ԽԱՉ
id216Խաչը հնուց ի վեր
մահվան գործիք է համարվել: Խաչափայտից կախում էին ամենաանարգ հանցագործներին: Ավելին՝ ըստ
Սուրբ Գրքի, անիծյալ էր համարվում նա, ում խաչում էին: Հրեաները խաչի մահվանն արժանի հանցանք էին վերագրում Իրեն
Աստծո Որդի անվանող Հիսուս
Քրիստոսին, քանի որ չէին
հավատում, որ Նա է սպասված
Մեսիան:
Սակայն
Աստծո Որդին, խաչի
մահվան մատնվելով, իրականացրեց մարդկության
փրկագործության մեծագույն
խորհուրդը: Ինչպես ասում է
Պողոս առաքյալը,
Քրիստոս, աշխարհի
մեղքն Իր վրա վերցնելով, «անեծք դարձավ մեզ համար» [
Գաղ. 3.13], վճարեց ողջ մարդկության
մեղքերի փոխարեն և ապա
հարություն առնելով՝ մեզ
հարություն տվեց
մեղքի մահից: Եվ ամեն ոք, ով
հավատում է, որ Հիսուս
Քրիստոս Աստծո Միածին Որդին է, և
մկրտվում է Նրա անվամբ, ազատագրվում է
մեղքից ու նրա պատժից: Այս պատճառով
Քրիստոսի մահվան գործիքը՝
խաչափայտը, որի վրա Նա իրագործեց մեր
փրկությունը, և առհասարակ խաչի նշանը,
Եկեղեցին պաշտում է ու
երկրպագում:
Խաչը կոչվում է
կենաց ծառ, որի պտուղն է
Քրիստոսի մարմինն ու արյունը՝ ս.
հաղորդությունը, որ անմահ կյանք է պարգևում մեզ:
Խաչը
խորհրդանշում է մեր
փրկությունը. նրա վերին կողմը ցույց է տալիս
երկնքի արքայությունը, որը
Քրիստոս բացեց մեզ համար. ստորին կողմը՝
դժոխքի ավերումը, որով Աստվածորդին
փրկեց մեռածների հոգիները. աջ կողմը՝ շնորհների բաշխումը, որով
Սուրբ Հոգին կենդանացնում և լուսավորում է մեզ. իսկ ձախը՝
մեղքերի թողությունը, որ ստանում ենք
ապաշխարությամբ:
Խաչը նաև մեծ պահպանություն է յուրաքանչյուր հավատացյալի համար, որովհետև
դևերը վախենում են նրանից:
Որպես
փրկության խորհրդանիշ՝ ամենուր, որտեղ իրագործվում է քրիստոնեական
աստվածպաշտությունը, առկա է խաչը՝ պատկերվելով կամ, իբրև առաձին առարկա, զետեղվելով
եկեղեցու շեմքին և դռներին, պատերին և սյուներին, եկեղեցական կայքի և սպասքի, գրքերի կազմերի և հոգևորականների զգեստների վրա:
Գոյություն ունեն տարբեր կիրառության խաչեր, որոնք բոլորն էլ
օրհնվում են՝ սկսած
մկրտության փոքրիկ խաչից մինչև
եկեղեցու գմբեթի հսկայական խաչը:
Սուրբ սեղանի խաչ
1750 թ., Վան, Վասպուրական: Ս. Էջմիածնի գանձատուն
Եկեղեցական սպասքում առանձնահատուկ կարևորություն ունի
խորանի կամ
սեղանի խաչը, որը մշտապես գտնվում է ս.
սեղանի կենտրոնում՝ ի հիշատակ
Քրիստոսի խաչելության: Շատ արարողություններում քահանայից անբաժան է ձեռաց խաչը, որով նա
օրհնություն է տալիս, իսկ
թափորին և
անդաստանին առջևից ուղեկցում է
խաչվառը, որին համբույրով հպվում են հավատացյալները:
Լանջախաչ
XX դ. սկիզբ, Սանկտ Պետերբուրգ: Ս. Էջմիածնի գանձատուն
Հոգևորականների հանդերձանքի մաս է կազմում լանջախաչը, որն իբրև հատուկ շքանշան շնորհվում է
հայրապետի կողմից: Այն շղթայով կախվում է նրանց կրծքին՝
խորհրդանշելով Եկեղեցու սպասավորի սրտում հաստատված
հավատն ու
սերը Աստծո հանդեպ:
Խաչին նվիրված են բազմաթիվ ճառեր ու ներբողներ,
աղոթքներ և
շարականներ, որոնք երգվում են
խաչի տոներին:
Խաչի պատկեր
Երևան, ձեռ. 7735, էջ 14, Սանասարյան Ավետարան, 986 թ.
Բազմաթիվ ձեռագրերում հանդիպում են խաչի գեղեցիկ զարդապատկերներ, որոնք յուրօրինակ պատկերավոր ձոն են՝ նվիրված խաչի
խորհրդին:
Վերջապես՝ ամենուր մեզ հանդիպում է հնավանդ և նորօրյա
խաչքարը՝ հայ քրիստոնեության և մշակույթի այս եզակի և հանրահայտ կոթողը: