Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ
id174Հայոց մայր
եկեղեցին է: IV դ. պատմիչ
Ագաթանգեղոսի վկայությամբ՝ կառուցել է ս.
Գրիգոր Լուսավորիչը ս.
Տրդատ թագավորի օժանդակությամբ 303 թ.՝ Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում: Տաճարը կառուցվել է ս. Գրիգորի
տեսիլքում ցույց տրված՝
Աստծո Միածին Որդու իջման վայրում (այստեղից՝ «Էջմիածին» անունը):
Ըստ ազգային ավանդության՝
համաշխարհային ջրհեղեղից հետո
Նոյ նախահայրն այստեղ է
սեղան կանգնեցրել և գոհության
պատարագ մատուցել
Աստծուն:
Տաճարի IV դ. հորինվածքի վերաբերյալ եղել են տարբեր տեսակետներ (օրինակ՝ եռանավ բազիլիկ): 1950-ական թթ. տաճարի պեղումներից բացվեցին ներկայիս մույթերի տակ լուսավորչաշեն կառույցի գմբեթակիր մույթերի խաչաձև խարիսխները, իսկ ավագ
խորանի տակ՝ նախնական
խորանը: Ենթադրյալ եռանավ բազիլիկի հետքեր բնավ չհայտնաբերվեցին: Հետևաբար, Ս. Էջմիածնի Մայր տաճարն ի սկզբանե եղել է գմբեթավոր՝ առաջին գմբեթավոր
եկեղեցին քրիստոնեական ճարտարապետությունում:
360-ական թթ. պարսից Շապուհ II արքայի՝ Հայաստանում կատարած ավերածություններից Վաղարշապատի մյուս
եկեղեցիների հետ մեկտեղ տուժել է նաև Ս. Էջմիածնի Մայր տաճարը: 483-484 թթ. տաճարը հիմնովին վերակառուցել է իշխան Վահան Մամիկոնյանը, որից հետո այն ստացել է հատակագծային և տարածածավալական իր այժմյան տեսքը՝ խաչաձև կենտրոնագմբեթ, քառամույթ, քառախորան հորինվածքով, որը Բյուզանդիայի միջոցով IX-XI դդ. տարածվեց Եվրոպայում և եղավ հայկական եկեղեցական ճարտարապետության մեծ ավանդը ողջ քրիստոնեական ճարտարապետության մեջ:
Ս. Էջմիածնի Մայր տաճարի ընդհանուր տեսքը հյուսիս-արևմուտքից
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի
615-628 թթ. Ս. Էջմիածնի Մայր տաճարը նորոգել է Կոմիտաս I
կաթողիկոսը: 1627 թ. Մովսես Տաթևացի
կաթողիկոսը վերակառուցել է գմբեթը: 1654-1658 թթ. արևմտյան մուտքի առջև Փիլիպոս
կաթողիկոսը կառուցել է
զանգակատուն (ճարտարապետ՝ Սահակ Հիզանեցի), որը 1664 թ. նկարազարդել է Զաքարե Ոսկերիչը:
Ս. Էջմիածնի Մայր տաճարի զանգակատան ստորին հարկի որմնանկարը
Լուսանկար՝ Աշոտ Մովսիսյանի
1682-ին
խորանների տանիքներին փոքրիկ
զանգակատներ են կառուցվել: 1712-1721 թթ. տաճարի ներսը
որմնանկարել է նշանավոր տաղերգու և նկարիչ Նաղաշ Հովնաթանը:
1869-ին արևելյան ճակատին կից կառուցվել է թանգարանի շենք: 1955-1965 թթ. Ս. Էջմիածնի Մայր տաճարը նորոգվել է. ամրացվել են գմբեթակիր մույթերը, ծածկի թաղերը, վերականգնվել են
որմնանկարները և այլն:
Ս. Էջմիածնի Մայր տաճարում են պահվում Հայ Եկեղեցու կարևոր
սրբությունները, այստեղ է կատարվում Ամենայն հայոց
կաթողիկոսի ընտրությունը և
օծումը: