русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՍՈՒՐԲ ԳԻՐՔ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Արեւելահայրեն (1994թ.)
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Ծննդոց | Ելք | Ղեւտական | Թուեր | Երկրորդ օրէնք | Նաւէի որդի Յեսուի գիրքը | Դատաւորներ | Հռութ | Ա Թագաւորութիւններ | Բ Թագաւորութիւններ | Գ Թագաւորութիւններ | Դ Թագաւորութիւններ | Ա Մնացորդաց | Բ Մնացորդաց | Ա Եզրաս | Բ Եզրաս | Նէեմիի գիրքը | Եսթերի գիրքը | Յուդիթ | Տոբիթ | Ա Մակաբայեցիներ | Բ Մակաբայեցիներ | Գ Մակաբայեցիներ | Սաղմոսներ | Առակներ | Ժողովող | Երգ երգոց | Իմաստութիւն Սողոմոնի | Սիրաքի իմաստութիւնը | Յոբի գիրքը | Եսայու մարգարէութիւնը | Օսէէի մարգարէութիւնը | Ամոսի մարգարէութիւնը | Միքիայի մարգարէութիւնը | Յովէլի մարգարէութիւնը | Աբդիուի մարգարէութիւնը | Յովնանի մարգարէութիւնը | Նաւումի մարգարէութիւնը | Ամբակումի մարգարէութիւնը | Սոփոնիայի մարգարէութիւնը | Անգէի մարգարէութիւնը | Զաքարիայի մարգարէութիւնը | Մաղաքիայի մարգարէութիւնը | Երեմիայի մարգարէութիւնը | Բարուքի թուղթը | Երեմիա մարգարէի ողբը | Դանիէլի մարգարէութիւնը | Եզեկիէլի մարգարէութիւնը

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Աւետարան ըստ Մատթէոսի | Աւետարան ըստ Մարկոսի | Աւետարան ըստ Ղուկասի | Աւետարան ըստ Յովհաննէսի | Գործք առաքելոց | Պօղոս առաքեալի թուղթը հռոմէացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի թուղթը գաղատացիներին | Պօղոս առաքեալի թուղթը եփեսացիներին | Պօղոս առաքեալի թուղթը փիլիպեցիներին | Պօղոս առաքեալի թուղթը կողոսացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի Բ թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի թուղթը Տիտոսին | Պօղոս առաքեալի թուղթը Փիլիմոնին | Պօղոս առաքեալի թուղթը եբրայեցիներին | Յակոբոս առաքեալի ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Գ ընդհանրական թուղթը | Յուդա առաքեալի ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի յայտնութիւնը



ՍՈՓՈՆԻԱՅԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ


1
1 Տիրոջ պատգամը, որ հասաւ Եզեկիայի որդի, Ամարիայի որդի, Գոդողիայի որդի, Քուսիի որդի Սոփոնիային Յուդայի երկրի արքայի՝ Ամոնի որդի Յոսիայի ժամանակ: 2 «Ամէն ինչ կպակասի երկրի երեսից,– ասում է Տէրը:– 3 Կպակասեն մարդ եւ անասուն, կպակասեն երկնքի թռչուններն ու ծովի ձկները, կտկարանան ամբարիշտները, եւ ես կվերացնեմ անօրէններին երկրի երեսից»,– ասում է Տէրը: 4 «Իմ ձեռքը կերկարեմ Յուդայի երկրի վրայ, Երուսաղէմի բոլոր բնակիչների վրայ եւ կվերացնեմ այդտեղից Բահաղի անունն ու քրմերի անունները՝ քահանաներով հանդերձ, 5 որոնք տանիքի վրայ երկրպագում են երկնքի զօրութիւններին. նրանք, որ երդւում էին Տիրոջ՝ իրենց Արքայի անունով, նրանք, որ խոտորւում էին Տիրոջից, 6 նրանք, որ չէին փնտրում Տիրոջը, եւ նրանք, որ Տիրոջ կողմը չէին»: 7 Վախեցէ՛ք Տէր Աստծուց, քանի որ մօտիկ է Տիրոջ օրը, որովհետեւ Տէրը պատրաստեց իր զոհերը 8 եւ հրաւիրեց իր հրաւիրեալներին: «Կլինի այնպէս, որ Տիրոջ զոհի օրը կպատժեմ իշխաններին, թագաւորի տունը եւ բոլորին, ովքեր օտար զգեստ են հագել: 9 Այն օրը յայտնապէս կպատժեմ բոլորին դռների շեմքերի առաջ նրանց, որոնք իրենց Տէր Աստծոյ տունը լցնում էին ամբարշտութեամբ եւ նենգութեամբ: 10 Այն օրը,– ասում է Տէրը,– աղաղակների ձայն կլինի վիրաւորների դռնից, գոյժ՝ երկրորդ դռնից, եւ մեծ բեկում՝ բլուրներից: 11 Ողբացէ՛ք, Կոտորուածների թաղամասի՛ բնակիչներ, քանի որ այդ ամբողջ ժողովուրդը նմանուեց քանանացիներին. բնաջնջուեցին բոլորը, ովքեր հպարտացել էին արծաթով: 12 Այն օրը ճրագով կխուզարկեմ Երուսաղէմը եւ կպատժեմ այն տղամարդկանց, որոնք արհամարհեցին իրենց պահպանութեանը յանձնուած իրերը եւ որոնք ասում էին իրենց սրտում. “Տէրը ո՛չ բարի գործ է անում եւ ո՛չ չար”: 13 Կխլուի նրանց զօրութիւնը, եւ նրանց տունը աւերակ կդառնայ. տներ կշինեն, բայց չեն բնակուի դրանց մէջ, այգիներ կտնկեն, բայց չեն խմի դրանց գինին»: 14 Մօտ է Տիրոջ մեծ օրը, մօտ է եւ շատ շուտով կգայ, Տիրոջ օրուայ ձայնը խիստ է եւ դառն, ուժեղն էլ կզգայ, 15 այն օրը բարկութեան օր է, նեղութեան եւ վտանգի օր, թշուառութեան եւ կործանումի օր, 16 խաւարի եւ մէգի օր, ամպի եւ մառախուղի օր, շեփորի եւ աղաղակի օր ամուր քաղաքների եւ բարձր աշտարակների դէմ: 17 «Մարդկանց նեղութեան կմատնեմ, եւ նրանք կոյրերի պէս կընթանան, քանի որ մեղանչեցին Տիրոջ դէմ եւ նրա անունը դրեցին սնոտիների վրայ, որոնք ոչնչով չկարողացան օգնել նրանց. կթափուի նրանց արիւնը հողի նման, եւ նրանց մարմինը՝ աղբի պէս»: 18 Նրանց արծաթն ու ոսկին նրանց չի կարողանայ փրկել Տիրոջ բարկութեան օրը, եւ նրա վրէժխնդրութեան կրակով կմաշուի ամբողջ երկիրը, որովհետեւ նա վախճան ու տագնապ կբերի երկրի բոլոր բնակիչների վրայ:

2
1 Հաւաքուեցէ՛ք եւ քննեցէ՛ք ձեզ, ո՛վ անզգամ ազգեր, 2 քանի դեռ չէք դարձել ինչպէս անցաւոր ծաղիկ, քանի դեռ չի եկել Տիրոջ բարկութեան եւ սրտմտութեան օրը: 3 Փնտրեցէ՛ք Տիրոջը, երկրի բոլո՛ր խոնարհներ, իրաւո՛ւնք արէք, արդարութի՛ւն որոնեցէք եւ պատասխա՛ն տուէք նրանց, որովհետեւ Տիրոջ բարկութեան օրը պիտի թաքնուէք: 4 Գազան յափշտակուած կլինի, Ասկաղոնը կաւերուի, Ազոտոսը միջօրէին կկործանուի, եւ Ակկարոնը արմատից կխլուի: 5 Վա՜յ ձեզ, որ բնակւում էք ծովի եզերքում, Կրետէ կղզո՛ւ բնակիչներ: Տիրոջ այս պատգամը քո դէմ է, Քանա՛ն՝ երկի՛րդ այլազգիների. «Ես կզրկեմ քեզ բնակութիւնից, 6 եւ Կրետէն հօտերի արօտավայր կդառնայ եւ ոչխարների գոմ»: 7 Ծովեզերքը Յուդայի տան մնացորդներինը կլինի, հօտերը այնտեղ կճարակեն, եւ Յուդայի երկրի որդիների սիրուն նրանք գիշերը կիջեւանեն Ասկաղոնի տներում, քանի որ նրանց այցի է եկել իրենց Տէր Աստուածը, որ վերադարձրեց նրանց գերութիւնից: 8 «Լսեցի Մովաբի նախատինքը եւ ամոնացիների թշնամանքը, որով նախատում էին իմ ժողովրդին եւ գոռոզաբանում էին իմ սահմանների վրայ: 9 Դրա համար եմ ես կենդանի,– ասում է Ամենակալ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը,– որ Մովաբը Սոդոմի պէս դառնայ, ամոնացիները՝ Գոմորի պէս, եւ Դամասկոսը՝ լքուած, ինչպէս կալի շիւղը, եւ ապականուած յաւիտեան: Իմ ժողովրդի մնացորդները կյափշտակեն նրանց եւ իմ ժողովրդի մնացորդները կժառանգեն դրանք»: 10 Եւ դա կպատահի նրանց իրենց հպարտութեան փոխարէն, քանի որ նախատեցին եւ վատաբանեցին Ամենակալ Տիրոջը: 11 Տէրը սարսափազդու տեսքով կերեւայ նրանց, կխորտակի ազգերի բոլոր աստուածներին, եւ ազգերը կերկրպագեն նրան՝ իւրաքանչիւրն իր տեղից՝ ազգերի բոլոր կղզիներից: 12 «Դուք էլ, եթովպացինե՛ր, իմ սրից էք հարուածուելու: 13 Իմ ձեռքը կերկարեմ հիւսիսի վրայ եւ կբնաջնջեմ ասորեստանցուն, Նինուէն ապականութեան կենթարկեմ, անապատի պէս անջրդի կդարձնեմ, 14 կարածեն նրա մէջ հօտերն ու երկրի բոլոր գազանները, գետնառիւծներն ու ոզնիները կապրեն նրա տներում, գազանները կոռնան նրա նկուղներում, եւ հաւալուսինները՝ նրա դռների մէջ, քանի որ նրա գոռոզութիւնը մայրի ծառի պէս բարձր է»: 15 Այսպէս է լինելու վրիժագործ քաղաքը, որ ապրում էր յոյսով, որ ասում էր իր մտքում. «Ես եմ, եւ ոչ ոք չի լինի ինձնից յետոյ»: Ինչո՞ւ գազանների ճարակ դարձաւ այն եւ ապականուեց: Իւրաքանչիւր ոք, որ պիտի անցնի նրա միջով, պիտի սուլի եւ իր գլուխը շարժի:

3
1 Ո՛վ երեւելիդ՝ փրկեա՛լ քաղաք, աղաւնի, որ ո՛չ ականջ դրեց Տիրոջ ձայնին եւ ո՛չ խրատն ընդունեց: 2 Յոյսը չդրեց Տիրոջ վրայ եւ Աստծուն չմօտեցաւ: 3 Նրա իշխանները առիւծի պէս պիտի մռնչան, եւ նրա դատաւորները՝ արաբական գայլերի պէս, որոնք մինչեւ առաւօտ ոչինչ չեն թողնում: 4 Նրա մարգարէները այսահար են, արհամարհող: Նրա քահանաները պղծում են սրբութիւնները եւ ամբարշտանում՝ օրէնքը խախտելով: 5 Սակայն արդար Տէրը նրա մէջ է եւ անիրաւութիւն չի անի. ամէն առաւօտ կանուխ իմ դատաստանը ի յայտ կբերի եւ չի թաքցնի, 6 պահանջելիս չի ճանաչում անիրաւութիւն, երբեք անիրաւութիւն չի անի եւ ապականութեամբ կկործանի ամբարտաւաններին: Քանդուեցին նրանց աշտարակները: «Կաւերեմ նրանց ճանապարհները, որպէսզի ոչ ոք այլեւս երբեք դրանցով չգնայ: Կպակասեն նրանց քաղաքները բնակիչներ չլինելու պատճառով: 7 Ասացի, թէ՝ «Վախեցէ՛ք ինձնից, խրա՛տ լսեցէք եւ չէք մեռնի երկրի երեսից ամբողջովին, քանի դեռ կպատժեմ նրանց»: Պատրաստուի՛ր, առաւօտեան վա՛ղ արթնացիր. ապականուեցին նրա բոլոր արդիւնքները: 8 «Դրա համար սպասի՛ր ինձ,– ասում է Տէրը,– այն օրը, երբ ոտքի կանգնեմ վկայելու: Ազգերի դէմ իմ դատաստանը կլինի բռնել թագաւորներին, նրանց վրայ թափել իմ բարկութիւնը, իմ ամբողջ բարկութիւնն ու սրտմտութիւնը, քանի որ իմ վրէժխնդրութեան կրակով պիտի մաշուի ամբողջ երկիրը: 9 Այն ժամանակ ժողովուրդներին կվերադարձնեմ իրենց լեզուն ըստ ազգի, որպէսզի բոլորը Տիրոջ անունը կանչեն, որպէսզի նրանք ծառայեն նրան մէկ լծի տակ: 10 Եթովպացիների գետերից այն կողմ իմ ցրուածներին կընդունեմ, եւ նրանք զոհ կմատուցեն ինձ: 11 Այն օրը չես ամաչի քո բոլոր գործերից, որով ամբարշտացար իմ դէմ, որովհետեւ այն ժամանակ քո միջից պիտի հանեմ քո ամբարտաւան չարութիւնը, եւ այլեւս չես շարունակելու գոռոզանալ իմ սուրբ լեռան վրայ: 12 Քեզ կթողնեմ հեզ եւ խոնարհ ժողովուրդ: 13 Իսրայէլի մնացորդները կվախենան Տիրոջ անունից, անիրաւութիւն չեն անի, սնոտի բաներ չեն խօսի, եւ նրանց բերանում նենգ լեզու չի գտնուի, որովհետեւ նրանք կարածեն եւ կմակաղեն, եւ ոչ մէկը չի լինի, որ վախեցնի նրանց»: 14 Հրճուի՛ր, դո՛ւստր Սիոնի, բարձրաձայն աղաղակի՛ր, Երուսաղէ՛մ, ուրախացի՛ր եւ զուարճացի՛ր քո ամբողջ սրտով, դո՛ւստր Երուսաղէմի, 15 որովհետեւ Տէրը վերացրեց քեզնից քո անիրաւութիւնները, Տէրը քեզ փրկեց քո թշնամիների ձեռքից. Իսրայէլի Թագաւորը՝ Տէրը, քո մէջ է, եւ դու այլեւս չարիք չես տեսնի: 16 Այն ժամանակ Տէրը կասի Երուսաղէմին. «Քաջալերուի՛ր, Սիո՛ն, թող չթուլանան քո ձեռքերը: 17 Հզօրը՝ Տէր Աստուած, քո մէջ է եւ կփրկի քեզ, ուրախութիւն կբերի քեզ, կնորոգի քեզ իր սիրով եւ ուրախ կլինի քո մէջ զուարճութեամբ, ինչպէս տօնի օրը: Ես կհաւաքեմ քո ցրուածներին: 18 Վա՜յ նրան, ով կնախատի նրան: 19 Ահա թէ ինչ կանեմ քեզ համար այն ժամանակ. կփրկեմ ճնշուածին, մերժուածին կընդունեմ եւ նրանց պանծալի ու հռչակաւոր կդարձնեմ ամբողջ աշխարհում: 20 Նրանք կամաչեն ե՛ւ այն ժամանակ, երբ բարիք կանեմ ձեզ, ե՛ւ այն ժամանակ, երբ կընդունեմ ձեզ, որովհետեւ անուանի եւ պանծալի կդարձնեմ ձեզ երկրի բոլոր ազգերի մէջ՝ ձեր աչքերի առաջ փոխելով ձեր գերութեան վիճակը»,– ասում է Տէրը:
 
sacredtradition.am