SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽՈՐՀՈՒՐԴ
id2341. Խորհուրդ կամ խորհրդածություն է կոչվում մտածելը, խորհելը, տրամաբանելը: Խորհուրդ է կոչվում նաև մարդկանց խորհրդակցությունը, մեկի կողմից մյուսին ասվող խրատը կամ հորդորը:


2. Խորհուրդներ են կոչվում նաև սրտի մտածումները, ինչպես և այն մտքերն ու ցանկությունները, որոնք ծագում են բարի կամ չար ոգիների, այսինքն՝ հրեշտակների կամ դևերի ազդեցությամբ, երբ նրանք անտեսանելի ներգործությամբ ասես խորհուրդ են տալիս կամ հրահրում են գործել այս կամ այն արարքը: Ինչպես ուսուցանում են վարդապետները, երբ մարդու սիրտն ալեկոծվում է չար ցանկություններով, կրքերով, տագնապով ու անհուսությամբ, նշանակում է՝ նրա վրա ներգործում են դևերի չար խորհուրդները: Իսկ երբ պայծառ և խաղաղ մտածումներով հասկանում է Սուրբ Գրքի խոսքերի իմաստը, սիրով մտաբերում Աստծո պատվիրանները և հոժար լինում բարին գործելու, ուրեմն գտնվում է հրեշտակների և Սուրբ Հոգու ազդեցության ներքո:


3. Հաճախ «խորհուրդ» բառը գործածվում է որևէ հասկացություն կամ իրողություն այլաբանական պատկերով կամ արտահայտությամբ ներկայացնելիս: Այդ դեպքում ասում են, որ տվյալ պատկերը կամ խոսքը հանդիսանում է այս կամ այն իրողության խորհուրդը, այսինքն՝ իմաստը կամ խորհրդանիշը:


4. Խորհուրդ են կոչվում այն հոգևոր ճշմարտությունները, որոնց էությունն անհնար է լիովին ճանաչել ու բացատրել, որոնց ներգործությունը անտեսանելի է ու աննկարագրելի: Մեծ և անճառելի խորհուրդ է այն ամենը, ինչ իրագործեց Հիսուս Քրիստոս Իր տնօրինություններով: Այն անհասանելի է մեր մտքի համար, անբացատրելի՝ մարդկային տրամաբանությամբ: Նրա փրկագործության բուն էությունը վեր է մեր պատկերացումներից, սակայն հավատով ընդունում ենք այն մեր սրտում և անվանում «խորհուրդ մեծ և սքանչելի»:


5. Որպես «անհասանելի և անճառելի իրողություն» հայերենում խորհուրդներ է կոչվում այն եկեղեցական արարողությունները, որոնց միջոցով ի հայտ է գալիս Քրիստոսի փրկարար զորությունը, և որոնցով անտեսանելիորեն բաշխվում են երկնային շնորհները: Եկեղեցու խորհուրդներով Տիրոջ իրագործած մեծ խորհուրդն արծարծվում է մեր մեջ, դառնում մերը և մեզ հաղորդ դարձնում երկնքին:


 
sacredtradition.am