար Տէրն արել էր փարաւոնի ու եգիպտացիների դէմ, բոլոր այն չարչարանքները, որ իրենք կրել էին ճանապարհին, եւ թէ ինչպէս էր Տէրը փրկել իրենց: 9 Յոթորը զարմացաւ այն բոլոր բարեգործութիւնների համար, որ Տէրն արել էր նրանց եւ թէ ինչպէս էր նրանց ազատել եգիպտացիների ու փարաւոնի ձեռքից: 10 Յոթորն ասաց. «Օրհնեալ լինի Տէրը, որ փրկել է սրանց եգիպտացիների ու փարաւոնի ձեռքից, որ ժողովրդին ազատել է եգիպտացիների ձեռքից: 11 Հիմա գիտեմ, որ Տէրն աւելի մեծ է, քան բոլոր աստուածները: Դա երեւաց, երբ եգիպտացիները բռնանում էին նրանց վրայ»: 12 Մովսէսի աները՝ Յոթորը, ողջակէզ ու զոհ մատուցեց Աստծուն: Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի բոլոր ծերերը Մովսէսի աներոջ հետ գնացին Տիրոջ առաջ ճաշելու: 13 Առաւօտեան Մովսէսը նստեց ժողովրդին դատելու: Ողջ ժողովուրդը առաւօտից մինչեւ երեկոյ կանգնել էր Մովսէսի շուրջը: 14 Յոթորը, տեսնելով այն ամէնը, ինչ Մովսէսն անում էր ժողովրդի համար, ասաց. «Այդ ի՞նչ ես անում դու ժողովրդին: Ինչո՞ւ ես դու միայն նստած, իսկ ժողովուրդը առաւօտից մինչեւ երեկոյ կանգնած է շուրջդ»: 15 Մովսէսն ասաց աներոջը. «Որովհետեւ ժողովուրդը գալիս է ինձ մօտ Աստծուց իրաւունք հայցելու համար: 16 Երբ նրանց միջեւ վէճ է ծագում, գալիս են ինձ մօտ: Ես դատում եմ նրանցից իւրաքանչիւրին եւ յայտնում Աստծոյ հրամաններն ու օրէնքները»: 17 Մովսէսի աները նրան ասաց. «Արածդ ճիշտ չէ: 18 Սոսկալի տանջանքներով ես տանջւում դու եւ քեզ հետ եղող ամբողջ ժողովուրդը: Քեզ համար ծանր է այդ գործը, դա միայնակ անել չես կարող: 19 Արդ, լսի՛ր ինձ, ես քեզ խորհուրդ պիտի տամ, եւ Աստուած քեզ հետ կլինի: Աստծոյ մօտ եղի՛ր ժողովրդի ներկայացուցիչը եւ մարդկանց ասածը հաղորդի՛ր Աստծուն: 20 Նրանց տեղեակ կպահես Աստծոյ հրամաններին ու օրէնքներին, նրանց ցոյց կտաս այն ճանապարհը, որով ընթանալու են, եւ այն գործերը, որ պէտք է կատարեն: 21 Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր ուժեղ տղամարդկանց՝ աստուածապաշտ, արդարադատ, գոռոզութիւնն ատող մարդկանց, ու ժողովրդի վրայ սրանց հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ կարգի՛ր: 22 Նրանք մշտապէս թող դատեն ժողովրդին, կարեւոր գործերը թող յանձնեն քեզ, իսկ փոքր դատաստանները թող անեն իրենք. դրանով կթեթեւացնես քո գործերը, եւ նրանք կլինեն քո օգնականները: 23 Եթէ այս բանն անես, Աստուած կզօրացնի քեզ, դու կկարողանաս տոկալ, եւ ողջ ժողովուրդը խաղաղութեամբ կվերադառնայ իր տեղը»: 24 Մովսէսն անսաց իր աներոջ ասածին եւ արեց այն ամէնը, ինչ նա ասաց իրեն: 25 Մովսէսը բոլոր իսրայէլացիների միջից ընտրեց ուժեղ տղամարդկանց, ժողովրդի վրայ նրանց հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ կարգեց: Սրանք ամբողջ ժամանակ պատրաստ էին ժողովրդին դատելու: 26 Նրանք կարեւոր գործերը յանձնում էին Մովսէսին, իսկ փոքր գործերը դատում էին իրենք: 27 Մովսէսը ճանապարհ դրեց իր աներոջը, եւ սա գնաց իր երկիրը:

19
1 Եգիպտացիների երկրից իսրայէլացիների դուրս գալուց երեք ամիս անց, առաջին իսկ օրը, նրանք հասան Սինայի անապատը: 2 Նրանք, դուրս գալով Ռափիդիմից, եկան Սինայի անապատը եւ կայք հաստատեցին այնտեղ՝ անապատում: Իսրայէլացիները կայք հաստատեցին այնտեղ՝ լեռան դիմաց: 3 Մովսէսը բարձրացաւ Աստծոյ լեռը: Աստուած լեռան վրայից կանչեց նրան ու ասաց. «Այսպէս կասես Յակոբի յետնորդներին եւ կյայտնես Իսրայէլի որդիներին. 4 “Դուք ինքներդ տեսաք, թէ ինչեր բերեցի եգիպտացիների գլխին, իսկ ձեզ, ինչպէս արծիւն է իր թեւերի վրայ առնում, բարձրացրի ինձ մօտ: 5 Արդ, եթէ ուշադիր լսէք իմ ասածը եւ պահէք իմ դրած ուխտը, դուք բոլոր ազգերի մէջ կլինէք իմ ընտրեալ ժողովուրդը, որովհետեւ իմն է ամբողջ երկիրը: 6 Դուք կլինէք ինձ համար որպէս թագաւորութիւն, որպէս քահանայութիւն եւ որպէս սուրբ ազգ”: Իմ այս ասածները դու կհաղորդես իսրայէլացիներին»: 7 Մովսէսը վերադարձաւ, կանչեց ժողովրդի ծերերին եւ նրանց հաղորդեց բոլոր այն խօսքերը, որ նրան պատուիրել էր Աստուած: 8 Ժողովուրդը միահամուռ պատասխան տուեց ու ասաց. «Այն ամէնը, ինչ ասել է Աստուած, կկատարենք ու կհնազանդուենք»: Մովսէսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն: 9 Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քեզ մօտ պիտի գամ ամպի սեան մէջ, որ ժողովուրդը լսի այն, ինչ ես ասելու եմ քեզ, եւ նա յաւիտեան պիտի հաւատայ քեզ»: Մովսէսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն: 10 Տէրն ասաց Մովսէսին. «Իջի՛ր, կարգադրի՛ր ժողովրդին, մաքրի՛ր նրանց այսօր եւ վաղը, նաեւ թող լուանան իրենց զգեստները, 11 որպէսզի երրորդ օրը պատրաստ լինեն, որովհետեւ երրորդ օրը Տէրը ողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լեռան վրայ: 12 Ժողովրդի ու լեռան միջեւ տարածութիւն կթողնես եւ կասես. “Զգո՛յշ եղէք՝ լեռան վրայ մարդ չբարձրանայ ու դրան չմօտենայ, որովհետեւ ով մօտենայ լեռանը, մահուամբ պիտի պատժուի: 13 Լեռանը մօտեցողին որեւէ ձեռք չդիպչի, որովհետեւ դրան դիպչողը կքարկոծուի կամ նետահար կլինի. անասուն լինի թէ մարդ՝ չի ապրի”: Նրանք կարող են լեռը բարձրանալ միայն այն ժամանակ, երբ որոտները, շեփորահարութիւնն ու ամպը վերանան լեռան վրայից»: 14 Մովսէսը լեռից իջաւ ժողովրդի մօտ ու մաքրեց նրանց: Նրանք լուացին իրենց զգեստները: Մովսէսն ասաց ժողովրդին. 15 «Պատրա՛ստ եղէք, երեք օր կանանց չմերձենաք»: 16 Երրորդ օրն առաւօտեան Սինա լեռան վրայ որոտներ լսուեցին, փայլատակումներ ու միգախառն ամպ երեւաց. եւ շեփորի ձայնը ուժգին հնչում էր: Բանակատեղիում գտնուող ողջ ժողովուրդը զարհուրեց: 17 Մովսէսը ժողովրդին բանակատեղիից տարաւ Աստծուն ընդառաջ եւ կանգնեցրեց Սինա լեռան ստորոտի շուրջը: 18 Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստուած նրա վրայ իջել էր իբրեւ հուր: Նրա ծուխը բարձրանում էր ինչպէս հնոցի ծուխ: Բոլոր մարդիկ խիստ զարհուրեցին, 19 որովհետեւ շեփորի ձայնը տարածւում էր աւելի հեռու եւ հնչում էր չափազանց ուժեղ: Մովսէսը խօսում էր, իսկ Աստուած որոտաձայն պատասխանում էր նրան: 20 Տէրն իջաւ Սինա լեռան վրայ՝ լեռան կատարին: Տէրը Մովսէսին կանչեց լեռան գագաթը, եւ Մովսէսը բարձրացաւ այնտեղ: 21 Աստուած խօսեց Մովսէսի հետ՝ ասելով. «Իջի՛ր, կարգադրի՛ր քո ժողովրդին. Աստծուն տեսնելու համար չմերձենան եւ այդ պատճառով նրանցից շատերը չկորչեն: 22 Աստծուն մօտեցող քահանաներն էլ թող մաքրուեն, որպէսզի Տէրը կորստեան չմատնի նրանց»: 23 Մովսէսն ասաց Աստծուն. «Ժողովուրդը չի կարող Սինա լեռը բարձրանալ, որովհետեւ դու ինքդ ես մեզ պատուիրել եւ ասել, թէ՝ “Մարդկանց ու լեռան միջեւ տարածութիւն կթողնես եւ լեռը սուրբ կհռչակես”»: 24 Տէրն ասաց նրան. «Գնա՛, իջի՛ր ու յետոյ այստեղ բարձրացի՛ր Ահարոնի հետ, բայց քահանաներն ու ժողովուրդը թող չյանդգնեն բարձրանալ Աստծոյ մօտ, որպէսզի Տէրը նրանց կորստեան չմատնի»: 25 Մովսէսն իջաւ ժողովրդի մօտ եւ ասաց նրանց:

20
1 Տէրը յայտնեց հետեւեալ բոլոր պատգամները՝ ասելով. 2 «Ես եմ քո Տէր Աստուածը, որ քեզ հանեցի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից: 3 Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար: 4 Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրա, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որեւէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: 5 Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ես եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, 6 իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչեւ հազարերորդ սերնդին ողորմում եմ: 7 Քո Տէր Աստծոյ անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում: 8 Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն: 9 Վեց օր պիտի աշխատես եւ պիտի կատարես քո բոլոր գործերը: 10 Եօթերորդ օրը քո Տէր Աստծոյ շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մօտ գտնուող օտարականն ու քեզ մօտ բնակուող պանդուխտը, 11 որովհետեւ Տէր Աստուած վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամէնը, ինչ դրանց մէջ է, իսկ եօթերորդ օրը հանգստացաւ: Դրա համար էլ Տէրն օրհնեց եօթերորդ օրը եւ այն սուրբ հռչակեց: 12 Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ: 13 Մի՛ սպանիր: 14 Մի՛ շնացիր: 15 Մի՛ գողացիր: 16 Քո հարեւանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր: 17 Ո՛չ քո մերձաւորի տան, ո՛չ նրա ագարակի վրայ աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ նրա աղախնու վրայ, ո՛չ նրա եզան վրայ, ո՛չ նրա էշի վրայ, ո՛չ նրա անասունի վրայ, ո՛չ այն ամէնի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի՛ ունեցիր»: 18 Ողջ ժողովուրդը լսում էր որոտը, շեփորի ձայնը, տեսնում փայլատակումներն ու ծխացող լեռը: Ողջ ժողովուրդը զարհուրեց, ընկրկեց ու կանգնեց հեռու: 19 Մարդիկ ասացին Մովսէսին. «Դո՛ւ խօսիր մեզ հետ, եւ մենք կհնազանդուենք: Աստուած թող չխօսի մեզ հետ, թէ չէ կարող ենք մեռնել: 20 Մովսէսն ասաց նրանց. «Սրտապնդուեցէ՛ք, որովհետեւ Աստուած ձեզ փորձելու համար եկաւ ձեզ մօտ, որպէսզի նրա երկիւղը լինի ձեր մէջ, եւ դուք մեղք չգործէք»: 21 Ժողովուրդը լեռից հեռու էր կանգնած, իսկ Մովսէսը մտաւ մառախուղի մէջ, ուր գտնւում էր Աստուած: 22 Տէրն ասաց Մովսէսին. «Այսպէս կասես Յակոբի սերնդին եւ կհաղորդես Իսրայէլի որդիներին. “Դուք ինքներդ տեսաք, որ ես երկնքից խօսեցի ձեզ հետ: 23 Ձեզ համար ոսկէ ու արծաթէ աստուածներ չպատրաստէք: 24 Ինձ համար հողաշէն զոհասեղան կպատրաստէք եւ դրա վրայ, ամէն տեղ, ուր կդնեմ իմ անունը, կմատուցէք ձեր ողջակէզներն ու ձեր խաղաղութեան զոհերը, ձեր ոչխարներն ու ձեր արջառները: Ես կգամ քեզ մօտ ու կօրհնեմ քեզ: 25 Իսկ եթէ զոհասեղանը քարից կառուցես, դրա քարերը յղկուած թող չլինեն, որովհետեւ եթէ քո ձեռքի գործիքը դիպցնես դրան, ապա դա պղծուած կլինի: 26 Իմ զոհասեղանի վրայ աստիճաններով չբարձրանաս, որպէսզի դրա վրայ քո ամօթոյքը չերեւայ”:

21
1 Սրանք են այն կանոնները, որ պիտի յայտնես նրանց: 2 Եթէ գնես եբրայեցի մի ստրուկ, վեց տարի նա թող ծառայի քեզ եւ եօթերորդ տարում առանց փրկագնի ազատ թող արձակուի: 3 Եթէ նա միայնակ է տունդ մտել, միայնակ էլ թող գնայ, իսկ եթէ իր կնոջ հետ է մտել, կինն էլ թող գնայ նրա հետ: 4 Եթէ իր տէրը նրան կին տայ, եւ կինը նրա համար տղաներ եւ աղջիկներ ծնի, ապա կինն ու զաւակները թող պատկանեն նրա տիրոջը, իսկ նա թող գնայ միայնակ: 5 Եթէ ստրուկն առարկելով ասի, թէ՝ “Սիրեցի իմ տիրոջը, իմ կնոջն ու իմ զաւակներին եւ ազատութիւն չեմ ուզում”, ապա նրա տէրը նրան թող կանգնեցնի Աստծոյ ատեանին, 6 այնուհետեւ բերի իր տան դռան սեմի մօտ, հերիւնով ծակի նրա ականջը, եւ նա նրան թող ծառայի ցմահ: 7 Եթէ որեւէ մէկն իր աղջկան որպէս աղախին վաճառի, ապա այդ աղջիկը թող չազատագրուի, ինչպէս ազատագրւում են ստրկուհիները: 8 Եթէ այդ աղախինը, որը սահմանուած էր իր տիրոջ համար, այլեւս հաճելի չլինի նրան, ապա Տէրը թող փրկագնով վաճառի նրան, բայց օտարազգի մարդու վաճառելու իրաւունք չունի, թէ չէ նրան անարգած կլինի: 9 Եթէ նա իր գնած աղախնին սահմանել է իր որդու համար, նրա հետ թող վարուի այնպէս, ինչպէս վարւում է իր դուստրերի հետ: 10 Եթէ ամուսնացած մի մարդ ամուսնանայ նաեւ մի ուրիշ կնոջ հետ, թող չզրկի նախկին կնոջը գոյութեան միջոցներից, զգեստներից ու ամուսնական պարտականութիւնից: 11 Եթէ ամուսինն այս երեք պահանջները չկատարի նրա նկատմամբ, ապա կինն առանց փրկագնի՝ ձրի, ազատ թող արձակուի: 12 Եթէ որեւէ մարդ հարուածի մէկին, եւ սա մահանայ, ապա հարուածողը մահապատժի թող ենթարկուի: 13 Եթէ սպանութիւնը կատարուել է ոչ թէ սպանողի կամքով, այլ Աստուած է մատնել նրան նրա ձեռքը, ապա սպանողին թող ցոյց տրուի մի տեղ, ուր նա ապաստան թող գտնի: 14 Եթէ մէկը չարանենգօրէն սպանի իր մերձաւորին եւ փախուստի դիմելով՝ ապաստանի իմ զոհասեղանին, դարձեալ կառնես նրան ու կսպանես: 15 Ով որ հարուածի իր հօրը կամ մօրը, մահապատժի թող ենթարկուի: 16 Եթէ մէկը գողանայ մի իսրայէլացու եւ վաճառի, եւ կամ իր մօտ գտնեն նրան, ապա սա մահապատժի թող ենթարկուի: 17 Ով որ վատաբանի իր հօրն ու իր մօրը, մահապատժի թող ենթարկուի: 18 Եթէ երկու մարդիկ կռուեն, եւ նրանցից մէկը քարով կամ բռունցքով հարուածի միւսին, եւ սա ոչ թէ մահանայ, այլ անկողին ընկնի, 19 ապա եթէ տուժածը ոտքի կանգնի եւ կարողանայ ցուպի օգնութեամբ քայլել, հարուածողը թող անպարտ լինի, բայց տուժածի՝ աշխատանքից զրկուելու վնասի ու բժշկութեան համար թող հատուցում վճարի: 20 Եթէ մէկը գաւազանով հարուածի իր ստրուկին կամ իր ստրկուհուն, եւ սրանք մեռնեն նրա հարուածից, ապա տէրը վրէժխնդրութեան պիտի ենթարկուի դատաստանով, 21 իսկ եթէ նրանք մէկ կամ երկու օր ապրեն, տէրը վրէժխնդրութեան չի ենթարկուի, քանի որ նա նրանց իր արծաթով է գնել: 22 Եթէ երկու տղամարդիկ կռուելիս զարնուեն մի յղի կնոջ, եւ կինը, պտուղը դեռ չձեւաւորուած, վիժի, հարուածողը թող հատուցի վնասը. ինչ որ պահանջի կնոջ ամուսինը, նա թող վճարի ըստ սահմանուած կարգի եւ տայ աղաչելով: 23 Իսկ եթէ պտուղը ձեւաւորուած լինի, ապա թող հատուցի ըստ այս կարգի. կեանքի դիմաց՝ կեանք, աչքի դիմաց՝ 24 աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք, 25 խարանի դիմաց՝ խարան, վէրքի դիմաց՝ վէրք, հարուածի դիմաց՝ հարուած: 26 Եթէ մէկը հարուածի իր ստրուկի կամ իր ստրկուհու աչքին ու կուրացնի նրան, ապա իր կուրացրած աչքի համար նրանց ազատ թող արձակի: 27 Եթէ ջարդի իր ստրուկի կամ ստրկուհու ատամը, ապա իր ջարդած ատամի համար նրանց ազատ թող արձակի: 28 Եթէ մի ցուլ հարուածի մի տղամարդու կամ կնոջ, եւ սրանք մեռնեն, ապա ցուլը թող քարկոծուի, նրա միսը թող չուտեն, իսկ ցուլի տէրը անպարտ թող լինի: 29 Եթէ ցուլը նախկինում եւս հարուածող է եղել, եւ այդ առթիւ նրա տիրոջը բողոքած են եղել, բայց սա ցուլին մէջտեղից չի վերացրել, եւ եթէ ցուլը տղամարդ կամ կին սպանի, ապա ցուլը թող քարկոծուի, իսկ ցուլի տէրը միաժամանակ մահապատժի թող ենթարկուի: 30 Իսկ եթէ տիրոջ վրայ փրկագին նշանակուի, ապա իր խլած կեանքի դիմաց տէրը թող վճարի նշանակուած փրկագինը: 31 Եթէ ցուլը մի տղայի կամ մի աղջկայ հարուածի, նոյն կերպ թող վարուեն նրա հետ: 32 Եթէ ցուլը մի ստրուկի կամ ստրկուհու հարուածի, ցլատէրը նրանց տիրոջը երեսուն սիկղ արծաթ թող վճարի, իսկ ցուլը թող քարկոծուի: 33 Եթէ մէկը փոս բացելուց կամ ջրհոր փորելուց յետոյ դրանք չծածկի, եւ դրանց մէջ արջառ կամ էշ ընկնի, 34 փոսի տէրը արծաթ թող վճարի անասունի տիրոջը, իսկ լէշը թող յանձնուի իրեն: 35 Եթէ մէկի ցուլը հարուածի մի ուրիշ մարդու ցլին, եւ սա սատկի, կենդանի մնացած ցուլը թող վաճառեն եւ դրա արժէքը թող բաժանեն: Թող բաժանեն նաեւ սպանուած ցուլը: 36 Իսկ եթէ նախկինում էլ գիտէին, որ ցուլը հարուածող է եղել, եւ այդ մասին դրա տիրոջը բողոքած են եղել, բայց նա իր ցուլը մէջտեղից չի վերացրել, թող ցուլ հատուցուի ցլի փոխարէն, իսկ սպանուած ցուլը թող տրուի տիրոջը:

22
1 Եթէ մէկը արջառ կամ ոչխար գողանայ, մորթի կամ վաճառի այն, ապա մէկ արջառի փոխարէն հինգ արջառ թող հատուցի, իսկ մէկ ոչխարի փոխարէն՝ չորս ոչխար: 2 Եթէ գողին մահացու հարուած հասցնեն տան պատին անցք բացելիս, թող դա սպանութիւն չդիտուի: 3 Իսկ եթէ դէպքը արեւածագից յետոյ կատարուի, սպանողը մահապարտ կդիտուի եւ մահուան կենթարկուի: Եթէ գողը հատուցելու ոչինչ չունի, ապա ինքը թող վաճառուի, որպէսզի հատուցի իր գողացածի փոխարէն: 4 Իսկ եթէ նա բռնուի, եւ գողօնը՝ արջառ, էշ եւ ոչխար, գտնուի իր մօտ, ապա նա կրկնակին թող հատուցի: 5 Եթէ մէկն իր անասունն արածեցնելիս թոյլ է տալիս, որ անասունն արածի ուրիշի հանդում, ապա իր հանդից թող հատուցի ըստ փչացրած բերքի չափի: Իսկ եթէ հանդը փչացրել է ամբողջութեամբ, ապա թող հատուցի իր հանդի ու իր այգու ընտիր հատուածով: 6 Եթէ մէկը իր հանդի փշերը վառելու համար կրակ անի, եւ նրա վառած կրակը տարածուի ու այրի մէկ ուրիշի կալը կամ ցորենի շեղջը կամ հանդը, ապա վնասը թող հատուցի նա, ով հրդեհի համար մեղաւոր է: 7 Եթէ մէկը մի մարդու արծաթ կամ որեւէ այլ իր տայ պահելու, եւ այն գողացուի այդ մարդու տնից, եթէ գողը գտնուի, թող կրկնակին հատուցի, 8 իսկ եթէ գողը չգտնուի, ապա տան տէրը թող Աստծոյ առաջ երդուի, որ ինքն ամենեւին չի իւրացրել այդ մարդու իրեն պահ տուած իրը: 9 Արջառի ու էշի, ոչխարի ու հագուստի եւ ամէն տեսակ բաների կորուստներին վերաբերող եւ վէճ յարուցող խնդիրների իսկութիւնը պարզելու նպատակով երկու կողմերը թող կանգնեն Աստծոյ դատաստանի առաջ: Նրանցից ում որ Աստուած մեղաւոր ճանաչի, նա կրկնակին թող հատուցի միւսին: 10 Եթէ մէկը մի մարդու էշ, եզ, ոչխար կամ որեւէ այլ անասուն ի պահ տայ, եւ պահ տրուածը վնասուածք ստանայ, սատկի կամ յափշտակուի, եւ այդ բանը հաստատող ոչ մի վկայ չլինի, 11 ապա երկուսի միջեւ թող Աստծուն տրուած երդումը որպէս վկայութիւն լինի: Նա, ում մօտ անասունը պահ է տրուած եղել, եթէ երդուի, որ երբեք նենգ մտադրութիւն չի ունեցել միւսի տուած աւանդի նկատմամբ, ապա տէրը թող բաւարարուի դրանով, իսկ պահողը թող չտուգանուի: 12 Իսկ եթէ ապացուցուի, որ իրօք իր մօտից են գողացել, ապրանքի տիրոջը թող հատուցի վնասը: 13 Իսկ եթէ պահ տրուած անասունին մի գազան է յօշոտել, որպէս ապացոյց նա թող բերի անասունի լէշը եւ վնասը չհատուցի: 14 Եթէ մէկը մի իր կամ անասուն խնդրի մէկ ուրիշից, եւ դրանք ջարդուեն, սատկեն կամ յափշտակուեն, իսկ տէրը դրանց մօտ ներկայ չլինի, ապա աւանդը վերցնողը թող հատուցի վնասը: 15 Եթէ դէպքը կատարուելիս տէրը աւանդի մօտ ներկայ լինի, աւանդ վերցնողը վնասը թող չհատուցի: Եթէ դա վարձով է փոխ առել, վնասն այդ վարձով էլ թող հատուցի: 16 Եթէ մէկը խաբի չնշանուած մի կոյսի եւ պառկի նրա հետ, գլխագին թող վճարի ու ամուսնանայ նրա հետ: 17 Եւ եթէ աղջկայ հայրը չհամաձայնի նրան կնութեան տալ իր աղջկան, խաբողը նրա հօրը արծաթ թող վճարի այնքան, ինչքան գլխագին է սահմանուած կոյսերի համար: 18 Մի՛ թողէք, որ կախարդներն ապրեն: 19 Ով որ կենակցի անասունի հետ, նրան մահապատժի՛ ենթարկեցէք: 20 Ով որ կուռքերին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկուի: Զոհ մատուցէ՛ք միայն Տիրոջը: 21 Պանդուխտին մի՛ չարչարէք, մի՛ նեղէք նրան, որովհետեւ դուք եւս պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում: 22 Ոչ մի այրի կնոջ կամ որբի մի՛ տանջէք: 23 Եթէ տանջէք նրանց, եւ նրանք, բողոք բարձրացնելով, դիմեն ինձ, ես կլսեմ նրանց ձայնը, 24 սաստիկ կբարկանամ, սրակոտոր կանեմ ձեզ, ձեր կանայք կայրիանան, իսկ ձեր զաւակները որբ կդառնան: 25 Եթէ արծաթ ես փոխ տալիս աղքատ եղբօրդ, նեղը մի՛ գցիր նրան եւ տոկոսներ մի՛ պահանջիր նրանից: 26 Եթէ գրաւ վերցնես մէկի բաճկոնը, մինչեւ արեւի մայր մտնելը վերադարձրո՛ւ այն, 27 որովհետեւ դա նրա ե՛ւ վերարկուն է, ե՛ւ նրա մերկութիւնը ծածկող հանդերձը, որով եւ նա քնում է: Եւ եթէ նա բողոքի ինձ, ես կլսեմ նրան, որովհետեւ ողորմած եմ: 28 Քո աստուածներին մի՛ վատաբանիր եւ քո ժողովրդի առաջնորդին մի՛ հայհոյիր: 29 Քո կալի ու հնձանի արդիւնքը մի՛ կտրիր ինձնից: 30 Քո որդիներից անդրանիկներին ինձ կնուիրաբերես: Նոյն կերպ կվարուես քո արջառի, ոչխարի ու էշի առաջնածինների հետ: Դրանք եօթ օր թող մնան իրենց մօր մօտ, իսկ ութերորդ օրը դրանք կնուիրաբերես ինձ: 31 Իմ այս ասածները կատարելով՝ դուք ինձ համար սուրբ մարդիկ կլինէք: Գազանի յօշոտած կենդանու միս մի՛ կերէք, այլ շա՛նը նետեցէք:

23
1 Ականջ մի՛ դիր սուտ լուրերին: Յանձն մի՛ առ յօգուտ անիրաւի անիրաւ վկայ լինել: 2 Մեծամասնութեանը հետեւելով՝ չար գործերի յետեւից մի՛ ընկիր: Բազմութեանը մի՛ խառնուիր՝ անիրաւութիւն գործելու համար նրան ենթարկուելով, 3 եւ դատի տակ ընկածին յանիրաւի մի՛ խղճայ դատաստանի ժամանակ: 4 Եթէ հանդիպես քո թշնամու մոլորուած եզանը կամ էշին, դրան կդարձնես ու կհասցնես իր տիրոջը: 5 Եթէ տեսնես, որ մէկի գրաստը բեռան ծանրութեան տակ ընկել է, նրա կողքից անտարբեր մի՛ անցիր, այլ նրան օգնելով բարձրացրո՛ւ այն: 6 Մի՛ շեղիր դատի ընթացքը, եթէ նոյնիսկ դատուողը քո ծանօթն է: 7 Հեռու կմնաս ամէն տեսակ անիրաւ գործերից: Մահուան չդատապարտես անպարտին ու արդարին: Մեղաւորին կաշառուելով չարդարացնես: 8 Կաշառք չվերցնես, որովհետեւ կաշառքը կուրացնում է անգամ պայծառատեսների աչքերը եւ աւերում արդար գործերը: 9 Պանդուխտին մի՛ ճնշիր. դուք գիտէք պանդուխտ մարդկանց վիճակը, որովհետեւ դուք եւս պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում: 10 Վեց տարի կմշակես քո հողը եւ կհաւաքես դրա բերքը: 11 Եօթերորդ տարում չես մշակի այն եւ կթողնես, որ հանգստանայ: Քո ցեղի աղքատները թող ուտեն ինքնաբոյս բերքը, իսկ դրանից աւելացածները թող ուտեն վայրի գազանները: Այդպէս կվարուես քո այգու եւ քո ձիթաստանի հետ: 12 Վեց օր կաշխատես, իսկ եօթերորդ օրը կթողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաեւ քո աղախնու եւ օտարականի որդիները: 13 Ինչ որ ասացի ձեզ, կկատարէք: Օտար աստուածներ մի՛ պաշտէք, նրանց անունները ձեր բերանից չլսուեն: 14 Տարուայ մէջ երեք անգամ ինձ համար տօն կկատարէք: 15 Բաղարջակերաց տօնը կպահէք: Նոր բերքի ամսին եօթ օր բաղարջ հաց կուտէք, ինչպէս պատուիրել եմ ձեզ, որովհետեւ դուք այդ ժամանակ ելաք Եգիպտացիների երկրից: Իմ առաջ դատարկաձեռն չերեւաս: 16 Ինչ էլ որ ցանած լինես քո հանդում, կկատարես ամառուայ քո առաջին բերքը քաղելու տօնը: Տօն կկատարես նաեւ տարուայ վերջում, երբ հանդից հաւաքած կլինես քո բերքը: 17 Քո ժողովրդի բոլոր արու զաւակները տարուայ մէջ երեք անգամ պէտք է ներկայանան Տէր Աստծուն: 18 Քո արած զոհաբերութեան արիւնը թթխմորով հացի վրայ չթափես եւ իմ տօնին արուած զոհաբերութեան ճարպը մինչեւ առաւօտ չպահես: 19 Քո առաջին բերքի արդիւնքը կբերես քո Տէր Աստծոյ տունը: Գառը իր մօր կաթի մէջ չեփես: 20 Եւ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քեզ մօտ, որպէսզի նա, քո առաջից գնալով, քեզ պահպանի ճանապարհին ու տանի այն երկիրը, որ պատրաստեցի քեզ համար: 21 Զգո՛յշ եղիր անձիդ նկատմամբ, լսի՛ր ու հնազանդուի՛ր նրան, որպէսզի նա չխորշի քեզնից, որովհետեւ նա իմ անունով է գործելու: 22 Եթէ ուշադիր լսես իմ խօսքը եւ կատարես այն ամէնը, ինչ ասել եմ քեզ, ես կլինեմ քո թշնամիների թշնամին եւ կդառնամ քո հակառակորդների հակառակորդը, 23 որովհետեւ իմ հրեշտակը քեզ առաջնորդ կլինի, քեզ կտանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, գերգեսացիների, խեւացիների ու յեբուսացիների մօտ, որոնց ես կոտորելու եմ: 24 Չերկրպագես նրանց աստուածներին, չպաշտես նրանց եւ չկատարես այն, ինչ նրանք են կատարում, այլ քարուքա՛նդ արա դրանք եւ ջարդիր փշրի՛ր նրանց յուշարձանները: 25 Պաշտի՛ր քո Տէր Աստծուն, եւ ես կօրհնեմ քո հացն ու ջուրը եւ ձեզնից կվանեմ հիւանդութիւնները: 26 Քո երկրում անսեռունակ տղամարդ եւ ամուլ կին չեն լինելու: Ես աւելացնելու եմ քո կեանքի տարիները: 27 Ես պիտի ուղարկեմ իմ ահը, որ դա առաջնորդի քեզ, պիտի սարսափեցնեմ բոլոր այն ազգերին, որոնց երկիրը ոտք պիտի դնես: Քո բոլոր հակառակորդներին փախուստի պիտի մատնեմ: 28 Քո առաջից իշամեղուներ պիտի ուղարկեմ, որ քեզնից հեռու քշեն ամորհացիներին, խեւացիներին, քանանացիներին ու քետացիներին: 29 Մի տարուայ ընթացքում չէ, որ պիտի հեռացնեմ նրանց քեզնից, որպէսզի երկիրը անապատի չվերածուի, եւ քո շրջակայքում չբազմանան երկրի գազանները: 30 Կամաց-կամաց պիտի հեռացնեմ դրանց քեզնից, մինչեւ որ բազմանաս ու ժառանգես երկիրը: 31 Քո երկրի տարածքը սահմանելու եմ Կարմիր ծովից մինչեւ Փղշտացիների ծովը եւ անապատից մինչեւ Եփրատ մեծ գետը: Ձեր ձեռքը պիտի յանձնեմ այդ երկրի բնակիչներին ու նրանց հեռու պիտի քշեմ քեզնից: 32 Դու նրանց ու նրանց չաստուածների հետ ուխտ չդնես: 33 Նրանք քո երկրում չպիտի բնակուեն, որպէսզի իմ նկատմամբ յանցանքի չմղեն քեզ, որովհետեւ եթէ ծառայես նրանց չաստուածներին, նրանք գայթակղութիւն կլինեն քեզ համար»:

24
1 Աստուած ասաց Մովսէսին. «Բարձրացէ՛ք Տիրոջ մօտ դու, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու Իսրայէլի ծերերից եօթանասուն տղամարդ: Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռուից: 2 Աստծուն թող մօտենայ միայն Մովսէսը, իսկ միւսները թող չմօտենան: Ժողովուրդը նրանց հետ թող չբարձրանայ»: 3 Մովսէսը եկաւ ու ժողովրդին յայտնեց Աստծոյ բոլոր պատգամներն ու կանոնները: Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տուեց ու ասաց. «Կկատարենք բոլոր այն պատգամները, որ տուել է Տէրը, կենթարկուենք դրանց»: 4 Մովսէսը գրի առաւ Տիրոջ բոլոր պատգամները: Մովսէսն, առաւօտեան վեր կենալով, զոհասեղան կառուցեց լեռան ստորոտին եւ տասներկու վէմ կանգնեցրեց՝ ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի թուի: 5 Նա ուղարկեց իսրայէլացի երիտասարդներ, որոնք ողջակէզներ մատուցեցին, փրկութեան համար Աստծուն հորթեր զոհաբերեցին: 6 Մովսէսն, առնելով զոհերի արեան կէսը, լցրեց ամանների մէջ, իսկ արեան միւս կէսը հեղեց զոհասեղանի առաջ: 7 Նա, վերցնելով ուխտի գիրքը, կարդաց ի լուր ժողովրդի: Ժողովուրդն ասաց. «Այն ամէնը, ինչ ասել է Տէրը, կկատարենք, կենթարկուենք»: 8 Մովսէսը, վերցնելով արիւնը, շաղ տուեց ժողովրդի վրայ ու ասաց. «Սա այն ուխտի արիւնն է, որ կնքեց Տէրը ձեզ հետ, որպէսզի կատարէք նրա բոլոր պատգամները»: 9 Մովսէսը, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու իսրայէլացի ծերերից եօթանասուն տղամարդ բարձրացան 10 եւ տեսան այն տեղը, ուր կանգնել էր Իսրայէլի Աստուածը: Նրա կանգնած տեղը կարծես շափիւղայի աղիւսներով էր զարդարուած, եւ դա ջինջ երկնքի նմանութիւնն ունէր: 11 Իսրայէլացի ընտրեալներից ոչ մէկը չմեռաւ: Նրանք յայտնուեցին այնտեղ, ուր գտնւում էր Աստուած: Եւ կերան ու խմեցին: 12 Տէրն ասաց Մովսէսին. «Բարձրացի՛ր ինձ մօտ՝ լեռը, այնտեղ եղի՛ր, եւ քեզ պիտի տամ քարէ այն տախտակները, որոնց վրայ գրելու եմ իմ օրէնքներն ու պատուիրանները: Դրանք նրանց համար օրէնսդրութիւն պիտի լինեն»: 13 Մովսէսն ու նրա սպասաւոր Յեսուն բարձրացան Աստծոյ լեռը: 14 Մովսէսն ասաց ծերերին. «Հանգստացէ՛ք այստեղ, մինչեւ որ մենք վերադառնանք ձեզ մօտ: Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են: Եթէ որեւէ մէկը վէճ ունենայ, թող գնայ նրանց մօտ»: 15 Մովսէսը բարձրացաւ լեռը, եւ ամպը ծածկեց լեռը: 16 Տիրոջ փառքն իջաւ Սինա լեռան վրայ, եւ ամպն այն ծածկեց վեց օր: Տէրը եօթերորդ օրը Մովսէսին կանչեց ամպի միջից: 17 Տիրոջ փառքի տեսիլքը բորբոքուած կրակի նման իջաւ Իսրայէլի որդիների առաջ՝ լեռան գագաթը: 18 Մովսէսը մտաւ ամպի մէջ ու բարձրացաւ լեռը: Մովսէսը լեռան վրայ մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր:

25
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2 «Իսրայէլի որդիներին կասես, որ առնեն ինձ սահմանուած ընծաները: Թող առնեն նրանցից, ում սրտից են բխում: 3 Սրանք են այն ընծաները, որ դուք կառնէք նրանցից. ոսկի, արծաթ, պղինձ, 4 կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւ, նրբահիւս բեհեզ, այծի մազ, 5 խոյերի կարմիր ներկուած մորթիներ, կապոյտ ներկուած մորթիներ եւ կարծր փայտեր, 6 լոյսի համար ձէթ եւ օծութեան իւղի ու խնկի համար բաղադրանիւթեր, 7 սարդիոնի քարեր, վակասի վրայ ագուցուելու քարեր եւ պատմուճան: 8 Ինձ համար սրբարան կկառուցես, եւ ես կերեւամ ձեզ: 9 Դու խորանն ու նրա ամբողջ սպասքը ինձ համար կպատրաստես ըստ այն օրինակի, որ լեռան վրայ ցոյց կտամ քեզ: Այսպէս կպատրաստես. 10 Վկայութեան տապանակ կպատրաստես կարծր փայտից: Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը: 11 Այն կպատես մաքուր ոսկով՝ ներսից ու դրսից կոսկեզօծես այն: Դրա վրայ շուրջանակի կդնես ոսկէ պսակ: 12 Դրա համար չորս ոսկէ օղակներ կձուլես եւ կդնես դրա չորս կողմերին. երկու օղակները՝ մի կողմից եւ երկու օղակները՝ միւս կողմից: 13 Կարծր փայտից լծակներ կպատրաստես եւ դրանք կպատես ոսկով: 14 Լծակները կանցկացնես տապանակի կողքերին ամրացուած օղակների մէջ, որպէսզի դրանցով բարձրացնեն տապանակը: 15 Լծակները վկայութեան տապանակի օղակների մէջ թող մնան, լինեն դրան ամրացուած: 16 Տապանակի մէջ կդնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ: 17 Քաւութեան խնկամանի կափարիչը կպատրաստես մաքուր ոսկուց: Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը: 18 Կոփածոյ երկու ոսկեայ քերովբէներ կպատրաստես եւ դրանք կդնես կափարիչի երկու ծայրերին: 19 Քերովբէներից մէկը թող լինի կափարիչի մի ծայրին, իսկ միւսը՝ միւս ծայրին: 20 Երկու քերովբէներ կդնես դրա երկու ծայրերին. թող քերովբէները դէպի վեր տարածեն իրենց թեւերը եւ իրենց թեւերով հովանի անեն կափարիչի վրայ: Նրանց գլուխները թող լինեն միմեանց յանդիման, որպէսզի քերովբէների երեսները նայեն կափարիչին: Կափարիչը կդնես տապանակի վրայ՝ վերեւի կողմից: 21 Տապանակի մէջ կդնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ: 22 Ես քեզ կյայտնուեմ այնտեղ եւ վկայութեան տապանակի կափարիչի վրայ գտնուող երկու քերովբէների արանքից քեզ հետ կխօսեմ այն ամէնի մասին, ինչ պատուիրելու եմ քեզ Իսրայէլի որդիների վերաբերեալ: 23 Սեղան կպատրաստես կարծր փայտից: Երկու կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկ կանգուն՝ դրա լայնութիւնը, եւ մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը: 24 Այն կպատես մաքուր ոսկով: Դրա վրայ շուրջանակի կդնես ոսկէ պսակ: 25 Դրա չորս կողմը մէկ թզաչափ բարձրութեամբ շրջանակ կդնես եւ այն չորս կողմից կպատես ոսկով: 26 Եւ չորս ոսկէ օղակներ կպատրաստես եւ օղակները կդնես չորս անկիւններին, ուր, պսակից ներքեւ, դրա չորս ոտքերն են: 27 Օղակները կծառայեն այն բանին, որ լծակները դրանց մէջ անցկացնելով՝ բարձրացնեն սեղանը: 28 Լծակները կպատրաստես չփչացող փայտից եւ դրանք կպատես մաքուր ոսկով: Դրանցից բռնելով՝ կբարձրացուի սեղանը: 29 Կպատրաստես դրա խնկամաններն ու սկուտեղները, դրա գաւաթներն ու սկիհները, որոնցով գինի պիտի մատուցես: Մաքուր ոսկուց կպատրաստես դրանք: 30 Սեղանի վրայ, իմ առաջ, մշտապէս կդնես առաջաւորութեան հաց: 31 Մաքուր ոսկուց աշտանակ կպատրաստես: Քանդակազարդ կանես աշտանակը եւ այնպէս, որ բունը, ճիւղերը, սկահակները, գնդիկներն ու շուշանաձեւ ծաղիկները միաձոյլ լինեն: 32 Վեց ճիւղեր պէտք է տարածուեն նրա կողքերից. աշտանակի երեք ճիւղերը պէտք է լինեն մի կողմից, իսկ աշտանակի միւս երեք ճիւղերը՝ միւս կողմից: 33 Ամէն մի ճիւղ պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակներ: Միւս ճիւղերն էլ պէտք է ունենան գնդիկից ու ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակներ: Այսպէս թող լինեն աշտանակի կողքերից դուրս եկած վեց ստեղները. 34 աշտանակի բունը պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած չորս սկահակներ: 35 Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու ճիւղերի տակ պէտք է լինի մի գնդիկ: Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու միւս ճիւղերի տակ նոյնպէս պէտք է լինի մի գնդիկ: Նոյն ձեւով կպատրաստես աշտանակի կողքերից դուրս եկած վեց ճիւղերը՝ 36 այնպէս, որ նրանց գնդիկներն ու ճիւղերը դուրս եկած լինեն իրենց բնի կողքերից՝ ամբողջութեամբ քանդակազարդ, մէկ կտոր մաքուր ոսկուց: 37 Դրա համար կպատրաստես եօթ կանթեղ եւ կանթեղները կդնես աշտանակի վրայ այնպէս, որ դրանք լուսաւորեն դէմից: 38 Դրա ունելիներն ու պատուանդանը կպատրաստես մաքուր ոսկուց: Այս ամբողջ սպասքը մի տաղանդ մաքուր ոսկուց կպատրաստես: 39 Ուշադի՛ր եղիր, կանես ըստ այն օրինակի, որ քեզ ցոյց տրուեց լեռան վրայ:

26
1 Նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւից տասշերտանի վարագոյրով խորան կպատրաստես: Այն կզարդարես ասեղնագործ քերովբէներով: 2 Վարագոյրի ամէն շերտի երկարութիւնը պէտք է լինի քսանութ կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Բոլոր շերտերի չափսը նոյնը պէտք է լինի: 3 Հինգ շերտերը պէտք է միացած լինեն իրար: Իրար պէտք է միացած լինեն նաեւ միւս հինգ շերտերը: 4 Շերտերի կցուածքի մի կողմից մէկ շերտի եզերքին կապոյտ ճարմանդներ պէտք է դնես: Նոյնը պէտք է անես նաեւ երկրորդ կցուածքի արտաքին շերտի եզերքին: 5 Յիսուն ճարմանդ կդնես մի շերտի վրայ, յիսուն ճարմանդ էլ կդնես երկրորդ կցուածքի շերտի կողմից: Բոլոր ճարմանդները միմեանց դիմաց պէտք է լինեն: 6 Կպատրաստես յիսուն ոսկէ օղակներ եւ շերտերը իրար կմիացնես կեռիկներով: Այսպիսով կստացուի մի խորան: 7 Խորանի համար այծի մազից հիւսուած ծածկոց կպատրաստես: Տասնմէկ շերտերից թող բաղկացած լինի այն: 8 Ամէն մի շերտի երկարութիւնը պէտք է լինի երեսուն կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Տասնմէկ շերտերի չափսը նոյնը պէտք է լինի: 9 Հինգ շերտերը իրար կմիացնես առանձին եւ վեց շերտերը՝ առանձին: Վեցերորդ շերտը, իբրեւ կրկնակի ծածկոց, թող կախուի խորանի ճակատի կողմից: 10 Յիսուն ճարմանդ կպատրաստես կցուածքի ամէն շերտի եզերքին, յիսուն ճարմանդ էլ՝ երկրորդ կցուածքի շերտի եզերքին: 11 Կպատրաստես յիսուն պղնձէ օղակներ եւ ճարմանդներն օղակների մէջ անցկացնելով՝ իրար կմիացնես շերտերը: Կստացուի մի ամբողջութիւն: 12 Շերտերի աւելացած մասերը կտեղաւորես վրանի տակ. շերտի այդ աւելացած մասի կէսով կծածկես վրանի ծայրամասերը յետեւի կողմից: 13 Վրանի վարագոյրների երկարութեան աւելացած մասից մի կանգուն թող կախուի այս կողմից եւ մի կանգուն՝ այն կողմից: Վրանի ծայրերը թող ծածկուեն այս ու այն կողմից: 14 Վրանի ծածկը կպատրաստես խոյերի շիկակարմիր մորթուց, իսկ դրա վրայ էլ մի ծածկ կդնես կապոյտ մորթուց: 15 Վրանի ուղղահայեաց մոյթերը կպատրաստես կարծր փայտից: 16 Ամէն մոյթի երկարութիւնը տասը կանգուն թող լինի, իսկ ամէն մոյթի հաստութիւնն ու լայնութիւնը մէկուկէս կանգուն թող լինի: 17 Ամէն մի մոյթ թող ունենայ իրար ագուցուած երկու ծխնի: Այդպէս կպատրաստես վրանի բոլոր մոյթերը: 18 Վրանի հիւսիսային կողմում կդնես քսան մոյթեր 19 եւ այդ քսան մոյթերի համար կպատրաստես քառասուն արծաթէ խարիսխներ՝ երկու խարիսխ վրանի մի մոյթի երկու կողմերի համար եւ երկու խարիսխ մի մոյթի երկու կողմերի համար: 20 Վրանի միւս՝ հարաւային կողմում նոյնպէս կդնես քսան մոյթեր իրենց քառասուն արծաթէ խարիսխներով: 21 Երկու խարիսխ՝ մի մոյթի երկու կողմերի համար: 22 Վրանի յետեւի՝ ծովահայեաց կողմում վեց մոյթ կդնես: 23 Երկու մոյթ կդնես խորանի անկիւններին՝ յետեւի կողմից: 24 Ներքեւի կողմից դրանք պէտք է իրար հաւասար լինեն: Նոյն ձեւով հաւասար թող լինեն դրա իրար ագուցուած զոյգ խոյակները: Նոյն ձեւով կշինես երկու անկիւնների մոյթերը: 25 Այսպիսով կստացուի ութ մոյթ: Դրանց խարիսխները արծաթից թող լինեն՝ տասնվեց խարիսխ. երկու խարիսխ՝ մի մոյթի համար նրա երկու կողմերից եւ երկու խարիսխ էլ՝ միւս մոյթի համար: 26 Կարծր փայտից նիգեր կպատրաստես. հինգ նիգ՝ վրանի մի կողմի մոյթի համար, 27 հինգ նիգ՝ վրանի երկրորդ կողմի միւս մոյթի համար եւ հինգ նիգ՝ վրանի թիկունքի՝ ծովահայեաց կողմի մոյթի համար: 28 Մի նիգ էլ, մոյթերի մի ծայրից մինչեւ միւսն անցկացուելով, դրանք թող միացնի իրար: 29 Մոյթերը կպատես ոսկով: Կպատրաստես ոսկէ օղակներ, որոնց մէջ կհագցնես նիգերը: Նիգերը կպատես ոսկով: 30 Վրանը կկանգնեցնես այն ձեւով, որ ցոյց տրուեց քեզ լեռան վրայ: 31 Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից վարագոյր կպատրաստես: Այն կզարդարես ասեղնագործուած քերովբէով: 32 Այն կամրացնես կարծր փայտից շինուած եւ ոսկով պատուած չորս մոյթերի վրայ: Դրանց խոյակները թող լինեն ոսկուց, իսկ խարիսխները՝ արծաթից: Վարագոյրը կձգես մոյթից մոյթ: 33 Վկայութեան տապանակը կտանես այնտեղ՝ վարագոյրի ներսի կողմը, եւ վարագոյրը ձեզ համար սրբութիւնը կառանձնացնի սրբութիւնների սրբութիւնից: 34 Սրբութիւնների սրբութեան տեղում վկայութեան տապանակը կծածկես վարագոյրով: 35 Զոհասեղանը կդնես վարագոյրի դրսի կողմը, իսկ աշտանակը՝ զոհասեղանի դիմաց՝ վրանի հարաւային կողմում: Զոհասեղանը կդնես վրանի հիւսիսային կողմում: 36 Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից կպատրաստես վրանի դռան առագաստը՝ նկարազարդ մի գործ: 37 Առագաստի համար կարծր փայտից հինգ մոյթ կպատրաստես եւ դրանք կոսկեզօծես: Դրանց խոյակները թող լինեն ոսկուց: Դրանց համար հինգ պղնձէ խարիսխ կձուլես:

27
1 Կարծր փայտից զոհասեղան կպատրաստես: Հինգ կանգուն թող լինի դրա երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը: Քառակուսի թող լինի զոհասեղանը: Երեք կանգուն թող լինի դրա բարձրութիւնը: 2 Դրա չորս անկիւնների վրայ եղջիւրներ կանես այնպէս, որ դրանք միաձոյլ լինեն զոհասեղանի հետ: Դրանք կպատես պղնձով: 3 Զոհասեղանի համար շրջանակ կպատրաստես: Դրա խուփը, տաշտերը, մեծ պատառաքաղները, կրակարանները եւ ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես: 4 Դրա համար պղնձից վանդակաւոր կասկարայ կպատրաստես: Կասկարայի համար չորս կողմից չորս պղնձէ օղակներ կպատրաստես: 5 Դրանք կդնես զոհասեղանի կասկարայի տակ՝ ներքեւի մասում: Կասկարան թող հասնի մինչեւ զոհասեղանի մէջտեղը: 6 Զոհասեղանի համար լծակներ կպատրաստես՝ լծակներ կարծր փայտից, եւ դրանք կպատես պղնձով: 7 Լծակները կմտցնես օղակների մէջ: Լծակները թող լինեն զոհասեղանի երկու կողմերից, որպէսզի հնարաւոր լինի այն բարձրացնել: 8 Փայտեայ շինուածքների մէջը դատարկ թող լինի: Կպատրաստես ըստ այն օրինակի, որ ցոյց է տրուել քեզ լեռան վրայ: Այդպէս կպատրաստես այն: 9 Վրանի առաջ բակ կշինես, բակի հարաւային կողմում՝ նրբահիւս բեհեզից պատրաստուած առագաստ: Հարիւր կանգուն թող լինի բակի մի կողմի երկարութիւնը: 10 Մոյթերը թող լինեն քսան հատ, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Դրանց օղակներն ու խոյակները թող արծաթից լինեն: 11 Նոյն ձեւով հիւսիսային կողմում առագաստների երկարութիւնը թող լինի հարիւր կանգուն: Դրանց պղնձէ մոյթերը թող լինեն քսան հատ, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Դրանց գալարազարդերը, մոյթերը եւ խարիսխները թող լինեն արծաթապատ: 12 Ծովահայեաց բակի առագաստների լայնութիւնը թող լինի յիսուն կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը հատ: 13 Արեւելեան կողմի առաջին բակի առագաստների լայնութիւնը թող լինի յիսուն կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը հատ: 14 Առագաստների մի կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն երեք, դրանց խարիսխները՝ երեք: 15 Առագաստների միւս կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն երեք հատ, դրանց խարիսխները՝ երեք հատ: 16 Բակի դռան վարագոյրի բարձրութիւնը թող լինի քսան կանգուն: Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից պատրաստուած թող լինի այն՝ նկարագեղ ասեղնագործութեամբ: Դրանց մոյթերը թող լինեն չորս հատ, խարիսխներն էլ՝ չորս հատ: 17 Բակի շրջակայ բոլոր մոյթերը արծաթապատ թող լինեն, դրանց խոյակները՝ արծաթից, դրանց խարիսխները՝ պղնձից: 18 Բակի երկարութիւնը հարիւր կանգուն թող լինի, լայնութիւնը՝ յիսուն, իսկ բարձրութիւնը՝ տասնհինգ կանգուն: Առագաստը նրբահիւս բեհեզից թող լինի: Դրանց խարիսխները պղնձից թող լինեն: 19 Վրանի ամբողջ սպասքը, դրա բոլոր գործիքները եւ բակի բոլոր ցցերը պղնձից թող լինեն: 20 Իսրայէլացիներին կարգադրի՛ր, որ քեզ ձիթենու զուլալ, անարատ, ծեծուած ձիթապտղի ձէթ բերեն լոյսի համար, 21 որպէսզի մշտավառ ճրագ լինի վկայութեան խորանում՝ ուխտի վարագոյրից դուրս: Եւ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչեւ առաւօտ թող այն վառեն Տիրոջ առաջ: Դա Իսրայէլի որդիների կողմից հաստատուած յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ:

28
1 Դու Իսրայէլի որդիներից քեզ մօտ կբերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաեւ նրա որդիներին՝ Նաբադին ու Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն: 2 Ի պատիւ եւ ի փառս քո եղբայր Ահարոնի՝ սրբազան զգեստներ կպատրաստես: 3 Դու կխօսես մտքով իմաստուն բոլոր մարդկանց հետ, որոնց ես իմաստութեան ոգով եմ լցրել, որ նրանք Ահարոնին սրբազան զգեստներ պատրաստեն սրբութեան համար, որոնցով էլ նա քահանայութեան պաշտօն է կատարելու ինձ համար: 4 Սրանք են այն զգեստները, որ նրանք պիտի պատրաստեն. մինչեւ ոտքի թաթերը հասնող երկարաւուն զգեստ, ուսի ու լանջի վակասներ, բեհեզէ պատմուճան, խոյր եւ գօտի: Սրբազան զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն: 5 Նրանք թող վերցնեն ոսկի, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւ եւ նրբահիւս բեհեզ: 6 Վակասը թող պատրաստեն մաքուր ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր նրբահիւս բեհեզից՝ այն զարդարելով նուրբ ասեղնագործութեամբ: 7 Երկու վակասները թող իրար միանան՝ երկու կողմերից իրար կապուելով: 8 Վակասի վերեւի մասը նոյն ձեւով պէտք է պատրաստուած լինի՝ մաքուր ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից: 9 Զմրուխտէ երկու ակնաքար կառնես եւ դրանց վրայ կփորագրես Իսրայէլի որդիների անունները. նրանցից վեցի անունները կփորագրես մի ակնաքարի վրայ եւ միւս վեցինը՝ երկրորդ ակնաքարի վրայ՝ ըստ իրենց ցեղերի: 10 Դա ակնագործների արուեստին վայել մի գործ պէտք է լինի: 11 Իսրայէլի որդիների անունները կքանդակես երկու ակնաքարերի վրայ այնպէս, ինչպէս կնիքներն են քանդակում: Դրանց շուրջը ոսկով կզարդարես: 12 Երկու ակնաքարերը կզետեղես ուսի վրայ դրուող վակասի վրայ, որպէսզի դրանք Իսրայէլի որդիների յիշատակի ակնաքարերը լինեն: Ահարոնը, ի յիշատակ նրանց, Աստծոյ առաջ իր երկու ուսերի վրայ պէտք է կրի Իսրայէլի որդիների անունները: 13 Օղակ ու ճարմանդ կպատրաստես մաքուր ոսկուց: 14 Մաքուր ոսկուց կպատրաստես այդ երկու կապիչները, որոնք ծաղկազարդ մանուածքով հիւսկէններ պէտք է լինեն: Կապիչները կամրացնես ուսանոցի երկու օղակներին՝ 15 նրանց վտաւակների մօտ, առջեւի կողմից: Դատաստանի լանջապանակը նկարազարդ կտորից կպատրաստես. վակասի նման՝ ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից: 16 Քառակուսի կպատրաստես այն՝ մէկ թիզ երկարութեամբ եւ մէկ թիզ լայնութեամբ: 17 Դրա վրայ ակնաքարերը կշարես չորս շարք ընդելուզուածքով: Ակնաքարերի շարքերը այսպէս թող լինեն. առաջինը՝ զմրուխտ, սարդիոն եւ տպազիոն՝ մէկ շարք: 18 Երկրորդ շարքը՝ նռնաքար, շափիւղայ եւ յասպիս: 19 Երրորդ շարքը՝ գոճազմ, ագատ եւ սուտակ: 20 Չորրորդ շարքը՝ յակինթ, բիւրեղ եւ եղնգաքար: Դրանք թող դասաւորուեն ըստ իրենց նշուած շարքերի՝ ընդելուզուած, ոսկով ամրացուած: 21 Իսրայէլի որդիների անուններով փորագրուած ակնաքարերը թող լինեն թուով տասներկու՝ ըստ նրանց անունների թուի: Իւրաքանչիւրն ըստ այդ տասներկու ցեղերի թող ունենայ իր անունը: 22 Լանջապանակի վրայ մաքուր ոսկուց շինուած ոլորուն շղթայ կպատրաստես: 23 Լանջապանակի վրայ երկու ոսկէ օղակներ կպատրաստես եւ երկու օղակներ կամրացնես լանջապանակի երկու ծայրերին: 24 Երկու ոսկէ շղթաներ կանցկացնես լանջապանակի ծայրին գտնուող երկու օղակների մէջ: 25 Երկու շղթաների երկու ծայրերը կմտցնես երկու օղակների մէջ եւ վակասի առջեւի կողմից տանելով՝ կանցկացնես վակասի ետեւի կողմը: 26 Երկու ոսկէ օղակներ էլ կպատրաստես եւ դրանք կամրացնես լանջապանակի ներքեւի երկու ծայրերին՝ վակասին կցուած եզրերին: 27 Երկու ոսկէ այլ օղակներ կպատրաստես եւ դրանք կանցկացնես վակասի երկու ուսերին՝ ներքեւի կողմից, միմեանց դէմ դիմաց: Դրա կոճակները թող լինեն վակասի գօտու վրայ: 28 Լանջապանակի ու վակասի օղակների միջով կապոյտ թել անցկացնելով՝ դրանք թող պինդ ամրացուեն իրար՝ այնպէս, որ լանջապանակը լինի վակասի գօտու վրայ եւ վակասից չառանձնանայ: 29 Երբ Ահարոնը սրբարան կմտնի, նա իր կրծքի վրայ թող կրի Իսրայէլի որդիների անուններով քանդակուած դատաստանի լանջապանակը, որպէսզի Աստծոյ առաջ յաւիտենապէս պահպանի նրանց յիշատակը: 30 Դատաստանի լանջապանակին կամրացնես շղթաների ծայրերը եւ լանջապանակի երկու կողմերից կկապես: Երկու վահանաձեւ կոճակ կդնես վակասի երկու ուսերին՝ առջեւի կողմից եւ ներքեւից: Դատաստանի լանջապանակի վրայ կդնես յանդիմանութիւնն ու ճշմարտութիւնը: Դա թող լինի Ահարոնի կրծքի վրայ, երբ նա, սրբարան մտնելով, ներկայանայ Տիրոջը: Եւ Ահարոնը Տիրոջ առաջ իր կրծքի վրայ միշտ թող կրի Իսրայէլի որդիների դատաստանի լանջապանակը: 31 Պճղնաւոր ներքին պատմուճան կպատրաստես ամբողջութեամբ կապոյտ թելով հիւսուած կտաւից: 32 Դրա վերին մասը շուրջանակի կլոր կտրելով՝ բացուածք կթողնես: Միացման տեղերը ամբողջական՝ մէկ կտոր թող լինեն, որպէսզի այդ զգեստը չպատռուի: 33 Ներքին պատմուճանների քղանցքներին, ներքեւի մասում, մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր թելերով եւ նրբահիւս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ կգործես: Դրանք կգործես ներքին պատմուճանների քղանցքների շուրջբոլորը: Այդ զարդերը թող ունենան նռան ծաղկաբողբոջի ձեւը, եւ դրանց միջեւ շուրջանակի ոսկէ զանգակներ թող լինեն: 34 Ոսկէ զանգակներն ու նռան ծաղկաբողբոջները շուրջանակի թող զարդարեն ներքին պատմուճանների քղանցքները: 35 Դա թող հագնի Ահարոնը, որպէսզի երբ պաշտամունք է կատարում, Տիրոջ առաջ սրբարան մտնելիս ու ելնելիս լսուեն դրանց արձակած ձայները, եւ Ահարոնը չմեռնի: 36 Մաքուր ոսկուց թիթեղ կպատրաստես եւ դրա վրայ, ինչպէս կնիքի վրայ են փորագրում, “Սրբութիւն Տեառն” կփորագրես: 37 Այն կամրացնես նրբահիւս կապոյտ ժապաւէնի վրայ: 38 Դա կկապես Ահարոնի գլխին դրուող խոյրի վրայ՝ ճակատի կողմից: Ահարոնը պէտք է կրի Իսրայէլի որդիների նուիրած բոլոր ընծաները, եթէ նոյնիսկ նրանք անօրինութիւններ գործած լինեն դրանք նուիրելիս: Դա միշտ Ահարոնի ճակատին պէտք է լինի, որպէսզի այդ ընծաները ընդունելի լինեն Տիրոջը: 39 Մինչեւ ոտքի թաթերը հասնող երկարաւուն պատուճանը բեհեզից կպատրաստես: Բեհեզից կպատրաստես նաեւ ապարօշն ու նախշազարդ գօտին: 40 Ահարոնի որդիների համար պատմուճաններ, գօտիներ եւ խոյրեր կպատրաստես պատուի եւ փառքի համար: 41 Դրանք կհագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին: Կօծես նրանց, կօրհնես ու կսրբագործես նրանց, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն: 42 Նրանց համար կտաւից անդրավարտիքներ կպատրաստես, որպէսզի դրանք, նրանց մէջքից մինչեւ սրունքները հասնելով, ծածկեն նրանց ամօթոյքը: 43 Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն այն, երբ մտնեն վկայութեան խորանը կամ երբ պաշտամունք կատարելու համար մօտենան սուրբ սեղանին: Նրանք մեղք թող չգործեն, որպէսզի չմեռնեն: Դա թող լինի յաւիտենական օրէնք իր եւ իրեն յաջորդող սերնդի համար:

29
1 Ահա թէ ինչպէս կվարուես նրանց հետ: Կսրբագործես նրանց, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն: Հօտից կվերցնես ոչ արատաւոր մի զուարակ եւ ոչ արատաւոր երկու խոյ, 2 նաեւ բաղարջ հաց, իւղով հունցուած բաղարջ կարկանդակներ ու իւղով շաղուած բաղարջ բլիթներ: Այդ բոլորը իւղով հունցուած ընտիր ալիւրով կպատրաստես: 3 Դրանք կդնես մի սկուտեղի վրայ եւ սկուտեղով էլ կնուիրաբերես դրանք, ինչպէս նաեւ զուարակն ու երկու խոյերը: 4 Ահարոնին ու նրա որդիներին կբերես վկայութեան խորանի դռան մօտ եւ նրանց կլուանաս ջրով: 5 Զգեստներն առնելով՝ քո եղբայր Ահարոնի ներքնազգեստի վրայ կհագցնես երկարաւուն պատուճանը, վակասն ու լանջապանակը: Լանջապանակը կամրացնես վակասին: 6 Խոյրը կդնես նրա գլխին, իսկ թիթեղեայ սուրբ պսակը կդնես խոյրի վրայ: 7 Կվերցնես օծութեան իւղից, կքսես նրա գլխին եւ կօծես նրան: 8 Մօտ կբերես նրա որդիներին, նրանց նոյնպէս կհագցնես զգեստները, 9 Ահարոնի ու նրա որդիների մէջքին կկապես գօտիները, ապարօշները կդնես նրանց գլխին, եւ նրանց քահանայութիւնը ինձ համար յաւիտենական կլինի: Այսպէս կսրբագործես դու Ահարոնին ու նրա որդիներին: 10 Զուարակը կբերես վկայութեան խորանի դռան մօտ, եւ Ահարոնն ու նրա որդիները վկայութեան խորանի դռան մօտ իրենց ձեռքերը կդնեն զուարակի գլխին՝ Տիրոջ առաջ: 11 Զուարակը կմորթես Տիրոջ առաջ՝ վկայութեան խորանի դռան մօտ: 12 Կվերցնես զուարակի արիւնից քո մատով ու կքսես զոհասեղանի եղջիւրաձեւ անկիւններին, իսկ մնացած ամբողջ արիւնը կհեղես զոհասեղանի յատակին: 13 Կվերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լեարդի տակի բլթակը եւ երկու երիկամներն իրենց ճարպի հետ, կդնես զոհասեղանի վրայ: 14 Զուարակի միսը, նրա մորթին ու կղկղանքը թող այրեն բանակատեղիից դուրս: Դա հէնց մեղքերի համար է: 15 Կառնես խոյերից մէկը, եւ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կդնեն խոյի գլխին: 16 Կմորթես խոյը եւ վերցնելով նրա արիւնը՝ կհեղես զոհասեղանի շուրջը: 17 Խոյը կբաժանես մասերի, ջրով կլուանաս նրա փորոտիքն ու ոտքերը եւ դրանք նրա գլխի հետ կդնես կտրտած մասերի վրայ: 18 Զոհասեղանի վրայ դրուած ամբողջ խոյը կլինի Տիրոջն առաքուած անուշահոտ ողջակէզ: Դա Տիրոջը մատուցուած զոհն է: 19 Կառնես երկրորդ խոյը, եւ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կդնեն խոյի գլխին: 20 Կմորթես խոյը, կվերցնես նրա արիւնից եւ կքսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա որդիների աջ ականջի բլթակին, Ահարոնի աջ ձեռքի ծայրերին, նրա աջ ոտքի ծայրերին, նրա որդիների աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի ծայրերին, նրանց աջ ոտքերի ծայրերին: Մնացած արիւնը կհեղես զոհասեղանի շուրջը: 21 Կառնես զոհասեղանի վրայ գտնուող արիւնից ու օծութեան իւղից եւ կցանես Ահարոնի ու նրա զգեստների վրայ, նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրայ: Թող սրբագործուեն Ահարոնն ու իր զգեստները, նրա հետ նաեւ՝ նրա որդիներն ու նրա որդիների զգեստները: Խոյի արիւնը կհեղես զոհասեղանի շուրջը: 22 Կառնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լեարդի տակի բլթակը, երկու երիկամներն իրենց ճարպի հետ եւ աջ զիստը: Դա սրբազան նուիրագործութիւնն է: 23 Տիրոջ առաջ դրուած բաղարջների սկուտեղից կվերցնես մի հաց, իւղով հունցուած մի կարկանդակ ու մի բլիթ, 24 այդ ամէնը կդնես Ահարոնի ձեռքերի վրայ, նրա որդիների ձեռքերի վրայ եւ որպէս ընծայ կնուիրաբերես Տիրոջը: 25 Դրանք կվերցնես նրանց ձեռքերից եւ ողջակէզների զոհասեղանի վրայ կայրես իբրեւ անուշահոտ զոհ Տիրոջ առաջ: Դա Տիրոջ համար կատարուող զոհաբերութիւն է: 26 Կառնես Ահարոնին քահանայ օծելու համար զոհուած խոյի կուրծքը եւ այն որպէս ընծայ կնուիրաբերես Տիրոջը, իսկ մնացեալը կլինի քո բաժինը: 27 Կսրբագործես խոյի կուրծքը որպէս նուիրաբերութիւն, ինչպէս նաեւ՝ նրա զիստը, որը նուիրագործուեց: 28 Եւ այն ամէնը, ինչ Ահարոնի եւ նրա որդիների կողմից որպէս բաժին կհանուի խոյից, յաւիտենական օրէնք պիտի լինի Ահարոնի եւ նրա որդիների համար իսրայէլացիների մօտ, քանզի դա է ըստ օրիէնքի նրանց հասանելիք բաժինը: Եւ դա իսրայէլացիների՝ իրենց փրկութեան համար Տիրոջ առաջ զոհաբերուելիք ընծան թող լինի: 29 Ահարոնի սրբազան զգեստները իրենից յետոյ թող պատկանեն իր որդիներին, որպէսզի նրանք օրհնուեն ու օծուեն այդ զգեստները հագած: 30 Եօթ օր այդ զգեստները թող հագնի այն քահանան, որը, նրա որդիներից լինելով, պիտի փոխարինի նրան, որպէսզի վկայութեան խորան մտնի սրբարանում պաշտամունք կատարելու համար: 31 Կվերցնես նուիրագործութեան խոյը եւ դրա միսը կեփես մի սուրբ վայրում: 32 Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն խոյի մսից: Վկայութեան խորանի դռան մօտ թող ուտեն նաեւ սկուտեղի վրայի բաղարջ հացերը եւ 33 այն բաները, որ իրենց ձեռնադրութեան եւ սրբագործութեան որպէս քաւութիւն ծառայեցին: Որեւէ օտարական թող դրանցից չուտի, որովհետեւ դրանք սրբութիւններ են: 34 Եթէ նուիրագործութեան զոհի մսից ու հացից մնայ մինչեւ առաւօտ, ապա մնացորդները կայրես կրակով. այն թող չուտուի, որովհետեւ Տիրոջ սրբութիւնն է: 35 Այն ամէնը, ինչ կարգադրում եմ քեզ Ահարոնի ու նրա որդիների վերաբերեալ, կկատարես: Եօթ օր կկատարես նրանց օրհնութիւնը: 36 Մեղքերի քաւութեան զուարակը կզոհես սրբութեան օրը: 37 Զոհ մատուցելու համար զոհասեղանը պէտք է սրբագործուած լինի: Զոհասեղանը սրբագործելու համար եօթ օր պէտք է այն մաքրես, օծես, եւ զոհասեղանը կլինի սրբութիւն սրբոց: Զոհասեղանին դիպչող ամէն ոք կսրբագործուի: 38 Ահա թէ ինչ պիտի զոհես զոհասեղանի վրայ. մշտնջենապէս, ամէն օր մէկ տարեկան ոչ արատաւոր երկու գառ պիտի զոհես զոհասեղանի վրայ. դա մշտնջենական զոհաբերութիւն է լինելու: 39 Մի գառ կզոհես առաւօտեան, իսկ երկրորդ գառը կզոհես երեկոյեան: 40 Ամէն մի գառան հետ կբերես նաեւ շուրջ մէկուկէս լիտր զտուած իւղ՝ շաղուած երեք կիլոգրամ ընտիր ալիւրի հետ, ինչպէս նաեւ՝ մէկուկէս լիտր գինի իբրեւ ընծայ: 41 Երկրորդ գառը կզոհես երեկոյեան այնպէս, ինչպէս առաւօտեան զոհուած գառը՝ բերելով նոյն ընծաները: Այն որպէս անուշահոտ զոհ կմատուցես Տիրոջը: 42 Ձեր ազգի մէջ դա պիտի լինի վկայութեան խորանի դռան մօտ՝ Տիրոջ առաջ կատարուող մշտնջենական զոհաբերութիւն: Ես քեզ յայտնուելու եմ այնտեղ, որպէսզի խօսեմ քեզ հետ: 43 Այնտեղ պիտի երեւամ Իսրայէլի որդիներին ու պիտի սրբագործուեմ իմ փառքով: 44 Ես պիտի սրբագործեմ վկայութեան խորանն ու զոհասեղանը, պիտի սրբագործեմ Ահարոնին ու նրա որդիներին, որպէսզի նրանք ինձ համար քահանայութիւն անեն: 45 Ես պիտի անուանուեմ Իսրայէլի որդիների մէջ եւ պիտի լինեմ նրանց Աստուածը: 46 Նրանք պիտի գիտենան, որ ես եմ իրենց Տէր Աստուածը, որ իրենց հանեց Եգիպտացիների երկրից, որպէսզի նրանք տան իմ անունը, եւ ես լինեմ իրենց Տէր Աստուածը:

30
1 Խնկարկութեան սեղան կպատրաստես կարծր փայտից: 2 Այն կշինես մէկ կանգուն երկարութեամբ եւ մէկ կանգուն լայնութեամբ. քառակուսի թող լինի: Երկու կանգուն թող լինի դրա բարձրութիւնը: Դրա եղջիւրաւոր անկիւնները սեղանի հետ միաձոյլ թող լինեն: 3 Մաքուր ոսկով կպատես այն, ինչպէս նաեւ դրա կասկարան, չորս եզերքներն ու եղջիւրաւոր անկիւնները: Դրա շուրջբոլորը ոսկէ պսակ կպատրաստես: 4 Պսակի ներքեւի մասում, երկու կողմերին մաքուր ոսկուց երկուական օղակներ կպատրաստես: 5 Դրանք կամրացնես նրա երկու կողմերին, որպէսզի լծակները օղակների մէջ անցկացնելով կարելի լինի բարձրացնել խնկարկութեան սեղանը: 6 Լծակները կպատրաստես կարծր փայտից ու դրանք կպատես ոսկով: 7 Խնկարկութեան սեղանը կդնես վկայութեան տապանակի առջեւ գտնուող վարագոյրի դիմաց (վկայութեան վրայ գտնուող քաւութեան դիմաց), ուր ես երեւալու եմ քեզ: 8 Ահարոնը դրա վրայ, իբրեւ կարգ, ամէն առաւօտ մանր աղացած խունկ թող ծխի. թող խունկ ծխի դրա վրայ երբ կանթեղներն է պատրաստում: 9 Երբ Ահարոնը երեկոյեան վառի կանթեղները, Տիրոջ առաջ՝ խնկարկութեան սեղանի վրայ միշտ խունկ թող ծխի: Դա նրանց ազգի մէջ խնկարկութեան մշտնջենական կարգ թող լինի: 10 Խնկարկութեան սեղանի վրայ օտար խունկ մի՛ ծխէք, ողջակէզներ, ուտուելիք ու խմուելիք ընծաներ մի՛ մատուցէք: 11 Ահարոնը տարին մէկ անգամ խնկարկութեան սեղանի եղջիւրաւոր անկիւնների վրայ քաւութեան ծէս պէտք է անի. նա այն պէտք է մաքրի մեղքերի քաւութեան համար զոհուող կենդանու արեամբ: Նրա սերունդները տարին մէկ անգամ թող սրբագործեն այն, որովհետեւ դա Տիրոջ սրբութիւնների սրբութիւնն է»: 12 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Երբ Իսրայէլի որդիների թիւն իմանալու համար մարդահամար կատարես, նրանք Տիրոջը պէտք է տան իրենց հոգու փրկագինը՝ ըստ իրենց անձերի թուի: Մարդահամարի ժամանակ մահացութեան դէպքեր չպէտք է լինեն: 13 Մարդահամարի ենթարկուողները պէտք է փրկագին վճարեն սրբարանի երկդրամեանի կէսը: Երկդրամեանը քսան դանգի է հաւասար: Երկդրամեանի կէսը թող լինի Տիրոջը հասանելիք տուրքը: 14 Քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող բոլոր նրանք, ովքեր կանցնեն մարդահամարով, Տիրոջը հասանելիք տուրքը պէտք է վճարեն: 15 Մեծահարուստը թող չաւելացնի, իսկ աղքատը թող չպակասեցնի իսրայէլացիների՝ Տիրոջը որպէս տուրք հասանելիք կէսդրամեանը, որպէսզի դա ձեզ համար քաւութիւն լինի: 16 Որպէս տուրք Տիրոջ հասանելիք դրամը կվերցնես Իսրայէլի որդիներից եւ այն կյատկացնես վկայութեան խորանի սպասաւորութեանը: Դա Տիրոջ առաջ Իսրայէլի որդիների համար յիշատակ կլինի ի քաւութիւն նրանց»: 17 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 18 «Պղնձէ լուացարան պատրաստի՛ր: Պղնձից շինի՛ր նրա պատուանդանը, որպէսզի լուացուեն նրա մէջ: Այն կդնես վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ: Դրա մէջ ջուր կլցնես: 19 Ահարոնն ու նրա որդիները այդ ջրով կլուանան իրենց ձեռքերն ու ոտքերը. 20 երբ մտնեն վկայութեան խորանը, ջրով թող լուացուեն, որպէսզի չմեռնեն: Կամ երբ պաշտամունք կատարելու եւ Տիրոջը ողջակէզներ մատուցելու համար մօտենան զոհասեղանին, 21 թող լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որպէսզի չմեռնեն: Դա նրանց համար, նրա եւ նրանից յետոյ գալիք նրա յետնորդների համար յաւիտենական կարգ թող լինի»: 22 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 23 «Վերցրո՛ւ անուշահոտ համեմունքներ. զմռնենու հինգ հարիւր սիկղ ընտիր ծաղիկներ, դրա կէսի չափ՝ երկու հարիւր յիսուն սիկղ անուշաբոյր կինամոն, երկու հարիւր յիսուն սիկղ անուշաբոյր խնկեղէգ, 24 հինգ հարիւր սիկղ սրբարանի հիրիկ եւ ձիթապտղի շուրջ վեց լիտր ձէթ: 25 Դրանցից կպատրաստես սուրբ օծութեան համար իւղ այնպէս, ինչպէս վարպետ իւղագործները ձէթ են պատրաստում: Այն սուրբ օծութեան համար իւղ թող լինի: 26 Դրանով կօծես վկայութեան խորանը, վկայութեան տապանակը, 27 զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկութեան սեղանը, 28 ողջակէզների սեղանն ու նրա ամբողջ սպասքը, աւազանն ու նրա պատուանդանը: 29 Կսրբագործես դրանք, եւ դրանք կլինեն սրբութիւնների սրբութիւն: Ամէն ոք, որ դիպչի դրան, կմաքրուի: 30 ԿօծեսԱհարոնին ու նրա որդիներին, կսրբագործես նրանց, որպէսզի նրանք ինձ համար քահանայութիւն անեն: 31 Կխօսես Իսրայէլի որդիների հետ ու կասես. “Այս իւղը ձեր սերունդների մէջ ձեր սուրբ օծութեան համար թող լինի: 32 Մարդու մարմնին թող չքսուի այն: Ձեզ համար նոյն բաղադրութեամբ նման բան չպատրաստէք, որովհետեւ դա սրբութիւն է եւ ձեզ համար սրբութիւն էլ թող մնայ: 33 Ով այդպիսի բան պատրաստի եւ ով դրանից օտարականի տայ, թող վերանայ իր ժողովրդի միջից”»: 34 Տէրն ասաց Մովսէսին. «Վերցրո՛ւ անուշաբոյր համեմունքներ՝ ստաշխ, եղնգաքար, անուշաբոյր քաղբան եւ մաքուր կնդրուկ: Դրանք թող քաշով իրար հաւասար լինեն: 35 Դրանք իրար խառնելով՝ մաքուր, սուրբ խունկ կպատրաստես, ինչպէս վարպետ իւղագործներն են պատրաստում: 36 Դրանք մանր կաղաս եւ կդնես վկայութեան դիմաց՝ վկայութեան խորանի մէջ, ուր պիտի երեւամ քեզ: Ձեր պատրաստած այդ խունկը ձեզ համար սրբութիւնների սրբութիւն թող լինի: 37 Ձեզ համար նոյն բաղադրութեամբ խունկ մի՛ պատրաստէք, որովհետեւ դա ձեզ համար սրբութիւն պիտի լինի Տիրոջ առաջ: 38 Այն մարդը, որ հոտոտելու համար այս բաղադրութեամբ խունկ կպատրաստի, կվերանայ իր ժողովրդի միջից»:

31
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2 «Ես ահա Յուդայի ազգից ընտրեցի Բեսելիէլին, որը որդին է Ուրիի, իսկ սա՝ որդին Ովրի: 3 Ես նրան լցրի ամէն գործի համար անհրաժեշտ գիտութեան, հանճարի եւ իմաստութեան աստուածային ոգով, 4 որպէսզի նա մտածի ու ստեղծագործի, 5 որպէսզի մշակի ոսկին, արծաթն ու պղինձը, մանի կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւը, զբաղուի արհեստի կատարելութիւն հանդիսացող ակնագործութեամբ, նաեւ ատաղձագործութեամբ, որ գործի դնի ամէն մի արհեստ: 6 Ահա ես նրան օգնական եմ տալիս Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին: Ամէն մի ուշիմ մարդու հոգու մէջ դրեցի շնորհ, որպէսզի անի այն, ինչ պատուիրել եմ քեզ, այսինքն՝ 7 պատրաստի վկայութեան խորանը, կտակարանների տապանակն ու նրա կափարիչը, խորանի ամբողջ սպասքն ու զոհարանը, 8 զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, սուրբ աշտանակն ու նրա բոլոր զարդերը, խնկարկութեան սեղանը, 9 ողջակէզների սեղանն ու նրա բոլոր մասերը, աւազանն ու նրա պատուանդանը, 10 ծիսակատարութեան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների՝ ինձ համար քահանայութիւն անելու զգեստները, 11 օծութեան իւղն ու սրբարանի խնկի համեմունքները: Այս բոլորը, ինչ մի անգամ պատուիրել եմ քեզ, կպատրաստես»: 12 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Իսրայէլի որդիներին հաղորդի՛ր հետեւեալը. “Զգո՛յշ եղէք, պահեցէ՛ք իմ շաբաթ օրերը, 13 որովհետեւ դա ձեր սերնդի մէջ իմ ու ձեր միջեւ դրուած պայմանն է, որպէսզի ճանաչէք, թէ ես եմ ձեզ սրբագործող Տէրը: 14 Կպահէք շաբաթ օրերը, որովհետեւ Տիրոջ եւ ձեզ համար դա սրբութիւն է: Ով այն պղծի, թող մահուան դատապարտուի: Ամէն ոք, ով այդ օրը գործ կանի, թող վերանայ իր ժողովրդի միջից: 15 Վեց օր գործ կանես, իսկ եօթերորդ օրը Տիրոջ սուրբ հանգստեան շաբաթ օրն է: Ով որ շաբաթ օրը գործ կանի, թող մահուան դատապարտուի: 16 Իսրայէլի որդիները թող պահեն շաբաթ օրերը, որպէսզի դրանք ձեր սերնդի մէջ ի կատար ածուեն որպէս յաւիտենական ուխտ 17 իմ ու Իսրայէլի որդիների միջեւ: Դա իմ յաւիտենական պայմանն է, որովհետեւ Տէրը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ եօթերորդ օրը դադար տուեց եւ հանգստացաւ”»: 18 Երբ Աստուած Սինա լեռան վրայ աւարտեց իր խօսքը, Մովսէսին տուեց վկայութեան երկու տախտակները՝ Աստծոյ մատով գրուած քարէ տախտակները:

32
1 Ժողովուրդը, տեսնելով, որ Մովսէսն ուշացաւ լեռից իջնել, հաւաքուեց Ահարոնի մօտ ու ասաց նրան. «Դե՛հ, մեզ առաջնորդող աստուածներ ստեղծի՛ր, որովհետեւ չգիտենք, թէ ինչ եղաւ այն մարդը՝ Մովսէսը, որ մեզ Եգիպտոսից դուրս բերեց»: 2 Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր տղաների ու աղջիկների ականջներից հանեցէ՛ք ոսկէ գինդերը եւ բերէ՛ք ինձ»: 3 Բոլորը իրենց ականջներից հանեցին ոսկէ գինդերը եւ բերեցին տուեցին Ահարոնին: 4 Ահարոնը, դրանք առնելով նրանցից, կաղապարի մէջ ձուլեց եւ կերտեց ձուլածոյ մի հորթ: Նրանք ասացին. «Սա՛ է քո աստուածը, Իսրայէ՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից»: 5 Երբ Ահարոնն այդ տեսաւ, կուռքի առաջ զոհասեղան շինեց: Ահարոնը յայտարարեց. «Վաղը Տիրոջ տօնն է»: 6 Առաւօտեան վեր կենալով՝ նա ողջակէզներ արեց եւ փրկութեան զոհեր մատուցեց: Ժողովուրդը նստեց, որ կերուխում անի, ապա վեր կացաւ, որ պարի: 7 Տէրը Մովսէսին ասաց. «Շո՛ւտ արա, գնա իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրինութիւն է կատարում քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից: 8 Նրանք շատ շուտ շեղուեցին այն ճանապարհից, որ ցոյց տուեցիր նրանց: Նրանք ձուլածոյ հորթ են կերտել, երկրպագում են նրան, զոհեր մատուցում ու ասում. “Սա՛ է քո աստուածը, Իսրայէ՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից”»: 9 Տէրն ասաց Մովսէսին. «Ես տեսնում եմ, որ այս ժողովուրդը կամակոր է: 10 Արդ, թո՛յլ տուր ինձ, որ նրանց վրայ թափեմ իմ զայրոյթը՝ կոտորեմ նրանց, իսկ քեզ մեծ ազգ դարձնեմ»: 11 Մովսէսն աղաչեց իր Տէր Աստծուն՝ ասելով. «Տէ՛ր, ինչո՞ւ ես այդպէս խիստ զայրանում քո ժողովրդի վրայ, որին քո մեծ զօրութեամբ ու հզօր բազկով դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից: 12 Այնպէս չլինի, որ եգիպտացիներն ասեն. “Չար մտադրութեամբ դուրս բերեց նրանց, որպէսզի լեռների վրայ կոտորի, երկրի երեսից վերացնի նրանց”: Մեղմացրո՛ւ քո զայրոյթը, հրաժարուի՛ր քո ժողովրդին չարիք պատճառելուց: 13 Յիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, որոնց անձովդ երդուեցիր, խօսեցիր նրանց հետ՝ ասելով. “Երկնքի աստղերի չափ պիտի բազմացնեմ ձեր սերունդը”: Եւ այն երկիրը, որ խոստացար տալ նրանց զաւակներին, նրանք յաւիտեան պիտի տիրանան դրան»: 14 Եւ Տէրը հրաժարուեց պատճառել այն չարիքները, որոնցով սպառնում էր պատժել ժողովրդին: 15 Մովսէսը վերադարձաւ եւ իջաւ լեռից: Նրա ձեռքին էին վկայութեան երկու տախտակները: Քարէ տախտակների երկու երեսին այս ու այն կողմից գրուած էր: 16 Տախտակներն Աստծոյ գործն էին, իսկ տախտակների վրայ գրուած գիրը Աստծոյ արձանագրած գիրն էր: 17 Յեսուն, լսելով աղաղակող ժողովրդի ձայնը, Մովսէսին ասաց. «Բանակատեղիից պատերազմի ձայն է գալիս»: 18 Մովսէսն ասաց. «Դա ո՛չ յաղթանակած կտրիճների ճիչ է, ո՛չ էլ պարտուած զօրքի աղաղակ: Գինուց ընդարմացած մարդկանց ձայնն է, որ լսում եմ ես»: 19 Երբ Մովսէսը մօտեցաւ բանակատեղիին եւ տեսաւ հորթն ու պարողներին, խիստ զայրացաւ, նետեց ձեռքում եղած երկու տախտակներն ու ջարդուփշուր արեց դրանք լեռան ստորոտին: 20 Վերցնելով նրանց կերտած հորթը՝ Մովսէսը կրակը նետեց այն, ապա մանրեց, փոշու վերածեց, փոշին խառնեց ջրի մէջ ու տուեց ժողովրդին, որ խմի: 21 Մովսէսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրան այդպիսի մեծ մեղքերի մղեցիր»: 22 Ահարոնն ասաց Մովսէսին. «Մի՛ զայրացիր, տէ՛ր իմ, որովհետեւ դու ինքդ էլ գիտես, որ քո ժողովուրդը չարամէտ է: 23 Նրանք ասացին. «Մեզ համար առաջնորդող աստուածներ ստեղծիր, որովհետեւ չգիտենք, թէ ինչ պատահեց այն մարդուն՝ Մովսէսին, որը Եգիպտոսից դուրս բերեց մեզ»: 24 Ես նրանց ասացի. «Եթէ որեւէ մէկը ոսկի ունի, նրանից հանեցէ՛ք դա եւ բերէ՛ք»: Նրանք ինձ տուեցին ոսկին, ես այն նետեցի կրակը, եւ ահա ստացուեց այս հորթը»: 25 Մովսէսը տեսաւ, որ ժողովուրդը պատուիրանազանց է եղել, որովհետեւ Ահարոնը նրանց յանցագործութեան էր մղել ի չարախնդութիւն իրենց թշնամիների: 26 Մովսէսը, կանգնելով բանակատեղիի մուտքի մօտ, ասաց. «Ով Տիրոջն է պատկանում, ինձ մօտենայ»: Նրա շուրջը հաւաքուեցին Ղեւիի բոլոր որդիները: 27 Մովսէսը նրանց ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Իւրաքանչիւրը իր սուրը թող կապի իր ազդրին: Բանակատեղիի մի մուտքից միւսը գնացէք-եկէք, եւ ձեզնից իւրաքանչիւրը թող սպանի իր եղբօրը, իւրաքանչիւրը՝ իր ընկերոջը, իւրաքանչիւրը՝ իր մերձաւորին”»: 28 Ղեւիի որդիներն արեցին այնպէս, ինչպէս ասել էր Մովսէսը: Այդ օրը ժողովրդի միջից շուրջ երեք հազար մարդ կոտորուեց: 29 Մովսէսն ասաց նրանց. «Այսօր իւրաքանչիւրդ ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը. մէկը սպանեց իր որդուն, միւսն՝ իր եղբօրը, որի համար այսօր ձեզ վրայ կիջնի Տիրոջ օրհնութիւնը»: 30 Յաջորդ օրը Մովսէսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք էք գործել, բայց ես հիմա կբարձրանամ Աստծոյ մօտ, որպէսզի ձեր մեղքերի համար քաւութիւն խնդրեմ նրանից»: 31 Մովսէսը վերադարձաւ Տիրոջ մօտ ու ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, այդ ժողովուրդը մեծ մեղք է գործել, որովհետեւ իր համար ոսկէ աստուածներ է կերտել: Արդ, եթէ ներելու ես իրենց մեղքերը, ների՛ր, 32 իսկ եթէ չես ներելու, ուրեմն իմ անունը ջնջի՛ր քո մատեանից, ուր գրել ես ինձ»: 33 Տէրն ասաց Մովսէսին. «Ես իմ մատեանից կջնջեմ նրան, ով մեղանչել է իմ դէմ: 34 Բայց հիմա գնա՛, իջի՛ր եւ այդ ժողովրդին առաջնորդի՛ր այն վայրը, որի մասին ասել եմ քեզ: Իմ հրեշտակը կգնայ քո առաջից: Այն օրը, սակայն, երբ պիտի այցելեմ ձեզ, նրանց մեղքերը իրենց վրայ պիտի դնեմ»: 35 Եւ Տէրը ժողովրդին պատուհասեց այն հորթի համար, որ կերտել էր Ահարոնը:

33
1 Տէրն ասաց Մովսէսին. «Ելէ՛ք այստեղից դու եւ քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից, եւ գնացէ՛ք այն երկիրը, որ երդուել եմ տալ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին՝ ասելով. “Ձեր սերնդին եմ տալու այն”: 2 Ես քո առաջից կուղարկեմ իմ հրեշտակին, որ հալածի քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, խեւացիներին ու յեբուսացիներին, 3 քեզ կտանեմ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում: Բայց ես, կամակո՛ր ժողովուրդ, քեզ հետ դուրս չպիտի ելնեմ, որպէսզի ճանապարհին քեզ չկոտորեմ»: 4 Ժողովուրդը, լսելով այդ խիստ խօսքերը, մեծ սուգ արեց, սգաւորի զգեստներ հագաւ, ոչ ոք իր վրայ զարդ չկրեց: 5 Տէրն ասաց Մովսէսին. «Դու իսրայէլացիներին ասա՛. “Դուք կամակոր ժողովուրդ էք: Զգո՛յշ եղէք, թէ չէ մի այլ պատուհաս էլ կբերեմ ձեր գլխին եւ կկոտորեմ ձեզ: Արդ, հանեցէ՛ք ձեր շքեղ պատմուճանները, ձեր զարդերը, որպէսզի ցոյց տամ ձեզ, թէ ինչ եմ անելու ձեզ”»: 6 Իսրայէլացիները Քորէբ լեռան մօտ հանեցին իրենց զարդերն ու պատմուճանները: 7 Մովսէսն իր վրանը խփեց բանակատեղիից դուրս՝ առանձին մի տեղում: Դա կոչուեց Վկայութեան վրան: Ով ինչ հայցում էր Տիրոջից, գալիս էր բանակատեղիից դուրս գտնուող Վկայութեան վրանը: 8 Երբ Մովսէսը դէպի վրանն էր գնում, ողջ ժողովուրդը, ամէն մէկն իր վրանի դռան մօտ կանգնած, ուշադիր դիտում էր նրան. նրանք հայեացքով հետեւում էին Մովսէսին, մինչեւ որ նա գնում մտնում էր իր վրանը: 9 Երբ Մովսէսը մտնում էր վրանը, ամպի մի սիւն էր իջնում ու կանգնում վրանի դռան մօտ, եւ Տէրը խօսում էր Մովսէսի հետ: 10 Ողջ ժողովուրդը, տեսնելով վրանի դռան մօտ կանգնած ամպի սիւնը, ոտքի էր կանգնում, իւրաքանչիւրը երկրպագում էր իր վրանի դռան մօտ: 11 Տէրը Մովսէսի հետ խօսում էր դէմ յանդիման, ինչպէս մէկը կխօսէր իր բարեկամի հետ, եւ ապա Մովսէսը վերադառնում էր բանակատեղի: Բայց նրա սպասաւոր Յեսուն՝ Նաւէի որդին, վրանից դուրս չէր գալիս: 12 Մովսէսն ասաց Տիրոջը. «Ահա ինձ ասում ես՝ “Տա՛ր այս ժողովրդին”, բայց դու չես յայտնել, թէ ում ես ուղարկելու ինձ հետ: Դու ինձ ասացիր. “Քեզ բոլորից բարձր եմ դասում, դու վայելում ես իմ շնորհը”: 13 Արդ, եթէ քո շնորհին եմ արժանացել ես, ինձ յայտնապէս երեւայ, որպէսզի իմանամ, թէ ինչով եմ արժանացել քո շնորհին, իմանամ, որ քո այս ժողովուրդը մեծ ազգ է լինելու»: 14 Տէրն ասաց. «Ես ինքս պիտի գնամ քո առաջից ու պիտի տեղաւորեմ քեզ»: 15 Մովսէսն ասաց նրան. «Եթէ դու ինքդ մեզ հետ չգնաս, ուրեմն ինձ այստեղից մի՛ հանիր: 16 Եւ ինչի՞ց պիտի իմացուի, թէ ես ու քո ժողովուրդն, իրօք, քո շնորհին ենք արժանացել: Եթէ դու մեզ հետ գնաս, ես ու քո ժողովուրդը կփառաւորուենք շատ աւելի, քան երկրի վրայ եղած բոլոր ազգերը»: 17 Տէրն ասաց Մովսէսին. «Այդ քո ասածն էլ կկատարեմ, որովհետեւ դու իմ շնորհին ես արժանացել, եւ քեզ աւելի եմ ճանաչում, քան մնացած բոլորին»: 18 Մովսէսն ասաց. «Ցո՛յց տուր ինձ քո փառքը»: 19 Տէրն ասաց. «Ես իմ փառքով կանցնեմ քո առաջից, քո առաջ կկոչեմ իմ անունը՝ Տէր, կողորմեմ նրան, ում ողորմելու եմ, եւ կգթամ նրան, ում գթալու եմ»: 20 Եւ Տէրն աւելացրեց. «Դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետեւ մարդ չի կարող տեսնել իմ երեսն ու կենդանի մնալ»: 21 Տէրը շարունակեց. «Ահա իմ առաջ մի տեղ կայ, կանգնի՛ր այս ժայռի վրայ: 22 Երբ ես անցնեմ իմ փառքով, քեզ կդնեմ ժայռի ծերպի մէջ եւ իմ ձեռքով կծածկեմ քեզ, մինչեւ որ անցնեմ: 23 Իմ ձեռքը քեզ վրայից կվերցնեմ, եւ ապա դու ինձ կտեսնես թիկունքից: Բայց իմ դէմքը քեզ չի երեւայ»:

34
1 Տէրն ասաց Մովսէսին. «Դու ինքդ նախկին տախտակների նման քարէ երկու տախտակներ կոփի՛ր եւ ինձ մօտ՝ լե՛ռը բարձրացիր: Տախտակների վրայ կգրեմ այն պատգամները, որ արձանագրուած էին քո ջարդուփշուր արած նախկին տախտակների վրայ: 2 Պատրա՛ստ եղիր վաղը, որ վաղ առաւօտեան բարձրանաս Սինա լեռը եւ այնտեղ ինձ սպասես լեռան գագաթին: 3 Հետդ ոչ ոք թող չբարձրանայ, ոչ ոք ամենեւին չերեւայ լեռան վրայ: Արջառ ու ոչխար չարածեն լեռան մօտ»: 4 Մովսէսը նախկինների նմանութեամբ քարէ երկու տախտակներ կոփեց: Առաւօտեան վեր կենալով՝ Մովսէսը բարձրացաւ Սինա լեռը, ինչպէս Տէրն էր հրամայել նրան: Մովսէսն իր հետ վերցրեց քարէ երկու տախտակները: 5 Տէրն իջաւ ամպի մեջ, կանգնեց այնտեղ՝ նրա դիմաց, ու կոչեց իր անունը՝ Տէր: 6 Տէրն անցաւ Մովսէսի առաջ՝ ասելով. «Տէր Աստուած եմ, գթացող եւ ողորմած, համբերատար, բարեգութ ու ճշմարիտ, որ 7 արդարութիւնն է պաշտպանում, իր ողորմածութիւնն է ցուցաբերում հազարաւոր սերունդների հանդէպ, վերացնում անօրինութիւնները, անիրաւութիւններն ու մեղքերը, մեղաւորին չի ազատում պատժից, հայրերի գործած մեղքերը բարդում է որդիների եւ որդիների որդիների վրայ մինչեւ երրորդ ու չորրորդ սերունդը»: 8 Մովսէսն, իսկոյն խոնարհուելով, երկրպագութիւն արեց 9 ու ասաց. «Տէ՛ր, եթէ քո շնորհին եմ արժանացել, ուրեմն իմ Տէրը մեզ հետ թող գնայ, որովհետեւ այս ժողովուրդը կամակոր է: Դու կներես մեր անօրինութիւններն ու մեղքերը, եւ մենք կլինենք քոնը»: 10 Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քո ու ամբողջ ժողովրդի առաջ քեզ հետ ուխտ եմ դնում: Ես այնպիսի զարմանահրաշ գործեր պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրայ եւ բոլոր ազգերի մէջ չեն կատարուել: Ամբողջ ժողովուրդը, նրանց թւում նաեւ դու, ականատես պիտի լինէք Տիրոջ գործերին: Որովհետեւ ձեզ համար ես զարմանահրաշ գործեր պիտի անեմ: 11 Ըստ ամենայնի դու ուշադիր եղիր, թէ ինչ եմ կարգադրելու քեզ այսօր: Ես ահա ձեզնից հեռացնելու եմ ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խեւացիներին, գերգեսացիներին ու յեբուսացիներին: 12 Զգո՛յշ եղիր, ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր մուտք ես գործելու: Չլինի թէ գայթակղուէք: 13 Քարուքանդ կանէք նրանց բագինները, ջարդուփշուր կանէք նրանց արձանները, ամբողջովին կկտրէք նրանց սրբազան անտառները եւ կրակի կտաք նրանց աստուածների արձանները: 14 Օտար աստուածների չերկրպագէք, որովհետեւ Տէր Աստուած նախանձոտ է, այո՛, Աստուած նախանձոտ է: 15 Չլինի թէ ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ եւ նրանց աստուածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան, զոհեր մատուցեն նրանց աստուածներին, եւ նրանց հրաւէրն ընդունելով՝ չլինի թէ դու էլ ուտես նրանց զոհաբերած անասունների մսից, 16 քո տղաներին ամուսնացնես նրանց դուստրերի հետ, քո դուստրերին կնութեան տաս նրանց տղաներին, քո դուստրերը, նրանց աստուածներին պաշտամունք մատուցելով, պոռնկանան ու պոռնկացնեն նաեւ քո՛ տղաներին՝ աստուածներին պաշտամունք մատուցելով: 17 Քեզ համար աստուածների կուռքեր չձուլես: 18 Կպահես Բաղարջակերաց տօնը. նոր բերք քաղելու ամսին, ինչպէս պատուիրել եմ քեզ, եօթ օր բաղարջ հաց կուտես, քանի որ նոր բերք քաղելու ամսին ես դուրս եկել Եգիպտոսից: 19 Ինձ պիտի պատկանեն բոլոր մարդկանց անդրանիկ արու զաւակները, 20 նաեւ՝ քո անասունների՝ արջառի ու ոչխարի առաջնածին արուները: Էշի առաջնածինին կփոխանակես գառով, իսկ եթէ չփոխանակես այն, ինձ կտաս դրա փոխարժէքը: Քո որդիների բոլոր անդրանիկների փրկագինը կտաս ինձ: Իմ առաջ ձեռնունայն չերեւաս: 21 Վեց օր կաշխատես, իսկ եօթերորդ օրը կհանգստանաս: Կհանգստանաս նաեւ ցանքի ու հնձի ժամանակ: 22 Եօթօրեակի տօնը ինձ համար կկատարես ցորենի հնձի սկզբում, իսկ բերքահաւաքի տօնը՝ տարուայ կէսին: 23 Տարին երեք անգամ քո բոլոր արու երեխաները թող ներկայանան Իսրայէլի Տէր Աստծուն, 24 որովհետեւ ես ազգեր պիտի հեռացնեմ քո մօտից, պիտի ընդարձակեմ քո սահմանները, ոչ ոք աչք չպիտի ունենայ քո երկրի վրայ, եթէ տարուայ մէջ երեք անգամ ներկայանաս Տէր Աստծուն: 25 Ինձ զոհաբերած անասունի արիւնը թթխմորով հացի վրայ չթափես, եւ Զատկի տօնի զոհը մինչեւ առաւօտ չմնայ: 26 Քո երկրի առաջին բերքը կտանես քո Տէր Աստծոյ տունը: Գառը իր մօր կաթի մէջ չեփես»: 27 Տէրն այնուհետեւ ասաց Մովսէսին «Գրի՛ առ այդ պատգամները, որովհետեւ այդ խօսքերով եմ ես ուխտ կապում քեզ հետ եւ Իսրայէլի հետ»: 28 Մովսէսը Տիրոջ հետ էր քառասուն օր ու քառասուն գիշեր: Նա հաց չկերաւ, ջուր չխմեց եւ տախտակների վրայ գրի առաւ ուխտի խօսքերը՝ տասը պատուիրանները: 29 Երբ Մովսէսն իջնում էր Սինա լեռից, ուխտի երկու տախտակները Մովսէսի ձեռքին էին: Լեռից իջնելիս Մովսէսը չգիտէր, որ Տիրոջ հետ խօսելու պատճառով իր երեսը ճառագում է: 30 Ահարոնն ու բոլոր իսրայէլացիները, տեսնելով Մովսէսի ճառագող երեսը, վախեցան մօտենալ նրան: 31 Մովսէսը կանչեց նրանց. Ահարոնն ու ժողովրդի բոլոր առաջնորդները գնացին նրա մօտ, եւ Մովսէսը խօսեց նրանց հետ: 32 Ապա նրան մօտեցան բոլոր իսրայէլացիները, եւ Մովսէսը պատմեց նրանց այն ամէնը, ինչ Տէրը խօսել էր իր հետ Սինա լեռան վրայ: 33 Երբ Մովսէսը նրանց հաղորդած իր խօսքը վերջացրեց, երեսը ծածկեց քողով: 34 Երբ Մովսէսը Տիրոջ հետ խօսելու համար ներկայանում էր նրան, հանում էր քողը մինչեւ այնտեղից հեռանալը: Եւ երբ հեռանում էր այնտեղից, նա բոլոր իսրայէլացիներին հաղորդում էր այն, ինչ Տէրը հրամայել էր իրեն: 35 Իսրայէլացիները տեսնում էին, որ Մովսէսի երեսը ճառագում է: Մովսէսն այն ժամանակ քողով ծածկում էր երեսը մինչեւ խօսելու համար նրա մօտ մտնելը:

35
1 Մովսէսը հաւաքեց ամբողջ իսրայէլացի ժողովրդին ու ասաց նրանց. «Ահա այն բաները, որ Տէրն ասաց, որ պէտք է անել: 2 Վեց օր պիտի աշխատէք, իսկ եօթերորդ օրը պիտի հանգստանաք. շաբաթ օրը սուրբ է՝ Տիրոջ հանգստեան օրը: Ով որ այդ օրն աշխատի, կմեռնի: 3 Շաբաթ օրը ձեր բոլորի տներում կրակ չպիտի վառուի, որովհետեւ ես եմ Տէրը»: 4 Մովսէսը, դիմելով Իսրայէլի ամբողջ ժողովրդին, ասաց. «Այս է այն պատգամը, որ պատուիրել է Տէրը՝ ասելով. 5 “Դուք ձեր մէջ տուրք հաւաքեցէ՛ք Տիրոջ համար: Ում սրտով ինչ անցնի, այն թող նուիրի Տիրոջը. ոսկի, արծաթ, պղինձ, կապոյտ, 6 ծիրանի եւ կրկնակի կարմիր գոյնի մանուած թելեր, նրբահիւս բեհեզ, այծի մազ, 7 խոյի կարմիր ներկուած մորթի, կապոյտ ներկուած մորթիներ, կարծր փայտեր, 8 լուսաւորութեան համար ձէթ, օծութեան իւղի համար համեմունքներ, խնկի բաղադրամասեր, 9 սարդիոն քարեր, զմրուխտ քարեր, վակասի եւ երկարաւուն պատմուճանի համար քարեր: 10 Ձեր միջի խելահասները թող գան ու անեն այն ամէնը, ինչ պատուիրել է Տէրը. 11 վրանն ու նրա ծածկը, նրա ծոպաւոր վարագոյրներն ու օղակները, նրա տախտակներն ու նիգերը, նրա մոյթերն ու խարիսխները, 12 վկայութեան տապանակը, նրա լծակները, կափարիչը, քողը, բակի առագաստն ու նրա մոյթերը, զմրուխտ քարերը, խնկերը, օծութեան իւղը, 13 զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, զոհասեղանի ամպհովանին, նրա լծակներն ու ամբողջ սպասքը, առաջաւորութեան հացը, 14 լոյսի աշտանակն ու նրա բոլոր մասերը, նրա կանթեղներն ու լուսաւորութեան ձէթը, 15 խնկարկութեան սեղանն ու նրա լծակները, օծութեան իւղը, խնկերի համեմունքները, վրանի դռան վարագոյրը, 16 ողջակէզների զոհասեղանն ու նրա պղնձէ կասկարան, նրա լծակներն ու ամբողջ սպասքը, 17 աւազանն ու նրա պատուանդանը, բակի առագաստը, նրա մոյթեն ու խարիսխները, 18 բակի դռան առագաստը, վրանի ցցերն ու բակի ցցերը, դրանց պարանները, 19 այն զգեստները, որոնցով սրբազան պաշտամունք պիտի կատարեն սրբարանում, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու Ահարոնի որդիների քահանայութեան զգեստները”»: 20 Բոլոր իսրայէլացիները գնացին Մովսէսի մօտից, 21 եւ ամէն մէկը բերեց իր սրտից բխածը. նրանք Տիրոջն էին նուիրաբերում այն ամէնը, ինչ անհրաժեշտ էր վկայութեան խորանի, նրա կահաւորանքի, բոլոր սրբազան զգեստների համար: 22 Բոլոր տղամարդիկ, ում մտքով ինչ որ անցնում էր, բերեցինю ոմանք՝ իրենց կանանց թանկագին քարերը, գինդերը, մատանիները, ծամակալները, մանեակներն ու ամէն տեսակ ոսկէ զարդեր: Բոլոր տղամարդիկ իրենց ունեցած ոսկէ իրերը նուիրաբերում էին Տիրոջը: 23 Ամէն տղամարդ, ում մօտ կային կապոյտ, ծիրանի եւ կարմիր գոյնի մանուած թելեր, նրբահիւս բեհեզ, այծի մազ, խոյերի կարմիր ներկուած մորթիներ, կապոյտ ներկուած մորթիներ, բերում էր: 24 Նուիրաբերողները արծաթէ ու պղնձէ նուէրներ էին բերում Տիրոջը: Ում մօտ կահոյքի համար պիտանի կարծր փայտ կար, բերում էր: 25 Բոլոր շնորհալի կանայք իրենց ձեռքով կապոյտ, ծիրանի ու կարմիր գոյնի թելեր ու բեհեզ էին հիւսում եւ նուէր բերում: 26 Բոլոր կանայք յօժարակամ այծերի մազ էին մանում հմտութեամբ: 27 Ցեղապետները բերում էին զմրուխտէ քարեր, վակասի ու լանջապանակի համար անհրաժեշտ քարեր, 28 խնկերի համար համեմունքներ, լուսաւորութեան համար ձէթ ու օծութեան իւղ: 29 Բոլոր տղամարդիկ ու կանայք յօժարակամ գալիս էին կատարելու այն բոլոր գործերը, որ Տէրը պատուիրել էր անել Մովսէսի միջոցով: Իսրայէլացիները նուէրներ էին մատուցում Տիրոջը: 30 Մովսէսն ասաց իսրայէլացիներին. «Տեսէ՛ք, Աստուած ընտրել է յատկապէս Յուդայի ցեղից Բեսելիէլին՝ Ուրիի որդուն, որը որդին էր Ովրի: 31 Աստուած նրան լցրել է ամէն ինչի համար անհրաժեշտ աստուածային իմաստութեան ոգով, հանճարով եւ գիտութեամբ, 32 որպէսզի նա ամէն մի գործ կատարի հմտութեամբ, մշակի ոսկին, արծաթն ու պղինձը, 33 տաշի թանկարժէք քարերը, մշակի փայտը եւ ամէն մի գործ կատարի վարպետօրէն, որովհետեւ Տէրը նրան իմաստութիւն է պարգեւել, 34 ինչպէս որ Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին, 35 որոնց իմաստուն միտք պարգեւեց, որպէսզի սրանք սովորեն ու կատարեն սուրբ գործի համար անհրաժեշտ ամէն տեսակ գործեր. ոստայնանկութիւն անեն կապոյտ, ծիրանի ու կարմիր ներկուած թելերով եւ բեհեզով, նկարեն, քանդակեն»:

36
1 Բեսելիէլը, Եղիաբն ու ընդունակ բոլոր տղամարդիկ, որոնց Տէրը գործի մէջ խելամուտ լինելու համար իմաստութիւն եւ գիտութիւն էր պարգեւել, ըստ ամենայնի կատարեցին սրբարանը հանդերձաւորելու աշխատանքները՝ այնպէս, ինչպէս հրամայել էր Տէրը: 2 Մովսէսը կանչեց Բեսելիէլին, Եղիաբին ու բոլոր նրանց, ովքեր ընդունակ էին գործ անելու, եւ որոնց Աստուած իմաստութեան ոգի էր պարգեւել, բոլորին, ովքեր յօժար կամքով ուզում էին ձեռնարկել ու աւարտել այդ գործը: 3 Նրանք Մովսէսից ստացան այն բոլոր նուէրները, որ իսրայէլացիները բերել էին սրբարանը հանդերձաւորելու համար: Ամէն առաւօտ նրանք ընդունում էին նաեւ նուիրատուների բերած նուէրները: 4 Գալիս էին սրբարանի գործերը կատարող բոլոր վարպետները, որպէսզի իւրաքանչիւրն ըստ իր մասնագիտութեան գործադրի իր վարպետութիւնը: 5 Նրանք խօսեցին Մովսէսի հետ ու ասացին. «Ժողովուրդը շատ աւելին է բերում, քան անհրաժեշտ է Աստծոյ հրամայած գործը կատարելու համար»: 6 Մովսէսը կարգադրեց բանակատեղիում յայտարարութիւն անել եւ ասել. «Տղամարդ լինի թէ կին, սրբարանի համար այլեւս նուէրներ չպատրաստի»: Դրանից յետոյ ժողովրդին արգելեցին նուէրներ բերել: 7 Բերում էին միայն իրենց արդէն իսկ գործածները, որպէսզի աւարտեն բոլոր գործերը: Եւ մարդիկ դադարեցին բերելուց: 8 Գործի ընդունակ բոլոր մարդիկ արհեստաւորների հետ նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի ու կրկնակի կարմիր կտաւից պատրաստեցին տասը շերտանի խորանը, այն զարդարեցին ասեղնագործ քերովբէներով: 9 Մէկ շերտի երկարութիւնը քսանութ կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Բոլոր շերտերի չափսը նոյնն էր: 10 Հինգ շերտերը միացուած էին միւս հինգ շերտերին, իսկ միւս հինգ շերտերն էլ միացուած էին միւս հինգին: 11 Նա կապոյտ ճարմանդներ դրեց մի շերտի եզրին՝ միացման տեղում: 12 Նոյնն արեց միացուող երկրորդ շերտի արտաքին կցուածքի վրայ: 13 Յիսուն ճարմանդ դրեց մի շերտի եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի կողմից, որպէսզի ճարմանդներից իւրաքանչիւրը միանայ միւսին: Պատրաստեց ոսկէ յիսուն օղակներ եւ դրանցով շերտերը միացրեց միմեանց: Ստացուեց մի խորան: 14 Խորանի համար այծի մազից հիւսուած ծածկեր պատրաստեց. տասնմէկ շերտից շինեց դրանք: 15 Մէկ շերտի երկարութիւնը երեսուն կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Տասնմէկ շերտերի չափսը նոյնն էր: 16 Հինգ շերտերը միացրեց առանձին եւ վեց շերտերն էլ՝ առանձին: 17 Միացման տեղում, շերտերի եզրին, դրեց յիսուն ճարմանդ եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի եզրին: 18 Պատրաստեց յիսուն պղնձէ օղակներ եւ դրանք իրար կցեց, որ վրանը միակտուր դառնայ: 19 Խորանի ծածկը պատրաստեց խոյերի կարմիր ներկուած մորթիներից, իսկ կապոյտ մորթուց պատրաստուած ծածկը դրեց վերին կողմից: 20 Խորանի երկու մոյթերը պատրաստեց կարծր փայտից եւ դրեց ուղղահայեաց դիրքով: 21 Մէկ մոյթի երկարութիւնը տասը կանգուն էր, իսկ հաստութիւնն ու լայնութիւնը՝ մէկուկէս կանգուն: 22 Ամէն մի մոյթի վրայ դրեց իրար ագուցուած երկու ծխնի: Այդպէս պատրաստեց նաեւ խորանի բոլոր մոյթերը: 23 Խորանի համար մոյթեր պատրաստեց. քսան մոյթ դրեց հարաւային կողմում եւ այդ քսան մոյթերի համար պատրաստեց քառասուն խարիսխ. 24 մէկ մոյթի երկու կողմերի համար՝ երկու խարիսխ եւ միւս մոյթի երկու կողմերի համար էլ՝ երկու խարիսխ: 25 Վրանի երկրորդ՝ հիւսիսային կողմի համար պատրաստեց քսան մոյթ 26 եւ արծաթէ քառասուն խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ եւ միւս մոյթի համար էլ՝ երկու խարիսխ: 27 Վրանի յետեւի՝ ծովահայեաց կողմում դրեց վեց մոյթ 28 եւ երկու մոյթ էլ դրեց վրանի անկիւններին՝ յետեւի կողմից: 29 Ներքեւի կողմից նրանք իրար հաւասար էին: Նոյն ձեւով հաւասար էին գլխի՝ իրար միացուած կողմից: Նոյն ձեւով շինեց նաեւ երկու անկիւնների մոյթերը: 30 Այսպիսով ստացուեց ութ մոյթ: Դրանց խարիսխներն արծաթից էին, ընդամէնը՝ տասնվեց խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ եւ երկու խարիսխ էլ՝ միւս մոյթի համար: 31 Կարծր փայտից նիգեր պատրաստեց. հինգ նիգ՝ վրանի մի կողմի մի մոյթի համար, 32 հինգ նիգ՝ վրանի երկրորդ կողմի միւս մոյթի համար եւ հինգ նիգ՝ վրանի թիկունքի՝ ծովահայեաց կողմի մոյթի համար: 33 Մէջտեղի նիգը մոյթերի մի ծայրից մինչեւ միւսն անցկացնելով՝ միացրեց իրար: 34 Երկու մոյթերը պատեց ոսկով: Ոսկուց պատրաստեց նրանց երկու օղակները, որոնց մէջ մտնում էին նիգերը: Նիգերը պատեց ոսկով: 35 Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից վարագոյր պատրաստեց: Այն զարդարեց ասեղնագործուած քերովբէով 36 եւ ամրացրեց կարծր փայտից շինուած չորս մոյթերի վրայ: Դրանց խոյակները ոսկուց էին, իսկ չորս խարիսխները՝ արծաթից: 37 Վկայութեան խորանի դռան առագաստը պատրաստեց կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից, վրան՝ ասեղնագործուած քերովբէ: 38 Շինեց խորանի հինգ մոյթերն ու դրանց օղակները, դրանց խոյակները պատեց ոսկով: Դրանց պղնձէ խարիսխները հինգն էին:

37
1 Բեսելիէլը տապանակը կառուցեց կարծր փայտից. երկուսուկէս կանգուն էր դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն էր դրա լայնութիւնը, մէկուկէս կանգուն էր դրա բարձրութիւնը: Այն ներսից ու դրսից պատեց ոսկով, 2 դրա վրայ շուրջանակի ոսկէ պսակ շինեց: 3 Չորս ոսկէ օղակներ ձուլեց դրա չորս կողմերի համար. երկու օղակներ՝ մի կողմից եւ երկու օղակներ՝ միւս կողմից: Դրանք հագցրեց լծակներին: 4 Լծակները շինեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով: 5 Լծակները տապանակի կողքերից մտցրին օղակների մէջ, որպէսզի դրանցով բարձրացնեն այն: 6 Տապանակի կափարիչը պատրաստեցին մաքուր ոսկուց. երկուսուկէս կանգուն էր դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը: 7 Կափարիչի երկու ծայրերի երկու քերովբէները պատրաստեց ոսկուց. կատարեալ մի գործ շինեց դրանք: 8 Մի քերովբէն դրուած էր կափարիչի մի ծայրին, իսկ միւս քերովբէն՝ կափարիչի միւս ծայրին: Երկու քերովբէները միաձոյլ էին կափարիչի երկու ծայրերի հետ: 9 Քերովբէները դէպի վեր էին տարածել իրենց թեւերը եւ իրենց թեւերով հովանի էին անում կափարիչի վրայ: Կափարիչի վրայ քերովբէների դէմքերը իրար դէմ դիմաց էին: 10 Առաջաւորութեան սեղանը պատրաստեց մաքուր ոսկուց: Դրա համար ոսկէ չորս օղակներ ձուլեց. երկուսը՝ մի կողմի եւ երկուսը՝ միւս կողմի համար: Պատրաստեց նաեւ լծակներ, որպէսզի դրանցով բարձրացնեն սեղանը: Տապանակի ու սեղանի լծակները պատրաստեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով: Երկու կանգուն էր սեղանի երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը, եւ մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը: 11 Այն պատեց մաքուր ոսկով եւ դրա համար շուրջանակի ոսկէ պսակներ պատրաստեց: 12 Դրա վրայ շուրջանակի, մէկ թզաչափ բարձրութեամբ շրջանակ դրեց եւ դրա շրջանակի չորս կողմը ոսկէ պսակներ դրեց: 13 Սեղանի համար ոսկէ չորս օղակներ պատրաստեց եւ օղակներն ամրացրեց չորս անկիւններին, 14 որոնք նրա չորս ոտքերի վրայ էին՝ պսակի տակ: Օղակները լծակների համար իբրեւ ագոյց ծառայեցին, որպէսզի մարդիկ, լծակներից բռնած, բարձրացնեն սեղանը: 15 Կարծր փայտից երկու լծակներ պատրաստեց, որպէսզի դրանցով բարձրացնեն սեղանը, եւ դրանք պատեց ոսկով: 16 Մաքուր ոսկուց պատրաստեց սեղանի անօթները՝ դրա խնկամաններն ու սկուտեղները, դրա գաւաթներն ու սկիհները, որոնցով գինի են մատուցում: 17 Ոսկուց պատրաստեց լոյսի միաձոյլ աշտանակը՝ բունն ու նրա երկու կողմերի ճիւղերը: Աշտանակի բնից բաժանւում էին ճիւղերը, երեքը՝ մի կողմից եւ երեքը՝ միւս կողմից, իրար հաւասար: Ոսկուց պատրաստեց դրա բոլոր միաձոյլ, ընկուզաձեւ ծայրեր ունեցող լուսակալները, դրա ճրագակալները, որոնց վրայ ճրագամաններն են դրւում, եւ աշտանակի եօթերորդ կանթեղը, որը բնի ամենավերին մասում է դրւում: Մաքուր ոսկուց պատրաստեց դրա վրայ գտնուող եօթ ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները: Քանդակազարդ արեց աշտանակը, բունն ու նրա ճիւղերը, նրա սկահակները: Գնդիկներն ու շուշանաձեւ ծաղիկները միաձոյլ էին: 18 Վեց ճիւղեր էին բաժանւում նրա երկու կողմերից. երեք ճիւղը՝ աշտանակի մի կողմից եւ երեք ճիւղը՝ աշտանակի միւս կողմից: 19 Մի ճիւղն ունէր գնդիկից ու շուշանաձեւ ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակ եւ միւս ճիւղն էլ ունէր գնդիկից ու շուշանաձեւ ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակ: Այսպէս բոլոր վեց ճիւղերը բաժանուած էին աշտանակի երկու կողմերից: 20 Աշտանակի բնի վրայ քանդակուած էին ընկուզաձեւ չորս սկահակներ՝ իրենց գնդիկներով ու շուշանաձեւ ծաղիկներով: 21 Երկու ճիւղերի տակ՝ մէկական գնդիկ ու ծաղիկ՝ բնին ձուլուած. այսպէս էին բնից բաժանուած վեց ճիւղերը: 22 Դրանց գնդիկներն ու ծաղիկները միաձոյլ էին՝ բոլորը քանդակուած մի կտոր մաքուր ոսկուց: 23 Դրա եօթ ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները մաքուր ոսկուց էին: 24 Մի տաղանդ մաքուր ոսկուց պատրաստեց աշտանակն ու դրա բոլոր մասերը: 25 Նա ոսկեպատ զոհասեղանը պատրաստեց կարծր փայտից: Այն քառակուսի էր. հինգ կանգուն էր երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը, եւ երեք կանգուն՝ բարձրութիւնը: Դրա եղջիւրաւոր անկիւնները զոհասեղանի հետ միաձոյլ էին: 26 Մաքուր ոսկով պատեց այն, ինչպէս նաեւ դրա կափարիչը, բոլոր կողերն ու եղջիւրաւոր անկիւնները: 27 Դրա չորս կողմերի համար պատրաստեց ոսկէ պսակներ. պսակների տակ, երկու կողմերին. երկու ոսկէ օղակներ ամրացրեց, որպէսզի այն բարձրացնելիս լծակները մտցնեն այդ օղակների մէջ: 28 Լծակները պատրաստեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով: 29 Նա վարպետ իւղագործների՛ նման պատրաստեց օծութեան սուրբ իւղը եւ խնկերի համեմունքները:

38
1 Զոհասեղանը պղնձապատեց այն բուրվառների պղնձով, որոնք Կորխի ժողովրդի հետ ապստամբած մարդկանց ձեռքին էին: Կարծր փայտից պատրաստեց այն: Զոհասեղանը քառակուսի էր. հինգ կանգուն էր դրա երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը, իսկ երեք կանգուն՝ բարձրութիւնը: 2 Զոհասեղանի չորս կողմը պատրաստեց եղջիւրաւոր անկիւններ, որոնք զոհասեղանի հետ միաձոյլ էին: Նա դրանք պատեց պղնձով: 3 Նա պատրաստեց զոհասեղանի ամբողջ սպասքը՝ խարիսխները, կափարիչը, տաշտերը, մեծ պատառաքաղներն ու բուրվառները: Դրա ամբողջ սպասքը պատրաստեց պղնձից: 4 Նա բուրվառներից պատրաստեց զոհասեղանի ցանցաւոր կասկարաները, որոնք շրջանակի տակից հասնում էին մինչեւ զոհասեղանի մէջտեղը: 5 Զոհասեղանի կասկարայի չորս կողմերին ամրացրեց պղնձէ չորս օղակներ, որպէսզի լծակներն անցկացնեն այդ օղակների մէջ: 6 Լծակները շինեց կարծր փայտից եւ դրանք պատեց պղնձով: 7 Լծակներն անցկացրին զոհասեղանի կողքերին գտնուող օղակների մէջ, որպէսզի զոհասեղանը դրանցով բարձրացնեն: Այն ամբողջովին պատրաստուած էր տախտակներով: 8 Պղնձէ աւազանն ու դրա պղնձէ պատուանդանը պատրաստեց ուխտաւոր այն կանանց հայելիների պղնձից, որոնք վրանը խփած օրը վկայութեան խորանի դռան մօտ էին հաւաքուել: 9 Կառուցեց մի բակ, որ դէպի հարաւ էր նայում: Բակի առագաստները նրբահիւս բեհեզից էին՝ հարիւր կանգուն երկարութեամբ: 10 Դրանց սիւները քսան հատ էին, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին: 11 Հիւսիսային կողմի առագաստն ունէր հարիւր կանգուն երկարութիւն: Դրա սիւները քսան հատ էին, պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին: 12 Ծովահայեաց բակի առագաստները յիսուն կանգուն էին: Դրանց սիւները տասը հատ էին, խարիսխները՝ տասը հատ: Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին: 13 Արեւելեան կողմի բակի առագաստը յիսուն կանգուն էր, 14 յետեւի կողմի բակի առագաստները տասնհինգ կանգուն էին: Դրանց սիւները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ: 15 Բակի դռան միւս կողմի առագաստները տասնհինգ կանգուն էին: Դրանց սիւները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ: 16 Խորանի չորս կողմերի բոլոր առագաստները նրբահիւս բեհեզից էին: 17 Սիւների խարիսխները պղնձից էին, սիւների դրուագներն ու դրանց գալարազարդերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ, բակի բոլոր սիւները՝ արծաթապատ: 18 Բակի դռան վարագոյրները կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից էին եւ նրբահիւս բեհեզով զարդարուած: Քսան կանգուն էր դրանց երկարութիւնը, տասնհինգ կանգուն՝ բարձրութիւնը: Դրանց լայնութիւնը հաւասար էր բակի առագաստների լայնութեանը: 19 Դրանց մոյթերը չորս հատ էին, դրանց պղնձէ խարիսխները՝ չորս հատ: Դրանց գալարազարդերը արծաթից էին, իսկ դրանց խոյակները՝ արծաթապատ: 20 Բակի ու խորանի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին: 21 Ահա վկայութեան խորանի կառուցման պայմանը. կառուցել այնպէս, ինչպէս Աստուած հրամայել էր Մովսէսին, որպէսզի ղեւտացիները Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով այնտեղ պաշտամունք կատարեն: 22 Յուդայի ցեղից Բեսելիէլը՝ Ուրիի որդին, որը որդին էր Ովրի, արեց այնպէս, ինչպէս Տէրը հրամայել էր Մովսէսին: 23 Բեսելիէլին օգնում էր Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբը, որը, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւ եւ նրբահիւս բեհեզ գործածելով, կատարում էր ոստայնանկութեանը, ասեղնագործութեանն ու նկարչութեանը վերաբերող աշխատանքներ: 24 Սրբարանի բոլոր գործերի համար օգտագործուած ոսկու կշիռը, որը գոյացած էր նուէրներից, եղաւ քսանինը տաղանդ եւ եօթ հարիւր երեսուն սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի: 25 Մարդկանցից հաւաքուած արծաթէ նուէրները կշռում էին հարիւր տաղանդ եւ հազար եօթ հարիւր եօթանասունհինգ սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի. մարդագլուխ մի դրամ՝ սրբարանի սիկղի հետ համեմատած կէս սիկղ: Քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող մարդիկ, ովքեր անցնում էին մարդահամարից, վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգի էին: 26 Հարիւր տաղանդ արծաթ ձուլուեց խորանի հարիւր խոյակների եւ վարագոյրի խոյակների համար. 27 հարիւր տաղանդ՝ հարիւր խոյակի համար, մէկ տաղանդ՝ ամէն մի խոյակի համար: 28 Հազար եօթ հարիւր եօթանասունհինգ սիկղը գործածուեց մոյթերի գալարազարդերի համար, ոսկով պատուեցին դրանց խոյակները եւ զարդարուեցին: 29 Նուիրուած պղինձը եօթանասուն տաղանդ եւ երկու հազար չորս հարիւր սիկղ էր: 30 Դրանով պատրաստուեցին վկայութեան խորանի դռան խարիսխները, պղնձէ զոհասեղանը, պղնձէ զոհասեղանի կասկարան, զոհասեղանի ամբողջ սպասքը, բակի չորս կողմերի խարիսխները, բակի դռան խարիսխները, 31 խորանի բոլոր ցցերը, բակի չորս կողմի բոլոր ցցերը եւ կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից ու նրբահիւս բեհեզից հիւսուած պարանների ծայրերի օղերը:

39
1 Պատրաստեց ծիսական զգեստներ, որպէսզի սրբարանում դրանցով պաշտամունք կատարեն: Պատրաստեց նաեւ սրբարանում Ահարոն քահանայի հագնելիք զգեստներն այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 2 Վակասը պատրաստեցին ոսկով, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով: 3 Ոսկու թերթերը թել-թել կտրում էին, որպէսզի դրանք կապեն կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէնով եւ նրբահիւս բեհեզով: Նկարազարդ վակասի համար պատրաստեցին փոկեր, 4 որպէսզի այն ամրացնեն երկու կողմից: 5 Նոյն ձեւով՝ ոսկով եւ կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով պատրաստեցին թիկնոցը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 6 Ոսկով ժապաւինուած եւ ընդելուզուած զմրուխտէ երկու ակնաքարերի վրայ փորագրեցին Իսրայէլի որդիների անուններն այնպէս, ինչպէս կնիքներն են փորագրում, եւ դրանք ամրացրին վակասի վրայ: 7 Իսրայէլի որդիների յիշատակի ակնաքարերը ամրացրին վակասի ուսին, ինչպէս որ հրամայել էր Տէրը Մովսէսին: 8 Լանջապանակը պատրաստեցին ոսկով, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով, բանուածքով՝ այնպէս, ինչպէս վակասն էին պատրաստել: 9 Քառակուսի եւ կրկնածալ արեցին լանջապանակը. այն ունէր մի թզաչափ երկարութիւն եւ մի թզաչափ լայնութիւն: 10 Դրա վրայ կար ակնաքարերի չորս շարք: Առաջին շարքի վրայ կային սարդիոն, տպազիոն եւ զմրուխտ: Դա առաջին շարքն էր: 11 Երկրորդ շարքը նռնաքար էր, շափիւղայ եւ յասպիս: 12 Երրորդ շարքը սուտակ էր, մեղեսիկ եւ ագատ: 13 Չորրորդ շարքը ոսկեքար էր, եղնգաքար եւ բիւրեղ՝ ոսկով պատուած եւ ընդելուզուած: 14 Ակնաքարերն ըստ Իսրայէլի որդիների անունների էին: Նրանց տասներկու անունները գրուած եւ փորագրուած էին ըստ տասներկու ցեղերից իւրաքանչիւրի անունների: 15 Լանջապանակի երկու օղակների վրայ ամրացրին մաքուր ոսկուց պատրաստուած հիւսկէն շղթաներ: 16 Պատրաստեցին ոսկէ երկու կոճակներ եւ ոսկէ երկու օղակներ. ոսկէ երկու օղակներն ամրացրին լանջապանակի վերին երկու ծայրերին: 17 Հիւսկէն շղթաները լանջապանակի երկու կողմերից ամրացրին երկու օղակների մէջ, իսկ երկու շղթաների ծայրերը մտցրին երկու անցքերի մէջ: Լանջապանակը դրեցին վակասի ուսերին՝ երեսի կողմից իրար դէմ դիմաց: 18 Պատրաստեցին ոսկէ երկու այլ օղակներ եւ լանջապանակի ներսի կողմից ամրացրին վակասին կցուած մասի երկու ծայրերին: Պատրաստեցին ոսկէ երկու այլ օղակներ եւ դրեցին վակասի երկու ուսերին՝ ներսի կողմից, վակասի առջեւի միացման տեղում: 19 Լանջապանակի օղակների ու վակասի օղակների միջով կապոյտ ժապաւէն անցկացնելով՝ այդ երկուսը միացրին իրար այնպէս, որ լանջապանակն ու վակասը միմեանցից չառանձնանան, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 20 Վակասից բացի, ամբողջութեամբ կապոյտ ժապաւէններով հիւսուած կտաւից ներքին պատմուճաններ պատրաստեցին: 21 Դրանց օձիքը հիւսածոյ գործուածքի ճիշտ մէջտեղից էր, օձիքի բացուածքը շուրջանակի չքանդուող եզերք ունէր: 22 Դրանց քղանցքներին մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէններով եւ նրբահիւս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ գործեցին: 23 Մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին եւ զանգակները ներքին պատմուճանների քղանցքներին, շուրջանակի, դրեցին նռնազարդերի միջեւ: 24 Նռնազարդերն ու զանգակները ներքին պատմուճանների քղանցքներին, շուրջանակի, յաջորդում էին միմեանց: Քահանաները պաշտամունք կատարելիս այդ զգեստները պէտք է հագնէին, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 25 Նրանք բեհեզէ հիւսածոյ զգեստներ պատրաստեցին Ահարոնի ու նրա որդիների համար, 26 ինչպէս նաեւ բեհեզէ ապարօշներ, բեհեզէ խոյր, 27 բեհեզէ անդրավարտիք: 28 Նրանց համար պատրաստեցին բեհեզից եւ մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէններով հիւսուած գօտիներ՝ զարդանախշ մի գործ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 29 Սուրբ պսակի թիթեղը պատրաստեցին մաքուր ոսկուց եւ դրա վրայ փորագրեցին «Սրբութիւն Տեառն»: 30 Այն կապեցին կապոյտ մի ժապաւէնով, որպէսզի վերեւի կողմից ամրացնեն խոյրի վրայ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 31 Աւարտուեց վկայութեան խորանի ամբողջ գործը: Իսրայէլի որդիներն արեցին ամէն ինչ. ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին, այդպէս էլ արեցին: Նուէրներից աւելացած ոսկին նրանք վերածեցին սպասքի, որոնցով Տիրոջ առաջ պաշտամունք են կատարում: 32 Մովսէսի մօտ՝ խորան բերեցին զգեստները, վրանի ծածկն ու դրա բոլոր մասերը, դրա ճարմանդները, փայտերը, միջաձողերը, դրա մոյթերը, վերջինիս խարիսխները, 33 խոյերի կարմիր ներկուած, մշակուած եւ անմշակ մորթիները, կապոյտ վարագոյրները, 34 կտակարանների տապանակը ծածկող վարագոյրը, 35 լծակները, կափարիչը, առաջաւորութեան սեղանն ու դրա ամբողջ սպասքը, առաջաւորութեան հացը, 36 սուրբ աշտանակն ու դրա ճրագամանները, կանթեղներն ու դրա բոլոր մասերը, լուսաւորութեան ձէթը, 37 ոսկէ սեղանը, օծութեան իւղը, խնկերի համեմունքները, 38 վրանի դռան վարագոյրը, վրանը, 39 պղնձէ զոհասեղանը, դրա լծակներն ու ամբողջ սպասքը, աւազանն ու դրա պատուանդանը, բակի առագաստը, դրա սիւներն ու խարիսխները, 40 վրանի դռան եւ բակի դռան վարագոյրները, պարաններն ու ցցերը, վկայութեան խորանի ամբողջ սպասքը, 41 սրբարանում պաշտամունք կատարելու սրբազան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների քահանայութեան համար նախատեսուած զգեստները: 42 Ինչ Տէրը պատուիրել էր Մովսէսին, Իսրայէլի որդիներն այդ ամէնը կատարեցին: 43 Մովսէսը տեսաւ բոլոր գործերը, որ նրանք կատարել էին այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: Նրանք ճիշտ նոյն ձեւով էին կատարել: Եւ Մովսէսն օրհնեց նրանց:

40
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2 «Առաջին ամսի առաջին օրը կկանգնեցնես վկայութեան խորանը, 3 այնտեղ կդնես վկայութեան տապանակը եւ տապանակը կծածկես վարագոյրով: 4 Ներս կտանես սեղանը եւ դրա վրայ կդասաւորես հացը: Ներս կտանես աշտանակը, դրա վրայ կդնես նրա ճրագամանները: 5 Կտեղաւորես ոսկէ սեղանը, որպէսզի խունկ ծխես վկայութեան տապանակի առաջ: Վարագոյրի քողը կիջեցնես վկայութեան խորանի դռան վրայ: 6 Ողջակէզների զոհասեղանը կդնես վկայութեան խորանի դռան մօտ եւ շուրջանակի կօծես վրանն ու այն ամէնը, ինչ նրա մէջ է. դրանց չորսբոլորը կսրբես: 7 Աւազանը կդնես վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ եւ դրա մէջ ջուր կլցնես: 8 Բակը շուրջանակի կօծես եւ կիջեցնես բակի դռան քողը: 9 Կառնես օծութեան իւղը, կօծես խորանն ու այն ամէնը, ինչ դրա մէջ է. կսրբագործես դա ու դրա ամբողջ սպասքը. այնուհետեւ դրանք սրբութիւն կլինեն: 10 Կօծես ողջակէզների զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը: 11 Կսրբագործես զոհասեղանը, եւ դա սրբութիւնների սրբութիւն կլինի: Կօծես աւազանն ու նրա պատուանդանը եւ կսրբագործես այն: 12 Ահարոնին ու նրա որդիներին կբերես վկայութեան խորանի դուռը եւ նրանց կլուանաս ջրով: 13 Ահարոնին կհագցնես սրբազան պատմուճանը, կօծես նրան, կսրբագործես նրան, եւ նա ինձ համար քահանայութիւն կանի: Կբերես նրա որդիներին, նրանց կհագցնես պատմուճաններ, կօծես նրանց այնպէս, ինչպէս օծեցիր նրանց հօրը, եւ նրանք ինձ համար քահանայութիւն կանեն: Նրանց քահանայական օծումը իրենց ցեղերի մէջ յաւիտենական թող լինի»: Կբերես նրա որդիներին, նրանց կհագցնես պատմուճաններ, կօծես նրանց այնպէս, ինչպէս օծեցիր նրանց հօրը, եւ նրանք ինձ համար քահանայութիւն կանեն: Նրանց քահանայական օծումը իրենց ցեղերի մէջ յաւիտենական թող լինի»: 14 Մովսէսն արեց այն ամէնը, ինչ Տէրը պատուիրել էր իրեն. նա հէնց այդպէս էլ արեց: 15 Եգիպտացիների երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարուայ առաջին ամսին, ամսուայ սկզբին վրանը կանգնեցուեց: 16 Մովսէսը կառուցեց վրանը, դրեց դրա խարիսխները եւ կանգնեցրեց դրա մոյթերը, դրանց վրայ ամրացրեց խոյակները, 17 տեղադրեց միջաձողերը, տասը շերտանի վարագոյրը տարածեց վրանի վրայ: Վրանի ծածկոցները գցեց դրա վրայ եւ ամրացրեց վրանի ծածկերը վերեւից, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 18 Առաւ օրէնքի քարէ տախտակները, դրեց տապանակի մէջ, նիգերն անցկացրեց տապանակի վրայ եւ կափարիչը դրեց տապանակի վրայից: 19 Տապանակը տարաւ խորանի ներսը, վրան քաշելով վարագոյրը՝ ծածկեց վկայութեան տապանակը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 20 Սեղանը դրեց վկայութեան խորանի մէջ՝ խորանի հիւսիսային կողմից, խորանի վարագոյրից դուրս: 21 Դրա վրայ Տիրոջ առաջ դասաւորեց առաջաւորութեան հացը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 22 Աշտանակը դրեց վկայութեան խորանի մէջ՝ սեղանի դիմաց, խորանի հարաւային կողմից: 23 Ճրագամանները դրեց դրա վրայ՝ Տիրոջ առաջ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 24 Ոսկէ սեղանը դրեց վկայութեան խորանի մէջ՝ վարագոյրի դիմաց: 25 Համեմունքներից պատրաստուած խունկը դրեց դրա վրայ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 26 Նա կախեց խորանի դռան վարագոյրը: 27 Ողջակէզների զոհասեղանը դրեց վկայութեան խորանի դռան մօտ եւ դրա վրայ ողջակէզներ ու զոհեր մատուցեց, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 28 Աւազանը դրեց վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ եւ դրա մէջ ջուր լցրեց, 29 որպէսզի Մովսէսը, Ահարոնն ու նրա որդիները դրանով լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը, 30 երբ վկայութեան խորանը մտնեն կամ երբ զոհասեղանին մօտենան պաշտամունք կատարելու: Նրանք լուացւում էին դրա միջի ջրով, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 31 Բակ կառուցեց խորանի ու զոհասեղանի չորս կողմը եւ քաշեց բակի դռան վարագոյրը: Այսպիսով Մովսէսն աւարտեց իր ամբողջ գործը: 32 Ամպը ծածկեց վկայութեան խորանը, եւ խորանը լցուեց Տիրոջ փառքով: 33 Մովսէսը չէր կարողանում մտնել վկայութեան խորան, որովհետեւ ամպը ծածկել էր այն, եւ խորանը լցուած էր Տիրոջ փառքով: 34 Երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայէլի որդիները չւում էին իրենց ամբողջ բազմութեամբ, 35 իսկ երբ ամպը չէր վերանում, չէին չւում մինչեւ այն օրը, որ ամպը վերանար, 36 որովհետեւ իսրայէլացիների ողջ երթի ընթացքում Տիրոջ ամպը ցերեկները կանգնում էր խորանի վրայ, իսկ գիշերները իսրայէլացիների առաջ դրա վրայ կրակ էր վառվում:
 
sacredtradition.am