SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍԱՂՄՈՍ
id426Սաղմոս են կոչվում այն հոգևոր երգերը կամ օրհներգությունները, որոնք կազմում են Հին Կտակարանի ուսուցողական գրքերից մեկը՝ Սաղմոսարանը: Սաղմոսների մեծ մասի հեղինակն է Դավիթ թագավորը:
Սաղմոսները բովանդակում են զանազան հոգևոր խորհուրդներ, որոնք վերաբերում են Արարչին և երկնային զորություններին, արարչագործությանն ու փրկագործությանը, բարեպաշտության և ապաշխարության սկզբունքներին: Նրանք մերթ փառաբանում ու գովերգում են Տիրոջը, մերթ հայցում Նրա ներողամտությունն ու պահպանությունը, մերթ ուսուցանում են ու խրատում, մերթ ներկայացնում Փրկչի գալստյան և Նրա տնօրինությունների մարգարեական պատկերները:
Հին Իսրայելի աստվածպաշտությունը հիմնականում կազմված է եղել սաղմոսներից: Բարեպաշտ իսրայելացիները շատ սաղմոսներ անգիր գիտեին և դրանցով էին կատարում իրենց առանձնական աղոթքները: Քրիստոնեական աստվածպաշտության մեջ ևս սաղմոսները հիմնարար դեր են կատարում և աղոթքի կարևորագույն օրինակներ են, քանզի նրանց բովանդակությունը, հաճախ այլաբանորեն, համահունչ է հոգևոր կյանքի օրինաչափություններին և շատ դեպքերում մարգարեաբար վերաբերում է քրիստոնյայի փրկագործությանը: Այս պատճառով սաղմոսները Եկեղեցու ժամակարգության հիմնական մասն են կազմում. բացի այն, որ Գիշերային ժամերգության ընթացքում, 8 օրվա մեջ ընթերցվում է ամբողջ Սաղմոսարանը, ժամերգությունների շատ մասեր կազմված են սաղմոսներից և նրանց հատվածներից, և շատ երգերի ու շարականների բովանդակության հիմքը սաղմոսներն են:
 
sacredtradition.am