ԴՐՈՇՄ
id135Դրոշմ է կոչվում
մկրտվածին ս.
մեռոնով օծելու արարողությունը, որը կատարվում է անմիջապես
մկրտությունից հետո: Այն
Եկեղեցու խորհուրդներից երկրորդն է և կոչված է
մկրտության միջոցով արդեն
մեղքերից սրբված
քրիստոնյայի մեջ զետեղելու
Սուրբ Հոգու շնորհը և դրոշմելու աստվածային զորությունները, որոնք անհրաժեշտ են աստվածահաճ կյանքով ապրելու և
չարի փորձությունները հաղթահարելու համար: Այսպիսով դրոշմը գործնականում անբաժան է
մկրտությունից և ամբողջացնում է նրա արդյունքը: Այս պատճառով
Հայ Եկեղեցում այս երկու
խորհուրդների արարողությունը դրոշմի հոմանիշով հաճախ անվանում են կնունք, իսկ նորընծայի հոգևոր խնամակալին՝ կնքահայր:
Դրոշմի
ծիսակարգում քահանան մեռոնով խաչաձև, հերթով
օծում է
մկրտվածի ճակատը, աչքերը, քիթը, շուրթերը, ականջները, սիրտը, թիկունքը, ձեռքերը և ոտքերը: Այս գործողություններից յուրաքանչյուրն ունի իր ուրույն
խորհուրդը. այսպես՝
ճակատի
օծումը նրա համար է, որ
մկրտվածի միտքը պայծառանա լուսավոր, աստվածային
խորհուրդներով.
աչքերն օծվում են, որպեսզի հավատացյալը չմնա խավարի մեջ, չնայի արատավոր բաների, այլ ամեն ինչ դիտի լուսավոր հայացքով ու երբեք չննջի
մեղքի մահով.
քիթն օծվում է՝
մկրտվածին մշտապես հավիտենական կյանքի շունչը և բույրը հաղորդելու
խորհրդով.
շուրթերն օծվում են այլևս երբեք չար խոսքեր չարտաբերելու, այլ բարին խոսելու համար.
ականջները՝ որպեսզի
մկրտվողը լսի և հնազանդվի
Աստծո պատվիրաններին և ոչ թե՝
չարի ներշնչումներին.
սիրտն օծվում է, որպեսզի նա մաքրություն ստանա, միշտ ցանկանա բարին ու լուսավորը և լցվի աստվածային սիրով.
թիկունքն օծվում է՝
դևերի հարձակումներից պահպանություն ունենալու
խորհրդով.
ձեռքերի
օծումը խորհրդանշում է բարի գործերով
Աստծուն փառավորելը.
իսկ ոտքերինը՝ ըստ
պատվիրանի դեպի հավիտենական կյանք ընթանալը:
Դրոշմի
խորհրդի կատարմամբ
Սուրբ Հոգին իջնում է մարդու մեջ, ինչպես իջավ
Քրիստոսի վրա
աղավնու կերպարանքով Նրա
մկրտությունից անմիջապես հետո: Այդ պահից դրոշմի միջոցով
օրհնվում և հոգեղինանում են մարդու հոգին ու մարմինը, որպեսզի հոգին ամրապնդվի իր բոլոր զորություններով, իսկ մարմինը լիովին հնազանդվի նրան՝ ընդունակ դառնալով հոգևոր գործերի:
Այսպես դրոշմի
խորհուրդը մարդուն պարուրում է անտեսանելի
լուսեղեն պատմուճանով՝ նրան վերադարձնելով այն նախկին շնորհական վայելչությունը, որը կորցրել էր նախամարդը
դրախտում: