ԾԱՂԿԱԶԱՐԴ
id242Ղազարոսի հարության հաջորդ օրը Հիսուս
Քրիստոս, նստած ավանակի վրա, մտավ
Երուսաղեմ՝
Զատիկի տոնի նախօրեին այնտեղ հավաքված ժողովրդի ցնծագին աղաղակների ներքո: Նրա առջև մարդիկ գետնին էին սփռում իրենց զգեստները և ծառերի ծաղկած ճյուղեր: Այնքան մեծ էր այդ ցնծությունը, որ
փարիսեցիները նախանձելով՝ Հիսուսից պահանջեցին լռեցնել նրանց: Սակայն Տերը պատասխանեց. «Եթե նրանք լռեն, քարերը կաղաղակեն» [
Ղուկ. 19.40]:
Մուտք Երուսաղեմ
Երևան, ձեռ. 10675, էջ 137ա, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին
Տեղի էր ունենում անպատմելի, սքանչելի
խորհուրդ. Աստծո Որդին գալիս էր՝ իրականացնելու դարեր շարունակ
Իսրայելի մարգարեների կողմից կանխագուշակված աստվածային ծրագիրը՝ մարդկության
փրկագործությունը: Ժողովուրդը չգիտեր, թե ինչ է սպասում
Քրիստոսին, չգիտեր, թե որն է լինելու աշխարհի
փրկության գինը: Սակայն չէր դադարում ցնծալ, քանի որ զգում էր, որ գտնվում է մի մեծ, շատ մեծ իրադարձության շեմին: Այդ օրը ոչ ոք չէր կարող ենթադրել, որ այդ
փրկությունը իրականանալու է ոչ թե հրաշագործ Հիսուս Նազովրեցու փառահեղ հաղթարշավով, այլ Նրա մատնությամբ ու անպատիվ
մահով: Նրանք ցնծում էին անբացատրելի ուրախությամբ՝ չգիտակցելով, որ դեպի
փրկական տնօրինությունների ավարտը՝ դեպի
խաչելություն են ուղեկցում աշխարհի
Փրկչին:
Այդ օրվա հիշատակությամբ
Եկեղեցին ամեն տարի հավաքվում է տոնահանդեսի՝ Հիսուսին դիմավորող հրեաների նման ցնծալով և ուրախություն ապրելով: Սակայն, ի տարբերություն նրանց, մենք
հավատով գիտենք իսկական պատճառը մեր ուրախության, որը եթե դադարի, «քարերը կաղաղակեն». մենք գիտենք, որ
Քրիստոսի մուտքը
Երուսաղեմ սկիզբն է այն իրադարձության, որով բացվեց
քրիստոնյաներիս մուտքը դեպի
երկնքի արքայություն:
Ծաղկազարդ. տեսարան պատարագից
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. 9 ապրիլի, 2006 թ.
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի
Այս տոնը
Հայ Եկեղեցում կոչվում է Ծաղկազարդ, քանի որ
եկեղեցիներում օրհնվում և հավատացյալներին են բաժանվում ուռենու նորաբողբոջ ոստեր՝ ի հիշատակ և ի նմանություն
Երուսաղեմում Քրիստոսին ծաղկած ճյուղերով դիմավորող ժողովրդի: Իսկ երեկոյան կատարվում է Դռնբացեքի
խորհրդավոր արարողությունը՝ իբրև Տիրոջ
ողորմության խորհրդանշական հայցում և կցորդություն Նրա փրկարար չարչարանքներին, քանզի Ծաղկազարդով սկսվում է
Ավագ շաբաթը: