русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՍՈՒՐԲ ԳԻՐՔ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Արեւելահայրեն (1994թ.)
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Ծննդոց | Ելք | Ղեւտական | Թուեր | Երկրորդ օրէնք | Նաւէի որդի Յեսուի գիրքը | Դատաւորներ | Հռութ | Ա Թագաւորութիւններ | Բ Թագաւորութիւններ | Գ Թագաւորութիւններ | Դ Թագաւորութիւններ | Ա Մնացորդաց | Բ Մնացորդաց | Ա Եզրաս | Բ Եզրաս | Նէեմիի գիրքը | Եսթերի գիրքը | Յուդիթ | Տոբիթ | Ա Մակաբայեցիներ | Բ Մակաբայեցիներ | Գ Մակաբայեցիներ | Սաղմոսներ | Առակներ | Ժողովող | Երգ երգոց | Իմաստութիւն Սողոմոնի | Սիրաքի իմաստութիւնը | Յոբի գիրքը | Եսայու մարգարէութիւնը | Օսէէի մարգարէութիւնը | Ամոսի մարգարէութիւնը | Միքիայի մարգարէութիւնը | Յովէլի մարգարէութիւնը | Աբդիուի մարգարէութիւնը | Յովնանի մարգարէութիւնը | Նաւումի մարգարէութիւնը | Ամբակումի մարգարէութիւնը | Սոփոնիայի մարգարէութիւնը | Անգէի մարգարէութիւնը | Զաքարիայի մարգարէութիւնը | Մաղաքիայի մարգարէութիւնը | Երեմիայի մարգարէութիւնը | Բարուքի թուղթը | Երեմիա մարգարէի ողբը | Դանիէլի մարգարէութիւնը | Եզեկիէլի մարգարէութիւնը

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Աւետարան ըստ Մատթէոսի | Աւետարան ըստ Մարկոսի | Աւետարան ըստ Ղուկասի | Աւետարան ըստ Յովհաննէսի | Գործք առաքելոց | Պօղոս առաքեալի թուղթը հռոմէացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի թուղթը գաղատացիներին | Պօղոս առաքեալի թուղթը եփեսացիներին | Պօղոս առաքեալի թուղթը փիլիպեցիներին | Պօղոս առաքեալի թուղթը կողոսացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի Բ թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի թուղթը Տիտոսին | Պօղոս առաքեալի թուղթը Փիլիմոնին | Պօղոս առաքեալի թուղթը եբրայեցիներին | Յակոբոս առաքեալի ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Գ ընդհանրական թուղթը | Յուդա առաքեալի ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի յայտնութիւնը



ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹՈՒՂԹԸ


1
1 Սիմոն Պետրոսը՝ ծառան եւ առաքեալը Յիսուս Քրիստոսի՝ ձեզ, որ մեզ հետ հասաք նոյն պատուական հաւատին մեր Աստծոյ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի արդարութեամբ. 2 շնո՜րհ ձեզ, եւ թող շատանայ խաղաղութիւնը Աստծոյ եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտութեամբ: 3 Արդարեւ, նրա աստուածային զօրութիւնը մեզ շնորհեց ամէն ինչ, որ վերաբերում է կեանքին եւ աստուածապաշտութեանը՝ ճանաչեցնելով մեզ նրան, ով կանչեց մեզ իր փառքին եւ առաքինութեանը: 4 Դրանցով մեծամեծ եւ թանկագին խոստումներ պարգեւուեցին մեզ, որպէսզի հաղորդակից լինէք աստուածային բնութեանը եւ հեռու մնաք այս աշխարհի ցանկութիւններից ու ապականութիւններից: 5 Եւ այս բանի համար իսկ ամէն ջանք գործադրելով՝ ձեր հաւատով առաքինութիւն ձեռք բերէք, առաքինութեամբ՝ գիտութիւն, 6 գիտութեամբ՝ ժուժկալութիւն, ժուժկալութեամբ՝ համբերատարութիւն, համբերատարութեամբ՝ աստուածապաշտութիւն, 7 աստուածապաշտութեամբ՝ եղբայրասիրութիւն, եղբայրասիրութեամբ էլ՝ սէր: 8 Երբ դուք այս շնորհներն ունենաք եւ սրանցով հարստանաք, սրանք ձեզ դատարկ եւ անպտուղ չեն թողնի մեր Տէր Յիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտութեան մէջ: 9 Իսկ նա, ում մէջ այս բաները չկան, կոյր է կամ կարճատես եւ մոռացութեան տուած իր նախկին յանցանքներից մաքրուած լինելը: 10 Ուստի, եղբայրնե՛ր, առաւե՛լ ջանացէք, որպէսզի բարի գործերով ձեր կոչումը եւ ընտրութիւնը հաստատ պահէք: Այս բանն անելով՝ երբեք յանցանքի մէջ չէք ընկնի, 11 քանի որ այսպիսով լայնօրէն մուտք պիտի շնորհուի ձեզ դէպի մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի յաւիտենական արքայութիւնը: 12 Ահա թէ ինչու պատրաստ եմ միշտ յիշեցնել ձեզ այս բաները, առաւել եւս՝ գիտակներին եւ այդ ճշմարտութեանը վերահասու եղածներին ու նրանում հաստատուածներին, 13 քանի որ իրաւունք եմ համարում – քանի դեռ այս մարմնի մէջ եմ – արթուն պահել ձեզ յիշեցումներով: 14 Գիտեմ, որ շուտով մերկանալու եմ այս մարմնից, ինչպէս մեր Տէր Յիսուս Քրիստոսն ինձ յայտնեց: 15 Եւ շտապում եմ միշտ ձեզ յորդորել, որպէսզի այս աշխարհից իմ մեկնելուց յետոյ էլ վերյիշէք այս բաները: 16 Ոչ թէ հնարովի առասպելների յետեւից գնալով է, որ ձեզ ճանաչեցրինք մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը, այլ մենք իսկ ականատես եղանք նրա մեծութեանը. 17 քանի որ նա Հայր Աստծուց ստացաւ փառք եւ պատիւ, երբ մեծավայելուչ փառքից եկաւ այս ձայնը, թէ՝ «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ հաճութիւնը»: 18 Եւ երկնքից եկող այս ձայնը լսեցինք մենք իսկ, որ նրա հետ էինք սուրբ լեռան վրայ: 19 Ունենք նաեւ մարգարէական աւելի հաստատուն խօսքը – որին եթէ անսաք, լաւ կանէք – իբրեւ ճրագ, որ լոյս է տալիս մութ տեղում, մինչեւ որ լուսանայ օրը, եւ արուսեակը ծագի ձեր սրտերում: 20 Բայց նախ այս բանն իմացէք, որ Գրքերի ամէն մի մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չունի, 21 քանի որ մարգարէութիւնը ոչ թէ ըստ մարդկանց կամքի տրուեց երբեւէ, այլ Սուրբ Հոգուց մղուած է, որ խօսեցին Աստծոյ սուրբ մարդիկ:

2
1 Եղան նաեւ սուտ մարգարէներ ժողովրդի մէջ, ինչպէս որ այժմ էլ ձեր մէջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք սպրդեցնելով կորստաբեր հերձուածներ են ներմուծելու եւ, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրայ արագահաս կորուստ են բերելու: 2 Եւ շատերը պիտի գնան նրանց անառակութիւնների յետեւից. եւ այդ պատճառով ճշմարտութեան ճանապարհը պիտի անարգուի: 3 Եւ ընչաքաղցութեամբ, մտացածին խօսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտութիւնը սկզբից յայտնի է, եւ նրանց կործանումը չպիտի ուշանայ: 4 Քանզի Աստուած չխնայեց մեղանչած հրեշտակներին, այլ խաւարի կապանքներով գցեց տարտարոսը, որպէսզի նրանք պահուեն դատաստանի օրուայ համար: 5 Նա չխնայեց նաեւ հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրայ ջրհեղեղը բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թւում նաեւ Նոյին՝ արդարութեան քարոզչին: 6 Նոյնպէս նա սոդոմացիների եւ գոմորացիների քաղաքները մոխրի վերածելով դատապարտեց՝ օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար: 7 Եւ նա փրկեց արդար Ղովտին, որ ձանձրացել էր նրանց անառակ, անկարգ ընթացքից 8 (որովհետեւ արդարը, բնակուելով նրանց մէջ, ականատես եւ ականջալուր էր լինում նրանց անօրէն ընթացքին՝ ամէն օր տանջելով իր արդար հոգին): 9 Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձութիւնից, իսկ անիրաւներին՝ պահել դատաստանի օրուայ համար՝ տանջանքների մատնելու նրանց, 10 մանաւանդ՝ մարմնի պիղծ ցանկութիւնների յետեւից գնացողներին, Աստծոյ իշխանութիւնն արհամարհողներին, ինքնահաւաններին, յանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառաւոր էակներին հայհոյելուց, 11 այն դէպքում, երբ հրեշտակները, որոնք զօրութեամբ եւ կարողութեամբ աւելի մեծ են իրենցից, նրանց դէմ հայհոյալից դատապարտութիւն չեն բերում Տիրոջ առաջ: 12 Բայց այս մարդիկ անբան անասունների նման (որոնք ի բնէ որսի եւ մորթուելու համար են) հայհոյում են իրենց չիմացած բաների դէմ. եւ իրենց ապականութեան մէջ էլ պիտի կործանուեն տանջուելով՝ 13 որպէս վարձատրութիւն իրենց անիրաւութեան. սրանք օրը ցերեկով իրենց ցանկութեանը յագուրդ տալը հաճոյք են համարում. կեղտոտներ եւ արատաւորներ, որոնք հաճոյք են ստանում իրենց խաբեբայութիւնների մէջ՝ ձեզ խրախճանակից լինելով: 14 Աչքեր ունեն՝ պոռնկութեամբ լեցուն աչքերի նման, անպակաս են մեղքերից, խաբում են տատանուողների հոգիները, ունեն ագահութեամբ բռնուած սիրտ. անէծքի՜ որդիներ: 15 Թողնելով ուղիղ ճանապարհը՝ մոլորուեցին՝ ընթանալով Բէորի որդի Բաղաամի ճանապարհով, որն անիրաւութեան վարձը սիրեց: 16 Եւ այդ՝ այն Բաղաամի, որն իր անօրինութեան համար յանդիմանութիւն ստացաւ, երբ անխօս էշը, մարդկային լեզուով խօսելով, արգելք եղաւ մարգարէին՝ կատարելու այդ անօրինութիւնը: 17 Սրանք ցամաքած աղբիւրներ են եւ մրրիկից քշուած մառախուղներ. խաւարի աղջամուղջները յաւիտեան նրանց համար են պահուած. 18 քանզի մեծախօս եւ սնոտի բաներ բարբառելով՝ անառակութիւններով, մարմնի ցանկութիւններով խաբում են նրանց, որոնք ստուգապէս փախել էին մոլորութեան մէջ թափառողներից: 19 Սրանց ազատութիւն են խոստանում, մինչ իրենք ծառայ են ապականութեանը, քանի որ մարդ ինչից որ յաղթւում է, նրան էլ ծառայ է. 20 որովհետեւ եթէ մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծութիւններից փախչելուց յետոյ դարձեալ նոյն բաներով բռնուեն-մնան, նրանց վախճանը կլինի աւելի վատ, քան առաջին վիճակը. 21 քանի որ աւելի լաւ էր նրանց համար, եթէ բնաւ ճանաչած չլինէին արդարութեան ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին եւ յետ կանգնեցին այն սուրբ պատուիրանից, որ աւանդուեց նրանց: 22 Նրանց յարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առածը, թէ՝ «Շունը վերստին դառնում է իր փսխածին», եւ թէ՝ «Լուացուած խոզը վերստին թաւալւում է տիղմի մէջ»:

3
1 Սիրելինե՛ր, գրում եմ ձեզ այս երկրորդ թուղթը, որով ձեր մաքուր մտքերն եմ արթնացնում յիշեցման համար. 2 յիշեցէ՛ք սուրբ մարգարէների կողմից նախապէս ասուած պատգամները, ինչպէս նաեւ ձեր առաքեալների կողմից ասուած՝ Տիրոջ եւ Փրկչի պատուիրանները: 3 Բայց նախ այս բանն իմացէք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկութիւնների. 4 եւ պիտի ասեն. «Ո՞ւր է նրա գալստեան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց յետոյ ամէն ինչ այն նոյն ձեւով է մնում, ինչպէս էր արարչագործութեան սկզբից»: 5 Եւ այս բանն ուզողները մոռացութեան են տուել այն, որ ի սկզբանէ եղել է երկինքը, եւ երկիրը՝ ջրերից, եւ ջրերը, որ մնում են հաստատ Աստծոյ խօսքով. 6 դրա համար էլ այն ժամանակուայ աշխարհը ապականուելով կործանուեց ջրհեղեղից: 7 Իսկ այժմ երկինք եւ երկիր պահուած են այդ նոյն խօսքով, վերապահուած են կրակին՝ դատաստանի օրուայ եւ ամբարիշտ մարդկանց կործանման օրուայ համար: 8 Բայց այս եւս ձեզնից ծածկուած չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մէկ օրը ինչպէս հազար տարի է, եւ հազար տարին՝ ինչպէս մէկ օր: 9 Տէրը չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թէ ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն: 10 Բայց Տիրոջ օրը պիտի գայ ինչպէս մի գող, երբ երկինքը պիտի անցնի-չքանայ շառաչիւնով, եւ տարերքը, հրով կիզուած, պիտի լուծուի, եւ երկիրն ու ինչ գործեր որ կան նրա վրայ, յայտնի պիտի լինեն: 11 Եւ քանի որ այս ամէնը այսպէս պիտի լուծուի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պէտք է լինէք դուք. սուրբ վարմունքով եւ աստուածապաշտ ընթացքով՝ 12 սպասելով եւ հասնել ջանալով Տիրոջ օրուայ գալստեանը, երբ հրավառ երկինքը պիտի չքանայ, եւ տարերքը հրկիզուելով պիտի հալուի: 13 Բայց մենք, Աստծոյ խոստման համաձայն, աչքներս յառած սպասում ենք նոր երկնքի եւ նոր երկրի, որոնցում արդարութիւնն է բնակւում: 14 Ուստի, սիրելինե՛ր, սպասելով այս բաներին, ջանք թափեցէք, որ նա գտնի ձեզ անբիծ եւ անարատ, խաղաղութեան մէջ: 15 Եւ Տիրոջ համբերատարութիւնը փրկութիւն համարեցէք, ինչպէս որ մեր սիրելի եղբայր Պօղոսն էլ գրեց ձեզ՝ ըստ Աստծուց իրեն շնորհուած իմաստութեան, 16 եւ ինչպէս որ իր բոլոր թղթերում էլ խօսում է դրանց մասին. դրանց մէջ կան ինչ-ինչ դժուարիմաց բաներ, որ անուսներն ու տատանուողները ծուռ են մեկնում. նրանք այդպէս են մեկնում նաեւ բոլոր գրուածքները իրենց անձերի կորստեան համար: 17 Դուք, ուրեմն, սիրելինե՛ր, իբրեւ նախապէս տեղեակ դարձած մարդիկ, զգուշացէ՛ք, որ անառակ մոլորութեամբ տարուած՝ չկորցնէք ձեր վստահութիւնը: 18 Աճեցէ՛ք մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի շնորհով եւ գիտութեամբ: Նրան փա՜ռք թէ՛ այժմ եւ թէ՛ մինչեւ յաւիտենութեան օրը: Ամէն:
 
sacredtradition.am