ԱՂԱՎՆԻ
id018Ինչպես հայտնի է
Ավետարանից,
Քրիստոսի մկրտության ժամանակ
Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ Նրա վրա [տե՛ս
Մատթ. 3.16]: Այս պատճառով
սրբապատկերներում Սուրբ Հոգին պատկերվում է աղավնու տեսքով:
Աստվածաշնչի նկարազարդումներում մեր ծաղկողները ստեղծել են աղավնու սքանչելի պատկերներ ոչ միայն
Մկրտության, այլև
Ծննդյան (տե՛ս
Աստվածահայտնություն),
Ավետման,
Հոգեգալստյան և այլ տեսարաններում, որոնք վերաբերում են
Սուրբ Հոգուն:
Մեռոնաթափ աղավնի
1797 թ.: Ս. Էջմիածնի գանձատուն
Քանի որ սրբալույս
մեռոնը ևս
Սուրբ Հոգու խորհրդակիրն է, այն պարունակող եկեղեցկան սպասքի հարդարանքում գլխավոր
խորհրդանիշը աղավնու պատկերն է: Իսկ
մկրտության և
դրոշմի խորհրդակատարության համար նախատեսված
մեռոնի անոթները հաճախ աղավնաձև են լինում և կոչվում են մեռոնաթափ աղավնի կամ պարզապես՝ աղավնի:
Մեռոնը լցվում է անոթի թիկունքին գտնվող անցքից և թափվում աղավնու բերանից, որի ստորին կտուցը շարժական է: Ներքև թեքելիս այն բացվում է, իսկ ուղղելիս՝ փակվում:
Մեռոնաթափ աղավնիները, մանավանդ
մեռոն ընդունող մասը, պետք է լինեն արծաթից: Հաճախ նրանք պատված են լինում գեղեցիկ զարդանախշերով և արվեստի սքանչելի նմուշներ են հանդիսանում: