русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՍՈՒՐԲ ԳԻՐՔ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Արեւելահայրեն (1994թ.)
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Ծննդոց | Ելք | Ղեւտական | Թուեր | Երկրորդ օրէնք | Նաւէի որդի Յեսուի գիրքը | Դատաւորներ | Հռութ | Ա Թագաւորութիւններ | Բ Թագաւորութիւններ | Գ Թագաւորութիւններ | Դ Թագաւորութիւններ | Ա Մնացորդաց | Բ Մնացորդաց | Ա Եզրաս | Բ Եզրաս | Նէեմիի գիրքը | Եսթերի գիրքը | Յուդիթ | Տոբիթ | Ա Մակաբայեցիներ | Բ Մակաբայեցիներ | Գ Մակաբայեցիներ | Սաղմոսներ | Առակներ | Ժողովող | Երգ երգոց | Իմաստութիւն Սողոմոնի | Սիրաքի իմաստութիւնը | Յոբի գիրքը | Եսայու մարգարէութիւնը | Օսէէի մարգարէութիւնը | Ամոսի մարգարէութիւնը | Միքիայի մարգարէութիւնը | Յովէլի մարգարէութիւնը | Աբդիուի մարգարէութիւնը | Յովնանի մարգարէութիւնը | Նաւումի մարգարէութիւնը | Ամբակումի մարգարէութիւնը | Սոփոնիայի մարգարէութիւնը | Անգէի մարգարէութիւնը | Զաքարիայի մարգարէութիւնը | Մաղաքիայի մարգարէութիւնը | Երեմիայի մարգարէութիւնը | Բարուքի թուղթը | Երեմիա մարգարէի ողբը | Դանիէլի մարգարէութիւնը | Եզեկիէլի մարգարէութիւնը

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Աւետարան ըստ Մատթէոսի | Աւետարան ըստ Մարկոսի | Աւետարան ըստ Ղուկասի | Աւետարան ըստ Յովհաննէսի | Գործք առաքելոց | Պօղոս առաքեալի թուղթը հռոմէացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի թուղթը գաղատացիներին | Պօղոս առաքեալի թուղթը եփեսացիներին | Պօղոս առաքեալի թուղթը փիլիպեցիներին | Պօղոս առաքեալի թուղթը կողոսացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի Բ թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի թուղթը Տիտոսին | Պօղոս առաքեալի թուղթը Փիլիմոնին | Պօղոս առաքեալի թուղթը եբրայեցիներին | Յակոբոս առաքեալի ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Գ ընդհանրական թուղթը | Յուդա առաքեալի ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի յայտնութիւնը



ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹԸ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ


1
1 Պօղոսը, Սիղուանոսը եւ Տիմոթէոսը՝ թեսաղոնիկեցիներիդ եկեղեցուն՝ մեր Հայր Աստծով եւ Տէր Յիսուս Քրիստոսով. 2 շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից: 3 Եղբայրնե՛ր, պարտաւոր ենք միշտ գոհութիւն մատուցել Աստծուն ձեզ համար, ինչպէս որ արժանի իսկ է, քանի որ աւելի ու աւելի է աճում ձեր հաւատը, եւ շատանում է ձեզնից իւրաքանչիւրի սէրը միմեանց հանդէպ, 4 այնպէս որ մենք ձեզնով պարծենում ենք Աստծոյ եկեղեցիներում ձեր համբերութեան եւ հաւատի համար՝ ձեր այն բոլոր հալածանքների եւ նեղութիւնների մէջ, որոնց դուք համբերում էք: 5 Դրանք ապացոյց են Աստծոյ արդար դատաստանի, որպէսզի դուք արժանի լինէք Աստծոյ արքայութեանը, որի համար էլ նեղութիւն էք կրում: 6 Եւ արդար է Աստծոյ առաջ, որ ձեզ նեղողներին նեղութիւն հատուցուի, 7 իսկ ձեզ՝ նեղութիւն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ, երբ Տէր Յիսուս յայտնուի երկնքից իր հրեշտակների զօրքով՝ 8 կրակի բոցով վրէժ լուծելու համար նրանցից, որոնք չեն ճանաչում Աստծուն եւ չեն հնազանդւում մեր Տէր Յիսուս Քրիստոսի աւետարանին. 9 նրանց պատիժը պիտի լինի յաւիտենական կործանումը՝ հեռու Տիրոջ ներկայութիւնից եւ նրա փառաւոր զօրութիւնից, 10 երբ նա գայ այն օրը՝ փառաւորուելու իր սրբերի մէջ, հիացմունքի արժանի դառնալու բոլոր հաւատացեալների մէջ (քանի որ մեր վկայութեանը հաւատացիք): 11 Ահա թէ ինչու միշտ աղօթում ենք ձեզ համար, որպէսզի Աստուած ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը, մինչեւ լրացնի ձեր բոլոր փափագները եւ հաւատի գործերը զօրութեամբ, 12 որպէսզի փառաւորուի մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունը ձեր մէջ, եւ դուք փառաւորուէք նրա մէջ մեր Աստծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհի համաձայն:

2
1 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան եւ նրա մօտ մեր հաւաքուելու համար 2 դուք իսկոյն չխռովուէք ձեր մտքում եւ չզարհուրէք ո՛չ հոգով, ո՛չ խօսքով, ո՛չ էլ թղթերով՝ իբր թէ մեր կողմից գրուած, որպէս թէ արդէն եկած-հասած լինի Տիրոջ օրը: 3 Թող ոչ ոք ձեզ չխաբի եւ ոչ մի ձեւով. որովհետեւ այն օրը չի գալու, եթէ նախ ապստամբութիւնը չգայ, եւ չյայտնուի անօրինութեան մարդը՝ կորստեան որդին՝ 4 Հակառակորդը, որ գոռոզանում է այն ամէնի վրայ, որ կոչւում է աստուած կամ պաշտամունքի առարկայ, մինչեւ այն աստիճան, որ նա նստի Աստծոյ տաճարում եւ ինքն իրեն ցոյց տայ, թէ աստուած է: 5 Չէ՞ք յիշում, որ մինչ ձեզ հետ էի դեռ, ասում էի այդ բանը: 6 Եւ այժմ դուք ինքներդ գիտէք, թէ ինչն է նրան յետ պահում, որ այդ Հակառակորդը ինքն իրեն յայտնի անի մինչեւ ժամանակը գայ. 7 որովհետեւ անօրինութեան խորհուրդն արդէն գործում է. բայց այդ պիտի չյայտնուի մինչեւ այն ժամանակ, երբ մէջտեղից կվերացուի նա, որ այժմ նրան յետ է պահում: 8 Եւ ապա պիտի յայտնուի Անօրէնը, որին Տէր Յիսուս պիտի կործանի իր բերանի շնչով եւ պիտի ոչնչացնի իր յայտնութեամբ իր գալստեան ժամանակ: 9 Նրա՝ Անօրէնի գալուստը սատանայի ներգործութեամբ է, ամենայն զօրութեամբ, նշաններով, 10 խաբեբայական զօրաւոր գործերով եւ անիրաւութեան բոլոր պատրանքներով կորստեան մատնուածների վրայ. եւ այդ ամէնը՝ այն բանի փոխարէն, որ չընդունեցին ճշմարտութեան սէրը, որպէսզի փրկուեն: Դրա համար էլ Աստուած նրանց պիտի ուղարկի զօրաւոր մի մոլորութիւն, որ նրանք հաւատան ստին 11 եւ դատապարտուեն բոլոր նրանք, որ չհաւատացին ճշմարտութեանը եւ հաճոյք գտան անօրինութեան մէջ: 12 Իսկ մենք, Տիրոջից սիրուա՛ծ եղբայրներ, պարտաւոր ենք միշտ գոհութիւն մատուցել Աստծուն ձեզ համար, որովհետեւ Աստուած սկզբից ընտրեց մեզ, որ փրկուենք Հոգու սրբացումով եւ ճշմարտութեան հաւատով, 13 որին եւ կանչեց ձեզ մեր աւետարանումով՝ փրկուելու եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի փառքին տիրանալու համար: 14 Ուրեմն, եղբայրնե՛ր, հաստա՛տ մնացէք եւ պի՛նդ պահեցէք այն աւանդութիւնները, որ սովորեցիք թէ՛ խօսքով եւ թէ՛ մեր թղթով. 15 եւ ինքը մեր Տէր Յիսուս Քրիստոս եւ մեր Հայրը՝ Աստուած, որ սիրեց մեզ եւ մեզ տուեց յաւիտենական մխիթարութիւն եւ բարի յոյս՝ իբրեւ շնորհ, 16 թող մխիթարի եւ հաստատ պահի ձեր սրտերը ամէն բարի խօսքի եւ գործի մէջ:

3
1 Վերջապէս, եղբայրնե՛ր, աղօթեցէ՛ք մեզ համար, որպէսզի Տիրոջ խօսքը առաջ գնայ եւ փառաւորուի ամէն տեղ, ինչպէս որ ձեզ մօտ է, 2 որպէսզի փրկուենք անօրէններից եւ անզգամ մարդկանցից, քանի որ բոլորը չէ, որ հաւատ ունեն: 3 Բայց հաւատարիմ է Տէրը. նա կզօրացնի ձեզ ու կպահի չարից: 4 Վստահ ենք Տիրոջով ձեզ վրայ, թէ ինչ որ պատուիրեցինք ձեզ, ե՛ւ անում էք, ե՛ւ կանէք: 5 Եւ Տէրը թող ուղղի ձեր սրտերը դէպի Աստծոյ սէրը եւ դէպի Քրիստոսի համբերութիւնը: 6 Եղբայրնե՛ր, պատուիրում եմ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով, որ դուք հեռու մնաք ամէն մի եղբօրից, որ ծոյլ կեանքով է ապրում եւ ոչ՝ ըստ այն օրինակի, որն ընդունեցիք մեզնից. 7 որովհետեւ ինքներդ գիտէք, թէ որչափ դուք պէտք է նմանուէք մեզ, քանի որ ձեզ մօտ երբեք չծուլացանք 8 եւ ոչ ոքի հացը ձրի չկերանք, այլ ջանքով եւ վաստակով զօր ու գիշեր աշխատում էինք ձեզնից ոչ մէկի վրայ ծանրութիւն չլինելու համար. 9 ոչ թէ՝ նրա համար, որ իշխանութիւն չունէինք, այլ որպէսզի մենք մեզ օրինակ դարձնենք ձեզ, որ մեզ նմանուէք. 10 քանի դեռ ձեզ մօտ էինք, այս բանն էինք պատուիրում ձեզ, թէ՝ ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի: 11 Արդ, ձեզնից ոմանց մասին լսում ենք, թէ ծոյլ կեանքով են ապրում, որեւէ գործ չեն անում, այլ ծոյլ-ծոյլ շրջում են՝ դատարկ բաներով հետաքրքրուելով: 12 Այդպիսիներին պատուիրում ենք եւ յորդորում Տէր Յիսուս Քրիստոսով, որ աշխատեն հանդարտութեամբ եւ իրենց հացն ուտեն: 13 Իսկ դուք, եղբայրնե՛ր, մի՛ յոգնէք բարիք անելուց: 14 Իսկ եթէ որեւէ մէկը չհնազանդուի այս թղթի մէջ մեր ասած խօսքին, նկատի՛ ունեցէք նրան եւ մի՛ առնչուէք նրա հետ, որպէսզի ամօթով մնայ: 15 Բայց նրան որպէս թշնամի մի՛ համարէք, այլ խրատեցէ՛ք որպէս եղբօր: 16 Եւ խաղաղութեան Տէրն ինքը թող միշտ խաղաղութիւն տայ ձեզ ամէն ինչում: Տէրը ձեզ բոլորիդ հետ լինի: 17 Այս ողջոյնը իմ՝ Պօղոսիս ձեռքով է, որ որպէս նշան կայ իմ բոլոր թղթերում. այսպէս եմ գրում ես: 18 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ լինի:
 
sacredtradition.am