SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՈՍԿԵ ՀՈՐԹ
id389Աստված ընտրեց Իսրայելի ժողովրդին, որպեսզի նա ուղղվի, սրբանա և արժանանա ընդունելու Մեսիային: Սակայն իսրայելացիները տակավին թույլ էին հոգով և հաճախ պարտվում էին փորձությունների ժամանակ՝ դավաճանելով Աստծուն:
Այդպես եղավ և այն ժամանակ, երբ Ավետյաց երկրի ճանապարհին Մովսես մարգարեն բարձրացել էր Սինա լեռան գագաթը՝ Տիրոջից օրենքի տախտակները ստանալու համար: Երկչոտ և անկայուն ժողովուրդը չկարողացավ համբերությամբ սպասել իր առաջնորդին և կարծեց, թե Մովսեսը լքել է իրեն: Նա մոռացավ Աստծո անսահման ողորմածությունն իր հանդեպ, մոռացավ նաև իր պարտավորությունները Նրա առջև ու ցանկացավ մի կուռք շինել իր համար: Ժողովուրդը պահանջելով ու տրտնջալով այնքան ճնշեց Ահարոնին, մինչև որ նա զիջեց: Ի վերջո, հավաքելով Իսրայելի կանանց ոսկե զարդերը, Ահարոնը դրանցից մի ոսկե հորթ ձուլեց եգիպտական կուռքերից մեկի նմանությամբ: Իսրայելացիները սկսեցին երկրպագել ոսկե հորթին՝ աղաղակելով. «Սա՛ է քո աստվածը, Իսրայե՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից» [Ել. 32.4]: Իսկ հաջորդ օրը զոհեր մատուցեցին արձանին և սկսեցին խրախճանք անել:
Մովսեսը Տիրոջից իմացավ կատարվածի մասին և լեռան գագաթից անհապաղ իջավ ժողովրդի մոտ:
Քիչ առաջ նա ականատես էր եղել Աստծո աննկարագրելի փառքին և հիմա, երբ տեսավ անկենդան կուռքի շուրջ պարող իր հայրենակիցներին, վառվեց ահեղ ցասումով: Նա վար գցելով փշրեց օրենքի քարե տախտակները: Այսպես հենց այն ժամանակ, երբ Աստված ավելի քան երբևէ մերձ էր իսրայելացիներին, նրանք մոռացան Տիրոջ ներկայությունը, կասկածեցին Նրա գոյությանը և խոնարհվեցին կուռքի առջև:

Մովսես Մարգարեն բարկությունից փշրում է օրենքի տախտակները
XIX դ.: Հեղինակ՝ Յուլիուս ֆոն Կարոլսֆելդ

Եվ Աստված խստորեն պատժեց կռապաշտներին:
Այսօր էլ հաճախ մարդը նմանվում է հին Իսրայելի խստապարանոց որդիներին, երբ լքում է Աստծո ճշմարիտ հավատը և դիմում զանազան սնոտիապաշտությունների և նրանց պես դավաճանում է Աստծուն, երբ թողնում է, որ իր սրտում պաշտելի դառնա իմանալի «ոսկե հորթը»՝ սերը դրամի, իշխանության, որևէ արժեքավոր թվացող իրի կամ մեղանչական հրապույրի հանդեպ՝ դրանց մեջ մխիթարություն փնտրելով:
Մինչդեռ Աստված՝ ճշմարիտ Մխիթարիչը, համբերատար սպասում է այն պահին, երբ մարդը վերջնականապես կճանաչի «երկրային դրախտի» ողջ պատրանքը ու կփնտրի աստվածային հավիտենական բարիքները, որպեսզի նրան ի վերջո ընդգրկի Իր փառքի մեջ ու պարգևի Իր վերերկրային հարստությունը` հավիտենապես ուրախացնելով ճշմարիտ, երկնային մխիթարությամբ:
 
sacredtradition.am