русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՍՈՒՐԲ ԳԻՐՔ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Արեւելահայրեն (1994թ.)
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Ծննդոց | Ելք | Ղեւտական | Թուեր | Երկրորդ օրէնք | Նաւէի որդի Յեսուի գիրքը | Դատաւորներ | Հռութ | Ա Թագաւորութիւններ | Բ Թագաւորութիւններ | Գ Թագաւորութիւններ | Դ Թագաւորութիւններ | Ա Մնացորդաց | Բ Մնացորդաց | Ա Եզրաս | Բ Եզրաս | Նէեմիի գիրքը | Եսթերի գիրքը | Յուդիթ | Տոբիթ | Ա Մակաբայեցիներ | Բ Մակաբայեցիներ | Գ Մակաբայեցիներ | Սաղմոսներ | Առակներ | Ժողովող | Երգ երգոց | Իմաստութիւն Սողոմոնի | Սիրաքի իմաստութիւնը | Յոբի գիրքը | Եսայու մարգարէութիւնը | Օսէէի մարգարէութիւնը | Ամոսի մարգարէութիւնը | Միքիայի մարգարէութիւնը | Յովէլի մարգարէութիւնը | Աբդիուի մարգարէութիւնը | Յովնանի մարգարէութիւնը | Նաւումի մարգարէութիւնը | Ամբակումի մարգարէութիւնը | Սոփոնիայի մարգարէութիւնը | Անգէի մարգարէութիւնը | Զաքարիայի մարգարէութիւնը | Մաղաքիայի մարգարէութիւնը | Երեմիայի մարգարէութիւնը | Բարուքի թուղթը | Երեմիա մարգարէի ողբը | Դանիէլի մարգարէութիւնը | Եզեկիէլի մարգարէութիւնը

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Աւետարան ըստ Մատթէոսի | Աւետարան ըստ Մարկոսի | Աւետարան ըստ Ղուկասի | Աւետարան ըստ Յովհաննէսի | Գործք առաքելոց | Պօղոս առաքեալի թուղթը հռոմէացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի թուղթը գաղատացիներին | Պօղոս առաքեալի թուղթը եփեսացիներին | Պօղոս առաքեալի թուղթը փիլիպեցիներին | Պօղոս առաքեալի թուղթը կողոսացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի Բ թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի թուղթը Տիտոսին | Պօղոս առաքեալի թուղթը Փիլիմոնին | Պօղոս առաքեալի թուղթը եբրայեցիներին | Յակոբոս առաքեալի ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Գ ընդհանրական թուղթը | Յուդա առաքեալի ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի յայտնութիւնը



ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԹՈՒՂԹԸ ՏԻՏՈՍԻՆ


1
1 Պօղոսը՝ ծառայ Աստծոյ եւ առաքեալ Յիսուս Քրիստոսի, որ կոչուած է բերելու Աստծոյ ընտրեալներին հաւատի եւ ճշմարտութեան գիտութեանը, որ աստուածապաշտութեամբ է 2 եւ յաւիտենական կեանքի յոյսով, որը խոստացաւ անսուտն Աստուած յաւիտենական ժամանակներից առաջ, 3 բայց յայտնեց իր խօսքը իր ժամանակին՝ քարոզութեամբ, որին ես հաւատարիմ եղայ՝ ըստ մեր Փրկիչ Աստծոյ հրամանի. 4 Տիտոսին՝ ընդհանրական հաւատի մէջ իմ սիրելի որդուն, շնո՜րհ եւ խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Փրկիչ Քրիստոս Յիսուսից: 5 Դրա համար իսկ քեզ թողեցի Կրետէում, որպէսզի ինչ պակաս բան որ կայ, ուղղես եւ իւրաքանչիւր քաղաքում երէցներ կարգես, ինչպէս որ ես պատուիրեցի քեզ: 6 Կարգես մի այնպիսի մարդու, որ լինի անբասիր, մէկ կնոջ մարդ, ունենայ հաւատացեալ որդիներ, որոնք անառակութեան մէջ ամբաստանուած կամ անհնազանդ չլինեն, 7 քանի որ պէտք է, որ եպիսկոպոսն անբասիր լինի որպէս Աստծոյ տնտես. ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռուարար, ոչ շահասէր, 8 այլ՝ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, 9 ամուր կապուած վարդապետութեան հաւատի խօսքին, որպէսզի կարողանայ յորդորել ողջամիտ վարդապետութեամբ եւ կշտամբել հակառակորդներին. 10 քանզի անհնազանդներ շատ կան, դատարկախօսներ, մոլորեցնողներ, մանաւանդ՝ եթէ հրէութիւնից դարձածներից են. 11 նրանց բերանը պէտք է փակել. նրանք կործանում են բոլոր ընտանիքները եւ շահամոլութեան համար ուսուցանում են այնպիսի բաներ, որ պէտք չէ ուսուցանել: 12 Նրանցից մէկը՝ իրենց իսկ մարգարէն, ասաց. «Կրետացիները մշտապէս ստախօսներ են, չար գազաններ, դատարկապորտներ»: 13 Եւ ստոյգ է այս վկայութիւնը. ուստի նրանց խստագո՛յնս կշտամբիր, որպէսզի առողջ լինեն հաւատի մէջ 14 եւ չնայեն հրէական առասպելներին եւ ճշմարտութիւնից շեղուած մարդկանց հրահանգներին: 15 Ամէն ինչ մաքուր է խղճմտանքով մաքուր եղողների համար, բայց պիղծերի եւ անհաւատների համար ոչ մի բան մաքուր չէ: Եւ նրանց միտքն ու խղճմտանքը պղծուած են: 16 Խոստովանում են, թէ գիտեն Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան. պիղծ են, անհնազանդ եւ ամէն բարի գործի համար՝ անպէտք:

2
1 Բայց դու սովորեցրո՛ւ այն, ինչ որ վայել է ողջամիտ վարդապետութեանը. 2 որ ծերերը լինեն զգաստ, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ՝ հաւատի, սիրոյ, համբերութեան, ժուժկալութեան մէջ: 3 Պառաւ կանայք նոյնպէս լինեն զգաստ եւ սրբերին վայել վարմունք ունենան. ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ՝ բարեխրատ, 4 որ խրատեն դեռատի կանանց սիրել իրենց մարդկանց, լինել որդեսէր, 5 խոհեմ, մաքրակենցաղ, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց մարդկանց, որպէսզի Աստծոյ խօսքը եւ վարդապետութիւնը չանարգուի: 6 Երիտասարդներին նո՛յնպէս յորդորիր լինել խոհեմ, 7 քո անձը բոլորին օրինա՛կ դարձրու բարի գործերի համար, ուսուցման մէջ պահի՛ր անեղծութիւն, սրբութիւն, պարկեշտութիւն, 8 ողջամիտ խօսք՝ պարսաւանքի տեղի չտուող, որպէսզի ով որ հակառակուի, ամօթով մնայ եւ մեր մասին ասելու որեւէ չար բան չունենայ: 9 Յորդորի՛ր ծառաներին, որ հնազանդ լինեն իրենց տէրերին եւ ամէն ինչում լինեն հաճելի նրանց՝ ոչ հակառակուող, 10 ոչ շորթող, այլ ցոյց տան կատարեալ հաւատարմութիւն բարութեամբ, որպէսզի մեր Փրկչի՝ Աստծոյ վարդապետութիւնը ամէն ինչում զարդարեն: 11 Քանզի Աստուած իր շնորհը յայտնեց որպէս փրկութեան միջոց բոլոր մարդկանց. 12 շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտութիւնը եւ աշխարհիկ ցանկութիւնները, այս աշխարհում ապրենք զգաստութեամբ, աստուածապաշտութեամբ 13 եւ ակնդէտ սպասենք երանելի յոյսին եւ փառքի յայտնութեանը մեծն Աստծոյ եւ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի, 14 որ իր անձը տուեց մեզ համար, որպէսզի մեզ փրկի ամէն անօրինութիւնից եւ մաքրի որպէս իրեն սեփական ժորովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի: 15 Այս բաները խօսի՛ր, յորդորի՛ր եւ յանդիմանի՛ր ամենայն խստութեամբ, որպէսզի չլինի մէկը, որ քեզ արհամարհի:

3
1 Յիշեցրո՛ւ նրանց, որ իշխանութիւններին եւ պետութիւններին հնազանդուեն եւ հպատակուեն, բոլոր բարի գործերի համար պատրաստ լինեն. 2 ոչ ոքի չչարախօսեն, չլինեն կռուարար, այլ՝ հեզահամբոյր, բոլոր մարդկանց քաղցրութեամբ վերաբերուեն. 3 որովհետեւ մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորուած, ծառայում էինք ցանկութիւնների եւ պէս-պէս անառակութիւնների. չարութեամբ եւ նախանձով էինք ապրում, ատելի էինք եւ ատում էինք միմեանց: 4 Իսկ երբ մեր Փրկիչ Աստծոյ քաղցրութիւնը եւ մարդասիրութիւնը յայտնուեց – 5 ոչ այն արդարութեան գործերի համար, որ մենք արեցինք, այլ՝ իր ողորմութեան համաձայն – փրկեց մեզ վերստին ծննդեան աւազանի միջոցով եւ նորոգութեամբ Սուրբ Հոգու, 6 որ Աստուած թափեց մեզ վրայ առատութեամբ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, 7 որպէսզի նրա շնորհով արդարացուած՝ ժառանգներ լինենք յաւիտենական կեանքի յոյսով: 8 Ճիշտ է այս խօսքը, եւ ուզում եմ, որ դու հաստատ մնաս սրանում, որպէսզի Աստծուն հաւատացողները ջանք թափեն բարի գործեր կատարել, քանի որ այդ է բարի եւ օգտակար մարդկանց համար: 9 Բայց հեռո՛ւ վանիր յիմար վէճերը, տոհմաբանութիւնները, հակաճառութիւններն ու օրէնքի շուրջ եղող կռիւները, որովհետեւ դրանք անօգուտ են եւ սնոտի: 10 Հեռացի՛ր հերձուածող մարդուց՝ մէկ կամ երկու անգամ նրան խրատելուց յետոյ. 11 իմացի՛ր, որ շեղուած է այդպիսին եւ մեղանչում է՝ ինքն իսկ դատապարտելով իրեն: 12 Երբ քեզ մօտ ուղարկեմ Արտեմասին կամ Տիւքիկոսին, շտապի՛ր գալ ինձ մօտ Նիկոպոլիս, քանի որ մտադիր եմ այնտեղ ձմեռել: 13 Օրէնսգէտ Զենոնին եւ Ապողոսին շուտով ճանապարհի՛ր, այնպէս որ նրանք ոչ մի բանի պակաս չզգան: 14 Եւ մերոնք էլ թող սովորեն հետամուտ լինել բարի գործերի կարեւոր պէտքերի մէջ, որպէսզի անպտուղ չլինեն: 15 Ողջունում են քեզ բոլոր նրանք, որ ինձ հետ են: Ողջունի՛ր հաւատի մէջ մեզ սիրողներին: Շնո՜րհ ձեզ բոլորիդ:
 
sacredtradition.am