SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆ
id219Այսպես է կոչվում Քրիստոսի խաչ բարձրանալը և խաչի վրա չարչարվելով հոգին ավանդելը: Այն նկարագրված է 4 Ավետարաններում, որոնք, միմյանց լրացնելով, ներկայացնում են Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի այս վերջին՝ կարևորագույն պահը:
Հարկ է նշել, որ խաչելությունը ոչ միայն ամենաանարգ, այլև ամենասոսկալի ցավերով ուղեկցվող մահապատիժն էր:
Քրիստոս խաչ բարձրացավ երրորդ ժամին, այսինքն՝ առավոտյան մոտավորապես ժամը 9-ին: Ըստ ս. մեկնիչների՝ այդ նույն ժամին նախամարդը, մոռանալով պատվիրանը և հավատալով օձին, ընդունեց արգելված պտուղն ուտելու հրապույրը և ընկավ անօրինության մեջ: Եվ ահա այս ժամին Ադամի անկման փոխարեն Քրիստոս խաչ ելավ՝ վճարելու նախամարդուն և նրա բոլոր սերունդներին վիճակված մեղքի պատիժը: Այսպիսով, Քրիստոսի խաչ բարձրանալու պահից իրականանում է մեծագույն խորհուրդը՝ ողջ մարդկության մեղքերի քավությունը: Այս պատճառով խաչելությունը և նրան ուղեկցող իրադարձությունները, որոնք նկարագրված են Ավետարաններում, մեծ և կարևոր իմաստներ են պարունակում:

Խաչելություն
Երևան, ձեռ. 10675, էջ 321ա, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին

Խաչելուց առաջ Հիսուսին լեղիով խառնված գինի տվեցին, որով սովորաբար փոքր-ինչ թեթևացնում էին մահապարտի տառապանքները: Սակայն Նա հրաժարվեց դրանից, որպեսզի լիովին գիտակից վիճակում խմի Իր չարչարանքների ու մահվան բաժակը:
Երբ Հիսուսին խաչում էին, Նա աղոթում էր Իր դահիճների համար՝ ասելով. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» [Ղուկ. 23.34]: Այս խոսքերն արտահայտում են այն աստվածային ներողամտությունը, որով Տերը հանդուրժում է մեր մեղքերը, որոնցով մեր մեջ խաչում ու չարչարում ենք Իրեն՝ չգիտակցելով, թե ինչ ենք անում:
Խաչելուց հետո հռոմեացի զինվորներն իրար մեջ բաժանեցին Հիսուսի հագուստները, իսկ պատմուճանի համար վիճակ գցեցին, որովհետև այն առանց կարի էր՝ ամբողջական: Նրանք այդպես վարվեցին, քանի որ, հռոմեացիների օրենքով, մահապարտների անձնական իրերը դառնում էին դահիճների սեփականությունը: Հիսուսի զգեստները խորհրդանիշն էին այն շնորհների, որը Նա պարգևեց մարդկությանը, իսկ անկար պատմուճանը ցույց էր տալիս Իր Եկեղեցու սիրո միությունը, որը Նա չթույլատրեց պատռել, այլ պահեց ամբողջական:
Խաչի վրա, Հիսուսի գլխավերևում, կախեցին Նրա «հանցանքը» բացատրող գիրը՝ «Սա է հրեաների թագավորը», որը գրել էր հռոմեական կուսակալ Պիղատոսը: Հրեաների քահանայապետը նրան ասաց, որ ոչ թե գրի «հրեաների թագավոր», այլ՝ որ Հիսուսն Ինքն էր Իրեն այդպես կոչում: Սակայն Պիղատոսը պատասխանեց. «Ինչ որ գրեցի՝ գրեցի» [Հովհ. 19.21-22]: Այս գրությամբ հաստատվեց այն ճշմարտությունը, որ, արդարև, Քրիստոսն է հրեաների, այսինքն՝ նոր Իսրայելի՝ Աստծո ժողովրդի թագավորը:
Հիսուսի հետ Նրա աջ և ձախ կողմերում խաչ հանեցին նաև երկու ավազակի: Խաչի մոտով անցնողները ծաղրում էին Հիսուսին՝ ասելով, որ եթե իրոք Նա Աստծո Որդին է, թող իջնի խաչից: Նույնն էր ասում և ձախ կողմի ավազակը՝ անպատվելով Աստծո Որդուն: Այդժամ աջակողմյան ավազակը սաստեց նրան Տիրոջ երկյուղով, իսկ Հիսուսին ասաց. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս Քո արքայությամբ»: Եվ Հիսուսը պատասխանեց նրան. «Ճշմարիտ եմ ասում քեզ. այսօր Ինձ հետ դրախտում կլինես» [Ղուկ. 23.39-43]: Այս երկու ավազակների կերպարով ներկայանում է ողջ մարդկությունը, որը, մեղավոր լինելով հանդերձ, բաժանվում է երկու մասի: Ովքեր, իրենց մեղավորությունն ընդունելով, ապաշխարում են և Աստծո Որդուն Տեր և Փրկիչ խոստովանում, արժանանում են դրախտի՝ աջակողմյան ավազակի պես, որն իր կյանքի վերջին պահին ընդունեց Քրիստոսին և ստացավ իր փրկության ավետիսը: Իսկ ովքեր չեն հավատում ո՛չ Նրա աստվածությանը, ո՛չ էլ փրկությանը, ձախակողմյան ավազակի պես կործանվում են թե՛ հոգով, թե՛ մարմնով:
Խաչի մոտ կանգնած էին ս. Մարիամ Աստվածածինը և ս. Հովհաննես ավետարանիչը: Խաչի վրայից Տերը դիմեց Իր մորը՝ ասելով. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին», ապա նայեց Հովհաննեսին և ասաց. «Ահա՛ քո մայրը» [Հովհ. 19.26-27]: Սրանով Քրիստոս ոչ միայն Իր սիրելի մորը հանձնեց սիրելի աշակերտի խնամակալությանը, այլև խորհրդանշեց այն, որ Աստվածամայրը բոլոր քրիստոնյաների մայրն է և մեծ բարեխոսը:
Հիսուսի խաչ ելնելուց երեք ժամ անց, կեսօրին, հանկարծ արևը խավարեց, և ամբողջ երկիրը երեք ժամ խավարի մեջ մնաց: Սա այն ժամն էր, երբ Ադամը ճաշակեց արգելված պտուղը, զրկվեց շնորհի լույսից և մտքով խավարեց: Քրիստոս այս ժամին, տանելով խաչի չարչարանքները, քավում էր ադամական մեղքը՝ մարդկությանը վերադարձնելով նախկին շնորհն ու փառքը, որից խավարում էր արեգակը, ինչն այդ պահին խորհրդանշում էր աշխարհի խաբուսիկ փառքը, որն ի վերջո նսեմանալու է աստվածային լույսի առջև:
Իններորդ ժամին (այսինքն՝ ցերեկվա ժամը 3-ին) Հիսուսը բարձր ձայնով կանչեց. «Աստվա՛ծ Իմ, Աստվա՛ծ Իմ, ինչո՞ւ թողեցիր Ինձ» [Մատթ. 27.46, Մարկ. 15.34]: Այս բառերով է սկսվում Դավիթ թագավորի 21-րդ սաղմոսը, որտեղ մարգարեաբար նկարագրված են Տիրոջ չարչարանքները, որը, սակայն, ավարտվում է մեծ և լուսավոր խորհրդով. Չարչարվողն ու Մահացողը պայծառ հույսով տեսնում է Իր ապագա փառքը, որով լցվելու է ողջ աշխարհը, և կանխահայտնում է բոլոր ազգերի դարձը առ Աստված:
Քրիստոս, Իր մարդկային բնությամբ ճշմարտապես մեռնելով և ապրելով լքումը Աստծուց, մնում է նույն Ինքը՝ Աստված՝ Իր փրկական առաքելության մեջ: Այս իսկ խորհրդով էլ քիչ հետո Նա ավելացրեց՝ ծարավ եմ [Հովհ. 19.28]: Դա աշխարհի փրկության ծարավն էր, մարդկության ընկած բնության նորոգության ծարավը: Երբ զինվորներից մեկը Նրան մոտեցրեց քացախի մեջ թաթախված սպունգը, Նա հոժարակամ ընդունեց այն՝ իբրև խորհրդանիշ մեղքով ապականված մեր բնության, որն Ինքը սրբագործեց խաչի մահով:
Վերջապես՝ Հիսուսը բացականչեց. «Ամեն ինչ կատարված է» [Հովհ. 19.30], ապա ասելով՝ «Հա՛յր, Քո ձեռքն եմ ավանդում Իմ հոգին» [Ղուկ. 23.46], վախճանվեց: Սա եզրափակումն էր ու ավարտը Աստծո Որդու փրկագործության: Նա ամեն ինչ կատարեց մինչև վերջ՝ մինչ ի մահ հնազանդվելով Հորը: Կատարվեց այն, ինչ նախասահմանված էր հավիտյաններից առաջ, այն, ինչ կանխատեսել էին մարգարեները. խաչի վրա ավարտվեց Հիսուս Քրիստոսի երկրային կյանքը, և Նրա զոհաբերությամբ իրականացավ ողջ մարդկության մեղքերի քավությունը:
Այդ պահին խավարն ավելի սաստկացավ, երկիրը ցնցվեց, և Երուսաղեմի Տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց: Հրեաները, որոնք գտնվում էին մահապատժի վայրում, սարսափահար փախան՝ կուրծքները ծեծելով, իսկ հռոմեացի հարյուրապետը, որ կանգնած էր խաչի մոտ, բացականչեց. «Արդարև, Աստծո Որդի էր Սա» [Մատթ. 27.51-54]:
Երբ Հիսուսն արդեն մահացել էր, հռոմեացի զինվորներից մեկը նիզակով խոցեց Նրա կողը, և այնտեղից անմիջապես արյուն և ջուր հոսեց [Հովհ. 19.34]: Սրանով բացահայտվեց Եկեղեցու խորհուրդը. ջուրը կենդանի խորհրդանիշն էր մկրտության, իսկ արյունը՝ հաղորդության, որոնցով Սուրբ Հոգին քավություն և թողություն է շնորհում բոլոր քրիստոնյաներին և սրբագործելով նրանց՝ նախապատրաստում հավիտենական կյանքի համար:

Խաչից իջեցնելը
Հավուց Թառի «Ամենափրկիչ», X դ.