SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՕՍԵԵ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. երկրորդ կես)
id554Օսեեն իր մարգարեական ծառայությունը կատարել է Հուդայի երկրի թագավորներ Օզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին և Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամի ժամանակ [Օս. 1.1], այսինքն՝ մ. թ. ա. 750-ական թվականներից մինչև Սամարիայի կործանումը (Հերոբովամ II-ին հաջորդած Իսրայելի թագավորները Օսեեի գրքում չեն հիշատակվում): Նրա ժամանակակիցներն էին Ամոս, Հովել, Եսայի և Միքիա մարգարեները:
Օսեեի ժամանակ Իսրայելի ժողովուրդն աստիճանաբար ընկղմվում էր անառակ և աստվածուրաց կյանքի մեջ: Աստված, ընտրելով Օսեեին իբրև կենդանի խորհրդանիշ, հրամայում է. «Դու գնա՛ և քեզ համար մի պոռնիկ կի՛ն առ և պոռնկության որդիներ, որովհետև երկիրը չափից դուրս պիտի պոռնկանա Տիրոջ դեմ» [Օս. 1.2]: Իր զավակներից առաջինի անունը Տիրոջ հրամանով նա դնում է Հեզրայել՝ իբրև հիշատակ Հեզրայելում բնաջնջված Աքաաբ կռապաշտ թագավորի գերդաստանի, ինչով Տերը խորհրդանշում էր կռապաշտության մեջ ընկած Իսրայելի թագավորության մոտալուտ կործանումը: Երկրորդ զավակի անունը դրվում է Չողորմած՝ ի նշան Իսրայելից Աստծո ողորմածության վերացման: Իսկ երրորդին նա անվանում է Ոչ Իմ ժողովուրդ, քանզի կռապաշտ սերնդի ժառանգները մերժված են կյանքի գրքից:
Օսեեն իր անձով ապրեց անհավատարիմ կնոջը համբերելու ողջ դառնությունն ու ամուսնական սիրո պղծման տառապանքը, ինչպես Տերը՝ Իր ընտրյալ ժողովրդի դավաճանության ողբերգությունը: Նրա գրքում Աստված խոսում է բարոյազրկվող Իսրայելի հետ խստագույն հանդիմանություններով և կանխահայտնում է նրան սպասող անխուսափելի աղետների մասին: Միաժամանակ մենք տեսնում ենք Տիրոջ խոր կարեկցանքն ու ներողամտությունը. երկնավոր Փեսան հավատարիմ է Իր սիրո մեջ, և բոլոր պատիժները ապաշխարության ու դարձի համար են: Գիրքն ավարտվում է Աստծո և Նրա ժողովրդի հաշտության տեսիլքով, որն իրականացավ նոր ուխտում:
Օսեեն մեռավ խաղաղությամբ և թաղվեց սեփական ագարակում: