ԵՐՈՒՍԱՂԵՄ
id162Երուսաղեմ նշանակում է խաղաղության բնակավայր:
Ավետյաց երկրի այս նշանավոր քաղաքն իր հնությամբ հասնում է
Աբրահամի ժամանակներին:
Ավանդության համաձայն՝ սկզբում այն կոչվում էր Սաղիմ, և նրա թագավորն ու
քահանայապետն էր
Մելքիսեդեկը:
Երուսաղեմը, որպես
Իսրայելի մայրաքաղաք, հիմնադրեց
Դավիթ թագավորը: Քաղաքը, որտեղ մեծ տոներին հսկայական բազմություն էր հավաքվում, դարձավ բոլոր
Իսրայելացիների սրբավայրը, երբ այնտեղ կառուցվեց
Երուսաղեմի Տաճարը:
Առաջին Տաճարի ժամանակաշրջանի Երուսաղեմ քաղաքի մանրակերտը
Աղբյուր՝ Art & History of Jerusalem, © 1996 by Casa Editrice Bonechi
Այստեղ բազմիցս
քարոզեց Հիսուս
Քրիստոս: Այստեղ անցավ Նրա վերջին՝ չարչարանաց շաբաթը, որը սկսվեց Տիրոջ՝ ժողովրդի ցնծության ներքո Երուսաղեմ մտնելով և ավարտվեց
Գողգոթայի բարձունքին
խաչ բարձրանալով: Այստեղ եղավ
խորհրդավոր ընթրիքը, ինչպես նաև Աստվածորդու վերջին
աղոթքը Գեթսեմանիի պարտեզում: Այստեղ Նա թաղվեց ու
հարություն առավ: Այստեղ,
Ձիթենյաց լեռան գագաթից, Նա հրաժեշտ տվեց Իր աշակերտներին՝
համբարձվելով երկինք:
Այս ամենի պատճառով Երուսաղեմը աշխարհի բոլոր
քրիստոնյաների մեծագույն սրբավայրն է և ուխտատեղին:
Ինչպես
Քրիստոսի խաչելության և թաղման տեղերում, որոնք այժմ գտնվում են Ս. Հարության տաճարի ներսում, այնպես էլ
Փրկչի տնօրինությունների հետ կապված քաղաքի մյուս վայրերում կառուցված են
եկեղեցիներ ու մատուռներ, որոնք միշտ լի են ուխավորներով:
Երուսաղեմի Ս. Հարության տաճարի գլխավոր մուտքը
Աղբյուր՝ Art & History of Jerusalem, © 1996 by Casa Editrice Bonechi
Սկսած IV դարից՝ այստեղ հիմնվեցին հայկական
վանքեր ու
եկեղեցիներ: V դարից մինչև օրս Երուսաղեմում գործում է Սուրբ Հակոբյան միաբանությունը, իսկ VII դարից՝ Երուսաղեմի հայոց
պատրիարքությունը: 1844-ին այստեղ հիմնադրվել է Ժառանգավորաց վարժարանը:
Ս. Հակոբ Գլխադրի խորան-գերեզմանը
Երուսաղեմի Ս. Հակոբյանց Մայր տաճար
Աղբյուր՝ Էմմանուել աբեղա Աթաջանյան, Գևորգ Մադոյան, Երուսաղեմի հայոց սրբավայրերը, Մոսկվա, 2003. © Atajanyan A., 2003
Երուսաղեմը, լինելով մեծ սրբատեղի և ակնկալվող
փրկության ավետավայրը, հնուց ի վեր դարձել է այն ամենի
խորհրդանիշը, ինչը վսեմ է, սրբազան և փառավոր: Այս անունով էին
Իսրայելի մարգարեները կոչում ապագա քրիստոնեական
Եկեղեցին:
Առաքյալների համար ևս Երուսաղեմը դարձավ
խորհրդանիշը նոր՝
Սուրբ Հոգու շնորհներով լի քրիստոնեական կյանքի: Նրանք
քրիստոնյաներին կոչում էին
երկնային Երուսաղեմ մուտք գործած երանելիներ:
Ս.
Հովհաննես ավետարանիչը Նոր Երուսաղեմ է կոչում
երկնքի արքայությունը՝ իր
Հայտնության գրքում բազմաթիվ
խորհրդանիշներով պատկերելով նրա անճառելի
փառքը:
Հովհաննես ավետարանչի Հայտնության գրքի՝ երկնային Երուսաղեմի տեսիլքը
Երևան, ձեռ. 2705, Աստվածաշունչ, XIII-XIV և XVII դդ., Ղրիմ