SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՎՐԹԱՆԵՍ ՀԱՅՐԱՊԵՏ (262-341)
id468Ս. Գրիգոր Լուսավորչի ավագ որդին՝ Վրթանեսը, իր եղբոր՝ Արիստակեսի պես քրիստոնեական կրթություն է ստացել Կեսարիայում: Նա զինվորական էր, ամուսնացել էր և ուներ 2 երկվորյակ որդիներ՝ Գրիգորիս և Հուսիկ անուններով: Տրդատ թագավորի կողմից եղբոր՝ Արիստակեսի հետ նա Հայաստան է հրավիրվել իր ընտանիքով: Սկզբում Տրդատի արքունիքում պետական գործեր է վարել, այնուհետև ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ Արիստակես հայրապետի սպանությունից հետո, 333 թ., դարձել է հայոց հայրապետ:
Վրթանեսի հայրապետության տարիներին Հայաստանը բարդ քաղաքական իրավիճակում էր: Իբրև արթուն հովվապետ՝ նա բազմիցս բացառիկ արիություն և իմաստություն է ցուցաբերել՝ մերթ իր վճռորոշ խորհուրդներով, մերթ անձամբ պատերազմի դաշտում գտնվելով, մերթ շնորհական մխիթարությամբ՝ բոլոր դժվարին կացություններում էլ օժանդակելով հայոց արքային և պետությանը:
Շարունակելով իր մեծ նախորդների գործը՝ Վրթանեսը պայքարել է Հայաստանում առկա հեթանոսության մնացորդների դեմ: Մի անգամ, երբ պատարագ է մատուցել Աշտիշատի Մայր եկեղեցում, նախարարների սադրանքով Սասունի հեթանոս լեռնաբնակների մի ստվար բազմություն հարձակվել է նրա վրա, սակայն անտեսանելի երկնային զորությունը կասեցրել է նրանց, և սուրբ հայրապետը անվնաս անցել է Եկեղյաց գավառի իր կալվածքը:
Մինչև խոր ծերություն Վրթանես հայրապետը մաքառել է Հայ Եկեղեցու բարեկարգության և երկրի խաղաղության համար և բազմաշխատ ու փորձառու հովիվի համբավով 341 թ. խաղաղությամբ ավանդել է հոգին: