SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԼԵՌԱՆ ՔԱՐՈԶ
id210Այսպես է կոչվում Քրիստոսի ընդարձակ քարոզներից մեկը, որը զետեղված է Մատթեոսի Ավետարանի 5-7-րդ գլուխներում: Քարոզի անունը պայմանավորված է նրանով, որ Հիսուսն այն խոսեց լեռան վրա: Նա այնտեղ բարձրացավ՝ տեսնելով, որ Իր հրաշագործությունների համբավից մեծաթիվ բազմություն է հավաքվել: Լեռ բարձրանալով և նստելով այնտեղ՝ Տերը կարծես հեռացավ Իրենից նոր հրաշքներ ակնկալող ժողովրդից, որով, սակայն, անխոս ուսուցանեց, որ սքանչելի բժշկություններից և նշաններից բացի պետք է փնտրել ավելին՝ Աստծո խոսքը, ճշմարտությունը, որին կարելի է մերձենալ՝ երկրային հարթությունից վեր՝ դեպի երկնային բարձունքը ելնելով: Եվ ովքեր Հիսուսի ետևից լեռ բարձրացան և մոտեցան Նրան, ականջալուր եղան այս սքանչելի քարոզին, որը Նրա հրաշագործություններից ոչ պակաս հիացրեց բոլորին:
Լեռան քարոզը սկսվում է 9 երանիներով [Մատթ. 5.3-12].


Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:
Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
Երանի՜ նրանց, ովքեր քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:
Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:
Երանի՜ նրանց, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն:
Երանի՜ նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել:



Հոգով աղքատ լինել, ըստ ս. հայրերի մեկնության, նշանակում է ճանաչել և խոստովանել սեփական անձի անկատարությունն ու մեղավորությունը, այն համարել բոլորից ցածր ու երբեք չհպարտանալ:
Սգավորը նա է, ով մշտապես զղջում է իր մեղքերի համար և ապաշխարությամբ մաքրվելով՝ մխիթարվում Տիրոջ շնորհով:
Հեզությամբ և համբերությամբ, ներողամտությամբ ու անհիշաչարությամբ քրիստոնյան նմանվում է Հիսուսին և ամեն ինչում օժանդակություն ստանում Նրանից:
Արդարության ծարավը Աստծո կողմից արդարացվելու, սրբանալու և փրկվելու բաղձանքն է, որը հատուկ է յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալի:
Ողորմածությունը Աստծո ողորմությանն արժանանալու գրավականն է, մինչդեռ անողորմներին անողորմ դատաստան է սպասում:
Սրտի մաքրությունը ձեռք է բերվում ապաշխարությամբ և չար խորհուրդների դեմ պայքարելով, անդադար աղոթքով և hաճախակի հաղորդությամբ: Սրբված սրտում փայլում է շնորհի լույսը, և միտքը սքանչանում է աստվածային փառքի մեծությամբ:
Խաղաղարար է կոչվում նա, ով, սրտի խորքում մեծ խաղաղություն ունենալով, բոլոր իրավիճակներում, թե՛ փորձությունների, թե՛ նեղության, թե՛ վշտի մեջ, մնում է հանդարտ ու անվրդով և բոլորի հետ սեր և համերաշխություն է պահպանում:
Հալածանքը երբեք չպիտի վախեցնի քրիստոնյային: Նա չպետք է ընկճվի արդարության համար աշխարհում նեղություններ կրելուց և դրանց պատճառով ետ կանգնի ճշմարտությունից, որպեսզի երկրային և ժամանակավոր տառապանքների պատճառով չզրկվի երկնային, հավիտենական կյանքից:
Արդարև, երանելի են Քրիստոսին հավատալու և բարեպաշտության համար ծաղր ու վիրավորանք կրողները, զրպարտվողներն ու հալածվողները: Հիշելով, թե ինչպես են հալածվել արդարները և մարտիրոսները, պետք է սիրով տանել ամեն վիշտ ու զրկանք՝ գիտակցելով, որ դրանցով չարչարակից ենք լինում Քրիստոսին, ինչի շնորհիվ, ըստ Պողոս առաքյալի, փառակից ենք դառնում Նրա փառքին:
Սուրբ հայրերը 9 երանիները համարում են հոգևոր կատարելության աստիճաններ՝ դրանք նմանեցնելով Հակոբ նախահոր տեսիլքի սանդուղքին, որը երկրից դեպի երկինք է տանում, և որի վրայով ելնում և իջնում են Աստծո հրեշտակները՝ սպասավորելով նվիրյալներին:

Լեռան քարոզը Քրիստոսի վարդապետության առանցքն է, քրիստոնեական կյանքի հիմնական ուղեցույցը: Նրանով Հիսուսն արթնացնում է մեր սրտում քնած բարոյական օրենքը, բացահայտում Տասնաբանյայի հոգևոր խորքերը, ցույց տալիս պատվիրանի սրբությունը, նրա հավիտենական էությունը և այն իրագործելու փրկարար նշանակությունը:
Նրա խոսքն ուղղված է մեր սրտին՝ դեպի բարի և չար խորհուրդների ակունքը, հորդորելով սրբազան պատվիրանապահությունը սկսել այնտեղից: Նրա քարոզում «մի՛ սպանիր»-ը վերաբերում է մերձավորի վրա անտեղի բարկանալուն, իսկ անպատկառ հայացքով կանանց նայելը արդեն իսկ շնություն է համարվում:
Այս քարոզում Տերն ուսուցանեց ճշմարիտ, անշահախնդիր ողորմության, անցուցամոլ պահքի, երկրային ունեցվածքի հետ սիրտը չկապելու, հարստությունն արհամարհելու, մշտապես Աստծուն ապավինելու և երկնքի արքայությունը փնտրելու մասին:
Հիսուսը Լեռան քարոզում ուսուցանեց Տերունական աղոթքը և ցույց տվեց ճշմարտապես ու աստվածահաճ աղոթելու կերպը:
Այս քարոզում Նա պատվիրեց սիրել ոչ միայն մերձավորներին, այլև մեր թշնամիներին, օրհնել մեզ հալածողներին և բարություն անել ատողներին՝ ձգտելով կատարելության:
Հասնել կատարելության և նմանվել Աստծուն՝ այսպիսի անհավատալի բարձունքի է մեզ հրավիրում Քրիստոս Իր Լեռան քարոզով: Եվ որքան էլ անմատչելի է թվում, դա է քրիստոնեական կյանքի իդեալը, քանի որ այն ձեռք է բերվում ոչ միայն մեր ճիգերով, այլև շնորհով, որով Տերը լցնում է Իր հավատարիմներին:
Քրիստոսի քարոզը վերացական ուսմունք չէ, այլ՝ կենդանի ներգործություն մեր սրտերի վրա, որով Նա Իր մյուս տնօրինությունների հետ սրբագործում և փրկագործում է մեզ: Այն ամբողջովին ներթափանցված է աստվածային սիրով ու շնորհով, ուստի ոչ միայն պարտավորեցնում, այլև զորացնում է մեզ՝ լինելու այնպիսին, ինչպիսին պետք է լինի Աստծուն որդեգրված հոգին:
 
sacredtradition.am