русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՍՈՒՐԲ ԳԻՐՔ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Արեւելահայրեն (1994թ.)
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Ծննդոց | Ելք | Ղեւտական | Թուեր | Երկրորդ օրէնք | Նաւէի որդի Յեսուի գիրքը | Դատաւորներ | Հռութ | Ա Թագաւորութիւններ | Բ Թագաւորութիւններ | Գ Թագաւորութիւններ | Դ Թագաւորութիւններ | Ա Մնացորդաց | Բ Մնացորդաց | Ա Եզրաս | Բ Եզրաս | Նէեմիի գիրքը | Եսթերի գիրքը | Յուդիթ | Տոբիթ | Ա Մակաբայեցիներ | Բ Մակաբայեցիներ | Գ Մակաբայեցիներ | Սաղմոսներ | Առակներ | Ժողովող | Երգ երգոց | Իմաստութիւն Սողոմոնի | Սիրաքի իմաստութիւնը | Յոբի գիրքը | Եսայու մարգարէութիւնը | Օսէէի մարգարէութիւնը | Ամոսի մարգարէութիւնը | Միքիայի մարգարէութիւնը | Յովէլի մարգարէութիւնը | Աբդիուի մարգարէութիւնը | Յովնանի մարգարէութիւնը | Նաւումի մարգարէութիւնը | Ամբակումի մարգարէութիւնը | Սոփոնիայի մարգարէութիւնը | Անգէի մարգարէութիւնը | Զաքարիայի մարգարէութիւնը | Մաղաքիայի մարգարէութիւնը | Երեմիայի մարգարէութիւնը | Բարուքի թուղթը | Երեմիա մարգարէի ողբը | Դանիէլի մարգարէութիւնը | Եզեկիէլի մարգարէութիւնը

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Աւետարան ըստ Մատթէոսի | Աւետարան ըստ Մարկոսի | Աւետարան ըստ Ղուկասի | Աւետարան ըստ Յովհաննէսի | Գործք առաքելոց | Պօղոս առաքեալի թուղթը հռոմէացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի թուղթը գաղատացիներին | Պօղոս առաքեալի թուղթը եփեսացիներին | Պօղոս առաքեալի թուղթը փիլիպեցիներին | Պօղոս առաքեալի թուղթը կողոսացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի Բ թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի թուղթը Տիտոսին | Պօղոս առաքեալի թուղթը Փիլիմոնին | Պօղոս առաքեալի թուղթը եբրայեցիներին | Յակոբոս առաքեալի ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Գ ընդհանրական թուղթը | Յուդա առաքեալի ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի յայտնութիւնը



ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ


1
1 Դաւիթ արքան տարիքն առել, ծերացել էր. նրան զգեստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում: 2 Նրա ծառաներն ասացին. «Թող մեր տէր արքայի համար մի կոյս աղջիկ գտնեն, որ նա կանգնի արքայի առջեւ եւ հոգ տանի նրան, նրա հետ պառկի, ու մեր տէր արքան տաքանայ»: 3 Մի գեղեցիկ աղջիկ որոնեցին Իսրայէլի ամբողջ տարածքում, գտան սոմնացի Աբիսակին ու նրան բերեցին արքայի մօտ: 4 Աղջիկը շատ գեղեցիկ էր, տաքացնում էր արքային ու ծառայում նրան, բայց արքան չմերձեցաւ նրան: 5 Ադոնիան՝ Ագիթի որդին, վեր-վեր թռչելով, ասաց. «Ես պէտք է թագաւորեմ»: Եւ նա կառքեր ու հեծեալներ պատրաստեց: Յիսուն սուրհանդակներ ընթանալու էին նրա առջեւից: 6 Հայրը նրան երբեք չարգելեց, չասաց, թէ՝ «Ինչո՞ւ այդ արեցիր»: Ինքն էլ դէմքով գեղեցիկ էր ու ծնուել էր Աբեսաղոմից յետոյ: 7 Նա խորհրդակցեց Շարուհիի որդի Յովաբի եւ Աբիաթար քահանայի հետ, ու նրանք օգնեցին Ադոնիային: 8 Սադոկ քահանան, Բանեան՝ Յովիդայէի որդին, Նաթան մարգարէն, Սեմէին, Ռէին եւ Դաւթի քաջարի մարդիկ Ադոնիայի հետ չէին: 9 Եւ Ադոնիան ոչխարներ, եզներ ու գառներ մորթեց Զոոլեթի քարի մօտ, որը Ռոգէլի երկրին մօտ է: Նա կանչեց իր բոլոր եղբայրներին՝ արքայի որդիներին, եւ Յուդայի երկրի բոլոր տղամարդկանց՝ արքայի ծառաներին, 10 բայց Նաթան մարգարէին, Բանեասին, քաջարի մարդկանց եւ իր Սողոմոն եղբօրը չկանչեց: 11 Նաթան մարգարէն, խօսելով Սողոմոնի մօր՝ Բերսաբէէի հետ, ասաց. «Չե՞ս լսել, որ Ադոնիան՝ Ագիթի որդին, թագաւոր է դարձել, եւ մեր տէր արքայ Դաւիթը այդ չգիտէ: 12 Արդ, եկ քեզ մի խորհուրդ տամ, որ փրկես քո եւ Սողոմոն որդուդ կեանքը: 13 Գնա՛ Դաւիթ արքայի մօտ, խօսի՛ր նրա հետ եւ ասա՛. “Չէ՞ որ դու ինքդ, տէ՛ր իմ արքայ, երդուելով քո աղախնին՝ ասացիր, թէ՝ "Քո որդի Սողոմոնն է թագաւորելու ինձնից յետոյ, նա է նստելու իմ աթոռին": Էլ ինչո՞ւ է թագաւորել Ադոնիան”: 14 Երբ կսկսես խօսել արքայի հետ, ես կմտնեմ ու կլրացնեմ քո խօսքերը»: 15 Բերսաբէէն մտաւ սենեակ՝ արքայի մօտ: Արքան շատ էր ծերացել, եւ սոմնացի Աբիսակը սպասարկում էր արքային: 16 Բերսաբէէն խոնարհուեց ու երկրպագեց արքային: Արքան հարցրեց. «Ի՞նչ է խնդրանքդ»: 17 Նա պատասխանեց. «Իմ տէ՛ր արքայ, դու քո Տէր Աստծով երդուեցիր քո աղախնին ու ասացիր, թէ՝ “Իմ որդի Սողոմոնն է թագաւորելու ինձնից յետոյ, նա է նստելու իմ աթոռին”, 18 բայց ահա Ադոնիան է թագաւորել, եւ դու, տէ՛ր իմ արքայ, այդ չես իմացել: 19 Բազում արջառներ, ոչխարներ ու գառներ է մորթել, կանչել է արքայի բոլոր որդիներին, Աբիաթար քահանային ու զօրքի հրամանատար Յովաբին, իսկ քո ծառայ Սողոմոնին չի կանչել: 20 Տէ՛ր իմ արքայ, ամբողջ Իսրայէլն իր հայեացքը յառել է քեզ վրայ, որ յայտնես նրանց, թէ ով պիտի նստի իմ տէր արքայի աթոռին իրենից յետոյ: 21 Եթէ իմ տէր արքան գնայ իր նախնիների գիրկը, ես ու իմ որդի Սողոմոնը մեղապարտ կհամարուենք»: 22 Մինչ նա խօսում էր արքայի հետ, եկաւ Նաթան մարգարէն: 23 Յայտնեցին արքային, թէ՝ «Ահաւասիկ եկել է Նաթան մարգարէն»: Սա մտաւ արքայի մօտ ու մինչեւ գետին երեսնիվայր գլուխ տուեց նրան: 24 Նաթանն ասաց. «Տէ՛ր իմ արքայ, դո՞ւ ես ասել, թէ՝ “Ադոնիան թագաւորելու է ինձնից յետոյ եւ նստելու է իմ աթոռին”: 25 Այսօր նա իջել է, մորթել բազում արջառներ, ոչխարներ ու գառներ, կանչել արքայի բոլոր որդիներին, զօրքի հրամանատարներին ու Աբիաթար քահանային: Նրանք ահա ուտում ու խմում են նրա մօտ՝ ասելով. “Կեցցէ՛ Ադոնիա արքան”. 26 իսկ ինձ՝ քո ծառային, Սադոկ քահանային, Յովիդայէի որդի Բանեային եւ քո Սողոմոն ծառային չի կանչել: 27 Արդեօ՞ք այս բանն իմ տէր արքայի հրամանով է կատարուել: Դու, սակայն, քո ծառային չես յայտնել, թէ իրենից յետոյ ով պիտի նստի իմ տէր արքայի աթոռին»: 28 Պատասխան տուեց Դաւիթ արքան՝ ասելով. «Ինձ մօ՛տ կանչեցէք Բերսաբէէին»: Սա մտաւ նրա մօտ ու կանգնեց նրա դիմաց: 29 Արքան երդուեց՝ ասելով. «Կենդանի է Տէրը, որ փրկել է իմ կեանքը ամէն նեղութիւնից: 30 Ինչպէս երդուելով Իսրայէլի Տէր Աստծով՝ ասել եմ, թէ՝ “Քո Սողոմոն որդին է թագաւորելու ինձնից յետոյ, եւ իմ փոխարէն նա է նստելու իմ աթոռին”, այդպէս էլ անելու եմ հէնց այսօր»: 31 Բերսաբէէն երեսնիվայր գետնին խոնարհուեց ու գլուխ տալով արքային՝ ասաց. «Յաւիտեան կեցցէ՛ իմ տէր Դաւիթ արքան»: 32 Դաւիթ արքան ասաց. «Ինձ մօ՛տ կանչեցէք Սադոկ քահանային, Նաթան մարգարէին ու Յովիդայէի որդի Բանեային»: 33 Սրանք եկան արքայի մօտ: Արքան ասաց նրանց. «Առէ՛ք ձեզ հետ ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին իմ ջորու վրայ նստեցրէ՛ք եւ իջեցրէ՛ք Գեհոն: 34 Սադոկ քահանան ու Նաթան մարգարէն այնտեղ նրան թող Իսրայէլի թագաւոր օծեն: Եղջերափողեր հնչեցրէ՛ք եւ բացականչեցէ՛ք. “Կեցցէ՛ Սողոմոն արքան”: 35 Ապա նրա յետեւից գնալով՝ քաղա՛ք բարձրացէք, եւ նա թող գայ, նստի իմ աթոռին ու թագաւորի իմ փոխարէն, քանզի ես եմ հրամայել, որ նա լինի Իսրայէլի ու Յուդայի երկրի առաջնորդը»: 36 Յովիդայէի որդի Բանեան, պատասխան տալով արքային, ասաց. «Թող այդպէս լինի, թող Տէր Աստուած իմ տէր արքայի խօսքը հաստատի: 37 Ինչպէս Տէրն իմ արքայ տիրոջ հետ էր, նոյնպէս թող լինի նաեւ Սողոմոնի հետ, թող բարձրացնի նրա աթոռը առաւել, քան իմ տէր արքայ Դաւթի աթոռը»: 38 Սադոկ քահանան, Նաթան մարգարէն, Յովիդայէի որդի Բանեան, քերեթիներն ու օփելեթիները եկան եւ Սողոմոնին նստեցրին Դաւիթ արքայի ջորու վրայ եւ նրան տարան Գեհոն: 39 Սադոկ քահանան իւղով լի եղջիւրն առաւ խորանից եւ օծեց Սողոմոնին, եղջերափող հնչեցրեց, եւ ամբողջ ժողովուրդը բացականչեց. «Կեցցէ՛ Սողոմոն արքան»: 40 Բոլոր մարդիկ եկան նրա հետ, պարեր պարելով՝ մեծ ուրախութիւն արեցին, երկիրը դղրդաց նրանց ձայնից: 41 Երբ Ադոնիան ու նրա բոլոր հիւրերը աւարտեցին ուտելը, լսեցին ուրախութեան աղմուկ-աղաղակը: Յովաբը, լսելով եղջերափողի ձայնը, ասաց. «Այս ի՞նչ աղմուկ է բարձրացել քաղաքում»: 42 Մինչ նա խօսում էր, եկաւ Աբիաթար քահանայի որդի Յովնաթանը: Ադոնիան նրան ասաց. «Նե՛րս մտիր, քանզի զօրաւոր մարդ ես դու եւ բարի լուր ես տալու»: 43 Յովնաթանը, պատասխան տալով, ասաց Ադոնիային. «Յիրաւի, մեր տէր Դաւիթ արքան թագաւոր դարձրեց Սողոմոնին: 44 Նա Սադոկ քահանային, Նաթան մարգարէին, Յովիդայէի որդի Բանեային, քերեթիներին ու օփելեթիներին ուղարկեց նրա հետ, նրան նստեցրին արքայի ջորու վրայ, 45 եւ Սադոկ քահանան ու Նաթան մարգարէն նրան թագաւոր օծեցին Գեհոնում: Ապա այնտեղից ուրախութեամբ եկան, ու քաղաքը դղրդաց: Ահա այդ ձայնն է, որ լսում էք: 46 Սողոմոնը նստեց արքայական գահին: 47 Արքայի ծառաները մտան, որ շնորհաւորեն մեր տէր Դաւիթ արքային: Նրանք ասացին. “Թող Աստուած քո Սողոմոն որդու անունը առաւել մեծացնի, քան քո անունը, եւ նրա աթոռն առաւել բարձրացնի, քան քո աթոռը”: Արքան իր անկողնի մէջ գլուխ խոնարհեց՝ ասելով. 48 “Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն այսօր իմ զաւակին արժանացրեց իմ աթոռին, եւ իմ աչքերը այդ տեսնում են”»: 49 Ադոնիայի բոլոր հիւրերը զարհուրեցին ու վեր կացան, եւ ամէն մէկը գնաց իր ճանապարհով: 50 Ադոնիան, վախենալով Սողոմոնից, ելաւ գնաց ու զոհասեղանի եղջիւրներից բռնեց: 51 Սողոմոնին յայտնեցին՝ ասելով. «Ահա Ադոնիան վախեցաւ Սողոմոն արքայից: Նա բռնել է զոհասեղանի եղջիւրները եւ ասում է. “Թող Սողոմոն արքան այսօր ինձ երդուի, թէ իր ծառային սրով չի սպանի”»: 52 Սողոմոնն ասաց. «Եթէ նա առաքինի մարդ լինի, նրանից ոչ մի մազ չի պակասի ու գետնին չի ընկնի, իսկ եթէ ուզի չար գործ կատարել, կմեռնի»: 53 Սողոմոն արքան մարդ ուղարկեց, եւ Ադոնիային իջեցրին զոհասեղանից: Ադոնիան եկաւ, խոնարհուեց Սողոմոն արքայի առաջ, իսկ Սողոմոնն ասաց նրան. «Գնա՛ քո տունը»:

2
1 Երբ մօտեցան Դաւթի մահուան օրերը, նա, դիմելով իր որդի Սողոմոնին, ասաց. 2 «Ըստ այս աշխարհի կարգի, ես անցայ իմ կեանքի ճամփան: Դու զօրացի՛ր, տղամարդ եղի՛ր, 3 պահի՛ր քո Տէր Աստծոյ հրամանները՝ գնա՛ նրա ճանապարհով, պահի՛ր նրա պատուիրանները, նրա օրէնքները, նրա հրամաններն ու նրա վկայութիւնները ըստ Մովսէսի օրէնքների գրքի, որ ինչ էլ անես, նկատի ունենաս այն ամէնը, որ պատուիրել եմ քեզ: 4 Եւ Տէրը կիրագործի իր խօսքը, որ ասաց իմ մասին, թէ՝ “Եթէ քո որդիները հաստատ պահեն իրենց ընթացքը եւ իրենց ամբողջ սրտով ու հոգով հաւատարմութեամբ գնան իմ առջեւից, ապա մարդ չի պակասի Իսրայէլի գահի վրայից”: 5 Դու ինքդ գիտես, թէ ինչ է արել ինձ Շարուհիի որդի Յովաբը, ինչ է արել Իսրայէլի երկու զօրապետներին՝ Ներէի որդի Աբեններին եւ Հեթերի որդի Ամեսայիին: Նա սպանեց նրանց, խաղաղ ժամանակ պատերազմի ժամանակուայ պէս արիւն թափեց, իր կեանքում անպարտ արիւն թափեց՝ ներկելով իր մէջքն ու կօշիկները: 6 Գործի՛ր ըստ քո իմաստութեան եւ նրա ալեւոր մազերը խաղաղութեամբ մի՛ իջեցրու դժոխք: 7 Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմութի՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների հետ լինեն, որովհետեւ նրանք ինձ աջակից եղան, երբ ես փախչում էի քո եղբայր Աբեսաղոմից: 8 Ահա քեզ հետ է բաւուրիմացի Յեմինի որդի Գերայի որդի Սեմէին: Սա ինձ ծանր անէծքներով անիծել է այն օրը, երբ գնում էի իմ բանակատեղին: Նա Յորդանան գետի ափին ինձ ընդառաջ եկաւ, եւ ես, Տիրոջ անունով երդուելով, նրան ասացի. “Քեզ սրով չեմ սպանի”: 9 Նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես, գիտես, թէ ինչ պէտք է անես նրա ալեւոր մազերն արեամբ դժոխք իջեցնելու համար»: 10 Եւ Դաւիթը գնաց իր նախնիների գիրկը: Նա թաղուեց Դաւթի քաղաքում: 11 Դաւիթն Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի. Քեբրոնում թագաւորել էր եօթ տարի, իսկ Երուսաղէմում՝ երեսուներեք տարի: 12 Սողոմոնը նստեց իր հօր՝ Դաւթի գահին, երբ տասներկու տարեկան էր: Նրա թագաւորութիւնը շատ հաստատուն էր: 13 Ագիթի որդի Ադոնիան, Սողոմոնի մայր Բերսաբէէի մօտ գալով, խոնարհուեց նրա առաջ: Բերսաբէէն հարցրեց. «Բարի՞ նպատակով ես գալիս մօտս»: Ադոնիան ասաց. «Բարի նպատակով»: 14 Եւ նա աւելացրեց. «Ես խօսքեր ունեմ քեզ ասելու»: 15 Բերսաբէէն ասաց՝ խօսի՛ր: Ադոնիան ասաց նրան. «Դու ինքդ էլ գիտես, որ իմն էր թագաւորութիւնը, եւ ամբողջ Իսրայէլն իր հայեացքը ինձ էր ուղղել որպէս թագաւորի, սակայն ոչ թէ ես արժանացայ թագաւորութեան, այլ՝ իմ եղբայրը, քանզի Աստծուց տրուեց նրան: 16 Արդ, մի բան եմ խնդրելու քեզնից, եւ դու չպէտք է մերժես ինձ»: Բերսաբէէն ասաց. «Յայտնի՛ր խնդրանքդ»: 17 Ադոնիան ասաց. «Ասա՛ Սողոմոն արքային (եւ նա քեզ չի մերժի), որ ինձ կնութեան տայ սոմնացի Աբիսակին»: 18 Բերսաբէէն ասաց. «Բարի, ես այդ մասին կխօսեմ արքայի հետ»: 19 Բերսաբէէն գնաց Սողոմոն արքայի մօտ, որ խօսի նրա հետ Ադոնիայի մասին: Արքան ոտքի կանգնեց նրա առջեւ, համբուրեց նրան, նստեց իր աթոռին: Արքայի մօր համար էլ աթոռ բերուեց, եւ մայրը նստեց նրա աջ կողմում: 20 Բերսաբէէն ասաց նրան. «Մի փոքր խնդրանք ունեմ քեզնից, ինձ մի՛ մերժիր»: Արքան ասաց. «Խնդրի՛ր, մա՛յր իմ, ես քեզ չեմ մերժի»: 21 Բերսաբէէն ասաց. «Սոմնացի Աբիսակը թող քո եղբօրը՝ Ադոնիային, կնութեան տրուի»: 22 Պատասխան տուեց Սողոմոն արքան եւ ասաց իր մօրը. «Իսկ ինչո՞ւ ես Ադոնիայի համար սոմնացի Աբիսակին խնդրում, նրա համար թագաւորութի՛ւնս խնդրիր, չէ՞ որ նա իմ աւագ եղբայրն է, եւ Աբիաթար քահանան ու Շարուհիի որդի Յովաբը նրա սպարապետն ու բարեկամներն են»: 23 Սողոմոն արքան երդուեց Տիրոջ անունով՝ ասելով. «Թող Աստուած ինձ այսպէս անի եւ աւելին էլ անի. Ադոնիայի խնդրածը իր իսկ կեանքի դէմ է: 24 Արդ, կենդանի է Տէրը, որ ինձ հաստատեց ու նստեցրեց իմ հայր Դաւթի գահին, ինձ համար տուն շինեց, ինչպէս խոստացել էր Տէրը: Ադոնիան այսօր իսկ պիտի մեռնի»: 25 Եւ Սողոմոն արքան ուղարկեց Յովիդայէի որդի Բանեային, որը սպանեց նրան: Եւ այդ օրը մեռաւ Ադոնիան: 26 Աբիաթար քահանային արքան ասաց. «Գնա՛ քո ագարակը՝ Անաթոթ: Այսօր դու մահուան ես արժանի, սակայն քեզ չեմ սպանի, քանզի իմ հօր առջեւ կրել ես Տիրոջ ուխտի տապանակը եւ դու էլ չարչարուել ես այնտեղ, ուր չարչարուել է իմ հայրը»: 27 Եւ Սողոմոնը Աբիաթարին զրկեց Տիրոջ քահանայութիւնից, որպէսզի կատարուի Տիրոջ այն խօսքը, որ Սելովում ասել էր Հեղիի տան վերաբերեալ: 28 Լուրը հասաւ Յովաբին, որը Ադոնիայի համակիրն էր եւ չէր հետեւել Սողոմոնին: Յովաբը փախաւ մտաւ Տիրոջ վրանը եւ բռնեց զոհասեղանի եղջիւրներից: 29 Սողոմոնին յայտնեցին, թէ Յովաբը փախել մտել է Տիրոջ վրանը եւ բռնել զոհասեղանի եղջիւրներից: Սողոմոնը լուր ուղարկեց Յովաբին՝ ասելով. «Քեզ ի՞նչ եղաւ, որ փախար զոհասեղանի մօտ»: Յովաբն ասաց. «Վախեցայ քեզնից ու փախայ Տիրոջ մօտ»: Սողոմոն արքան Յովիդայէի որդի Բանեային ասաց. «Գնա սպանի՛ր Յովաբին ու թաղի՛ր»: 30 Յովիդայէի որդի Բանեան գնաց Տիրոջ վրանը՝ Յովաբի մօտ, եւ ասաց նրան. «Այսպէս է կարգադրել արքան. ելի՛ր այդտեղից»: Յովաբն ասաց. «Չեմ ելնի, քանզի այստեղ էլ պիտի մեռնեմ»: Յովիդայէի որդի Բանեան վերադարձաւ ու արքային յայտնեց, թէ ինչ է ասել ինքը Յովաբին, եւ թէ ինչ պատասխան է տուել նա: 31 Արքան ասաց նրան. «Գնա՛ եւ արա՛ նրան այն, ինչ ինքը ցանկացել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր եւ այսօր վերացրո՛ւ ինձնից ու իմ հօր տնից այն անմեղ արիւնը, որ թափել էր Յովաբը: 32 Տէրը նրա հեղած անմեղ արիւնը թող նրա գլխին դարձնի, որովհետեւ նա սրով սպանել է իրենից աւելի արդար եւ քաջ երկու մարդկանց, եւ հայրս նրանց այդ սպանութեան մասին չգիտէր: Դրանք էին Ներէի որդի Աբենները, որն Իսրայէլի սպարապետն էր, եւ Յեթերի որդի Ամեսային, որը Յուդայի երկրի սպարապետն էր: 33 Նրանց արիւնը թող յաւիտեան դառնայ նրա ու նրա զաւակների գլխին, իսկ Տէրը յաւիտենական խաղաղութիւն թող պարգեւի Դաւթին, նրա զաւակին, նրա տանն ու գահին»: 34 Յովիդայէի որդի Բանեան վերադարձաւ Յովաբի մօտ, սպանեց նրան ու թաղեց անապատում գտնուող նրա տան մէջ: 35 Արքան Յովիդայէի որդի Բանեային նրա փոխարէն զօրավար կարգեց, թագաւորութիւնը փոխադրեց Երուսաղէմ եւ Սադոկ քահանային Աբիաթարի փոխարէն քահանայ կարգեց Տիրոջ առաջ: Տէրը Սողոմոնին չափազանց շատ խելք ու իմաստութիւն տուեց եւ ծովեզրի աւազի նման՝ սրտի լայնութիւն: Սողոմոնն աւելի իմաստուն դարձաւ, քան իր նախնիների բոլոր որդիները եւ եգիպտացի իմաստունները: Նա կին առաւ փարաւոնի դստերն ու նախքան իր պալատը կառուցելը նրան բերեց Դաւթի քաղաքը: Նա նախ եօթ տարի կառուցեց եւ աւարտեց Տիրոջ տունն ու Երուսաղէմի շուրջանակի պարիսպը: Սողոմոն արքան լեռներում ունէր եօթանասուն հազար բեռնակիր եւ ութսուն հազար քարհատ: Սողոմոնը ծովափին պատնէշներ դրեց, մեծամեծ ջրաւազաններ կառուցեց, ինչպէս նաեւ սիւներ տնկեց, բակում շատրուաններ շինել տուեց ու պղնձէ աւազանը: Նա շինեց բարձրադիր միջնաբերդ աշտարակներով եւ Դաւթի քաղաքն անջրպետեց խրամատով: Դրանից յետոյ փարաւոնի դուստրը ելաւ Դաւթի քաղաքից եւ եկաւ իր տունը, որ Սողոմոնը շինել էր իր համար: Դրանից յետոյ է, որ շինուեց բարձրադիր միջնաբերդը: Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակէզ եւ խաղաղութեան զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրայ, որ կառուցել էր Տիրոջ համար, խունկ էր ծխում Տիրոջ առջեւ: Նա աւարտեց տան կառուցումը: Սրանք են այն իշխանները, որոնք ղեկավարում էին Սողոմոնի շինարարական գործերը... Սողոմոնի ձեռնարկած գործերի վրայ աշխատող մարդկանց հսկում էին երեք հազար վեց հարիւր գործավարներ: Նա կառուցեց Ասուրը, Մակդովը, Ազերը, Վերին Բեթորոնը եւ Բալաաթը, բայց Տիրոջ տունը եւ Երուսաղէմի շուրջանակի պարիսպը շինելուց յետոյ է, որ կառուցեց այդ քաղաքները: Դաւիթը կենդանի եղած ժամանակ պատուիրել էր Սողոմոնին՝ ասելով. «Ահա քեզ մօտ է քեբրոնցի Յեմինի որդի Գերիի որդի Սեմէին: Նա ծանր անէծքներով անիծեց ինձ այն օրը, երբ գնում էի իմ բանակը: Սա Յորդանան գետի ափին ընդառաջ եկաւ ինձ, եւ ես Տիրոջ անունով երդուեցի նրան, թէ՝ “Քեզ սրով չեմ սպանի”: Արդ, նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես եւ գիտես, թէ ինչ պէտք է անես նրան՝ նրա ալեւոր մազերն արեամբ դժոխք իջեցնելու համար»: 36 Արքան լուր ուղարկեց, կանչեց Սեմէիին եւ ասաց նրան. «Քեզ համար տո՛ւն շինիր Երուսաղէմում, այնտեղ ապրի՛ր եւ այնտեղից դուրս չգաս: 37 Այն օրը, որ ելնես եւ Կեդրոնի հեղեղատն անցնես, լա՛ւ իմացիր, որ կմեռնես, եւ քո արիւնը քո գլխին կլինի»: Արքան այդ օրը երդուել տուեց նրան: 38 Սեմէին ասաց արքային. «Բարի է այն, որ ասացիր, իմ տէ՛ր արքայ, քո ծառան այդպէս էլ կանի»: Եւ Սեմէին Երուսաղէմում բնակուեց երեք տարի: 39 Երեք տարի անց Սեմէիի երկու ծառաները փախան Գեթի արքայ Մաաքի որդի Անքուսի մօտ: Սեմէիին յայտնեցին, թէ՝ «Ահա քո երկու ծառաները Գեթում են»: 40 Վեր կացաւ Սեմէին, համետեց իր էշը ու գնաց Անքուսի մօտ՝ իր ծառաներին որոնելու: Սեմէին գնաց ու իր ծառաներին բերեց Գեթից: 41 Սողոմոնին յայտնեցին, թէ Սեմէին Երուսաղէմից գնացել է Գեթ եւ վերադարձրել իր ծառաներին: 42 Արքան, մարդ ուղարկելով, կանչեց Սեմէիին եւ ասաց նրան. «Չէ՞ որ քեզ երդուեցրի Տիրոջ անունով ու վկայութիւն տուեցի՝ ասելով, թէ՝ “Այն օրը, որ ելնես Երուսաղէմից ու գնաս աջ կամ ձախ, լա՛ւ իմացիր, որ կմեռնես”, իսկ դու ասացիր ինձ. “Բարի են խօսքերդ, որ լսեցի”: 43 Արդ, ինչպէ՞ս է, որ չպահեցիր Տիրոջը տուած իմ երդումն ու քեզ տուած իմ պատուէրը»: 44 Արքան ասաց Սեմէիին. «Դու ինքդ գիտես քո սրտի չարութիւնը, որ արել ես իմ հայր Դաւթի նկատմամբ: 45 Տէրը քո չարիքները քո գլխին է թափելու, իսկ Սողոմոն արքան օրհնեալ է, եւ Դաւթի աթոռը Տիրոջ առաջ թող յաւիտեան հաստատ մնայ»: 46 Եւ Սողոմոն արքան հրաման տուեց Յովիդայէի որդի Բանեային, որը եկաւ ու սպանեց Սեմէիին, եւ սա մեռաւ:

3
1 Երբ Սողոմոնի թագաւորութիւնն ամրապնդուեց, նախքան իր տան, Տիրոջ տան ու Երուսաղէմի շուրջանակի պարսպի շինարարութեան աւարտը նա խնամիութիւն հաստատեց Եգիպտոսի արքայ փարաւոնի հետ, կին առաւ նրա դստերն ու բերեց Դաւթի քաղաքը: 2 Ժողովուրդը խունկ էր ծխում բարձունքների վրայ, քանզի մինչ այդ դեռ չէր շինուել Տիրոջ անուան տունը: 3 Սողոմոնը, հնազանդուելով իր հայր Դաւթի յորդորներին, սիրեց Տիրոջը, բայց ինքն էլ էր բարձունքներում զոհեր մատուցում ու խունկ ծխում: 4 Արքան ելաւ գնաց Գաբաւոն՝ այնտեղ զոհ մատուցելու, քանզի այդտեղ աւելի բարձր էր ու մեծ: Սողոմոնը Գաբաւոնում գտնուող այդ զոհասեղանի վրայ հազար ողջակէզ մատուցեց: 5 Տէրը Սողոմոնին երեւաց գիշերուայ քնի մէջ: Տէրն ասաց Սողոմոնին. «Որեւէ բան խնդրի՛ր քեզ համար»: 6 Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմածութիւն արեցիր իմ հայր Դաւթին, եւ նա էլ քեզ հետ՝ քո առջեւից ընթացաւ ճշմարտութեամբ, արդարութեամբ ու սրտի մաքրութեամբ, եւ դրա համար ցոյց տուեցիր այս մեծ ողորմածութիւնը, նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպէս որ է այսօր: 7 Արդ, իմ Տէ՛ր Աստուած, դու քո ծառային դրել ես իմ հայր Դաւթի փոխարէն, իսկ ես դեռ պատանի եմ եւ չգիտեմ իմ անելիքը: 8 Քո ծառան քո ընտրած ժողովրդի մէջ է, մի ժողովուրդ, որը բազմամարդ է, անթիւ ու անհամար: 9 Իմաստութի՛ւն տուր քո ծառային, որ նա կարողանայ արդարութեամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտութիւն ունենայ տարբերելու բարին ու չարը, որովհետեւ ո՞վ կարող է ղեկավարել քո այս բազմամարդ ժողովրդին»: 10 Տիրոջը հաճելի եղաւ Սողոմոնի այս խնդրանքը, 11 եւ Տէրն ասաց նրան. «Քանի որ դու այդ բանը խնդրեցիր ինձնից, խնդրեցիր ոչ թէ կեանքի երկար օրեր, հարստութիւն կամ քո թշնամիների մահ, այլ խնդրեցիր խելամտութիւն՝ դատ անելու, 12 ուստի քո ասածի համաձայն եմ վարուելու. քեզ տալիս եմ իմաստուն ու հանճարեղ միտք, այնպէս որ ո՛չ քեզնից առաջ է քեզ նմանը եղել եւ ո՛չ էլ քեզնից յետոյ քեզ նմանը կյայտնուի: 13 Քեզ տալիս եմ նաեւ այն, ինչ դու չխնդրեցիր՝ հարստութիւն ու փառք, այնպէս որ քո ապրած կեանքի օրերին թագաւորներից ոչ ոք չի լինելու քեզ նման: 14 Եւ եթէ ընթանաս իմ ճանապարհով, կատարես իմ հրամաններն ու պատուիրանները, ինչպէս ընթացել էր քո հայր Դաւիթը, ապա քո կեանքի օրերը կերկարացնեմ»: 15 Սողոմոնը զարթնեց եւ տեսաւ, որ դա երազ է: Նա եկաւ Երուսաղէմ, կանգնեց Սիոնում գտնուող Տիրոջ ուխտի տապանակի դէմ յանդիման՝ զոհասեղանի առջեւ, ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեց եւ մեծ խրախճանք սարքեց իր եւ իր բոլոր ծառաների համար: 16 Այդ ժամանակ երկու անառակ կանայք եկան ու կանգնեցին արքայի առջեւ: 17 Կանանցից մէկն ասաց. «Լսի՛ր ինձ, տէ՛ր իմ, ես եւ այս կինը մի տան մէջ էինք: Ես երեխայ ունեցայ այդ տանը: 18 Այնպէս պատահեց, որ երրորդ օրն այս կինն էլ ծնեց: Մենք էինք միայն տանը, մեր երկուսից բացի ուրիշ ոչ ոք չկար տանը: 19 Գիշերը սրա որդին մեռաւ, որովհետեւ նա իր երեխայի վրայ էր պառկել: 20 Սա գիշերուայ կէսին զարթնել է, վերցրել իմ մանկանն իմ գրկից, երբ ես՝ քո աղախինը, քնած եմ եղել, պառկեցրել է իր ծոցում, իսկ իր մեռած որդուն դրել է իմ ծոցը: 21 Առաւօտեան վեր կացայ, որ կուրծք տամ իմ որդուն, բայց տեսայ, որ մեռած է: Ցերեկը մի լաւ դիտեցի նրան եւ տեսայ, որ դա իմ ծնած երեխան չէ»: 22 Միւս կինն ասաց. «Ո՛չ, մեռածը քո որդին է, իմ որդին կենդանին է»: Առաջին կինն ասում էր. «Ո՛չ, կենդանին իմ որդին է, իսկ քո որդին մեռածն է»: 23 Այսպէս վիճեցին արքայի առջեւ: Արքան ասաց նրանց. «Դու ասում ես, թէ՝ “Այս կենդանին է իմ որդին, մեռածը նրա որդին է”, իսկ դու էլ ասում ես. “Ո՛չ, մեռածը քո որդին է, կենդանին իմ որդին է”»: 24 Արքան ասաց. «Սուրն ի՛նձ բերէք»: Սուրը բերեցին թագաւորի մօտ: 25 Արքան ասաց. «Կտրեցէ՛ք, երկու կէս արէ՛ք այս կենդանի ծծկեր մանկանը, նրա մի կէսը տուէ՛ք սրան ու միւս կէսը՝ նրան»: 26 Այն կինը, որի որդին կենդանի էր, ցաւից գալարուեց իր որդու համար: Նա ասաց արքային. «Լսի՛ր ինձ, տէ՛ր, կենդանի մանկանը տուէ՛ք նրան, միայն թէ մի՛ սպանէք մանկանը»: Միւս կինն ասաց. «Ո՛չ իմը թող լինի, ո՛չ նրանը, մէջտեղից կիսէ՛ք նրան»: 27 Պատասխան տուեց արքան՝ ասելով. «Նրա՛ն տուէք կենդանի մանկանը, ով ասաց, թէ՝ “Դրա՛ն տուէք, միայն թէ մի՛ սպանէք երեխային”: Նա է դրա մայրը»: 28 Եւ ամբողջ Իսրայէլը, լսելով արքայի վճռած դատաստանը, երկնչեց արքայից, քանզի տեսաւ, որ նրա մէջ դատաստան վարելու Աստծոյ իմաստութիւնը կար:

4
1 Սողոմոն արքան թագաւորում էր Իսրայէլի վրայ, 2 ու սրանք էին նրա իշխանները. Սադոկի որդի Ազարիան՝ քահանայ, 3 Սիսայի որդիներ Ելիարեփն ու Աքիան՝ քարտուղարներ, Աքիլիդի որդի Յոսափատը՝ դիւանապետ, 4 Յովիդայէի որդի Բանեան՝ սպարապետ, Սադոկն ու Աբիաթարը՝ քահանաներ, 5 Նաթանի որդի Ազարիան՝ գործավարների վերակացու, Նաթանի որդի Զաբութը՝ քահանայ եւ արքայի բարեկամ, 6 Աքիսարը՝ տան վերակացու, Ելիակը՝ հազարապետ, Սափի որդի Ելիափը՝ իշխան, եւ Աբդովի որդի Ադոնիրամը՝ հարկերի վերատեսուչ: 7 Սողոմոնն ամբողջ Իսրայէլում ունէր տասներկու գործակալներ, որոնցից ամէն մէկը տարուայ մէջ մէկ ամիս ուտեստեղէն էր մատակարարում արքային ու նրա ընտանիքին: 8 Ահա նրանց անունները. Օրի որդի Բէինը՝ Եփրեմի լեռան վրայ, 9 Դակարի մի որդին՝ Մաքմասում, Սալաբիմում, Բեթսամիւսում ու Այիլոմում մինչեւ Բեթանան, 10 Եսդի որդին՝ Արաբոթում. սրան էին պատկանում Սոքովն ու ամբողջ Օփերի երկիրը: 11 Ամինադաբի որդին՝ ամբողջ Նեփադորում. Սողոմոնի դուստր Տափաթը սրա կինն էր: 12 Այելոթի որդի Բաանան՝ Թանաքում, Մաքդովում եւ Սանի ամբողջ տանը, որը Ելսարթանի մօտ է՝ Յեզրայէլից ներքեւ, եւ տարածւում է Բեթսանից մինչեւ Աբելմաուլա եւ Մամբրալա: 13 Գարերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում. սրան էին պատկանում Մանասէի որդի Յայիրի աւանները Գաղաադում, Երգաբի գաւառը Բասանում, վաթսուն մեծամեծ պարսպապատ, պղնձէ նիգերով ամրացուած քաղաքներ: 14 Ադդովի որդի Այինադաբը՝ Մայենեմում, 15 Աքիմասը՝ Նեփթաղիմում. սա Սողոմոնի դուստր Մասեմաթին կնութեան էր առել: 16 Քուսիի որդի Բաանասը՝ Ասերում եւ Բաալոթում: 17 Փարուայի որդի Յոսափատը՝ Իսաքարում: 18 Ելի որդի Սեմէին՝ Բենիամինում: 19 Ադայի որդի Գաբերը՝ Գաղաադի երկրում, ամորհացիների թագաւոր Սեհոնի ու Բասանի թագաւոր Օգի երկրում: Նաբիփը՝ Յուդայի երկրում: 20 Իսրայէլը ծովեզերքի աւազի չափ շատ բնակիչներ ունէր, որոնք ուտում էին, խմում եւ ուրախանում: 21 Սողոմոնը տիրում էր թագաւորութիւններին այլազգիների գետի երկրից մինչեւ Եգիպտոսի սահմանները: Բերում էին ընծաներ ու ծառայեցին նրան մինչեւ նրա կեանքի վերջը: 22 Սողոմոնն օրական սպառում էր երեսուն քոռ ընտիր ալիւր, քառասուն քոռ ալիւր, 23 տասն ընտիր եզներ, արօտավայրում կերակրուած քսան կով եւ հարիւր ոչխար, չհաշուած եղջերուները, այծեամներն ու տեսակ-տեսակ ընտիր պարարտ թռչուններ, 24 քանզի նա իշխում էր գետից այս կողմ գտնուող բոլոր երկրների վրայ՝ Թափսայից մինչեւ Գազա, գետի այս կողմում եղած բոլոր թագաւորութիւնների վրայ: Խաղաղութիւն էր տիրում նրա երկրում ու շրջակայ բոլոր կողմերում: 25 Սողոմոնի իշխանութեան օրօք Յուդայի երկրում եւ Իսրայէլում, Դանից մինչեւ Բերսաբէէ, մարդիկ իրենց որթատունկերի ու թզենիների տակ ապահով կեանք էին վարում, ուտում ու խմում: 26 Սողոմոնն ունէր քառասուն հազար մատակ լծկան ձիեր եւ տասներկու հազար երիվարներ: 27 Գործակալները Սողոմոն արքային ամէն ամիս պարէն էին մատակարարում, արքայի սեղանից ոչ մի բան չէր պակասում: 28 Որտեղ որ գտնւում էր արքան, ըստ իւրաքանչիւրի վրայ դրուած հարկի՝ այնտեղ էին բերում նաեւ գարի ու յարդ նժոյգների եւ լծկան ձիերի համար: 29 Տէրը Սողոմոնին տուեց ընդունակութիւն, շատ խոր իմաստութիւն, ծովեզերքի աւազի չափ լայնախոհ սիրտ: 30 Սողոմոնի իմաստութիւնը շատ աւելի խորն էր, քան բոլոր նախորդ մարդկանց ու Եգիպտոսի իմաստունների հանճարը: 31 Նա բոլոր մարդկանցից առաւել իմաստուն դարձաւ, աւելի իմաստուն, քան զարաացի Գեթանը, Եմանը եւ Մաւուլի որդիներ Քալքալն ու Դարդանը: Նրա համբաւը տարածուել էր շրջակայ բոլոր ազգերի մէջ: 32 Սողոմոնը երեք հազար առակ է գրել, իսկ նրա օրհներգութիւնների թիւը հինգ հազար է: 33 Նա խօսել է ծառերի մասին՝ Լիբանանի մայրիից մինչեւ պատն ի վեր մագլցող զոպան, պատմել է անասունների, թռչունների ու ձկների մասին: 34 Բոլոր կողմերից, նրա իմաստութեան համբաւը լսած երկրի բոլոր թագաւորների մօտից մարդիկ գալիս էին՝ լսելու Սողոմոնի իմաստութիւնը:

5
1 Տիւրոսի Քիրամ արքան իր ծառաներին ուղարկեց Սողոմոնի մօտ, որովհետեւ լսել էր, թէ նրան թագաւոր են օծել իր հայր Դաւթի փոխարէն. Քիրամը միշտ սիրել էր Դաւթին: 2 Սողոմոնը լուր ուղարկեց Քիրամին՝ ասելով. 3 «Դու ինքդ գիտես, որ իմ հայր Դաւիթը շրջակայ երկրների պարտադրած պատերազմների պատճառով չկարողացաւ իմ Տէր Աստծոյ անուան տունը շինել, մինչեւ որ Տէրը թշնամիներին հնազանդեցրեց նրա ոտքերի առաջ: 4 Արդ, իմ Տէր Աստուածն ինձ հանգիստ է տուել, եւ շրջապատում չկայ ո՛չ դաւադիր, ո՛չ չար պատահար: 5 Ես որոշել եմ իմ Տէր Աստծոյ անուան տունը շինել, ինչպէս Տէր Աստուածը պատուիրել է իմ հայր Դաւթին՝ ասելով. “Իմ անուան տունը շինելու է քո որդին, որին ես նստեցնելու եմ քո աթոռին քո փոխարէն”: 6 Արդ, հրամա՛ն տուր, որ ինձ համար Լիբանանից փայտ կտրեն, եւ իմ ստրուկների հետ լինեն նաեւ քո ստրուկները: Ես քեզ կտամ քո ստրուկների վարձատրութիւնն այնքան, որքան դու կասես, որովհետեւ դու ինքդ գիտես, որ մենք չունենք մի մարդ, որ գիտենայ սիդոնացիների նման փայտ կտրել»: 7 Երբ Քիրամը լսեց Սողոմոնի խօսքերը, շատ ուրախանալով՝ ասաց. «Օրհնեալ է այսօր Տէր Աստուած, որ Դաւթին իմաստուն որդի է տուել, որպէսզի նա ղեկավարի մի բազմամարդ ժողովուրդ»: 8 Քիրամը Սողոմոնին լուր ուղարկեց՝ ասելով. «Իմացայ այն ամէնն, ինչ ինձ յայտնեցին քո ուղարկած մարդիկ: Ես կկատարեմ քո ամբողջ կամքը. 9 իմ ստրուկները Լիբանանից եղեւնափայտ ու մայրի կիջեցնեն ծով, ես դրանցից լաստեր կպատրաստեմ ծովի վրայ, դրանք բերել կտամ մինչեւ այն տեղը, որ դու ինձ ցոյց կտաս, ես ծովափ կհանեմ դրանք, եւ դու կվերցնես: Դրա փոխարէն դու կկատարես իմ կամքը. հաց կմատակարարես իմ տանը»: 10 Քիրամը Սողոմոնին եղեւնափայտ ու մայրի էր տալիս այնքան, ինչքան նա ուզում էր, 11 իսկ Սողոմոնը Քիրամին տալիս էր քսան հազար քոռ ցորեն ու քսան հազար սափոր զտուած ձիթաիւղ, որ Սողոմոնն ամէն տարի ուղարկում էր Քիրամին: 12 Տէրը Սողոմոնին իմաստութիւն տուեց, ինչպէս խոստացել էր նրան, խաղաղութիւն հաստատուեց Քիրամի ու Սողոմոնի միջեւ, եւ նրանք իրար հետ դաշինք կնքեցին: 13 Սողոմոնը գլխահարկ դրեց ամբողջ Իսրայէլում: Հարկ էր դրուած երեսուն հազար մարդու վրայ, 14 որոնցից տասը հազարին ամէն ամիս ուղարկում էր Լիբանան: Սրանք մէկ ամիս մնում էին Լիբանանում եւ երկու ամիս՝ իրենց տներում: Այդ գլխահարկի վերակացուն էր Ադոնիրամը: 15 Սողոմոնը լեռներում ունէր եօթանասուն հազար բեռնակիր եւ ութսուն հազար քարհատ, 16 բացի երեք հազար հինգ հարիւր գործակալ ղեկավարներից, որ Սողոմոնը նշանակել էր գործաւորների վրայ: 17 Արքայի հրամանով տան հիմքի համար բերեցին մեծ ու ընտիր ապառաժ քարեր, անտաշ քարեր: 18 Սողոմոնի մարդիկ, Քիրամի մարդիկ ու Բիբլոսի բնակիչները տաշեցին, երեք տարի փայտ եւ քար պատրաստեցին Աստծոյ տան շինութեան համար:

6
1 Իսրայէլացիների՝ Եգիպտոսից դուրս գալու չորս հարիւր քառասուներորդ տարում եւ Սողոմոն արքայի՝ Իսրայէլի վրայ թագաւորելու չորրորդ տարուայ երկրորդ ամսում Սողոմոնը սկսեց կառուցել Տիրոջ տունը: 2 Սողոմոն արքայի՝ Տիրոջ համար շինած տան երկարութիւնն էր վաթսուն կանգուն, լայնութիւնը՝ քսան կանգուն, բարձրութիւնը՝ քսան կանգուն: 3 Տան առջեւի կամարակապ բակի երկարութիւնը քսան կանգուն էր, ինչքան տան բարձրութիւնն էր, իսկ տան ճակատի կողմի լայնութիւնը՝ տասը կանգուն: Նա կառուցեց-ամբողջացրեց տունը: 4 Տունն ունէր գաղտնի դիտելու պատուհաններ: 5 Նա տան պատից դուրս, տան պատերի երկայնքով, տաճարի ու սրբարանի շուրջը պատուար շինեց, չորս կողմը սենեակներ կառուցեց: 6 Ներքին յարկը հինգ կանգուն լայնութիւն ունէր, միջինը՝ վեց կանգուն լայնութիւն, իսկ երրորդը՝ եօթ կանգուն լայնութիւն, որպէսզի տան շուրջը արտաքուստ ազատ տեղ ունենալով՝ տան պատերը չվնասուեն: 7 Տունը շինուեց ապառաժ ու անմշակ քարերով, եւ մուրճի կամ երկաթէ որեւէ գործիքի ձայն չլսուեց դրա շինութեան ժամանակ: 8 Ներքին յարկի գաւթի դուռը տան աջ կողմում էր. այստեղից ոլորապտոյտ սանդուղքներով ելնում էին միջին յարկը, իսկ միջինից՝ երրորդը: 9 Տունը կառուցեց-վերջացրեց, տունը երեսապատեց միմեանց շաղկապուած տախտակներով ու քանդակազարդ եղեւնափայտով: 10 Ամբողջ տան շուրջը վերնախարիսխ շինեց հինգ կանգուն բարձրութեամբ եւ վերնախարիսխը պատեց եղեւնափայտով: 11 Տէրը, խօսքն ուղղելով Սողոմոնին, ասաց. 12 «Ահա տուն ես շինում: Եթէ ըստ իմ հրամանների ընթանաս, իմ օրէնքներն ի գործ դնես, պահես իմ բոլոր պատուիրաններն ու դրանցով առաջնորդուես, ապա կկատարեմ քո նկատմամբ այն խոստումը, որ տուել էի քո հօրը՝ Դաւթին. 13 կբնակուեմ Իսրայէլի ժողովրդի մէջ եւ չեմ լքի իմ իսրայէլացի ժողովրդին»: 14 Սողոմոնը կառուցեց աւարտեց տունը: 15 Տան պատերը ներսից երեսապատեց եղեւնափայտով. տան յատակից մինչեւ պատերն ու գերանները ներսից շուրջանակի փայտով երեսապատեց: Տան ներքին մասը դրուագեց մայրի փայտով, 16 տան յետեւում քսան կանգուն երկարութեամբ մի պատ շինեց, ներսում յատակից մինչեւ գերանները երեսապատեց փայտով ու այն վերածեց սրբարանի, որպէսզի այնտեղ պահուի սրբութիւնների սրբութիւնը: 17 Տունը՝ ներքին տաճարը, քառասուն կանգուն էր: 18 Տան ներսից կամարները, վերնախարիսխները երեսապատեց քանդակազարդ եղեւնափայտով: Ամէն ինչ եղեւնափայտով էր ծածկուած այնպէս, որ քար չէր երեւում: 19 Սրբարանը տան մէջ էր՝ ներսում: Այն շինուել էր, որպէսզի այնտեղ դրուի Տիրոջ ուխտի տապանակը: 20 Սրբարանը քսան կանգուն երկարութիւն, քսան կանգուն լայնութիւն եւ քսան կանգուն բարձրութիւն ունէր: Այն դրուագել տուեց մաքուր ոսկով: 21 Սողոմոնը եղեւնափայտէ զոհասեղան պատրաստեց: Նա տունը ներքուստ մաքուր ոսկով պատեց եւ սրբարանի դիմաց վարագոյր քաշեց ոսկէ շղթաներով: 22 Նա ամբողջ տունը ոսկով պատեց: Սրբարանի ամբողջ ներքնամասը երեսապատեց ոսկէ թիթեղներով: 23 Սրբարանի ներսում դրեց նոճու փայտից պատրաստուած երկու քերովբէներ: Մէկի բարձրութիւնը տասը կանգուն էր: 24 Նրա մի թեւը հինգ կանգուն էր, միւսը թեւը՝ նոյնպէս հինգ կանգուն. մի թեւի ծայրից մինչեւ միւս թեւի ծայրը տասը կանգուն էր: 25 Երկրորդ քերովբէն նոյն չափն ու նոյն ձեւն ունէր: 26 Մի քերովբէի բարձրութիւնը տասը կանգուն էր, նոյնը եւ՝ երկրորդ քերովբէինը: 27 Երկու քերովբէները դրեց ներսի սենեակում եւ նրանց թեւերը տարածեց. մի քերովբէի մէկ թեւը հասնում էր մի պատին, իսկ երկրորդ քերովբէի մէկ թեւը՝ միւս պատին: Նրանց միւս թեւերը սենեակում գալիս միանում էին իրար: 28 Նա քերովբէները ոսկով պատեց: 29 Տան բոլոր պատերի վրայ ներսից ու դրսից շուրջանակի քանդակեց, փորագրեց քերովբէներ, արմաւենիներ ու բարձրաքանդակներ: 30 Նա տան ներքին ու արտաքին յատակը ոսկով երեսապատեց: 31 Նա սրբարանի մուտքի դուռը շինեց գիհի փայտից: Դուռը պատի մէկ հինգերորդ մասն էր կազմում: 32 Իւղաթաթախ փայտից շինուած երկու փեղկերի վրայ քերովբէներ, արմաւենիներ փորագրեց եւ դրանք ոսկով երեսապատեց. ոսկին ծածկում էր քերովբէներն ու արմաւենիները: 33 Տաճարի մուտքի դռան դրանդիկները նոյնպէս գիհիի քառակուսի փայտերից էին: 34 Երկու դռները մայրի փայտից էին, ամէն մի դուռը երկփեղկ էր, իսկ փեղկերը բացւում-փակւում էին ծխնիներով: 35 Երկրորդ դռան վրայ ոսկով դրուագուած էին քերովբէներ, արմաւենիներ, եւ այդ դրուագները պատուած էին ոսկով, որ իջնում էր յօրինուածքի վրայ: 36 Նա ներքին սրահը շինեց երեք շարք անտաշ քարով եւ պարիսպ կառուցեց եղեւնափայտով: 37 Տիրոջ տան հիմքը դրուեց Սողոմոնի թագաւորութեան չորրորդ տարուայ զի ամսին, 38 եւ տասնմէկերորդ տարուայ բուլ ամսին, այսինքն՝ ութերորդ ամսին տունն աւարտուեց իրեն անհրաժեշտ ամէն ինչով ու ամէն յօրինուածքով: Սողոմոնը տաճարը կառուցեց եօթ տարում:

7
1 Սողոմոնն իր տունը տասներեք տարի կառուցեց եւ ամբողջովին աւարտեց այն: 2 Տունը շինեց Լիբանանի անտառի փայտով: Տունն ունէր հարիւր կանգուն երկարութիւն, յիսուն կանգուն լայնութիւն եւ երեսուն կանգուն բարձրութիւն. այն կառուցուել էր երեք շարք եղեւնափայտէ սիւներով, որոնց վրայ դրուած էին եղեւնափայտէ հեծաններ: 3 Նաեւ կառուցեց մի յարկ սիւների վրայ: Կառոյցը քառասունհինգ սիւն ունէր. ամէն մի շարքի վրայ՝ տասնհինգ սիւն: 4 Երեք պատուարներն ու երեք միջնորմները կանգնած էին իրար դէմ առ դէմ: 5 Բոլոր դռներն ու միջնորմները քառակուսի էին՝ պատուարով: Դռները երեք շարքով իրար դիմաց էին: 6 Նա յիսուն կանգուն երկարութեամբ ու երեսուն կանգուն լայնութեամբ սիւնազարդ կամարակապ դահլիճ կառուցեց: Իրար միացուած կամարները տեղաւորուած էին միմեանց դիմաց, իսկ սիւներն ու խարիսխները դրուած էին կամարների դիմաց: 7 Նա կառուցեց նաեւ կամարակապ գահասրահ եւ դատաստան էր անում այդ կամարակապ ատեանում: Այդ յարկը յատակից մինչեւ ձեղուն երեսապատուած էր եղեւնափայտով: 8 Նրա տան մէջ, ուր բնակւում էր, կար նոյն ձեւով կառուցուած կամարակապ մի սրահ: Փարաւոնի դստեր համար, որը Սողոմոնի կինն էր, նոյն ձեւով կամարակապ սրահ պատրաստեց: 9 Ամէն ինչ շինուած էր ընտիր քարերից. անտաշ քարերը հիմքից մինչեւ առաստաղ ներսից ու դրսից իրար էին ագուցուած՝ ըստ իրենց չափերի: 10 Մեծ սրահի պատի հիմքը նա կառուցել էր մեծ-մեծ քարերով, որոնք ունէին տասը եւ ութ կանգուն երկարութիւն, 11 իսկ վերեւի մասը կառուցել էր նոյն չափի անտաշ ու ընտիր քարերով: Պատերը երեսապատուած էին եղեւնափայտով: 12 Մեծ սրահը շուրջանակի երեք կարգ անտաշ քարերից էր եւ երեսապատուած եղեւնափայտով: Տիրոջ տան սրահը՝ Տիրոջ տան ներքին կամարակապ սրահը, շինուած էր տաճարի դիմաց: 13 Սողոմոն արքան մարդ ուղարկեց ու Քիրամ անունով մի մարդու բերել տուեց Տիւրոսից: 14 Սա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր: Նրա հայրը տիւրոսցի էր, պղնձի վարպետ եւ ամէն տեսակ պղնձի գործերի մէջ մեծ հմտութիւն, վարպետութիւն ու գիտելիքներ ունէր: Նա եկաւ Սողոմոն արքայի մօտ ու նրա բոլոր գործերը կատարեց. 15 պատրաստեց տան կամարակապ սրահի երկու ձուլածոյ սիւները՝ ամէն մի սեան բարձրութիւնը տասնութ կանգուն, իսկ սիւների շուրջը կապեց մի գօտի, որի լայնութիւնը տասնչորս կանգուն էր եւ չորս մատ լայնութեամբ ակօսներ ունէր: Նոյն ձեւով կերտեց նաեւ երկրորդ սիւնը: 16 Նա երկու խոյակ պատրաստեց, որոնք պէտք է դրուէին պղնձաձոյլ սիւների վրայ՝ նրանց գլխին: Մի խոյակի բարձրութիւնը հինգ կանգուն էր, երկրորդ խոյակի բարձրութիւնը նոյնպէս հինգ կանգուն էր: 17 Նա պատրաստեց վանդակակերպ երկու ցանց խոյակը ծածկելու համար: 18 Վանդակակերպ երկու ցանց էլ պատրաստեց երկրորդ խոյակը զարդարանքով ծածկելու համար: Նա երկու սիւների համար պատրաստեց նռնաձեւ զարդեր, որպէսզի դրանք շարք-շարք կախեն վանդակացանցի վրայ: 19 Սեան գլխին գտնուող երկրորդ խոյակի վրայ, կամարի մօտ, դրեց մի պսակ, որն ունէր չորս կանգուն երկարութիւն, եւ վրան շուշաններ էին քանդակուած: 20 Երկու սիւների խոյակների վերեւից դրեց պսակներ, իսկ երկրորդ խոյակի շուրջը՝ կարգով շարուած երկու հարիւր նռնաձեւ զարդեր: 21 Նա սիւներ կանգնեցրեց տաճարի սրահում: Մի սիւն կանգնեցրեց ու այն անուանեց Յաքում. երկրորդ սիւնը կանգնեցրեց ու անունը դրեց Բոոզ: 22 Սիւների գլխին շուշանաձեւ զարդեր քանդակեց: Այսպիսով աւարտուեցին սիւների հետ կապուած աշխատանքները: 23 Նա պատրաստեց նաեւ մի ձուլածոյ աւազան, որի երկարութիւնը մի ծայրից մինչեւ միւս ծայրը տասը կանգուն էր: Այն կլոր էր: Դրա բարձրութիւնը հինգ կանգուն էր, իսկ երեսուներեք կանգուն երկարութիւն ունեցող դրա շուրջբոլորը փոսեր կային: 24 Դրա եզրերից ներքեւ տասը կանգուն շուրջանակի յենարաններ կային, եւ երկու շարք մոյթեր ձուլուած-ամրացուած էին դրա շուրջը: 25 Ձուլածոյ աւազանը դրուած էր տասներկու եզների վրայ. երեքը դէպի հիւսիս էին նայում, երեքը՝ դէպի ծով, երեքը՝ դէպի հարաւ, երեքը՝ դէպի արեւելք: Աւազանը դրանց վրայ էր ամրացուած: Բոլոր եզների գաւակները դէպի ներս էին ուղղուած: 26 Աւազանի պղնձի հաստութիւնը մի թիզ էր. դրա շուրթը բաժակի շուրթի նման էր. դրա վրայ ծաղկած շուշան էր քանդակուած: Աւազանը մօտաւորապէս երկու հազար մար էր տանում: 27 Նա պղնձէ տասը պատուանդաններ շինեց. մէկ պատուանդանի երկարութիւնը հինգ կանգուն էր, լայնութիւնը՝ չորս կանգուն, բարձրութիւնը՝ վեց կանգուն: 28 Պատուանդաններն այսպիսի կառուցուածք ունէին. փոսիկները յաջորդում էին միմեանց, եւ դրանց միջեւ ելուստներ կային: 29 Ելուստների միջեւ գտնուող փոսիկների վրայ պատկերուած էին առիւծներ, եզներ ու քերովբէներ, իսկ փոսիկների վրայ պատկերուած առիւծներից եւ եզներից վերեւ ու ներքեւ զարդեր էին կախուած: 30 Ամէն մի պատուանդան պղնձէ չորս անիւ ու պղնձէ սռնի ունէր, եւ չորս անկիւններին, աւազանի տակ, մարդու ուսի նմանութիւն ունեցող ձուլածոյ ելուստներ կային: 31 Դրա բերանը ներքին խոյակից մինչեւ վեր մէկ կանգուն էր. այդ բերանը խարսխի պէս կլոր էր ու մէկուկէս կանգուն լայնութիւն ունէր: Դրա բերանի վրայ ոչ թէ կլոր, այլ քառակուսի քանդակներ կային: 32 Սռնիով իրար միացուած չորս անիւներն ամրացուած էին աւազանի տակից, իսկ անիւներն էլ ամրացուած էին պատուանդանին: Ամէն մի անուի բարձրութիւնը մէկուկէս կանգուն էր: 33 Անիւները սարքուած էին կառքի անիւների նման. դրանց սռնիները, շրջանակները, ճաղերը եւ ամէն ինչը ձուլածոյ էին: 34 Ամէն մի պատուանդանի չորս անկիւններն ունէին չորս ելուստներ, եւ ելուստները պարանոցի հետ միաձոյլ էին: 35 Պատուանդանի վերեւում կէս կանգուն բարձրութեամբ կար բոլորակ մի պսակ, եւ պատուանդանի գլխի վերեւում գտնուող դրա բռնակներն ու խորշերը պատուանդանի հետ միաձոյլ էին: 36 Դրա բռնակների ու խորշերի վրայ քանդակեց ներսի կողմից շուրջանակի միմեանց դիմաց կանգնած քերովբէներ, առիւծներ ու արմաւենիներ: 37 Այս նոյն օրինակով սարքեց բոլոր տասը պատուանդանները. բոլորը նոյն ձեւը, նոյն չափն ու նոյն զարդերն ունէին: 38 Նա պղնձէ տասը տաշտեր պատրաստեց. ամէն մի տաշտ քառասուն սափոր էր տանում եւ չորս կանգուն բարձրութիւն ունէր: Ամէն մի տաշտ դրուեց այդ տասը պատուանդաններից մէկի վրայ: 39 Ուսի վրայ ամրացուած հինգ պատուանդանները տեղադրեց տան աջ կողմում, միւս հինգը՝ տան ձախ կողմում, իսկ աւազանը տեղադրեց տան աջ կողմում՝ դէպի հարաւ-արեւելք: 40 Քիրամը շինեց կաթսաներ, երեսին տաք ջուր ցանելու անօթներ ու կոնքեր: Քիրամն աւարտեց բոլոր այն գործերը, որ արել էր Սողոմոն արքայի համար Տիրոջ տունը կառուցելիս. 41 դրանք են՝ երկու սիւն ու սիւների շուրջանակի քանդակազարդ խոյակներ, երկու ցանց, որոնցով պէտք է ծածկէին սիւների շուրջանակի քանդակուած երկու խոյակները, 42 երկու ցանցերի չորս հարիւր նռնաձեւ զարդերը, երկու շարք նռնաձեւ քանդակներ ամէն մի վանդակին, որոնցով պէտք է ծածկէին սիւների շուրջանակի քանդակուած երկու խոյակները: 43 Նաեւ տասը պատուանդաններ ու պատուանդանների վրայ դրուած տասը տաշտեր, 44 մէկ աւազան ու աւազանի տակ ամրացուած տասներկու պղնձաձոյլ եզներ, 45 կաթսաներ, երեսին տաք ջուր ցանելու անօթներ, կոնքեր եւ ամբողջ կահ-կարասին, որ Քիրամն արել էր Տիրոջ համար Սողոմոն արքայի տունը կառուցելիս: Արքայի տան ու Տիրոջ տան քառասունութ սիւներն ու արքայի պղնձի ամբողջ գործերը պատրաստեց Քիրամը: Իսկ թէ որքան պղինձ օգտագործեց այդ ամբողջ գործերն անելու համար, հնարաւոր չէ ասել, քանի որ դրանց չափ ու սահման չկար: Անգամ հնարաւոր չէ ասել, թէ որքան փայլուն պղինձ օգտագործուեց: 46 Արքան դրանք ձուլել էր տուել կաւային թանձր հողի մէջ՝ Սոկքոթի ու Սիրարթամի միջեւ ընկած Յորդանան գետի ափին: 47 Սողոմոն արքան այդպէս տեղում թողեց ամբողջ այդ իրերը, քանզի թուով չափազանց շատ էին դրանք, եւ օգտագործուած պղնձին չափ ու սահման չկար: 48 Սողոմոն արքան պատրաստել տուեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկէ զոհարանն ու ոսկէ սեղանը, որի վրայ մատուցւում էր նուիրաբերման հացը, 49 մաքուր ոսկուց պատրաստուած աշտանակները, որոնցից հինգը դրուած էր սրբարանի դիմաց՝ աջ կողմում, եւ հինգը՝ ձախ կողմում, ոսկէ մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները, նաեւ դրանդիկները, լծակները, տաշտերը, ափսէներն ու տուփերը մաքուր ոսկուց: 50 Ոսկուց էին ներքնատան՝ սրբութիւնների սրբութեան դռներն ու տաճարի տան դռները: 51 Այսպիսով աւարտուեցին Տիրոջ տունը կառուցելու համար Սողոմոն արքայի ձեռնարկած բոլոր գործերը: Եւ Սողոմոն արքան տարաւ իր հայր Դաւթի նուէրները եւ իր՝ Սողոմոնի բոլոր նուէրները՝ արծաթը, ոսկին ու սպասքը, եւ ի պահ դրեց Տիրոջ տան գանձարանում:

8
1 Այն ժամանակ Սողոմոն արքան Իսրայէլի բոլոր ծերերին՝ ցեղերի բոլոր բարձրաստիճան գլխաւորներով եւ իսրայէլացիների նահապետներով հանդերձ, կանչեց իր մօտ՝ Սիոն, որպէսզի Տիրոջ ուխտի տապանակը հանեն Դաւթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից: 2 Իսրայէլի բոլոր տղամարդիկ Սողոմոն արքայի մօտ հաւաքուեցին Անթանիամ ամսին՝ տօնին, այսինքն՝ եօթերորդ ամսին: 3 Եկան Իսրայէլի բոլոր ծերերը, եւ քահանաները վերցնելով դուրս բերեցին Տիրոջ տապանակը, 4 վկայութեան խորանն ու վկայութեան խորանի մէջ եղած ամբողջ սուրբ սպասքը: Այն վերցրին քահանաներն ու ղեւտացիները: 5 Սողոմոն արքան ու նրա մօտ հաւաքուած Իսրայէլի ամբողջ ժողովուրդը, նրա հետ տապանակի առջեւից գնալով, անթիւ ու անհամար արջառ ու ոչխար էին զոհաբերում: 6 Քահանաները Տիրոջ ուխտի տապանակը ներս տարան իր տեղը՝ սրբութիւնների սրբութեան տան սրբարանը, եւ տեղադրեցին քերովբէների թեւերի ներքոյ: 7 Քերովբէները թեւերը տարածել էին տապանակի վրայ, եւ նրանք վերեւից ծածկում էին դրա սրբութիւնները: 8 Լծակներն այնպէս էին տեղաւորել, որ դրանց գլուխները սրբարանի դիմաց երեւում էին սրբութիւններից, բայց դրսից չէին երեւում: Դրանք այնտեղ են մնում մինչեւ այսօր: 9 Տապանակի մէջ ոչինչ չկար, բացի քարէ երկու տախտակներից՝ ուխտի տախտակներից: Դրանք այնտեղ դրել էր Մովսէսը Քորէբում, երբ Տէրն ուխտ էր արել իսրայէլացիների հետ Եգիպտոսից նրանց դուրս գալու ժամանակ: 10 Երբ քահանաները ելան սրբարանից, ամպ լցուեց Տիրոջ տունը, 11 եւ քահանաներն ամպի պատճառով չէին կարողանում սպասաւորութիւն անել, քանզի Տիրոջ փառքը լցրել էր տունը: 12 Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Տէրն ասել է. “Ես հովանի պիտի լինեմ մէգ ու մշուշով”: 13 Ես քեզ համար բնակութեան տուն շինեցի, որ քո աթոռը հաստատ լինի յաւիտեան»: 14 Արքան երեսը դարձրեց ու օրհնեց Իսրայէլի ամբողջ ժողովրդին. եւ Իսրայէլի ամբողջ ժողովուրդը կանգնած էր: 15 Նա ասաց. «Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածն այսօր, որն իր բերանով խօսեց իմ հայր Դաւթի մասին եւ իր ձեռքով կատարեց իր խոստումը՝ 16 ասելով. “Այն օրից, որ իմ ժողովրդին՝ Իսրայէլին, Եգիպտոսից դուրս բերեցի, Իսրայէլի ցեղերին պատկանող ոչ մի վայր չընտրեցի տուն շինելու համար, որ իմ անուամբ լինի, այլ ընտրեցի Դաւթին, որ Իսրայէլի իմ ժողովրդին ղեկավարի”: 17 Իմ հայր Դաւթի մտքում եղել էր Իսրայէլի Տէր Աստծոյ անունով տուն շինելու նպատակը, 18 եւ Տէրն ասել էր իմ հայր Դաւթին. “Քանի որ մտքումդ դրել ես իմ անունով տուն շինել, լաւ ես արել, որ այն դրել ես մտքումդ, 19 բայց դու չես շինելու տունը, այլ՝ քո որդին, որ սերուելու է քեզնից, նա է շինելու իմ անունով տունը”: 20 Եւ Տէրը կատարեց իր ասած խօսքը, ու ես փոխարինեցի իմ հօրը՝ Դաւթին, նստեցի Իսրայէլի աթոռին, ինչպէս ասել էր Տէրը, եւ Իսրայէլի Տէր Աստծոյ անունով տուն շինեցի, 21 այնտեղ տապանակի համար տեղ պատրաստեցի, ուր դրուած է Տիրոջ ուխտը, որ նա ուխտել էր մեր հայրերի հետ, երբ նրանց դուրս բերեց Եգիպտացիների երկրից»: 22 Սողոմոնը ամբողջ Իսրայէլի ժողովրդի ներկայութեամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջեւ, ձեռքերը երկինք տարածեց 23 եւ ասաց. «Տէ՛ր Աստուած Իսրայէլի, չկայ քեզ նման Աստուած վերեւում՝ երկնքում, ու ներքեւում՝ երկրի վրայ. դու պահում ես ուխտը եւ ողորմածութիւն ցուցաբերում քո ծառայի նկատմամբ, որը սրտանց գնում է քո առջեւից: 24 Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դաւթին տուած խոստումդ. ինչ որ քո բերանով ասել էիր, քո ձեռքով էլ կատարեցիր, ինչպէս այսօր: 25 Արդ, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, կատարի՛ր քո Դաւիթ ծառային՝ իմ հօրը տուած քո այն խոստումը, թէ՝ “Մարդ չի պակասելու Իսրայէլի գահի վրայից, միայն թէ քո որդիները հաստատ հետեւեն իրենց ճանապարհին՝ ընթանալով իմ առջեւից, ինչպէս դու ես ընթանում իմ առջեւից”: 26 Արդ, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, թող իրագործուեն քո ծառայ՝ իմ հայր Դաւթին ասած քո խօսքերը: 27 Մի՞թէ Աստուած բնակուելու է մարդկանց հետ երկրի վրայ: Եթէ երկինքն ու երկնքի անսահմանութիւնները քեզ բաւական չեն, ապա ինչպէ՞ս կարող է բաւականացնել իմ շինած այս տունը: 28 Արդ, լսի՛ր քո ծառայի աղօթքներն ու իմ խնդրանքները, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, լսի՛ր քո ծառայի պաղատագին աղօթքները, որ նա քո առջեւ մատուցում է քեզ: 29 Քո աչքերը գիշեր-ցերեկ թող բաց լինեն այն տեղի վրայ, որի համար ասացիր, թէ քո անունն այնտեղ պէտք է լինի. լսի՛ր այն աղերսանքը, որ քո ծառան գիշեր-ցերեկ առաքում է քեզ այստեղ: 30 Լսի՛ր քո ծառայի ու Իսրայէլի քո ժողովրդի ձայնը, որոնք աղօթքի են կանգնել այստեղ. լսի՛ր քո բնակութեան վայրում՝ երկնքում, 31 ու ների՛ր նրան, ով կմեղանչի իր մերձաւորի դէմ: Եթէ մէկը մի մարդու անիծելով մեղք գործելուց յետոյ գայ ու այս տանը, քո զոհասեղանի առաջ, զղջայ, 32 ապա լսի՛ր նրան երկնքում ու քաւութի՛ւն արա նրան: Դատի՛ր Իսրայէլի քո ժողովրդին, դատապարտի՛ր անօրէնին ու նրանից պահանջի՛ր նրա կատարած մեղքի հատուցումը, իսկ արդարին արդարացրո՛ւ՝ հատուցելով նրան ըստ իր արդարութեան: 33 Եթէ քո դէմ մեղանչելու պատճառով Իսրայէլի քո ժողովուրդը պարտուի թշնամիներից, բայց դառնայ դէպի քեզ, փառք տայ քո անուանը, աղօթի ու աղաչի քեզ այս տանը, 34 ապա լսի՛ր նրան երկնքում, ների՛ր Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը եւ վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ տուել ես նրանց հայրերին: 35 Եթէ քո դէմ մեղանչելու պատճառով երկինքը փակուի, ու անձրեւ չլինի, իսկ նրանք աղօթք անեն այս վայրում, փառք տան քո անուանը եւ քեզնից ներում ստանալով՝ զղջան իրենց մեղքերի համար, 36 ապա լսի՛ր երկնքում եւ ների՛ր քո ծառաների ու Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, որպէսզի ցոյց տաս նրանց բարի ճանապարհը, որով պէտք է ընթանան, եւ անձրեւ տաս քո երկրին, որը տուել ես քո ժողովրդին իբրեւ ժառանգութիւն: 37 Եթէ երկրի վրայ սով լինի, ժանտախտ, խորշակահարութիւն, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, եւ թշնամին նեղի նրան իր քաղաքներից մէկում, կամ ամէն տեսակ պատահար ու ցաւ լինի, 38 եւ եթէ Իսրայէլի քո ամբողջ ժողովրդից որեւէ մէկը մի աղօթք կամ մի աղերսանք անի, եւ մարդիկ, իրենց սրտի ցաւը գիտենալով, ձեռքները տարածեն դէպի այս տունը, 39 ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակութեան տեղում, ների՛ր նրանց, կատարի՛ր նրանց խնդրանքը, ամէն մէկի հոգին ճանաչելով՝ հատուցի՛ր ըստ նրանց ընթացած ճանապարհի, քանզի միայն դու ես ճանաչում բոլոր մարդկանց հոգիները: 40 Թող մարդիկ երկիւղ կրեն քեզնից իրենց կեանքի բոլոր օրերում, որչափ որ ապրեն մեր հայրերին տուած քո երկրի երեսին: 41 Եթէ Իսրայէլի քո ժողովրդին չպատկանող մի օտարական գայ հեռու երկրից, 42 ուր լսած լինի քո մեծ անուան, ամուր ձեռքի ու հզօր բազկի մասին, գայ եւ աղօթք անի այս տեղում, 43 ապա նրան եւս լսիր երկնքում՝ քո բնակութեան տեղում, եւ ըստ ամենայնի կատարի՛ր այդ օտարականի քեզնից խնդրածը, որպէսզի երկրի բոլոր ազգերը ճանաչեն քո անունը, երկիւղ կրեն քեզնից, ինչպէս Իսրայէլի քո ժողովուրդը, եւ իմանան, որ քո անուամբ է կոչուել իմ կառուցած այս տունը: 44 Եթէ քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դէմ այն ճանապարհով, որ դու կուղարկես նրանց, եւ եթէ նրանք աղօթքի կանգնեն Տիրոջ ընտրած քաղաքի ճանապարհին կամ քո անունով իմ կառուցած տանը, 45 ապա երկնքից լսի՛ր նրանց աղօթքն ու խնդրանքը, իրաւադա՛տ եղիր նրանց նկատմամբ: 46 Եթէ մեղանչեն քո դէմ (քանզի չկայ մարդ, որ չմեղանչի), եւ նրանց վրայ բարկանաս ու նրանց մատնես թշնամիների ձեռքը, եւ գերեվարողները նրանց գերեվարեն դէպի թշնամու հեռաւոր կամ մօտիկ երկիրը, 47 եւ եթէ գերի տարուած երկրում զղջան իրենց հոգում, դառնան դէպի քեզ, աղաչեն քեզ գերութեան երկրում եւ ասեն՝ “Մեղանչեցինք, անօրինութիւն ու անիրաւութիւն գործեցինք”, 48 եւ ապա իրենց թշնամիների երկրում, ուր տարել ես նրանց, քեզ դիմեն իրենց ամբողջ սրտով եւ ամբողջ հոգով, քեզ աղօթք անեն իրենց հայրերի տուած երկրի ճանապարհին, քո ընտրած քաղաքում եւ քո անունով իմ կառուցած տանը, 49 ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակութեան վայրում, նրանց աղօթքներն ու խնդրանքները, իրաւադա՛տ եղիր նրանց նկատմամբ, 50 ների՛ր քո դէմ գործած նրանց անիրաւութիւնները, քո հանդէպ թոյլ տուած բոլոր անարգանքները, գո՛ւթ տուր նրանց գերեվարողներին, գթա՛ նրանց, 51 քանզի նրանք քո ժողովուրդն են եւ քո ժառանգութիւնը, որոնց դուրս բերեցիր Եգիպտոսից՝ երկաթէ հնոցի միջից: 52 Թող քո աչքերն ու ականջները բաց լինեն քո ծառայի ու Իսրայէլի քո ժողովրդի աղերսանքների հանդէպ, որ լսես նրանց բոլոր աղաղակները, որ առաքում են քեզ, 53 քանզի դու ես նրանց քեզ համար ժառանգորդ ընտրել բոլոր ազգերի միջից, ինչպէս ասել ես քո ծառայ Մովսէսի միջոցով, երբ մեր հայրերին դուրս էիր բերում Եգիպտոսից, Տէ՜ր, Տէ՜ր»: Երբ Սողոմոնն աւարտեց տան կառուցումը, իր կառուցած տան մասին ասաց. «Տէրն արեգակը ի ցոյց հանեց երկնքում. Տէրն ասաց, որ բնակւում է մէգ ու մշուշի մէջ: Նա ասաց. “Իմ նոր տունը ինձ արժանի ձեւով կառուցի՛ր, որ բնակուեմ այնտեղ”: Չէ՞ որ սա գրուած է Երգերի գրքում»: 54 Երբ Տիրոջ զոհասեղանի առաջ ծնկաչոք ու ձեռքերը դէպի երկինք տարածած Սողոմոնն աւարտեց Տիրոջն ուղղուած այս բոլոր աղօթքներն ու աղերսանքները, 55 կանգնեց ու մեծաձայն օրհնեց Իսրայէլի ամբողջ ժողովրդին՝ ասելով. 56 «Օրհնեալ է Տէրն այսօր, որ, ինչպէս խոստացել էր, հանգիստ է տուել Իսրայէլի իր ժողովրդին: Իր ծառայի՝ Մովսէսի միջոցով խոստացած բոլոր բարի խօսքերից ոչ մի բան պակաս չի մնացել: 57 Մեր Տէր Աստուածը թող մեզ հետ լինի, ինչպէս մեր հայրերի հետ էր, 58 մեզ թող չլքի, այլ այնպէս առաջնորդի, որ մեր սրտերը նրանից չխոտորուեն, ընթանանք նրա նշած ճանապարհով, պահենք մեր հայրերին տուած նրա բոլոր պատուիրանները, նրա հրամանները, նրա կարգադրութիւնները: 59 Տէր Աստծոյ առջեւ մատուցած այս պաղատանքի խօսքերս ցերեկ ու գիշեր թող հասնեն մեր Տէր Աստծուն, որպէսզի իր ծառային ու Իսրայէլի իր ժողովրդին ամէն օր արդար դատի, 60 որ երկրի բոլոր ժողովուրդները ճանաչեն, թէ Տէրը Աստուած է, եւ ուրիշ աստուած չկայ: 61 Մեր սրտերը հաւատարիմ թող լինեն մեր Տէր Աստծոյ նկատմամբ, որպէսզի մենք մաքուր սրտով ընթանանք ըստ նրա հրամանների եւ պահենք նրա պատուիրանները, ինչպէս այսօր»: 62 Արքան ու բոլոր իսրայէլացիները նրա հետ Տիրոջ առջեւ զոհեր մատուցեցին: 63 Սողոմոն արքան Տիրոջը քսաներկու հազար արջառ, հարիւր քսան հազար ոչխար մատուցեց իբրեւ խաղաղութեան զոհաբերում: Արքան ու բոլոր իսրայէլացիները կատարեցին Տիրոջ տան նաւակատիքը: 64 Այդ օրը արքան սրբագործեց սրահի մէջտեղը, որը Տիրոջ տան դիմաց էր. այնտեղ արեց ողջակէզներ, ընծայաբերումներ, զոհաբերումներ ու խաղաղութեան զոհեր: Տիրոջ առաջ գտնուող պղնձէ զոհասեղանը փոքր էր եւ չէր կարող տեղաւորել ողջակէզները, ընծայաբերումները եւ խաղաղութեան զոհերը: 65 Սողոմոնն ու նրա հետ նաեւ Իսրայէլի ամբողջ ժողովուրդը՝ Եմաթի արեւմուտքից մինչեւ Եգիպտոսի հեղեղատը, այդ օրը մեր Տէր Աստծոյ առաջ, նրա համար շինուած տանը, եօթ օր ու դարձեալ եօթ օր, այսինքն՝ տասնչորս օր, կերան, խմեցին եւ ուրախացան: 66 Ութերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին, նրանք օրհնեցին արքային, եւ ամէն մէկը ուրախ ու զուարթ գնաց իր բնակութեան վայրը, որովհետեւ Տէրը իր Դաւիթ ծառային եւ Իսրայէլի իր ժողովրդին բարիք էր պարգեւել:

9
1 Երբ Սողոմոնն աւարտեց Տիրոջ տան եւ արքունի տան շինութիւնը, ինչպէս նաեւ այն բոլոր գործերը, որ նա կամենում էր կատարել, 2 Տէրը երկրորդ անգամ երեւաց նրան, ինչպէս երեւացել էր նրան Գաբաւոնում: 3 Տէրը նրան ասաց. «Լսեցի իմ առջեւ արած աղօթքի ձայնդ ու կատարած պաղատանքներդ եւ արեցի այն ամէնը, ինչ դու խնդրում էիր քո աղօթքներում. սրբագործեցի քո կառուցած տունը, որպէսզի իմ անունը յաւիտեան այնտեղ դրուի, իմ աչքն ու սիրտը ընդմիշտ այնտեղ լինեն: 4 Եթէ դու քո հայր Դաւթի նման մաքուր սրտով, ուղիղ ճանապարհով ընթանաս իմ առջեւից, կատարես այն ամէնը, ինչ պատուիրեցի նրան, պահես իմ հրամաններն ու պատուիրանները, 5 ապա քո աթոռը Իսրայէլի վրայ յաւիտեան կանգուն կպահեմ, ինչպէս խոստացել եմ քո հայր Դաւթին՝ ասելով, թէ՝ “Քո տոհմից առաջնորդ չի պակասելու Իսրայէլի գահի վրայ”: 6 Իսկ եթէ դուք եւ ձեր որդիները ինձնից խոտորուէք, չպահէք իմ պատուիրաններն ու հրամանները, որ Մովսէսը տուեց ձեզ, գնաք ու ծառայէք օտար աստուածներին, երկրպագէք նրանց, ապա երկրի երեսից կջնջեմ Իսրայէլ աշխարհը, որ տուել եմ նրանց: 7 Իմ անուան համար սրբագործուած այս տունը աչքից կգցեմ, Իսրայէլը բոլոր ժողովուրդների մօտ խայտառակ ու ծաղրի առարկայ կլինի: 8 Եւ եթէ այս բարձր տան կողքից ամէն անցնող զարմանալով ու սուլելով հարց տայ, թէ՝ “Ինչո՞ւ է Տէրն այսպէս արել այս երկիրն ու այս տունը”, 9 ապա նրան պիտի պատասխանեն. “Քանի որ նրանք լքեցին իրենց Տէր Աստծուն, որը նրանց հայրերին դուրս էր բերել Եգիպտոսից՝ ստրկութեան տնից, իսկ իրենք յարեցին օտար աստուածներին, երկրպագեցին ու ծառայեցին նրանց, այդ պատճառով էլ Տէրը նրանց վրայ թափեց այս ամբողջ չարիքը”»: Այն ժամանակ Սողոմոնը փարաւոնի դստերը հանեց Դաւթի քաղաքից ու բերեց իր կառուցած տունը: 10 Քսան տարուայ ընթացքում, երբ Սողոմոնը կառուցում էր երկու տները՝ Տիրոջ տունն ու արքունի տունը, 11 Տիւրոսի Քիրամ արքան Սողոմոնին մատակարարել էր եղեւնափայտ, մայրի փայտ, ոսկի եւ այն ամէնը, ինչ Սողոմոնն ուզել էր: Այն ժամանակ Սողոմոն արքան Քիրամին Գալիլիայում քսան քաղաք նուիրեց: 12 Քիրամը եկաւ Տիւրոսից ու գնաց Գալիլիա, որպէսզի տեսնի Սողոմոնի իրեն նուիրած քաղաքները, սակայն դրանք նրան դուր չեկան: 13 Նա ասաց. «Եղբա՛յր, այս ի՞նչ քաղաքներ ես դու ինձ նուիրել»: Եւ նա դրանց անունը Սահմաններ դրեց: Դրանք մինչեւ այսօր էլ այդպէս են կոչւում: 14 Եւ Քիրամը Սողոմոնին հարիւր քսան տաղանդ ոսկի բերեց: 15 Սողոմոն արքայի սահմանած մարդահարկի նպատակն այն էր, որ կառուցի Տիրոջ տունը եւ արքունի տունը, Մելոնը եւ բարձրապարիսպները, լցնի Դաւթի քաղաքի խրամատները, կառուցի Ասուրը, Մայդանը եւ Երուսաղէմի պարիսպը, Եսերը, Մակեդդովն ու Գազերը, 16 որոնք Եգիպտոսի փարաւոն արքային էին պատկանում: Փարաւոնը գնացել, նուաճել ու հրով այրել էր Գազերը, սպանել քանանացիներին, որոնք ապրում էին այդ քաղաքում, եւ այն օժիտ էր տուել իր դստերը՝ Սողոմոնի կնոջը: 17 Սողոմոնը վերակառուցեց Գազերը, ներքին Բեթերոնը, 18 Բալաթն ու Թերմոթը այդ երկրի անապատում, 19 իրեն պատկանող բոլոր բնակելի քաղաքները, ռազմակառքերի, բոլոր երիվարների համար սահմանուած քաղաքները եւ այն շենքերը, որ Սողոմոնն ուզեց շինել Երուսաղէմում, Լիբանանում եւ ամբողջ երկրում: 20 Որպէսզի գլուխ չբարձրացնեն Իսրայէլի ցեղին չպատկանող եւ երկրում ամորհացիներից, քետացիներից, փերեզացիներից, խեւացիներից, քանանացիներից, յեբուսացիներից ու գերգեսացիներից կենդանի մնացած մարդիկ, որոնց իսրայէլացիները չէին կարողացել կոտորել, 21 Սողոմոնը նրանց հարկատու ծառայութեան ենթարկեց, ինչպէս որ են մինչեւ այսօր: 22 Սողոմոնը իսրայէլացիներին ծանր աշխատանքի չլծեց, քանի որ նրանք պատերազմողներ էին՝ իր ծառաները, իր իշխանները, իր սպառազէն զինուորները, իր հեծեալները: 23 Սողոմոնի գործերի վերակացուները հինգ հարիւր յիսուն իշխաններ էին, որոնք հսկում էին գործաւոր ժողովրդին: 24 Փարաւոնի դուստրը, Դաւթի քաղաքից դուրս գալով, եկաւ այն տունը, որ Սողոմոնը կառուցել էր իր համար: Այդ ժամանակ էր, որ Սողոմոնը կառուցեց Մելոնը: 25 Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրայ, որը Տիրոջ համար էր կառուցել, եւ Տիրոջ առջեւ խունկ էր ծխում: Նա աւարտեց տան կառուցումը: 26 Եդոմի երկրում՝ Կարմիր ծովի եզրին, Ելաթի մօտ գտնուող Գասիոնգաբերում, Սողոմոն արքան նաւեր պատրաստեց, 27 իսկ Քիրամը Սողոմոնի ծառաների հետ ծովի նաւարկութեան հմուտ նաւորդներ ուղարկեց այդ նաւերով: 28 Սրանք եկան Սոփերա եւ այնտեղից չորս հարիւր քսան տաղանդ ոսկի բերեցին ու յանձնեցին Սողոմոն արքային:

10
1 Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբաւի, Տիրոջ անուան ու Սողոմոնի իմաստութեան մասին, եկաւ՝ նրան փորձելու հանելուկներով: 2 Նա եկաւ Երուսաղէմ շատ մեծ շքախմբով, խնկեր, շատ առատ ոսկի ու թանկարժէք ակնեղէն բարձած ուղտերով: Նա մտաւ Սողոմոնի մօտ եւ խօսեց այն ամէնի մասին, որ կար իր սրտում: 3 Սողոմոնը մեկնում էր նրա բոլոր խօսքերը. չկար այնպիսի մի բան, որ արքան սխալուէր կամ չմեկնէր: 4 Կինը, տեսնելով Սողոմոնի ամբողջ իմաստութիւնը, կառուցած տները, 5 նրա խորտիկները, նրա ծառաների դասակարգութիւնը, պաշտօնեաների կարգապահութիւնն ու հանդերձանքը, նրա մատռուակներին ու Տիրոջը մատուցուող ողջակէզները, ապշեց: 6 Նա ասաց Սողոմոն արքային. «Ինչ որ իմ երկրում լսել էի քո գործերի եւ իմաստութեան մասին, ճիշտ է: 7 Ես չէի հաւատում ինձ ասուած խօսքերին, մինչեւ որ անձամբ եկայ եւ աչքերովս տեսայ: Քո իմաստութեան եւ քո բարութեան համբաւի կէսն անգամ չեն պատմել ինձ իմ երկրում: 8 Երանելի են քո կանայք ու ծառաները, որ քո առջեւ կանգնած՝ ամէն օր լսում են քո ամբողջ իմաստութիւնը: 9 Օրհնեալ լինի քո Աստուածը, որ բարեհաճել է քեզ տալ Իսրայէլի գահը: Տէրն Իսրայէլը յաւիտեան սիրելու համար քեզ է հաստատել ու քեզ արքայ դարձրել նրա վրայ, որ արդարամտութեամբ դատաստան անես նրանց ատեաններում»: 10 Նա Սողոմոնին նուիրեց հարիւր քսան տաղանդ ոսկի, շատ առատ խունկ եւ թանկագին քարեր: Ոչ մի անգամ այդքան շատ եւ անուշահոտ խունկ չստացուեց, ինչքան որ Սաբայի թագուհին էր նուիրել Սողոմոն արքային: 11 Սոփերից ոսկով բարձուած Քիրամի նաւը բերեց նաեւ խիստ շատ անտառանիւթ եւ թանկագին քարեր: 12 Արքան անտառանիւթից Տիրոջ տան եւ արքունի տան համար մոյթեր պատրաստեց, իսկ երաժիշտների համար՝ քնարներ ու տաւիղներ: Այդպիսի քանակութեամբ անտառանիւթ այդ երկիրն այլեւս չստացաւ, եւ մինչեւ օրս էլ այդպիսի փայտեր չեն երեւացել: 13 Սողոմոն արքան Սաբայի թագուհուն տուեց ամէն ինչ, որ նա ուզեց ու խնդրեց՝ չհաշուած այն ամէնը, որ Սողոմոն արքան իր կամքով էր նուիրել: Սաբայի թագուհին եւ նրա բոլոր ծառաները վերադարձան իրենց երկիրը: 14 Մէկ տարուայ ընթացքում Սողոմոնի ստացած ոսկին կշռում էր վեց հարիւր վաթսունվեց տաղանդ՝ 15 չհաշուած հպատակներից, վաճառականների հասոյթից եւ գետի այն կողմում գտնուող բոլոր թագաւորներից ու երկրի կառավարիչներից ստացուած հարկերը: 16 Սողոմոն արքան երեք հարիւր նիզակ պատրաստել տուեց կռածոյ ոսկուց՝ երեք հարիւր դահեկան ծախսելով մէկ նիզակի վրայ, 17 եւ երեք հարիւր վահան կռածոյ ոսկուց՝ մէկ ու կէս կիլոգրամ կշռով ոսկի ծախսելով ամէն մի վահանի վրայ: 18 Արքան դրանք զետեղեց Լիբանանի փայտից կառուցուած տանը: Արքան փղոսկրէ մեծ գահ պատրաստել տուեց եւ այն պատեց մաքուր ոսկով: 19 Գահը վեց աստիճան ունէր, գահի թիկունքին եզան գլուխներ էին քանդակուած: Գահաթոռի երկու կողմերին երկու յենաթեւ կար, եւ յենաթեւերի այս ու այն կողմից երկու առիւծներ կային: 20 Վեց աստիճանների այս ու այն կողմերում տասներկու առիւծներ կային: Այսպիսի գահ չէր եղել ոչ մի թագաւորութեան մէջ: 21 Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր: Ոսկուց էին նաեւ լուացարանները, իսկ Լիբանանի փայտից կառուցուած տան ամբողջ ամանեղէնը ոսկեպատ էր: Արծաթէ ոչինչ չկար, քանզի Սողոմոնի օրօք արծաթը յարգի չէր: 22 Սողոմոն արքան Թարսիսի ծովում նաւ ունէր Քիրամի նաւերի հետ, եւ երեք տարին մէկ Թարսիսից մի նաւ էր գալիս՝ բեռնուած ոսկով, արծաթով, փղոսկրներով, կապիկներով ու սիրամարգերով: 23 Սողոմոնն իր հարստութեամբ ու իմաստութեամբ գերազանցեց աշխարհի բոլոր թագաւորներին, 24 եւ աշխարհի բոլոր թագաւորները փափագում էին տեսնել նրա երեսը, լսել նրա իմաստութիւնը, որը Տէրն էր դրել նրա սրտում: 25 Նրանցից իւրաքանչիւրն ամէն տարի բերում էր իր ընծան՝ արծաթէ, ոսկէ անօթներ, հանդերձներ, զմուռս ու խնկեր, ձիեր ու ջորիներ: 26 Սողոմոնը հաւաքեց ռազմակառքեր ու հեծեալներ: Նա ունէր քառասուն հազար մատակ ձիեր, տասներկու հազար երիվարներ, որոնց տեղաւորեց ռազմակառքերի համար սահմանուած քաղաքներում, իսկ նրանք, որ արքայի համար էին սահմանուած՝ Երուսաղէմում: Նա գետից մինչեւ այլազգիների եւ եգիպտացիների սահմանները իշխում էր բոլոր թագաւորների վրայ: 27 Արքան արծաթն ու ոսկին Երուսաղէմում հասարակ քարի նման բան դարձրեց, իսկ եղեւնափայտը՝ դաշտի մոլաթզենիների նման առատ: 28 Սողոմոնի երիվարները բերւում էին Եգիպտոսից եւ Թեկուայից, որտեղից դրանք գնում էին նրա վաճառականները: 29 Արծաթ վճարելով՝ ռազմակառքեր էին բերում Եգիպտոսից: Ամէն մի ձի հարիւր յիսուն արծաթ արժէր: Այդ ապրանքները վաճառւում էին նաեւ Քետտիմի երկրի բոլոր թագաւորներին եւ ասորիների թագաւորներին ծովային ճանապարհով:

11
1 Սողոմոն արքան կնամոլ էր. նա կնութեան առաւ շատ օտար կանանց՝ փարաւոնի աղջկան, սովաբացի, ամոնացի, եդոմայեցի, ասորի, քետացի, ամորհացի 2 եւ այլ ազգերի պատկանող բազմաթիւ օտար կանանց, որոնց մասին Տէրն ասել էր իսրայէլացիներին. «Չխառնուէք նրանց հետ, նրանք էլ թող չխառնուեն ձեզ հետ, որպէսզի չլինի թէ ձեր սրտերը մոլորեցնեն՝ իրենց կուռքերին դարձնելով»: Սողոմոնը յարեց նրանց՝ սէր տածելով: 3 Նա եօթ հարիւր կին եւ երեք հարիւր հարճ ունէր, եւ կանայք խոտորեցին նրա սիրտը: 4 Սողոմոնի ծերութեան օրերին կանայք նրա սիրտը խոտորեցին օտար աստուածների կողմը, եւ նա ամբողջ հոգով չկապուեց իր Տէր Աստծոյ հետ, ինչպէս իր հօր՝ Դաւթի սիրտն էր կապուած: 5 Սողոմոնը պաշտեց սիդոնացիների գարշելի կուռք Աստարտին ու ամոնացիների գարշելի կուռք Մեղքոմին: 6 Սողոմոնը չարութիւն գործեց Աստծոյ առաջ եւ չընթացաւ Տիրոջ ճանապարհով, ինչպէս որ ընթացել էր իր հայր Դաւիթը: 7 Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղէմի դիմաց, լեռան վրայ, մի մեհեան կառուցեց մովաբացիների կուռք Քամոսի համար, ինչպէս եւ ամոնացիների Մեղքոմ կուռքի եւ սիդոնացիների գարշելի կուռք Աստարտի համար: 8 Նոյն բանն արեց նա նաեւ իր բոլոր օտարազգի կանանց աստուածների համար. նրա կանայք խունկ էին ծխում եւ իրենց կուռքերին զոհ մատուցում: 9 Տէրը բարկացաւ Սողոմոնի վրայ, որովհետեւ նրա սիրտը խոտորուել էր Իսրայէլի Տէր Աստծուց, որը երկու անգամ երեւացել 10 ու պատուիրել էր նրան, որ օտար աստուածների յետեւից ամենեւին չգնայ, այլ պահի եւ կատարի այն, ինչ Տէր Աստուած պատուիրել էր նրան: 11 Տէրն ասաց Սողոմոնին. «Քանի որ այդպէս վարուեցիր, չպահեցիր իմ հրամաններն ու պատուիրանները, որ պատգամել էի քեզ, ես կխլեմ թագաւորութիւնը քո ձեռքից եւ այն կտամ քո ծառային: 12 Բայց յանուն քո հայր Դաւթի քո կենդանութեան ժամանակ չեմ անի դա, այլ որդո՛ւդ ձեռքից կխլեմ թագաւորութիւնը: 13 Ամբողջ թագաւորութիւնը չեմ խլի, այլ յանուն իմ ծառայ Դաւթի եւ իմ ընտրած Երուսաղէմ քաղաքի մէ՛կ ցեղ կյանձնեմ քո որդուն»: 14 Եւ Տէրը մի թշնամի յարուցեց Սողոմոնի դէմ՝ եդոմայեցիների թագաւորական սերնդից եդոմայեցի Ադերին: 15 Երբ Դաւիթը կոտորում էր Եդոմը, զօրագլուխ Յովաբը գնացել էր սպանուածներին թաղելու եւ կոտորելու Եդոմի բոլոր արու ծնունդներին: 16 Յովաբը եւ բոլոր իսրայէլացիները վեց ամիս մնացին Եդոմում, մինչեւ որ կոտորեցին եդոմացի բոլոր արու ծնունդներին: 17 Այդ ժամանակ Ադերն ինքը եւ իր հօր բոլոր ծառաները փախել գնացել էին Եգիպտոս: Ադերն այդ ժամանակ մանուկ էր: 18 Նրանք Մադիամ քաղաքից եկել էին Փարան, Փարանից իրենց հետ վերցրել մարդկանց ու եկել Եգիպտոս՝ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ: Ադերը եկել էր փարաւոնի մօտ, սա նրան տուն էր տուել, ուտելիք յատկացրել ու հող տրամադրել: 19 Ադերը փարաւոնի առաջ մեծ շնորհ էր գտել, եւ փարաւոնը նրան կնութեան էր տուել իր մեծ տիկնոջը՝ Թեկեմինայի քրոջը: 20 Թեկեմինայի քոյրը Ադերի համար ծնել էր մի որդի՝ Գանեբաթին: Թեկեմինան նրան մեծացրել էր փարաւոնի որդիների հետ, եւ այսպիսով Գանեբաթը փարաւոնի տան մէջ՝ նրա որդիների հետ էր դաստիարակուել: 21 Երբ Ադերը Եգիպտոսում լսեց, թէ Դաւիթը վախճանուել է, եւ թէ զօրագլուխ Յովաբը մահացել է, ասաց փարաւոնին. «Արձակի՛ր ինձ, որ վերադառնամ իմ երկիրը»: 22 Փարաւոնն ասաց Ադերին. «Ի՞նչդ է պակաս ինձ մօտ, որ ուզում ես գնալ քո երկիրը»: Ադերը նրան ասաց. «Անպայմա՛ն արձակիր ինձ»: Եւ Ադերը վերադարձաւ իր երկիրը: 23 Տէրը Սողոմոնի դէմ հանեց Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի արքայ Ադրաազարից: 24 Երբ Դաւիթը նրանց կոտորում էր, Ռազոնի մօտ մարդիկ էին հաւաքուել, եւ նա գնդի հրամանատար էր եղել: Նրանք գնացին Դամասկոս եւ հաստատուեցին այնտեղ: Նա թագաւորեց Դամասկոսում 25 եւ Իսրայէլի թշնամին դարձաւ Սողոմոնի թագաւորութեան ամբողջ ընթացքում: Խժդժութիւններ անելուց բացի, Ադերը ոխ ունէր Իսրայէլի դէմ: Նա թագաւորում էր Եդոմի երկրում: 26 Իր արքայի դէմ ձեռք բարձրացրեց նաեւ Սարիրայում ապրող եփրաթացի Նաբադի որդի Յերոբովամը, որի մօր անունը Սարուա էր՝ մի որբեւայրի կին: Նա Սողոմոնի մի ծառայի այրի կնոջ որդին էր: Ահա թէ ինչ պարագաներում նա ձեռք բարձրացրեց Սողոմոն արքայի դէմ: 27 Սողոմոն արքան կառուցել էր միջնաբերդը եւ լցրել իր հօր՝ Դաւթի քաղաքի խրամատը: 28 Յերոբովամը մի քաջարի մարդ էր, եւ երբ Սողոմոնը տեսաւ, որ նա գործունեայ երիտասարդ է, նրան նշանակեց Յովսէփի տան բեռնակիրների վերակացու: 29 Այդ ժամանակ էր, որ Յերոբովամը ելաւ Երուսաղէմից, եւ ճանապարհին նրան հանդիպեց սիլոնացի Աքիա մարգարէն ու ճանապարհից մի կողմ քաշեց նրան: Աքիան նոր զգեստ էր հագել, եւ դաշտում նրանք երկուսով էին: 30 Աքիան իր նոր զգեստը բռնեց ու պատառոտեց՝ տասներկու կտոր անելով: 31 Նա ասաց Յերոբովամին. «Ա՛ռ քեզ տասը կտոր, քանզի Իսրայէլի Տէր Աստուածը այսպէս է ասում. “Ահա ես, Սողոմոնի թագաւորութիւնը ձեռքից խլելով, պիտի պատառոտեմ եւ քեզ պիտի յանձնեմ տասը ցեղ, 32 իսկ երկու ցեղը թող նրան մնայ յանուն իմ ծառայ Դաւթի եւ յանուն Երուսաղէմ քաղաքի, որն ընտրեցի Իսրայէլի բոլոր ցեղերին պատկանող քաղաքների միջից: Եւ սա՝ այն բանի փոխարէն, 33 որ նա ինձ լքեց եւ երկրպագեց սիդոնացիների գարշելի կուռք Աստարտին, Մովաբի կուռք Քամոսին եւ ամոնացիների զազրելի կուռք Մեղքոմին ու չընթացաւ իմ ճանապարհով, չարեց այն, ինչ հաճելի է ինձ, չկատարեց իմ ճշմարիտ օրէնքներն ու պատուիրանները, ինչպէս արել էր իր հայր Դաւիթը: 34 Բայց ես ամբողջ թագաւորութիւնը չխլեցի նրա ձեռքից (որպէսզի իր թագաւորութեան բոլոր օրերում հակառակութեամբ հատուցեմ իր հակառակութեան դիմաց) յանուն իմ ծառայ Դաւթի, որին ընտրել եմ, եւ որը պահեց իմ պատուիրաններն ու իմ օրէնքները: 35 Թագաւորութիւնը խլելու եմ նրա ձեռքից եւ քեզ եմ յանձնելու տասը ցեղ, 36 իսկ նրա որդուն պիտի տամ երկու ցեղ, որպէսզի իմ ծառայ Դաւթի ճրագը միշտ վառ մնայ իմ առջեւ՝ իմ Երուսաղէմ քաղաքում, որն ընտրել եմ իմ անունը յայտնի դարձնելու համար: 37 Ես քեզ եմ ընտրում, դու կթագաւորես այն ամէնի վրայ, որ քո սիրտը կկամենայ, թագաւոր կլինես Իսրայէլի վրայ: 38 Եթէ պահես այն ամէնն, ինչ քեզ պատուիրելու եմ, ընթանաս իմ ճանապարհով ու գործես այն, ինչ հաճելի է ինձ, հետեւես իմ պատուիրաններին ու հրամաններին, ինչպէս արեց իմ ծառայ Դաւիթը, ապա կլինեմ քեզ հետ եւ քեզ համար հաստատուն տուն կշինեմ, ինչպէս Դաւթի համար շինեցի, 39 եւ քեզ կյանձնեմ Իսրայէլը: Այս պատճառով պիտի տանջեմ Դաւթի սերունդը, բայց ոչ ընդմիշտ”»: 40 Սողոմոնը ուզում էր սպանել Յերոբովամին, բայց Յերոբովամը փախաւ-գնաց Եգիպտոս՝ եգիպտացիների Սաւսակիմ արքայի մօտ եւ մնաց Եգիպտոսում մինչեւ Սողոմոնի մահը: 41 Սողոմոնի մնացած գործերը եւ ամէն ինչ, որ նա արել է, նրա իմաստութիւնները չէ՞ որ գրի են առնուած Սողոմոնի գործերի գրքում: 42 Սողոմոնը Երուսաղէմի եւ ամբողջ Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի: 43 Սողոմոնը գնաց իր նախնիների գիրկը, նրան թաղեցին իր հայր Դաւթի քաղաքում, ու նրա փոխարէն թագաւորեց նրա որդի Ռոբովամը:

12
1 Ռոբովամ արքան գնաց Սիկիմ, որովհետեւ ամբողջ Իսրայէլը եկել էր Սիկիմ՝ նրան թագաւոր օծելու: 2 Երբ դա լսեց Նաբատի որդի Յերոբովամը, որը տակաւին Եգիպտոսում էր Սողոմոն արքայից փախչելուց ի վեր, Եգիպտոսից վերադարձաւ Երուսաղէմ: Մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան: 3 Յերոբովամը եւ հաւաքուած բոլոր իսրայէլացիները եկան ու խօսելով Ռոբովամ արքայի հետ՝ ասացին. 4 «Քո հայրը ծանր լուծ էր դրել մեզ վրայ: Արդ, դու թեթեւացրո՛ւ քո հօր սահմանած խիստ ծառայութիւնն ու մեզ վրայ դրած ծանր լուծը, որ մենք ծառայենք քեզ»: 5 Ռոբովամն ասաց նրանց. «Գնացէ՛ք եւ երեք օրից դարձեալ եկէ՛ք ինձ մօտ»: Նրանք գնացին: 6 Ռոբովամ արքան խորհրդակցեց ծերերի հետ, որոնք շրջապատում էին իր հայր Սողոմոնին նրա կենդանութեան օրօք, եւ ասաց. «Ի՞նչ խորհուրդ էք տալիս, որ պատասխան տանք այս ժողովրդին»: 7 Նրան ասացին. «Եթէ դու այսօր ժողովրդին ծառայութիւն մատուցես, զիջող լինես, ընդառաջես եւ բարի խօսքեր ասես, նրանք ընդմիշտ կծառայեն քեզ»: 8 Ռոբովամը, սակայն, մերժեց ծերերի տուած խորհուրդը եւ խորհրդակցեց իր սննդակից ու իր առաջ կանգնած երիտասարդների հետ՝ 9 ասելով. «Ի՞նչ խորհուրդ էք տալիս, որ պատասխան տանք այս ժողովրդին, որ խօսեց ինձ հետ ու ասաց. “Թեթեւացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել էր մեզ վրայ”»: 10 Իր սննդակից ու իր առաջ կանգնած երիտասարդներն ասացին. «Այսպէս կասես այն մարդկանց, որ քեզ հետ խօսելով ասել են. “Քո հայրը ծանրացրեց մեր լուծը, իսկ դու թեթեւացրո՛ւ այն մեզ վրայից”: Այսպէս ասա՛ նրանց. 11 “Իմ ճկոյթը հօրս մէջքից հաստ է: Արդ, եթէ իմ հայրը ձեզ վրայ ծանր լուծ էր դրել, ապա ես կաւելացնեմ ձեր լուծը. իմ հայրը ձեզ խրատում էր ծեծով, իսկ ես կարիճներով կխրատեմ ձեզ”»: 12 Երրորդ օրն ամբողջ Իսրայէլը եկաւ Ռոբովամ արքայի մօտ, ինչպէս արքան ասել էր նրանց. «Վերադարձէ՛ք ինձ մօտ երրորդ օրը»: 13 Արքան խստութեամբ պատասխան տուեց ժողովրդին եւ, մերժելով ծերերի տուած խորհուրդը, 14 Ռոբովամը նրանց հետ խօսեց ըստ երիտասարդների տուած խորհրդի՝ ասելով. «Եթէ իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրայ, ապա ես կաւելացնեմ ձեր լուծը: Իմ հայրը ձեզ ծեծով էր խրատում, իսկ ես կարիճներով եմ խրատելու ձեզ»: 15 Թագաւորը չլսեց ժողովրդին, որովհետեւ Տէրն էր խոտորել նրան, որպէսզի Տէրը հաստատի իր այն խօսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Յերոբովամի վերաբերեալ: 16 Երբ ամբողջ Իսրայէլը տեսաւ, որ արքան չլսեց իրեն, պատասխան տուեց ժողովուրդն արքային՝ ասելով. «Մենք կիսելու ի՞նչ ունենք Դաւթի հետ: Մենք Յեսսէի որդու հետ էլ ժառանգութիւն չունենք: Իսրայէ՛լ, գնա՛ քո վրանները, դու ի՛նքդ հոգա Դաւթի տան հոգսերը»: 17 Իսրայէլացիները գնացին իրենց վրանները, իսկ Յուդայի երկրի քաղաքներում բնակուող իսրայէլացիների վրայ թագաւորեց Ռոբովամը: 18 Ռոբովամ արքան հարկահաւաքների պետ Ադոնիրամին ուղարկեց հարկ հաւաքելու, բայց ամբողջ Իսրայէլը քարկոծելով սպանեց նրան, իսկ Ռոբովամ արքան շտապեց կառք բարձրանալ ու փախչել Երուսաղէմ: 19 Այսպիսով Իսրայէլը ապստամբեց Դաւթի տան դէմ: Եւ այդպէս է մինչեւ այսօր: 20 Երբ ամբողջ Իսրայէլը լսեց, թէ Յերոբովամը վերադարձել է, մարդ ուղարկեցին, նրան ժողովի կանչեցին ու թագաւոր օծեցին Իսրայէլի վրայ: Ոչ ոք չյարեց Դաւթի տանը, բացի Յուդայի ու Բենիամինի ցեղերից: 21 Ռոբովամը մտաւ Երուսաղէմ եւ զօրահաւաք արեց Յուդայի տնից ու Բենիամինի ցեղից: Հարիւր ութսուն հազար երիտասարդ պատերազմողներ ելան Իսրայէլի տան դէմ, որպէսզի թագաւորութիւնը վերադարձնեն Սողոմոնի որդի Ռոբովամին: 22 Տէրը խօսեց Աստծոյ մարդ Սամեայի հետ՝ ասելով. 23 «Խօսի՛ր Յուդայի երկրի արքայ Սողոմոնի որդի Ռոբովամի եւ Յուդայի ու Բենիամինի ամբողջ տան եւ մնացած մարդկանց հետ ու նրանց ասա՛. 24 “Այսպէս է ասում Տէրը. մի՛ ելէք ու մի՛ պատերազմէք ձեր եղբայրների՝ իսրայէլացիների դէմ, եւ թող իւրաքանչիւրը վերադառնայ իր տունը, քանզի ինձնից եղաւ այդ բանը”»: Նրանք լսեցին Տիրոջ խօսքը եւ, անսալով Տիրոջը, յետ դարձան: 25 Յերոբովամը Եփրեմի լեռան վրայ կառուցեց Սիկիմը եւ այնտեղ էր բնակւում: Այնուհետեւ այնտեղից ելաւ ու շինեց Փանուէլը: 26 Յերոբովամն ասաց իր մտքում. «Իմ թագաւորութիւնը նորից կվերադառնայ Դաւթի տուն, 27 եթէ այս մարդիկ գնան ու զոհ մատուցեն Երուսաղէմում՝ Տիրոջ տանը: Այն ժամանակ այս մարդկանց միտքը կհակուի դէպի Տէրն ու իրենց տէրը՝ Յուդայի երկրի արքայ Ռոբովամը, ինձ կսպանեն ու կանցնեն Յուդայի երկրի արքայ Ռոբովամի կողմը»: 28 Արքան խորհեց ու երկու ոսկէ հորթ պատրաստելով՝ ասաց ժողովրդին. «Բաւական է մինչեւ Երուսաղէմ գնաք: Ահա քո աստուածները, ո՛վ Իսրայէլ, որոնք քեզ դուրս բերեցին Եգիպտացիների երկրից»: 29 Նա կուռքերից մէկը դրեց Դանում, իսկ միւսը՝ Բեթէլում: 30 Այսպիսով մեղք գործուեց, որովհետեւ ժողովուրդը գնում էր մինչեւ Դան՝ հորթերից մէկին երկրպագելու: 31 Նա բարձունքների վրայ կառուցեց նաեւ մեհեաններ եւ Ղեւիի ցեղին չպատկանող մարդկանց քրմեր դարձրեց: 32 Յերոբովամը տօն կատարեց, ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը տօնական օր սահմանեց, ինչպէս Յուդայի երկրում էր, եւ Բեթէլում պատրաստած իր ոսկէ հորթերի համար զոհեր մատուցեց: Նա Բեթէլում կառուցած մեհեանում քրմեր նշանակեց, 33 Բեթէլում ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը, սահմանած տօնին, զոհասեղանի վրայ զոհեր մատուցեց իսրայէլացիների համար:

13
1 Երբ Յերոբովամը զոհ մատուցելու համար կանգնած էր զոհասեղանի առաջ, Տիրոջ թելադրանքով Յուդայի երկրից Բեթէլ եկաւ Աստծոյ մարդը: 2 Նա, Տիրոջ խօսքն ուղղելով զոհասեղանին, ասաց. «Սեղա՛ն, ո՛վ սեղան, այսպէս է ասում Տէրը. “Դաւթի տանը Յոսիա անունով մի որդի կծնուի, նա քեզ վրայ կզոհաբերի մեհեանների քրմերին, որոնք քեզ վրայ զոհ են մատուցում, եւ մարդկանց ոսկորները կայրի քեզ վրայ”»: 3 Իր ասածը հաստատելու համար ասաց. «Այս է նշանը, որ Տէրն է ասել. “Հիմա դա կփլուի, իսկ դրա վրայի իւղոտուած մոխիրը կթափուի”»: 4 Երբ Յերոբովամ արքան լսեց Աստծոյ մարդու՝ Բեթէլում գտնուող զոհասեղանին ուղղած խօսքերը, իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնեցէ՛ք դրան». բայց դէպի նա մեկնուած նրա ձեռքը չորացաւ, նա չկարողացաւ ձեռքն իրեն քաշել, 5 զոհասեղանը փլուեց, իսկ դրա վրայի իւղոտուած մոխիրը թափուեց՝ ըստ այն նշանի, որ տուել էր Աստծոյ մարդը Տիրոջ խօսքով: 6 Յերոբովամ արքան ասաց Աստծոյ մարդուն. «Աղաչի՛ր քո Տէր Աստծուն, աղօթի՛ր ինձ համար, որ ձեռքս դէպի ինձ քաշուի»: Աստծոյ մարդն աղաչեց Տիրոջը, եւ արքայի ձեռքը առաջուայ պէս դէպի ինքը յետ քաշուեց: 7 Արքան, խօսելով Աստծոյ մարդու հետ, ասաց. «Տո՛ւն մտիր ինձ հետ, ճաշի՛ր, եւ ես քեզ պարգեւ կտամ»: 8 Աստծոյ մարդն ասաց արքային. «Եթէ քո տան կէսն էլ ինձ տաս, չեմ մտնի քո տունը, ոչ էլ հաց կուտեմ եւ ջուր կխմեմ այստեղ, 9 քանզի Տէրն ինձ այսպիսի պատուէր է տուել. “Հաց չուտես այդտեղ, ջուր չխմես եւ չվերադառնաս այն ճանապարհով, որով գնացել ես”»: 10 Նա գնաց հեռացաւ Բեթէլից, բայց ոչ՝ այն ճանապարհով, որով եկել էր: 11 Մի ծեր մարգարէ էր բնակւում Բեթէլում: Նրա որդիները եկան ու նրան պատմեցին այն բոլոր դէպքերը, որ այդ օրը Բեթէլում անցել էին Աստծոյ մարդու գլխով, ինչպէս նաեւ այն խօսքերը, որ նա ասել էր արքային, եւ իրենց երեսը շուռ տուեցին, որ հեռանան իրենց հօր մօտից: 12 Հայրը հարցրեց նրանց. «Ո՞ր ճանապարհով գնաց նա»: Որդիները ցոյց տուեցին նրան այն ճանապարհը, որով գնացել էր Յուդայի երկրից եկած Աստծոյ մարդը: 13 Նա ասաց որդիներին. «Թամբեցէ՛ք էշը»: Թամբեցին էշը, եւ նա նստեց էշի վրայ, 14 գնաց Աստծոյ մարդու յետեւից եւ նրան գտաւ կաղնու տակ նստած: Ծերը հարցրեց. «Դո՞ւ ես Յուդայի երկրից եկած Աստծոյ մարդը»: Սա ասաց. «Ես եմ»: 15 Նա ասաց. «Ե՛կ ինձ հետ տուն եւ հա՛ց կեր»: 16 Սա ասաց. «Չեմ կարող քեզ հետ վերադառնալ եւ քեզ մօտ գալ, հաց ուտել ու ջուր խմել այնտեղ, 17 քանզի Տէրն ինձ այսպիսի հրաման է տուել. “Հաց չուտես այդտեղ, ջուր չխմես եւ չվերադառնաս այն ճանապարհով, որով գնացել ես”»: 18 Նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարէ քեզ պէս. Տիրոջ հրեշտակը խօսեց ինձ հետ՝ ասելով. “Նրան քեզ մօտ՝ քո տունը տար, թող հաց ուտի ու ջուր խմի”»: 19 Նա խաբելով տարաւ նրան իր հետ. սա հաց կերաւ ու ջուր խմեց: 20 Եւ մինչ սեղան էին նստել, 21 Տէրը խօսեց նրան այն մարգարէի հետ, որ Աստծոյ մարդուն իր տունն էր բերել: Սա, խօսելով Յուդայի երկրից եկած Աստծոյ մարդու հետ, ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Քանի որ դու չհնազանդուեցիր Տիրոջ խօսքին, չպահեցիր այն հրամանը, որ քո Տէր Աստուածն էր տուել քեզ, 22 եկար, հաց կերար ու ջուր խմեցիր այնտեղ, որի մասին Տէրն ասել էր քեզ. "Հաց չուտես, ջուր չխմես": Արդ, քո դիակը քո հայրերի գերեզմանը չի մտնելու”»: 23 Երբ հաց ուտելուց ու ջուր խմելուց յետոյ նա թամբեց մարգարէի էշն ու գնաց, 24 ճանապարհին նրան հանդիպեց մի առիւծ, որը յօշոտեց նրան: Նրա դիակն ընկած էր ճանապարհին, էշը նրա կողքին էր կանգնած, իսկ առիւծը՝ դիակի մօտ: 25 Եկան անցորդներ, տեսան ճանապարհին ընկած դիակն ու դիակի մօտ կանգնած առիւծը, մտան այն քաղաքը, ուր այդ ծերունի մարգարէն էր բնակւում, եւ պատմեցին իրենց տեսածը: 26 Երբ այս բանը լսեց Աստծոյ մարդուն ճանապարհից յետ դարձրած մարգարէն, ասաց. «Դա Աստծոյ մարդն է, որը Տիրոջ խօսքը չլսեց, Տէրը նրան առիւծին յանձնեց, եւ սա բզկտելով սպանեց նրան, ինչպէս որ Տէրն ասել էր նրան»: 27 Նա խօսեց իր որդիների հետ՝ ասելով. «Համետեցէ՛ք էշը»: 28 Նրանք համետեցին: Նա գնաց ու գտաւ ճանապարհին ընկած նրա դիակը, իսկ էշն ու առիւծը կանգնած էին դիակի մօտ: Առիւծը չէր կերել Աստծոյ մարդու դիակը, ոչ էլ յօշոտել էր էշին: 29 Մարգարէն առաւ Աստծոյ մարդու դիակը, դրեց իր էշի վրայ եւ բերեց իր քաղաքը, որ ողբան նրա վրայ ու թաղեն նրան: 30 Մարգարէն նրա դիակը թաղեց իր գերեզմանում: Նրա վրայ լաց եղան եւ ասացին. «Վա՜յ, եղբա՛յր»: 31 Նրա վրայ ողբալուց յետոյ ծերն ասաց իր որդիներին. «Երբ մեռնեմ, ինձ կթաղէք այն գերեզմանում, ուր թաղուեց Աստծոյ մարդը. նրա ոսկորների կողքի՛ն դրէք ինձ, որպէսզի իմ ոսկորները պահպանուեն նրա ոսկորների հետ, 32 որովհետեւ անպայման կկատարուի Տիրոջ այն խօսքը, որ ասուեց Բեթէլում գտնուող զոհասեղանի ու Սամարիայի բարձրադիր կռատների դէմ»: 33 Այս բաներից յետոյ էլ Յերոբովամը չհրաժարուեց իր չարիքներից. նա ժողովրդի մի մասին մեհեանների քրմեր էր դարձնում. ով ուզում էր, նրան ձեռնադրում էր, եւ սա դառնում էր մեհեանների քուրմ: 34 Ահա թէ ինչպէս Յերոբովամի տունը մեղք գործեց, եւ դրա համար էլ նա բնաջնջուեց ու վերացաւ երկրի երեսից:

14
1 Այն ժամանակ հիւանդացաւ Յերոբովամի որդի Աբիան, 2 եւ Յերոբովամն ասաց իր կնոջը. «Վե՛ր կաց, կերպարանափոխուի՛ր, որ չիմանան, թէ դու Յերոբովամի կինն ես, եւ գնա՛ Սելով: Այնտեղ է ապրում Աքիա մարգարէն: Նա գուշակել է, թէ ես պիտի թագաւորեմ այս ժողովրդի վրայ: 3 Հա՛ց վերցրու Աստծոյ մարդու համար, նրա որդիների համար՝ բլիթներ, չամիչ ու մի սափոր մեղր, գնա՛ նրա մօտ, եւ նա քեզ պիտի յայտնի, թէ ինչ կպատահի մանկանը»: 4 Յերոբովամի կինն այդպէս էլ արեց. նա վեր կացաւ գնաց Սելով, մտաւ Աքիայի տունը, սակայն Աքիայի տեսողութիւնը վատացել էր, ծերութեան պատճառով աչքերը չէին տեսնում: 5 Տէրն ասաց Աքիային. «Յերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր հիւանդ որդու մասին, իսկ դու այսպէս եւ այսպէս կասես նրան»: 6 Երբ կինը ներս մտաւ, արդէն կերպարանափոխուած էր: Երբ Աքիան դռան բացուելուց եւ ներս մտնելուց յետոյ լսեց նրա ոտնաձայնը, ասաց. «Մտի՛ր, Յերոբովամի՛ կին, ինչո՞ւ ես կերպարանափոխուել: Ես ուղարկուած եմ, որ քեզ դաժան բան ասեմ: 7 Գնա՛ եւ ասա՛ Յերոբովամին. այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Ես քեզ բարձրացրի ժողովրդի միջից, քեզ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ առաջնորդ դրեցի, 8 ես թագաւորութիւնը խլեցի Դաւթի տնից ու քեզ յանձնեցի, սակայն դու չեղար իմ ծառայ Դաւթի նման, որը պահում էր իմ պատուիրանները եւ իր ամբողջ սրտով հետեւում էր ինձ, որպէսզի իմ աչքին հաճելի երեւացածն անի: 9 Դու աւելի շատ չարութիւն գործեցիր, քան քո բոլոր նախորդները. դու օտար աստուածներ ու ձուլածոյ կուռքեր պատրաստել տուեցիր, որպէսզի ինձ բարկացնես, իսկ ինձ մոռացութեան տուեցիր: 10 Դրա համար Յերոբովամի տան վրայ չարիք պիտի բերեմ, Յերոբովամի տնից մինչեւ վերջ պիտի բնաջնջեմ բոլոր նրանց, ովքեր միզում են պատին, Իսրայէլի մէջ ապրող ստրուկ ու ազատ մարդկանց, Յերոբովամի տունը պիտի աւլեմ այնպէս, ինչպէս աղբն են աւլում, մինչեւ որ իսպառ ոչնչացնեմ այն: 11 Յերոբովամի տնից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի կտցեն”: Ահա Տէրն է այսպէս ասել: 12 Իսկ դու վեր կաց գնա՛ քո տունը, եւ երբ քո ոտքերը քաղաք մտնեն, երեխան կմեռնի, 13 եւ ամբողջ Իսրայէլը կողբայ ու կթաղի նրան: Յերոբովամի մարդկանցից միայն նրա որդին կմտնի գերեզման, քանի որ Իսրայէլի Տէր Աստուածը Յերոբովամի տանը միայն նրա մէջ տեսաւ մի բարի բան: 14 Տէրն իր համար մի թագաւոր պիտի հանի Իսրայէլի դէմ, որն այսօր իսկ պիտի բնաջնջի Յերոբովամի տունը: 15 Եւ արդ, ի՞նչ մնաց: Տէրը պիտի հարուածի Իսրայէլին, եւ նա պիտի նմանուի ջրի մէջ շարժուող եղէգի: Նա իսրայէլացիներին պիտի հեռացնի այս լաւ երկրից, որ տուել էր նրանց հայրերին: Նրանց գետի միւս կողմը պիտի քշի այն բանի դիմաց, որ նրանք իրենց համար կուռքեր շինեցին, որպէսզի բարկացնեն Տիրոջը: 16 Տէրը կորստեան պիտի մատնի Իսրայէլին Յերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց եւ Իսրայէլին էլ մեղանչել տուեց»: 17 Յերոբովամի կինը վեր կացաւ ու գնաց Սարիրա: Նա հազիւ էր տան դռնից ներս մտել, որ երեխան մեռաւ, 18 եւ ամբողջ Իսրայէլը ողբաց նրան ու թաղեց, ինչպէս որ Տէրն էր նախօրօք յայտնել իր ծառայ Աքիա մարգարէի միջոցով: 19 Յերոբովամի մնացած գործերի մասին, թէ նա ինչ պատերազմներ մղեց, որքան ժամանակ թագաւորեց, գրուած է Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ: 20 Յերոբովամը թագաւորեց քսաներկու տարի եւ գնաց իր նախնիների գիրկը: Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Նաբադը: 21 Սողոմոնի որդի Ռոբովամը թագաւորեց Յուդայի երկրի վրայ: Քառասունմէկ տարեկան էր Ռոբովամը, երբ թագաւոր օծուեց, եւ տասնեօթ տարի թագաւորեց Երուսաղէմ քաղաքում, որը Տէրն ընտրել էր Իսրայէլի բոլոր ցեղերին պատկանող վայրերի միջից, որպէսզի իր անունն այնտեղ յայտնի դարձնի: Նրա ամոնացի մօր անունն էր Նաամա: 22 Ռոբովամը չար գործեր արեց Տիրոջ առաջ. նա նմանուեց իր նախնիներին, ընթացաւ նրանց գործած մեղքերի ճանապարհով: 23 Նրանք իրենց համար մեհեաններ ու կուռքեր շինեցին ամէն բարձր բլրի վրայ եւ ամէն տերեւաշատ ծառի տակ: 24 Նրանք խոտորուեցին այդ երկրի այն ազգերի նման, որոնք գարշելի բաներ էին անում, եւ որոնց քշել էր Տէրը իսրայէլացիների առջեւից: 25 Այն տարում, երբ Ռոբովամը թագաւոր օծուեց, Եգիպտոսի արքայ Սաւսակիմը յարձակուեց Երուսաղէմի վրայ, 26 վերցրեց Տիրոջ տան, ինչպէս նաեւ արքայի տան բոլոր գանձերը, ոսկէ նիզակները, որոնք Դաւիթը աւար էր վերցրել Սուբայի արքայ Ադրաազարի ձեռքից: Նա տարաւ ամէն ինչ, որ Դաւիթը վերցրել էր որպէս աւար ու տարել Երուսաղէմ: Աւար վերցրեց նաեւ ոսկէ վահանները, որ պատրաստել էր Սողոմոնը: 27 Ռոբովամ արքան դրանց փոխարէն պղնձէ վահաններ շինեց եւ դրանք յանձնեց պահակազօրքի զօրագլուխներին, որոնք պահպանում էին արքայի տունը: 28 Երբ արքան մտնում էր Տիրոջ տունը, պահակազօրքը օգտագործում էր դրանք ու յետոյ կախում զինարանում: 29 Ռոբովամի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ: 30 Ռոբովամն ու Յերոբովամը միշտ պատերազմի մէջ էին: 31 Ռոբովամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր նախնիների մօտ՝ Դաւթի քաղաքում: Նրա ամոնացի մօր անունը Նաամա էր: Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Աբիուն:

15
1 Նաբատի որդի Յերոբովամի թագաւորութեան տասնութերորդ տարում Յուդայի երկրի վրայ թագաւորեց Ռոբովամի որդի Աբիուն: 2 Նա երեք տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մայրը Աբեսաղոմի դուստր Մաաքան էր: 3 Նա գնաց նախկինում Տիրոջ առաջ իր հօր գործած բոլոր մեղքերի ճանապարհով, նրա սիրտն ուղիղ չէր իր Տէր Աստծոյ առջեւ, ինչպէս մաքուր էր իր հայր Դաւթի սիրտը: 4 Տէր Աստուած, սակայն, յանուն Դաւթի նկատմամբ ունեցած իր սիրոյ՝ Երուսաղէմում թողել էր մի ժառանգ, որպէսզի նրանից յետոյ նրա որդիները գոյատեւեն նրա միջոցով, ու կանգուն պահի Երուսաղէմը, 5 քանի որ Դաւիթն իր ամբողջ կեանքի ընթացքում ուղիղ էր ընթացել Տիրոջ առջեւ, չէր շեղուել այն ուղուց, որ պատուիրել էին իրեն, բացի քետացի Ուրիայի հետ կատարուած դէպքից: 6 Իրենց կենդանութեան բոլոր օրերում Աբիուն ու Յերոբովամը իրար դէմ պատերազմ էին մղում: 7 Աբիուի մնացած գործերն ու նրա արարքները չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ: Պատերազմ էր մղւում Աբիուի ու Յերոբովամի միջեւ: 8 Աբիուն գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում: Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Ասան: 9 Իսրայէլի արքայ Յերոբովամի թագաւորութեան քսաներորդ տարում Ասան թագաւորեց Յուդայի երկրի վրայ: 10 Նա քառասունմէկ տարի իշխեց Երուսաղէմում: Նրա մայրը Աբեսաղոմի դուստր Մաաքան էր: 11 Ասան իր նախնի Դաւթի նման ուղիղ ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ, 12 երկրից վերացրեց սոդոմական մեղքը, ջնջեց ամէն տեսակ մոլորութիւնները, որ գործել էին իր նախորդները: 13 Նա իր մայր Մաաքային զրկեց «մեծ տիկին» կոչումից, քանզի նա իր մեհեանում ծէս էր կատարել: Ասան կործանեց նրա կուռքերը եւ դրանք հրով այրեց Կեդրոնի հեղեղատի մօտ: 14 Թէեւ մեհեանները չվերացրեց, սակայն իր ամբողջ կեանքում նրա սիրտն ամբողջովին ուղիղ էր Տիրոջ նկատմամբ: 15 Նա բերեց իր հօր սիւները, նաեւ իրեն պատկանող արծաթէ ու ոսկէ սիւներն ու անօթները եւ դրեց Տիրոջ տանը: 16 Իրենց կենդանութեան բոլոր օրերում Ասան ու Իսրայէլի արքայ Բաասան իրար դէմ պատերազմ էին մղում: 17 Իսրայէլի արքայ Բաասը յարձակուեց Յուդայի երկրի վրայ եւ կառուցեց Ռաման, որ որեւէ մէկը ելումուտ չունենայ Յուդայի արքայ Ասայի երկիրը: 18 Ասան վերցրեց Տիրոջ տան գանձարանում եւ թագաւորական տան գանձարանում եղած ամբողջ արծաթն ու ոսկին, տուեց իր ծառաների ձեռքը, որ դրանք տանեն Դամասկոսում բնակուող ասորիների արքայ Ազայէլի որդի Աբենրայիմի որդի Ադերի որդուն՝ ասելով. 19 «Դաշինք թող կնքուի իմ ու քո միջեւ, ինչպէս որ եղել է իմ հօր ու քո հօր միջեւ: Ահաւասիկ քեզ ընծայ եմ ուղարկում արծաթ ու ոսկի, որպէսզի քանդես քո եւ Իսրայէլի արքայ Բաասի միջեւ եղած դաշինքը, եւ նա հեռանայ ինձնից»: 20 Ադերի որդին լսեց Ասա արքային, իր իշխաններին ուղարկեց Իսրայէլի քաղաքների դէմ, հարուածեց Այինը, Դանը, Աբէլ Բեթմաաքան եւ ամբողջ Քեներեթը՝ մինչեւ Նեփթաղիմի ամբողջ երկիրը: 21 Երբ Բաասան լսեց այդ, ընդհատեց Ռամայի շինութիւնը եւ վերադարձաւ Թերսա: 22 Ասա արքան Յուդայի երկրի բոլոր մարդկանց, որոնք Ենակիմում էին, հրամայեց, որ հանեն բերեն Ռամայի քարերն ու փայտերը, որ Բաասան օգտագործում էր շինութեան համար: Ասա արքան դրանցով կառուցապատեց Բենիամինի ամբողջ բլուրը եւ դիտանոցը: 23 Ասայի մնացած գործերը, նրա զօրութիւնը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նաեւ իր կառուցած քաղաքը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ: Այդտեղ չի ասուած միայն այն մասին, որ Ասայի ծերութեան օրերին նրա ոտքերը ցաւեցին: 24 Ասան գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր նախնիների մօտ՝ Դաւթի քաղաքում: Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յոսափատը: 25 Յերոբովամի որդի Նաբատը Իսրայէլում թագաւորեց Յուդայի արքայ Ասայի թագաւորութեան երկրորդ տարում: Նա Իսրայէլում թագաւորեց երկու տարի: 26 Նա չար գործեր արեց Տիրոջ առաջ, ընթացաւ իր հօր գործած մեղքերի ճանապարհով եւ դրանցով էլ Իսրայէլը մեղքի մէջ գցեց: 27 Նրա դէմ դաւ նիւթեց Աքիայի որդի Բաասան, որն Իսաքարի տան վրայ էր իշխում: Բաասան նրան սպանեց այլազգիների բնակավայրում, իսկ Նաբատն ու ամբողջ Իսրայէլը պաշարել էին Գաբաթոնը: 28 Բաասան նրան սպանեց Յուդայի երկրի Ասա արքայի թագաւորութեան երկրորդ տարում եւ նրա փոխարէն ինքը թագաւորեց: 29 Երբ թագաւոր դարձաւ, կոտորեց Յերոբովամի ամբողջ տունը եւ Յերոբովամի տնից ոչ մի մարդու կենդանի չթողեց, բոլորին բնաջնջեց, ինչպէս Տէրն էր ասել իր ծառայ սիլոնացի Աքիայի միջոցով, 30 որովհետեւ Յերոբովամն ինքը շատ մեղքեր էր գործել եւ Իսրայէլին էլ մեղքերի մէջ էր գցել ու դրանով զայրացրել էր Իսրայէլի Տէր Աստծուն: 31 Նաբատի մնացած գործերն ու այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ: 32 Իրենց կենդանութեան բոլոր օրերում Ասան ու Իսրայէլի արքայ Նաբատը իրար դէմ պատերազմ էին մղում: 33 Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան երրորդ տարում ամբողջ Իսրայէլի վրայ թագաւորեց Աքիայի որդի Բաասան: Նա քսանչորս տարի թագաւորեց Թերսայում: 34 Նա չար գործեր արեց Տիրոջ առաջ, գնաց Նաբատի որդի Յերոբովամի գործած մեղքերի ճանապարհով եւ դրանցով Իսրայէլն էլ մեղքերի մէջ գցեց:

16
1 Տէրը, Անանիայի որդի Յէուի միջոցով խօսքն ուղղելով Բաասային, ասաց. 2 «Թէեւ ես քեզ երկրի փոշուց բարձրացրի եւ իմ ժողովուրդ Իսրայէլին առաջնորդ դարձրի, սակայն դու գնացիր Յերոբովամի ճանապարհով եւ Իսրայէլի իմ ժողովրդին մեղանչել տուեցիր, որ նրանց կուռքերով ինձ բարկացնես: 3 Դրա համար ես թշնամի եմ յարուցելու Բաասայի ու նրա տան դէմ եւ քո տունը Նաբատի որդի Յերոբովամի տան նման եմ դարձնելու: 4 Բաասայի տնից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի կտցեն»: 5 Բաասայի մնացած գործերը, նրա քաջագործութիւններն ու այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ: 6 Բաասան գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Թերսայում: Ասա արքայի թագաւորութեան քսաներորդ տարում նրա փոխարէն թագաւորեց իր որդի Ելան: 7 Արդէն ասել ենք, որ Տէրը Անանիայի որդի Յէու մարգարէի միջոցով խօսել էր Բաասայի, նրա տան եւ այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թէ ինչպէս նա իր կատարած գործերով բարկացրել էր նրան, եւ Տէրը պատուհասել էր նրան այնպէս, ինչպէս Յերոբովամին: 8 Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան քսանվեցերորդ տարում Թերսայում Իսրայէլի վրայ երկու տարի թագաւորեց Բաասայի որդի Ելան: 9 Նրա ծառայ Զամբրին՝ հեծելազօրի կէս մասի հրամանատարը, ըմբոստացաւ նրա դէմ, երբ նա Թերսայում հանդերձարանի պետ Արսայի տանը խմել հարբել էր: 10 Զամբրին Յուդայի երկրի Ասա արքայի թագաւորութեան քսանեօթերորդ տարում խփեց սպանեց նրան եւ նրա փոխարէն թագաւոր դարձաւ: 11 Երբ նա թագաւորեց ու նստեց գահին, կոտորեց Բաասայի ամբողջ տոհմը՝ նրա մերձաւորներին ու բարեկամներին, կենդանի չթողեց պատին միզող ոչ մէկին: 12 Զամբրին Բաասայի ամբողջ տոհմը բնաջնջեց, ինչպէս որ Տէրը Յէու մարգարէի միջոցով յայտնել էր Բաասայի տան մասին: 13 Այս բոլորը եղաւ Բաասայի բոլոր մեղքերի, նրա որդի Ելայի մեղքերի պատճառով, քանի որ նրանք մեղանչել էին տուել Իսրայէլին՝ բարկացնելով Իսրայէլի Տէր Աստծուն իրենց կուռքերով: 14 Ելայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ: 15 Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան քսանեօթերորդ տարում Զամբրին Թերսայում թագաւորեց եօթ օր: Այդ ժամանակ Իսրայէլի զօրքը բանակատեղի էր դրել այլազգիների Գաբաթոն բնակավայրում: 16 Երբ բանակատեղիում գտնուող ժողովուրդը լսեց, որ Զամբրին զօրք է հաւաքել ու սպանել արքային, ապա նոյն օրը զօրահրամանատար Ամրիին թագաւոր դարձրեց Իսրայէլի վրայ բանակատեղիում: 17 Ամրին բոլոր իսրայէլացիների հետ գնաց Գաբաթոնից ու եկաւ պաշարեց Թերսան: 18 Երբ Զամբրին տեսաւ, որ քաղաքը շուտով գրաւելու են, մտաւ արքունի սենեակներից մէկը եւ արքունի տունը հրի մատնեց: 19 Նա մեռաւ Տիրոջ առաջ իր գործած մեղքերի համար, քանզի գնացել էր Նաբատի որդի Յերոբովամի գործած մեղքերի ճանապարհով եւ դրանցով էլ Իսրայէլը մեղքի մէջ գցել: 20 Զամբրիի մնացած գործերն ու նիւթած դաւադրութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ: 21 Այն ժամանակ Իսրայէլի ժողովուրդը երկուսի բաժանուեց. ժողովրդի կէսը յարեց Գոնաթի որդի Թամնիին, որպէսզի նրան թագաւոր դարձնի, իսկ ժողովրդի միւս կէսը յարեց Ամրիին: 22 Յաղթեցին Ամրիի հետեւորդները, իսկ Գոնաթի որդի Թամնիին յարող ժողովուրդը պարտութիւն կրեց: Այն ժամանակ մեռան Թամնին ու նրա եղբայր Յորամը, եւ Թամնիից յետոյ թագաւորեց Ամրին: 23 Յուդայի երկրի Ասա արքայի թագաւորութեան երեսունմէկերորդ տարում Ամրին թագաւորեց Իսրայէլի վրայ եւ իշխեց տասներկու տարի: Նա Թերսայում թագաւորեց վեց տարի: 24 Ամրին Սեմերոն լեռը նրա տիրոջից՝ Սամերից, գնեց երկու տաղանդ արծաթով, լեռը շէնացրեց եւ շէնացրած այդ լեռը նախկին տիրոջ՝ Սամերի անունով կոչեց Սեմերոն: 25 Ամրին Տիրոջ առջեւ չարիք գործեց, բոլոր իրենից առաջ եղածներից աւելի չարութիւն գործեց, 26 գնաց Նաբատի որդի Յերոբովամի ընթացած բոլոր ճանապարհներով, գործեց այն մեղքերը, որով մեղանչել տուեց Իսրայէլին, եւ իր կուռքերով բարկացրեց Իսրայէլի Տէր Աստծուն: 27 Ամրիի մնացած գործերը, այն ամէնը, ինչ նա արել է, նրա քաջագործութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ: 28 Ամրին գնաց իր նախնիների գիրկը, թաղուեց Սամարիայում, եւ իր փոխարէն թագաւորեց իր որդին՝ Աքաաբը: 29 Ամրիի որդի Աքաաբը թագաւորեց Իսրայէլի վրայ: Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան երեսունութերորդ տարում Ամրիի որդի Աքաաբը թագաւորեց Իսրայէլի վրայ: Նա քսաներկու տարի թագաւորեց Սամարիայում: 30 Ամրիի որդի Աքաաբը Տիրոջ առջեւ առաւել չար գտնուեց, քան իր բոլոր նախորդները: 31 Բացի այն, որ նա գործում էր Նաբատի որդի Յերոբովամի նոյն մեղքերը, նա կին առաւ սիդոնացիների արքայ Յոբաղի դուստր Յեզաբէլին եւ գնաց ու պաշտեց Բահաղին, 32 երկրպագեց նրան եւ Սամարիայում կառուցած գարշելի կուռքերի տանը Բահաղի համար զոհասեղան կանգնեցրեց: 33 Աքաաբը կուռք կանգնեցրեց եւ իր գործերով առաւել բարկացրեց Աստծուն, քան իրենից առաջ եղած Իսրայէլի բոլոր թագաւորները: 34 Նրա օրօք բեթէլացի Աքիէլը կառուցեց Երիքովը, իր անդրանիկ որդի Աբիրոնի հետ դրա հիմքերը դրեց, իսկ կրտսեր որդի Սեգուբի հետ դրա դարպասները կանգնեցրեց՝ համաձայն Տիրոջ խօսքի, որ ասուեց Նաւէի որդի Յեսուի բերանով:

17
1 Գաղաադի Թեզբէ գիւղից սերած Եղիա մարգարէն ասաց Աքաաբին. «Կենդանի է երկնային զօրութիւնների Տէր Աստուածը, Իսրայէլի Աստուածը, որի առջեւ կանգնում եմ. եթէ այս տարիներին ցօղ իջնի կամ անձրեւ գայ, ապա այդ կլինի միայն իմ խօսքով»: 2 Տէրը խօսեց Եղիայի հետ եւ ասաց. 3 «Գնա՛ այստեղից դէպի արեւելք ու թաքնուի՛ր Քոռաթի հեղեղատի մօտ, որը Յորդանան գետի դիմաց է: 4 Այնտեղ հեղեղատի ջրից կխմես, իսկ ես հրամայել եմ ագռաւներին, որ քեզ այնտեղ կերակրեն»: 5 Եղիան գնաց եւ արեց Տիրոջ ասածի համաձայն. նա գնաց ու նստեց Քոռաթի հեղեղատի մօտ՝ Յորդանան գետի դիմաց: 6 Ամէն առաւօտ ագռաւները հաց ու միս էին բերում նրան, ինչպէս նաեւ հաց ու միս՝ երեկոները, իսկ ջուրը նա հեղեղատից էր խմում: 7 Որոշ ժամանակ անց հեղեղատը ցամաքեց, որովհետեւ անձրեւ չէր տեղում երկրի վրայ: 8 Տէրը, իր խօսքն ուղղեց Եղիային, ասելով. 9 «Վե՛ր կաց եւ գնա՛ սիդոնացիների Սարեփթա քաղաքը եւ այնտե՛ղ մնա: Ես մի այրի կնոջ պատուիրել եմ, որ քեզ այնտեղ կերակրի»: 10 Եղիան գնաց Սարեփթա ու հասաւ քաղաքի դարպասը: Մի կին այնտեղ փայտ էր հաւաքում: Եղիան, ձայն տալով նրան, ասաց. «Ինձ համար ամանով մի քիչ ջուր բե՛ր, որ խմեմ»: 11 Կինը գնաց բերելու: Եղիան, նրա յետեւից ձայն տալով, ասաց. «Ինձ համար մի պատառ հաց բե՛ր»: 12 Կինն ասաց. «Կենդանի է քո Տէր Աստուածը. ես մի նկանակ էլ չունեմ, բացի սափորում եղած մի բուռ ալիւրից եւ կուժի մէջ եղած մի քիչ իւղից: Ահա մի երկու փայտի կտոր եմ հաւաքում, որ գնամ ու հաց պատրաստեմ ինձ եւ երեխաներիս համար. այն կուտենք ու յետոյ կմեռնենք»: 13 Եղիան ասաց նրան. «Քաջալերուի՛ր, գնա՛ եւ արա՛ այնպէս, ինչպէս ասացիր, սակայն նախ ինձ համար մի փոքրիկ նկանակ պատրաստի՛ր ու բե՛ր եւ ապա պատրաստի՛ր քեզ ու երեխաներիդ համար: 14 Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Ալիւրը չի պակասելու սափորում, եւ կուժի իւղը չի նուազելու մինչեւ այն օրը, երբ Տէրն անձրեւ կտեղացնի երկրի վրայ”»: 15 Կինը գնաց եւ արեց այնպէս, ինչպէս ասել էր Եղիան: Եղիան, կինն ու նրա որդիները կերան: 16 Այդ օրուանից սափորում ալիւր չպակասեց, եւ կուժի մէջ իւղ չնուազեց, ինչպէս որ Եղիայի միջոցով ասել էր Տէրը: 17 Այս դէպքերից յետոյ այնպէս պատահեց, որ տանտիկնոջ որդին հիւանդացաւ: Հիւանդութիւնն այնքան ծանր էր, որ տղայի մէջ շունչ չմնաց: 18 Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՛վ Աստծոյ մարդ, եկել ես ինձ մօտ, որ մեղքե՞րս յիշեցնես ու որդո՞ւս սպանես»: 19 Եղիան ասաց կնոջը. «Տո՛ւր ինձ քո որդուն»: Նա երեխային վերցրեց նրա գրկից, տարաւ վերնատուն, ուր ինքն էր բնակւում, եւ պառկեցրեց նրան իր անկողնի վրայ: 20 Եղիան աղաղակելով ասաց. «Ո՛վ Տէր, ահա տեսնում ես այս այրի կնոջը, որի մօտ ես բնակւում եմ: Դու չարչարեցիր նրա որդուն եւ մահ պատճառեցիր»: 21 Նա երեք անգամ փչեց մանկան վրայ եւ աղաղակեց Տիրոջն՝ ասելով. «Տէ՜ր իմ Աստուած, այս երեխայի շունչը իրե՛ն վերադարձրու»: 22 Այդպէս էլ եղաւ. նա աղաղակեց, Տէրը լսեց Եղիայի ձայնը, երեխայի շունչը վերադարձաւ նրա մարմնի մէջ, ու նա կենդանացաւ: 23 Եղիան առաւ մանկանը, վերնատնից տուն իջեցրեց նրան, տուեց իր մօրը՝ ասելով. «Տես, որ կենդանի է քո որդին»: 24 Կինն ասաց Եղիային. «Հիմա համոզուեցի, որ դու Աստծոյ մարդն ես, եւ Տիրոջ ճշմարիտ խօսքն է քո բերանում»:

18
1 Որոշ ժամանակ անցնելուց յետոյ, երրորդ տարում, Եղիային հասաւ Տիրոջ խօսքը, որն ասում էր. «Գնա՛ ու երեւա՛ Աքաաբին, իսկ ես անձրեւ կտեղացնեմ երկրի վրայ»: 2 Եղիան գնաց Աքաաբին ներկայանալու, իսկ Սամարիայում սաստիկ սով էր: 3 Աքաաբը կանչեց իր հազարապետ Աբդիուին: Աբդիուն սաստիկ երկիւղ էր կրում Տիրոջից. 4 երբ Յեզաբէլը կոտորում էր Տիրոջ մարգարէներին, Աբդիուն հարիւր մարգարէի տարաւ եւ նրանց յիսուն-յիսուն թաքցրեց քարայրներում եւ կերակրեց նրանց հացով ու ջրով: 5 Արքան ասաց Աբդիուին. «Ե՛կ շրջենք այս երկրում, փնտրենք ու գտնենք բոլոր աղբիւրներն ու հեղեղատները, թերեւս խոտ գտնենք ու կերակրենք ձիերին ու ջորիներին, որպէսզի անասունները չսատկեն»: 6 Նրանք իրենց միջեւ բաժանեցին շրջելու ենթակայ տեղերը: Աքաաբը մի ճանապարհով գնաց առանձին, իսկ Աբդիուն մի այլ ճանապարհով՝ առանձին: 7 Երբ Աբդիուն ճանապարհին էր, Եղիան նրան ընդառաջ ելաւ միայնակ: Աբդիուն անմիջապէս ընկաւ երեսի վրայ ու ասաց. «Մի՞թէ դու ես, տէ՛ր իմ Եղիա»: 8 Եղիան ասաց. «Ես եմ: Գնա ասա՛ քո տիրոջը՝ ահա՛ Եղիան»: 9 Աբդիուն ասաց. «Ի՞նչ մեղք եմ գործել, որ քո ծառային մատնում ես Աքաաբի ձեռքը, որպէսզի սպանի ինձ: 10 Կենդանի է քո Տէր Աստուածը. չկայ ազգ կամ թագաւորութիւն, ուր իմ տէրը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, սակայն երբ ասում էին, թէ՝ չկայ, նա այրել էր տալիս այն թագաւորութիւնը կամ այն երկիրը, որտեղ քեզ չէր գտնում: 11 Արդ, ինձ ասում ես, թէ՝ “Գնա՛ ու պատմի՛ր քո տիրոջը, թէ ահա այստեղ է Եղիան”: 12 Եթէ ես քեզ մօտից գնամ, եւ Տիրոջ Հոգին քեզ վերցնի տանի մի երկիր, որը չգիտեմ, իսկ ես գնամ յայտնեմ Աքաաբին, եւ նա չգտնի քեզ, ապա ինձ կսպանի: 13 Չէ՞ որ քո ծառան մանկութիւնից ի վեր երկիւղ է կրում Տիրոջից: Մի՞թէ չեն պատմել իմ տիրոջը, որ երբ Յեզաբէլը կոտորում էր Տիրոջ մարգարէներին, ես Տիրոջ մարգարէներից հարիւր հոգու՝ յիսուն-յիսուն, թաքցրել եմ տարբեր քարայրներում, նրանց կերակրել հացով ու ջրով: 14 Եւ հիմա ասում ես ինձ՝ “Գնա ասա՛ քո տիրոջը, թէ ահա այստեղ է Եղիան”, որ նա էլ ինձ սպանի»: 15 Եղիան, սակայն, ասաց. «Կենդանի է Զօրութիւնների Տէրը, որի առջեւ կանգնած եմ. ես այսօր երեւալու եմ Աքաաբին»: 16 Աբդիուն գնաց Աքաաբի մօտ ու նրան պատմեց կատարուածը: Աքաաբը վեր կացաւ ու գնաց Եղիային դիմաւորելու: 17 Երբ Աքաաբը տեսաւ Եղիային, ասաց. «Այդ դո՞ւ ես Իսրայէլը տակնուվրայ անողը»: 18 Եղիան ասաց. «Ես չեմ Իսրայէլը տակնուվրայ անողը, այլ՝ դու եւ քո հօր տունը, որ լքելով ձեր Տէր Աստծուն՝ գնացել էք Բահաղիմին յարողների յետեւից: 19 Արդ, մա՛րդ ուղարկիր եւ ինձ մօտ՝ Կարմելոս լեռան վրայ հաւաքի՛ր ամբողջ Իսրայէլին, Բահաղի չորս հարիւր յիսուն մարգարէներին եւ չորս հարիւր յիսուն ամօթի՝ Աստարտի մարգարէներին եւ մեհեանների չորս հարիւր կռապաշտ մարգարէներին, որոնք սնվում են Յեզաբէլ թագուհու սեղանից: 20 Աքաաբը մարդ ուղարկեց Իսրայէլի չորս կողմերը եւ մարգարէներին հաւաքեց Կարմելոս լեռան վրայ: 21 Եղիան, մօտենալով ամբողջ ժողովրդին, ասաց. «Մինչեւ ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով: Եթէ Տէրը Աստուած է, գնացէ՛ք նրա յետեւից, եւ եթէ Բահաղն է, նրա՛ յետեւից գնացէք»: Ժողովուրդը պատասխան չտուեց: 22 Եղիան ասաց ժողովրդին. «Միայն ես եմ մնացել Տիրոջ մարգարէ, Բահաղի մարգարէները չորս հարիւր յիսուն հոգի են, մեհեանների կռապաշտ մարգարէները՝ չորս հարիւր: 23 Արդ, թող մեզ երկու եզ տան, նրանք թող իրենց համար ընտրեն մէկին, կտրատեն այն ու դնեն փայտերի վրայ, սակայն կրակ թող չվառեն: Ես էլ նոյնն անեմ միւս եզանը. դնեմ փայտերի վրայ եւ կրակ չվառեմ: 24 Դրանից յետոյ դուք դիմեցէ՛ք ձեր աստուածներին, իսկ ես՝ իմ Տէր Աստծուն: Այն աստուածը, որ հրով կպատասխանի, նա է Աստուած»: Ամբողջ ժողովուրդը պատասխանեց՝ ասելով. «Ճիշտ խօսք ասացիր»: 25 Եղիան ասաց ամօթի՝ Աստարտի մարգարէներին. «Ընտրեցէ՛ք ձեզ համար մի զուարակ եւ առաջինը դուք սկսեցէ՛ք, քանի որ բազմամարդ էք: Տուէ՛ք ձեր աստուածների անունը, սակայն կրակ մի՛ վառէք»: 26 Նրանք առան իրենց տրուած զուարակը եւ այդպէս արեցին. նրանք, առաւօտից մինչեւ կէսօր դիմելով Բահաղին, ասում էին. «Լսի՛ր մեզ, Բահա՜ղ, լսի՛ր մեզ»: Բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխան: Նրանք ցատկոտում էին իրենց կառուցած զոհասեղանի շուրջը: 27 Երբ կէսօր եղաւ, թեզբացի Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձրաձա՛յն կանչեցէք, չէ՞ որ աստուած է, թերեւս զբաղուած է կամ գործ է կատարում կամ գուցէ քնած է եւ զարթնի»: 28 Նրանք բարձրաձայն կանչում էին եւ, ըստ իրենց օրէնքի, սրերով ու գեղարդներով իրենք իրենց կտրատում էին, մինչեւ որ արիւն հոսեց նրանց մարմնից: 29 Երբ երեկոն մօտենում էր, նրանք դեռ ոգեկոչում էին մինչեւ զոհ մատուցելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն չկար: Այն ժամանակ խօսեց թեզբացի Եղիան գարշելի կուռքերի մարգարէների հետ՝ ասելով. «Հեռո՛ւ կանգնեցէք, հիմա ես եմ իմ ողջակէզն անելու»: Նրանք գնացին հեռացան: 30 Եղիան ասաց ժողովրդին. «Մօտեցէ՛ք ինձ»: Ամբողջ ժողովուրդը մօտեցաւ նրան: 31 Նա նորոգեց Տիրոջ կործանուած զոհասեղանը, առաւ տասներկու քար ըստ Իսրայէլի ցեղերի թուի, ինչպէս Տէրն ասել էր նրան. «Իսրայէ՛լ թող լինի քո անունը»: 32 Նա քարերից Տիրոջ անունով զոհասեղան շինեց, նրա շուրջը փոս փորեց, որ կարող էր երկու գրիւ սերմ տանել, 33 ապա փայտ դիզեց զոհասեղանի վրայ, կտրատեց զուարակը, դրա կտրատուած մասերը դասաւորեց զոհասեղանին դրուած փայտերի վրայ: 34 Նա ասաց. «Չորս սափոր ջո՛ւր բերէք եւ թափեցէ՛ք ողջակէզի ու ջարդուած փայտերի վրայ»: Ապա ասաց. «Դարձեա՛լ արէք»: Նրանք նոյն բանը կրկին արեցին: Եղիան ասաց. «Երրո՛րդ անգամ էլ արէք»: Նրանք երրորդ անգամ էլ արեցին: 35 Ջուրը հոսում էր զոհասեղանի շուրջը, եւ փոսը լցուեց ջրով: 36 Զոհի մատուցման ժամին Եղիան, երկինք աղաղակելով, ասաց. «Աբրահամի, Իսահակի ու Իսրայէլի Տէ՛ր Աստուած, թող այսօր համոզուեն, թէ դու ես Իսրայէլի Տէր Աստուածը, եւ ես քո ծառան եմ: Ես արեցի այս գործերը: 37 Լսի՛ր ինձ, Տէ՜ր, պատասխանի՛ր ինձ հրով, որ այս ժողովուրդը գիտենայ, թէ դու ես Տէր Աստուածը, եւ դու յետ դարձրիր այս ժողովրդի սիրտը»: 38 Եւ երկնքից կրակ ընկաւ Տիրոջից, լափեց ողջակէզն ու փայտերը, կլանեց փոսի հողն ու ջուրը: 39 Երբ ամբողջ ժողովուրդը տեսաւ դա, ընկաւ երեսնիվայր եւ ասաց. «Արդարեւ, Տէրն Աստուած է, Տէրն Աստուած է»: 40 Եղիան ասաց ժողովրդին. «Բռնեցէ՛ք Բահաղի մարգարէներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»: Բռնեցին նրանց: Եղիան ամէնքին իջեցրեց Կիսոնի հեղեղատն ու այնտեղ կոտորեց նրանց: 41 Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, կե՛ր ու խմի՛ր, որովհետեւ անձրեւի ձայն է լսւում»: 42 Աքաաբը ելաւ, որ ուտի եւ խմի, իսկ Եղիան բարձրացաւ Կարմելոս լեռան գագաթը: Նա մինչեւ գետին խոնարհուեց, երեսն առաւ ծնկների մէջ 43 ու ասաց իր ծառային. «Ելի՛ր ու նայի՛ր ծով տանող ճանապարհի կողմը»: Ծառան ելաւ, նայեց ու ասաց. «Ոչինչ չկայ»: Եղիան ասաց. «Դու եօթ անգամ արա՛ դա»: 44 Ծառան եօթ անգամ գնաց, եւ այնպէս պատահեց, որ, եօթերորդ անգամը հազիւ լրացած, մարդու ձեռքի չափ մի փոքրիկ ամպ ջուր էր կաթեցնում: Եղիան ասաց. «Գնա՛ ու ասա՛ Աքաաբին. “Լծի՛ր քո կառքերը եւ հեռացի՛ր, որ անձրեւի չբռնուես”»: 45 Երբ սա այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, եւ սաստիկ անձրեւ սկսեց տեղալ: 46 Աքաաբը լալով գնաց Յեզրայէլ: Տիրոջ ձեռքը Եղիայի վրայ էր, որն, իր մէջքը պինդ կապելով, վազեց Աքաաբի առջեւից, մինչեւ որ մտաւ Յեզրայէլ:

19
1 Աքաաբը իր կնոջը՝ Յեզաբէլին, պատմեց այն ամէնը, ինչ Եղիան արել էր եւ թէ ինչպէս նա բոլոր մարգարէներին սրակոտոր էր արել: 2 Յեզաբէլը սուրհանդակ ուղարկեց Եղիայի մօտ՝ ասելով. «Եթէ դու Եղիան ես, իսկ ես՝ Յեզաբէլը, ապա թող աստուածներն ինձ այսպէս ու այսպէս անեն եւ դեռ աւելին, եթէ վաղը այս ժամին քեզ չանեմ այն, ինչ մարգարէներից իւրաքանչիւրին արեցիր դու»: 3 Եղիան վախեցաւ եւ հեռանալով այդտեղից՝ եկաւ Յուդայի երկրի Բերսաբէէ քաղաքը: Այնտեղ թողնելով իր ծառային՝ 4 ինքը մէկ օրուայ ճանապարհ գնաց դէպի անապատ եւ նստեց բեւեկնի մի ծառի տակ: Նա իր մահը ցանկացաւ՝ ասելով. «Բաւական է, Տէ՛ր, ա՛ռ իմ հոգին ինձնից, քանզի ես իմ հայրերից աւելի լաւ չեմ»: 5 Նա քուն մտաւ, ննջեց ծառի տակ: Եւ ահա մէկը, նրան մօտենալով, ասաց. «Ելի՛ր ու կե՛ր»: 6 Եղիան նայեց եւ տեսաւ իր սնարից կախուած հաճարի նկանակ եւ ջրի կուժ: Նա ելաւ, կերաւ, խմեց եւ դարձեալ ննջեց: 7 Տիրոջ հրեշտակը, երկրորդ անգամ նրան մօտենալով, ասաց. «Ելի՛ր, կե՛ր, որովհետեւ երկար ճանապարհ ես գնալու»: 8 Նա վեր կացաւ, կերաւ ու խմեց եւ այդ կերակրի զօրութեամբ քառասուն օր ու քառասուն գիշեր քայլեց մինչեւ Աստծոյ Քորէբ լեռը: 9 Նա մտաւ քարայրն ու այնտեղ օթեւանեց: Եւ ահա նրան հասաւ Տիրոջ խօսքը, որն ասում էր. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»: 10 Եղիան ասաց. «Նախանձախնդրութիւն ունեցայ Ամենակալ Տիրոջ համար, քանզի իսրայէլացիները լքեցին քեզ, քո զոհասեղանները կործանեցին եւ քո մարգարէներին սրակոտոր արեցին: Միայն ես եմ մնացել, եւ ինձ էլ փնտրում են, որ սպանեն»: 11 Տէրն ասաց. «Վաղն առաւօտեան կելնես ու կկանգնես լեռան վրայ՝ Տիրոջ առջեւ: Տէրը կանցնի, մի սաստիկ հողմ կբարձրանայ, Տիրոջ առաջ կխորտակի լեռները, փուլ կտայ ժայռերը, սակայն Տէրն այն հողմի մէջ չի լինի: Հողմից յետոյ երկրաշարժ կլինի, սակայն Տէրը երկրաշարժի մէջ չի լինի: 12 Երկրաշարժից յետոյ կրակ կթափուի, սակայն Տէրը կրակի մէջ չի լինի: Կրակից յետոյ մեղմ օդի ձայն կլինի»: 13 Երբ Եղիան լսեց Աստծոյ ասածը, իր կաշուէ վերարկուով ծածկեց երեսը, եկաւ ու կանգնեց քարայրից ներս: Եւ ահա մի ձայն ասաց նրան. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»: 14 Եղիան ասաց. «Նախանձախնդրութիւն ունեցայ Ամենակալ Տիրոջ համար, քանզի իսրայէլացիները դրժեցին քո ուխտը, քո զոհասեղանները քանդեցին, քո մարգարէներին սրակոտոր արեցին: Միայն ես եմ մնացել, եւ ինձ էլ փնտրում են, որ սպանեն»: 15 Տէրն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո ճանապարհով, գնա՛ Դամասկոսի անապատով, եւ երբ հասնես, Ազայէլին ասորիների թագաւոր կօծես, 16 Ամեսսէի որդի Յէուին՝ Իսրայէլի թագաւոր, իսկ աբելմաուլացի Սափատի որդի Եղիսէէին կօծես մարգարէ քո փոխարէն: 17 Այնպէս կլինի, որ Ազայէլի սրից ազատուածին Յէուն կսպանի, իսկ Յէուի սրից ազատուածին՝ Եղիսէէն: 18 Իսրայէլում կթողնես եօթ հազար տղամարդ՝ այնպիսի մարդիկ, որ չեն ծնրադրել Բահաղին եւ շրթունքներով նրան չեն համբուրել»: 19 Նա գնաց այնտեղից ու գտաւ Սափատի որդի Եղիսէէին, որը տասներկու եզով վար էր անում, եւ եզները զոյգ-զոյգ նրա առաջ էին, իսկ ինքը տասներկուերորդ զոյգն էր քշում: Եղիան մօտենալով՝ իր կաշուէ վերարկուն նետեց Եղիսէէի վրայ: 20 Եղիսէէն թողեց եզներն ու վազեց Եղիայի յետեւից՝ ասելով. «Թող նախ համբուրեմ հօրս ու մօրս, ապա հետեւեմ քեզ»: Եղիան ասաց. «Գնա՛ ու վերադարձի՛ր, քեզ ի՞նչ եմ արել»: 21 Վերադառնալով՝ նա մի զոյգ եզ վերցրեց, մորթեց եւ հերկելու գործիքները տաքացնելով՝ խորովեց դրանց միսը, բաժանեց ժողովրդին: Մարդիկ կերան, իսկ ինքը գնաց Եղիայի յետեւից ու ծառայեց նրան:

20
1 Ադերի որդին՝ ասորիների արքան, հաւաքեց իր ամբողջ զօրքը եւ բոլոր երիվարներով ու մարտակառքերով ելաւ ու պաշարեց Սամարիան: Պատերազմի ժամանակ նրա հետ դաշնակցել էին երեսուներկու թագաւորներ: 2 Նա, սուրհանդակներ ուղարկելով քաղաք՝ Իսրայէլի արքայ Աքաաբի մօտ, 3 ասաց նրան. «Այսպէս է ասում Ադերի որդին. “Քո արծաթն ու ոսկին իմն են, քո կանայք ու գեղեցիկ որդիները իմն են”»: 4 Իսրայէլի արքան, պատասխան տալով, ասաց. «Քո ասածի պէս, տէ՛ր իմ արքայ, քոնն եմ ես, եւ քոնն է իմ ամէն ինչը»: 5 Սուրհանդակները նորից եկան ու ասացին. «Այսպէս է ասում Ադերի որդին. “Ես լուր էի ուղարկել, որ քո արծաթն ու ոսկին, քո կանայք ու որդիներն ինձ տաս: 6 Արդ, վաղն այս ժամին կուղարկեմ իմ ծառաներին, որոնք խուզարկելու են քո եւ քո ծառաների տները, եւ ինչ որ իրենց աչքերին ցանկալի թուայ, ինչի էլ որ իրենց ձեռքերը մեկնեն, պիտի առնեն”»: 7 Իսրայէլի արքան կանչեց երկրի բոլոր ծերերին եւ ասաց. «Իմացէ՛ք ու տեսէ՛ք, որ նա չարիք է ուզում, քանզի ինձ մօտ մարդ էր ուղարկել՝ պահանջելով իմ տղաներին ու աղջիկներին, իմ արծաթն ու ոսկին, բայց ես չմերժեցի նրան»: 8 Ծերերն ու ամբողջ ժողովուրդը նրան ասացին. «Մի՛ լսիր նրան ու յանձնառու մի՛ եղիր»: 9 Եւ նա Ադերի սուրհանդակներին ասաց. «Ձեր տէր արքային ասացէ՛ք. “Ինչի համար որ առաջին անգամ մարդ էիր ուղարկել քո ծառային, կանեմ, իսկ այս բանը չեմ կարող անել”: Մարդիկ գնացին ու պատասխանը հաղորդեցին նրան: 10 Ադերի որդին, նրա մօտ մարդ ուղարկելով, ասաց. «Այսպէս եւ այսպէս թող անեն ինձ աստուածները եւ աւելին թող անեն, եթէ Սամարիան աւերելուց յետոյ թողնեմ այնքան կանգուն բան, որի փոշին լցնի իմ զինուորների ափերը»: 11 Իսրայէլի արքան պատասխան տուեց ու ասաց. «Շա՛տ եղաւ. թող կուզիկը չպարծենայ ուղիղ կանգնողի նման»: 12 Նա այս պատասխան խօսքերը լսեց, երբ որ բոլոր թագաւորների հետ վրաններում գինարբուքի մէջ էր: Նա ասաց իր ծառաներին. «Պաշարեցէ՛ք»: Եւ պաշարեցին քաղաքը: 13 Եւ ահա մի մարգարէ մօտեցաւ Իսրայէլի Աքաաբ արքային ու ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Տեսնո՞ւմ ես այս մեծ ամբոխը. ահա նրան այսօր քո ձեռքն եմ մատնելու, որ համոզուես, թէ ես եմ Տէրը”»: 14 Աքաաբը հարցրեց՝ ո՞ւմ միջոցով: Մարգարէն ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Գաւառների իշխանների ծառաների միջոցով”»: Աքաաբը հարցրեց. «Ո՞վ պէտք է սկսի պատերազմը»: Մարգարէն ասաց. «Դո՛ւ»: 15 Աքաաբը հաշուեց գաւառների իշխանների ծառաներին ու տեսաւ, որ նրանք երկու հարիւր երեսուն հոգի են: Ապա հաշուեց ամբողջ ժողովրդին, զօրքի բոլոր անդամներին եւ տեսաւ, որ եօթ հազար մարդ կար: Կէսօրին նա յարձակման անցաւ: 16 Ադերի որդին եւ նրա երեսուներկու դաշնակից թագաւորները գինով հարբած էին Սոկքովում: 17 Նախ յարձակում գործեցին գաւառների իշխանների ծառաները: Լուր ուղարկեցին Ադերի որդուն, պատմեցին նրան ու ասացին. «Պաշարուած Սամարիայից մարդիկ են դուրս եկել»: 18 Ադերի որդին ասաց նրանց. «Եթէ խաղաղութեան համար են դուրս եկել, կենդանի՛ բռնեցէք նրանց, եթէ պատերազմի համար են եկել, դարձեա՛լ կենդանի բռնեցէք»: 19 Քաղաքից դուրս եկան գաւառների իշխանների ծառաները, նրանց յետեւից՝ նաեւ զօրքը, 20 եւ ամէն մէկը սպանեց նրան, ով հանդիպեց իրեն: Ասորիները փախան, եւ իսրայէլացիները հալածեցին նրանց: Ասորիների արքան՝ Ադերի որդին, ձի հեծած, հազիւ փրկուեց երեք ձիաւորների հետ: 21 Իսրայէլի արքան առաջ շարժուեց, վերցրեց երիվարներն ու մարտակառքերը եւ ասորիներին մեծ հարուածներ հասցրեց: 22 Մարգարէն մօտեցաւ Իսրայէլի արքային ու ասաց նրան. «Զօրացի՛ր ու իմացի՛ր, տե՛ս, թէ ինչ ես անելու, քանզի յաջորդ տարի Ադերի որդին՝ ասորիների արքան, յարձակուելու է քեզ վրայ»: 23 Ասորիների արքայի ծառաներն ասացին նրան. «Իսրայէլի Աստուածը լեռների Աստուած է եւ ոչ թէ դաշտերի Աստուած, այդ պատճառով էլ նրանք յաղթեցին մեզ: Եթէ նրանց դէմ պատերազմենք հարթ վայրում, կյաղթենք նրանց: 24 Այս բա՛նն արա. թագաւորներին գահընկե՛ց արա եւ նրանց փոխարէն նախարարնե՛ր նշանակիր: 25 Քո կորցրած զօրքերի փոխարէն զօրքեր կտանք, երիվարների փոխարէն՝ երիվարներ, մարտակառքերի փոխարէն՝ մարտակառքեր. նրանց դէմ պատերազմենք հարթ վայրում ու յաղթենք»: Նա անսաց նրանց խօսքերին եւ այդպէս էլ արեց: 26 Հետեւեալ տարին Ադերի որդին աշխարհագիր անցկացրեց Ասորիքում, ելաւ գնաց Ափեկա, որ պատերազմի Իսրայէլի դէմ: 27 Իսրայէլացիները նոյնպէս աշխարհագիր անցկացրին եւ երկու գնդի բաժանուելով՝ եկան կանգնեցին նրանց առջեւ: Իսրայէլացիները ասորիների դէմ ճակատ կազմեցին այծերի երկու հօտերի պէս, մինչդեռ ասորիները ծածկել էին երկիրը: 28 Աստծոյ մարդը, մօտենալով Իսրայէլի արքային, ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Քանի որ ասորիներն ասացին, թէ՝ Աստուած լեռների Տէր Աստուած է եւ ոչ թէ դաշտերի Աստուած, նա այդ մեծ զօրքը քո ձեռքն է յանձնելու, որ համոզուես, թէ ես եմ Տէրը”»: 29 Նրանք, ճակատ կազմած, եօթ օր իրար դէմ դիմաց էին, իսկ եօթերորդ օրը պատերազմը բորբոքուեց: Իսրայէլացիները մէկ օրում հարիւր հազար ասորի հետեւակ կոտորեցին, 30 իսկ մնացածները փախան իրենց քաղաքը՝ Ափեկա, եւ պարիսպը փուլ եկաւ մնացած քսանեօթ հազար ասորիների վրայ: Ադերի որդին փախաւ ու իր պալատում մի սենեակից միւս սենեակն էր վազում: 31 Նրա ծառաներն ասացին. «Մենք լսել ենք, որ Իսրայէլի տան թագաւորները ողորմած են: Մեր մէջքերին քուրձեր կապենք, մեր գլուխներին՝ չուաններ, գնանք Իսրայէլի թագաւորի մօտ, թերեւս մեր կեանքը խնայի»: 32 Նրանք իրենց մէջքերին քուրձեր ու գլուխներին չուաններ կապեցին եւ ասացին Իսրայէլի թագաւորին. «Քո ծառան՝ Ադերի որդին, ասում է. “Խնայի՛ր կեանքս”»: Իսկ նա ասաց. «Եթէ նա դեռ կենդանի է, իմ եղբայրն է»: 33 Նրա մարդիկ, այս յաջող առիթից օգտուելով, նուէրներ տուեցին եւ այս խօսքերը նրա բերանից առնելով՝ ասացին. «Քո եղբայրը՝ Ադերի որդին, այստեղ է»: Ասաց. «Գնացէ՛ք ու բերէ՛ք նրան»: Ադերի որդին եկաւ Աքաաբի մօտ, եւ նրան մարտակառք նստեցրին թագաւորի կողքին: 34 Ադերի որդին ասաց. «Այն քաղաքները, որ իմ հայրը գրաւել էր քո հօրից, քեզ եմ վերադարձնում: Դու հարկեր կվերցնես Դամասկոսից, ինչպէս իմ հայրը վերցնում էր Սամարիայից»: Աքաաբն ասաց. «Ես էլ, դաշինք կնքելով, քեզ կարձակեմ»: Նա դաշինք կնքեց նրա հետ եւ արձակեց նրան: 35 Մարգարէների որդիներից մէկը, Տիրոջ խօսքին անսալով, ասաց իր ընկերոջը. «Հարուածի՛ր ինձ»: Մարդը, սակայն, չուզեց հարուածել նրան: 36 Նա ասաց նրան. «Քանի որ Տիրոջ ձայնին չհնազանդուեցիր, հէնց որ ինձնից հեռանաս, մի առիւծ քեզ կբզկտի»: Երբ սա հեռացաւ նրանից, մի առիւծ հանդիպեց նրան ու յօշոտեց: 37 Նա, մի ուրիշ մարդու հանդիպելով, ասաց. «Հարուածի՛ր ինձ»: Այս մարդը հարուածեց ու վիրաւորեց նրան: 38 Մարգարէն եկաւ եւ կանգնելով ճանապարհին՝ սպասեց թագաւորին ու չճանաչուելու համար շորով կապեց իր աչքը: 39 Երբ արքան անցնում էր այնտեղից, նա ասաց արքային. «Երբ ես՝ քո ծառան, պատերազմ էի գնացել, մի մարդ, ինձ մօտ բերելով մէկին, ասաց. “Այս մարդուն պահի՛ր, իսկ եթէ ձեռքիցդ փախչի, քո կեանքը կկորչի նրա կեանքի փոխարէն, կամ մի տաղանդ արծաթ կտաս ինձ”: 40 Եւ մինչ քո ծառան այս ու այն կողմ էր նայում, նա արդէն չկար»: Իսրայէլի արքան նրան ասաց. «Իմ ըմբռնումով՝ դա դաւ է, ուրեմն սպանե՞լ ես նրան»: 41 Սա անմիջապէս շորը հեռացրեց աչքերից, եւ Իսրայէլի արքան ճանաչեց նրան. նա այնտեղի մարգարէներից էր: 42 Մարգարէն ասաց նրան. «Այսպէս է ասում Տէրը. “Քանի որ դու վտանգաւոր մարդուն ազատեցիր իմ ձեռքից, ուստի դու քո կեանքով կհատուցես նրա կեանքի փոխարէն, իսկ քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարէն”»: 43 Իսրայէլի արքան գնաց իր տունը՝ Սամարիա, տխուր ու հուսահատ:

21
1 Այս դէպքերից յետոյ այսպիսի մի բան պատահեց. յեզրայէլացի Նաբոթը մի այգի ունէր Սամարիայի Աքաաբ արքայի կալի մօտ: 2 Արքան Նաբոթին ասաց. «Ի՛նձ տուր քո այգին, որ ինձ համար բանջարանոց դառնայ, որովհետեւ այն իմ տան մօտ է: Դրա փոխարէն դրանից աւելի լաւ այգի կտամ քեզ, եւ եթէ կամենաս, այգու արժէքը արծաթով կվճարեմ, եւ սա ինձ համար կլինի բանջարանոց»: 3 Նաբոթն ասաց արքային. «Թող իմ Աստուածն այնպէս չանի, որ իմ հայրերի ժառանգութիւնը քեզ տամ»: 4 Աքաաբն իր տունը եկաւ խռոված եւ անտրամադիր այն խօսքերի պատճառով, որ յեզրայէլացի Նաբոթն ասել էր, թէ՝ «Իմ հայրերի ժառանգութիւնը քեզ չեմ տայ»: Նա ննջեց իր մահճում, երեսը ծածկեց եւ հաց չկերաւ: 5 Նրա մօտ եկաւ կինը՝ Յեզաբէլը, խօսեց նրա հետ եւ ասաց. «Ինչո՞ւ է հոգիդ խռովուած, եւ հաց չես ուտում»: 6 Աքաաբն ասաց. «Յեզրայէլացի Նաբոթին ասացի՝ “Ի՛նձ տուր քո այգին արծաթի դիմաց, եւ եթէ չուզենաս, դրա փոխարէն քեզ ուրիշ այգի կտամ”, իսկ նա ասաց, թէ՝ “Իմ հայրերի ժառանգութիւնը քեզ չեմ տայ”»: 7 Նրա կին Յեզաբէլն ասաց. «Դու այդպէ՞ս ես թագաւորութիւն անում Իսրայէլի վրայ: Վե՛ր կաց, հա՛ց կեր ու սթափուի՛ր, եւ ես քեզ կյանձնեմ յեզրայէլացի Նաբոթի այգին: 8 Նա հրովարտակ գրեց Աքաաբի անունով, կնքեց նրա մատանիով եւ հրովարտակն ուղարկեց ծերերին ու նրա քաղաքի ազատներին, որոնք Նաբոթի հետ էին ապրում: 9 Հրովարտակում այսպէս էր գրուած. «Ծո՛մ պահեցէք եւ Նաբոթին ժողովրդի մէջ գլխաւոր տեղո՛ւմ նստեցրէք, 10 իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրէն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն, թէ՝ “Դու օրհնեցիր Աստծուն ու արքային”, եւ թող դուրս հանեն Նաբոթին եւ քարկոծեն, մինչեւ որ մեռնի»: 11 Այդ քաղաքում բնակուող ծերերն ու ազատներն արեցին այնպէս, ինչպէս որ գրուած էր Յեզաբէլի՝ իրենց ուղարկած հրովարտակներում: 12 Ծոմապահութիւն նշանակեցին, Նաբոթին նստեցրին ժողովրդի մէջ գլխաւոր տեղում, 13 եկան երկու անօրէններ, նստեցին նրա դիմաց եւ վկայեցին ամբողջ ժողովրդի առաջ, թէ Նաբոթն ապստամբել է, ասացին, թէ՝ «Նաբոթն օրհնել է Աստծուն եւ արքային»: Դրանից յետոյ նրան քաղաքից դուրս հանեցին եւ քարկոծելով սպանեցին: 14 Լուր ուղարկեցին Յեզաբէլին, թէ՝ «Նաբոթը քարկոծուելով մեռաւ»: 15 Երբ Յեզաբէլը լսեց, որ Նաբոթը քարկոծուել ու մահացել է, ասաց Աքաաբին. «Գնա ժառանգի՛ր յեզրայէլացի Նաբոթի այգին, որը չէր ուզում այն քեզ արծաթով ծախել, քանզի Նաբոթը կենդանի չէ, նա մեռել է»: 16 Երբ Աքաաբը լսեց, թէ յեզրայէլացի Նաբոթը մեռել է, իր զգեստները պատառոտեց ու քուրձ հագաւ: Դրանից յետոյ Աքաաբը եկաւ ու ժառանգեց յեզրայէլացի Նաբոթի այգին: 17 Տէրը, խօսելով թեզբացի Եղիայի հետ, ասաց. 18 «Վեր կաց գնա՛ Իսրայէլի Աքաաբ արքայի մօտ՝ Սամարիա: Նա գնացել է Նաբոթի այգին ժառանգելու: 19 Կխօսես նրա հետ ու կասես. այսպէս է ասում Տէրը. “Քանի որ սպանեցիր ու ժառանգեցիր նրա ունեցուածքը, ապա դրա համար այսպէս է ասում Տէրը. այն տեղում, ուր շներն ու խոզերը լափեցին Նաբոթի արիւնը, նոյն տեղում լափելու են նաեւ քո արիւնը, եւ բոզերը լողանալու են քո արեան մէջ”»: 20 Աքաաբն ասաց Եղիային. «Ո՛վ իմ թշնամի, գտա՞ր ինձ»: Եղիան ասաց. «Գտայ, քանզի իզուր հպարտացար՝ չարիք գործելով Տիրոջ առջեւ ու բարկացնելով նրան: 21 Ահա ես քեզ պիտի պատուհասեմ, քեզ վրայ կրակ պիտի թափեմ, Աքաաբի տոհմից պիտի կոտորեմ բոլոր նրանց, ովքեր պատին են միզում, ինչպէս նաեւ Իսրայէլից պիտի վերացնեմ նեղութեան մէջ եղող եւ լքուած մարդկանց: 22 Քո տունը դարձնելու եմ Նաբատի որդի Յերոբովամի տան նման եւ Աքիայի որդի Բաասի տան նման, որովհետեւ դու բարկացրիր ինձ եւ Իսրայէլին մեղանչել տուեցիր: 23 Տէրը Յեզաբէլի մասին ասաց. “Շները պիտի ուտեն նրան Յեզրայէլի պարսպի մօտ”: 24 Աքաաբ թագաւորի մարդկանցից քաղաքում մեռածներին շներն են ուտելու, իսկ դաշտում մեռածների դիակները երկնքի թռչուններն են կտցելու»: 25 Իզուր ամբարտաւանացաւ Աքաաբը՝ չարիք գործելով Տիրոջ առջեւ: Նրան իր կինը՝ Յեզաբէլը յիմարացրեց: 26 Նա, կուռքեր պաշտելով, անօրէն դարձաւ, արեց այն ամէնը, որ ամորհացին էր արել, որին Տէրը հալածել էր իսրայէլացիների միջից: 27 Այս խօսքերը լսելով՝ արքան զղջաց Տիրոջ առջեւ, լալով գնաց, պատառոտեց իր պատմուճանը, քուրձ հագաւ իր մարմնի վրայ եւ ծոմ պահեց. նա քուրձ հագաւ այն օրուանից, երբ սպանել տուեց յեզրայէլացի Նաբոթին: Նա գլխիկոր էր ման գալիս: 28 Տէրը Աքաաբի մասին ասաց իր ծառայ Եղիային. 29 «Տեսա՞ր, որ զղջաց իմ առջեւ: Եւ քանի որ ընդունեց իր մեղքերը, նրան չարիք չեմ պատճառի իր կենդանութեան օրօք, այլ նրա որդիների՛ օրօք կթափեմ չարիքը նրա տան վրայ»:

22
1 Երեք տարի պատերազմ չեղաւ Ասորիքի ու Իսրայէլի միջեւ: 2 Երրորդ տարում Յուդայի երկրի արքայ Յոսափատը եկաւ Իսրայէլի արքայի մօտ: 3 Իսրայէլի արքան ասաց իր ծառաներին. «Գիտէ՞ք, որ Գաղաադ երկրի Ռամաթ քաղաքը մերն է, իսկ մենք լռել ենք, այն չենք գրաւում ասորիների արքայից»: Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Մեզ հետ կյարձակուե՞ս Գաղաադի Ռամաթ քաղաքի վրայ»: 4 Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Մի ենք ես եւ դու, մի են իմ զօրքն ու քո զօրքը, մի են իմ երիվարներն ու քո երիվարները»: 5 Յուդայի երկրի արքայ Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Հապա Տիրոջ կամքը հարցրո՛ւ այսօր»: 6 Իսրայէլի արքան հաւաքեց բոլոր մարգարէներին՝ մօտաւորապէս չորս հարիւր մարդ, եւ հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամաթ քաղաքի վրայ պատերազմի գնա՞մ, թէ՞ մնամ տեղում»: Նրանք ասացին. «Գնա՛, Տէրն այն անպայման արքայի ձեռքն է յանձնելու»: 7 Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Այստեղ արդեօք Տիրոջ մարգարէ կա՞յ, թէ՞ ոչ, որ նրա միջոցով Տիրոջը հարցնենք»: 8 Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Այստեղ կայ մի մարդ, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, սակայն ես ատում եմ նրան, որովհետեւ ինձ համար բարի բան չի գուշակում, այլ՝ չար: Դա Յեմլէի որդի Միքիան է»: Յուդայի երկրի արքայ Յոսափատն ասաց. «Թող այդպիսի բան չասի արքան»: 9 Իսրայէլի արքան, մի ներքինի կանչելով, ասաց. «Անմիջապէս այստե՛ղ բեր Յեմլէի որդի Միքիային»: 10 Իսրայէլի արքան եւ Յուդայի երկրի արքայ Յոսափատը արքայական զգեստներով նստել էին ամէն մէկն իր աթոռին՝ Սամարիայի դարպասների մօտ, եւ բոլոր մարգարէները մարգարէութիւն էին անում նրանց առջեւ: 11 Քանանի որդի Սեդեկիան, որը երկաթէ եղջիւրներ էր սարքել տուել, ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Սրանցով ես հարուածելու ասորիներին, մինչեւ որ բնաջնջուեն”»: 12 Բոլոր մարգարէները նոյնպէս մարգարէանում էին՝ ասելով. «Գնա՛ Գաղաադի Ռամաթ քաղաքը եւ յաջողութիւն կունենաս. Տէրը քո ձեռքը կյանձնի ասորիների արքային»: 13 Սուրհանդակը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Ահաւասիկ բոլոր մարգարէները միաբերան բարի բան են գուշակում արքայի համար: Արդ, քո խօսքն էլ թող նրանց ասածին համահնչիւն լինի, դո՛ւ էլ բարի բան գուշակիր»: 14 Միքիան ասաց. «Կենդանի է Տէրը. ինչ որ Տէրն ինձ ասի, ա՛յն կհաղորդեմ»: 15 Նա եկաւ արքայի մօտ, եւ արքան հարցրեց նրան. «Միքիա՛, Գաղաադի Ռամաթ քաղաքի դէմ պատերազմելու գնա՞մ, թէ՞ տեղում մնամ»: Միքիան ասաց. «Գնա՛ եւ յաջողութիւն կգտնես, եւ Տէրը դա արքայի ձեռքը կյանձնի»: 16 Արքան ասաց նրան. «Քեզ կրկին եմ երդուեցնում, որ ինձ ճշմարտութիւնն ասես յանուն Տիրոջ»: 17 Միքիան ասաց. «Ո՛չ, այդ չէ ճշմարտութիւնը: Ես տեսել եմ, թէ ինչպէս բոլոր իսրայէլացիները ցրուած են լեռների վրայ իբրեւ ոչխարների հօտ, որ չունի հովիւ: Տէրն ասաց. «Դրանք տէրեր չունեն, թող ամէն մէկն իր տունը դառնայ խաղաղութեամբ»: 18 Իսրայէլի արքան ասաց Յուդայի արքայ Յոսափատին. «Ես քեզ չասացի՞, թէ նա ինձ համար բարի բան չի մարգարէանայ, այլ միայն՝ չար բան»: 19 Միքիան ասաց. «Այդպէս չէ, ոչ թէ իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր: Ես, արդարեւ, տեսայ Իսրայէլի Տէր Աստծուն՝ նստած իր աթոռին, եւ երկնքի բոլոր զօրքերը աջից ու ձախից կանգնած էին նրա մօտ: 20 Տէրն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայէլի արքայ Աքաաբին, որ ելնի յարձակուի Գաղաադի Ռամաթ քաղաքի վրայ եւ սպանուի”: Մէկն այսպէս ու միւսն այնպէս էր ասում: 21 Եւ ահա մարգարէի մի ոգի ելաւ ու կանգնելով Տիրոջ առջեւ՝ ասաց. “Ես կխաբեմ նրան”: Տէրը նրան ասաց. “Ի՞նչ միջոցով”: 22 Նա պատասխանեց. “Կելնեմ ու սուտ ոգի կդառնամ նրա բոլոր մարգարէների բերանում”: Տէրն ասաց. “Դու իրօք կխաբես, դու այդ կարող ես, գնա՛ եւ այդպէ՛ս արա”: 23 Եւ ահա Տէրը սուտ ոգի դրեց քո այդ բոլոր մարգարէների բերանում եւ Տէրը չարիք է որոշել քեզ համար»: 24 Քանանի որդի Սեդեկիան մօտեցաւ ու խփելով Միքիայի ծնօտին՝ ասաց. «Տիրոջ ո՞ր ոգին է, որ ինձնից դուրս գալով՝ խօսեց քո մէջ»: 25 Միքիան ասաց. «Դու ինքդ կտեսնես այն օրը, երբ սենեակից սենեակ կվազես թաքնուելու համար»: 26 Իսրայէլի արքան ասաց. «Բռնեցէ՛ք Միքիային եւ յանձնելով Ամոն քաղաքապետին ու արքայորդի Յովասին՝ 27 ասացէ՛ք. այսպէս է հրամայում արքան. “Բանտարկեցէ՛ք սրան, եւ թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչեւ որ ողջ եւ առողջ վերադառնամ պատերազմից”»: 28 Միքիան ասաց. «Եթէ դու ողջ եւ առողջ վերադառնաս, ուրեմն Տէրը չէ, որ խօսել է իմ բերանով»: Ապա աւելացրեց. «Լսեցէ՛ք, զօրքե՛ր, ամէնքդ լսեցէ՛ք»: 29 Իսրայէլի արքան Յուդայի երկրի արքայ Յոսափատի հետ շարժուեց դէպի Գաղաադի Ռամաթ քաղաքը: 30 Իսրայէլի արքան ասաց Յուդայի երկրի արքայ Յոսափատին. «Ես կկերպարանափոխուեմ եւ այդպէս կմտնեմ պատերազմ, իսկ դու հագի՛ր իմ զգեստները»: Իսրայէլի արքան փոխեց իր հագուստները եւ մտաւ պատերազմի մէջ: 31 Ասորիների արքան պատուէր էր տուել իր մարտակառքերի պետերին՝ ասելով. «Մի՛ մարտնչէք մեծի կամ փոքրի դէմ, այլ միայն՝ Իսրայէլի արքայի դէմ»: 32 Երբ մարտակառքերի պետերը տեսան Յուդայի երկրի արքայ Յոսափատին, ասացին միմեանց. «Թւում է, թէ սա է Իսրայէլի թագաւորը»: Նրանք մօտեցան, որ կռուեն նրա դէմ, բայց Յոսափատը աղաղակեց: 33 Երբ մարտակառքերի պետերը տեսան, թէ նա չէ Իսրայէլի արքան, յետ դարձան: 34 Նրանցից մէկը ուժգին ձգեց իր աղեղը եւ ճեղքելով Իսրայէլի արքայի զրահը՝ խոցեց նրա թոքը: Սա ասաց իր մարտակառքի պետին. «Շո՛ւռ արի, ինձ հանի՛ր ռազմադաշտից, քանզի վիրաւոր եմ»: 35 Այդ օրը, սակայն, պատերազմը սաստկացաւ, եւ արքան այգաբացից մինչեւ երեկոյ մնաց իր մարտակառքում՝ ասորիների դէմ: Արիւնը հոսում էր վէրքից ու լցւում մարտակառքի մէջ: Երբ երեկոյ եղաւ, նա մեռաւ: 36 Արեգակը մայր մտնելիս մունետիկը յայտնեց զօրքին. «Ամէն ոք իր քաղաքը՝ իր երկիրը թող գնայ, որովհետեւ արքան մեռել է»: 37 Արքային բերեցին Սամարիա եւ Սամարիայում էլ թաղեցին: 38 Սամարիայի ջրաւազաններում լուացին մարտակառքերը, խոզերն ու շները լիզեցին նրա արիւնը, իսկ բոզերը լողացան նրա արեան մէջ, ինչպէս կանխատեսել էր Տէրը: 39 Աքաաբի մնացած գործերը, նրա բոլոր արարքները, նրա կառուցած փղոսկրեայ տունը, կառուցապատած բոլոր քաղաքները՝ այս ամէնը նկարագրուած է Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ: 40 Աքաաբը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Օքոզիան, իսկ Յուդայի երկրի վրայ թագաւորում էր Ասայի որդի Յոսափատը: 41 Իսրայէլի թագաւոր Աքաաբի թագաւորութեան չորրորդ տարում թագաւորեց Յոսափատը: 42 Նա երեսունհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, ու քսանհինգ տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մայրը Սալալի դուստր Ասուբան էր: 43 Նա իր հօր՝ Ասայի ճանապարհով գնաց, չխոտորուեց, արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջեւ: 44 Նա, սակայն, բարձրադիր մեհեանները չվերացրեց, որովհետեւ ժողովուրդը տակաւին զոհ էր մատուցում եւ խունկ ծխում մեհեաններում: 45 Յոսափատը խաղաղութեան դաշինքի մէջ էր Իսրայէլի արքայի հետ: 46 Յոսափատի մնացած գործերը, կատարած քաջագործութիւններն ու պատերազմները չէ՞ որ նկարագրուած են Յուդայի թագաւորների ժամանակագրութեան մէջ: 47 Նա երկրից մաքրեց սոդոմական մեղք գործողներին, որոնք մնացել էին իր հօր օրերից: 48 Այդ ժամանակ Եդոմում թագաւոր չկար: 49 Յոսափատ արքան Թարսիսի նաւեր պատրաստեց, որ գնան Օփիր՝ ոսկի ձեռք բերելու, սակայն նաւերը չկարողացան տեղ հասնել, որոհետեւ Գասիոնգաբերում նաւաբեկութեան ենթարկուեցին: 50 Այդ ժամանակ Աքաաբի որդի Օքոզիան ասաց Յոսափատին. «Թող քո ծառաները գնան իմ ծառաների հետ, եւ քո նաւերն՝ իմ նաւերի հետ»: Յոսափատը, սակայն, չհամաձայնեց: 51 Յոսափատը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր հայրերի մօտ՝ իր նախահայր Դաւթի քաղաքում: Նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Յորամը: 52 Աքաաբի որդի Օքոզիան Սամարիայում Իսրայէլի վրայ թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յոսափատի թագաւորութեան տասնեօթերորդ տարում: Նա Իսրայէլում թագաւորեց երկու տարի: 53 Նա չար գործեր արեց Տիրոջ առջեւ, գնաց իր հայր Աքաաբի ու իր մայր Յեզաբէլի, Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղսալից ճանապարհով: 54 Նա ծառայեց Բահաղիմներին, երկրպագեց նրանց եւ դրանով իսկ բարկացրեց Իսրայէլի Տէր Աստծուն՝ ըստ ամենայնի կրկնելով իր նախորդների կատարածը:
 
sacredtradition.am