SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ
id489Փորձություն է կոչվում այն իրավիճակը, որի մեջ մարդը ենթարկվում է մեղանչելու վտանգին: Այն կարող է արտահայտվել հրապույրով կամ պարտադրանքով, գայթակղիչ և հաճելի խորհրդով կամ տհաճ ու ահազդու սպառնալիքով, որոնք դրդում են խախտել պատվիրանը կամ ուրանալ հավատը: Փորձությունները հիմնականում հրահրում է սատանան, որի համար էլ նրան փորձիչ են կոչում:
Քրիստոս մինչև Իր քարոզչությունը փորձության ենթարկվեց անապատում, որտեղ առանձնացել էր Իր մկրտությունից անմիջապես հետո:

Քրիստոսի փորձության անապատը

40 օր չուտելուց և չխմելուց հետո, երբ Հիսուսը քաղցեց, Նրան մոտեցավ փորձիչը և ասաց. «Եթե Աստծո Որդին ես, ասա, որ այս քարերը հաց լինեն»: Հիսուսը պատասխանեց. «Գրված է. միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ ամենայն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» [Մատթ. 4.2-4]: Սրանով Քրիստոս հաղթահարեց Իր աստվածային զորությունը նյութական բարեկեցության միջոց դարձնելու փորձությունը՝ հաստատելով այն ճշմարտությունը, որ մարդու կոչումը ոչ թե հեշտ ու անհոգ, երկրային և անցավոր կյանքով ապրելն է, այլ հավիտենական կյանքը ժառանգելը, որը նա ստանում է՝ կատարելով Աստծո խոսքը՝ Նրա պատվիրանը:

Քրիստոսի փորձության առաջին դրվագը
Երևան, ձեռ. 7651, էջ 15բ, 8 նկարիչների Ավետարան, XIII դ.

Այդժամ սատանան Նրան տարավ Սուրբ քաղաք, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա և ասաց. «Եթե Աստծո Որդին ես, այստեղից ցած գցիր Քեզ, որովհետև գրված է. Իր հրեշտակներին պատվիրված է Քո մասին, և նրանք ձեռքերի վրա կվերցնեն Քեզ, որպեսզի երբեք Քո ոտքը քարին չխփես»: Հիսուսը պատասխանեց. «Գրված է. քո Տեր Աստծուն պիտի չփորձես» [Մատթ. 4.5-7]: Այս պատասխանով Նա հաղթահարեց ինքնավստահ մտքով Աստծուն փորձելու, Նրա զորությունը և շնորհը մարդու ինքնահաստատման համար օգտագործելու փորձությունը:

Քրիստոսի փորձության երկրորդ դրվագը
Երևան, ձեռ. 7651, էջ 16ա, 8 նկարիչների Ավետարան, XIII դ.

Սատանան նորից Նրան տարավ մի շատ բարձր լեռան վրա և ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը և ասաց. «Այս բոլորը Քեզ կտամ, եթե գետնին ընկնելով ինձ երկրպագես»: Այդժամ Հիսուսն ասաց նրան. «Ետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է. պիտի երկրպագես քո Տեր Աստծուն և միայն Նրան պիտի պաշտես» [Մատթ. 4.8-10]: Այսպես Նա հաղթահարեց երկրի վրա իշխանություն ձեռք բերելու, երկնքի արքայության փոխարեն երկրային թագավորություն ստեղծելու փորձությունը: Սատանան պարտված հեռացավ, և ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին Հիսուսին [տե՛ս Մատթ. 4.11]:

Քրիստոսի փորձության երրորդ դրվագը
Երևան, ձեռ. 7651, էջ 16ա, 8 նկարիչների Ավետարան, XIII դ.

Այսպես անապատում հաղթահարելով սատանայի փորձությունը՝ Քրիստոս մարդկային բնությունն ազատագրեց չարի իշխանությունից, որով նա մոլորեցնում էր մարդկանց՝ չթողնելով զանազանել ճշմարիտ բարին կերպարանված բարուց, անցավոր բարիքը հավիտենականից, երկրային փառքը երկնայինից:
Այս հաղթանակը Քրիստոսի գլխավոր տնօրինություններից էր, որով Նա մեզ շնորհեց Իր պես և Իր օրինակով չարի փորձությունները դիմակայելու կարողություն:
Այս երեք փորձություններն առնչվում են մարդու բնության երեք հիմնական ոլորտներին՝ մարմնին, մտքին և հոգուն: Քրիստոսի հաղթանակը մեզ հոգևոր կարողություն է ընձեռում՝ նկատելու և հաղթահարելու մարմնի զանազան ախտերով ու հեշտություններով, մտքի սնապարծությամբ և հոգու իշխանատենչությամբ գայթակղող չար խորհուրդները, որոնցով սատանան հանապազ փորձում է մեզ:
Թեև փորձությունները հրահրում է սատանան, սակայն ամեն ինչ նա կարողանում է անել լոկ այնքան, որքան Աստված է թույլ տալիս: Այսպիսով, բոլոր փորձությունները Տիրոջ նախախնամության մասն են կազմում: Դրանց միջոցով Նա բացահայտում է մարդկանց սրտերի ծածուկ խորհուրդները: Եթե դրանք հակված են դեպի բարին, ապա փորձությունն առիթ է դառնում առաքինության, և չարը պարտության է մատնվում: Իսկ եթե սրտի խորհուրդները դեպի չարն են հակված, ապա փորձության հետևանքով մեղքի մեջ ընկնելով՝ մարդը ճանաչում է սեփական անձի անկատարությունը և դիմում ապաշխարության:
Սակայն փորձություններ կան, որոնք սպառնում են մարդուն կորցնել հավատը կամ ուրանալ այն՝ պատճառ դառնալով կորստյան: Դրանք կարող են լինել տարբեր նեղություններ, հալածանքներ, մահվան սպառնալիք: Այդպիսի փորձությունների դեմ պետք է մշտապես աղոթել խոնարհության և խոհեմության ոգով՝ խնդրելով Տիրոջը, որ երբեք հպարտության և ինքնավստահության պատճառով չմատնվենք դրանց, այլ զորանանք՝ անդադար լցվելով շնորհով: Եվ սուրբ մարտիրոսների նման արժանանանք հաղթական պսակի՝ գիտակցելով, որ բոլոր փորձություններում Աստված օգնության է հասնում Իր հավատարիմ և խոնարհ ծառաներին:
 
sacredtradition.am